hetq.am 29.07.2010 Անգլերենից թարգմանեց Վահե Սարուխանյանը
Այն ներկայացնում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նախկին կառավարիչ Սոնիա Ջոնը
Իմ հետեւյալ հայտարարությունը չի վիճարկում կամ մեկնաբանում բարյացկամ մարդկանց, նախկին աշակերտների, ծնողների, ուսուցիչների ու նրանց բազմաթիվ կարծիքները, ովքեր ցույց են տվել իրենց խորը մտահոգությունը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում ծավալված վերջին իրադարձությունների հանդեպ: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է այս հաստատությունը հասել այս օրվան: Դա եղել է աստիճանական գործընթաց: Անձամբ ես խորապես տխուր եմ ու աղոթում եմ, որ ճեմարանում կրկին հոգեբանական կայուն վիճակ հաստատվի:
Հոգեշնորհ Օշական Գուլգուլյանն ու Խորեն Հովհաննիսյանը ճեմարանից հեռացրել են քրիստոնյա ուսուցիչներին, իսկ աշակերտներին դասերից դուրս չէր թույլատրվում խոսել ուսուցիչների հետ: Ամենուր տեսախցիկներ են տեղադրված: Ես մեծապես հույս ունեի, որ Վեհափառը, ով պատասխանատու է ճեմարանի կառավարման համար, այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի: Ցավոք, նա անտեղյակ էր Հոգեշնորհ Գուլգուլյանի կառավարման մեթոդներից ու թերեւս մտածել է, թե այդ մեծ պատասխանատվությունն ստանձնած Հայր Խորենն իրեն արժանիորեն կդրսեւորի, քանի որ նրան երկրորդ հնարավորությունն է տրվել: Իրավիճակի վատթարացումը աստիճանական գործընթաց է եղել, ինչը փող խնայելու պատճառներից մեկն է: Կրճատումներ են եղել հագուստի, հիմնական կարիքների ու սննդի մատակարարման ոլորտներում: Մեծ գումարներ են ծախսվել անհարկի վերանորոգումների համար: Եթե ուսանողների ճաշացուցակները օգտակար են ու սննդարար, ինչու՞ նախորդ ու ներկա կառավարիչները չեն օգտվում դրանցից: Նրանց սնունդը ձեռք է բերվում թանկ ռեստորաններից:
Հնդկաստանում եւ բոլոր քաղաքակիրթ երկրներում մարմնական պատիժն արգելվում է օրենքով: Հոգեկան խոշտանգումներ, վախ, անպատվում, ստորացում ու անիմաստ առաջադրանքներ, ինչպես օրինակ` տեքստերը հազար անգամ գրելը: Երեխաներին դռան ետեւում` կիզիչ արեւի տակ կանգնել ստիպելը նույնպես անընդունելի է: Եվ բոլոր այս մեթոդներն ու գործողություններն այնպիսի կառավարիչների կողմից, ովքեր թեւ էին առել սեփական եսասիրությունից: Դպրոցի կարգապահությունը տնօրենի առաջնահերթ գործն է: Բայց, ցավոք, նա ընդամենը մի ֆիգուր է, ում տրված չէ իր պարտականությունները կատարելու հնարավորություն:
Ի պաշտպանություն երկու կառավարիչների` կարելի է ասել, որ նրանք անտեղյակ են եղել իրենց իսկ գործողությունների հնարավոր հետեւանքներից, քանզի կրթությունն ու երեխայի հոգեբանությունը նրանց ուժեղ կողմը չէ, այլապես կարգապահություն հաստատելու համար անընդունելի միջոցներ չէին կիրառի: Կարգապահությունը հաստատվում է փոխադարձ հարգանքի վրա: Ոչ բոլոր երեխաներն են իրար նման: Յուրաքանչյուրն ունի իր անհատականությունն ու խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Հայոց մարդասիրական ճեմարանի աշակերտները հազարավոր կիլոմետրերով հեռու են տնից ու ծնողներից (այս պատճառով ես ժամանակին ներմուծեցի այն կարգը, ըստ որի` երեք տարին մեկ` ամառային արձակուրդների ժամանակ, աշակերտները ճեմարանի հաշվին տուն գնալու իրավունք ունեն):
