Ստեփան Դանիելյան, Վլադիմիր Վարդանյան, Արթուր Ավթանդիլյան
ISBN 978-92-9235-846-4
Սույն հետազոտությունը պատրաստել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Հետազոտության մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն ու եզրակացությունները կարող են չհամընկնել ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետներին:
Բովանդակություն
Հապավումներ
Օգտագործված փաստաթղթեր
Ներածություն
1. Մեթոդաբանություն
2. Կրոնական անհանդուրժողականության և խտրականության առկայությունը կոնկրետ բնագավառներում
2.1 Ընդհանուր տեղեկություններ
2.2 Հասարակական քննարկումներ
2.3 Ազգային փոքրամասնությունների խղճի և դավանանքի ազատության պաշտպանության ներկա վիճակը
2.4 Աղոթատների և պաշտամունքի վայրերի կառուցում
2.5 Իրավապահ մարմինների գործողությունները և վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների անդամների հանդեպ
2.6 Կրոնական թշնամանք պարունակող թռուցիկների տարածում
2.7 Քրեակատարողական հիմնարկներ
2.8 Իրավիճակը զինված ուժերում
2.9 Իրավիճակը հանրակրթական դպրոցներում
2.10 ԶԼՄ-ներում կրոնական թշնամանքի մթնոլորտի ձևավորում
3. ՀՀ օրենսդրության վերլուծություն
3.1 ՀՀ Սահմանադրությունը
3.2 ՀՀ գործող օրենսդրությունը
3.2.1 «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը
3.2.2 Խղճի և կրոնի ազատությանն ուղղակի կամ անուղղակի առնչվող դրույթները
ՀՀ օրենքներում
3.3 «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթների վերլուծությունը
3.4.«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ
օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ՀՀ քրեական օրենսգրքում
փոփոխություններ կատարելու մասին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ
ընդունված ՀՀ օրենքների վերլուծությունը
4. Առաջարկություններ ՀՀ իշխանություններին
Հապավումներ և կրճատումներ
ԵԱՀԿ - Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ - ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ
ԵԱՀԿ ԽՎ - ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով
ԵԽ – Եվրոպայի խորհուրդ
ԵԽԽՎ – Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով
ՀԱՍԵ – Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի
Համատեղ եզրակացություն - «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի, Եվրախորհրդի մարդու իրավունքների իրավական հարցերի գլխավոր տնօրինության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության խորհրդատվական մարմնի համատեղ եզրակացություն
ՀՀ – Հայաստանի Հանրապետություն
ՀՀ ԱԺ – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ՄԱԿ – Միավորված ազգերի կազմակերպություն
ՄԻԵԴ – Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ՄԻԵԿ – Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա
Վենետիկի հանձնաժողով – Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով
ՔՔԻՄԴ - Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
Օրինագիծ - ««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ անցած օրենքը
Օգտագործված փաստաթղթեր
Միջազգային փաստաթղթեր
1948թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա
1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
1981թ. ՄԱԿ-ի Կրոնական կամ համոզմունքների հիման վրա բոլոր ձևերի անհանդուրժողականության և խտրականության վերացման մասին հռչակագիր:
1981թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 36/55 բանաձև
1989թ. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա
2000թ. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի թիվ 221(2000) կարծիք
2001թ. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում կրոնական դրդապատճառներով զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի իրականացման մասին 1518 (2001) հանձնարարական
2004թ. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի թիվ 1361(2004) բանաձև
2007թ. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի թիվ 1532(2007) բանաձև
ՀՀ օրենսդրություն
ՀՀ 1985թ. դեկտեմբերի 6-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
ՀՀ «Խղճի ազատության ու կրոնական կազմակերպությունների մասին» 1991թ. հունիսի 17-ի օրենք
«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» ՀՀ 1994թ մայիսի 25-ի օրենք
ՀՀ Սահմանադրություն, 1995թ. հուլիսի 5 (2005թ. նոյեմբերի 27-ի խմբագրությամբ)
ՀՀ Սահմանադրություն, 1995թ. հուլիսի 5
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ 1996թ. մայիսի 29-ի օրենք
«Զինապարտության մասին» ՀՀ 1998թ. սեպտեմբերի 16-ի օրենք
«Կրթության մասին» ՀՀ 1999թ. ապրիլի 14-ի օրենք
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ 2000թ. հոկտեմբերի 9-ի օրենք
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ 2001թ. հուլիսի 24-ի օրենք
«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ 2001թ. դեկտեմբերի 4-ի օրենք
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ 2002թ. նոյեմբերի 20-ի օրենք
ՀՀ 2003թ. ապրիլի 18-ի քրեական օրենսգիրք
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ 2003թ. դեկտեմբերի 17-ի օրենք
ՀՀ 2004թ. նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգիրք
ՀՀ 2004թ. նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգիրք
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ 2005թ. նոյեմբերի 15-ի օրենք
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ 2007թ. փետրվարի 2-ի օրենք
«Հանրակրթության մասին» ՀՀ 2009թ. հուլիսի 10-ի օրենք
Դատական որոշումներ
Կոկինակիսն ընդդեմ Հունաստանի գործով ՄԻԵԴ 25.05.93թ. որոշումը
Բեսարաբիայի միտրոպոլիական եկեղեցին և այլք ընդդեմ Մոլդովայի գործով ՄԻԵԴ 13.12.2001թ. որոշումը
Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ 27.10.09թ. որոշումը
Ներածություն
Վերջին տարիներին Հայաստանում կրոնական հանդուրժողականության ապահովման խնդիրն առավել արդիական է դարձել, որի մասին վկայում են մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների զեկույցները[1], այս հետազոտության մեջ ներկայացված հայկական մամուլի[2] ուսումնասիրության արդյունքները, կրոնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից վերցված հարցազրույցները:
Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել կրոնական անհանդուրժողականության և խտրականության հնարավոր դրսևորումները, ներկայացնել և վերլուծել կրոնի կամ հավատամքի ազատությանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը, որոնց արդյունքների հիման վրա կրոնական հանդուրժողականությանը նպաստելու համար առաջարկություններ կներկայացվեն ՀՀ իշխանություններին:
Հետազոտությունը շեշտը դնում է միայն կրոնական փոքրամասնությունների հանդեպ մեծամասնության կողմից հանդուրժողականության և խտրականության բացակայության մոնիթորինգի արդյունքների վրա: Փոքրամասնություն-մեծամասնություն և փոքրամասնություն-փոքրամասնություն հնարավոր խնդիրները այս հետազոտության մեջ չեն քննարկվում, սակայն դրանք նույնպես կարևոր են:
Հետազոտության առաջին մասում ներկայացվում է ընտրված մեթոդաբանությունը:
«Կրոնական անհանդուրժողականության և խտրականության իրավիճակը կոնկրետ բնագավառներում» բաժնում ուսումնասիրվում են վերջին երեք տարիների ընթացքում կրոնական հանդուրժողականությանն առնչվող միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցները, նույն ժամանակահատվածի Հայաստանի մամուլի հետազոտության արդյունքները, ինչպես նաև կրոնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, դպրոցների տնօրեններից վերցված հարցազրույցները:
«ՀՀ օրենսդրության վերլուծությունը» բաժնում ներկայացված է կրոնին կամ հավատամքին վերաբերող ՀՀ օրենսդրությունը: ՀՀ Սահմանադրության և ՀՀ գործող օրենսդրության նորմերը վերլուծության են ենթարկվել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների, միջազգային փաստաթղթերի լույսի ներքո[3]:
«Առաջարկություններ ՀՀ իշխանություններին» բաժնում օրենսդրության բարելավման և կրոնական հանդուրժողականությանը նպաստելու համար առաջարկություններ են ներկայացվում ՀՀ իշխանություններին:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը (այսուհետ` Կենտրոն) երեք տարի է, ինչ իրականացնում է «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ծրագիրը` «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-հայաստանյան մասնաճյուղի» և Նիդեռլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ, որի արդյունքներն արտացոլվել են ներկայացվող հետազոտության մեջ:
Հետազոտությունն իրականացվել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի կողմից 2009 թվականին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ «Կրոնական հանդուրժողականության մոնիթորինգ» ծրագրի շրջանակում:
Հետազոտությունը պատրաստել են Ստեփան Դանիելյանը (աշխատանքային խմբի ղեկավար), Վլադիմիր Վարդանյանը (իրավագիտության թեկնածու), Արթուր Ավթանդիլյանը (քաղաքագետ, լրագրող):
1. Մեթոդաբանություն
«Կրոնական անհանդուրժողականության և խտրականության իրավիճակը կոնկրետ բնագավառներում» բաժնում ուսումնասիրվել են այն դեպքերը, որոնք ուղղակիորեն վերաբերում են կրոնական հանդուրժողականությանը: Բաժինը ներկայացնելիս օգտվել ենք վերջին երեք տարիներին կրոնին առնչվող միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցներից, Հայաստանի վերջին երեք տարվա մամուլից, ինչպես նաև Հայաստանի կրոնական կազմակերպությունների ղեկավարների, իրավապաշտպան կազմակերպություների ներկայացուցիչների, դպրոցների տնօրենների հարցազրույցներից:
Ուսումնասիրվել են մամուլի այն նյութերը, որոնք պարունակում են կրոնական անհանդուրժողականության կամ թշնամանքի կոչեր կամ նկարագրում են նման դեպքեր: Մամուլի նյութերի համար աղբյուր է ծառայել www.religions.am կայքը[4], որտեղ ներկայացված են կրոնին առնչվող հայկական մամուլի նյութերը (նյութերն ընտրված են էլեկտրոնային տարբերակներ ունեցող այն կենտրոնական թերթերից և կայքերից, որոնք ազդեցիկ են և Հայաստանի պայմաններում բազմատիրաժ (2 000-ից ավել տպաքանակ) ու պարբերաբար անդրադառնում են կրոնական թեմաներին):
2009 թվականի երկրորդ կիսամյակում հարցազրույցներ են վերցվել Հայաստանի կրոնական և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներից, դպրոցների տնօրեններից: Վերջիններիս տրվել են հարցեր` պարզելու կրոնական անհանդուրժողականության և խտրականության ըստ իրենց տեղ գտած դեպքերը: Նրանց ներկայացրած փաստերը, տվյալները և տեղեկությունները մեջբերվում են բառացի: Այն դեպքերում, երբ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները միմյանց մեղադրել են անհանդուրժողականության մեջ, մենք հանդիպել ենք բոլոր կողմերին և այս փաստաթղթում ներկայացրել ենք բոլոր կողմերի տեսակետները:
Կենտրոնը մի քանի տարի զբաղվում է կրոնական հանդուրժողականության հարցերով: Կրոնական անհանդուրժողականության կամ խտրականության դեպքերի մասին մեզ պարբերաբար տեղեկացնում են կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչը նույնպես այս հետազոտության համար տեղեկատվության աղբյուր է հանդիսացել, ինչպես նաև օգնել է մեզ ընտրել կրոնական հանդուրժողականության վիճակը հետազոտելու համար 2-րդ բաժնում ներկայացված բնագավառները:
Ներկայացվող հետազոտության հիման վրա օրենսդրության բարելավման և կրոնական հանդուրժողականությանը նպաստելու համար ՀՀ իշխանություններին արվում են առաջարկություններ:
2. Կրոնական անհանդուրժողականության և խտրականության իրավիճակը կոնկրետ բնագավառներում
2.1 Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանում գործող հարանվանությունների (կոնֆեսիաների) քանակի ճշգրտման հետ կապված կան որոշակի բարդություններ: Հայաստանում կրոնական կազմակերպությունները գրանցվում են որպես կրոնական համայնքներ (այլ ոչ թե որպես հարանվանություններ), և գրանցված կազմակերպությունների քանակը չի արտացոլում հարանվանությունների քանակը: Մյուս կողմից՝ ոչ բոլոր կրոնական կազմակերպություններն են գրանցված: Հարանվանությունների մասին պաշտոնական տեղեկություն կա «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի 25-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության առաջին զեկույց, մայիս, 2001թ.»[5]-ում: Հայաստանում գործող հարանվանությունների մասին այլ պաշտոնական տեղեկություններ մեզ չի հաջողվել գտնել: Ըստ այդ զեկույցի`
«2000 թվականի հունվարին պաշտոնապես գրանցված են եղել 14
տարբեր կրոնական ուղղություններ.
1. Հայ առաքելական եկեղեցի
2. Հայ կաթողիկե եկեղեցի
3. Ռուսական ուղղափառ եկեղեցի
4. Եզդիների կրոնական համայնք
5.Հուդայական համայնք
6. Հեթանոսների համայնք
7. «Բահայ» համայնք
8. Մորմոններ
9. Բապտիստներ
10. Եվանգելիստներ
11. Հիսունականներ
12. Հարիզմաթներ
13. 7-րդ օրվա ադվենտիստներ
14. Նոր առաքելական եկեղեցի
Առանց գրանցման գործում են «Եհովայի վկաներ», «Կրիշնայի գիտակցություն» համայնքները»:
2004թ-ին «Եհովայի վկաներ» կազմակերպությունը գրանցվել է[6], իսկ «Կրիշնայի գիտակցություն» կազմակերպությունը, ըստ մեր տվյալների, Հայաստանում վաղուց չի գործում. կան ընդամենը մի քանի հետևորդներ: Մոլոկանները (ռուս հնադավանները) սկզբունքորեն չեն գրանցվում, սակայն ազատորեն գործում են, մյուս կողմից՝ «մոլոկաններ» անվանումը կրում է ոչ պաշտոնական բնույթ: Հարիզմաթներն իրենց եկեղեցին անվանում են «Կյանքի խոսք», մյուս կողմից՝ կան այլ ուղղությունների հարող համայնքներ, որոնք իրենց նույնպես հարիզմաթական են համարում: «Հիսունականներ» անվանվող եկեղեցիները բազմաթիվ ինքնավար համայնքներից են բաղկացած, և նրանցից ոչ բոլորն են ընդունում «հիսունական» անվանումը, ու ոչ բոլորն ունեն պետական գրանցում: Այս խմբի համայնքները պարբերաբար միավորվում կամ տրոհվում են: Նույնը վերաբերում է ցուցակում «եվանգելիստներ», «բապտիստներ» անվանվող համայնքներին: Կան տարբեր անվանումներով «հեթանոսներ», որոնք ժխտում են միմյանց հետ ունեցած որևէ դավանաբանական կամ կառուցվածքային կապը: «Բահայ» համայնքը, չնայած գրանցված է որպես համայնք, սակայն, ըստ մեր տեղեկությունների, այլևս չի գործում: Մյուս կողմից՝ Հայաստանում ժամանակավոր բնակվում է իսլամ դավանող Իրանի քաղաքացիներից կազմված համայնք, ինչպես նաև կան Մերձավոր Արևելքի քաղաքացիներ, որոնք որպես կրոնական կազմակերպություններ պետական մարմիններում գրանցված չեն: Երևանում գործում է Գոյ մզկիթը:
Պետք է եզրակացնել, որ ցուցակում ներկայացված հարանվանությունների քանակն ու անվանումները պայմանական բնույթ են կրում:
Պաշտոնական տեղեկություններ կրոնական կազմակերպությունների անդամների քանակի մասին նույնպես բացակայում են: Կրոնական կազմակերպությունների շրջանում մեր հարցումներից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի մոտ 180 000 քաղաքացիներ ավանդականորեն համարվում են Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդներ, և մոտ 170 000 քաղաքացիներ այլ կրոնական ուղղությունների հետևորդներ են: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների, աթեիստների, ագնոստիկների քանակի մասին պաշտոնական տվյալները նույնպես բացակայում են:
2.2 Հասարակական քննարկումներ
2007թ-ի փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, իսկ 2009թ-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այդ օրենքների կապակցությամբ կազմակերպվել են հասարակական քննարկումներ: Առաջին օրենքի հեղինակ, այն ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը և օրինագծի հեղինակներից Արմեն Աշոտյանը մասնակցել են հասարակական քննարկումներին[7]: ԱԺ-ում կազմակերպվել են հանդիպումներ կրոնական կազմակերպությունների հետ: Հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև «Գործընկերություն հանուն բաց հասարակության» միավորումը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել են քննարկումներ[8]: ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են քննարկումները: Վերոհիշյալ օրենքների` ԱԺ ընթերցումների ընթացքում հասարակական քննարկումների ժամանակ քննադատության ենթարկված հոդվածների մի մասը փոփոխությունների է ենթարկվել[9], օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ եզրակացության համար[10]: Եզրակացության վերլուծությունը ներկայացված է այս հետազոտության 3.4 բաժնում:
Մինչ 2008 թվականը Հայաստանում տեղի էին ունենում կրոնական խնդիրներին նվիրված քննարկումներ, որոնց մասնակցում էին նաև պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ: Հեռուստաընկերությունները հաճախ լուսաբանում էին այդ քննարկումները, սակայն 2008թ-ից հետո իրավիճակը փոխվել է: 2008թ-ի մարտի 1-ի դեպքերից[11] և արտակարգ դրության ավարտից հետո որոշ հյուրանոցներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են դահլիճներ տրամադրել հասարակական քննարկումների համար[12]: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնին 2008 և 2009թթ. խղճի ազատության խնդիրներին նվիրված քննարկումների համար տարբեր պատճառաբանություններով մի քանի անգամ մերժել են դահլիճներ տրամադրել: Հյուրանոցների աշխատակիցները կոնֆիդենցիալ կերպով մեզ խոստովանել են, որ կա ներքին հրահանգ որոշ ՀԿ-ների և որոշ թեմաներով քննարկումների համար դահլիճներ չտրամադրել:
2.3 Ազգային փոքրամասնությունների խղճի և դավանանքի ազատության պաշտպանության ներկա վիճակը
Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ էթնիկական փոքրամասնությունները կազմում են հանրապետության բնակչության ընդհանուր թվի 2.2 տոկոսը: Այդ թիվը ներառում է 11 էթնիկական համայնք. ասորիներ, եզդիներ, քրդեր, ռուսներ, հույներ, մոլոկաններ, հրեաներ, լեհեր, ուկրաինացիներ, վրացիներ և գերմանացիներ: Առավել հոծ խմբերը եզդիներն են (40620), ռուսները (14660), ասորիները (3409), քրդերը (1519)[13]:
Հայաստանը վավերացրել է «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիան (1998) և Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան (2002):
Սահմանադրության 15-րդ հոդվածը հանրապետության բոլոր քաղաքացիների համար երաշխավորում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները՝ անկախ քաղաքացիների ազգությունից, ռասայից, լեզվից, դավանանքից:
Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 40-րդ հոդվածի համաձայն` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, ինչպես նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդակցական կոմիտեն չեն նշել, որ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ կրոնական առումով խտրականության հետ կապված խնդիրներ կան[14]: Այդ զեկույցների կապակցությամբ ՄԱԿ-ի և Եվրախորհրդի համապատասխան կարծիքներում նույնպես նման խնդրի մասին մատնանշված չէ:
Հայաստանի ազգային փոքրամասնություններին կրոնական խտրականության ենթարկելու որևէ դեպք մեր կողմից չի արձանագրվել: Նման ահազանգեր մամուլում կամ բողոքներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից մեզ նույնպես հայտնի չեն:
2.4 Աղոթատների և պաշտամունքի վայրերի կառուցում
Նոր եկեղեցիների կառուցման հարցում ըստ հաղորդումների կան որոշ խնդիրներ: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում թվարկված են ՀԱՍԵ «մենաշնորհները», ինչպես, օրինակ՝ «կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ»: Օրենքի մյուս հոդվածներում չի նշված` արդյոք մյուս կրոնական կազմակերպությունները նոր եկեղեցիներ կառուցելու իրավունք ունեն, թե ոչ: Կրոնական կազմակերպությունների շրջանում կատարած մեր հարցումները ցույց են տալիս, որ նրանք տարբեր պատճառաբանություններով խոչընդոտների են հանդիպում նոր եկեղեցիներ կառուցելու համար թույլտվություն ստանալիս, սակայն խոչընդոտները լինում են անուղղակի հիմնավորումներով` հիմնականում քաղաքաշինական կամ ճարտարապետական բնույթի: Խոչընդոտներից խուսափելու համար կրոնական կազմակերպությունները նոր աղոթատեղիները գրանցում են որպես մասնավոր անձանց կամ ՍՊԸ-ների սեփականություն, սակայն որոշ դեպքերում կրոնական խորհրդանիշներ և ցուցանակներ են տեղադրում մուտքերի մոտ, երբեմն արդեն պատրաստի կառույցները նվիրաբերվում են համայնքներին: Մի քանի կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պարզել ենք ընդամենը մեկ դեպք, երբ նրանցից պահանջել են հանել ցուցանակը:
2009թ. հոկտեմբերի 17-ին սույն հետազոտության հեղինակներից Արթուր Ավթանդիլյանը հարցազրույց[15] է անցկացրել Գյումրու Հայ ավետարանական-մկրտական եկեղեցու վերապատվելի Ռուբեն Փահլևանյանի հետ, որտեղ նա տեղեկացրել է. «Հառիճ գյուղում Հայ մկրտական եկեղեցին ունի մի փոքրիկ համայնք` 12-15 հոգուց բաղկացած, որն ունի աղոթատուն: Աղոթատանն ամեն կիրակի իրականացվում է կրոնական ծես` քարոզներ, երգեցողություն: Մկրտական եկեղեցին այնտեղ մի քանի տարի սոցիալական ծրագրեր է իրականացնում, կազմակերպում բակային ճամբարներ և այլն: Սակայն վերջին շրջանում Հառիճի վանքի տեսուչ Կորյուն աբեղան մի խումբ 15-16 տարեկան երիտասարդների հետ ներխուժեց աղոթարան, փորձեց ամեն կերպ հրահրել, որպեսզի բախում լինի եկեղեցու հավատացյալների և մնացած գյուղացիների միջև` անպատշաճ գնահատականներ տալով Հայ ավետարանական տարբեր առաջնորդների անուններին և հայտարարելով նրանց ազգի դավաճաններ և ծախվածներ: Մկրտականները հետո տեղեկացան, որ նշված պատանիները մկրտական եկեղեցու սոցիալական միջոցառումներին մասնակցած իրենց համադասարանցիներին ծաղրուծանակի և բռնությունների են ենթարկել: Իրենք դիմել են ոստիկանություն` համապատասխան հայտարարությամբ, որովհետև հնչել էին կոնկրետ սպառնալիքներ. «Ահա շուտով օրենքը կընդունվի, և այդ ժամանակ օրենքով մենք ձեզ այստեղից դուրս կշպրտենք»:[16] Աբեղան նաև հայտարարել է. «Ես ունեմ Ամենայն Հայոց Հայրապետի և թեմակալ առաջնորդի օրհնությունն ու հանձնարարականը: Մենք ունենք պետության և եկեղեցու համաձայնությունը` ձեր նմաններին պատժելու և դուրս շպրտելու այստեղից: Եթե մյուս անգամ հայտնվեք գյուղում, ես ոչ միայն ձեր ոտքը, այլ նաև ձեր գլուխը կջարդեմ»: Ոստիկանությունն արձագանքել է հայտարարությանը և միջամտել: Ինչպես ասել են պատվելուն, աբեղային կանչել են, խոսել նրա հետ, և աբեղան խոստացել է, որ այլևս նման բան չի լինի, որ ինքը բորբոքված է եղել և այլն: Դրանից մեկ ամիս հետո` հոկտեմբերին, աբեղան նորից երկու-երեք հոգևորականի հետ միասին մտավ աղոթատուն`այս անգամ շատ ավելի բուռն արտահայտություններով, որ «ես ձեզ արդեն զգուշացրել էի, որ եթե մյուս անգամ այստեղ գաք, ես` իբրև այս հոտի տեր ու տնօրեն, իրավունք ու իշխանություն ունեմ ձեզ մահակներով, գավազանով այստեղից վռնդելու»: Որից հետո քահանան պատվելու կրծքից պոկեց խաչը, վերցրեց նրա պայուսակը և դուրս նետեց, ապա քարով կոտրեց աղոթատան ցուցանակը: Երբ երիտասարդներից մեկը փորձեց բռնել քահանայի ձեռքը, մյուս քահանան գլխով հարվածեց նրա գլխին և թեթև մարմնական վնասվածք հասցրեց: Այս անգամ պատվելին դիմել է ոչ թե ոստիկանություն, այլ թեմական առաջնորդին, որը խնդրեց ոստիկանություն չդիմել, խոստացավ զրուցել աբեղայի հետ և երաշխավորեց, որ նման դեպք էլ չի կրկնվի` պատճառաբանելով, որ աբեղան երիտասարդ և դյուրագրգիռ է: Ամեն դեպքում իրավիճակը մինչ օրս հարթված չէ, քանի որ աբեղան շարունակում է մնալ իր պաշտոնում, զբաղված է հակամկրտական քարոզչությամբ, ինչը տալիս է իր արդյունքները. գյուղում բավականին լարված մթնոլորտ է, և մկրտական ընտանիքների երեխաները ենթարկվում են ծաղրուծանակի»:
Նույն օրը մենք հարցազրույց ենք անցկացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից, որտեղ նա մեկնաբանել է Հառիճ գյուղի դեպքերը. «Օրինակ, Հառիճ գյուղում, որը պատմական Հայ Առաքելական եկեղեցու վանքն ու գյուղն է, ժամանակին բողոքականները գնացել են, երկու հոգու դարձրել են բողոքական, նրանց համար մի տուն են վերցրել, ցուցանակ են խփել «Հայ ավետարանական եկեղեցի» անունով և երկու հոգու համար ավետարանական համայնք են ստեղծել: Մեզ գյուղացիները դիմում են այդ հարցով, թե` Սրբազան, ինչո՞ւ չեք պայքարում նրանց դեմ: Եթե մենք տեղի տայինք, ուրեմն հիմա ահավոր բաներ կկատարվեին: Բայց մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում: Բայց եթե վերապատվելուն բացատրում ես, ասում ես. «Վերապատվելի, սա պատմական գյուղ է: Այստեղ դուք` ավետարանականներդ, երբեք չեք եղել: Սա Հայ Առաքելական գյուղ է, և վանքն էլ կանգնած է: Ի՞նչ գործ ունես այստեղ: Ինչո՞ւ ես եկել` ջուր ես պղտորում»: Ուրեմն եթե մենք ասում ենք սա, նշանակում է` մենք իրեն հալածո՞ւմ ենք: Հիմա ո՞վ է հալածվողը. ի՞նքը, որ գալիս է ու երկպառակություն է սերմանում համայնքի մեջ` մի երկու-երեք հոգի պոկելով այդ համայնքից, ի՞նքն է հալածում Հայ Առաքելական եկեղեցուն, թե՞ Հայ Առաքելական եկեղեցին, որ ասում է. «Այս ի՞նչ ես անում: Ի՞նչ է նպատակդ: Հանուն ինչի՞ դու այս հինգ հոգուն դարձրեցիր բողոքական: Ինչո՞վ էին այդ հինգ հոգին փրկում բողոքական եկեղեցուն, որ դու հատուկ եկար, հսկայական միջոցներ ծախսեցիր, գումարներ ծախսեցիր, այդ շենքը գնեցիր, այդ ցուցանակը խփեցիր, այդ հինգ հոգու համար ամեն կիրակի 50-60 կմ կտրում-գալիս ես: Հանուն ինչի՞»: Եթե այդ հարցը մենք տալիս ենք, լինում ենք հալածո՞ղ: Ուրեմն մենք չէ, որ հալածում ենք: Իրենք են, որ մեզ հալածում են»:
Կան նաև դեպքեր, երբ, օրինակ, Հայ ավետարանական եկեղեցին, Միաբանություն եկեղեցին, Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցիների միությունը պաշտոնապես եկեղեցիներ կամ աղոթատներ են բացել:
2009թ-ի սեպտեմբերին Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցիների միությունը Վանաձորում պաշտոնապես եկեղեցի է բացել, որին ներկա են գտնվել ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետը, Լոռու մարզի փոխմարզպետը, Վանաձորի փոխքաղաքապետը[17]: Տեղական հեռուստաընկերությունները բացման կապակցությամբ մի քանի օր ռեպորտաժներ են հեռարձակել: Սակայն շինություններն արդեն պատրաստի վիճակում կամ նվիրաբերվում, կամ էլ գնվում են կրոնական կազմակերպությունների կողմից և եկեղեցի կառուցելու համար թուլտվության գործընթաց չեն անցել: Այնուամենայնիվ, այս դեպքերը կարելի է համարել առաջընթաց:
Ըստ «Եհովայի վկաներ» կազմակերպության հասարակության հետ կապերի պատասխանատու Լևոն Մարգարյանի` կազմակերպության երկրպագության տները, որպես կանոն, իրավաբանորեն պատկանում են մասնավոր անձանց: Այս տարի Վանաձորում երկրպագության տան կառուցման հարցում կային խոչընդոտներ, որոնք կապված էին շրջակա շենքերի բնակիչների բողոքների հետ, սակայն ըստ կազմակերպության մամուլի խոսնակ Լևոն Մարգարյանի տրամադրած տեղեկատվության՝ «Վանաձորում փորձում էին խանգարել կառուցելու երկրպագության համար նախատեսված շինությունը, սակայն մեր արտասահմանյան փաստաբանների, Վանաձորի քաղաքային իշխանությունների և իրավապահ մարմինների ջանքերի շնորհիվ այդ հարցը լուծվեց, և շինության կառուցումն արդեն ավարտվել է»[18]:
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի տեղեկությունների՝ «2009թ-ի հոկտեմբեր ամսին Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության կողմից կրոնական պաշտամունքի շենքի կառուցումը թաղամասի բնակչության բուռն դժգոհության ալիք բարձրացրեց: Թաղամասի բնակիչները շինարարության հենց սկզբից սպառնալիքներ են ուղղել, անգամ վեճի բռնվել ու քաշքշուկ սկսկել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամների հետ` պահանջելով դադարեցնել շինարարությունը այն պատճառաբանությամբ, որ կառուցվող շենքը շատ մոտ է հանրակրթական դպրոցին, և նոր կենտրոնի կառուցումը վտանգ է սպառնում իրենց երեխաների համար:
Նրանք մոտակա դպրոցի ուսուցիչների հետ միասին ստորագրահավաք են անցկացրել ու բողոք-նամակներ գրել մարզպետին, մարզի դատախազին, քաղաքապետին, թաղամասի պատգամավորին` պահանջելով դադարեցնել շինարարությունը:
Մի քանի օր շարունակ տեղական հեռուսատընկերություններով դեպքի վերաբերյալ միակողմանի լուսաբանում էր կատարվում, ներկայացվում էին միայն դժգոհողների կարծիքները, և հարցի իրավական կողմին անդրադարձ չէր կատարվում»:[19]
Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդները հիմնականում բնակվում են հանրապետության հյուսիսային շրջաններում: Նրանց ճնշող մեծամասնությունն ավանդականորեն են Կաթողիկե եկեղեցու անդամներ: Գործում են եկեղեցիներ: Այս տարի Գյումրիում Հայ կաթողիկե եկեղեցին իրեն պատկանող հողատարածքում եկեղեցի կառուցելու համար քաղաքապետարանից համապատասխան թույլտվություն է ստացել, սակայն հետագայում նորից առաջացել են խնդիրներ՝ կապված Գյումրու քաղաքաշինական նորմերի հետ: Ըստ եկեղեցու ծառայողների հաղորդած տեղեկատվության` խնդիրը հետագայում հարթվել է:
2.5 Իրավապահ մարմինների գործողությունները և վերաբերմունքը կրոնական կազմակերպությունների անդամների հանդեպ
Վերջին տարիների զեկույցներից հայտնի են դառնում դեպքեր, երբ իրավապահ մարմինները միջամտում են կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Նման դեպքերը զանգվածային բնույթ չեն կրում, սակայն պարբերաբար կրկնվում են հատկապես Լոռու մարզում:
Իրավապահ մարմինների վերաբերմունքի մասին մեզ տեղեկացրել են կրոնական կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև եղել են հրապարակումներ մամուլում, որոնք հետագայում չեն հերքվել: Պետք է նշել, որ մեզ հայտնի չէ որևէ դեպք, երբ իրավունքների խախտման կամ անհանդուրժողականության դեպքերի կապակցությամբ կրոնական կազմակերպությունների անդամները դատարան են դիմել:
Ներկայացնում ենք մի քանի բնորոշ դեպքերի նկարագրությունը. 2009թ-ի սեպտեմբեր ամսին «Մեծ շնորք»[20] Հայ ավետարանական մկրտական եկեղեցու հովիվ Վահան Պողոսյանը մեզ ասել է. «Կրոնական հալածանքներն ուժեղանում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրինագծի հերթական քննարկումների ժամանակ: Երբ քննարկումները դադար են առնում, անհանդուրժողականության ալիքը ևս իջնում է: Նույնիսկ այսպիսի արտահայտություններ են եղել. «էս է, քիչ մնաց. օրենքը հեսա կանցնի ու դուք ձեր հալը կտեսնեք»: Ըստ նրա`. «Այսօրվա դրությամբ հալածանքներ չեն նկատվում, բայց եղել են մի քանի դեպքեր, երբ հավատացյալներին այցելել են ոստիկանները կամ հրավիրել են տեղական ոստիկանության գրասենյակներ: Ոստիկանությունը չի ներկայացրել որևէ իրավական հիմք, այլ պարզապես հայտարարել է. «Դուք եկեղեցուն դեմ եք»»: Նա նաև ավելացնում է. «Տեղական իշխանությունները բարյացակամ են տրամադրված իրենց նկատմամբ և լուրջ խոչընդոտներ չեն հարուցում»: Հարցազրույցի ավարտին Վահան Պողոսյանը նշել է, որ առկա խնդիրներին իրենք չեն փորձում իրավական լուծում տալ` ապավինելով զուտ «մարդկային հարաբերություններին»:
2009թ-ի հունիսին Ազգային անվտանգության ծառայության Գյումրու բաժնի աշխատակիցները պարբերաբար անհանգստացրել են «Քրիստոնեական մշակույթի միջազգային ծառայություններ» հասարակական բարեգործական կազմակերպության անդամներին[21]: Կազմակերպությունը տարիներ ի վեր գործում է Հայաստանում և զբաղվում է բարեգործությամբ: Կազմակերպության նախագահն է Լևոն Պարտակչյանը: «Հրավիրյալները» օրենքով սահմանված կարգով պատշաճ չեն ծանուցվել, հարցաքննվողներին չեն բացատրել իրենց կարգավիճակը և իրավունքները: 24-ամյա Նուշիկ Գրիգորյանը պատմում է, որ իրեն երեք ժամ ԱԱԾ բաժանմունքում պահելու ժամանակ թույլ չեն տվել օգտվել հեռախոսից, իսկ «պետի տեղակալ» ներկայացած Չախոյան ազգանունով անձը կրոնական զգացմունքները նվաստացնող «զրույցներ» է վարել: Նուշիկ Գրիգորյանին ստիպել են ինչ-որ թղթի վրա «բացատրություններ» գրել: «Հարցաքննության» է հրավիրվել նաև կազմակերպության անդամ Արթուր Ավագյանը, որը հեռախոսով իրեն հրավիրած քննիչ Արթուր Հարությունյանից պահանջել է պատշաճ կարգով իրեն հրավեր ուղարկել: Ըստ կազմակերպության ղեկավար Լևոն Պարտակչյանի` Արթուր Ավագյանին ԱԱԾ աշխատակիցները սպառնացել են չներկայանելու դեպքում «հաշվեհարդար տեսնել» նրա հետ: «Հրավիրվածներին» ԱԱԾ ծառայության աշխատակիցներն իրենց գործողությունները բացատրում են այն բանով, որ պայքարում են «հոգեորսության» դեմ: Այս տվյալները մեզ հաղորդել են ԱԱԾ «հրավիրված» այդ կազմակերպության անդամները, ինչպես նաև այս դեպքը նկարագրված է ԱՄՆ պետդեպարտամենտի «Կրոնական ազատությունների մասին
միջազգային զեկույց 2009-Հայաստան» զեկույցում[22]: Կազմակերպության ղեկավար Լևոն Պարտակչյանի բաց նամակում[23] ասվում է. «Նուշիկն ԱԱԾ երեք աշխատակիցների` Արմենի, Արթուրի և Չախոյանի կողմից նույն սկզբունքով ենթարկվել է հարցաքննության, հեգնանքի և ծաղրանքի առարկա է դարձել նրանց կողմից, քննադատվել և անվանարկվել է իր կրոնական հայացքների (իր հավատքի ծառայությունը, նվիրվածությունը ու պատկանելիությունը իր` քրիստոնեական, հոգևոր-մշակութային ծառայություններին), դեմքի գույնի, չամուսնանալու փաստի, անձնական (որբ լինելը), ընտանեկան և սոցիալական վիճակի համար և ստորացնելու միտումով առաջարկվել է մաքրել քաղաքի հրապարակում գտնվող եկեղեցու բակը»: «lragir.am»-ում այս դեպքերի մասին լրատվություն տպագրելուց հետո ԱԱԾ աշխատակիցները նրանց այլևս չեն անհանգստացրել[24]:
Ըստ Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցիների միության նախագահ, ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանի տեղեկությունների` 2007թ. ոստիկաններն այցելել են Լոռու մարզի Ջրաշեն և Չիգդամալ գյուղական դպրոցները` «աղանդավորականների» երեխաների հետ հանդիպելու համար:
Մինչ այդ Լոռու մարզի Թումանյան գյուղի գյուղապետը տեղի ավետարանականներին ասել է, որ մարզպետարանից իրեն հրահանգ է տրված արգելել տեղի ավետարանականների համայնքի գործունեությունը: Նա ասել է, որ հրահանգ տվողներից են եղել նաև մարզի ազգային անվտանգության աշխատակիցները[25]:
Արագածոտնի Ավետարանական հավատի եկեղեցու հովիվ Բորիս Շամոյանը[26] մեզ տեղեկացրել է (հուլիս, 2009թ.)[27], որ վերջին շրջանում իրեն պարբերաբար կանչում են ոստիկանություն:
2006թ-ի հունիսի 19-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարին էլեկտրոնային փոստով ուղարկվել է սպառնալիք հետևյալ բովանդակությամբ. «Պարոն Սաքունց, Ձեզ մահվան ենք դատապարտում «Քաղաքացիական նախաձեռնության» վերջին համարում կրոնների վերաբերյալ ինչ-ինչ ցնդաբանություններ գրելու համար, առանց ամոթի: ՄԱՀ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻՆ ԵՎ ՍԱՔՈՒՆՑԻՆ»:
Փաստի առթիվ կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի դատախազին՝ հայտնելով նամակ ուղարկողի անուն-ազգանունը և խնդրել նրան քրեական պատասխանատվության ենթարկել:
2006թ-ի հունիսի 22-ին Լոռու մարզի դատախազությունը գրությամբ տեղեկացրել է, որ փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որի արդյունքների մասին կտեղեկացվի օրենքով սահմանված ժամկետում: Կրկին մերժվել է քրեական գործի հարուցումն այն հիմնավորմամբ, որ «ուղարկված սպառնալիքը զուրկ է եղել իրական հիմքերից, այսինքն՝ այն իրականացնելու ռեալ հիմքերից. զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և այլ սարքավորումներ չեն եղել, հետևաբար նման արտահայտությունը չի կարող դիտարկվել որպես սպանության սպառնալիք: Սպառնալիքը պետք է լինի կոնկրետ և պարզ, մասնավորապես պետք է պարունակի այն իրագործելու կոնկրետ ձևը»[28]:
ԱՄՆ պետդեպարտամենտի «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց 2009-Հայաստան» զեկույցում բերված է մեկ օրինակ, երբ կրոնական անհանդուրժողականության մեկ դեպք պատժվել է: «2008թ. հուլիսի 13-ին 53-ամյա մի երևանցի հարձակում էր գործել քարոզչությամբ զբաղվող Եհովայի վկաների երկու հետևորդների վրա: Ըստ Եհովայի վկաների հաղորդման, հարձակում գործած անձը` Հայկ Էլիզբարյանը, դեկտեմբերի 19-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել վիրավորանք հասցնելու, սպառնալու և ծեծի ենթարկելու համար և տուգանվել է 150.000 (մոտ 410 դոլար) դրամի չափով: Եհովայի վկաները բարձր էին գնահատել այս գործում Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ոստիկանության և դատախազության ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը և նշում, որ սա առաջին դեպքն էր, երբ դատավճիռ կայացվեց իրենց հետևորդների վրա հարձակում գործելու համար»[29]:
2.6 Կրոնական թշնամանք պարունակող թռուցիկների տարածում
Հայաստանի քաղաքների փողոցներով շրջելիս կարելի է հանդիպել կրոնական թշնամանք պարունակող թռուցիկների: Թռուցիկները փակցվում են սյուներին, հասարակական տրանսպորտի կանգառների համար նախասեսված վայրերում, շենքերի պատերին, մուտքերի մոտ, իսկ երբեմն բնակարանների դռների վրա: Դրանք բաժանվում են մարդաշատ վայրերում, երբեմն ոստիկանների ներկայությամբ: Թռուցիկներ տարածող կազմակերպությունները գործում են բաց, մամուլում հանդես են գալիս հարցազրույցներով: Մի քանի անգամ կազմակերպել են երթեր: Այդ կազմակերպություններն են` «Մեկ ազգ», «Ապրիլ 24», « Հայ ցեղապաշտներ» և այլն:
Ներկայացնում ենք այդ թռուցիկներից մեկի բովանդակությունը.
«ՄԵԿ ԱԶԳ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ ԱՂԱՆԴՆԵՐԻՑ,
Եհովայի վկաները, Սատանիստները, Մորմոնները, Հայ Ավետարանչականները, Կրիշնայականները, Հիսունականները, Կյանքի Խոսքը, Մունականները, Բողոքականները և այլն, սրանք բոլորն աղանդներ են և հովանավորվում են Արևմուտքից, և ոչ մի կապ չունեն ՄԵՐ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ:
ԿՈՉ
Հայաստանում աղանդավորականների մուտքը պայմանավորված է ԱՄՆ-ից քաղաքական պատվերով, որի նպատակը մեկն է` Հայոց ազգին վերածել խավարամիտ, ստրկամիտ, նյութապաշտ, իր հոգևոր արմատներն ուրացող, քաղաքացիական պարտքից խույս տվող զոմբիացված ամբոխի: Մեր բոլորիս բարոյական պարտքն է տեր կանգնել մեր ազգային հոգևոր դիմագծին, մեր հողին ու մեր ազգային Հայ Առաքելական Եկեղեցուն: Յուրաքանչյուր Հայ իր հարկում, իր բակում պետք է ծավալի համաժողովրդական պայքար ընդդեմ աղանդների հակաազգային, քայքայիչ գործունեության:
«ՄԵԿ ԱԶԳ» Կազմակերպությունների դաշինքի համանախագահ՝ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ»[30]:
Այս հետազոտության հեղինակներին հայտնի չի որևէ դեպք, երբ թռուցիկներ տարածող անձինք կամ կազմակերպություններն իրավապահ մարմինների կողմից պատասխանատվության ենթարկվեն:
2006թ-ին «168 ժամ» թերթը գրում է. «Աղանդավորական «շարժման» դեմ պայքարի առանձնահատուկ մեթոդ են ընտրել «Մեկ ազգ» կուսակցության անդամները: Նրանք պայքարի համար որպես լավագույն միջոց ընտրել են թռուցիկների տարածումը: «Օգտվելով երկրում ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալական ճգնաժամից` աղանդները ճկուն, կենդանի քարոզչությամբ և հասարակ մեթոդներով կարողանում են հասարակության անկիրթ զանգվածին իրենց հետևից տանել ու իրենց սև գործն անել»,- նշում է կուսակցության ղեկավար Գոռ Թամազյանը: Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու` նրանք նոյեմբերի սկզբներին Երևանի փողոցներով կիրականացնեն իրենց 11-րդ երթը: Բայց այս երթը, որը կազմակերպիչները կոչում են «պայքար», շատ փոքր է այն «շարժման» դեմ, որը մեծ թափով իրականացնում են Հայաստանում գործող օտարածին կրոնական կազմակերպությունները»[31]:
2009թ. ապրիլի 18-ին «Հայոց աշխարհ» օրաթերթն առաջին էջում տպագրել է Երևանի սյուներից մեկի վրա փակցված հետևյալ թռուցիկը. «Սիրելի հայրենակիցներ, եղեք զգոն և խելացի, Մի լրացրեք աղանդավորական անասնագլխաքանակը, Հեռու մնացեք Եհովայի վկաներից, մորմոններից, Կյանքի խոսքից, սատանայապաշտներից, ավետարանչականներից, հիսունականներից և մյուս հակահայ քրեածին խմբավորումներից, ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԶՐՈՒՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՈԼՈՐՅԱԼ ՀԱՅՈՐԴՈՒ ՀԵՏ: ԱՊՐԻԼԻ 24-ի խումբ»: Թերթն իր կողմից ավելացրել է «Ասողին` լսող է պետք» մեկնաբանությունը[32]:
«Հայոց աշխարհ» օրաթերթի հետագա համարում տպագրված հոդվածն այսպես է պարզաբանում այդ թռուցիկը· ««Մի՛ լրացրեք աղանդավորական անասնագլխաքանակը,- գրված է այդ կոչում։ -Հեռո՛ւ մնացեք Եհովայի վկաներից, մորմոններից, Կյանքի խոսքից, սատանայապաշտներից, ավետարանչականներից, հիսունականներից և մյուս հակահայ քրեածին խմբավորումներից··»·։ Խումբը նաև իր պատրաստակամությունն է հայտնել՝ զրուցելու յուրաքանչյուր մոլորյալ հայորդու հետ և իր հետ կապվելու համար նշել էլեկտրոնային փոստի հասցեն. Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ։ Բացառությամբ սատանայապաշտների, «աղանդավորական անասնագլխաքանակ» բառակապակցությունը կամ բնորոշումն օգտագործելը, կարծում ենք, կոռեկտ չէ, քանի որ տարաբնույթ աղանդների շարքային անդամները, իրոք, մոլորյալ հայորդիներ են։ Այնուհանդերձ խմբի անհանգստությունը և հանրությանը աղանդավորության վտանգներից զգուշացնելու այս փորձը միանգամայն տեղին է ու միայն դրվատանքի արժանի»[33]:
Այս նյութի համար յոթ կրոնական կազմակերպությունների ղեկավարներ նամակ-բողոքով դիմել են թերթի խմբագրին, ինչպես նաև ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին և այլ պետական կառույցների ղեկավարներին[34]:
Թերթի խմբագիրը նամակին չի պատասխանել: Պատասխան է ստացվել ՀՀ գլխավոր դատախազության անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հ. Սարգսյանից, որից պարզվում է, որ նա նամակ-բողոքն ուղարկել է (12/03/2009) ԱԱԾ քննչական վարչության պետ Վ. Սարգսյանին` համապատասխան քայլեր ձեռնարկելու համար[35]: Մինչ օրս որևէ այլ պաշտոնական տեղեկություն կրոնական կազմակերպությունները չեն ստացել, իսկ «ԱՊՐԻԼԻ 24-ի խումբ»-ը, ինչպես նաև մյուս կազմակերպությունները շարունակում են տարածել նմանատիպ թռուցիկներ: 2009թ-ի դեկտեմբերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը «Ժամանակ Երևան» օրաթերթի լրագրող Մարինե Խառատյանին տեղեկացրել է, որ ազգային ծառայության մարմինները գործը քննել են և որոշել այն մերժել «հանցակազմի բացակայության պատճառով»[36]:
2006թ. մարտի 18-ին «Հայ ցեղապաշտներ» անվամբ խմբի կողմից «ՄԱՀ ԱՂԱՆԴՆԵՐԻՆ և ՆՐԱՆՑ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ» բովանդակությամբ թռուցիկներ են տարածվել Վանաձոր քաղաքի տարբեր թաղամասերում: Փաստի կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի կողմից գրություն է ուղարկվել ոստիկանության Վանաձորի բաժնի պետին, պատճենը՝ Լոռու մարզի դատախազին՝ ցանկանալով իրազեկել դեպքի մասին և միևնույն ժամանակ տեղեկատվություն ստանալ նման բնույթի հայտարարություն տարածողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Թռուցիկներ տարածողները բացահայտվել են:
2006թ. ապրիլի 22-ին Լոռու մարզի դատախազությունը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղ» կազմակերպությանը տեղեկացրել է, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը: Որոշման համաձայն` «Թեև Մ. Կոստանդյանի և Հ. Հակոբյանի արարքում պարունակվում են ՀՀ քր. օր-ի 143 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, բայց քանի որ նրանք զղջում են իրենց արարքի համար, խնդրում են մեղմ վերաբերվել, նախկինում արատավորված չեն եղել, Հ. Հակոբյանը դեռևս անչափահաս է, ուստի ղեկավարվելով ՀՀ քր.դատ.օր-ի 37 հոդ. 1-ին մասի 1-ին կետով՝ որոշվել է Մ. Կոստանդյանի և Հ. Հակոբյանի կողմից թռուցիկներ տարածելու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով մերժել քրեական գործի հարուցումը՝ զղջալու հիմքով»[37]:
2.7 Քրեակատարողական հիմնարկներ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2007թ. գործունեության մասին հաշվետվությունում նշվում է.
«Մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության իրավունքների սահմանափակման դեպքեր չեն եղել, նաև այդ առումով գանգատներ չեն ստացվել: Դավանանքի ազատության իրավունքի իրականացումն ընդգծվում է հատկապես այն հիմնարկներում, որտեղ կան պահվող «Եհովայի վկաներ» դավանանքի ներկայացուցիչներ: Նրանք իրենց խցերում, կացարաններում կահավորել են իրենց դավանանքն իրականացնելու համար անկյուններ, վարչակազմերի կողմից որևէ սահմանափակում նրանց նկատմամբ չի կիրառվել»:[38]
ՀԱՍԵ-ն քրեակատարողական հիմնարկներին կից ունի հոգևորականներ, որոնք անարգել այցելում են կալանավորներին: Ըստ ՀԱՍԵ-ի տվյալների[39]` քրեակատարողական հիմնարկներում տարվող աշխատանքներին ներգրավված են հինգ հոգևորական և Ս. Հռիփսիմե վանքի երկու միանձնուհի։ Միանձնուհիներն աշխատում են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որը նախատեսված է կանանց և անչափահասների համար: Մյուս կրոնական կազմակերպությունների անդամ կալանավորներին ցանկության դեպքում որոշակի պարբերականությամբ այցելում են իրենց կազմակերպության ծառայողները: Մասնավորապես «Եհովայի վկաներ» կազմակերպության մամուլի հարցերով պատասխանատու Լևոն Մարգարյանը մեզ գրավոր պատասխանել է. «Ունենք թույլտվություն երկու ամիսը մեկ անգամ այցելել ազատազրկման վայրերում գտնվող Եհովայի վկաներին` հոգևոր օգնություն ցուցաբերելու համար: Սակայն գտնում ենք, որ անհրաժեշտ է ավելի հաճախակի այցելություններ կատարել, որովհետև դա օգտակար կլինի նաև ազատազրկման վայրերի ադմինիստրացիայի համար ևս: Այդ կապակցությամբ երկխոսություններ են տարվում ՀՀ արդարադատության նախարարության հետ»: Մյուս կրոնական կազմակերպությունների ղեկավարների հետ մեր զրույցներից պարզել ենք, որ նրանք ևս որևէ խոչընդոտ չեն ունեցել այս հարցում, սակայն հանդիպումների երկամսյա պարբերականության մասին տեղյակ չեն:
Արտասահմանցի կալանավորները հիմնականում պահվում են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Որոշակի խնդիրներ են առաջանում իսլամ դավանող (հիմնականում Իրանի քաղաքացիներ) կալանավորների սննդի հետ կապված հարցերում` ըստ իրենց կրոնական կանոնների, որոնք դեռևս չեն լուծվել:[40]
«Հիգիենայի պահպանման հետ կապված որոշակի խնդիրներ կան նաև մահմեդական կրոնը դավանող կալանավորվածների ու դատապարտյալների հետ: Օրինակ` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող օտարերկրյա մահմեդական դատապարտյալները (հատկապես փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում), ելնելով կրոնական համոզմունքներից, իրենց բնական կարիքները հոգալուց հետո կատարում են լվացումներ, ինչը խիստ բացասական է ընդունվում խցում գտնվող քրիստոնյա դատապարտյալների կողմից և հաճախ առաջ է բերում կոնֆլիկտային իրավիճակներ»[41]:
Խնդրահարույց է նաև կրոնական համոզմունքներով որոշակի սնունդ չընդունող ազատազրկվածների սնվելու հարցը: Օրինակ` «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվում են ազգությամբ իրանցիներ, որոնց կրոնական համոզմունքներով արգելվում է սննդի մեջ խոզի միս օգտագործել, և այն օրերին, երբ ճաշը պատրաստվում է խոզի մսով, նրանք հրաժարվում են ճաշից:
Հակառակ դրան, Եվրոպական բանտային կանոնների 25.1-րդ կետը սահմանում է, որ սննդի հարցում դատապարտյալներին պահելու վայրի վարչակազմը պետք է հաշվի առնի նրանց կրոնական և մշակութային առանաձնահատկությունները: Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների 6-րդ կետը նույնպես պահանջում է հարգել հիմնարկի բնակչության այu կամ այն խմբին պատկանող բանտարկյալների կրոնական համոզմունքներն ու բարոյական նախադրույթները:
Ինչ վերաբերում է ՀՀ օրենսդրությանը, ապա ինչպես «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, այնպես էլ Կանոնակարգը կալանավորների և դատապարտյալների համար միայն իրենց կրոնը դավանելու հնարավորություն (կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և հոգևոր գրականությունից և այլն) են նախատեսում: Սակայն սննդի հարցում որևէ պահանջ նշված իրավական ակտերը չեն բովանդակում, ինչն էլ գործնականում հանգեցնում է նկարագրված բարդությունների[42]:
2.8 Իրավիճակը զինված ուժերում
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրային իրազեկման հայեցակարգ»-ի «Խնդիրներ» բաժնի 6-րդ և 7-րդ կետերում գրված է. «6. Զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ընդլայնում: 7. Զինծառայողների շրջանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքների բարելավման գործընթաց` զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրմամբ:»[43]: Սակայն, ի տարբերություն քրեակատարողական մարմիններում և ոստիկանության կողմից ձերբակալված անձանց պահելու վայրերում գործող հասարակական դիտորդական խմբերի, զինված ուժերում հասարակական դիտորդական խումբ կամ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտ դեռևս չի ստեղծվել: Սակայն նախարարությունը համագործակցում է նախարարի հրամանով ստեղծված հասարակական խորհրդի հետ, որը բաղկացած է հասարակական կազմակերպություններից, որոնք ՊՆ զինված ուժերում նաև մարդու իրավունքների խնդիրներով են զբաղվում:
«1997թ-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր, որում համաձայնեցվում և հստակեցվում են բանակի հոգևոր ծառայողների գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները։ Բանակի հոգևոր հովվությունն սկզբնական շրջանում ստեղծվել է հայոց բանակի սահմանապահ զորքերի, ինչպես նաև մյուս ստորաբաժանումների համար։ Որոշ տեղամասերում կառուցվել են մշտական մատուռներ։ Զորամասերի գրադարանները համալրվել են հոգևոր գրականությամբ, բաժանվել են Աստվածաշունչը, «Էջմիածին» ամսագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը, հոգևոր բնույթի տարբեր գրքույկներ:…Հոգևոր ծառայողները դասախոսություններ են կարդում, զինվորների հետ զրույցներ են անցկացնում, կազմակերպում են ուսուցողական ֆիլմերի ցուցադրումներ, ուխտագնացություններ, կատարում են եկեղեցու խորհուրդները, ժամերգություններ և եկեղեցական այլ արարողություններ։ Հայ զինվորները հոգևոր զարթոնք են ապրում և դարձի են գալիս Մայր Եկեղեցու վարդապետություն։ Բանակի հոգևոր ծառայության ծրագիրը ձևակերպված է պաշտպանության նախարարության կառուցվածքում։ Ներկայումս ավելի քան 35 հոգևորական է ծառայում բանակի հոգևոր ծառայության կառույցներում, որոնց թվում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ, սարկավագներ»:[44]
Ըստ հաղորդումների Հայաստանում գործող մյուս կրոնական կազմակերպությունները նման հնարավորություններ չունեն: Կրոնական կազմակերպությունների ղեկավարները մեզ հետ ունեցած հանդիպումների ժամանակ զինված ուժերում իրենց անդամների իրավունքների խախտման դեպքերի մասին չեն ահազանգել:
Պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվող «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամների հետ կապված իրավիճակը ներկայացրել ենք այս զեկույցի 3.3 բաժնում:
Նպատակահարմար ենք համարում նշել նաև, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր որոշմամբ իրավասու է ազատել ՀՀ քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից: Օգտվելով նշված օրենսդրական հնարավորությունից՝ ՀՀ կառավարությունը պարբերաբար որոշումներ է ընդունում ՀԱՍԵ-ի համապատասխան հոգևորականներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ[45]:
2.9 Իրավիճակը հանրակրթական դպրոցներում
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»: Նույն օրենքի «Կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները» վերտառությամբ 5-րդ հոդվածի 6-րդ կետում ասված է, որ ուսումնական հաստատություններում կրթությունն ունի աշխարհիկ բնույթ:
2003 թվականից դպրոցներում դասավանդվում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։ 2007թ. փետրվարի 22-ին ԱԺ ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որը եկեղեցուն թույլ է տալիս դերակատարություն ստանձնել հանրակրթական դպրոցներում.
«Հոդված 8. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում
1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`
1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.
3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները.
4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով…»:
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը թույլ է տալիս մասնակցել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրերի և դասագրքի մշակման աշխատանքներին: Եկեղեցին պարբերաբար կազմակերպում է հավաքներ ուսուցիչների համար, ներկայացնում է ուսուցիչների թեկնածությունը: Ըստ հաղորդումների կան դեպքեր, երբ այդ առարկայի դասավանդման ժամանակ դրսևորվում են կրոնական անհանդուրժողականության դեպքեր: «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանն ուղղակիորեն մասնակցում են ՀԱՍԵ-ի սպասավորները, կամ դասերը տեղի են ունենում եկեղեցիներում, որը հակասում է «Կրթության մասին» ՀՀ օրենքին, որտեղ սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է: Իրականում դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան վերածվում է ուղղակի կրոնի դասավանդման առարկայի:
2009թ. հուլիսի 10-ին այս զեկույցի հեղինակները հարցազրույց են անցկացրել Լոռու մարզում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Վահան Ազարյանի հետ, ըստ որի՝ դպրոցներում «ուսուցանվում է Աստվածաշունչ», և հոգևորականները մասնակցում են դասերին, ինչը հակասում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ կետին. «Շատ իշխանավորներ կան, որոնք ուզում են` ամեն ինչ շատ լինի, բայց այդ բոլորը պետք է արվի ներքին կարգով: Այսինքն` ներքին կարգով դպրոցի տնօրենը պետք է լավ իմանա, որ գոնե ամիսը մեկ կարելի է հոգևորականին հրավիրել դպրոց, դասղեկն իմանա, որ հոգևորականի հետ կապը միշտ պետք է պահել: Դա գալիս է մեր խնդրանքից. մենք ուղղակի խնդրում ենք այդ ժամանակ: Սակայն դա մենք չենք կարողանում ամրագրել օրենքով»: Նա ասել է. «Մենք տեսնում ենք, որ առարկայով ուսուցանվում է Աստվածաշունչը, այսինքն` մի գիրք, մի օրենսգիրք, որ Քրիստոսից տարիներ հետո, երբ ձևավորվեց եկեղեցին, դարձավ համաքրիստոնեական հեղինակություն»:
Նույն օրը հարցազրույց ենք անցկացրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդիտա Վարդանյանի հետ: «Երբ մենք փորձում ենք մեր հայոց եկեղեցու պատմության դերը, նշանակությունը, հեղինակությունը մեր ուշադրության կենտրոնում պահել, չգիտես ինչու դա դիտվում է որպես հետապնդում, որպես մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգություն, վիրավորանք արժանապատվության դեմ և բազմաթիվ նման պիտակներ են կպցվում: Մինչդեռ մենք միմիայն մի նպատակ ունենք` երեխային զերծ պահել այլ թերի, ոչ լիարժեք և միանգամայն վտանգավոր կրոնական հակվածությունից: Մենք ունենք մեկ եկեղեցի` դա մեր Առաքելական Եկեղեցին է, մենք ունենք մեր աստվածը, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք»,- ասում է նա: Տնօրենը նաև նշել է, որ հաճախ տեղի են ունենում աշակերտների հանդիպումներ քահանաների հետ, որոնք կազմակերպվում են ուսուցիչների նախաձեռնությամբ: Դպրոցում այլ կրոնական կազմակերպությունների անդամ աշակերտների մասին հարցին տիկին Վարդանյանը պատասխանել է. «Այդ երեխաները նախ թաքնված են, որովհետև տանը շատ լավ դաս են անգիր արել, որ երբեք չխոստովանեն դա, ընդհակառակը, մի բան էլ հարձակման անցնեն, ու մենք տեղյակ չենք լինում, որ իսկապես հոգու խորքում նա այլ ուղղության հետևորդ է: Նա կարող է շատ նորմալ, շատ հանգիստ դասը սովորել, պատասխանել, բայց իրականում մարդու հոգին մենք չպետք է բացենք»: Ապա տնօրենն ավելացրեց. «Եթե անգամ համարձակություն ունեցավ և ասաց դրա մասին, այդ դեպքում ի՞նչ է մնում մեզ անելու` առանձին զրույցներ երևի: Դասարանային մակարդակով այդ աշակերտները մի քիչ թերարժեքության բարդույթով են տառապում, որովհետև նրանք գիտեն, որ իրենք մեծամասնություն չեն և իրենց հատուկենտ նվազ ուժով ոչինչ չեն կարող անել և չեն էլ ուզի իրենց ընկերների ծաղրանքին, հարձակումներին արժանանալ, ավելորդ մականուններ վաստակել, որը երբեմն պատահում է, և դա բնական է: Էդպես էլ պետք է լինի. այն, ինչ մեզ հետ չի, մեր դեմ է, իսկ եթե մեր դեմ է, մենք դրա դեմն առնելու ձևը գիտենք»:
«Ժամանակ Երևան» օրաթերթը[46] տեղեկացնում է. «Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի դպրոցի ուսուցիչները կրոնական անհանդուրժողականության արշավ են սկսել: Դպրոցի տնօրենն սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու անդամներից մեկի երեխաներին այն բանի համար, որ աղանդավորական են: Ուսուցիչները երեխաների շրջանում հարցումներ են անցկացնում` բացահայտելու աղանդավորականներին: «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչը կոչ է արել մյուս երեխաներին չշփվել աղանդավորականների հետ: Այժմ երեխաները մեկուսացված են ընկերներից: Նման դեպքերը բնորոշ են ոչ միայն Լոռու մարզին, այլև տարածված են ողջ Հայաստանում»:
2009թ. մայիսի 13-ին «Ժամանակ Երևան» օրաթերթը տպագրել է Մարինե Խառատյանի «Գուգարքի թեմի առաջնորդն ընդդեմ... երեխաների» հոդվածը[47], որտեղ գրված է. «Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը նախօրեին Վանաձորի նորակառույց եկեղեցու դահլիճում հանդիպել է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը: Տնօրեններին հրահանգվել է ակտիվ աշխատանք տանել «աղանդավորության», ասել է թե` «աղանդավոր» երեխաների դեմ: Ընդ որում, եպիսկոպոսից բացի, ելույթ է ունեցել նաև Լոռու մարզպետը` նույն մոտիվներով: Նմանատիպ հանձնարարական տրվել է նաև Սպիտակի դպրոցների տնօրեններին: Երեկ արդեն Վանաձորի թիվ 9 դպրոցում ուսուցիչներն սկսել են աշակերտների հարցաքննությունը, թե ով ինչ եկեղեցի է հաճախում, այնտեղ մոմ վառում են, թե ոչ: Ուսուցիչները գրանցել են երեխաների անուն-ազգանունները և սպառնացել, որ եթե աշակերտները հաճախեն «աղանդավորականների», այսինքն` Հայ Առաքելական Եկեղեցուց բացի այլ եկեղեցիների հավաքներին, խստագույնս կպատժվեն: Բազմաթիվ «բացահայտված» երեխաներ լացելով ու հոգեկան սթրեսի մեջ են դպրոցից գնացել տուն: Մեզ հասած տեղեկություններով` ուսուցիչները հետևում են հրահանգներին, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը: Ի դեպ, ամիսներ առաջ Լոռու մարզի Սպիտակ քաղաքին կից Ջրաշեն և Չիգդամալ գյուղական դպրոցներում նման գործունեությամբ են զբաղվել արդեն ոստիկանները:
«Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը գերազանցում է իր լիազորությունները և միջամտում է պետության գործերին, և սա առաջին անգամը չէ», - մեզ հետ զրույցում երեկ գնահատական ներկայացրեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` շարունակելով. «Նա իր գործողություններով հրահրում է կրոնական անհանդուրժողականություն և թշնամանք կրոնական այլ ուղղությունների նկատմամբ, և Լոռու մարզում կրոնական պատկանելության հիմքով ոտնձգությունների պատասխանատվությունն ընկնում է անմիջապես Սեպուհ Չուլջյանի վրա: Նաև տեղի իշխանությունները` մարզպետի, քաղաքապետի, համայնքների ղեկավարների մակարդակով իրենց նման գործողություններով կրոնական անհանդուրժողականություն են սերմանում և պառակտում մտցնում հասարակության մեջ` կրոնական պատկանելության հողի վրա»»:
Հաջորդ օրը նույն թերթը «Եկեղեցին անցել է «աղանդավոր» երեխաների դեմ պրակտիկ գործունեությա՞ն: Մարզպետարանը հերքում է, ծնողը` հաստատում»[48] հոդվածում շարունակում է լրագրողական հետաքննությունը· «Երեկ մեզ հաջողվեց զրուցել վանաձորցի ծնողի հետ, որի երեխաների հետ աշխատանք էր տարվել դպրոցում: Ծնողը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ պատմեց հետևյալը. «Սկզբից ցածր դասարանցիների անուններն են գրանցել: Երեխան ասաց` ուսուցչուհին երկու-երկու կանչում էր ու հարցեր տալիս իրենց: Հարցրել է` որ եկեղեցին եք հաճախում, այնտեղ մոմ վառում եք, այնտեղ ձեզ ինչ են տալիս: Ավելի բարձր դասարանցիներին արդեն բացահայտ, ողջ դասարանի մոտ կանգնեցրել, պախարակել են, թե դուք աղանդավոր եք, եթե մոմ չեք վառում այնտեղ, ուր գնում եք` հոգեորսներ են, էլ չեք գնալու էդտեղ: Փոքր երեխաս հուզված, լացելով, վախեցած եկավ տուն, մեծս նույնպես վախեցած է եկել տուն», - ասաց ծնողը` շարունակելով. «Իհարկե, շատ վատ եմ գնահատում, երեխաների վիճակը տեսնելով` ես ինքս էի արդեն վատ վիճակում: Ո՞նց կարելի էր նման կերպ վարվել երեխաների հետ»: Մեզ հետ զրուցած մեկ այլ ծնող զարմացավ, որ մարզպետարանը հերքում է փաստը. «Ինչպե՞ս թե չի խոսվել: Ամբողջ Վանաձորն է «Լոռի» հեռուստատեսությամբ տեսել: Առաջինն ասվել է, որ «Հայ Եկեղեցու պատմության» դասավանդումները պետք է ուժեղացնել, հետո` պայքարել աղանդավորների դեմ: Եպիսկոպոսն իր խոսքում ասաց, որ մանկապարտեզները պետք է կոչվեն սրբերի անուններով, իսկ դպրոցներում պետք է պայքարել աղանդների դեմ: Մարզպետն ինքն էլ կոչ էր անում, որ պետք է պայքարել բոլոր աղանդավորների դեմ, այն դեպքում, երբ «աղանդը» իրավաբանական տերմին չէ, և կառավարության ներկայացուցիչները, պաշտոնավորներն իրավունք չունեն «աղանդ» բառը գործածել` խոսելով կրոնական կազմակերպության մասին: Մարզպետը բացահայտ կոչ էր անում դպրոցներում պայքարել աղանդավորության դեմ: Ամբողջ հավաքը դրան էր նվիրված, ինչի՞ մասին է խոսքը: Ո՞նց էդպիսի բան չի եղել: Դրանից հետո 9-րդ դպրոցում անցել են պրակտիկ գործունեության»»:
Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունը 2009թ. մայիսի 12-ին հեռարձակված ռեպորտաժում լուսաբանել է այդ հանդիպումը· «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրինության և Գուգարաց թեմի նախաձեռնությամբ Սպիտակ քաղաքում կայացավ հանդիպում-քննարկում` Սպիտակի և տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր դպրոցներում առավել մեծ ուշադրություն դարձնել քրիստոնեական դաստիարակությանը: Նման հանդիպում էր կազմակերպվել նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, որին մասնակցում էին Վանաձորի բոլոր հանրակրթական դպրոցների տնօրենները: Նպատակը նույնն էր` առավել հետևողական դարձնել դպրոցներում քրիստոնեական դաստիարակությունը: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի խոսքով` արդյունավետ քրիստոնեական դաստիարակություն կազմակերպելու համար անհրաժեշտ է հարթել դպրոց և հասարակություն, դպրոց և փողոց հակասությունները, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի միջոցով աշակերտների ուշադրությունը սևեռել դեպի եկեղեցական տոները, պայքարել աղանդների դեմ»[49]: Ռեպորտաժում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ասել է· «Մեր ինքնության մաս հանդիսացող արժեքներն առավել հստակ, առավել ցցուն ձևով մենք պետք է հետայսու միջոցառումների տեսքով անցկացնենք, որպեսզի մեր մանուկները կրթվեն հայեցի ոգով: Մեր քահանաները ևս դպրոցներում հանդիպում են աշակերտության հետ, և էլ ավելի շատ հանդիպելու հնարավորություն ենք ստեղծում դպրոց, ուսուցիչ և քահանա հարաբերությունների ծիրում»: Նույն ռեպորտաժներում ներկայացվել են Լոռու մարզպետի, դպրոցների տնօրենների խոսքերը: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը մասնավորապես ասել է. «Աղանդները և հոգեորսությունը տարածված են մեր իրականության մեջ, որն անընդունելի է, որ դպրոցում մենք հանդուրժենք»[50]:
Նույն հեռուստաընկերության՝ Սուրբ Զատկի տոնին նվիրված ռեպորտաժում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ասել է· «Որքան գեղեցիկ էր և մխիթարական, որ երեխաները մեր, մանուկները մեր մանկապարտեզներում արդեն ստանում են քրիստոնեական դաստիարակություն: Եվ որ նրանք Աստծո անունն են առնում իրենց բերանը և բարձրաձայնում են հոգևոր երգեր, որով մեզ` մեծահասակներիս, զգաստացնում են, լրջացնում են: Այս միջոցառումը դաստիարակչական կարևոր քայլ էր, որը ուրախ եմ, որ համահանրապետական նշանակության միջոցառում է»: Այնուհետև կադրի հետևից շարունակվում է ռեպորտաժը. «Թեմակալ առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը կոչ արեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների բոլոր ներկայացուցիչներին` հաստատություններն անվանակոչել հայոց սրբերի անուններով: Այդ ցուցակն արդեն մեկ տարի է` տրամադրվել է Վանաձորի քաղաքապետարանին, սակայն նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները հանդես չեն գալիս նախաձեռնողականությամբ: Մինչդեռ թեմի հոգևոր առաջնորդի խոսքով` նման քայլերով են քրիստոնեական արժեքներ դաստիարակում»: Թեմի առաջնորդը հեռուստաեթերից ուղղակիորեն ասում է, որ հանրակրթական հաստատություններում կրոնի ուսուցում է դասավանդվում, այնինչ, ըստ ուսումնական ծրագրերի, այն պետք է լինի եկեղեցու պատմության դասավանդում:
Ըստ մեր տեղեկությունների Լոռու մարզպետարանի, քաղաքապետարանների, ավագանիների քննարկումներին և միջոցառումներին մասնակցում են ՀԱՍԵ-ի սպասավորները. մյուս կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներն այդ հանդիպումներին չեն հրավիրվում:
2009թ. սեպտեմբերին «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը նամակ է ուղարկել ՀՀ կրթության նախարար պարոն Աշոտյանին, որով նրան տեղեկացվել է Լոռու մարզի դպրոցներում տեղի ունեցող կրոնական անհադուրժողականության դեպքերի մասին, մասնավորապես ներկայացվել են վերը նկարագրված` Վանաձորի թիվ 9 դպրոցի տնօրենի հարցազրույցի, «Լոռի» հեռուստաընկերության ռեպորտաժների սղագրությունները, ինչպես նաև մանկապարտեզները սրբերի անուններով անվանակոչելու՝ Գուգարաց թեմի առաջնորդի պահանջը, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հոգևորականների կողմից դասավանդելու և առարկան պատմություն առարկայից կրոնի ուսուցման վերածելու փաստերը, սակայն նախարարության աշխատակազմի ղեկավարի պատասխանում անդրադարձ է արվել միայն մանկապարտեզների անվանակոչության խնդրին` այն համարելով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության հարց[51]:
2009թ. հոկտեմբերի 17-ին սույն փոստաթղթի հեղինակները հարցազրույց են անցկացրել Գյումրի քաղաքի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցու վերապատվելի Ռուբեն Փահլևանյանի հետ: Խոսելով դպրոցներում առկա կրոնական իրավիճակի մասին` վերապատվելին նշել է մի շարք, հատկապես գյուղական դպրոցների (Ամասիա, Ցողամարգ) տնօրենների կողմից այլ կրոնական կազմակերպությունների հետևորդ աշակերտներին ուղղված նախազգուշացումների մասին, մասնավորապես, ովքեր առաքելական քրիստոնյաներ չեն, նրանք կարող են հեռացվել դպրոցից: Ըստ Ռուբեն Փահլևանյանի` «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվում է ոչ որպես այդպիսին, այլ այն միջոց է հասարակության մեջ կրոնական մյուս կազմակերպությունների նկատմամբ հսկողություն պահելու և դպրոցական սերնդին զուտ Առաքելական եկեղեցու մենաշնորհի տակ պահելու համար»:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսպես է մեկնաբանում այդ դեպքերը[52]. «Այդ նույն ահազանգերը, որ դուք ստացել եք, ինչի՞ համար եք ստացել, թե՞ մի քանի ծնողներ կան, որոնք չեն ուզում, որ իրենց զավակը սովորի «Հայ Եկեղեցու պատմությունը»: Եվ իրենք պահանջ են դնում` ասելով, որ «Իմ զավակը չի նստելու «Հայ Եկեղեցու պատմության» դասերին»: Տնօրենն էլ ասում է, որ իրավունք չունի չնստելու, որովհետև դա պետական ծրագիր է: Եթե եզդի երեխան սովորում է, ռուս կամ ասորի երեխան սովորում է, այսինքն` ցանկացած մեկը պետական ծրագրով սովորում է, ուրեմն քո երեխան էլ պարտավոր է սովորել: Իսկ եթե այդ դասին չպետք է նստի, ուրեմն ընդհանրապես չպետք է նստի դպրոցում: Տնօրենի ասածը սա է: Ոչ թե տնօրենն ասում է` եթե դուք Հայ Առաքելական եկեղեցուց չեք, դպրոցում չեք կարող սովորել, այլ ծնողն է պահանջում, որ երեխան «Հայ Եկեղեցու պատմության» դասին չնստի և դրա դիմաց տնօրենն ստիպված է ասել, որ այդպես չի կարող լինել, պետք է նստի այդ դասին, և եթե չի նստում, ուրեմն բոլոր դասերին պետք է չնստի: Բայց դրանից հետո, անշուշտ, իրենք պետք է աղմուկ բարձրացնեն, որովհետև վայնասունն իրենց քաղաքականության մեջ է մտնում` ասելով. «Հասեք, մեզ ծեծում են»: Բայց ոչ ոք իրենց չի ծեծում: Ոչ ոք իրենց չի հալածում: Նույն Ցողամարգ գյուղում, որ ասում եք, Եհովայի վկաները 10 տարի առաջ մտել էին, սկսել էին քարոզել, ժողովուրդը դուրս էր արել և դուրս անելու ժամանակ նաև որոշակի բռնություն էր կիրառել: Ընդ որում, երեխաների կողմից: Երեխաները քարկոծել էին մեքենան: Հետո Եհովայի վկաները հայտարարեցին, որ իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել: Բայց քեզ ո՞վ է խնդրել, որ մտնես այդ գյուղ: Քեզ ո՞վ է տվել այն իրավունքը, որ մտնես ուրիշի տունը և քարոզես: Ուրեմն ինքնապաշտպանությունն օրենքի խախտո՞ւմ է: Եթե Հայ եկեղեցին ինքնապաշտպանվում է, նշանակում է` հալածո՞ւմ է: Ուրեմն մենք այդ մեծամասնության եկեղեցի լինելով` ցավոք, ամենից շատ ենք հարվածներ կրում և ամենից շատ ենք հալածվում»:
Հայաստանի hելսինկյան կոմիտեն Ուրբան Կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, Եվրոպական միության/Եվրոպական հանձնաժողովի և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ 2007-2008թթ. իրականացրել է «Մարդու իրավունքների կրթություն. քայլ առ քայլ» ծրագիրը: Ծրագրի արդյունքում ներկայացվել է «ՀՀ Սյունիքի մարզում կրոնական հանդուրժողականության և խտրականության մոնիթորինգի» զեկույց: Զեկույցում[53] ասված է. «Հարցումներ են անցկացվել Գորիս, Սիսիան, Կապան քաղաքների և Շինուհայր ու Ախլաթյան գյուղերի դպրոցներում: Աշակերտների և ուսուցիչների մեծամասնությունը բացասաբար է վերաբերվում կրոնական համայնքների անդամներին (բացասական՝ 76%, դրական՝ 24%): Հարցման մասնակիցներից ոմանք նշեցին, որ իրենց դպրոցում կան կրոնական համայնքների անդամ աշակերտներ և ուսուցիչներ: Այդպիսի դպրոցներից հարցվածների մեծ մասը նշեց, որ այդ հավատացյալների կողմից քարոզչության դեպքերը քիչ են: Ուսուցիչներից մեկը նշեց, թե ինչպես է արձագանքել աշակերտի կողմից քարոզչությանը. «Թևից բռնել, շպրտել եմ»... Ըստ հարցվածների՝ չնայած կրոնական համայնքների անդամները քարոզչություն չեն անում, սակայն շրջապատը բացահայտ խտրական վերաբերմունք է դրսևորում նրանց նկատմամբ»: Զեկույցում ներկայացված են Շինուհայր գյուղում անցկացված հարցումները. «Շինուհայրի աշակերտներից նշել են, որ մի համադասարանցի ընտանիքով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կազմակերպության անդամ է: Նա սովորում է բոլոր առարկաները, բացի եկեղեցու պատմությունից: Այդ դասաժամին որոշակի լարվածություն էր ստեղծվում նրա և ուսուցչի միջև. ուսուցիչն սպառնացել է անգամ նրան հեռացնել դպրոցից»: «Մի քանի ամիս առաջ մի ուսուցչուհի հեռացվեց աշխատանքից իր կրոնական համոզմունքների պատճառով, թեև պաշտոնական բացատրությունն այլ կերպ է ձևակերպված, սակայն բոլորիս համար էլ պարզ է իրական պատճառը»: «Մի անգամ ուսուցիչը մի ամբողջ դասաժամ փնովում էր կրոնական համայնքի անդամ մի աշակերտի, իսկ նա «կապտած լսում էր...»»[54]:
2009թ. Կրթության նախարարության և ՀԱՍԵ-ի կաթողիկոսի տնօրինությամբ ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում անցկացվում է դպրոցական մրցույթ` նվիրված Ս. Պատարագի խորհրդին և երգեցողությանը: Հայ կաթողիկե եկեղեցու մի ծառայող մեզ պատմել է, որ 2009թ. հոկտեմբեր ամսին ամբողջությամբ կաթոլիկներով բնակեցված Փանիկ գյուղի դպրոցում տեղի է ունեցել տեղի դպրոցի սաների ներկայացումը, որին մասնակցել է նաև Հառիճի վանքի տեսուչ Կորյուն աբեղան: Ներկայացման ավարտից հետո հայր Կորյունը դիմել է աշակերտներին և նրանց անվանել դավաճաններ և ուրացողներ` նկատի ունենալով այն, որ նրանք կաթոլիկներ են: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նույնպես անդրադարձել է այս դեպքին. «Ես գիտեմ, որ կաթոլիկ համարվող Փանիկ գյուղի դպրոցի տնօրենը շարել է բոլոր երեխաներին և հրահանգել նրանց հայտարարել. «Մենք բոլորս կաթոլիկ ենք և երբեք կաթոլիկությունը չենք թողնի»: Դեպքը կապված է եղել «Սուրբ պատարագը մանկան շուրթերով» ծրագրի շրջանակներում առաքելական քահանայի` գյուղ կատարած այցելության հետ: Հայր սուրբը գնացել էր տեսնելու, թե այդ ծրագիրն ինչպես է իրականացվում: Նրանք մեր պատարագն են երգում, ուրեմն նույնքան շահագրգռված պետք է լինեն այդ պատարագը սովորելու: Եվ փոխանակ ուրախությամբ և զվարթությամբ մասնակցեն այդ ծրագրին, ընդհակառակը, փշերով են ընդունել, թե «Ի՞նչ գործ ունես: Ինչո՞ւ ես եկել մեր գյուղ և այլն»»:
