Religions in Armenia

............... Կիրակի, 05 Սեպտեմբեր 2010
> Հոդվածներ > Թուրքիայի հայության մի շարք խնդիրների շուրջ

Թուրքիայի հայության մի շարք խնդիրների շուրջ

Էլ.փոստ Տպել

0520Տաթևիկ Խաչիկյան, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանող

Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրումից ի վեր իրեն հռչակել է աշխարհիկ պետություն: Ավելին, այսօր այն հայտ է ներկայացրել ԵՄ-ին  ինտեգրվելու համար: Արդյո±ք Թուրքիան համապատխանում է ԵՄ-ի պահանջներին: Այս հարցերի պատասխաններն արտացոլվում են ԵՄ ամենամյա զեկույցներում: Եվ պատահական չէ, որ Թուրքիային վերաբերող զեկույցներում մեծ ուշադրության են արժանանում այդ երկրի փոքրամասնությունների հետ կապված խնդիրները` հավանաբար հաշվի առնելով նաև Թուրքիայի միատարր պետության ստեղծմանն ուղղված դարավոր քաղաքականությունը:

Թուրքիան միշտ պայքար է մղել օտարերկրյա միսիոներների դեմ և ասիմիլիացիոն քաղաքականություն վարել իր տարածքում բնակվող փոքրամասնությունների հանդեպ:  Ինչ վերաբերում է  այս փոքրամասնություններին` նշենք, որ չնայած դեռ Մեհմեդ II Ֆաթիհի (1451- 1481թթ.)   կողմից հաստատվել են հայկական, հունական և հրեական պատրիարքարանները, իսկ 1923թ. Լոզանի պայմանագրով Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչել է այս փոքրամասնություններին, հենց նրանց հանդեպ են կիրառվել առավել կտրուկ միջոցներ: Բավական է հիշել միայն Հայոց ցեղասպանությունը, 1955թ. սեպտեմբերի 6-7 դեպքերը, որոնք վերաբերում են Թուրքիայի պատմության ոչ այնքան վաղ շրջանին: Դեռ 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի կնքման պահին կայսրության ազգային փոքրամասնություններից միայն հայերն էին համարվում միջազգային իրավունքի սուբյեկտ: Նախ` 1514թ. Սելիմ I-ի, այնուհետև 1555թ. Սուլեյման I-ի կողմից Արևմտյան Հայաստանի վերջնական գրավումից հետո զարկ է տրվում այս տարածքների հայաթափման քաղաքականությանը, որի հաջողվածության գրավականն են  այսօր քրդաբնակ և թրքաբնակ նախկին հայկական գյուղերն ու քաղաքները, որտեղ գրեթե չկան ¥որոշ բացառություններով) կազմակերպված հայ համայնքներ: Կայսրության հիմնադրման առաջին իսկ օրից  բռնություններից, գերեվարությունից ու կոտորածներից զատ, քրիստոնյա հպատակների համար հաստատվել են ծանր հարկեր և տուրքեր, որոնց սահմանափակումը կատարվել է ոչ թե որոշակի օրենքներով կամ տրամաբանությամբ, այլ թուրք տիրակալների  կամայականությամբ: Որոշ հարկատեսակներ նույնիսկ մտցվել են ի հավելումն հիմնական հարկատեսակների: Դրանցից կարելի է հիշատակել դեվշիրմեն: Այն շարունակվել է մինչև 18-րդ դարը: «Դեվշիրմեի» միջոցով հավաքագրել են քրիստոնյա երեխաներին և կազմել ենիչերիների զորքը: Այս քաղաքականությունը հիմնականում  իրագործվել է  բալկանյան ժողովուրդների մեջ, սակայն հրովարտակներից երևում է, որ այն  ի կատար է ածվել  Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր գավառներում[1]:

Ծանր հարկերը, հալածանքները հասցրել էին հայ ժողովրդին  դժվար կացության: Առաջադեմ հայ մտավորականները միշտ էլ փորձել են այս իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել` պարբերաբար դիմելով մեծ տերությունների օգնությանը: Վերջիններս, ինչպես արդեն գիտենք, մշտապես ձգտել են ազդեցության ոլորտներ  ձեռք բերել Արևելքում  և  բնական է, որ այս առումով հետզհետե հզորացող Օսմանյան կայսրությունը չէր կարող վրիպել նրանց ուշադրությունից: Օսմանահպատակ քրիստոնյաներին իբր վերցնելով իրենց հովանու ներքո` իրականում  այս կերպ նրանք իրենց անհրաժեշտ հարցերում փորձում էին զիջումներ ստանալ Օսմանյան կայսրությունից, որն ավելի էր գրգռում սուլթանների զայրույթը: Առերես կատարելով որոշակի փոփոխություններ, այսինքն` զուտ ձևական  առումով, նրանք սկսում էին այսպես կոչված ներքին ոչնչացման քաղաքականություն վարել փոքրամասնությունների հանդեպ: Նման, կարելի է ասել` փաստաթղթային փոփոխություններից էր Թանզիմաթը: Կայսրության մուսուլմանական հասարակությունը ևս տոգորված էր հակաքրիստոնեական տրամադրություններով: Եվ այդ մոլեռանդությունը հնարավոր չէր վերացնել ոչ մի տեսակ փաստաթղթով: Ամեն անգամ, երբ փորձ էր արվում իրականացնել որևէ քաղաքացիական ռեֆորմ, նույնիսկ մզկիթներում և մեդրեսեներում սկսում էին պախարակել նախաձեռնողներին: Մուսուլմանական հասարակության համար անընդունելի էր քրիստոնյաների հետ հավասարության նույնիսկ տեսական գաղափարը[2]:

Չնայած այս ամենին`  Թանզիմաթի շրջանում որոշակի աշխուժություն է նկատվում հայերի հասարակական, մշակութային կյանքում: Հիմնվում են տպարաններ, դպրոցներ, հրատարակվում են  մի շարք պարբերականներ: 1844թ. ստեղծվում է Կ.Պոլսի հայերի ներքին գործերը կարգավորող մարմին` Ազգային ժողով, 1847թ.` Ազգային հոգևոր և գերագույն ժողով: 1860թ. հայ առաջադեմ մտավորականների հիմնադրած «Համազգային ընկերությունը» մշակում և պատրիարքարանին է ներկայացնում ազգային սահմանադրությունը, որը սուլթանատը վավերացնում է 1863թ.[3]: Հակոբ Սիրունին իր «Պոլիս և իր դերը» աշխատության մեջ ներկայացնում է այն հասարակական մշակութային աշխուժությունը, որ տիրել է հայերի մեջ այս թվականներին[4]: Այս հարաբերական անդորրը տևում է մինչև 1878թ.: Ինչի համար հարաբերական, քանի որ հասարակական մշակութային աշխուժությանը զուգահեռ շարունակվում էին տնտեսական, սոցիալական ճնշումները, բռնություններն ու վայրագությունները: Նման վայրագություններից նշենք 1876թ. նոյեմբերի 30-ի գիշերն իրականացված` Վանի շուկայի հրդեհը, որի հասցրած վնասը կազմել է մոտ 3 միլիոն թուրքական լիրա: Վանի հայերը վստահեցրել են, որ հրդեհը կազմակերպել են  թուրք զինվորները, որոնք, շրջապատելով շուկան, թույլ չեն տվել, որ հայերը մոտենան իրենց խանութներին, մինչդեռ թուրքերը զբաղված են եղել թալանով: Կրակից փրկված մի քանի խանութներ ողողված են եղել նավթով[5]:

Աշխուժացմանն  ու  հասարակական ակտիվությանը հաջորդում են զուլումի` աբդուլհամիդյան ռեժիմի ծանր ու դժվար տարիները: 1878թ. Աբդուլ Համիդը Բեռլինի վեհաժողովում հայտնում է, որ հայկական հարց գոյություն չունի և սկսում է կյանքի կոչել այդ արտահայտությունը[6]: 1894թ. գործի է դրվում հայությանը բնաջնջելու քաղաքականությունը: Այս ժամանակահատվածում աքսորվում և զոհվում են ավելի քան 300 000 հայեր: Ոչնչացվում են հայկական եկեղեցիներ և դպրոցներ: Այնուհետև Ադանայում  երիտթուրքերը կոտորում են ևս 30 000 հայի[7]: Այս քաղաքականությունը իր հանգուցալուծմանն է հասնում 1915թ. հայերի ցեղասպանությամբ: Փաստորեն, 20-րդ դարի սկզբին հայությունը կաթվածահար է լինում: Հայաթափ են լինում Արևմտյան Հայաստանի գյուղերն ու քաղաքները: Ցեղասպանությունից փրկվածների մի մասը բռնի կրոնափոխ է լինում, մի մասն ապաստան  է  գտնում այլ երկրներում:

Թվում էր, թե 1923թ. Լոզանի պայմանագրից հետո վիճակը կբարելավվի, քանի որ այս պայմանագրով քեմալականները պաշտոնապես ճանաչում էին հայկական համայնքը, սակայն, գալով իշխանության,  նրանք շարունակում են իրենց նախորդների քաղաքականությունը: 1922թ. Իզմիրում ամերիկյան դեսպանը գրում է. «Աթաթուրքը սկսել է նոր թունավորում հայերի դեմ: Կանանց և երեխաներին լցնելով երկաթուղային վագոնները` նա հրամայել է ածուխ լցնել վերջիններիս վրա»: Այնուհետև նույն դեսպանը հայտնում է, որ 1922թ. սեպտեմբերի 9-ին նա ինչ-որ ճիչեր է լսել և, դուրս գալով, տեսել է, որ գոռացողները մի խումբ կանայք են, որոնք ԱՄՆ դեսպանատուն էին հասել` փրկություն գտնելու հույսով: 1929թ. Դիարբեքիրից, Էլյազիգից և այլ վայրերից բազմաթիվ հայեր բռնագաղթում են Սիրիա, որոնցից շատերը զոհվում են ճանապարհին: Թուրքերը անհրաժեշտ էին համարում հայաթափել ողջ Արևմտյան Հայաստանը, քանի որ սկզբունքը մեկն էր` ոչ մի հայ չպետք է մնար իր հայրենիքում: Դրանով էր պայմանավորված թուրքական իշխանությունների մեծ ուշադրությունը արևելյան վիլայեթների, այսինքն` պատմական Հայաստանի շրջանների նկատմամբ: Շատերը տարհանվում են Ստամբուլ: Մի մասը Ստամբուլ էր գնում սեփական կամքով, քանի որ սոցիալական պայմանները Արևմտյան Հայաստանում վատթարագույնն էին: Գնալով Ստամբուլ` նրանք հույս ունեին կյանքի ավելի լավ պայմաններ գտնել: Արևմտյան Հայաստանը վերջնականապես կաթվածահար անելու համար արգելվել էր նաև Առաքելական եկեղեցու հոգևորականների մուտքն այստեղ, որի  պատճառով  բնակչությունը զրկվել էր նաև հոգևոր սնունդից:  Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններ թուրքական իշխանությունների կողմից վերածվել էին աքսորավայրերի, որոնք, ինչպես կտեսնենք հետագայում, աքսորավայր էին դառնալու հենց իրենց համար: Նման վայրերից էր Էրզրումի նահանգի Աշքալե գավառի աքսորավայրը:

Հայ բնակչությանը կենտրոնացնելով Ստամբուլում` թուրքերն իրենց քաղաքականությունն ուղղեցին այդ հատվածին թուրքացնելուն: Դրա համար լավագույն թիրախ էին դպրոցները: Հայկական դպրոցներում թույլատրվում էր հայերեն դասավանդել միայն շաբաթական մեկ օր, բոլոր առարկաները դասավանդվում էին թուրքերեն: Հայկական դպրոցների փոխտնօրեններ նշանակում էին թուրքերին, դասավանդում էին Թուրքիայի պատմություն, գրականություն, մշակույթ` բոլորը թուրքերեն լեզվով: Արգելված էին հայոց պատմություն, մշակույթ առարկաները, իսկ մայրենի լեզուն, փաստորեն, դարձել էր երկրորդական: Շուտով ղեկավար մարմիններում շատերը սկսեցին պահանջել, որ աշակերտները թուրքերեն խոսեն նույնիսկ դասամիջոցներին: Այս առիթով 1930թ. Մ. Քեմալը Ադանայում հայտարարում է, որ յուրաքանչյուր ոք, ով իրեն թուրք է համարում, պետք է խոսի թուրքերեն: «Ադանայում 20 000 մարդ չի խոսում թուրքերեն: Ի±նչ հետևանքներ կարող է դա ունենալ: Պետք չէ վստահել նրանց, ովքեր չեն խոսում թուրքերեն: Նրանց պետք է իսկական թուրքեր դարձնել»,- ասել է նա[8]:

Թուրքացման և ասիմիլիացիոն գործընթացների ակտիվացմանը նպաստում էր նաև հասարակության գործոնը: Հասարակության մեջ լայնորեն սերմանվում էր հայատյացություն ինչպես մամուլի, այնպես էլ քաղաքական պրոպագանդայի և կրթական համակարգի միջոցով: Բազմաթիվ թերթեր և ամսագրեր ողողված էին հակահայկական հոդվածներով: Հայերին անվանում էին թշնամիներ ու դավաճաններ և կոչ էին անում պայքարել նրանց դեմ: Հայ երեխաները դպրոցներում ճնշվում էին, նրանց կոչում էին գյավուրներ ու ծեծի ենթարկում: Պետական պաշտոնյաները պարբերաբար ելույթ էին ունենում այս թեմայով` ընդգծելով, որ հայերը թշնամի են, Թուրքիան թուրքի համար է կարգախոսով[9]: Փաստորեն, Հանրապետական շրջանում ևս պետական քաղաքականությունն ու մոտեցումն այս հարցին գրեթե չփոխվեցին :  Փոխվեցին մեթոդները, սակայն ոչ նպատակակետը: Հետագա տարիներին ևս թուրքական իշխանությունները հավատարիմ մնացին իրենց որդեգրած այս քաղաքականությանը: Ինչպես Ժողովրդահանրապետական, այնպես էլ հետագայում միմյանց հաջորդած իշխանություններնն իրականացրին մի շարք միջոցառումներ, որոնք միտված էին փոքրամասնությունների թուրքացմանն ու Թուրքիայի տնտեսական կյանքից դուրս մղմանը:

1941թ. Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ իրականացվել է , ըստ որի` առանց նախօրոք տեղեկացնելու, զորակոչ հայտարարելով` ծառայության են տարվել հայերի, հրեաների, հույների 18-60 տարեկան տղամարդիկ: Զորակոչվել են նույնիսկ նրանք, ովքեր արդեն անցել էին զինվորական ծառայություն, հիվանդ էին կամ հաշմանդամ: Նրանց չի տրվել զենք, համազգեստ: Զորակոչվածները աշխատել են տարբեր շինարարություններում,  շատերը մահացել են դաժան պայմաններից, մյուսները` տարածված հիվանդություններից[10]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի առջև ծառացել էին բազմաթիվ տնտեսական խնդիրներ: Ողջ ժողովուրդը գտնվում էր ծանր սոցիալական վիճակում: Պետությունը ելք էր որոնում վիճակը շտկելու համար, և ելքը ունեցվածքի հարկն էր: 1942թ. նոյեմբերի 11-ին օրենքը ընդունվում է և մտնում գործառության մեջ: Ըստ այս հարկի` ժողովուրդը կրոնական հիմքի վրա բաժանվում էր 4 խմբի: Ըստ օրենքի` ոչ մուսուլմանները պետք է հարկվեին տասն անգամ ավել, քան մուսուլանները, այսինքն` ունեցվածքի 50%-ը: Մյուս խմբերի մեջ էին մտնում օտարահպատակներն ու հավատափոխները: Օտարահպատակների համար հարկն ավելի մեղմ էր: Հայտնի է, որ շատ դեպքերում հավատափոխները հարկվում էին ոչ մուսուլմանների չափով: Հարկաչափը որոշվում էր հանձնաժողովի կողմից կամայականորեն, և հարկատուն այն բողոքարկելու հնարավորություն չուներ: Պետք է հավելել, որ առավելագույնս հարկվում էին հատկապես հայերը: Հարկի վճարման համար սահմանված էր 30 օր, այնուհետև վաճառվում էր հարկատուի ունեցվածքը: Գումարը չբավարարելու դեպքում նրանց աքսորում էին վերոհիշյալ Աշքալե գավառ: Փաստորեն, Թուրքիայի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ հայտարարված փոքրամասնությունները կրկին առճակատվեցին կրոնական և էթնիկ խտրականության հետ: Ունեցվածքի հարկը հանվել է 1944թ. մարտի 15-ին: Աքսորյալների մի մասը, չդիմանալով պայմաններին, մահացել է հենց աքսորավայրում, մյուսները վերադառնալուց հետո հեռացել են Թուրքիայից[11]: Հետագայում  Յ. Քարաքոյունլուի «Տիկին Սալքըմի մարգարիտները» նովելի հիման վրա, որտեղ ներկայացված էին ոչ մուսուլմանների հանդեպ իրականացված անօրինականությունները, այդ թվում` ունեցվածքի հարկը,  1999թ. Թ. Գիրիթլիողլուն ֆիլմ է նկարահանել, որը արժանանացել է մրցանակի: Ֆիլմը առաջ է բերել մեջլիսի անդամների քննադատությունը, որոնք մեղադրել են հեղինակին դավաճանության մեջ: 2001թ., երբ ֆիլմը ցուցադրվել է Թուրքիայի ազգային հեռուստատեսությամբ, որի տնօրենն այդ պահին արդեն նովելի հեղինակն էր, Ազգային շարժում կուսակցության անդամ Ահմեդ Ջաքարը հայտարարել է, որ ֆիլմում ներկայացվածից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Աշքալեի աքսորավայրի հայերը իրականում ֆաշիստական Գերմանիայի ճամբարներում են եղել[12]:

Հետագա տարիներին շարունակվել են հալածանքները: Շատ հայեր հալածանքներից խուսափելու համար կամավոր, հաճախ նաև բռնությամբ ընդունել են մուսուլմանություն,  որի հետևանքով  այսօր Թուրքիայում  ունենք բազմաթիվ մուսուլմանացած հայերի սերունդներ: Կրոնափոխության դեպքեր գրանցվել են ինչպես Օսմանյան կայսրության շրջանում, այնպես էլ ոչ վաղ անցյալում: Թեսսա Հոֆմանը նշում է, որ նման դեպքեր արձանագրվել են ընդհուպ  1980-ական թթ. վերջերը: Անդրադառնալով այդ նույն ժամանակահատվածին` 1979թ. Եվրոպական եկեղեցիների` «Եվրոպայում արտագնա աշխատողների» հանձնաժողովը Արևմտյան Հայաստանում քրիստոնեական փոքրամասնությունների կյանքի պայմանները քննելիս եկել է այն եզրակացության, որ 1975-1979թթ. մեծացել են քրիստոնյաների հանդեպ ճնշումներն ու հալածանքները: Նրանք հաստատել են, որ քրիստոնյաները նույնիսկ ոստիկանությանը դիմելու հնարավորություն չեն ունեցել , քանի որ հետագայում նրանց հանդեպ սկսվել են հետապնդումներ: Բացի այդ,  քրիստոնյաների հանդեպ հանցագործություն կատարողները շատ կարճ ժամանակ անց ազատ են արձակվել և մնացել անպատիժ[13]:

Այսօր Թուրքիայում հաշվարկվում է մոտ 60-65 հազ. հայ, որոնց մեծ մասը բնակվում է Ստամբուլում: Հայեր են բնակվում նաև Արևմտյան Հայաստանի տարբեր հատվածներում, որտեղ, սակայն, կազմակերպված համայնքներ չկան: Գավառներում նրանք առավելապես զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, քաղաքներում` առևտրով և արհեստներով[14]: Գործում են համայնքային հաստատություններ, եկեղեցիներ, վարժարաններ: Այսօր գործում է  44 հայկական եկեղեցի, որից 35-ը` Ստամբուլում: Բացի այդ, շարունակում են գործել Սահակյան-Նունյան, Ներսեսյան, Արամյան-Ունճյան, Կեդրոնական, Տատյան, Էսայան, Կարագյոզյան վարժարանները, Սուրբ Խաչ դպրեվանքը, «Արաս» հրատարակչատունը, 4 համայնքային հաստատություններ` Կարագյոզյան սանուց միության Գընալը կղզու կազդուրման կայանը, Թագսիմի մարզական, Շիշլիի մարմնամարզական միությունները, «Սուրբ փրկիչ» հիվանդանոցը, որն ամենամեծն է: Լույս են տեսնում հայկական պարբերականներ. «Ագօսը», որը լույս է տեսնում 1996թ. Ստամբուլում` թուրքերեն ¥հայերեն ներդիրով), «Ժամանակ», որը լույս է տեսնում 1908թ.: Այն ընտանեկան, գրական, հասարարական, քաղաքական օրաթերթ է: Կ.Պոլսի հայկական պատրիարքարանի պաշտոնաթերթը «Լրաբեր»-ն է: Այն լույս է տեսնում 1966թ.-ից` հայերեն, թուրքերեն : 1940թ. լույս է տեսնում «Մարմարա» հասարակական-քաղաքական օրաթերթը[15]:

Այսօր հայկական համայնքը կանգնած է մի շարք կենսական խնդիրների առջև: Դրանցից մեկը դեռևս 1936թ. ընդունված  հայտարարագրերի խնդիրն է, որին անդրադարձ է կատարվել նաև ԵՄ 2009թ. Ստրասբուրգում ներկայացված ամենամյա զեկույցում: Այս հայտարարագրերով թուրքական կառավարությունը ցուցակագրել և հրապարակել է 1936թ. դրությամբ համայնքներին պատկանող գույքի, կալվածքների ցանկը: Այսօր Թուրքիան չի ճանաչում այդ թվականից ի վեր մինչև 1971թ. համայնքների կողմից ձեռք բերված, որպես նվիրատվություն ստացած գույքը, կալվածքները և բռնագրավելով դրանք` պետականացնում է: Նշենք նաև, որ այս որոշումը մեծապես վնասում է հատկապես հայկական «Սուրբ փրկիչ» հիվանդանոցին, քանի որ ամենամեծ կալվածատերը հենց այն է համարվում[16]: ԵՄ զեկույցում այս գործողությունները որակել են  ապօրինի և հայտարարել, որ համայնքապատկան ունեցվածքի օտարումը իրավունքի միջազգային նորմերի կոպիտ խախտում է[17]:

Ստամբուլի հայկական համայնքի խնդիրների ուսումնասիրության հարցում բավական հետաքրքրական է վերջերս Բիլգիի համալսարանի մի շարք քաղաքագետների կողմից Թուրքիայի հայերի վերաբերյալ կատարած մի ուսումնասիրություն, որտեղ զետեղված տվյալներն ամենևին սփոփիչ չեն: Այսպես. այս ուսումնասիրության համաձայն` 19-24 տարեկան տարիքային խմբում թրքախոսության մակարդակը հասնում է 90%-ի: Կարծում ենք` հենց այստեղ են ի հայտ  գալիս հայկական դպրոցներում թուրքական քաղաքականության արդյունքները:  Բացի վերոհիշյալ միջոցառումներից, կարևոր ենք համարում այն խնդիրը, որ փոքրամասնությունների դպրոցներում կարող են սովորել միայն երկրի օրինական քաղաքացիների երեխաները: Փաստորեն, այսօր Թուրքիայում գտնվող բազմաթիվ անօրինական հայերի երեխաները զրկված են հայկական դպրոցներում ուսանելու հնարավորությունից: Ուսումնասիրության հաջորդ կետը խառնամուսնություններն են, որոնք, ըստ այս հետազոտության, արդեն հասնում են 50%-ի, չնայած հարցված ընտանիքների մեծ մասը նշել է, որ իրենք կողմ չեն նմանօրինակ ամուսնությունների: Այս ամուսնություններից ծնված երեխաների ազգային և կրոնական ինքնագիտակցությունն էլ ավելի անհանգստացնող է: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ մի շարք հարցերում հետազոտողները կրկին ընկել են ծայրահեղության մեջ: Այսպես, օրինակ, ըստ հետազոտության` շատ հայեր իրենց որպես թուրք ընկալելով` առհասարակ չեն շփվում հայկական մշակույթի հետ, չեն կիրառում հայերենը: Նշվում է, որ շատերը արտահայտվել են, թե իրենք իրենց թուրք են զգում, և հայությունն իրենց մեջ գրեթե չի պահպանվել: Չենք բացառում, որ կգտնվի նաև նման մի խումբ, սակայն միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ դա  զանգվածային  բնույթ չի կրում և գալով հետազոտության մեջ արված «բացի կրոնից մենք թուրք ենք» արտահայտությանը` պետք է նշել, որ դա արդեն բավական է ազգային և կրոնական գիտակցության և ինքնության թեկուզև որոշակի պահպանման համար[18]: Հայ համայնքը բաղկացած է ազգային ինքնագիտակցության տարբեր մակարդակում գտնվող անդամներից, որոնց մեջ կա մի խումբ, որի անդամակցությունը համայնքին զուտ ձևական բնույթ է կրում: Սրա հետ մեկտեղ գոյություն ունեն այնպիսի անհատներ, որոնք իսկապես դեռևս պահպանում են ազգային ինքնագիտակցությունը[19]:

Խոսելով ազգային և կրոնական ինքնագիտակցության մասին` կցանկանայինք այս հարցում կարևորել հայ եկեղեցու և պատրիարքարանի դերն ու նշանակությունը: Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմության ընթացքում եկեղեցին համախմբող նշանակություն է ունեցել: Յուրաքանչյուր երկրում հայերը համայնք են ստեղծել Առաքելական եկեղեցու շուրջ: Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայությունը նման հնարավորություն է ստացել  1461թ., երբ սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի (1451- 1481թթ.)  հրամանագրով Կ.Պոլսում հիմնվել է հայոց պատրիարքությունը: Նշենք, որ միևնույն ժամանակ պատրիարքարաններ են ստեղծվել նաև հույների և հրեաների համար, որն արվել է հպատակ ժողովուրդների պատրիարքների միջոցով այդ համայնքները հնազանդ և օտար ազդեցությունից հեռու պահելու համար[20]:

Կ. Պոլսի առաջին պատրիարք է նշանակվել Բուրսայի Հովակիմ եպիսկոպոսը, որի աթոռանիստը Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին էր: 1641թ. պատրիարքարանը տեղափոխվում է Գումգափուի Ս. Աստվածածին մայր եկեղեցին: Համայնքների պատրիարքները նշանակվում էին սուլթանական կառավարության կողմից` հատուկ հրամանագրով: Այդ հրամանագրերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր նոր պատրիարք սուլթանական գանձարանին է նվիրել 100 հազ. աքչե: Այնուհետև արդեն նշանակված պատրիարքը հավաքել է ևս 100-140 հազ. աքչե և հանձնել սուլթանին: Այս հանգամանքը փաստում է, որ սուլթանները հաճախ փոխել են պատրիարքներին, որպեսզի ամեն մի նորընտիր պատրիարքից կորզեին այդ գումարը: Ավելին, ժամանակի ընթացքում սուլթանները բարձրացրել են պատրիարքի կողմից վճարվող գումարի չափը[21]: Պատրիարքները ենթարկվել են անմիջապես սուլթանին և մեծ վեզիրին: Նրանք ունեցել են աշխարհիկ և հոգևոր մասնակի իրավունքներ, տնօրինել են հայության կրթական, մշակութային գործերը: Չնայած այդ իրավունքներին,  պետք է նշել, որ հալածանքներից զերծ չեն մնացել նաև պատրիարքարանը և նրան պատկանող եկեղեցիները: 16-րդ դարի սուլթանական հրովարտակներից երևում է, որ սուլթան Սելիմ I-ի օրոք Կ.Պոլսում եկեղեցիները ստուգման են ենթարկվել, և շատերը քանդվել են: Հետագա տարիներին շարունակել են քանդել կամ մզկիթների վերածել քրիստոնյաներին պատկանող եկեղեցիները: Այդ մասին բազմաթիվ վկայություններ կան թե’ հայկական, թե’ թուրքական աղբյուրներում: 1662թ. սուլթան Մեհմեդ IV-ը հրամայել է քանդել Կ.Պոլսի բոլոր այն եկեղեցիները, որոնք սկսել էին վերանորոգել 1660թ. մեծ հրդեհից հետո[22]:

Արդեն 17-րդ դարից պատրիարքության իշխանությունը տարածվել է Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ շրջանների վրա: Ներկայումս Կ.Պոլսի հայոց պատրիարքն ընտրվում է համայնքների ներկայացուցիչների ժողովում: 1461թ. ի վեր պատրիարքական աթոռը զբաղեցրել է  84 պատրիարք: Նրանցից Մատթեոս Բ, Գևորգ Բ, Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան Հայրիկ, Մատթեոս Գ պատրիարքներն ընտրվել են Ամենայն հայոց կաթողիկոս: Ներսես Վարժապետյանը, Մաղաքիա Օրմանյանը, Եղիշե Դուրյանը մեծ դեր են խաղացել հայերի հասարակական, մշակութային, հոգևոր կյանքում: Արևմտահայությունը մեծ զարթոնք է ապրել Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի, Հակոբ Նալյան, Զաքարիա Փոքուզյան Կաղզվանցի պատրիարքների օրոք: Բացվել են դպրոցներ, մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, թարգմանվել և հրատարակվել են բազմաթիվ գրքեր: Պատրիարքարանի համար նախապես ազգային ավանդներով կրթված հոգևորականներ են պատրաստել Արմաշ և Ս. Խաչ դպրեվանքերը: Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի գործունեությունն առավել կանոնակարգվել է 1863թ. Ազգային սահմանադրության հռչակումից հետո: Ցեղասպանությունից հետո պատրիարքարանը կորցրել է իր նախկին իրավունքներն ու դերը: Այժմ այն Թուրքիայում հայկական համայնքի հոգևոր ներկայացուցիչն է: Պատրիարքն իր իրավասություններից բխող գործողություններն իրականացնում է կրոնական ժողովի միջոցով, որը բաղկացած է 5 հոգևորականից, 2 ատենապետից և 2 ատենադպիրից: Համաձայն 1961թ. Նախարարների խորհրդի ընդունած որոշման` պատրիարքական ընտրություններին իր թեկնածությունը կարող է դնել 35 տարին լրացած, եպիսկոպոսի հոգևորական կոչմանն արժանացած Թուրքիայի քաղաքացին, որը պետք է ծառայած լինի թուրքական բանակում: Պատրիարքն ընտրվում է ցմահ: Այսօր Կ.Պոլսի հայոց պատրիարքն է Մեսրոպ Մութաֆյանը (1998թ.), որը, սակայն, ծանր հիվանդության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այդ իսկ պատճառով պատրիարքարանի ղեկավարումն անցել է հոգևոր խորհրդին, որի նախագահն է  Արամ Աթեշյանը[23]:

Խոսելով այսօրվա իրավիճակի մասին` կարծում ենք, որ , այնուամենայնիվ, որոշակի տեղաշարժեր կատարվել են: Հասարակության մեջ ստեղծվել է մի խումբ, որը պետական գաղափարախոսությունը շրջանցելու փորձեր է կատարում: Սակայն նման բազմամիլիոնանոց պետությունում այդ խումբը դեռևս շատ փոքր թիվ է  և չի կարող էական հաջողություններ գրանցել: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան տիպիկ իսլամական պետություն է, որտեղ իսլամի դերն ու նշանակությունը, չնայած աշխարհիկության բոլոր հայտարարություններին, չպետք է թերագնահատել: Ընդհանրապես փորձը ցույց է տվել, որ այս հարցում պետության այսպես կոչված պայքարը հետադիմական և պահպանողական ուժերի դեմ զուտ ձևական բնույթ է կրում: Պետությունը միշտ էլ դիմել է այդ նույն ուժերի օգնությանն անցանկալի տարրերից ազատվելու համար: Թուրքիայի պատմության ամբողջ ընթացքում փոքրամասնությունների հանդեպ իրականացրած  գործընթացը ոչ միայն  պետական քաղաքականություն է եղել, այլև  ողջ հասարակության տրամադրվածության և անհանդուրժողականության դրսևորում, որի  հետևանքով առանց մեծ տերությունների համար որևէ բացատրություն կամ մեկնաբանություն փնտրելու, պարզապես ներքին խթանիչների շնորհիվ, հենց հասարակության միջոցով կառավարողների  համար հեշտացել է իր վաղեմի ծրագրերի իրականացումը: Կարծում ենք, ինչպես թուրքական քաղաքականության, այնպես էլ վերջնական ցանկալի նպատակի  բնութագիրը լավագույնս տվել է  նախագահ Ջ.Բայարը ԱՄՆ-ում 1954թ. տրված մի հարցազրույցում: Թուրքիայում կրոնական և ազգային փոքրամասնությունների կարգավիճակին վերաբերող հարցին վերջինս պատասխանել է, որ իրենց երկրում փոքրամասնություններ չկան, և որ իր երկրում  բոլորը թուրքեր են[24]:

ԵՄ-ն Թուրքիայից պահանջում է երկրում բավարարել ազգային և կրոնական փոքրամասնությունների կարգավիճակը, թույլ տալ նրանց օգտվել սահմանադրական իրավունքներից: Թե Թուրքիան ե±րբ կբարելավի փոքրամասնությունների կարգավիճակը, դժվար է ասել, սակայն քանի դեռ շարունակվում են ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, նա չի կարող մերժել վերոհիշյալ պահանջները:Սա նշանակում է, որ բանակցությունները յուրատեսակ զսպաշապիկի դեր են կատարելու Թուրքիայի համար գոնե պետական քաղաքականության համատեքստում:



[1] Տե’ս Ա. Շաքարյան, «Արյան հարկը>> Օսմանյան կայսրությունում, Դեվշիրմե, Երևան ,2006թ., էջ 124-125:

[2] Տե’ս Ա. Փափազյան, Թուրքական վավերագրերը Հայաստանի և հայերի մասին, Երևան, 1999թ., էջ 67:

[3] Տե’ս  Հայ սփյուռքի հանրագիտարան, էջ 177:

[4] Մանրամասն տե’ս  Յ.Ճ. Սիրունի, Պոլիս և իր դերը, Բեյրութ, 1965թ., հ.2:

[5] Տե’ս Կ. Գ. Գրիգորյան, Պայքար կաթոլիկ ներթափանցման դեմ Արևմտյան Հայաստանում (XIX դար, 30-70-ական թթ.), Երևան, 2004, էջ 22:

[6] Տե’ս Ա. Փափազյան, Թուրքական վավերագրերը Հայաստանի և հայերի մասին, Երևան, 1999թ., էջ 73:

[7] Տե’ս Հ. Հ. Մարտիրոսյան, Կիլիկիայի 1909թ. ապրիլի հայկական կոտորածը և երիտասարդ թուրքերի պատասխանատվության հարցը, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ, հ. 5, էջ 297:

[8] Տե’ս С. С. Аванесов, Положение национальных меньшинств в Турции, Ереван, 1963, стр 31.

[9] Տե’ս  նույն տեղում, էջ 110-113:

[10] Տե’ս Ռ. Մելքոնյան, Թուրքական նախահիմքերը: http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1497

[11] Տե’ս Ռ. Մելքոնյան, «Ունեցվածքի հարկը» կամ տնտեսության «թուրքացման» քաղաքականությունը հանրապետական Թուրքիայում, «Օսմանագիտական և թյուրքագիտական հետազոտություններ» մատենաշար, հատոր 5, Երևան ,2008թ., էջ 114-120:

[12] Տե’ս Tessa Hofmann, Armenians in Turkey today, Belgium 2002, p. 16

[13] Տե’ս նույն տեղում, էջ 16-17:

[14] Տե’ս Hrant Dink, Turkiye Ermenilerinin nufus hali, Tarih ve toplum, ekim 2000, sayi 202:

[15] Տե’ս Հայ սփյուռքի հանրագիտարան, էջ 199-200:

[16] Տե’ս BIA haber merkezi, 05.12.2007,  1936 beyannamesiyle ermeni cemaatine ait 30dan fazla mala el kondu, http://bianet.org/bianet/bianet/103374-1936-beyannamesiyle-ermeni-cemaatine-ait-30dan-fazla-mala-el-kondu

[17] Տե’ս Report by Thomas Hammarberg commissioner for Human Rights of the Council of Europe, Strasbourg, 1 October 2009:

[18] Տե’ս Istanbul Bilgi Universitesi arastirmasi:

[19] Տե’ս Ռ. Մելքոնյան, Պոլսահայ համայնքի արդի խնդիրների մասին, Հանրապետական,2010թ.:

[20] Նշենք, որ մինչ այդ` 5-6-րդ դարերում, դեռևս բյուզանդական տիրապետության շրջանում, հայերը Կ.Պոլսում ունեցել են Ս. Սարգիս եկեղեցի և նրա շուրջ համախմբված համայնք:

[21] Տե’ս Ա. Փափազյան, Թուրքական վավերագրերը Հայաստանի և հայերի մասին, Երևան, 1999թ., էջ 37:

[22] Տե’ս նույն տեղում, էջ 34-39:

[23] Տե’ս Հայ սփյուռքի հանրագիտարան, էջ 183-185:

[24] Տե’ս С. С. Аванесов, Положение национальных меньшинств в Турции, Ереван 1963, стр. 119

Add comment


Security code
Refresh