Ռազմիկ Սահակյան, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ: 1982թ պաշտպանել է թեկնածույական ատենախոսություն «Ստեփանոս Նազարյանցի ազատախոհական եւ հակակղերական հայացքները» թեմայով:
XIX դարն առանձնահատուկ տեղ է գրավում հայ ազատախոհական մտքի պատմության մեջ` ժառանգելով XVIII դարի Եվրոպական լուսավորության ոգին՝ գիտության ջատագովություն, կրթության և դաստիարակության աշխարհիկ համակարգ, հակակրոնական ու հակաեկեղեցական ուղղվածություն: Հայ երիտասարդները, ովքեր այս ոգով էին դաստիարակվել ու կրթություն ստացել եվրոպական երկրներում, ձգտում էին գաղափարական միջոցներով հիմնավորել Հայաստանում տնտեսական և սոցիալական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: «Լինելով եվրոպական ազատախոհության և ազատամտության ջատագովներ, այդ ոգով ծավալելով տեսական-հրապարախոսական փիլիսոփայական գործունեություն` նրանք հայ իրականության մեջ ձևավորում են բոլորովին նոր վերաբերմունք կրոնի և եկեղեցու նկատմամբ» :