Religions in Armenia

............... Երկուշաբաթի, 06 Սեպտեմբեր 2010
> Մամուլի տեսություն > Մամուլի տեսություն > Պետք է բոյկոտել Աղթամարում բեմականացվելիք ֆարսը

Պետք է բոյկոտել Աղթամարում բեմականացվելիք ֆարսը

armworld.am 28.07.2010 Վարդան Գրիգորյան

Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի հարցը ավելի ու ավելի է վերածվում լուրջ քաղաքական խնդրի՝ միջազգային հանրության շրջանում ստեղծելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հերթական պատրանքը։
Քանի որ անցյալում նման պատրանքներն առարկայանալու ժամկետները ճշգրտորեն համապատասխանել են Անկարային սպառնացող հերթական վտանգի պահին, տպավորությունն այնպիսին է, որ այս անգամ էլ Թուրքիան հրաշալի հաշվարկել է իր քայլերը։
Ավելին՝ երեւում է, որ Արեւմուտքն ու Թուրքիան հերթական անգամ էլ բաշխել են դերերն իրար միջեւ։ Քանզի երբ ԱՄՆ-ում կամ որեւէ այլ երկրում սկսում են խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին, Թուրքիան գործի է դնում իր հերթական «բարի ժեստը», իսկ երբ սպառնալիքը վերանում է՝ նորից շարունակում է հին քաղաքականությունը։
Այս անգամ խաղարկվող «պատարագի արարողություն» կոչվող ժեստը ունի իր նախապատմությունը։ Նման «հանճարեղ գաղափար» թուրքերը հղացել էին ապրիլ 24-ի նախօրեին՝ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ Շվեդիայի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկություններից հետո։ Սակայն իրականացման պահն այս անգամ ընտրվել է հաշվի առնելով Կոնգրեսում աշնանը հնարավոր նոր մարտահրավերները։
Դա պայմանավորված է Միացյալ Նահանգների հրեական լոբբիի տրամադրությունների փոփոխության իրողությամբ։ Թուրք-իսրայելական հարաբերությունները չեն կարգավորվել։ Ավելին՝ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սպասվող սահմանադրական հանրաքվեի եւ դրան հետեւող 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների ողջ ժամանակամիջոցում դրանք մնալու են լարված վիճակում, քանի որ իսլամականների համար հակահրեական տրամադրությունների հրահրումը ապահովում է մեծ թվով ձայներ։
Նման պայմաններում, չունենալով Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման որեւէ ցանկություն, Թուրքիան միաժամանակ սուր կերպով զգում է բարելավման հերթական պատրանք ստեղծելու կարիքը, առաջադրանք, որը, ինչպես երեւում է, պատրաստվում ենք բավարարել ազգովին՝ կազմակերպելով բազմամարդ ուխտագնացություն դեպի Աղթամար կղզի։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Եթե խնդիրն այն է, որ 100 տարվա ընդմիջումից հետո նախատեսվում է պատարագ մատուցել մի քանի օրով վերաբացվող տաճարում, ապա հարցը որքան հասկանալի է զգացական առումով, նույնքան էլ անտրամաբանական է տարրական բանականության տեսանկյունից։ Եվ հենց դա էլ խաղարկում է մեր թշնամին, քանի որ արդեն լավ է հասկացել մեր ազգային հոգեբանությունը։
Հայերս դյուրին ոգեւորվող եւ բանականությունը զգացմունքներին զոհաբերող ժողովուրդ ենք։ Ուստի մոռանում ենք այն իրողությունը, որ բացի հարցի զուտ քաղաքական հարթությունից, որտեղ «մատների վրա» խաղացնում են մեզ, զգացական ու բարոյական առումով եւս այդ արարողությանը մեր մասնակցելն ուղղակի անտրամաբանական է։
