Հաջի Նազենի Ղարիբյան, Սորբոնի համալսարանի արվեստի պատմության դոկտոր, հրապարակախոս, ԵՊՀ դասախոս
analyticon.org 01.03.2010
Հայ հրապարակախոսի քննարկման սեղանին պարբերաբար հայտնվում է «հոգեւոր ճգնաժամի» թեման: Եւ պարբերաբար լսվում են կարծիքներ, փոխանակվում մտքեր, ծավալվում վիճաբանություններ, բերվում պատճառներ, հայտնվում եզրակացություններ, վերլուծվում իրավիճակներ, նշվում հաղթահարելու ուղիներ: Բայց թեման շարունակում է մնալ արդիական, իսկ քննարկումների բովանդակությունը՝ անփոփոխ:
Այսինքն՝ բոլորը կարծես ընդունում են, որ կա հոգեւոր ճգնաժամ, եւ որ դրա դեմն առնելու ճիգերը մնում են անպտուղ: Ո՞րն է պատճառը. գուցե մենք մութ սենյակում գոյություն չունեցող սեւ կատո՞ւ ենք որոնում, գուցե մենք որպես հասարակություն այնքան ենք ծերացել, որ մեր հոգեւոր ներուժը չի՞ բավարարում դուրս գալ ճգնաժամից, գուցե անհրաժեշտ պայմանները չկա՞ն հոգեւոր ինքնադրսեւորման, թե՞ գուցե մենք պարզապես չունենք այդ «հիվանդության» հստակ սահմանումը, բացատրությունը, այդ պատճառով էլ չենք կարողանում ճշգրիտ ախտորոշում անել ու դեղատոմսեր առաջարկել:
Իսկապես, եկեք մտածենք՝ ի՞նչ ենք հասկանում մենք այսօր «հոգեւոր ճգնաժամ» ասելով, եւ արդյո՞ք մեր հասարակության ներկա իրավիճակը կարելի է անվանել «հոգեւոր ճգնաժամ»:
Դրա համար նախ փորձենք ճշտել «Ճգնաժամ» բառի նշանակությունը. հայերենում այն թարգմանում է միջազգայնորեն ընդունված «crise, crisis» բառը, որի հիմնական իմաստն է՝ ինչ-որ բանի պակասություն կամ անկայուն, անհավասարակշիռ իրավիճակ, վճռորոշ, շրջադարձային պահ, որ ստիպում է դրանից դուրս գալու եւ կյանքի կարգավորված հունին վերադառնալու ելք որոնել: Ստուգաբանորեն այն ծագում է հունարեն «krisis» բառից, որի սկզբնական նշանակությունն է «վճիռ», «որոշում», «դատաստան», «վճռորոշ ելք»:
Ըստ այդմ, երբ ասում ենք, օրինակ, «իշխանության ճգնաժամ», հասկանում ենք իրավիճակ, երբ իշխանության նկատմամբ անվստահության մակարդակը բերում է հասարակական տարբեր շարժումների ու հուզումների, որոնք միտված են փոխելու գոյություն ունեցող իշխանությունը կամ քաղաքական վարչակարգը, փոխարինելու նոր, հասարակական կյանքի ու գործունեության համար առավել ընդունելի, բարենպաստ մեկով: Երբ ասում ենք «քաղաքական ճգնաժամ», հասկանում ենք իրավիճակ, երբ պետական վճռորոշ խնդիրներում քաղաքական ուժերի միջեւ համաձայնեցված գործողություններն անհնարին են, ուստի ելքը դառնում է կառավարության փոփոխությունը, որի համակարգված գործունեության առաջարկները կկարողանան հարթել խնդիրը եւ անցնել առաջ: «Տնտեսական ճգնաժամը» ենթադրում է իրավիճակ, երբ խախտվում է հավասարակշռությունը արտադրվող ապրանքների կամ էլ աշխատանքի առաջարկի ու պահանջարկի միջեւ, կամ երբ տնտեսական հեռանկարները կտրուկ անկում են ապրում եւ կապիտալն արժեզրկվում է. այս երեւույթի ավարտը սովորաբար նշանավորվում է տնտեսական նոր կառուցվածքի կամ համակարգի որդեգրմամբ: «Ֆինանսական ճգնաժամը» բնորոշվում է իրավիճակով, երբ ֆինանսական շուկայում վաճառվող դրամային արժեքների առքուվաճառքի հավասարակշռությունը կտրուկ խախտվում է, եւ գինն ընկնում է, երբ բանկերը չեն կարողանում պահանջվածի չափ կանխիկ դրամ դուրս թողնել, երբ պետական բյուջեի դեֆիցիտի պատճառով պետական պարտքն աճում է եւ անցնում թույլատրելի սահմանը, որի արդյունքում վարկերը պակասում են, ներդրումները նվազում են, աճում է մենատնտեսությունների անվստահությունը եւ, ի վերջո, տնտեսությունը սկսում է անկում ապրել. ֆինանսական ճգնաժամը սովորաբար հաղթահարվում է մեծ ծավալով կանխիկ ներարկումների, ստվերային բանկային համակարգի ընդլայնացված կարգավորման, հարկային խթանիչ փաթեթների տրամադրման միջոցով, բանկային համակարգի վերանայման, բարելավման միջոցով:
Այսինքն՝ ճգնաժամն ինքնին իր մեջ կրում է փոփոխության, անելանելի դրությունից դուրս գալու, նոր ուղիների որոնման, իմա՝ շարժման, առաջընթացի գաղափարը, որի բուն էությունը կամ նպատակը դրական է, այսինքն՝միտված է նախկին իրավիճակը կամ համակարգը բարելավելուն: Հակառակ դեպքում՝ եթե ճգնաժամը երկար ժամանակ չի հաղթահարվում՝ վերածվում է հոգեվարքի, հոգեվարքը՝ մահվան:
Հետեւելով տրված բացատրությունների տրամաբանությանը՝ նշանակում է, որ «հոգեւոր ճգնաժամը» եւս պետք է լինի հասարակական կյանքի մի երեւույթ, իրավիճակ, երբ խախտված է հոգեւոր ոլորտում առաջարկի ու պահանջարկի հավասարակշռությունը, երբ «հոգեւոր կապիտալն» արժեզրկված է, երբ պատասխանատու «հոգեւոր ուժերն» ի վիճակի չեն համաձայնության գալու կարեւորագույն հոգեւոր խնդիրների լուծման բանաձեւերի շուրջ, երբ «հոգեւոր բանկերը» չեն կարողանում բավարար չափով կանխիկ հոգեդրամ տալ պահանջատերերին, երբ քարոզվող հոգեւոր արժեքների նկատմամբ անվստահությունը կամ հավատի պակասը հանգեցրել է հասարակության «հոգեզրկման». եւ ուրեմն՝ այս ամենի հանրագումարը ստիպում է վճռորոշ քայլեր ձեռնարկել, ելքի ուղիներ փնտրել, որոնք անխուսափելիորեն պետք է բերեն «հոգեւոր վիճակի» փոփոխության՝ նոր «հոգեւոր» արժեքներով փոխարինման, որոնք կվերականգնեն հասարակական հոգեւոր հավասարակշռությունը: Ապա թե ոչ՝ հոգեվարքն ու հոգու մահն անխուսափելի են:
Այս ամենը հասկանալի է, բայց հենց այստեղ է, որ միանգամից երկու հարց է ծագում: Նախ՝ ի՞նչ է նշանակում «հոգեւոր» բառը հայալեզու մեծամասնության համար եւ հատկապես՝ հայաստանյան արդի իրականության ենթատեքստում. չէ՞ որ հնարավոր չէ ճգնաժամից դուրս գալու ելքեր որոնել, եթե չկա այդ ճգնաժամը բնորոշող երեւույթի հստակ սահմանումը: Հայոց լեզվի բառարաններում «հոգեւորի» ընդհանրական բացատրությունը բնորոշում է այն ամենն, ինչ վերաբերում է մարդու մտքի, բանականության, զգացմունքների եւ հույզերի աննյութական աշխարհին, իսկ կոնկրետ իմաստով՝ կրոնական հավատին ու կյանքին: Հունարենի եւ լատիներենի հիմքով ինձ ծանոթ լեզուներում «հոգեւորը» նկարագրում է բացառապես միստիկ, կրոնական, հավատի հետ առնչվող հասկացություններն ու երեւույթները, իսկ «հոգեւոր ճգնաժամ» արտահայտությունը գործածվում է միանգամայն դրական իմաստով՝ որպես դարձ առ Աստված, առ հոգեբարոյական, կրոնական արժեքներ ու կենսաձեւ: Իսկ ի՞նչ իմաստ են ներդնում «հոգեւոր» բառի մեջ «հոգեւոր ճգնաժամի» մասին այսօր բարձրաձայնողներն ու լսողները. արվեստ եւ մշակո՞ւյթ, բարոյականությո՞ւն, բարքե՞ր, կրոնական բարեպաշտությո՞ւն, կրթությո՞ւն, միտք-մտածողությո՞ւն, գաղափարնե՞ր, թե՞ այս բոլորը միասին: Ըստ այդմ, ի՞նչ պետք է նկատի ունենանք «հոգեւոր ճգնաժամ» ասելով. մշակութային դեկադա՞նս, հավատի բացակայությո՞ւն, բարոյականության եւ բարքերի անկո՞ւմ, մտավոր դաշտի նահանջ կամ ամլությո՞ւն, կրթական եւ գիտական մակարդակի դեգրադա՞ցիա, գաղափարների լճացո՞ւմ… թե՞ կրկին այս բոլորը միասին: Եթե «հոգեւոր ճգնաժամ» արտահայտությունը ընդգրկում է նշված բացասական երեւույթների ամբողջությունը, սա ինքնին նշանակում է, որ մեզանում կա մշակութային, բարոյական, կրթական, կրոնական, գիտական, գաղափարական, մտածողության եւ բարքերի հաստատված արժեքների վերանայման, փոփոխության, բարելավման պահանջարկ եւ անհրաժեշտություն:
Սակայն, երբ որեւէ իրավիճակ ախտորոշվում է որպես ճգնաժամային, ախտորոշման չափանիշները գնահատվում են համեմատության մեջ, այսինքն՝գոյություն ունեցող իրավիճակը կամ ուղիղ կերպով համեմատվում է նախադեպային նմանատիպ իրավիճակի հետ, կամ հակադարձ կերպով համեմատվում է մեկ այլ՝ ավելի լավ համարվող իրավիճակի հետ: Օրինակ, երբ ասում ենք՝ աշխարհն այսօր ապրում է տնտեսական ճգնաժամ, նկատի ունենք, որ տնտեսական ընդհանուր ցուցիչները բացասական առումով տարբերվում են մոտ տաս կամ քսան տարի առաջվա ցուցիչներից, միաժամանակ իրավիճակը նմանվում է քսաներորդ դարի երեսնականների եղելություններին: Կամ երբ ասում ենք՝ երկրում իշխանական կամ քաղաքական ճգնաժամ է, հղվում ենք այնպիսի իրավիճակի վրա, երբ քաղաքական ուժերը կարեւոր հարցերի շուրջ համաձայնեցված էին գործում, եւ այլն: Հիմա, եթե մենք ասում ենք, որ մեր հասարակությունը հոգեւոր ճգնաժամի մեջ է, հարցն այն է, թե այդ ճգնաժամը ի՞նչ չափորոշիչներ ունի, եւ ո՞ր ժամանակի, ո՞ր իրավիճակի համեմատ է այսօրվա իրավիճակը գնահատվում առավել վատ, կամ, ավելի շուտ՝ ե՞րբ է, որ մեր հասարակության հոգեւոր կյանքն ավելի բարենպաստ պայմաններում է եղել, այսինքն՝ երբ ունեցել ենք մշակութային ծաղկում, բարձր բարոյականություն, կրթության վերելք, օրինակելի բարքեր, անսասան հավատ ինքներս մեր, Աստծո կամ երկրի ապագայի նկատմամբ, ստեղծագործ միտք ու զարգացած մտածողություն, առաջադեմ գաղափարների լիություն: Այս հարցի պարզաբանումը շատ կարեւոր է ճգնաժամի հաղթահարման ուղիների որոնման եւ հոգեվարքի վտանգը կանխելու առումով:
Վերջին տասնամյակում, առ սովետական ժամանակներ կարոտախտի խորացմանը զուգահեռ, հատկապես նախկին սովետահայ մտավորականության շրջանում գերակայող է դարձել կարծիքը, թե հայ հասարակությունն իր հոգեւոր աստեղային ժամն էր ապրում վաթսունական-ութսունական թվականներին, թե այն ժամանակ ամեն ինչ շատ ավելի լավ էր, քան այսօր, թե մշակույթը, արվեստը, գիտությունը, մտավոր կյանքն աննախադեպ բարձր մակարդակի վրա էին, թե մարդիկ ավելի բարոյական էին, թե բարքերը հիանալի էին, թե հավատ կար ապագայի հանդեպ, եւ այլն եւ այլն… Այս «իդեալականացված հուշով» ապրողներին կարելի էր եւ ներողամտորեն վերաբերվել, եթե նրանց կարծիքը չսպառնար ազդեցություն թողնել սովետը չճանաչած երիտասարդների վրա, եւ հատկապես այն շրջանակների ու մարդկանց վրա, որոնք ցանկանում են փոխել առկա ճգնաժամային իրավիճակը: Ուրեմն, եթե «հոգեւոր ճգնաժամի» մասին ահազանգողների մտքում համեմատության եզրը գծվում է այս շրջանով, ապա մթագնած հիշողությունը թարմացնելու համար ասեմ, որ հենց այդ շրջանը ժամանակին համարվում էր «բրեժնեւյան լճացման տարիներ». լճացման՝ բոլոր առումներով. տնտեսական, քաղաքական, մարդկային ու հատկապես մտավորական-հոգեւոր: Ստալինի «ռեֆորմներով» կյանքի կոչված եւ ուժով պարտադրված գաղափարական միատարրությունը բերել էր հասարակական դրսեւորման բոլոր ձեւերի միակարծության, որի արդյունքում միտքը, մտածողությունը, նախաձեռնողականությունը, ստեղծագործության կարողությունը քշվել էին փակուղի: Այս պայմաններում այլեւս ոչ մի մեխանիզմ, ոչ մի ինստիտուտ, պետական-հասարակական ոչ մի օղակ փաստացի չէր գործում, այլ լոկ իմիտացիոն իներցիայի մեջ էր: Նման ռեժիմի սնանկությունը եւ կյանքի, հասարակության օրենքների հետ անհամատեղելիությունը շատ արագ կասեցրել էր երկրի նորմալ զարգացումը եւ ստեղծել էր հակահամակարգ, որտեղ չիրականացած ու չաշխատող, ձեւական դարձած գաղափարների շարունակվող քարոզը եւ դրանց նկատմամբ պարտադրված կռապաշտությունը հանգեցրել էին հավատի ու վստահության կորստի ոչ միայն այդ գաղափարների, այլեւ բուն, իրական հոգեւոր մնացած արժեքների նկատմամբ: Իսկ հավատի կորուստն ու պարտադրված սուտ կռապաշտությունը ստիպում էին, որպես պաշտպանական հակառեակցիա, կյանքն ու իրականությունն ընկալել միայն ցինիզմի տեսքով: Սուտն ու ցինիզմը դարձել էին սովետական քաղաքացիների մեծամասնության հանապազօրյա արժեքն ու դավանանքը:
Այսօրվա մեր իրականության մեջ ծավալվող ախտավոր բարքերի, մտածողության, սովորույթների մեծ մասը ծաղկում էր ապրում հենց բրեժնեւյան շրջանում. կաշառակերությունը եւ կոռուպցիան, հովանավորչությունը, հոգեւոր փչացածությունը, անբարոյականությունը (ավելի սարսափելի երեւույթ, քան մարմնական անբարոյականությունը, որն ընդամենն առաջինի արտահայտության թերեւս նվազ վնասարար ձեւերից մեկն է), կեղծիքը, խաբեբայությունը, կեղծավորությունը, քծնանքը, արտոնությունները, պետական միջոցների յուրացումը կամ «օրինականացված» թալանը, սպեկուլյացիան, արդարադատության անարդարությունը, չարամտությունը, մարդկանց նկատմամբ սիրո, հավատի եւ վստահության պակասը: Իսկ ո՞րն էր մտավորականների, այսինքն՝ հոգեւոր ոլորտի մշակների հնարավոր կեցվածքը. կամ հանուն լավ ու արտոնյալ կյանքի գնալ խղճի հետ գործարքի, կամ ողջ ստեղծագործ ներուժը սպառել դիսիդենտական քննադատության վրա: Բրեժնեւյան ժամանակի սովետական ռեժիմը մտավորականին մեծահոգաբար թույլ էր տվել քննադատել իրականության բացասական երեւույթները, բայց միայն այդքանը: Փոխարենը՝ այլընտրանքը, նոր գաղափարը չէր մտնում թույլատրելի սահմանների մեջ, ավելի շուտ՝ միակ փոխարենը կրկին քարոզվող, չաշխատող եւ հավատ չընծայող ստալինյան սոցիալիզմն էր ու սովետական քաղաքացու բարոյական արժեքների կոդեքսը: Արդյունքում էլ ռեժիմի դեմ պայքարող մտավորականությունը բացառապես ձեւավորել էր քննադատելու կարողությունը, իր առաջադիմական առաքելությունը տեսնում էր բացառապես քննադատելու մեջ, այսինքն՝ ազատամտությունը, մտածելու ազատ հնարավորությունը սկսվում եւ ավարտվում էր լոկ գոյություն ունեցող իրավիճակի քննադատությամբ: Այդ շրջանի արվեստը, մշակույթն ու գիտությունն էլ առավելագույնս արտահայտում են մտավորական խավի այս երկու հակադարձ միտումը:
Համեմատության մեջ դնելով այսօրվա հայկական իրականությունը բրեժնեւյան տարիների հետ՝ պարզ է դառնում, որ այսօրվա եւ այն ժամանակվա իրավիճակների միջեւ շատ տարբերություն չկա, թերեւս միայն՝ այս բացասական երեւույթներն ավելի են խորացել: Եւ, ուրեմն, եթե այսօր մենք գտնում ենք, որ ունենք հոգեւոր ճգնաժամ, ապա այն ժամանակվա իրավիճակը՝ կարծեցյալ «աստեղային ժամը», նույնպես պետք է գնահատել որպես հոգեւոր ճգնաժամ: Նույնիսկ կարելի է ասել, որ այսօրվա ճգնաժամն ընդամենը հետեւանքն է կամ շարունակությունն է, կամ էլ, ավելի ճիշտ, կրկնությունն է այն ժամանակվա ճգնաժամի: Ասածիս լավագույն ապացույցը բրեժնեւյան ճգնաժամի ավարտն է, որ նշանավորվեց «վճռորոշ, շրջադարձային ելքով»՝ հեղափոխությամբ եւ սովետական կարգերի ու ողջ հակահամակարգի փլուզմամբ: Իսկ սա նշանակում է, որ այսօրվա ճգնաժամից դուրս գալու տրամաբանական ուղին էլ գոյություն ունեցող հակահամակարգի փլուզումն է, եթե ուզեք՝ հեղափոխությամբ, կամ՝ առանց հեղափոխության:
Բայց եթե մենք այսօր խնդիր ենք դրել հաղթահարել ճգնաժամը, շատ կարեւոր է հասկանանք, թե այդ ինչպես եղավ, որ մենք հեղափոխությունից եւ սովետի փլուզումից ընդամենը տասնամյակ հետո կրկին դարձ կատարեցինք դեպի բրեժնեւյան տարիներ, թույլ տվեցինք, որ մարդիկ ափսոսան այդ անցյալը, լավ ու դրական գնահատականներով հիշեն, եւ որ, ի վերջո, այդ տարիների ճգնաժամային երեւույթները վերածնվեն:
Ինչպես արդեն փորձեցի պարզաբանել քիչ վերեւում, ցանկացած բնույթի ճգնաժամի ելքը ոչ միայն գոյություն ունեցող իրավիճակի ժխտումն է, այլեւ դրա դրական փոփոխությունը, այսինքն՝ փոխարինումը նոր համակարգով, նոր իրողություններով, նոր արժեքներով, որոնք պետք է լավագույնը համարվեն եւ որոնց, բնականաբար, մարդիկ, հասարակությունն ընդհանրապես, պետք է հավատ եւ վստահություն ընծայեն: Այդ նոր իրողությունները, բնականաբար, գաղափարների կամ ավելի ճիշտ՝ համակարգված գաղափարների արդյունք են: Երբ սովետը փլվեց, պետք է տեղի ունենար տնտեսական եւ քաղաքական համակարգի փոփոխություն, որը պետք է ուղեկցվեր գաղափարական նոր արժեհամակարգերի որդեգրմամբ. դրանց թվում էին անկախ պետությունը, սոցիալական համարժեքությունը, սեփականության ինստիտուտը, սահմանադրական օրենքը, իրավահավասարությունը, հանրապետական կարգը, ժողովրդավարական իշխանությունը, ազատ շուկայական հարաբերությունները, ազատական եւ բազմաբնույթ տնտեսությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը, ազգային մշակույթ կերտելու հնարավորությունը, ազատ մտածողությունը, ազատությունն՝ ընդհանրապես: Արդարության եւ ճշմարտության առաջ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ մեր հասարակության եթե ոչ մեծամասնությունը, ապա գոնե կեսը սկզբնական շրջանում իսկապես պատրաստ էր հավատալու, որ այս հեղափոխությունը եւ նոր արժեհամակարգերը կոչված են ավելի լավ իրականություն, ավելի արժանավոր կյանք ստեղծելու մեր երկրում: Բայց, ցավոք, այդ հավատը չարդարացավ, եւ քիչ տարիներ անց փոխարինվեց հիասթափությամբ ու համատարած անվստահությամբ: Մարդիկ սկսեցին կամ ափսոսալ նախկին բրեժնեւյան «լավ կյանքի» կորուստը եւ բողոքել ամեն ինչից, կամ վերականգնեցին թերահավատության ու ցինիզմի ռեակցիան՝ ամեն ինչի եւ բոլոր հին ու նոր գաղափարների, ընդհանրապես «գաղափար» հասկացության նկատմամբ: Արդյունքում՝ հայտնվեցինք ճգնաժամային իրավիճակում, կամ, ավելի ճիշտ, չկարողացանք հաղթահարել սովետի հոգեւոր ճգնաժամը: Ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչո՞ւ:
Չհաշված արտաքին եւ ներքին առարկայական պատճառները, ըստ իս՝ երկու ենթակայական հանգամանք վճռորոշ դեր խաղացին: Նախ՝ ետսովետահայ մտավորականությունը, որի ուսերին էր դրված հեղափոխության իրականացումը եւ ճգնաժամի հաղթահարումը, այդպես էլ չկարողացավ թոթափել իր սովետական էությունը. մի մասը դարձյալ լծվեց նոր իշխանությունների անվերապահ գովերգմանը, մյուս մասը՝ զուտ դիսիդենտական քննադատությանը: Մեր մտավորականությունը չկարողացավ ընձեռնված ազատության