Արմեն Լուսյան, 2004-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: Սովորում է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ռուսական ակադեմիայի պետաեկեղեցական հարաբերությունների ամբիոնի ասպիրանտուրայի 4-րդ կուրսում: Թեկնածուական ատենախոսության թեման է «Պետաեկեղեցական հարաբերությունները ժամանակակից Հայաստանում. իրավիճակը և զարգացման հեռանկարները»:
Պետություն-եկեղեցի հարաբերությունների և առհասարակ հոգևոր-կրոնական դաշտի սահմանադրաիրավական կարգավորումն ԱՊՀ երկրներում, այդ թվում` Հայաստանում, ներկայումս էլ շարունակում է մնալ առավել վիճահարույց, դեռևս լուրջ մասնագիտական հետազոտում և պետաիրավական մոտեցումների կատարելագործում պահանջող հիմնահարցերից մեկը:
Անառարկելի է, որ ինչպես անհատի, այնպես էլ հասարակության կենսագործունեության հոգևոր-բարոյական բաղադրիչը կարևոր, եթե չասենք՝ որոշիչ դեր ունի հասարակական զարգացման առումով: Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված անկախ պետությունների կառավարիչներն այս ոլորտին կա՛մ ժամանակին պատշաճ ուշադրություն չհատկացրին, կա՛մ էլ ցուցաբերված պետաիրավական մոտեցումները կրեցին գերազանցապես հախուռն բնույթ:
Եվրաինտեգրման և եվրոպական արժեքների յուրացման ուղին որդեգրած երկրների նմանությամբ Հայաստանը նույնպես պարտավորված էր օրենսդրորեն կարգավորել հոգևոր-կրոնական դաշտը՝ փորձելով հավասարակշռություն ստեղծել մարդու հիմնարար իրավունքների և հայ ժողովրդի պատմական ու ազգային-կրոնական զարգացման առանձնահատկությունների միջև: Հարցն այն է, որ 1700 տարի շարունակ հայ ժողովրդի ազգային-մշակութային ինքնության պահպանման գործում զգալի ավանդ է ունեցել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ պատմության տարբեր հանգրվաններում ստանձնելով անգամ պետական գործառույթներ: Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներն իրենց ազգանվեր գործունեությունը սկսել են առավել ուշ պատմական ժամանակաշրջանում: Ուստի բնական է, որ երկրում տիրող ազգայնական և եկեղեցական շրջանակները պետք է դժկամությամբ ընդունեին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և մյուս կրոնաեկեղեցական կառույցների հնարավոր իրավահավասարությունը: Այս խնդիրը բարդացնում էր նաև այն իրողությունը, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը 90-ականների սկզբներին ի վիճակի չէր համարժեք ընկալելու երկրում կրոնական բազմազանության առկայությունը:
Բացի այդ, որոշակի ուժեր գնալով սաստկացնում էին կրոնական խմբերի և կազմակերպությունների հանդեպ անհանդուրժող վերաբերմունքը: Դա դրսևորվում էր զանգվածային լրատվության միջոցներով մշտապես իրականացվող հակաքարոզչության, կրոնաեկեղեցական արարողությունները մերթընդմերթ խոչընդոտելով, երբեմն էլ, հատկապես 1995 թ., կրոնական կառույցներին ահաբեկելով և դրանց գրասենյակների վրա հարձակումներ գործելով: Սակայն այս առումով պետք է նկատել, որ իրավիճակի բարելավման միտումներ սկսեցին ի հայտ գալ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ 1998 թ. ՀՀ Նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: Նրա կառավարման տարիներին երկրի կրոնական դաշտը կարգավորող օրենսդրությունը թեև այդպես էլ չկատարելագործվեց, սակայն որոշակի առաջընթաց գրանցվեց կրոնական հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:
Հայաստանի ներկա կրոնական իրավիճակի բուն արմատները պարզելու և ճշգրիտ ախտորոշում կատարելու համար հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ սկզբից ևեթ երկրում չկային պետության և կրոնական կառույցների միջև հարաբերություններին իրավասու մասնագետներ, որոնք կարողունակ կլինեին Հայաստանի անկախացման տարիներին և հետագա ժամանակաշրջանում մշակել հոգևոր-կրոնական դաշտի կարգավորման համապարփակ մի հայեցակարգ: Նման փաստաթղթի առկայությունը խիստ անհրաժեշտ գործոն է, քանզի դրանում արտացոլվում են պետություն-եկեղեցի հարաբերությունների նախընտրելի մոդելը ¥նկատի ունենալով տվյալ ժողովրդի ազգային-կրոնական յուրահատկություններն ու որդեգրած արժեքային համակարգը մարդու իրավունքների բնագավառում), կրոնական ոլորտի իրավական կարգավորման հիմնական սկզբունքներն ու տրամաբանությունը, օրենսդրական չափորոշիչները, զարգացման ուրվագծերը և այլ կարևոր բաղադրիչներ: Հայեցակարգը ոչ միայն նպաստում է հասարակական կյանքի տվյալ ոլորտի կանխատեսելի և արդյունավետ կարգավորմանը, այլև ուղենիշների յուրատեսակ հավաքածու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների համար: Այն կոչված է նաև փարատել հիշյալ բնագավառում առկա անորոշությունը ինչպես հասարակության, այնպես էլ կրոնական կազմակերպությունների և պետական պաշտոնյաների համար, որոնք ի պաշտոնե առիթ են ունենում առնչվել կրոնական դաշտի հետ: Սա հույժ կարևոր խնդիր է, քանզի հստակ ուղենիշների բացակայության պայմաններում սկսում են գործել հիմնականում վնասարար մտայնություններ: Կոնկրետ Հայաստանի դեպքում դա հետևյալ կարծրատիպն է, թե, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուց բացի , մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները քայքայիչ աղանդներ են, և որ նրանց հետ գործ ունենալը ազգադավություն է: Իհարկե, բնական է և արդարացի, որ 17 դար շարունակ ժողովրդի կյանքում լուրջ դերակատարում ունեցած պատմական եկեղեցուն ցուցաբերվի համարժեք վերաբերմունք: Միամտություն կլինի նաև կարծել, թե կրոնական դաշտում առկա մյուս բոլոր սուբյեկտներն առաջնորդվում են միմիայն բարձր հոգևոր արժեքներով ու մղումներով: Սակայն միաժամանակ յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն քայքայիչ աղանդ ու թշնամի դիտարկելու և նրանց հանդեպ ծրագրված հակաքարոզչություն վարելու հիվանդագին մոտեցումը ոչ միայն սխալ է, այլև նպաստում է հասարակության որոշակի շերտերի նկատմամբ հալածանքի, ատելության դրսևորմանը: Մինչդեռ ոլորտն արդյունավետ կարգավորելու առումով պետության համար կարևոր է ղեկավարվել ոչ թե աստվածաբանական և ազգայնական, այլ պետաիրավական կատեգորիաներով: Ակնհայտ է, որ ազգային անվտանգության տեսանկյունից մտահոգում են որոշ կրոնական կազմակերպությունների դավանած մի շարք մոտեցումներ, սակայն այս խնդիրը պետք է լուծվի ոչ թե հասարակական գիտակցության մեջ խղճի և դավանանքի ազատության հիմնարար իրավունքի ու կրոնական կազմակերպությունների հանդեպ տոտալ մերժողականություն սերմանելու միջոցով, այլ արդյունավետ օրենսդրություն և ժողովրդավարական իրավական մեխանիզմներ մշակելու ճանապարհով:
Խնդիրը Հայաստանում որոշակիորեն տեղաշարժվեց, երբ կառավարության աշխատակազմում ստեղծվեց ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն, որն սկսեց ուսումնասիրություններ կատարել երկրի կրոնական համապատկերը ճշգրտելու, նաև համապատասխան հայեցակարգ մշակելու նպատակով: Բացի այդ, վարչության աշխատակիցները ուղղակիորեն սկսեցին շփվել կրոնական կազմակերպությունների հետ, որը նպաստում է պետության և կրոնական կառույցների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կառուցողական երկխոսության ծավալմանը, առաջին ձեռքից անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերմանը:
