Մամուլի մոնիտորիգ 2009
Ներածություն
Սույն հետազոտության նպատակն է ուսումնասիրել կրոնական անհանդուրժողականության, խտրականության եւ թշնամանքի քարոզչության դրսեւորումները հայկական մամուլում:
Ուսումնասիրվել են մամուլի այն նյութերը, որոնք պարունականում են կրոնական անհանդուրժողականություն կամ թշնամանքի կոչեր, կամ նկարագրում են նման դեպքեր: Ուսումնասիրվող մամուլի նյութերը տեղադրված են www.religions.am կայքի «մամուլի մոնիտորինգ» բաժնում:
Այս ուսումնասիրության համար չափորոշիչներ են հանդիսացել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) 9-րդ և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (այսուհետ` ՔՔԻՄԴ) 18-րդ հոդվածները, «Անհանդուրժողականության բոլոր ձեւերի եւ կրոնի ու հավատքի հիմքով խտրականության վերացման մասին» հռչակագրի (1981) սահմանումները, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությունը եւ ՀՀ օրենսդրությունը, որոնք, բացի «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը[1], համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Անհանդուրժողականության գնահատման հիմնական չափանիշը «Անհանդուրժողականության բոլոր ձեւերի եւ կրոնի ու հավատքի հիմքով խտրականության վերացման մասին» հռչակագրի (1981) սահմանումներն են: Այս փաստաթղթում կա երկու սահմանում: Դրանք պարզաբանում են, թե ինչն է համարվում հիմնական կամ ավանդական կրոնին չդավանող կրոնական խմբերի եւ անհատների նկատմամբ անհանդուրժողականության, խտրականության եւ թշնամանքի սերմանմանը միտված քարոզ: Հռչակագրի1 2-րդ հոդվածի 2-րդ մասում «կրոնի եւ հավատի հիմքով անհանդուրժողականությունը եւ խտրականությունը» սահմանվում է այսպես.
«Ներկա հռչակագրով, «կրոնի կամ հավատքի հիմքով անհանդուրժողականություն եւ խտրականություն» արտահայտությունը նշանակում է ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախընտրություն, որ հիմված է կրոնի կամ հավատքի վրա, եւ որի նպատակը կամ հետեւանքն է` կանխել կամ խոչընդոտել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հավասար ճանաչումը, վայելումը կամ կիրառումը:»:
Ավելին, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի 20-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է կրոնական թշնամանք քարոզելու անթույլատրելիությունը: Ըստ այդ համաձայնագրի, կրոնական ատելության սերմանումը հավասարազոր է թշնամանքի եւ խտրականության քարոզին:
«Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության պաշտպանությունը, որ առաջ է բերում խտրականություն, թշնամանք կամ բռնություն, արգելվում է օրենքով»:
ՀՀ սահմանադրության 8.1 հեդվածում ասված է. « Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:», իսկ 26-րդ հոդվածում ասված է. « հոդված 26-ում, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը»։
Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»:
ԶԼՄ-ներով կրոնական թշնամանքի և անհանդրժողականության քարոզը արգելված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ով, համաձայն որի` «Արգելվում է հեռուuտառադիոհաղորդումներն oգտագործել`··· բ) ազգային, ռաuայական եւ կրոնական թշնամանք կամ երկպառակություններ uերմանելու նպատակով»:
ՀՀ գործող քրեական օրենսգիրքը` հոդված 63-ում` քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների շարքում ամրագրել է նաև «հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը»:
Գործնականում ԶԼՄ-ներում կարելի է հանդիպել բազմաթիվ հոդվածներ, որոնք կրոնական թշնամանք են քարոզում, սակայն պատասխանատու մարմինները հոդվածի հեղինակներին պատասխանատվության չեն ենթարկում: Հետագա շարադրանքում մենք ներկայացնում ենք բազմաթիվ հոդվածներ, որոնք խախտում են ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով ամրագրված խղճի ազատության իրավունքները: Ներկայացվող բազմաթիվ արտահայտությունները ենթակա են պատիժները ՀՀ Քրեական օրենսգրքում վերը բերված հոդվածին համապատասխան:
Գնալով ավելի հաճախակի են դառնում դպրոցներում հանդիպողկրոնական խտրականության դեպքերը: 2003 թվականից դպրոցներում սկսվել է դասավանդվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։ 2007-ի փետրվարի 22-ին ԱԺ ընդունել է «ՀՀ եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբարությունների մասին» օրենքը, որը եկեղեցուն թույլ է տալիս դերակատարություն ստանձնել հանրակրթական դպրոցներում:
«Հոդված 8.