պայմաններում, ներմուծված ընդհանուր ազատական գաղափարների բնին նոր գաղափարներ պատվաստել եւ այդ գաղափարների հիման վրա նոր արժեհամակարգեր ձեւավորել, որոնք էլ կփոխարինեին հները: Իսկ ավելի շուտ՝ այդպիսի խնդիր չդրեց իր առջեւ, չհասկացավ, որ միայն հինը փլուզելն ու հեղափոխություն անելը չէ իր գործը, այլ այդ հնի փոխարեն նորը մատուցելը, ընդ որում բոլոր ոլորտներում ու մակարդակներում. մերոնք այդ հարցում լրիվ ապավինեցին Արեւմուտքին, որը պետք է գար եւ մեր փոխարեն մեզ համար ժողովրդավարություն ու լավ կյանք կառուցեր կամ առնվազն պատրաստի դեղատոմսերը հրամցներ: Ապա՝ իշխանության եկած քաղաքական եւ տնտեսական ուժերը չիրականացրեցին անհրաժեշտ ռեֆորմներն ամենակարեւոր հասարակական հաստատություններում՝ դատաիրավական, կրթական, բուժ-առողջապահական, քաղծառայողական եւ այլն, ինչպես նաեւ՝ հետեւողականորեն չպաշտպանեցին եղած փոփոխությունների ու նորամուծությունների արժանիքները: Ընդհակառակը, շատուշատ հանգամանքներում իրենց գործողություններով ու պահվածքով ոչ միայն կորցրեցին հասարակության վստահությունը եւ հավատը իրենց նկատմամբ, այլեւ ընդհանրապես նոր իրողությունների դրականության նկատմամբ: Բացի այդ՝ այս քսան տարիների ընթացքում շատ գաղափարներ ու արժեքներ, որոնք նվիրական էին մեր ժողովրդի համար, հետեւողականորեն փչացվեցին, արժեզրկվեցին, լլկվեցին. ինչպես անկախությունը, Ղարաբաղյան հարցը, Մեծ Ջարդը, ազատամարտիկները, երկրապահները, հայոց բանակը, Հայ եկեղեցին, պետականության երազը, մնացածն էլ դուք հիշեք… Արդյունքում գոյացավ դատարկություն՝ պոստսովետական տարածքի դատարկությունը, որի մեջ հայտնված ժողովուրդը ստիպված վերադարձավ նախկին ապրելակերպին ու բարքերին, դավանած կեղծ ու այլասերված արժեքներին ու հայտնվեց ճգնաժամի մեջ, որտեղ արդեն ոչ նախկին, ոչ նոր, ոչ սովետական, ոչ արեւմտյան, ոչ առաջադեմ, ոչ հետադիմական գաղափարների նկատմամբ հավատ ու վստահություն չունի: Իսկ այդ ֆոնին ձեւավորված նոր ընդդիմությունը, կամ՝ ընդդիմության ինտելեկտուալ խավը, որ երկու տարի առաջ կարողացավ կրկին հավաքել ու մոբիլիզացնել մեր հասարակության ողջ առողջ հատվածը, կարողացավ կրկին հավատ ու վստահություն արթնացնել նրանց մեջ հանդեպ նպատակն ու միջոցները, կարողացավ վերակենդանացնել ազատության, անկախության եւ քաղաքացիական հասարակության իդեալները, ցավոք, դեռեւս չի կարողանում այդ իդեալների վրա իսկապես նոր ու համոզիչ գաղափարներ ու արժեքներ մատուցել:
Ամփոփելով բրեժնեւյան եւ այսօրվա իրավիճակների համառոտ համեմատական վերլուծությունը, գալիս ենք եզրակացության, որ երկուսի դեպքում էլ «հոգեւոր ճգնաժամի» պատճառը նախ գաղափարական ճգնաժամն է, որն իր հետ բերում է հավատի ու վստահության ճգնաժամ: Ուրեմն՝ մեր հրատապ խնդիրն է այսօրվա մեր մտավորականությանը, ընդդիմադիր թե ոչ, ինչու՞ չէ՝ նաեւ նախկիններին եւ նախկինների նախկիններին, դուրս հանել սովետական ցիկլից, դուրս հանել քննադատելու, պարսավելու, միայն դեմ լինելու էությունից: Ժամանակն է, որ մենք աշխատենք գաղափարներ ծնելու վրա. ոչ թե դրսի հները պատրաստի բերելու, այլ տեղում արտադրելու վրա, այնպիսի գաղափարներ, որոնց անցյալի եւ ներկայի համեմատ ավելի լավը, ավելի կենսունակը լինելուն եւ որոնց իրականություն դառնալու հնարավորությանը մարդկանց մեծամասնությունը կհավատա ու կցանկանա իրականացնել: Միայն դրանց ներկայությամբ է, որ քննադատությունն արդարացում ու նպատակ կունենա: Միայն դրանից հետո է, որ հոգեւոր ճգնաժամը հաղթահարելուն միտված հեղափոխությունը իմաստ կունենա եւ արդյունքի կբերի, եւ մի քսան տարի հետո կրկին չենք հայտնվի այսօրվա վիճակում:
Իսկ նոր ծնվելիք գաղափարները պետք է լինեն այնպիսին, որ մարդկանց գիտակցության մեջ ինքնըստինքյան, ինքնաբուխ արթնացնեն համախմբվելու, իրապես միավորվելու, հավաքվելու ձգտում, եւ ոչ թե առաջնորդվեն արհեստական ու հռետորական կոչերով: Անձամբ ինձ համար նոր գաղափարները պետք է հիմնված լինեն քաղաքակրթական դոմինանտ հանդիսացող «թույլի պաշտպանության օրենքի» վրա, բայց այնպես, որ այդ օրենքը գործի միմիայն մերձավորի նկատմամբ սիրո եւ ներողամտության սկզբունքներով՝ անգամ պատիժների սահմանման դեպքում. հակառակ պարագային՝ հայրենիքի պատկերը ներկայանում է համատարած չարության, թշնամանքի, պատժամոլության, արյան ու բանտախցերի տեսքով: Ազատ, Անկախ ու Արդար Հայրենիքը կարող է լինել միայն մերձավորների՝ հայրենակիցների, համաքաղաքացիների նկատմամբ անվերապահ սիրո եւ ներողամտության, ապաշխարելու հնարավորության տարածք, եւ եթե չեն գործում այս երկու սկզբունքները, եթե «վրեժի, ցասման հրով բորբոքված նրանք բեմ ելան», հայրենիքը դառնում է «արյունով ներկված զոհերի սեղան», զոհերի՝ բոլոր կողմերում, ապա վերածվում է խժռելու եւ բազմանալու համար ուրիշների հաշվին առավել լավ պայմաններ ձեռք գցելու բնակավայրի՝ վայրենանոցի:
Հետգրություն
Մենք մեր որդիներին, ծնողներին, հարազատներին հեշտությամբ ներում ենք, որովհետեւ սիրում ենք, իսկ մեր հարեւաններին, ծանոթներին, անծանոթներին չենք կարողանում նույն հեշտությամբ ներել, որովհետեւ չունենք նրանց հանդեպ նույն սիրո զգացումը (էլ ուր մնաց՝ թե մեր թշնամիներին): Այնինչ՝ Հայրենիքն այդ բոլոր ծնողների, զավակների, հարազատների՝ ծանոթ ու անծանոթ, բարեկամ թե թշնամի, հավաքականությունն է: Հայրենիքի նկատմամբ սերը կեղծավորություն է, եթե չկա հայրենակիցների նկատմամբ ընդհանրապես եւ հատ-հատ յուրաքանչյուր հայրենակցի նկատմամբ անհատապես սիրո եւ ներողամտության զգացումը: Իմ նվիրական կարգախոսը հիմա ոչ միայն «Ազատ, Անկախ Հայաստան»-ն է, այլ նաեւ «Սիրող, Ներող Հայաստան»-ը:
| < Նախորդ | Հաջորդ > |
|---|