Եթե ի մի բերենք Հայաստանի կրոնական դաշտում առկա էական հիմնախնդիրները, ապա դրանցից հարկ կլինի առանձնացնել հետևյալները: Նախ՝ արդեն խոսվեց հայեցակարգի մասին, որի գործողության մեջ մտնելու հետ է կապված մի շարք հարցերի հանգուցալուծումը: Ցավոք, կրոնի հարցերի վարչության կողմից մշակվող հայեցակարգը մնաց անավարտ, իսկ վարչության ներկայիս պետ պարոն Վ. Ասծատրյանի ոչ ի պաշտոնե հրապարակած հայեցակարգի մոդելն առաջ բերեց կրոնական կազմակերպությունների անհամաձայնությունը հայեցակարգի տրամաբանության հետ այն առումով, որ դա համահունչ չէ խղճի և դավանանքի ազատության իրավունքին և դրա կարգավորման ժողովրդավարական սկզբունքներին:
Հաջորդ խնդիրը, ինչպես նշվեց, համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների եթե չասենք բացակայությունը, ապա գոնե խիստ սակավությունն է ինչպես պետական համակարգում, այնպես էլ հասարակական հատվածում: Բանն այն է, որ իրավապահ և դատական մարմիններում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների բացակայությունը դժվարացնում է մի կողմից՝ կրոնական ոլորտին առնչվող օրենսդրության պատշաճ կիրարկումը, մյուս կողմից՝ բոլոր այն դեպքերի քննությունը, որոնց այս կամ այն կերպ հաղորդվում է կրոնական երանգ: Այսպիսի վիճակն աղմկահարույց գործերի ժամանակ առիթ է տալիս որոշ ԶԼՄ-ների շրջանառության մեջ դնել կրոնական հողի վրա հիմնված տարաբնույթ վարկածներ՝ վկայակոչելով ոչ թե իրավապահ մարմինների հետաքննության ընթացքում բացահայտված հանգամանքները, որոնք գուցե թե առավել համոզիչ բնույթ կկրեին, այլ հասարակական հատվածում գործող կրոնական «փորձագետների» կամ այլ անձանց ենթադրությունները: Ընդ որում խնդիրն ավելի սուր է լինում, երբ խոսքը վերաբերում է ինքնասպանություններին, որոնց վերագրվում են այսպես կոչված կրոնական շարժառիթներ: Հստակորեն ուրվագծվում է երկակի մի պատկեր, որի ձևավորմանը մասնակցում են առավելապես այս կամ այն կրոնական կազմակերպությանը պախարակելու միտում ունեցող հատուկենտ «փորձագետները» և ավելի պակաս չափով՝ իրավապաշտպանները, որոնք շեշտը դնում են խղճի ու դավանանքի ազատության համամարդկային արժեքի գերակայության վրա: Այս համատեքստում գրեթե դատարկ է մնում իրավակիրառումն ապահովող մարմինների և կրոնական հարցերով լուրջ որակավորում ունեցող անաչառ մասնագետների ամբիոնը, մասնագետներ, որոնք իրավասու կլինեին իրավական և գիտական ծանրակշիռ խոսք ասել ոլորտի կնճիռները հարթելու համար: Պետություն-եկեղեցի հարաբերությունների մասնագետներ պատրաստող գիտական հիմնարկներ Հայաստանում չկան: Սա նշանակում է, որ համապատասխան կրթության և որակավորման համար անհրաժեշտ է ներկայացուցիչներ գործուղել արտերկրի կրթական հաստատություններ: Սակայն սա կապված է ոլորտի կարևորության գիտակցման և որոշակի գումարներ ներդնելու խնդրի հետ, որին կարծես թե ներկայումս պատրաստ չեն ո՛չ պետությունը և ո՛չ էլ հասարակական հատվածը՝ չհաշված մեկ կամ երկու հազվագյուտ բացառություններ:
Այս ոլորտի խնդիրների փոխկապակցված համալիր են կազմում կրոնական կազմակերպություններից շատերի կողմից իրենց իսկ մասին տարածվող պաշտոնական տեղեկատվության սակավությունը կամ դրա իսպառ բացակայությունը, ԶԼՄ-ների հաղորդումներում, որպես կանոն, կողմնակալ և մակերեսային մոտեցումների առկայությունը, լրագրողների ոչ բավարար պրոֆեսիոնալիզմը, ավելի ճշգրիտ՝ սիրողական մակարդակը կրոնական հարցերի լուսաբանման գործում, ինչպես նաև հասարակական գիտակցության դեռևս ոչ համաչափ արձագանքը նոր կրոնական իրողություններին: Այժմյան կարևոր հարցերից մեկը, որին պետք է հատուկ պատասխանատվությամբ մոտենան հենց կրոնական կազմակերպությունները, խորհրդավորության քողը հանրամատչելի միջոցներով իրենց դավանանքի հիմնադրույթների, գործունեության և սոցիալական հայեցակարգի մասին պաշտոնական համապարփակ տեղեկատվություն ապահովելով վերացնելն է: Խոսքը «մաքուր» տեղեկատվության, այլ ոչ քարոզչական բնույթի նյութերի մասին է: Անշուշտ, կարող է հնչել տեսակետ, որ ամեն մի կրոնական կազմակերպություն ի վիճակի չէ ունենալ սեփական հեռուստա- կամ ռադիոհաղորդում, և որ աշխարհիկ ԶԼՄ-ները հետաքրքրված չեն նման բնույթի տեղեկատվություն հեռարձակելու խնդրով, սակայն, ըստ իս, յուրաքանչյուր կրոնական միավորում պետք է ձգտի օգտվել տեղեկատվության այնպիսի ժամանակակից միջոցից, ինչպիսին համացանցն է: Ի դեպ, Հայաստանում սեփական հեռուստակայաններ ունեն միայն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին և Երևանի Ավետարանական եկեղեցին: Մի շարք կրոնական կազմակերպություններ հրատարակում են պաշտոնական պարբերականներ: Իսկ, օրինակ՝ Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին իր գործունեության, դավանանքի, սոցիալական հայեցակարգի մասին տեղեկատվությունը ներկայացնում է եռալեզու կայքէջում և ամսագրում: Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ միշտ էլ կլինեն կրոնական կազմակերպություններ, որոնք ամեն կերպ կցանկանան խուսափել հրապարակային գործելաոճից՝ գերադասելով մինչև վերջ չքողազերծել սեփական դավանանքի և սոցիալական ուսմունքի մանրամասները, սակայն բոլոր մյուս կրոնական կառույցները, համենայն դեպս, գոնե խոշոր միավորումները պետք է հասանելի ձևով շահագրգիռ քաղաքացու, մասնագետի, հետազոտողի, պետական պաշտոնյայի և լրագրողի համար ապահովեն ամբողջական տեղեկատվություն: Այս առումով չենք կարող չնշել, որ կրոնական կազմակերպություններին և ոլորտի խնդիրներին ծանոթանալու առումով անփոխարինելի միջոց դարձավ «Կրոն և հասարակություն» հանդեսի հրատարակումը: Այս պարբերականն առայժմ մնում է Հայաստանի կրոնական դաշտի վերաբերյալ ուսումնասիրություններ հրապարակող միակ մասնագիտական հանդեսը:
Խնդիրների այս շղթայի մեջ կարևոր օղակ է ԶԼՄ-ների գործոնը: Բանն այն է, որ ԶԼՄ-ները հսկայական ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման և հանրային իրազեկության ապահովման գործընթացի վրա, ուստի խելամիտ, պրոֆեսիոնալ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականություն վարելու դեպքում հնարավոր է ստեղծել կրոնական դաշտի, դրա խնդիրների և կարգավորման ուղիների առավել ամբողջական և թափանցիկ համապատկեր: Սա կարևոր նախապայման է կրոնական հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, կրոնական բազմազանության մեջ հասարակությանը կողմնորոշվելու հնարավորություն ընձեռելու համար: Այլապես սոսկ լսարանի ուշադրությունը գրավելու նկատառումով կրոնական սենսացիաներ մատուցելու և առանց հոգևոր հարցերում խորամուխ լինելու, այսպես կոչված «աղանդների» մասին թեժ քննարկումներ ծավալելու գործելաոճը, որն այսօր գերակշռում է հայկական ԶԼՄ-ների շրջանում, միմիայն նպաստում է բաժանարար գծերի խորացմանն ու առկա կարծրատիպերի ամրապնդմանը՝ հանրային գիտակցության մակարդակում չլուծված թողնելով բազմաթիվ հիմնահարցեր: Հեռուստալսարանին և ընթերցող հասարակայնությանը «հետաքրքիր զբաղեցնելու» ճանապարհով վարկանիշ ապահովելու այսրոպեական մոտեցումն ազգային միասնության խնդիրների լուծման համատեքստում կարող է խիստ թանկ արժենալ: Անշուշտ, ԶԼՄ-ների առաքելության մեջ կարևոր դերակատարություն ունի հասարակական հարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` կրոնական կազմակերպությունների վարքագծի նկատմամբ յուրատեսակ զսպման գործոնը՝ թույլ չտալու համար օրենքին և կանոնադրական նպատակներին հակասող գործողությունների իրականացումը, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ԶԼՄ-ներին իրավունք է վերապահված ամեն առիթով կրոնական կառույցների վրա ճոճել ինչ-որ կենտրոնից կամ օդում թևածող գաղափարական կարծրատիպից ուղղորդվող «մահակը»: Հարկ է գիտակցել, որ լրագրողի մասնագիտությանը բնորոշ պրոֆեսիոնալ, օբյեկտիվ և հավասարակշիռ աշխատանքով է նաև պայմանավորված պետական մարմինների կողմից օպտիմալ կրոնադավանական քաղաքականության մշակման և իրագործման հրամայականը:
Ինչ վերաբերում է կրոնական հարցերում հանրային գիտակցության մակարդակին, ապա այն սերտորեն կապված է վերոհիշյալ խնդիրների հետ: Որքան կրոնական կազմակերպությունները լինեն թափանցիկ և ներկայանալի, որքան ԶԼՄ-ները լինեն պրոֆեսիոնալ և անաչառ, որքան կրոնադավանական քաղաքականության պետական հայեցակարգի դրույթները լինեն հավասարակշռված և հասարակական քննարկման առարկա դարձած, այնքան հանրային գիտակցությունը կլինի ավելի բարձր և համաչափ ներկա կրոնական իրողություններին: Այս առումով, իհարկե, 90-ական թվականների համեմատ` վերջին տարիներին զգալի առաջընթաց կա, սակայն պնդել, թե հասարակական կարծիքում այժմ գերիշխում է հանդուրժողականության տարրը, չի կարելի:
Մեկ այլ խնդիր էլ թեև օրենսդրորեն կարգավորվել է, սակայն ընդունված կարծրատիպի բացասական ազդեցության ներքո շարունակում է դեռևս իրեն զգացնել: Խոսքն այն մասին է, որ ՀՀ օրենսդրությունն արգելում է կրոնական հատկանիշի վրա հիմնված ցանկացած խտրականություն, և չնայած դրան` կամա թե ակամա լինում են դեպքեր, երբ այս կամ այն կրոնական կազմակերպության հետևորդ համարվող քաղաքացիների, հատկապես այս կամ այն հաստատության աշխատակցի, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ուսուցիչների հանդեպ դրսևորվում է անբարյացակամ վերաբերմունք, ընդհուպ աշխատանքից ազատում, իսկ աշակերտների դեպքում՝ արժանապատվության նսեմացում և համադասարանցիներից մեկուսացում: Ընդ որում այս խնդիրն առկա է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, թեև առանձին մարզեր հիշյալ ցուցանիշով գերազանցում են մյուս բոլորին: Մեր համոզմամբ խնդրի լուծումը կապված է ոչ այնքան նորմատիվ-իրավական դաշտի կատարելագործման, որքան նմանատիպ երևույթների հանդեպ պատկան մարմինների կողմից պատշաճ ուշադրություն ցուցաբերելու և հասարակական գիտակցության մակարդակի աճի հետ՝ նկատի ունենալով այն, որ աշխատանքի մեջ էական են գործավորի աշխատանքային որակներն ու մարդկային արժանիքները և ոչ թե կրոնական պատկանելության հանգամանքը:
Հաջորդ խնդիրը, որը մշտապես սուր անկյուններ է առաջացնում հանրային քննարկումների ժամանակ, «ազգայինի» և «կրոնականի» հարաբերության հարցն է: Հաճախ կրոնական կազմակերպությունները մեղադրվում են իրենց հետևորդների գիտակցության մեջ ազգային պատկանելությունը կրոնականին ստորադասելու, ազգային միասնությանը վնասելու, ազգային հիմնահարցերի նկատմամբ անտարբեր լինելու, ազգային խորհրդանիշներն ու տոները չհարգելու հարցում: Միատարր ազգ համարվող հայության համար սա նաև խիստ հուզական է, քանզի երրորդ հազարամյակի շեմին հայ ժողովուրդը կանգնած է գլոբալ խնդիրների առջև. ղարաբաղյան հիմնահարց, հայկական պետականության հզորացում, գլոբալացման դարաշրջանում ազգային ինքնության, մշակույթի, լեզվի պահպանում, որոնց լուծումը շատերը տեսնում են միայն ազգայինի գիտակցումն ամրապնդելու մեջ: Այս է նաև պատճառը գոյություն ունեցող այն համոզմունքի, որին հարում են անգամ հավատի և եկեղեցու հետ առնչություն չունեցող մարդիկ, թե հարկավոր է, որ Հայաստանում լինի միայն մեկ կրոնական կառույց, այն է՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որին վերագրվում է ազգային ինքնության և ազգային մշակույթի պահապանի դեր: Ամենևին չվիճարկելով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերակատարումը հիշյալ ոլորտում՝ կարծում ենք, սակայն, որ կոպիտ վրիպում կլինի հայության տարբեր հատվածների