Եպիսկոպոսն այսպես է մեկնաբանում ՀԱՍԵ-ի և Հայ կաթողիկե եկեղեցու հարաբերությունները. «Հայ կաթոլիկությունը Հայ Առաքելական Եկեղեցուց բաժանված և Կաթոլիկ եկեղեցուն արհեստականորեն պատվաստված միավոր է: Դա կաթոլիկ եկեղեցին չէ, չի ներկայացնում Կաթոլիկ եկեղեցուն և չի էլ կարող ներկայացնել: Եվ քանի որ Հայ կաթոլիկ եկեղեցին բաժանման միջոցով է ստեղծված, իր ցանկությունն է միշտ մեծացնել իր հավատացյալների շրջանակը: Ո՞ւմ հաշվին պետք է մեծացնի, անշուշտ, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների հաշվին: Դրա համար Հայ կաթոլիկ եկեղեցին այսօր, ցավով պետք է նշենք, որ գործում է նույն գործելակերպով, ինչ որ ուրիշ հարանվանություններ, այսինքն` առավելագույնս մարդորսություն. որտեղի՞ց` Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներից»:
Որոշ կրոնական կազմակերպությունների անդամներ չեն ցանկանում, որ իրենց երեխաները մասնակցեն «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասերին` դա պատճառաբանելով այն բանով, որ դասերի ժամանակ նրանց ստիպում են իրենց կրոնական համոզմունքներին հակառակ ծեսերի մասնակցել: Ըստ Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հասարակական գործերի տնօրեն Միլենա Գևորգյանի (այժմ արդեն նախկին), 2006թ. ապրիլ ամսին Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոցի տնօրենը իմանալով, որ մի ընտանիքի երկու երեխաներն այդ եկեղեցու անդամ են, կանչել է ծնողներին և պարտադրել, որ նրանց երեխաները հաճախեն «Հայ Եկեղեցու պատմության» դասերին, որի ժամանակ հայտարարել է. «Հավատացյալն իրավունք չունի հաճախելու այս դպրոցը»։ Միջադեպի կապակցությամբ եղել է հանդիպում քաղաքապետի հետ, որը կրկնել է դպրոցի տնօրենի պահանջը, և երեխաներն ստիպված են եղել փոխել դպրոցը։ Ըստ տիկին Գևորգյանի` նմանատիպ դեպքեր այլ դպրոցներում նույնպես եղել են[55]։
Ըստ «Եհովայի վկաներ» կազմակերպության տրամադրած տվյալների` գրեթե բոլոր դպրոցներում խնդիրներ են առաջանում՝ կապված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասերին կամ տեղի ունեցող միջոցառումներին չմասնակցելու հետ։ Oրինակ, 2007թ-ին Երևան քաղաքի Նոր Նորք համայնքի թիվ 139 միջնակարգ դպրոցում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչը 5-րդ դասարանում դեռ ուսումնական տարվա սկզբից «վարկաբեկիչ» հայտարարություն է կատարել Եհովայի վկաների հասցեին և երեխաներին վախեցրել է, որ ոչ մեկը չփորձի նույնիսկ նրանց հետ շփվել, անգամ աշակերտներից մեկին վիրավորել է ամբողջ դասարանի առջև և անբավարար գնահատել այն բանի համար, որ երեխան չի ցանկացել խաչակնքել։ Նույն համայնքի թիվ 62 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում ուսուցիչն ամբողջ դասարանի առջև Եհովայի վկաներ եկեղեցու անդամի երեխային ամոթանք է տվել իր հավատքի համար։ Եղել են դեպքեր, երբ ծնողներն ստիպված իրենց երեխաներին տեղափոխել են մեկ այլ դպրոց[56]։
ԱՄՆ պետդեպարտամենտի «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց 2009–Հայաստան» զեկույցում օրինակ է բերվում դպրոցներում անհանդուրժողականության հետևյալ դեպքը. «Եհովայի վկաների հաղորդման համաձայն` Երևանի թիվ 94 դպրոցի տնօրինությունն իրենց անդամների երեխաների հանդեպ շարունակվող հալածանքները չի կանխել: Ըստ հաղորդումների` 2008թ. նոյեմբերի 24-ին ոստիկանական բաժանմունք են հրավիրվել «մեղավոր» դեռահասները, ովքեր ընդունել են, որ ծաղրել են իրենց համադասարանցիներին, քանի որ իրենց դուր չի եկել նրանց կրոնական տարբերությունը: Տուժողների ընտանիքները հայտնել են, որ ոստիկանությանը դիմելու իրենց գործողությունները դպրոցի տնօրենը դատապարտել է, որի հետևանքով էլ իրենք որոշել են երեխաներին այլ դպրոց փոխադրել» [57]:
ՀԱՍԵ-ի անդամների և որոշ դպրոցների տնօրեններ մեզ հետ ունեցած զրույցների ժամանակ ասել են, որ լինում են դեպքեր, երբ կրոնական կազմակերպության անդամ ուսուցիչները, հատկապես «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամ, դպրոցներում զբաղվում են կրոնական քարոզչությամբ, որն արգելված է օրենքով: Հասարակության շրջանում հաճախ են լինում դժգոհություններ Եհովայի վկաների չափազանց համառ քարոզչության կապակցությամբ: Եղել են նաև դեպքեր, երբ դրանք վերածվել են վիճաբանության: «Եհովայի վկաներ» կազմակերպության ղեկավարներն ասում են, որ ակտիվ միսիոներությունն իրենց կրոնական պարտավորությունների մեջ է մտնում:
2007թ-ին Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու` այդ ժամանակահատվածում վարչական կենտրոնի նախագահ, հովիվ Վիգեն Խաչատրյանը պատմում է, թե ինչպես Սյունիքի մարզի Ախլաթյան գյուղի դպրոցում աշխատանքից զրկվել են իրենց համայնքի անդամ 7 ուսուցիչներ։ «Ստեղծում են այնպիսի պայմաններ, որ ուսուցիչն ինքը դուրս գա աշխատանքից»-ասում է նա[58]: Այնուհետև Վիգեն Խաչատրյանը շարունակում է. «Դպրոցներում ուսուցիչներին աշխատանքային շաբաթվա մեկ օր հանգիստ են տալիս, երբ այդ եկեղեցու անդամ ուսուցիչը խնդրում է, որ այդ օրը շաբաթ լինի, տնօրենը հատուկ դա չի անում։ Ախլաթյան գյուղի դպրոցում այս պատմությունը շարունակվում է մոտ 10 տարի»։ Ըստ նրա` մյուս դպրոցների տնօրեններն այս հարցում հիմնականում ընդառաջում են։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է նշել, որ տվյալ խնդիրը, ըստ էության, վերացած պետք է համարել, քանի որ 2009թ-ից շաբաթ օրը Հայաստանի հանրակրթական դպրոցներում հանգստի օր է համարվում:
2.10 ԶԼՄ-ներում կրոնական թշնամանքի մթնոլորտի ձևավորում
ԶԼՄ-ներով կրոնական թշնամանքի և անհանդուրժողականության քարոզն արգելված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, որի համաձայն` «արգելվում է հեռուuտառադիոհաղորդումներն oգտագործել`··· բ) ազգային, ռաuայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ uերմանելու նպատակով»: Պրակտիկայում ԶԼՄ-ներում հանդիպում են բազմաթիվ հոդվածներ, որոնք կրոնական թշնամանք են պարունակում, սակայն այս հետազոտության հեղինակներին հայտնի չի որևէ դեպք, երբ նման հաղորդումների հեղինակներին իրավասու մարմինները պատասխանատվության ենթարկեն:
Թեև սույն զեկույցը պատրաստելիս հեռուստաընկերությունների մոնիթորինգ չի կատարվել, այդուհանդերձ կրոնական կազմակերպությունների դեմ թշնամական կամ արհամարհական ու նսեմացնող արտահայտություններ կարելի է լսել հեռուստաընկերությունների եթերով:
Հայաստանում կրոնական անհանդուրժողականության քարոզչությունը հիմնված է երկու եզրի վրա` «աղանդ» և «հոգեորսություն», որոնք Հայաստանում ունեն յուրահատուկ երանգ և կարող են բացատրել կրոնական անհանդուրժողականության դրսևորումները:
«Հոգեորսություն» եզրը օգտագործված է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում և իրավական իմաստով մոտ է «ոչ պատշաճ դավանափոխությանը», սակայն ՀԱՍԵ-ի հետևորդների և մամուլի որոշ միջոցների կողմից օգտագործվում է այլ երանգով: Ըստ այդ ելույթների` «հոգեորսություն» եզրը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր հայ ՀԱՍԵ-ի անդամ է: Իսկ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով պատկանում են այլ կրոնական ուղղության, հոգեորսության արդյունք են: Այսինքն՝ ՀԱՍԵ-ին ի ծնե պատկանող հայի «հոգին» գողացվել է նրանից, քանզի ՀԱՍԵ-ն ազգային եկեղեցի է, և յուրաքանչյուր հայի «հոգին» նրա սեփականությունն է»[59]: Այս եզրին գալիս է լրացնելու «աղանդ» բառը: «Աղանդը» խոր միջնադարում օգտագործվող բառ է, որն սկզբնական շրջանում կիրառվել է ոչ քրիստոնյաների նկատմամբ, բայց հետագայում այն ձեռք է բերել «սեկտա»-ի իմաստ, որը, սակայն, Հայաստանում ունի ուրույն երանգավորում: «Աղանդ» եզրը հիմնականում գործածվում է այն կրոնական ուղղությունների հանդեպ, որոնց անդամներն ազգությամբ հայեր են: Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություն համարվող եզդիների կրոնը քրիստոնեության, իսլամի, զրադաշտականության, բուդդիզմի տարրեր է պարունակում, սակայն հայկական մամուլում որևէ դեպք չի եղել, որ նրանց նկատմամբ գործածվի աղանդ բառը, այնինչ Հայ կաթողիկե եկեղեցու մի սպասավոր մեզ բողոքում էր, որ իրենց գրասենյակի շրջակայքի բնակիչները երբեմն իրենց «աղանդավորականների» տեղ են դնում: Նման քարոզչությունն արդեն արմատավորվել է հասարակական գիտակցության մեջ: Այս կոնտեքստում է պետք հասկանալ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» գործող օրենքի 5-րդ հոդվածում «ազգային դավանանք» ունեցող ազգային փոքրամասնություններին տրվող առավելությունները[60]. «…Սույն պայմանները (բացի «ա» կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար՝ իրենց ազգային դավանանքով»:
«Հոգեորսություն» և «աղանդ» եզրերի նման տրամաբանությամբ գործածելու դեպքերը բազմաթիվ են: Ներկայացնում ենք մի քանի բնորոշ օրինակներ:
Այսպես, այս տարվա փետրվարին Հայաստանի ԶԼՄ-ները տարածել են ՀԱՍԵ-ի պաշտոնական տեղեկատվությունը, որտեղ նշվում է. «Փետրվարի 16-17-ը Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ քահանաների ավանդական հավաքը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և շուրջ 300 քահանաներ»: Եկեղեցու մամլո պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է. «Երկօրյա նիստերի արդյունքում քննարկման առարկա դարձան ժամանակակից մարտահրավերները` աշխարհիկացման և անձնապաշտության գործընթացները, արարչաստեղծ աշխարհը խեղող զանազան մեղքերն ու մոլությունները, ազգային և կրոնական ինքնությունների սահմանների վերացման տենդենցները, որոնք վտանգում են դարերով թրծված և քրիստոնեական մեր սուրբ հավատով շաղախված ազգային ինքնության անաղարտ նկարագիրը»[61]:
Փաստորեն մամլո տեղեկատվության մեջ քննադատվում է երկրի աշխարիկ լինելու մասին դրույթը, ինչպես նաև նեղ սահմանում է տրվում ազգային և կրոնական պատկանելիությունը:
Այս համատեքստում նպատակահարմար ենք համարում հիշատակել վերջին շրջանում հայաստանյան բարձրաստիճան պետական պաշտոնյաների՝ պետության և եկեղեցու փոխհարաբերությունների վերաբերյալ հայտարարությունները: «Ազգ» օրաթերթի հոդվածն անդրադառնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը. «Ուշագրավ էր վարչապետի որակումը, թե «եկեղեցին տարանջատված է պետությունից» միտքը հնամաշ է: «Եթե եկեղեցին մենք ենք, ապա ես ինչպե՞ս և ո՞ր պահին տարանջատեմ իմ մեջ քրիստոնյա մարդուն»[62]: Նման տեսակետները պետական բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով կարող է որոշ մարդկանց մոտ խղճի ազատությունը սահմանափակելու փորձի թյուր կարծիք առաջացնել, որը թերևս կարող է արտահայտվել իշխանությունների ազդեցության տակ գտնվող հեռուստաընկերությունների և տպագիր լրատվամիջոցների նյութերում:
2009թ. նոյեմբերի 27-ի երեկոյան Հայաստանի ողջ տարածքով հեռարձակվող «Հ2» հեռուստաընկերության եթերով ցուցադրվել է «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարի մի հաղորդում (հաջորդ շաբաթվա ընթացքում հաղորդումը 2 անգամ կրկնվել է: Հաղորդմանը մասնակցող` Արարատի մարզի Արգավան գյուղի Ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ասոյանն ասել է. «Ես ուղղակի հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր հարում են աղանդներին: Ունեն մայր, որի մի աչքը կույր է (և այս օրինակը շատ եմ բերել ես), մի թևը չի աշխատում և ոտքից կաղ է, և ունի բորոտություն: Բայց այդ կինը, այդ մայրն ինձ ծնել է, անքուն գիշերներ է անցկացրել, ինձ համար կռիվներ է տվել և հաց է վաստակել, որ ես անոթի չմնամ, որ ես կարողանամ մեծանալ և մեծանալով` մորս թասիբը պահեմ: Հիմա Հայ Առաքելական եկեղեցին դնեմ այդ վիճակի մեջ, որպես մայր` հաշվելով, որ նա հիվանդ է և այս կացության մեջ է: Եվ հանկարծ գալիս է մեկը` շպարված մի կին`շեկ մազերով, Եվրոպայի կամ Ամերիկայի հասարակաց տներից, ասում է` քո մայրը բորոտ է, նա չի կարող քեզ խնամել. ես եմ քո մայրը: Նա ինչքան էլ գեղեցիկ լինի, ինչքան էլ հոգատար լինի, միևնույն է, Եվրոպայի կամ Ամերիկայի հասարակաց տներից դուրս եկած մի կին է: Այսինքն` այսօր Հայաստանում գործող ցանկացած աղանդ ես համեմատում եմ Եվրոպայի կամ Ամերիկայի հասարակաց տներից դուրս եկած մի կնոջ հետ, որն ուզում է մոր դերն ստանձնել Հայաստան աշխարհի մեջ, հայ ժողովրդի, հայ մանուկի` առավել ևս քրիստոնեական դաստիարակության հարցում: Անբարոյականը չի կարող քրիստոնեություն քարոզել, վարդապետության հետևից չի կարող գնալ»: Քիչ հետո հոգևորականը շարունակում է. «Մեր տան մեջ բողոքում են մեզ վրա: Ուրեմն մենք թասիբ չունենք, եթե չենք ասում` ելեք ու ռադ եղեք էստեղից: Պիտի քշենք. ճիշտը սա է: Սահմանդ, ագարակը եթե ցանկապատ չունի, էշն էլ կմտնի, այծն էլ կմտնի, ուղտն էլ կմտնի: Պիտի ցանկապատդ պինդ պահես, ագարակդ պինդ պահես, որ ագարակիդ մեջ եղած ամբողջ բարիքը քոնը մնա: Որովհետև դու ես քրտինք թափում, որովհետև դու ես աշխատում, որովհետև դա անում ես քո ընտանիքի համար: Իսկ հայոց պետականությունը, հայոց երկիրը մի ընտանիք է: Հայոց պետության ղեկավարները, հոգևոր ղեկավարներն այդ ընտանիքի առաջնորդ գլուխներն են: Եվ եթե կարողանանք իսկապես մի օր միասնաբար ասել` Ո°չ աղանդներին, ու քշել այստեղից, էս տեսակի տարաձայնություններ չեն լինի»:
Որոշ հատվածներ ենք ներկայացնում ՀԱՍԵ-ի Գևորգյան հոգևոր ճեմարանի կրոնների պատմության դասախոս Տեր Ղևոնդ քահանա Մայիլյանի հարցազրույցից. «Չեմ կարծում, թե տրամաբանական է, որ իմ տանը պետք է սեփական իրավունքներս քննարկեմ մեկի հետ, որը համարձակվել է ոտնահարել դրանք,- ասաց քահանան: - Չէ՞ որ իմ երեխային են գողանում, իմ հոտի անդամներին, իմ տան դուռն են թակում, քննադատում են ազգային ավանդույթներս, բայց եթե զբաղվում են հոգեորսությամբ կամ քարոզչությամբ, որը դեմ է մեր ազգային մշակույթին ու մտածելակերպին, վերջապես, ոտնահարվում են մարդու իրավունքները, ապա մեր կողմից մերժելի են: Մորմոնները ինչո՞ւ են շատացել. որովհետև խլել են մեր հոտի անդամներին»,- բացատրում է Տեր Ղևոնդ քահանա Մայիլյանը»[63]: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցազրույցից· «Առաքելական Եկեղեցին՝ որպես կրոնական հաստատություն, ազգային է մեզանում, և այս առումով ազգայինն ու հոգևորը նույնացել են դարերի ընթացքում և դարձել հայության արժեհամակարգը: Դրանով հայ ժողովուրդը և նախնյաց ժառանգությունն իր մեջ ներառած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճակատագրերով նույնանում են»[64]:
Այսպես է բնութագրում «հոգեորսությունը» ՀԱՍԵ-ի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը[65]. «Եթե մենք մեր ինքնությունը, մեր էթնիկ ինքնագիտակցությունը տեսնում ենք Հայ Առաքելական եկեղեցու մեջ, ընդհանրապես իբրև հայ ինքնագիտակցություն` գտնում ենք Հայ Առաքելական Եկեղեցվո մեջ, ուրեմն եթե 50 մասի բաժանվենք, դառնում ենք 50 ազգություն: Դա պարզից պարզ է: Ուրեմն գերագույն օգուտն ուրիշի համար է, մեզ համար չէ: Նրա համար է, ով ուզում է այդ մոնոլիտ երկիրը, որ Հայաստան է կոչվում, այդ մոնոլիտ հոգևոր տարածքը, որը Հայ Առաքելական Եկեղեցի է կոչվում, բզիկ-բզիկ անել....: Հայ ժողովուրդը Հայ Առաքելական Եկեղեցու դաշտն է: Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է հայ ժողովրդին, և հայ ժողովուրդը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Որևէ ոտնձգություն հայ ժողովրդի այդ դարավոր իրավունքի և պարտականության նկատմամբ բարոյական օրենքից դուրս է: Հայ ժողովրդին դիտել իբրև միսիոներության, քարոզչության դաշտ որևէ մեկ կառույցի կողմից բարոյական օրենքի խախտում է, որովհետև այդ ժողովուրդը տեր ունի, այդ ժողովուրդը մայր ունի, այդ ժողովուրդը ծնող ունի ...: Մենք չենք ուզում, որ հայ ժողովրդից որևէ մի բեկոր պոկվի և միանա մեկ այլ բանի: Որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի միասնության շաղախն է: Այն եկեղեցիները, որոնք այս իմաստով էթնիկ ուղղվածություն չունեն, նրանց համար հասկանալի չէ մեր պահվածքը, և նրանք չեն էլ կարող հասկանալ»:
«Սահմանափակել աղանդների ազատությունը»[66] հոդվածում ասվում է. «Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Վահան Ազարյանը կարծում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին աղանդների դեմ պայքարում պետք է գլոբալ աշխատանքներ սկսի պետության հետ համատեղ: «Մենք պետք է հիշենք, որ սա շատ մարդկանց համար բիզնես է, պարզապես աշխատանք: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու կրթության, դաստիարակության ոլորտներում: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ եկեղեցին հենց իրենք են և առաջին հերթին իրենք պետք է իրենց պաշտպանեն աղանդներից»,- ասում է նա: Ըստ հոգեբան Վլադիմիր Միքայելյանի` պետք չէ աղանդներին ազատ գործունեության հնարավորություն տալ՝ հիմնվելով մտքի, խղճի, դավանանքի ազատության սկզբունքի վրա. «Ազատությունն այն կատեգորիան է, որը զարգացման է բերում, իսկ աղանդը, զրկելով մարդուն մտածելու կարողությունից, զրկում է նաև զարգանալու հնարավորությունից»:
2009թ. հոկտեմբերին «Ազատամտություն» թերթն այսպես է գնահատում Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության նախկին պետի գործունեությունը· «Խառատյանը հասավ նրան, որ եհովականները, հիսունականները, կրիշնայականները և մնացած զիբիլներն օրենքով պաշտպանված լինեն, ընդ որում՝ տոտալ աղանդների գործունեության սահմանումը (հիմնական գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները և այլն) այնպես հաստատեց, որ կրոնական կազմակերպությունների կարգավիճակը հավասարվեց Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակին: Կարկառուն ազգագրագետին բնավ չէր հետաքրքրում ու հուզում այն փաստը, որ հոգեորսները ակտիվորեն լծվել էին (այսօր առավել քան եռանդուն) սեփական ազգը հյուծելու, նրան հոգեպես թուլացնելու, մարդկանց գիտակցությունը մթագնելու գործին: Տիկնոջ համար կարևորը կրոնական ազատություններն էին, այլ ոչ թե նորմալ մարդկանց հոգեորսության ճիրաններից փրկելը»[67]:
Միաժամանակ պետք է նշել, որ հատկապես 2008թ-ից հետո հայկական մամուլում, հատկապես ընդդիմադիր, բազմաթիվ են ՀԱՍԵ-ին ուղղված քննադատական հոդվածները: Ըստ այդ հոդվածների` 2008թ-ից սկսած՝ ՀԱՍԵ-ն ներգրավվել է քաղաքականության մեջ, մասնակցել է իշխող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին, որի հետևանքով ընդդիմությանը հարող որոշ լրատվամիջոցներ («Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Հրապարակ») հաճախ քննադատում են ՀԱՍԵ-ին: Սակայն երբեմն այս քննադատությունը կարող է կրել վիրավորական բնույթ, որը կարող է վիրավորել ՀԱՍԵ-ի հետևորդների կրոնական զգացմունքները:
Կրոնական թշնամանք տարածելու մեկ այլ եղանակ է մամուլում անհիմն տեղեկությունների տարածումը, որոնք կարոց են ազդել հասարակական կարծիքի վրա: Նման հոդվածներ հաճախ են հանդիպում: Ստորև երկայացնում ենք մի քանի օրինակներ: «Առավոտ» օրաթերթը, հղում անելով «Ա1+» կայքին, տպագրել է «Բարբարոսներն ավերել են Որոտնավանքը[68]» լուրը, որտեղ նկարագրվում է, որ անհայտ անձինք սրբապղծել են ՀԱՍԵ-ի վանքը: Պահակը պատմում է. «Նկարները, պատերի կտավները հանել են, այրել: Մի խոսքով, սրբի պատկերներով ինչքան արձանիկներ, խաչեր են եղել, ամբողջը ջարդել են»: Լուրը վերջանում է հետևյալ տողերով· «Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովսեփյանը ենթադրում է, որ բարբարոսները եղել են աղանդներից մեկի ներկայացուցիչներ, սակայն առայժմ ստույգ տեղեկություն չի կարող տալ»: Այս անհիմն ենթադրության վրա հիմնված տեղեկությունը տարածվում է մամուլում` ձևավորելով հասարակական կարծիք, չնայած լրատվամիջոցը պարտավոր չէ ճշտելու ցանկացած հայտարարության իրավացիությունը:
Հաճախ են ԶԼՄ-ներով տարածվում տեղեկատվություններ «աղանդավորական» երեխաների կամ երիտասարդների կողմից ինքնասպանության դեպքերի մասին, սակայն նման պատճառով ինքնասպանությունների մասին քրեական գործերի մասին տեղեկությունները բացակայում են:
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի կարծիքով՝ աղանդներից եկող մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է, որ բուհերում առանց հապաղելու պատրաստվեն իրավաբան-կրոնագետներ, հոգեբան-կրոնագետներ, որոնք կկարողանան փորձագիտական եզրակացություն տալ, թե աղանդների հետ կապի առումով կասկածելի տվյալ հանցագործությունը կամ ինքնասպանությունը կրոնական շարժառիթներով է կատարված, թե ոչ:
«Ինքնասպանությունները շատացել են տասնապատիկ անգամ, եթե առաջ մենք ցուցակի ամենավերջին շարքերում էինք, հիմա կարծեմ եկել ենք ամենասկիզբ,- ասաց կենտրոնի տնօրենը։ -Մեզ մոտ ինքնասպանությունները տարեկան 50-ից դարձել են 500-ից ավելի։ Ինչո՞ւ մեր երկրում չեն խոսում քայքայիչ և ամբողջատիրական աղանդների գործած չարագործությունների թեկուզ տասը տոկոսի մասին, ինչո՞ւ ոմանք, որ թաքնված են հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների կամ իրավապաշտպանների դիմակի տակ, ամեն ջանք գործադրում են աշխարհով մեկ տարածելու և աշխարհին ապացուցելու, թե մեզ մոտ կրոնական ազատություն չկա, որովհետև ճնշում են։ Եվ ինչպե՞ս չասել, որ այդպիսիները Հայաստանում հենց հինգերորդ շարասյուն են,- շարունակում է նա»»:[69]
«Ազգ» օրաթերթը, ներկայացնելով հարցականով գրված «Աղանդավոր մայրը սեփական երեխայի մահվան պատճա՞ռ»[70] հոդվածը, գրում է. «Հունվարի 30-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 8-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Գրիգորյանը, որը նույն միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, հոգեգալստական աղանդի հետևորդ Լուսյա Գրիգորյանի դուստրն էր, անասնագոմում կախվելով՝ ինքնասպանություն է գործել: Ինքնասպան Լիլիթն իր ուսուցչուհի մոր հետ տարիներ շարունակ հաճախել է գյուղի հոգեգալստական աղանդի հավաքույթներին: Այժմ Սպիտակի դատախազությունը հարուցել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: Ի դեպ, նույն դպրոցում այսօր աշխատում են նաև այլ աղանդների հետևորդ ուսուցիչներ»: Առանց սպասելու հետաքննության ավարտին և ինքնասպանության պատճառները պարզելու` հոդվածի հեղինակը եզրակացնում է. «Նորություն չէ, որ հանրապետությունում կրոնական հողի վրա մանկահասակների ինքնասպանության քիչ դեպքեր չեն արձանագրվել, սակայն կրթության նախարարությունը և համապատասխան մարմինները դեռևս որևէ հետաքննություն չեն անցկացրել, և իրավական դաշտում միջոցներ չեն կիրառվել աղանդավոր ուսուցիչների գործունեությունը դպրոցներում կասեցնելու համար»:
Սակայն այդ «ինքնասպանությունների» դեպքերն այս կամ նման հոդվածներում չեն մատնանշվում: Հեռուստաեթերից պարբերաբար ներշնչվում է այն միտքը, որ «աղանդավորականները» հաճախ ինքնասպանություն են գործում, սակայն որևէ նման կոնկրետ դեպք չեն մատնանշում:
Երևանի տարածքում գործում է «Ավետիս» հեռուստաընկերությունը, որի տնօրենն Ավետարանական եկեղեցու հովիվ Լևոն Պարտակչյանն է: Հեռուստաընկերության հաղորդումներին հաճախ են մասնակցում բողոքական եկեղեցիների անդամները, սակայն կրոնական քարոզ եթերով չի տարվում: Մյուս հեռուստաընկերությունների հաղորդումներին, ըստ մեր դիտարկումների, բացի ՀԱՍԵ-ի ծառայողներից, որպես կանոն, մյուս կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հրավիրվում: Կրոնական ուղղվածություն ունեցող «Շողակաթ» հեռուստաընկերության, ինչպես նաև տարբեր հեռուստաընկերությունների եթերով ցուցադրվում են ՀԱՍԵ-ի կողմից պատրաստված հաղորդումները:
Ըստ Գյումրու Հայ ավետարանական-մկրտական եկեղեցու հովիվ Ռուբեն Փահլևանյանի` Շիրակի թեմը «Ցայգ» հեռուստաընկերության եթերում մշտական հաղորդաժամ ունի (Սրբազանի հետ հարց ու պատասխան ուղիղ եթերում), սակայն հաղորդումները ծառայում են ոչ թե հասարակության հոգևոր կյանքի զարգացմանը, այլ հաղորդաժամերի կեսից ավելին նվիրված է քրիստոնեական եկեղեցիների դեմ հակաքարոզչությանը, որտեղ այդ կազմակերպությունները ներկայացվում են որպես պառակտիչներ և երկպառակություն սերմանողներ: Նա ասում է, որ այդ քարոզչությունը կատարվում է հիմնականում հեռուստատեսային հաղորդումների և թերթերի միջոցով` բերելով Գյումրու հեռուստաընկերությունների օրինակը, որոնք եթեր էին հեռարձակում հոգևոր հաղորդումներ և բանավեճեր, դադարել է դրանց հրավիրել պատվելուն` ըստ հովիվի` տեղի տալով Շիրակի թեմական առաջնորդի և Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղղակի ճնշումներին: Շիրակի թեմի առաջնորդը մասնավորապես հայտարարել է, որ չի կամենում և հարցազրույց չի տա մի հեռուստաընկերության, որ իր եթերը տրամադրել է աղանդավորական կազմակերպություններին: Պարոն Փահլևանյանը սա ընդունում է ոչ թե որպես իր անձի, այլ իրենց եկեղեցու գործունեության նկատմամբ ունեցած վերաբերմունք և գնահատում է այն որպես հասարակությունից իրենց մեկուսացնելու փորձ:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսպես է մեկնաբանում Գյումրու հեռուստաընկերությունների գործունեությունը. «Մի անգամ բողոքականներն ինտերնետը հեղեղել էին այն իմաստով, որ Միքայել սրբազանն արգելել է Շիրակի հեռուստաընկերություններով որևէ այլ հարանվանության ներկայացուցչի ելույթ ունենալ: Տո լավ է արել` արգելել է: Իր հեղինակությամբ է արգելել: Հո բռնի միջոցներո՞վ չի արգելել: Չի՞ սպառնացել: Թնդանոթ չի քաշե՞լ մարդկանց վրա: Իր հեղինակությամբ է արգելել: Քանի որ ինքն ունի հեղինակություն, իր հեղինակությամբ արգելել է: Այդ բոլոր հեռուստաընկերությունները հարգում են սրբազանին և նրա խոսքը: Վա՞տ է: Թե՞ իրենց դուր չի գալիս, որ որևէ մեկը պետք է հեղինակություն ունենա: Փոխանակ իրենք ուրախ լինեն, որ ինչ-որ մի կրոնական առաջնորդ հեղինակություն ունի, իրենք տխուր են, որ հեղինակություն ունի: Ինչո՞ւ են տխուր: Ուրեմն այդ բոլոր ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը»:
3. ՀՀ Սահմանադրության և օրենսդրության վերլուծություն
3.1 ՀՀ Սահմանադրությունը
Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: 2005թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրության մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որով մի շարք փոփոխություններ են կատարվել խղճի ազատության և կրոնական կազմակերպություններին վերաբերող դրույթներում: Այսպես, 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության մեջ ներառվեց նախկինում գոյություն չունեցող հոդված 8.1-ը` հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:
Հետևելով ՀՀ Սահմանադրության հիշյալ նորմին` 2007թ-ի փետրվարի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբարությունների մասին» ՀՀ օրենքը:
ՀՀ 1995թ. խմբագրությամբ Սահմանադրությունը պարունակում էր մտքի, խղճի և դավանանքի ազատություններին վերաբերող հոդված 23-ը, որի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Կրոնի և համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` Սահմանադրության 45 հոդվածում նախատեսված հիմքերով»:
ՀՀ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրությունը, ելնելով ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից և, առաջին հերթին, ՀՀ՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար ստանձնած պարտավորություններից, փոփոխության ենթարկեց հիշյալ դրույթը: Նոր խմբագրությամբ Սահմանադրության մեջ այն ընդգրկվեց հոդված 26-ում, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»:
2005թ. սահմնադրական բարեփոխումների հետևանքով զգալիորեն բարեփոխվեց նաև խղճի և դավանանքի ազատությանն առնչվող կամ դրան հարակից մի շարք այլ իրավունքների, մասնավորապես օրենքի առջև բոլորի իրավահավասարության, խոսքի և կարծիքի արտահայտման, միավորման, ազգային և էթնիկական ինքնության պահպանման իրավունքների սահմանադրական կանոնակարգումը:
Այսպես, օրենքի առջև հավասարության իրավունքն ստացավ հետևյալ բովանդակությունը.
«Հոդված 14.1. Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:»:
Խոսքի ազատության և կարծիքն արտահայտելու, ինչպես նաև միավորումներ ստեղծելու և դրանց մասնակցելու իրավունքները, ՀՀ գործող Սահմանադրության շրջանակներում զգալիորեն բարեփոխվելով, ստացել են հետևյալ տեսքը.
«Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:
Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։
Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։»:
«Հոդված 28. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք…»:
Խղճի և դավանանքի ազատության տեսանկյունից չափազանց կարևոր պետք է համարել ազգային և էթնիկական ինքնության պահպանման իրավունքի սահմանադրորեն ամրագրումը.
«Հոդված 41. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:
Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:»:
Այսպիսով, ՀՀ գործող Սահմանադրությամբ փորձ է կատարվել հստակեցնել կրոնի և դավանանքի ազատության, ինչպես նաև դրան հարակից իրավունքները` մանրամասնելով դրանց բովանդակությունը և համահունչ դարձնելով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
3.2 ՀՀ գործող օրենսդրությունը
3.2.1 «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը
Խղճի, կրոնի և հավատամքի ազատության ոլորտում ՀՀ կենտրոնական օրենսդրական ակտը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքն է, որն ընդունվել է 1991թ. հունիսի 17-ին: 1991թ-ին դեռևս Խորհրդային Միությունում մշակված օրինագծի հիման վրա ստեղծված նախագիծը ՀՀ օրենսդրի կողմից համալրվեց նոր դրույթով, որտեղ շարադրվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (այսուհետ` ՀԱՍԵ) «մենաշնորհները» (հոդված 17), որի պատճառով ներքին հայեցակարգային հակասություններ առաջացան տվյալ և օրենքի մյուս հոդվածների միջև: Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվել են ՀՀ Ազգային ժողովի (այսուհետ` ԱԺ) կողմից 1997թ. սեպտեմբերի 19-ին և 2001թ. ապրիլի 25-ին: Նշված փոփոխությունների և լրացումների շնորհիվ կրոնական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ անդամների քանակը 50-ից 200 է դարձել (1997թ. փոփոխություններ և լրացումներ), կրոնական կազմակերպություններ գրանցող մարմին է ճանաչվել Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը, և գրանցման համար կրոնական համայնքը կամ կրոնական կազմակերպությունը անհրաժեշտ փաստաթղթերի հետ իրավաբանական անձանց պետական ռեգիստր պետք է ներկայացնի կրոնի գործերով պետական լիազոր մարմնի տված փորձագիտական եզրակացությունը:
Օրենքի 1-ին հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր»:
Օրենքի 1-4-րդ հոդվածներում ամրագրված դրույթների վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ դրանցում ամրագրված իրավունքները տարածվում են բացառապես ՀՀ քաղաքացիների վրա, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Օրենքի այդ հոդվածները պետք է համապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրության համապատասխան պահանջներին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) 9-րդ և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (այսուհետ` ՔՔԻՄԴ) 18-րդ հոդվածներին:
Իսկ ահա օրենքի 5-րդ հոդվածում սահմանվում է կրոնական կազմակերպության հասկացությունը: Համաձայն վերջինիս՝
«Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին.
ա) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին.
բ) հիմնվում է պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի վրա.
գ) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.
դ) զերծ է նյութապաշտությունից և ուղղված է դեպի զուտ հոգևոր ոլորտները.
ե) ընդգրկում է առնվազն 200 հավատացյալ անդամ: Մինչև 18 տարեկան երեխանները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից:
Սույն պայմանները (բացի «ա» կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար՝ իրենց ազգային դավանանքով»:
Հիշատակված հոդվածն աչքի է ընկնում անհստակությամբ և իրավական անորոշությամբ: Այսպես, «սուրբ գիրք», «համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգ», «նյութապաշտությունից զերծ լինել», «ազգային դավանանք» արտահայտությունները կրում են վիճահարույց բնույթ և որոշակի իմաստով հակասում են եվրոպական իրավական չափորոշիչներին` հաճախ տեղիք տալով հակասական և տարաբնույթ մեկնաբանությունների: Օրենքում չի տրվում «սուրբ գիրք» սահմանումը և պարզաբանված չէ «համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգ» հասկացությունը, որը գործնականում կարող է հանգեցնել տարընթերցումների և տարաբնույթ մեկնաբանությունների: Քննարկվող դրույթն, ըստ էության, հակասում է Հայաստանի Հանրապետության` Եվրոպայի խորհրդին անդամակցելիս ստանձնած հետևյալ պարտավորությանը` «երաշխավորել, որ բոլոր եկեղեցիները կամ կրոնական համայնքները, մասնավորապես նրանք, որոնց անվանում են «ոչ ավանդական», կկարողանան դավանել իրենց կրոնն առանց խտրականության»,[71] քանզի բնական է, որ «ոչ ավանդական» կրոնական համայնքները չեն ունենա պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գիրք:
Օրենքում բավարար հստակությամբ չի սահմանվում նաև «ազգային դավանանք» հասկացությունը: Այս ձևակերպումները կարելի է համարել պետության անհարկի միջամտություն կրոնական կազմակերպության դավանաբանական խնդիրներին: Քննարկվող հոդվածի` «ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար՝ իրենց ազգային դավանանքով» ձևակերպման վերլուծությունն առաջացնում է հետևյալ հարցադրումը, թե ինչու «ազգային դավանանք» ունեցող ազգային փոքրամասնությունները պետք է առավելություններ ունենան «ազգային դավանանք» չունեցողների նկատմամբ:
Բացի այդ, նշված հոդվածի ձևակերպումները խնդրահարույց են նաև իրավաբանական տեխնիկայի տեսանկյունից: Օրինակ, հոդվածում սահմանվում է. «Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին… չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին»: Մինչդեռ քաղաքացիների որևէ խումբ կամ կրոնական կազմակերպությունն ինքնին չի կարող հակասել որևէ օրենքի որևիցե դրույթին. օրենքին կարող է հակասել վերջինիս կառուցվածքը, փաստաթղթերը, գործունեությունը:
Խղճի և կրոնի ազատությանն ուղղակի կամ անուղղակի առնչվող դրույթներ ամրագրված են նաև ՀՀ գործող բազում այլ օրենքներում, մասնավորապես «Երեխայի իրավունքների մասին», «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ, աշխատանքային, ընտանեկան և քրեական օրենսգրքերում և այլ նորմատիվ իրավական ակտերում:
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետում սահմանվում է. «…Մինչև 18 տարեկան երեխանները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից»:
Նշված նորմը համահունչ չէ ՀՀ այլ օրենքներին և, մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ին («Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը»), որն արգելում է առանց ծնողի կամ այլ oրինական ներկայացուցչի համաձայնության կրոնական կազմակերպություններին մինչև 16[72] տարեկան երեխայի մաuնակցությունը[73]:
Միևնույն ժամանակ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է. «…Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ: Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անչափահաս անդամների իրավունքների ու պարտականությունների առանձնահատկությունները»:
Կարծում ենք, որ «…Մինչև 18 տարեկան երեխանները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից» դրույթի իրավակարգավորումը համահունչ չէ ՀՀ-ի համար պարտադիր` Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի 1989թ. կոնվենցիայի հոդված 15-ի դրույթներին, որը սահմանում է.
«1. Մասնակից պետություններն ընդունում են միավորումների մեջ մտնելու և խաղաղ հավաքների մասնակցելու երեխայի ազատության իրավունքը:
2. Այդ իրավունքի իրականացման առթիվ չի կարող կիրառվել որևէ սահմանափակում, բացի նրանցից, որոնք գործադրվում են օրենքի համաձայն և ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ են հանուն պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի (ordre public), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության շահերի»:
Կրոնական կազմակերպությանն «անդամագրվելու» անհրաժեշտությունն առաջանում է կրոնական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ 200 անդամների ցուցակը համապատասխան պետական մարմին ներկայացնելիս: Կրոնական կազմակերպությանն «անդամագրվելը» որևէ նյութական, ֆինանսական կամ այլ ձևի պատասխանատվություն կամ պարտավորություն չի ենթադրում (ինչպես հասարակական կազմակերպությանն անդամագրվելը): Անդամակցելու պահանջը, անշուշտ, պետք է պայմանավորված լինի որոշակի տարիքով, որը, ի դեպ, պետք է ներդաշնակեցված լինի միևնույն հարաբերությունները կարգավորող տարբեր օրենսդրական ակտերում (օրինակ` հասարակական կազմակերպություններին անդամակցելը): «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում սահմանվում է. «…Մինչև 18 տարեկան երեխանները չեն կարող անդամագրվել կրոնական կազմակերպությանը՝ անկախ կրոնական ծեսերին իրենց մասնակցելու պարագայից և այլ հանգամանքներից», իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում՝ «…Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա»: Կարելի է ենթադրել, որ վերը ասվածը լրացուցիչ սահմանափակում է գրանցման համար անհրաժեշտ 200 անդամների ցուցակը լրացնելու համար: Նշված խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է վերանայել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը և այն համապատասխանեցնել նման հարաբերությունները կարգավորող վերը նշված օրենքներին:
Իրավական տեսանկյունից անհասկանալի պետք է համարել գործող օրենքի 7-րդ հոդվածում գրանցված կրոնական կազմակերպությունների իրավասությունների թվարկումը: Օրենսդրական ձևակերպումների անհստակության հետևանքով անհասկանալի է, թե կրոնական կազմակերպությունների իրավունքների ու արտոնությունների ցանկը բացառո՞ւմ է, արդյոք, կրոնական կազմակերպությունների կողմից այլ իրավասությունների իրականացումը, թե՞ ոչ:
Մասնավորապես, օրենքի վերը նշված հոդվածը սահմանում է՝
«Կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.
ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.
բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.
գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում՝ այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով, մնացած դեպքերում հրապարակային ժամասությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով.
դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխանների կրոնական կրթության համար՝ ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.
ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.
զ) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում.
է ) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր.
ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից՝ օրենքով սահմանված կարգով.
թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ՝ անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման՝ ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով·
ժ) զբաղվել բարեգործությամբ:
Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում գրանցվելու պահից»:
Այդուհանդերձ, չնայած վերը նշված ձևակերպումներին, անհասկանալի է այն, թե օրենքում ամրագրված իրավունքների ցանկն սպառիչ է, թե ոչ:
Օրենքի 8-րդ հոդվածում արգելվում է «հոգեորսությունը»· «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը: Որպես հոգեորսություն չի կարող դիտվել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որևէ գործողություն»:
Նախ «հոգեորսություն» եզրի մասին: Այս հասկացությունը գործող օրենք է ներմուծվել 1991թ-ին` դեռևս խորհրդային ժամանակաշրջանում: «Հոգեորսություն» եզրը հաճախ թարգմանում են որպես դավանափոխություն, սակայն այն ավելի մոտ է «ոչ պատշաճ դավանափոխությանը»: Դավանափոխության իրավունքը խղճի և կրոնի հիմնարար ազատության բաղկացուցիչ մասն է: Այլ խնդիր է «improper proselytism»-ը («ոչ պատշաճ դավանափոխությունը»): Կարծում ենք` գործող օրենքում գործածվող «հոգեորսություն» եզրը պետք է փոխարինվի «ոչ պատշաճ դավանափոխություն» եզրով: Մյուս կողմից՝ օրենքում արգելվում է «հոգեորսությունը», սակայն այն չի սահմանվում, իսկ մամուլում, հեռուստատեսությամբ հաճախ է օգտագործվում այդ եզրը որպես մեղադրանք[74]` ուղղված կրոնական կազմակերպություններին` Հայաստանում գործունեություն ծավալելու համար:
Խղճի, կրոնի և հավատամքի ազատության լիակատար իրագործման տեսանկյունից որոշակի խնդիրներ է առաջացնում նաև օրենքի 17-րդ հոդվածում ամրագրված` ՀԱՍԵ-ի մենաշնորհների ցանկը: Տվյալ հոդվածում սահմանված՝