Աղթամարի Սուրբ Խաչը գերության մեջ պահվող տաճար է՝ մի յուրահատուկ պատանդ, որի միջոցով հանցագործություն կատարած Թուրքիան շեղում է միջազգային կարծիքը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից, իսկ մենք էլ մեր կուրությամբ նպաստում ենք դրան։ Շուտով նման պատանդների թիվն ավելանալու է. գալիք նոյեմբերին հերթի է դրվելու նաեւ Կեսարիայի եկեղեցին, մինչդեռ Մեծ եղեռնի հետեւանքով կորցրել ենք նմանօրինակ 2500 եկեղեցի ու վանք։
Ուրեմն ինչ՝ գնում ենք շնորհակալությու՞ն հայտնենք հանցագործին, որ յուրաքանչյուր 1000 տաճարից մեկը խնայել է՝ հետագայում օգտագործելու որպես պատանդ։ Թե՞ գնում ենք աղոթելու այդպես էլ անթաղ մնացած Մեծ եղեռնի նահատակների հոգիների համար։ Բայց մի՞թե նրանք դա են սպասում մեզանից...
Ավելին՝ ազատության գաղափարի իրական հիմնաքարը հանդիսացող քրիստոնեական վարդապետությունն արդյոք ընդունո՞ւմ է նման տարօրինակ, նույնիսկ սրբապիղծ ինքնախաբեություն։ Եվ մի՞թե գերված տաճարում հնչեցվելիք աղոթքը կարող է հասնել Տիրոջը...
Այս հարցերի պատասխանները տալու առաքելությունն ունեցող մեր եկեղեցին ու հոգեւորականությունը նույնպես անորոշության մեջ են։ Պարզվում է, նրանք նույնպես կանգնել են ընտրության առջեւ, բայց հարցին հստակ պատասխան տալու փոխարեն նախընտրում են խուսափողական վարքագիծը։ Այն է՝ հովվապետերի փոխարեն շարքային հոգեւորականների մասնակցություն։
Ինչ է սա՝ թողտվությու՞ն մեզ պարտադրվող կեղծ «երկխոսության» պարբերական ցույցերի հանդեպ, թե՞ մեր եկեղեցու սկզբունքներից բխող դիրքորոշում։ Կարծում ենք, առաջինը, քանզի եթե խոսքը երկրորդի մասին է, ապա թող բարի լինեն բացատրել «անտեղյակներիս»։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի միջոցով տանուլ ենք տալու ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական առումով։ Ոչ միայն հնարավորություն ենք տալու Թուրքիային աշխարհի հեռուստակայաններով ցուցադրել իր «վեհանձն քաղաքականությունը», այլեւ միջազգային եւ առաջին հերթին եվրոպական հանրության աչքում Հայկական հարցի էությունը վերածելու ենք խաչակիրների ժամանակներից հետո իր արդիականությունը կորցրած Տիրոջ գերեզմանի ազատագրման խնդրի։ Քանի որ այսօր Տիրոջ գերեզմանը եւ նրա շրջակայքի սրբատեղիները բաց են աշխարհի բոլոր քրիստոնյաների առաջ, ուրեմն վաղուց արդեն ոչ ոք չի մտածում դրանց ազատագրման մասին։
Բայց մի՞թե մեր ունեցածը միայն խաչազուրկ տաճարն է, որը ժամանակավորապես բացելու են իբրեւ աղոթատեղի նորից փակելու համար։ Եթե այդպես ենք մտածում եւ պատրաստ ենք բավարարվել ժամանակ առ ժամանակ իրականացվող «տուրիստական արշավներով», ապա ինչո՞ւ ենք խաբում ինքներս մեզ եւ ուրիշներին։ Իսկ եթե ոչ, ապա ի՞նչն է մեզ դրդում կուլ տալ հանցագործի մատուցած խայծը։
Կարծում ենք, ճիշտ կլինի չընդունել սեպտեմբերի 19-ին բեմականացվելիք ֆարսը եւ բոյկոտել Աղթամարում նախատեսվող արարողությունը։ Փոխարենը՝ աշխարհի բոլոր հայոց եկեղեցիներում աղոթք մատուցենք առ Աստված Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու եւ մեր միլիոնավոր նահատակների հոգիների փրկության համար։