կրոնական և եկեղեցական պատկանելության օբյեկտիվ իրողությունն արմատապես անտեսելը՝ նկատի ունենալով հատկապես այն հանգամանքը, որ քրիստոնեական դավանանքի և վարդապետության հենասյունը համարվող Նիկեական հավատո հանգանակն ընդունող հայկական ուղղադավան եկեղեցիները նույնպես հանդես են գալիս ազգային ինքնակայության և համերաշխության պահպանման դիրքերից: Մեր կարծիքով՝ ազգային համերաշխության և միասնության լավագույն բանաձևերից մեկն արտահայտել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. սեպտեմբերի 24-ին Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթում, որից հարկ ենք համարում մեջբերել մի հատված. «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ և խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային, կուսակցական կամ գաղափարական տարանջատումներից։ Անգլիախոս, թուրքախոս, ռուսախոս կամ հայախոս հայը, առաքելական, կաթոլիկ, բողոքական կամ մահմեդական հայը, սոցիալիստ կամ ժողովրդավար հայը, ազատական կամ ազգայնական հայը պարզապես հայ է։ Հայկական ինքնությունը չպետք է սահմանափակվի ինքն իր «ճշմարիտ» հատվածի մեջ ու պարփակվի՝ փորձելով պահպանել ինքնամփոփ անաղարտությունը։ Հարատևման բանալին բազմազանությունն է, իսկ բնության անաղարտ տեսակները դատապարտված են։ Հայկական ինքնության հովանու տակ բազմազանությունն է։ Հայկական բազմազանության շաղախը հանդուրժողականությունն է։ Հանդուրժողակա՞ն ենք մենք այսօր։ Պիտի՛ դառնանք։ Պարտավոր ենք դառնալ»։
Մասնավոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գործող միայն որոշ կրոնական կազմակերպություններ են, որ խնդիրներ ունեն` կապված պետականության, ազգային խորհրդանիշների և տոների հետ: Մինչդեռ կրոնական կազմակերպությունների զգալի մասը, այդ թվում՝ Հայ Կաթողիկե, Հայաստանյայց Ավետարանական ու առհասարակ Ավետարանական-հոգեգալստական ընտանիքին պատկանող եկեղեցիները, ոչ միայն հակադրություն չեն տեսնում հավատի և ազգայինի հարաբերության մեջ, այլև կարելի է ասել ազգային միասնության հարցերում հանդես են գալիս որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր զինակիցներ: Այս եզրակացությանը կարելի է հանգել՝ ուսումնասիրելով ինչպես հիշյալ եկեղեցիների պաշտոնական հայտարարություններն ու սոցիալական հայեցակարգի հիմնադրույթները, այնպես էլ իրականացրած գործունեությունը: Այսօր հրապարակ է հանված լուրջ և հետաքրքիր մի առաջարկ, այն է՝ ուղղադավան եկեղեցիների մասնակցությամբ ձևավորել Եկեղեցիների ազգային խորհուրդ, որը, սակայն, դեռևս մնում է անարձագանք: Մինչդեռ, մեր կարծիքով, սույն նախաձեռնության իրագործումը կարող է լուրջ նախադրյալ դառնալ միջեկեղեցական երկխոսության կայացման, հայ ժողովրդի՝ տարբեր եկեղեցական պատկանելություն ունեցող հատվածների համերաշխության և միասնության ամրապնդման գործի համար:
Հաճախ կրոնական ուսումնասիրությունների պակասը, ոլորտի վերաբերյալ ոչ լիարժեք իմացությունը հանգեցնում են կրոնական կազմակերպությունների մասին ծայրահեղ և ընդհանրական պատկերացումների առաջացմանը: Խոսքն այն մասին է, որ արժանիքները վերագրելով միայն պատմական եկեղեցուն՝ «արատները» մեղսագրվում են մյուս բոլոր կրոնական կազմակերպություններին, այսպես կոչված «աղանդներին»՝ սխալմամբ նրանց վերագրելով միատարրություն և միանմանություն, այնինչ կրոնական դաշտում գործող սուբյեկտներն իրենց դավանանքով և սոցիալական ուսմունքով, «արժանիքներով» և «արատներով» բավական բազմազան են: Ուստի հետազոտություններ կատարելը, հատկապես կրոնական կազմակերպությունների սոցիալական հայեցակարգերի ոլորտում, մնում է հրատապ, որպեսզի հասարակությանը հասկանալի, թափանցիկ և անաչառորեն ներկայացվեն կրոնական դաշտի սուբյեկտների մոտեցումներն ամենատարբեր հարցերի վերաբերյալ: Սա թույլ կտա խնդիրների վերհանման դեպքում լինել առավել հասցեական՝ բացառելու համար սիրողական փորձագետների և ոչ պրոֆեսիոնալ լրագրողների կողմից կատարվող կամայական ընդհանրացումները, երբ կոնկրետ կրոնական կազմակերպությունների հետ կապված պրոբլեմներն անբաժանելիորեն վերագրվում են ողջ դաշտին: Սա նմանվում է վհուկների որսի, երբ բոլորը կարծես զբաղված են միայն կրոնական կազմակերպությունների բացասական կողմերը բացահայտելու գործով՝ մտադրություն անգամ չունենալով նկատել գեթ որևէ դրական երևույթ: Եվ հենց այս իրավիճակն է մի կողմից՝ խոչընդոտում հանրային գիտակցության զարգացմանը, մյուս կողմից՝ հասարակության շրջանում մշտապես պահպանում անվստահության և տագնապի մթնոլորտ բոլոր կրոնական միավորումների հանդեպ:
Վերոնշյալ հանգամանքն իր հուզական ողջ սրությունը ստանում է ազգային անվտանգությանը և պետական շահերին առնչվող այնպիսի խնդիրների քննարկման ժամանակ, ինչպիսիք են զինատյացությունը, որից բխում է զինված ուժերում չծառայելու պրոբլեմը, բուժօգնությունից և հատկապես արյան փոխներարկումից ու օրգանների փոխպատվաստումից հրաժարվելը, որն առնչվում է ազգի առողջությանը, երեխաների կրթության չափը ծնողների կողմից ինքնուրույնաբար որոշելու վտանգը, որն ուղղակիորեն կապված է ազգի գրագիտության ու զարգացման մակարդակի հետ և այլն: Թե ինչպես են այս հույժ կարևոր հարցերը կարգավորվում նորմատիվ-իրավական հարթության մեջ, առանձին դիտարկման նյութ է, սակայն հարկ է նշել, որ դրանք խնդրահարույց են որոշ կրոնական կազմակերպությունների սոցիալական հայեցակարգերում, հատկապես նրանց, որոնք առհասարակ խնդիրներ ունեն պետականության հետ: Սակայն երբ այս նուրբ հարցերի վերաբերյալ մտահոգություն հայտնելիս ընդհանրացում է կատարվում բոլոր կրոնական կառույցների հասցեագրումով, ապա դա աղավաղում է իրական պատկերը՝ ավելորդ լարվածություն ստեղծելով հասարակության շրջանում:
Հաջորդ խորքային խնդիրը, որ հատուկ ուշադրության կարիք ունի, կրոնական օրենսդրության ոլորտում իրավակիրառական պրակտիկայի բարելավումն է: Խնդիրն ունի երկու կողմ՝ կրոնական կազմակերպությունների կողմից իրենց պարտավորությունների, կանոնադրական նպատակների բարեխիղճ կատարման հանդեպ վերահսկողություն և իշխանությունների կողմից քաղաքացիների կրոնական պահանջմունքների, նրանց իրավունքների իրացման հնարավորության և ֆիզիկական ու իրավական պաշտպանվածության ապահովում: Սա կարևոր է նրանով, որ նախ՝ կրոնական դաշտի սուբյեկտները զբաղվեն միայն իրենց բնորոշ գործառույթներով, և բացառվի այլ նպատակներ հետապնդող կառույցների մուտքը կրոնական ոլորտ: Եվ երկրորդ` կրոնական կազմակերպությունները լինեն պաշտպանված ամեն տեսակ ոտնձգություններից և հետապնդումներից: Այս առումով իրավապահ մարմինները պետք է առավել աչալուրջ լինեն՝ կանխելու և նախազգուշացնելու համար կրոնական հողի վրա ատելության և թշնամանքի հրապարակային կոչերն ու ելույթները: Ինչպես, օրինակ, աղմկահարույց այն դեպքը, երբ կրոնական կազմակերպությունների և իրավապաշտպանների հետևողական պահանջի շնորհիվ ազգային անվտանգության մարմինները կասեցրին թռուցիկների տարածումը, որոնք բովանդակում էին «մահ աղանդավորներին» կոչը՝ մասնավորեցնելով կոնկրետ կրոնական կազմակերպությունների անվանումները: Իսկ վերջերս շրջանառության մեջ էին դրվել թռուցիկներ, որոնք «նախազգուշացնում» էին ՀՀ քաղաքացիներին «աղանդավորական անասնագլխաքանակը» չհամալրելու մասին, ընդ որում անպատշաճության սահմանը հասել էր նրան, որ սատանայապաշտների կողքին նշվում էին նաև ուղղադավան եկեղեցիների անվանումներ: Նման նյութերին ծանոթանալով՝ պարզապես չես կարող չկասկածել դրանց հեղինակների մտավոր և բարոյական առողջությանը, սակայն հավանաբար հարցն ավելի ցավոտ չէր լինի, եթե այն սահմանափակվեր միայն բարոյական կողմով: Բանն այն է, որ նման թռուցիկները կրոնական հողի վրա ատելություն և թշնամություն են սերմանում: Պարզ է, թե ու՞ր կհասցնեն մեր ժողովրդին նման արատավոր երևույթները, եթե պատկան մարմինների համապատասխան արձագանքին չարժանանան:
Չհավակնելով սույն հոդվածում ներկայացնել Հայաստանի կրոնական ոլորտի հիմնահարցերի սպառիչ շարադրանքը՝ նպատակահարմար եմ համարում այն եզրափակել մի կարևոր խնդրով, այն է՝ կրոնական դաշտին վերաբերող օրենսդրության կատարելագործումն ու դրա զարգացման տրամաբանության պահպանումը: Բանն այն է, որ կրոնական ոլորտը կարգավորող հիմնական օրենքը 1991թ. ընդունվելուց ի վեր չի ենթարկվել որևէ էական բարեփոխման: Անշուշտ, սա չի նշանակում, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը ձախողել է իր առաքելությունը, սակայն մյուս կողմից էլ պարզ է, որ ներկայում հրատապ է սույն օրենքի վերանայումը՝ հաշվի առնելով տվյալ բնագավառի առկա իրողություններն արտացոլելու, վիճահարույց խնդիրները հարթելու և առաջադեմ եվրոպական փորձը յուրացնելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է օրենսդրության զարգացման տրամաբանությանը, ապա այս առումով մի շարք փորձագետներ անհամապատասխանություն նկատեցին այն բանից հետո, երբ 2007թ. մարտին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու միջև հարաբերությունների մասին» օրենքը՝ առաջ անցնելով խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենքի ընդունումից: Հարցն այն է, որ օրենսդրության զարգացման հաջորդականության տեսանկյունից առավել տրամաբանական պետք է լիներ, եթե ընդհանուր դաշտը կարգավորող հիմնական օրենքի բարեփոխումը նախորդեր մասնավոր հարաբերությունները կարգավորող օրենքի ընդունմանը:
Սակայն ստացվեց այնպես, որ ՀՀ կառավարության կրոնի հարցերի վարչության կողմից կրոնական կազմակերպությունների ու շահագրգիռ այլ կողմերի ներգրավմամբ մշակվող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքներն այդպես էլ մնացին անավարտ: Մինչդեռ դրա փոխարեն 2009թ. մի խումբ պատգամավորներ առաջ քաշեցին «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին¦ օրենքի օրինագիծ, որում ամրագրված մի շարք դրույթներ հարուցեցին ինչպես կրոնական կազմակերպությունների, այնպես էլ ոլորտի մասնագետների և իրավապաշտպանների դժգոհությունը: Անհրաժեշտ եղավ, որ հարցին միջամտեն ՀՀ Նախագահն ու ՀՀ ԱԺ նախագահը, որի հետևանքով նախ՝ կազմակերպվեցին լայն հասարակական քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ապա օրինագիծն ուղարկվեց Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով իրավական փորձաքննություն անցնելու նպատակով: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն օրինագծի դրույթների գերակշիռ մասի առնչությամբ խիստ բացասական էր, որն օրինագծի հեղինակներին դրդեց միառժամանակ սառեցնել առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի հետագա ընթացքը: Թե ինչ ճակատագիր կունենա սույն օրինագիծը, մնում է մշուշոտ, սակայն ներկայումս արծարծվում է այն տեսակետը, որ գործող օրենքում մասնակի փոփոխություններ իրականացնելու փոխարեն անհրաժեշտ է մշակել ոլորտը կարգավորող նոր համապարփակ օրինագիծ:
Վերջում հարկ է նշել, որ սույն հոդվածի նպատակը Հայաստանի կրոնական դաշտի բոլոր հիմնախնդիրները սպառիչ ներկայացնելը չէր, այլ ուշադրություն հրավիրելը դրանց մի մասի վրա, որ հետագայում ուղիներ գտնվեն այդ հիմնախնդիրների արդյունավետ և ժողովրդավարական կարգավորման համար:
| < Նախորդ | Հաջորդ > |
|---|

