(Մտքի, խղճի, համոզմունքի և կրոնի ազատությունն ապահովող հիմնական դրույթները հատվածաբար)
Իրավունքներ և ազատություններ
4-ը նոյեմբերի 1950թ
Հոդված 4. Ստրկության և հարկադիր աշխատանքի արգելում
1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ կամ անազատ վիճակում:
2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:
3. Սույն հոդվածի նպատակների համար ,պարտադիր կամ հարկադիր աշխատանքե հասկացությունը չի ներառում`
ա. ցանկացած աշխատանք, որը սովորաբար պահանջվում է կատարել սույն կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կալանքի տակ գտնվելու կամ նման կալանքից պայմանականորեն ազատված լինելու ընթացքում.
Բ. զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ օրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը,
Գ. ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում,
Դ. սովորական քաղաքացիական պարտականությունների մաս կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:
Հոդված 9. Մտքի, խղճի և կրոնի ազատություն
1. Յուրաքանյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք, այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտվելու ազատություն:
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների:
Հոդված 10. Արտահայտվելու ազատություն
1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Հոդված 11. Հավաքների և միավորման ազատություն
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակայնությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց այդ իրավունքների իրակնացման նկատմամբ:
Հոդված 14. Խտրականության արգելում
Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:
Արձանագրություն համար 1, պարագրաֆ համար 2, Արձանագրություն 12
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԹԻՎ 12
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Սույն Արձանագրությունը ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, ըստ որի բոլորը հավասար են օրենքի առջև և օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն, վճռական լինելով ձեռնարկել հետագա քայլեր, զարգացնել բոլոր անձանց հավասարությունը 1950 թվականին նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) խտրականության ընդհանուր արգելքի կոլեկտիվ երաշխավորման միջոցով, վերահաստատելով, որ ոչ խտրականության սկզբունքը չի խոչընդոտում մասնակից պետությունների կողմից լիակատար և արդյունավետ հավասարությունը զարգացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելուն` պայմանով, որ այդ միջոցառումների իրականացման համար գոյություն ունի օբյեկտիվ և հիմնավոր արդարացում, համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1. Խտրականության համընդհանուր արգելումը
1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության:
2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով:
Հոդված 2. Տարածքային կիրառումը
1. Ցանկացած պետություն կարող է ստորագրելիս կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման հայտարարագրերը ի պահ տալիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ Արձանագրությունը կիրառվելու է։
2. Ցանկացած պետություն կարող է ավելի ուշ` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հղած հայտարարությամբ սույն Արձանագրության կիրառումը տարածել հայտարարության մեջ նշված որևէ այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Արձանագրությունն ուժի մեջ է մտնում նման հայտարարությունը Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու կետերի հիման վրա արված ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է նրանում նշված այս կամ այն տարածքին, կարող է փոփոխվել կամ չեղյալ հայտարարվել Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Չեղյալ հայտարարելը կամ փոփոխությունն ուժի մեջ են մտնում դրանք Գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Սույն հոդվածին համապատասխան արված հայտարարությունը դիտվում է որպես Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արված հայտարարություն։
5. Յուրաքանչյուր պետություն, որը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն հայտարարություն է արել, դրանից հետո` ցանկացած ժամանակ, կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է հայտարարությունը, հայտարարել, որ ինքն ընդունում է Դատարանի՝ առանձին անձանցից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից սույն Արձանագրության 1-ին հոդվածի կապակցությամբ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով նախատեսված գանգատներ ստանալու իրավասությունը։
Հոդված 3. Հարաբերությունը Կոնվենցիային
Մասնակից պետությունների միջև սույն Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածները դիտվում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ, և Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:
Հոդված 4. Ստորագրումը և վավերացումը
Սույն Արձանագրությունը բաց է Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Այն ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը չի կարող սույն Արձանագրությունը վավերացնել, ընդունել կամ հաստատել՝ առանց միաժամանակ կամ դրանից առաջ Կոնվենցիան վավերացնելու: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հոդված 5. Ուժի մեջ մտնելը
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ տասը պետությունների կողմից, 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
2. Ցանկացած անդամ պետության համար, որն Արձանագրությամբ պարտավորված լինելու իր համաձայնությունն արտահայտում է հետագայում, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 6. Ավանդապահի գործառույթները
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Խորհրդի անդամ պետություններին ծանուցում է՝
ա. ցանկացած ստորագրման մասին,
բ. վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին,
գ. 2-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվա մասին,
դ. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հավաստումն որի՝ պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Հռոմում 2000 թվականի նոյեմբերի 4-ին, մեկ օրինակով, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճեններն ուղարկում է Եվրոպայի խորհրդի անդամ յուրաքանչյուր պետության:
ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Միացյալ Ազգերի Կազմակերպություն
(Մտքի, խղճի, համոզմունքի և կրոնի ազատությունն ապահովող հիմնական դրույթները հատվածաբար)
16-ը դեկտեմբերի 1966թ.
Հոդված 2.
1. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է հարգել իր տարածքի սահմաններում և իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց այն իրավունքները, որոնք ճանաչվել են սույն դաշնագրում, և ապահովել դրանք առանց որևիցե տարբերության, այն է` ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի կապակցությամբ:
2. Եթե դա արդեն չի նախատեսված գոյություն ունեցող օրենսդրական կամ այլ միջոցներով, սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր սահմանադրական ընթացակարգերին և սույն դաշնագրի դրույթներին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք անհրաժեշտ կլինեն սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների իրականացման համար:
3. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա/ ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
բ/ ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
գ/ ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանք տրամադրելու դեպքում:
Հոդված 4.
1. Պետության մեջ արտակարգ դրության ժամանակ, որի դեպքում ազգի կյանքը վտանգի տակ է գտնվում և որի առկայության մասին հայտարարվում է պաշտոնապես, սույն դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն սույն դաշնագրով ստանձնած իրենց պարտավորություններից միայն այնքանով, որքան դա պահանջում է դրության սրությունը, պայմանով, որ այդպիսի միջոցները անհամատեղելի չեն միջազգային իրավունքի գծով իրենց մյուս պարտավորությունների հետ և առաջ չեն բերում խտրականություն բացառապես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ սոցիալական ծագման հիման վրա:
2. Այդ դրույթը չի կարող հիմք ծառայել 6, 7, 8 (1-ին և 2-րդ կետեր), 11, 15, 16 և 18 հոդվածներից որևիցե շեղում կատարելու համար:
3. Սույն դաշնագրի մասնակից ցանկացած պետություն, որն օգտվում է շեղվելու իրավունքից, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարության միջնորդությամբ պետք է անհապաղ տեղեկացնի սույն դաշնագրի մասնակից մյուս պետություններին այն դրույթների մասին, որոնցից ինքը շեղվել է, և այդպիսի որոշում կայացնելու դրդապատճառների մասին: Այդ սույն միջնորդի միջոցով պետք է նաև հաղորդվի այն ամսաթվի մասին, երբ նա դադարեցնում է այդ շեղումը:
Հոդված 18
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքն ընդգրկում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և միանձնյա կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ, կամ մասնավոր կարգով, իր կրոնը կամ համոզմունքը պաշտամունքի, արարողությունների, ծեսերի և քարոզչության միջոցով արտահայտելու ազատությունը:
Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը:
Կրոնի կամ համոզմունքի արտահայտման ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգի, առողջության ու բարոյականության, ինչպես նաև այլ անձանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների:
Սույն Դանշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքում օրինական խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքների համապատասխան:
Հոդված 19.
1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:
2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է անկախ պետական սահմաններից բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, որոնք, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.
ա/ այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.
բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության համար:
Հոդված 20
Պատերազմի ցանկացած քարոզչություն արգելվում է օրենքով:
Ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզչություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, արգելվում է օրենքով:
Հոդված 26
Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվածության իրավունք: Այդ կապակցությամբ օրենքով պետք է արգելվի ցանկացած խտրականություն և բոլորի համար երաշխավորվի հավասար ու արդյունավետ պաշտպանություն խտրականությունից այնպիսի հիմքերով, ինչպիսին են ռասսան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը:
Հոդված 27
Այն պետություններում, որտեղ գոյություն ունեն ազգային, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններ, դրանց պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզուն օգտագործելու իրավունքը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ:
Ընդունված է Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից 1991 թ. հունիսի 17-ին: Փոփոխություններ և լրացումներ կատարվել են Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 1997թ. սեպտեմբերի 19-ին և 2001թ. ապրիլի 25-ին:
Ղեկավարվելով Հայաստանի Անկախության մասին Հռչակագրով, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգևոր զարթոնքը, նրա դարավոր հոգևոր փորձն ու ավանդույթները, ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար, առաջնորդվելով միջազգային նորմերով սահմանված մարդու իրավունքների և հիմնական ազատությունների սկզբունքներով և հավատարիմ լինելով քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրի 18 հոդվածի դրույթներին, Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդն ընդունում է սույն օրենքը Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն, կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրենքի առջև հավասար են քաղաքացիական, քաղաքական, հասարակական, տնտեսական և մշակույթային կյանքի բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերաբերմունքից կամ կրոնական պատկանելությունից:
Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 3. Քաղաքացու նկատմամաբ չի թույլատրվում որևէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին և արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:
Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը և կարգ ու կանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:
2. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Հոդված 4. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ դավանության, ինչպես նաև կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է:
Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները և այլ կրոնական - եկեղեցական հիմնարկները:
Հոդված 5. Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.
ա) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին.
բ) հիմնվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա.
գ) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.
դ) զերծ է նյութապաշտությունից և ուղղված է դեպի զուտ հոգևոր ոլորտները.
ե) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ: Մինչև 18 տարեկան երեխանները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից (19.09.97):
Սույն պայմանները (բացի ,աե կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար՝ իրենց ազգային դավանանքով:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին (կրճատ՝ Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով,
կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակներում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:
3. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 7. Կրոնական կազմակերպությունների հոգևոր–կրոնական գործունեությունը իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.
ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.
բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.
գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում՝ այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով.
դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխանների կրոնական կրթության համար՝ ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.
ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.
զ) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում.
է ) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր.
ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից՝ օրենքով սահմանված կարգով.
թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ՝ անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման՝ ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով (19.09.97).
ժ) զբաղվել բարեգործությամբ:
Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու պահից (19.09.97):
Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը: Որպես հոգեորսություն չի կարող դիտվել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որևէ գործողություն:
4. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հոդված 9. Կրոնական կազմակերպության սեփականության իրավունքը կարգավորվում է, Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասինե օրենքով:
Հոդված 10. Հայաստանյայց Առաքելական եկեղեցու և կրոնական այլ կազմակերպությունների պատմական հուշարձաններն ու պաշտամունքային գույքը օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների նվիրագործված ավանդական կարգի:
Հոդված 11. Կրոնական կազմակերպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների և մյուս ունեցվածքի, ինչպես նաև իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը և ըստ նշանակության օգտագործումը:
Հոդված 12. Կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավա-տացյալներին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ և տնօրինել դրանք:
Կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվու-թյունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:
Հոդված 13. Այն կրոնական կազմակերպությունները, որոնց հոգևոր կենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների կողմից (19.09.97):
Կրոնական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել կուսակցությունների կողմից և ֆինանսավորել նրանց (19.09.97):
5. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 14. Կրոնական համայնքը կամ կազմակերպությունն իրավաբանական անձ է ճանաչվում պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթի հետ միասին իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացվի կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիտական եզրակացությունը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի ,բե-,եե ենթակետերով սահմանված պայմանների վերաբերյալ: Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված պայմանները հաստատող փաստաթղթեր:
Փորձագիտական եզրակացությունը դիմողին տրվում է դիմելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Փորձագիտական եզրակացության ձևը սահմանում է կրոնի գործերով պետական լիազորված մարմինը (25.04.01):
Հոդված 15. Կրոնական կազմակերպության կանոնադրությունը տվյալներ է պարունակում կրոնական կազմակերպության բնույթի և գործելու վայրի, դավանական պատկանելության, կրոնական միավորման կառուցվածքի, աղոթատեղիների և գույքային դրության, ձեռնարկություններ հիմնելու, ուսումնական և հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների, գործունեության դադարեցման դեպքում գույքային և այլ հարցերի լուծման կարգի մասին, ինչպես նաև պարունակում է տվյալ կազմակերպության գործունեության առանձնահատկությունների հետ կապված այլ դրույթներ:
Հոդված 16. Կրոնական կազմակերպության գրանցման կամ գրանցումը մերժելու որոշումը՝ մերժման հիմքերի նշումով, մեկամսյա ժամկետում գրավոր ձևով հանձնվում է դիմողին:
Կրոնական կազմակերպության գրանցումը կարող է մերժվել գործող օրենսդրությանը նրա հակասելու պարագայում:
Մերժումը կամ որոշման կայացման սույն օրենքով նախատեսված ժամկետի խախտումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է դադարեցվել ինքնալուծարքի հետևանքով կամ դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենքների խախտման դեպքում:
6. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԱԲԵՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17.. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝
ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը.
բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխնանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.
գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա:
Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը.
- ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դավանաբանության պաշտոնական լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով կամ զանգվածային միջոցառումների ժամանակ կարող է իրականացվել միայն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հավանությամբ (19.09.97).
- վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.
- կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.
- նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով՝ նաև պետական կրթական հաստատություններում.
- գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը.
- ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն.
- ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, զառամյալների և հաշմանդամների տներում, զորամասերում, ազատազրկման վայրերում՝ ներառյալ քննչական մեկուսարաններում:
Միևնույն ժամանակ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝ միջազգային իրավական նորմերի սահմաններում:
Ազգային տաղավար տոներին հաջորդող աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը (19.09.97):
Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակեր-պությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին ու սպասավորներին վերապահում է հասարակական ու քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:
Հոդված 19. Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաև կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:
Քաղաքացիական պարտականությունների և կրոնական համոզմունքների հակասության առանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի և տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 20. Պետությունը ճանաչում է խոստովանության գաղտնիությունը: Քննչական և դատական ատյաններում որպես վկա չի կարող հարցաքնվել ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ (19.09.97):
Հոդված 21. Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը՝ անկախ նրանց պատկանելությունից:
Հոդված 22. Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրված անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Հոդված 23. Պետության և կրոնական կազմակերպությունների հարաբերությունները կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը, որը՝
ա) գրանցում է կրոնական կազմակերպությունները, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունը լուծարքի ենթարկելու առաջարկով.
բ) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալուն և անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.
գ) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Հայաստանի կրոնական կազմակերպությունների միջև ծագող հարցերի և վեճերի լուծմանը.
դ) իրականացնում է սույն օրենքով նախատեսված լիազորությունները (19.09.97):
Պետության և կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնագրված հարաբերությունները կարգավորում են պետության և համապատասխան կրոնական կազմակերպությունների վարչությունների համաձայնությամբ:
(Փակագծերում նշված են օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու ամսաթվերը):
| < Նախորդ |
|---|