Երկու կառավարիչներն էլ ճեմարանի միջոցները ծախսել են ամեն ինչի համար, բացառությամբ` կրթության առաջընթացի: Ես 265 մլն ռուփի էի թողել, ինչը շուրջ 5.777.777 դոլար է: Դա կուտակել էի Հայոց մարդասիրական ճեմարանի ու Օրիորդաց Դավիդյան դպրոցի համար: Եթե մանրամասները հայտնի դառնան, կառավարիչներն ու Էջմիածինն անհարմար վիճակում կհայտնվեն:
Թերեւս արժե վերհիշել պատմությունը: 1995-ին, երբ ճեմարանը փակման վտանգի առաջ էր, բոլոր ուսանողները տեղափոխվել էին Կալկաթայի տարբեր դպրոցներ: 8-ը տեղափոխվել էին իմ «Moir Hall» դպրոց: Ես ուսանողներից ընդունելության, կիսամյակի կամ ուսման որեւէ վարձ չեմ վերցրել: Նրանք իմ դպրոցում սովորել են 3-4 տարի:
Ճեմարանի ուսուցչական կազմը կրթօջախ էր գնում միայն ներկա-բացակայի մատյանը լրացնելու համար, քանի որ այնտեղ ուսանող չէր մնացել: Չորրորդ դասարանի ուսուցիչներին համոզում էին վերցնել արձակման վճարն ու դուրս գալ աշխատանքից, սակայն նրանք չընդունեցին դա` լավ իմանալով, որ հետո դժվարությամբ են աշխատանք գտնելու: Անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել ճեմարանը վերաբացելու ուղղությամբ: Ես պատասխանատվություն ստանձնեցի պայքարել դպրոցական խորհրդի դեմ, որը, ինչպես պարզել էի, փոխել էր ճեմարանի կանոնադրության 28-րդ կետը, որով իրավունք էր ստացել վաճառել ճեմարանին պատկանող գույքը:
Նախորդ տարբերակով այդ հնարավորությունը սահմանափակվում էր: Զարմանալիորեն սա կանոնադրության մեջ կատարված միակ փոփոխությունն էր, եւ այն հայտնի էր միայն խորհրդի 8 անդամների: Եկեղեցական խորհրդի երկու անդամներ ընդգրկված էին նաեւ դպրոցական խորհրդում, ինչի շնորհիվ էլ իմացա սպասվող գործողությունների մասին: Պետք էր անհապաղ միջոցներ ձեռնարկել: Հայ համայնքի 3 ներկայացուցիչ եւ ես առանց հրավերի մասնակցեցինք դպրոցական խորհրդի նիստին ու խափանեցինք նրանց ծրագրի իրականացումը: Նիստը, սակայն, վավերական չէր, քանի որ դրանում առաջարկվող սեփականության վաճառքի ծրագիրն անընդունելի էր:
Կալկաթայի Գերագույն դատարունում հարուցված գործով վճռվեց փրկել Հայոց մարդասիրական ճեմարանը: Միակ ճանապարհը կրթօջախի կառավարումն ապահով ձեռքերի հանձնելն ու գույքը ձեռքից ձեռք փոխանցելն արգելելն էր:
Անշուշտ, յուրաքանչյուր հայ վստահում ու ակնածանքով է վերբերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու երջանկահիշատակ Գարեգին Ա-ին: Վեհ անհատականություն: Օքսֆորդի ուսանող ու բազմաթիվ լեզուների տիրապետող անձ: Վեհափառի հետ բազում քննարկումներ են եղել Հայաստանում, Լոնդոնում ու Փարիզում` Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարման վերաբերյալ: Այս առումով շատ խնդիրներ կային, եւ Վեհափառը լուծեց ճեմարանի ապահովության հարցն ու համաձայնեց ստանձնել կառավարումը: Այսպիսով` միջնորդություն ներկայացվեց Կալկաթայի Գերագույն դատարան: Դպրոցական խորհրդի (ընդդիմությունը) նախագահը չվիճարկեց երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի գործողությունները: Դատարանի այս եւ դրան հանգեցրած մյուս գործողություններն անձամբ ինձ վրա նստեցին 600.000 ռուփի: Օտարերկրյա արտարժույթով դա գուցեեւ մեծ գումար չէ, բայց Հնդկաստանում այն կարող է անձի ամբողջ կյանքի խնայողությունը լինել: Ես շնորհակալ էի Աստծուն նրա ողորմության եւ դպրոցի վերաբացման համար, որը, սակայն, անմիջապես տեղի չունեցավ:
Այն ժամանակ փակված Հայոց մարդասիրական ճեմարանում ստեղծված դրությունից անտեղյակ ընթերցողներին հետեւյալ փաստը կտխրեցնի. դպրոցական խորհուրդը թույլատրել էր 20-25 տարեկան 15-20 հայ տղաների բնակվել ճեմարանի շենքում: Նրանք ֆինանսական աջակցություն էին ստանում Հայկական եկեղեցական խորհրդի կողմից: Այս նախկին ուսանողները անգործության էին մատնված, եւ նրանց գործունեությունը կրթօջախում ու դրանից դուրս կործանում էր նրանց կյանքը: Որոշ ժամանակ անցավ, մինչեւ եկեղեցական խորհուրդը համոզվեց, որ տղաներին շարունակ ֆինանսավորելու փոխարեն յուրաքանչյուրին պետք է մի որոշակի գումար տալ, որպեսզի նրանք կարողանան իրենց ապագայի համար պայմաններ ստեղծել: Այս ամենը կյանքի կոչվեց, ու տղաները հաստատվեցին արտասահմանում: Ամեն մեկն ստացել էր բավականաչափ գումար` մի քանի ամիս ապրելու համար: Այս գործը մեծ պլանավորում ու աշխատանք պահանջեց, բայց ավարտին հասցվեց: Ժամանակին, երբ իմ նախաձեռնությամբ այս տղաները հայկական թիմի կազմում ռեգբի էին խաղում, ինձ չէին սիրում դրա պատճառով: Օգուտները երեւացին, երբ նրանք հաստատվեցին արտասահմանում: Մի քանիսը շարունակեցին ուսումը, բայց բոլորն էլ ապրում էին օգտակար ու նպատակասլաց կյանքով: Նրանք գնահատել են այն քայլերը, որ ձեռնարկվել են իրենց համար:
Սա նշեցի` ցույց տալու համար, որ յուրաքանչյուր պատասխանատու անձ պետք է փորձի օգնել երիտասարդներին կրթության հարցում ու նախապատրաստել նրանց չափահաս կյանքին եւ ոչ թե խանգարել պատժիչ գործողություններով ու կրթական գործընթացը արգելակելով: Երբ Հայոց մարդասիրական ճեմարանը բացվեց, երջանկահիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ն խնդրեց ինձ ղեկավարել կրթօջախը, եւ ես նշանակվեցի կառավարչի պաշտոնում: Աշխատանքի անցա կամավոր հիմունքներով, իսկ հետո Չեննայի Սբ. Մարիամ եկեղեցու խնամառու Մայքլ Ստեֆենին համոզեցի կառավարչի օգնական դառնալու համար ուսումնասիրել աշխատանքի էությունը: Նա տարածք ստացավ ճեմարանի շենքում:
Ես կրթության ջատագով եմ: 1957-ից ունեմ իմ սեփական դպրոցը, որը շարունակում է գործել: Եվ կառավարում եմ, եւ դասավանդում: Դասավանդել եմ հեղինակավոր դպրոցներում: 25 տարի Կալկաթայում եղել եմ Քեմբրիջի ընդունելության քննությունների քննական հանձնաժողովի նախագահ: Նախագահել եմ տեղական մի շարք, այդ թվում` Կալկաթայի համալսարանի եւ ուսուցչական դասընթացների ընդունելության քննություններում: Մի քանի տարի եղել եմ «La Martiniere» դպրոցի խորհրդի անդամ: Երկար տարիներ կառավարման հետ խնդիրներ չեմ ունեցել, ամուսնուս հետ ղեկավարել եմ «Carlton Hotel»-ը:
Աշխատանքային խնդիրների ու սպասարկման հետ գործ ունենալն ինձ համար նորություն չի եղել: Ես երբեք չեմ միջամտել Հայոց մարդասիրական ճեմարանի կրթական գործընթացին, քանի որ «English Honours and M. Ed» ընկերության տնօրենը խելոք մարդ էր: Միայն խորհուրդ եմ տվել, երբ դիմել են ինձ: Դպրոցը բագավաճում էր իր 146 աշակերտներով, ինչը ցայսօր եղած ամենամեծ թիվն է:
Երբ Գարեգին Ա-ն մահացավ, կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ-ն, եւ ճեմարանի կառավարման քաղաքականությունը փոխվեց: Կառավարիչ նշանակվեց Հոգեշնորհ Օշական Գուլգուլյանը` երիտասարդ ու խանդավառ հոգեւորական, որը, ցավոք, չուներ կրթական կառավարման փորձ: Նրա պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ էին խնդիրները հատկապես ուսուցչական կազմի հետ, որի նկատմամբ Գուլգուլյանը ցուցաբերում էր նվազ հարգանք ու շատերին ազատում էր առանց հիմնավոր պատճառների: Նրա գործունեությանը ծանոթ են բոլորը, ու ես չէ, որ պետք է մանրամասնեմ այն: Ի վերջո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ստիպված եղավ հեռացնել նրան` ետ բերելով միայն 2 տարի անց. այդ ընթացքում նա հոգեւոր ծառայություն էր մատուցում գերմանական Քյոլն քաղաքում: Գուլգուլյանի պաշտոնավարման ընթացքում ճեմարանի ադմինիստրատոր էր նշանակվել սարկավագ Բաղումյանը, ով ագրեսիվ ու անհարգալից անձնավորություն էր: Նա ետ կանչվեց ու ձեռնադրվեց քահանա, իսկ նրա փոխարեն նշանակվեց մեկ ուրիշ հոգեւորական: Վերջիվերջո, կաթողիկոս Գարեգին Բ-ն հարկադրված ետ կանչեց Հոգ. Օշական Գուլգուլյանին ու տեղը նշանակեց Հոգ. Խորեն Հովհաննիսյանին: Մեր հոգեւոր շրջանակների հետ սերտ շփում ունեցողները գիտեն, որ նա ժամանակին կարգալույծ էր արվել, բայց հետո ներվել էր ու հնարավորություն էր ստացել դրսեւորել իրեն որպես ճեմարանի կառավարիչ:
Հասկանալի չէ այն, որ այսօր շուրջ 80 ուսանող ունեցող ճեմարանն ունի տնօրեն, կառավարիչ ու ադմինիստրատոր: Այս երեք պաշտոններն էլ շատ բարձր են վարձատրվում: Կառավարիչն ու ադմինիստրատորը շքեղ բնակարաններ ունեն ու նույնքան էլ շքեղ կյանք են վարում: Կառավարիչների բնակարանների ձայնամեկուսացումն ու 150.000 ռուփի արժողությամբ արտասահմանյան կոմոդի տեղադրումն ընդհանուր արժե 2.500.000 ռուփի: Մի՞թե այս ծախսերն անհրաժեշտ են կրթության առաջընթացի համար:
Բարյացկամ մարդկանց, նախկին ուսանողների ու այլոց նամակները, հայտարարություններն ու կարծիքները հեղեղել են կայքը` ի պատասխան Հայոց մարդասիրական ճեմարանի վերջին իրադարձությունների: Մեկնաբանությունների մեծ մասն արդարացի են, ու անձամբ ինքս մեծապես վշտացած եմ նրանից, թե ինչպես են երիտասարդներին ճնշում վախի մթնոլորտում: Նվազագույն զանցանքն էլ բերում է ծայրահեղ պատժի` կրթօջախից հեռացման: Ուսումից կտրում, սթրես եւ հոգեկան տրավմա: Որպես կրթության մի մաս` ուսանողները կանոնավոր կերպով ստանում են ֆիզիկական պատիժ, ստորացում ու տառապանք վախի փսիխոզից:
Սակայն գալու է մի պահ, երբ համբերության բաժակը լցվելու է, եւ ի՞նչ: Մի քանի տղաներ կառավարչի մոտ հանդես են եկել ի պաշտպանություն երիտասարդի, ում ընդամենը մի քանի ամիս է մնացել ճեմարանի 12-րդ դասարանի ու հեղինակավոր «La Martineire» արական դպրոցի ավարտական քննությունները հանձնելուն: Եվ սա շատ ցավալի է, քանի որ նա խելացի է ու ուսման մեջ խորաթափանց: Ինչպե՞ս կարող է հոգեւորականը չարձագանքել ողորմության խնդրանքին, երբ նա սովորեցնում է Հիսուս Քրիստոսի ուսմունքը, որն ասում է. «Ես եմ լավ հովիվը, որն իր կյանքը տալիս է իր ոչխարների համար»: Հոգեւորականը պիտի պաշտպանի երեխաներին, եթե նրանք իր «ոչխարներն» են:
Ի՞նչ է, կառավարչի պաշտոնում նշանակված մարդը չի՞ կարող լուծել ծառացած խնդիրները: Ի՞նչ կարիք կար 30 ոստիկան կանչել, այն էլ հատուկ ծառայությունից, որոնք ճեմարանում մնացել են ոչ թե 30 րոպե, այլ 6 ժամ: Ոստիկանության միջամտությունն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ տեղի է ունեցել հանցագործություն, որի դեմը հնարավոր չէ առնել: Հիմա ուսանողներն արդեն այլ վախ ունեն` ոստիկանությունը: Ծնողները, բժիշկներն ու կրթական ոլորտի մասնագետները լավ կհասկանան, թե դա ինչ խոր հետք կարող է թողնել երեխաների մոտ, ինչը կարող է նրանց հետապնդել նաեւ չափահաս կյանքում: Ոստիկանություն կանչելը պետք է որ գլխավոր հաշվապահ Ա. Կ. Գհոշի խորհրդով արված լինի: Կառավարիչների վրա ունեցած վերջինիս ազդեցությունը ստիպում է նրանց բազմաթիվ սխալ որոշումներ կայացնել: Դատական գործերը միտումնավոր ձգձգելու նրա խորհուրդը քոլեջի վրա բավականին թանկ է նստել:
Իր իսկ աշխատավարձը Գհոշը ահագին բարձրացրել էր ու միշտ իր հնարավորությունների սահմաններից դուրս կյանք է վարել: Էլ չեմ ասում սեփական կարիքների համար կառուցած հարմարությունների մասին: Ուսանողները մեկ անգամ օգնություն են խնդրել, իսկ նրանց լսած մարդիկ արել են ամեն ինչ ծայրահեղ հետեւանքները կանխելու համար: Բայց իրավիճակը չի թեթեւացել, քանի որ Հայր Խորենը վճռել է երիտասարդին ուղարկել ետ` Հայաստան: Հայր Սուրբին պետք է խորհուրդ տալ չգնալ ծայրահեղ քայլերի ու ցուցաբերել ներողամտություն եւ ըմբռնում, ինչպես նաեւ գործել կրթական ուղեցույցների համաձայն, թույլատրել ճեմարանի տնօրենին լուծել կարգապահության հարցերը, ինչը նրա` կրթօջախի ղեկավարի պարտականությունն է:
Ճեմարանի մթնոլորտը պետք է լինի երջանիկ, վախից ու լարվածությունից զերծ:
