Հովհաննես Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու: 2006թ. ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան: 2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգչական շարժումը 1901-1906 թթ. (կրոնագիտական վերլուծություն)» թեմայով: Հեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածների: 2003 թ. ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է
Պատմության որևէ շրջափուլում սոցիալական որևէ խմբի կամ կառույցի համակարգում ձեռնարկված արմատական նորարարությունը կամ տեսական ու գործնական համահարթեցումը օբյեկտիվորեն առաջ է բերել գաղափարական հակառակորդների կամ մոլեռանդ թշնամիների, որոնք շահերի դիվերսիֆիկացման արդյունքում գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձել են իրենց վերաբերմունքը դրսևորել տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:
Տեղեկատվական քաղաքակրթության օրեցօր հզորացող մամլիչի ներքո ազգային խնդիրն ինքնության պահպանության համատեքստում օրակարգային նշանակություն է ձեռք բերում: Հետաքրքիր են հատկապես ուսումնասիրություններն ինքնության պահպանությանը նպաստող գործոնների դասակարգման տեսանկյունից, որտեղ հայ տեսակի մասին խոսելիս , անշուշտ , նշվում են կրոնի դերի մասին պատկերացումները: Այս առումով չենք ցանկանում քննարկել, թե հայ հանրույթի համար կրոնի ո±ր ձևն առավել նպաստավոր կլիներ տեսակի պահպանության հարցը լուծելու համար: Կարծում ենք` խնդիրը տվյալ պարագայում առավել սուբյեկտիվ է` կապված ելակետերի նպատակային ընտրության հարցի հետ:
Ասածս առավել հիմնավոր ներկայացնելու համար անդրադառնամ հայկական մի փոքր կրոնական խմբի, որի գոյության մասին որոշ հատվածական ուսումնասիրություններ կատարվել են միայն Միացյալ Նահանգներում: Խոսքը հայ մոլոկանների մասին է:
17-18-րդ դարերում ռուս հասարակական կյանքում ի հայտ եկած սոցիալ-քաղաքական հակասությունները հանգեցրին ռուսական ուղղափառությունից ևս մեկ կրոնական խմբի անջատմանը, որը պատմությանը հայտնի դարձավ հոգևոր քրիստոնյաներ անվամբ: Այս պառակտումը կրոնական ձևում բողոք էր իշխող ֆեոդալական և եկեղեցական կարգերի նկատմամբ: Ուղղափառ հավատքը հռչակելով ավտորիտար` նրանք առաջ քաշեցին մաքուր հավատքի դավանանք` հոգով և ճշմարտությամբ: Հոգևոր քրիստոնյաներին յուրահատուկ էին եկեղեցու ու եկեղեցական նվիրապետության, ուղղափառ դոգմաների, խորհուրդների, սրբապատկերների, սրբերի մերժումը, ինչպես նաև Սուրբ Հոգու բնակեցումը հասարակ մարդկանց մեջ, հոգևոր մկրտությունը և այլն: Հոգևոր քրիստոնյաները հոգևոր հռչակեցին ողջ շրջապատող աշխարհը, դատապարտեցին ճոխությունը և խրախուսեցին ասկետիկ կյանքը:
Հոգևոր քրիստոնյաների տարատեսակներից են հոգեմարտները (Духоборы) , որոնց անվանումն առաջացել է 18-րդ դարում «Հոգու և ճշմարտության համար մարտնչելու» նրանց գաղափարախոսական հիմնադրույթից: Հոգեմարտները մերժում էին Աստվածաշունչը` որպես հոգևոր գիրք ընդունելով «Կենդանի գիրքը» կամ «Կյանքի գիրքը», որը երգերի մի ժողովածու էր: Նրանք Քրիստոսին ընդունում էին որպես սովորական մարդու, որի մեջ առանձնակի ուժով միահյուսված էին աստվածային ոգին և միտքը: Միաժամանակ նրանք աստվածացնում էին իրենց համայնքի ղեկավարներին` համարելով, որ նրանց մեջ է բնակվում Քրիստոսի հոգին: Հավատում էին հոգու անմահությանը, դրախտն ու դժոխքը համարում բարի և չար գործերի խորհրդանշական արտահայտությունը և այլն:
18-19-րդ դարերում կրոնական խմբավորումը ենթարկվեց բազմաթիվ հալածանքների, որի պատճառով շատերը բռնագաղթեցին Տավրիկական նահանգ, այնտեղից էլ Անդրկովկաս: Հոգևոր քրիստոնյաները մեծ մասամբ ապրում են Ռուսաստանում, սակայն որոշ մասը բնակվում է Կանադայում, Ուկրաինայում, Հարավային Կովկասում և այլուր: 1991 թ. Ռոստովի մարզի Ցելինա քաղաքում տեղի ունեցավ նրանց միավորիչ հավաքը, որից հետո նրանց նորաստեղծ կազմակերպությունը կոչվեց «Ռուսաստանի հոգեմարտների միություն»:
XVIII դ. Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցիկ անջատողական հոսանքներից մեկն էլ մոլոկաններն էին: Մոլոկանների հոսանքը ձևավորվել է XVIII դ. 60-ական թվականներին` անջատվելով հոգևոր քրիստոնյաների (դուխոբորների) համայնքից:
Առաջին հայացքից թվում է, թե Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված, ռուսական էթնիկ տարրին բնորոշ մոլոկանություն կոչվող հոսանքը որևէ ընդհանրություն չի կարող ունենալ հայ ինքնության հիմնախնդիրների քննարկման համատեքստում: Սակայն փաստերն ապացուցում են ճիշտ հակառակը:
Ցարական կայսրության կրոնական քաղաքականության հետևանքով 1800-ականների սկզբից մոլոկանները վերաբնակվեցին Կովկասում` կայսրության հարավային սահմանի երկայնքով հիմք դնելով ռուսական գաղթօջախների: Նույն շրջանում էլ նրանցից շատերը բնակություն հաստատեցին Կարսի մարզում: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո ցարական իշխանությունը Կարսի մարզում ստվարացրեց ռուսական տարբեր կրոնական խմբերի ներկայությունը, որոնցից էին հատկապես մոլոկանները, դուխոբորները, շաբաթականները (սուբոտնիկի), մենոնիտները, լյութերականները, բապտիստները և այլն:
1900-ականներին (հատկապես 1905-1912 թթ. ընկած շրջանում) մոտ 3000 մոլոկաններ և Կովկասում նրանց միացած այլ հայեր զինվորական ծառայությունից խուսափելու և աշխատանք գտնելու հույսով արտագաղթեցին ԱՄՆ: Լոս Անջելեսի արևելյան կողմում գտնվող Ֆլեթս թաղամասում, այլ մոլոկանների գյուղերի մոտակայքում նրանք հիմնադրեցին հայ-մոլոկանական եկեղեցին` պահպանելով հայ ինքնությունը բնորոշող լեզվամշակութային տարրերը և մոլոկանության ծիսապաշտամունքը: Համայնքի անդամները հաճախ իրենց հավաքները կազմակերպում են հայ մոլոկաններից որևէ մեկի տանը, որն ընդունված սովորություն է մոլոկանության մեջ:
1926 թ. Կարսում և Արդահանում մնացած մոլոկաններից շատերին Ռոստովի Սալսկի տափաստան կոչվող վայրում ազատ հողատարածք առաջարկվեց ռուսական իշխանությունների կողմից, որի հետևանքով էլ բոլոր ռուս դուխոբորները և մոլոկանների 90 տոկոսն արտագաղթեցին Ռուսաստան: Ռոստովի շրջանում մոլոկանները և դուխոբորները վերաբնակեցվեցին մոտ 34 գյուղերում, որոնցից շատերն անվանվեցին իրենց թողած բնակավայրերի անունով: Ներկայումս այնտեղ ապրում են մոտ հազար մոլոկաններ:
1930-ականներին Թուրքիայում սկսված ազգայնական շարժումը թուրքական անուններ պարտադրեց բոլոր երեք հիմնական մոլոկանների գյուղերին` դրանք անվանելով Յալինչաիր, Աթչիլար և Չալկավուր: Ռուսական իշխանությունները, իրենց հերթին շարունակելով ցարիզմի ժամանակ արտաքսված ռուսներին ներգաղթեցնելու ծրագիրը, 1962 թ. Թուրքիայում մնացած մոլոկաններին շահագրգռելով հայրենիքում տներով ապահովելու ծրագրով, նրանց մեծ մասին բնակեցրին Ստավրոպոլի շրջանում և աշխատանքով ապահովեցին կոլտնտեսություններում:
Այնուամենայնիվ, արդեն իսկ փաստ է, որ հայ մոլոկաններ եղել են ու գոյություն ունեն, և նրանցից շատերն ապրել են Կարսի շրջանի Կարա-կալա (նշանակում է «Սև ամրոց») գյուղում: Հետաքրքրական է, որ նրանց պատմական հիշողությունը թարմ է մնացել մինչ օրս, քանզի նույնիսկ Լոս Անջելեսում բնակվելուց հետո նրանք իրենց բնակավայրը կոչում էին Կարա-կալա կամ Կրիկ-կալա: Հստակ տեղեկություններ չունենք, թե երբ են հայերը բնակվել Կարա-կալայում, կամ թե երբ են ռուսներն իրենց ռազմական հենակետը կառուցել այս գյուղում, կամ թե այն արդյոք կառուցվել է նոր վայրում, թե նախկինում բնակեցված է եղել: Ամենահավաստի տեղեկատվությունը տվել է Սիրական Կալոյանը իր «Շիրակի հայերի ներգաղթն ԱՄՆ» գրքում: Նա գրում է, որ Կարա-կալան 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հիմնադրված արդիական գյուղ է, գեղեցիկ շինություններով և լայն փողոցներով: Նախքան Կարա-կալա տեղափոխվելը հայերը բնակվել են Գեզեաչխլարում (առավել հստակ արտասանությունը և տեղադրությունը հայտնի չէ) և իրենց բողոքական հավատքի համար պարբերաբար հալածանքների են ենթարկվել համագյուղացիների կողմից: Այս մասին հետաքրքիր ավանդություն է գրի առել Մ. Մուշեղյանը քահանա Փերումյանի պատմածներից` նշելով, որ այս գյուղի խուլիգանները հետապնդում, վիրավորում և հայհոյում էին բողոքականներին, պղծում նրանց դիակները` նորաթաղներին հանելով և ծառերից կախելով: Այդ պատճառով նրանք բողոք-նամակով դիմում են Նիկոլայ II-ին, որն էլ առաջարկում է նրանց տեղափոխվել ռուսական ռազմական հենակետի տարածք: Հարցի այդպիսի լուծման շնորհիվ էլ բողոքականները բնակություն են հաստատում Կարա-կալայում: Պահպանվել է բավական հեռվից արված մի լուսանկար, որտեղ գյուղացիները սև և սպիտակ շորերով կանգնած են իրենց բարաքների առջև: Տեսակետ կա, որ սպիտակ հագուստով մարդիկ հայ մոլոկաններն են, իսկ սև հագուստովը` այլազգի մոլոկանները: Այս լուսանկարն այսօր այն հիմքերից մեկն է, որով գաղթած մոլոկանների սերունդները Թուրքիա կատարած այցելության ընթացքում ցանկանում են ճշգրտել գյուղի տեղանքը: Բանն այն է, որ գյուղի տեղանքը բլրապատ է, և այդ բլուրներն էլ այսօր հիմնական կողմնորոշիչն են , քանի որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գյուղում մնացած բնակչությունը վտարվեց, իսկ գյուղն էլ ամբողջությամբ հավասարեցվեց հողին:
Չնայած սրան` շրջակայքում բնակվող գյուղացիներն այսօր էլ հիշում են, որ տվյալ տարածքում ոչ վաղ անցյալում գոյություն են ունեցել ռուսական ռազմական հենակետ և գյուղ: Կարա-կալայի մասին հիշատակություն է պահպանվել, թե ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից երկու տարի անց Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, և գյուղը մեկընդմիշտ ջնջվեց երկրի երեսից: Ջոն Բերկոֆը գրում է, որ 1917 թ. թուրքական բանակը հայկական տարածքներով անցնելիս անպատմելի դաժան արարքներ կատարեց հայերի նկատմամբ, ներառյալ` Կարա-Կալայի հայ բնակչության:
Հայտնի է նաև, որ 20-րդ դարասկզբի մի ձմռան Կարսի մարզի հայ մեծամեծները հավաք էին կազմակերպել Նովո-Միխայլովկա գյուղում, որտեղ ներկա են եղել տասը համայնքների ներկայացուցիչներ, ներառյալ` Կարա-կալա գյուղի հայ համայնքը` ի դեմս ռուս մոլոկան համայնքներում մեծ հեղինակություն վայելող հայազգի Արզուման Իվանիչ Օհանեսյանի: Պատմում են , որ Կարսի մարզում ապրող հայ և ռուս մոլոկանները որոշել են մեծ վրան կանգնեցնել և եռօրյա ծոմից հետո միասին նշել Ս. Զատիկի արարողությունը` ամրացնելով ներքին միասնությունը և հետևելով Ս. Հոգու կողմից տրվող պատգամներին:
Այս առումով հետաքրքրական են հայ մոլոկանների սերունդներից Ջոյս Քեոսաբաբյան-Բիվինի` Թուրքիայում կատարված ուսումնասիրությունները, ըստ որոնց` իր գերդաստանի արմատները փնտրելիս, նա պարզել է, որ Կարսը Թուրքիային հանձնելուց հետո հայ մոլոկանների որոշ մասը ինքնապահպանության մղումով թուրքացրել է իր ազգանունը: Վերջին մոլոկանները, ըստ նրա, Կարսի մարզը լքել են 1962-64 թթ.:
Կարա-կալայի հետ կապված տեղեկությունների համար պարտական ենք Ջ. Քեոսաբաբյան-Բիվինին, որը մի քանի անգամ այցելել է Կարսի մարզ և բանավոր ավանդազրույցներից պարզել, որ այն հայկական բողոքական գյուղ է, որտեղ բնակվել են հայ մոլոկաններ և հայ բողոքականներ: Նրա պապ Զոհրաբ Քեոսաբաբյանը ունեցել է Հովհաննես անունով եղբայր ու Աննա անունով քույր,որն ամուսնացել է Վասիլ Արտյոմովիչ անունով ռուս մոլոկանի հետ: Հետագայում Զոհրաբը և Հովհաննեսը տեղափոխվում են ԱՄՆ, որտեղից նամակագրական կապ են պահպանել իրենց հոր` Հակոբի և երեխաների` Ալեքսի, Վասիլի, Մանյայի, Կատյայի, Ուլջաշայի և Իվանի հետ: Նամակներից պարզ է դառնում, որ Հակոբ Քեոսաբաբյանն ապրել է Կարա-կալայում, հետագայում` Վորոնցովկայում, Դուբովկայում և Չակմաքում (հետագայում` թուրք. Չալկավուր): ԱՄՆ ուղարկված նամակների վրա Մանյան հետադարձ հասցեում նշել է Դագալա ազգանունը: Դա բացատրվում է նրանով, որ ռուսական իշխանության շրջանում նամակները չէին ուղարկվում Կարսի գյուղեր, այլ միայն` շրջկենտրոն, որի պատճառով էլ նշվել է Կարսում ապրող որևէ բարեկամ կամ ծանոթ ընտանիքի հասցեն:
Ջոյս Քեոսաբաբյանը որոշել է նշված հասցեով նամակ ուղարկել և զարմանալի է, որ նրան հաջողվել է նամակագրական կապ հաստատել իր հորաքույր Աննայի թոռ Տատյանայի որդու հետ: Նա գրում է, թե իրենք մինչև օրս ապրում են նույն գյուղում (ենթադրաբար դա Վորոնցովկան է), որը թուրքերենով կոչվում է Ինցեսու: Այցելելով Կարս և Ինցեսու` Ջոյսը հանդիպել է այրի Տատյանային ու նրա ընտանիքին, որն իսլամ էր ընդունել թուրքի հետ ամուսնանալու համար: Պարզվել է, որ Տատյանան կապ է պահպանում իր եղբայրների և քույրերի հետ, որոնք ապրում են Թբիլիսիում, Մոսկվայում, Անկարայում և Ստավրոպոլում:
Այս ամենից բացի, Կարա-կալայի հետ կապված են նաև մի շարք հետաքրքիր ավանդազրույցներ: Ըստ դրանցից մեկի` 1855 թ. տասնմեկամյա մի երեխա տեսիլք է ունենում, որ թուրքերը կազմակերպելու են հայերի կոտորածներ, և դրանից խույս տալու համար հայերը պետք է արտագաղթեն այդ տարածքից: Հետագայում այդ մարգարեությունը կրկնվում է 1900 թ., որից հետո հայ և ռուս մոլոկաններն արտագաղթում են Կարսի մարզից: «Մարգարե» տղայի անունը Դեմոս Շաքարյան էր, որի ընտանիքն սկզբնական շրջանում բնակություն է հաստատում Նյու Յորքում, հետո` Լոս Անջելեսում: Այստեղ էլ Շաքարյան ընտանիքն ԱՄՆ-ում հայ մոլոկանների մեջ դառնում է ամենահայտնին` իր կուտակած ֆինանսական կարողությունների և համախմբող դերի շնորհիվ: Ահա թուրքական ջարդերից խուսափելու այսպիսի մարգարեական դիպվածով են հայ մոլոկաններից շատերը բացատրում իրենց արտագաղթը Կարա-կալայից, չնայած որ մինչ օրս նրանք պախարակվում են հայերին սպառնացող վտանգից խույս տալու, մյուսներին չզգուշացնելու և հայրենակիցներին դավաճանելու համար:
Հայ մոլոկաններից ամենահայտնի դարձած Շաքարյան ընտանիքը ձեռք բերեց մի փոքրիկ կաթնագործական ֆերմա Կալիֆոռնիայի Դաունեյ բնակավայրում, որտեղ էլ Դեմոս Շաքարյանը գրեց «Երկրի ամենաերջանիկ մարդիկ» գիրքը (համահեղինակությամբ Ջոն և Ելիզաբեթ Շերիլների) և ստեղծեց կրոնական կազմակերպություն Full Gospel Business Men’s Fellowship International անվամբ: Դեմոսի ընտանիքը բաժանվեց սկզբնական հայ-մոլոկանական եկեղեցուց և Լոս Անջելեսի արևելյան կողմից տեղափոխվեց Լա Հաբրա բարձունքները: Շաքարյան ընտանիքը կարողացավ խույս տալ մոլոկաննների մեջ բավական հայտնի Եֆիմ Կլուբնիկինի և Կարա-կալա հաճախ այցելող մոլոկանների քարոզներից: Դեմոս Շաքարյանի հիմնած կազմակերպությունը այսօր գործառնում է մոտ 150 երկրներում: Փոքրիկ մատուռներում, եկեղեցիներում մարդիկ հավաքվում են, ընթրում կամ ճաշում միասին և անձնապես շփվում միմյանց հետ: Կազմակերպության հիմքում ընկած էր Դեմոսին եկած տեսիլքը, համաձայն որի` Աստված պատվիրել է նրան ստեղծել կազմակերպություն, որտեղ մարդկանց հնարավորություն կտրվի հոգևոր շփման մեջ լինել իրար հետ:
Մեր ունեցած տեղեկություններով` Լոս Անջելես արտագաղթած մոլոկաններից շատերը վերջին մի քանի տասնամյակում տեղափոխվել են Ավստրալիա, որտեղ նրանց են միացել Հայաստանից արտագաղթած այլ մոլոկաններ: Մոտ 50-60 ռուս և հայ մոլոկան ընտանիքներ ապրում են հիմնականում Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում, որտեղ հիմնել են իրենց պաշտամունքային տունը, պահպանում են մոլոկանության ծիսապաշտամունքն ու դավանաբանությունը և հիմնականում պատկանում են պրիգուններ ու մաքսիմիստներ ճյուղերին:
Ինչպես արդեն նշել ենք, առաջին մոլոկանները հաստատվեցին Լոս Անջելեսի Ֆլեթս թաղամասում: Մինչև աղոթատուն ձեռք բերելը մոլոկան մյուս համայնքների նման նրանք ծեսը իրենց տներում էին անցկացնում: Անա անունով արագընթաց մայրուղու կառուցման ժամանակ քանդվեց հայ մոլոկանների եկեղեցին, որը պատճառ դարձավ շատ ընտանիքների տեղափոխման և փոխադարձ կապերի խզման: Երկրորդ հայ մոլոկանական եկեղեցին տեղակայված է Լոս Անջելեսի արևելյան կողմում` Գուդրիչ փողոցում: 1970-ական թթ. հայ մոլոկանները լյութերականներից գնեցին իրենց երրորդ աղոթատունը Լա Հեբրա փողոցում` առանց արտաքին փոփոխություններ կատարելու:
Սակայն պետք է նշել, որ մոլոկան հայերի կրոնական տրանսֆորմացիան դեռևս շարունակվում է: Լոս Անջելեսի Ասուզա փողոցում գտնվող նրանց հավաքատեղիի հայ պրիգուն մոլոկանները փոխել են իրենց ինքնությունը` դառնալով հայ պենտեկոստալներ կամ հիսունականներ: Չնայած իրենց պաշտամունքում նրանք պահպանում են մոլոկանությունից մնացած հիմնական ծիսապաշտամունքային տարրերը (հիմնական տոները և սննդի հետ կապված կանոնները), այնուամենայնիվ, աստվածաբանության մեջ Մ. Ռուդոմյոտկինի գաղափարների շեշտադրումից անցում է կատարվել հիսունականության վարդապետական սկզբունքներին: Այս մետամորֆոզը բացատրելի է նաև նրանով, որ ծիսապաշտամունքային հարցերում թռչկոտելիս Ս. Հոգով լցվելու` պրիգունների հավատամքը սերտ առնչություններ կարող է ունենալ պենտեկոստալ եկեղեցու հիմնական ծեսի և տարբերակիչ առանձնահատկության` լեզուներով խոսելու (գլոսոլալիա) երևույթի հետ, որն էլ, ի դեպ, նոր եզրակացությունների տեղիք է տվել, որոնց կանդրադառնանք ստորև:
Հայտնի է, որ հոգեգալստական եկեղեցին հիմնվել և իր գործունեությունը ծավալել է 20-րդ դարասկզբից սկսած: Հաշվի առնելով այն փաստը, որ լեզուներով խոսելու էքստատիկ ծեսը և դրա հետ կապված պաշտամունքային համակարգը բնորոշ են թե՛ պենտեկոստալներին և թե՛ մոլոկան պրիգուններին, վերջիններիցս շատերը փորձում էին «հիմնավորել», որ գլոսոլալիան Ամերիկայի Միացյալ Նահանգներ է ներթափանցել մոլոկան համայնքի կողմից: 1998 թ. սեպտեմբերի 22-ին «Ամառ» կոչվող շաբաթաթերթում (Հատ. XVII, թիվ 3, էջ 9) Ջորջ Սամարինը գրում է. §Ես մոլոկան եմ: Առաջին մոլոկանները Լոս Անջելես են ժամանել Էլիս կղզուց 1904 թ: Մենք դարեր շարունակ տեսանելի կերպով ցույց ենք տվել Սուրբ Հոգու գործողությունը մեր մեջ և խոսել լեզուներով ու բժշկել մարդկանց: Ուստի, ինչպես է հնարավոր 1906 թ. լինել առաջինը, որ խոսում է լեզուներով Լոս Անջելեսում»: Այս հոդվածն ուղղված էր պենտեկոստալ եկեղեցու ¥հիմնվել է 1906 թ. Ասուզա փողոցի 312 հասցեում) ներկայացուցիչներին: Այս եկեղեցին գործել է երեք տարի, որի ընթացքում բազմաթիվ մարդիկ, ներառյալ` մոլոկանները, մկրտվեցին Ս. Հոգու շնորհներով: Ջոն Բերկոֆի «Մոլոկանները Ամերիկայում» գրքում (էջ 101-102) նկարագրվում է, թե ինչպես հայտնի մոլոկան քարոզիչ Ֆիլիպ Միխայիլովիչ Շուբինի 27 տարվա քարոզախոսության և իր մեծ հեղինակության շնորհիվ կարողացան որոշակիորեն կանխարգելել մոլոկանների հավատափոխությունը: Ռուսական գրականության և մոլոկանների ներգաղթի պատմության հրաշալի իմացությունը օգնում էր նրան ակտիվ կրթալուսավորչական գործունեություն ծավալել ընդդեմ բապտիստների, պենտեկոստալների և այլ բողոքական հարանվանությունների ոտնձգությունների: 1930-ական թթ. ձախողվեցին մոլոկաններին ռուս ուղղափառությանը կոնվերտացնելու փորձերը:
ԱՄՆ-ում մոլոկանների կյանքի մասին կարևոր տեղեկություններ է տալիս Ասուզա փողոցում գտնվող եկեղեցու թերթը` «Առաքելական հավատքը»: Այն թողարկվում էր 1906թ. սեպտեմբերից 50000 տպաքանակով, այն դեպքում, երբ Լոս Անջելեսի բնակչությունը ընդամենը 250000 էր: Առաջին իսկ համարում հաղորդվում էր այն մասին, որ «Առաքելական հավատքի միսիոներության» անդամները խոսել են Ֆլեթսում ապրող մոլոկան եկեղեցու անդամների հետ և նրանց հրավիրել իրենց եկեղեցի: 1907 թ. ապրիլին «Առաքելական հավատքը» (թիվ 7) գրում է Ֆլեթսում բնակվող հայ և ռուս մոլոկանների մասին. «Լոս Անջելեսում ապրող ռուսները և հայերը մկրտություն են փնտրում: Հայերը հանդիպումների համար պենտեկոստալ տուն ունեն Վիկտոր փողոցում: Նրանցից ոմանք մկրտվել են Սուրբ Հոգով»:
Կարծում ենք` Ս. Հոգով մկրտվելու և լեզուներով խոսելու մեջ առաջինը լինելու համար մղվող պայքարը ինքնության պահպանության նպատակ էր հետապնդում, քանի որ իրենց թերթի միջոցով պենտեկոստալիստները փորձում էին համոզել մոլոկաններին իրենց նույնությունը և , դրանով հանդերձ, նրանց ներգրավել իրենց համայնքում[2]: Օբյեկտիվության սկզբունքներից ելնելով` պետք է նշենք, որ լեզուներով խոսելու երևույթը ԱՄՆ-ում առկա էր մինչ մոլոկանների ժամանումը: Դեռևս 1896 թ. Հյուսիսային Կարոլինայում և 1901 թ. Կանզասում արձանագրվել էին լեզուներով խոսելու փաստեր, իսկ Ասուզա փողոցում գտնվող հավաքատեղին համարվում էր «արդի պենտեկոստալիզմի ծննդավայրը»:
Փաստը, սակայն, այն է, որ Ասուզա փողոցում գտնվող եկեղեցի այցելելուց հետո հայ մոլոկաններից շատերը վերջնականապես փոխեցին իրենց կրոնական ինքնությունը` հայ մոլոկանությունը փոխելով հայ պենտեկոստալիզմի: Չնայած նրանք պահպանում են մոլոկանության ավանդույթները իրենց պաշտամունքում, այնուամենայնիվ նրանց աստվածաբանությունն սկսեց առավել մեծ շեշտադրում անել Հիսուսի ուսուցման վրա (ինչպես ընդունված է պենտեկոստալ վարդապետության մեջ), քան Հիսուսի անձի ու Մաքսիմ Ռուդոմյոտկինի (որի գիրքը Աստվածաշնչից հետո ամենամեծ հեղինակությունն էր վայելում մոլոկանների մեջ) ուսուցման վրա: Փոխակերպված հայ մոլոկանների եկեղեցին այսօր գտնվում է Հասիենդայի բարձունքներում, Հասիենդայի փողոցի արևմտյան կողմում:
Ցավոք, վերջին տարիներին նկատելի է մի իրողություն. մոլոկանությունից հիսունականության փոխակերպված եկեղեցին իր անվանումից հեռացրել է «հայ» բառը` իրենց ձևակերպմամբ առավել ընկերային և գրավիչ մթնոլորտ ստեղծելու համար: Չնայած դրան, նրանք ծիսակատարությունից առաջ երգում են մի քանի հին երգեր (հիմնականում սաղմոսներ), որոնց հաջորդում են ամերիկյան երգեցողությունը և հիմները: Մինչ օրս նրանք շարունակում են նշել մաքսիմիստներին ու պրիգուններին բնորոշ բոլոր տոները:
[1]Մոլոկանների հիմնադիրը տամբովցի Սիմոն Ուկլեինն է: Նրա հոգևոր ուսուցիչը հոգևոր քրիստոնյաների առաջնորդներից մեկը՝ Պոբիրոխինն է եղել: Աղանդի անվան ստուգաբանման հարցում կան տարաձայնություններ: Ոմանք «մոլոկան» անունը բխեցնում են Մալոչնայա գետի (ոմանք Մալայա Օկա գետի անունից են բխեցնում) անունից, երկրորդները կարծում են` այդ անունը հերձվածը ստացել է պասի ժամանակ կաթ օգտագործելուց, իսկ ըստ հեղինակների երրորդ խումբի` աղանդն այդ անունն ստացել է Աստվածաշնչում հիշատակված «հոգևոր կաթից»:
1768թ. Սիմոն Ուկլեինը իր «70 առաքյալներով» սկսեց աղանդի գործունեությունը, որը կարճ ժամանակում տարածվեց Սիբիրում, Կենտրոնական և Հարավային Ռուսաստանում և հատկապես Անդրկովկասում: XIX դարի 30-40-ական թթ. մոլոկանությունը բաժանվել է 4 հիմնական ճյուղերի` ուկլեինականներ (հին մոլոկաններ), ակինֆիևականներ (պոպովականներ կամ ընդհանուր մոլոկաններ), պրիգուն-մոլոկաններ և Դոնի մոլոկաններ: Այս խմբերի միջև կան լուրջ գաղափարական, դավանաբանական, ծիսական և այլ տարբերություններ: Հայաստանում մեծ է եղել պրիգունների քանակը, քանի որ հոսանքի հիմնադիր Մաքսիմ Ռուդոմյոտկինն ապրել և գործել է Հայաստանում:
[2] Նշենք, որ լեզուներով խոսելու երևույթը նկարագրված է Գործք Առաքելոցի 2.4 համարում, երբ Հիսուս Քրիստոսի համբարձումից 50 օր անց առաքյալներին տրվեց Սուրբ Հոգու շնորհը, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով:
| < Նախորդ | Հաջորդ > |
|---|

