Religions in Armenia

............... Կիրակի, 05 Սեպտեմբեր 2010
> Մամուլի տեսություն > Մամուլի տեսություն > Վրացի փոխնախարարը հայտարարում է, որ վիճելի եկեղեցիները վրացական են, այլ ոչ հայկական

Վրացի փոխնախարարը հայտարարում է, որ վիճելի եկեղեցիները վրացական են, այլ ոչ հայկական

tert.am 28.07.2010

Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը հայտարարել է, թե Թբիլիսիի և Վրաստանի այլ շրջանների այսպես կոչված «վիճելի եկեղեցիները» վրացական են, այլ ոչ թե հայկական։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։

Ըստ վրացի պաշտոնյանի՝ պատմաբան–գիտնականների վերջին ուսումնասիրությունները հաստատել են դա։

«Վրաստանը չի կարող պատմական հուշարձանները փոխանցել մի ֆիզիկական անձի, որը Հայ Առաքելական եկեղեցու վրացական թեմի առաջնորդն է։ Ժառանգության իրավունքը պատկանում է միայն իրավաբանական անձանց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին չի հանդիսանում այդպիսին Վրաստանի տարածքում»,– ասել է նա և հավելել, որ հայ համայնքի՝ եկեղեցիների վերադարձի պահանջները անհիմն են։

Նալբանդովի խոսքերով՝ հայ–վրացական հարաբերությունները կարող էին ավելի արդյունավետ լինել, եթե Հայաստանը միջազգային կազմակերպություններում, ինչպիսին, օրինակ, ՄԱԿ–ն է, Վրաստանի առաջարկած բանաձևերին կողմ քվեարկեր։ Սակայն ի պատասխան այն հարցին, թե ինչու Վրաստանը չի անում այն, ինչում մեղադրում է Հայաստանին, վրացի պաշտոնյան ասել է, որ յուրաքանչյուր երկիր գործում է՝ ելնելով իր շահերից, և հավելել, որ Վրաստանը ընդառաջ է գնում Հայաստանին շատ հարցերում, ինչպիսիք են, օրինակ, «Վերին Լարսի» անցակետի բացումն ու ռուսական գազի՝ Վրաստանի տարածքով տարանցումը։

Ինչ վերաբերում է ռուս–վրացական հարաբերությունների կարգավորմանը, ապա Նալբանդովն ընդգծել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություններ վարելուն՝ «ցանկացած ձևաչափով, առանց նախապայմանների ու հավասարության պայմաններում»։