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում·
1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`
1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.
3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները.
4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:»:
«ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբարությունների մասին» օրենքը թույլ է տալիս մասնակցել «Հայ Եկեղեցու պատկություն» առարկայի ուսումնական ծրագրերի եւ դասագրքի մշակման աշխատանքներին: Եկեղեցին պարբերաբար կազմակերպում է հավաքներ ուսուցիչների համար, ներկայացնում է ուսուցիչների թեկնածությունը: Այդ առարկայի դասավանդման գործընթացից սկսված դպրոցներում հաճախ են տեղի ունենում կրոնական անհանդուրժողականության դեպքեր: Հաճախ «Հայ Եկեղեցու պատկություն» առարկայի դասավանդմանը ուղղակիորեն մասնակցում են ՀԱՍԵ սպասավորները, կամ դասերը տեղի են ունենում եկեղեցիներում, ինչը հակասում է ՀՀ Կրթության մասին օրենքին, որտեղ սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է: Իրականում դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերածվում է ուղղակի կրոնի դասավանդման առարկայի:
Թեև սույն զեկույցը պատրաստելիս հեռւոստաընկերությունների մոնիտորինգ չի կատարվել, այդուհանդերձ, չափազանցված չի լինի այն միտքը, որ կրոնական կազմակերպությունների դեմ թշնամական կամ արհամարհական և նսեմացնող արտահայտություներ կարելի է լսել բազմաթիվ հեռուստաընկերությունների եթերներով:
Այս ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հայաստանի տպագիր մամուլը եւ որոշ կայքեր, որոնք պարբերաբար անդրադառնում են կրոնական խնդիրներին: Պետք է նաեւ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի որոշ լրատվամիջոցներ արդեն հանդես են գալիս կրոնական հանդուրժողականության դիրքերից եւ պարբերաբար անդրադառնում են այդ խնդիրներին, մասնավորապես «Ժամանակ-Երեւան», «Հրապարակ» օրաթերթերը, www.lragir.am, www.hetq.am, www.armenianow.com կայքերը: Կրոնական անհանդուրժողականության եւ թշնամանքի կոչերի առումով առանձնանում են «Հայոց Աշխարհ», «Նովոյե Վրեմիա», «Ազատամտություն», «Իրավունք», «Գոլոս Արմենիի», «Ազգ» թերթերը: «Առավոտ» օրաթերթում 2009-ին հաճախակի են հրապարակվել միակողմանի հոդվածներ, որոնք կրոնական անհանդուրժողականության երանգներ են պարունակում:
ԶԼՄ-ներում կրոնական թշնամանքի մթնոլորտի ձեւավորում
Ամենից հաճախ մեղադրանքներ են հնչում եւ թշնամանք արտահայտվում` կրոն կամ հավատք ուսուցանելու իրավունքի ենթադրյալ կամ իրական կիրառման դեմ: Այս երեւույթի կրքոտ քննադատությունն ուղղված է թե կրոնական խմբերի ու կազմակերպությունների, եւ թե դրանց շարքային անդամների դեմ, ովքեր ուսուցանում են իրենց կրոնը` անկախ այն բանից, թե մարդիկ` ում սովորեցնում են, դավանում են Հայ Առաքելական Եկեղեցո՞ւն, թե՞ ոչ, կամ Հայաստանի քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ: Սա է որոշ լրատվամիջոցների ընդհանուր վերաբերմունքը, որոնք զբաղված են կրոնի կամ հավատքի ուսուցանման վարկաբեկմամբ: Ոչ մի կրոնական խումբ, անկախ այն բանից նոր է, թե հին (ավանդական), չի խուսափում քննադատությունից կամ թշնամանքից: Այս ագրեսիվ քննադատության մեջ սովորաբար գործածվում է «հոգեորսություն» եւ «աղանդ» տերմինները, որը հաճախ է կիրառվում այն քննադատների կողմից, ովքեր կրոնի կամ հավատքի ուսուցանումը կապում են ազգային միասնությանը նպատակաուղղված վտանգի հետ:
Հայաստանում կրոնական անհանդուրժողականության քարոզչությունը հիմնականում հիմնված է երկու եզրույթի վրա` «աղանդ» եւ «հոգեորսություն», որոնք Հայաստանում ունեն յուրահատուկ երանգ եւ կարող են բացատրել գոյություն ունեցող կրոնական անհանդուրժողականության գաղափարախոսությունը: Այդ տերմինները կրոնական թշնամանքի եւ անհանդուրժողականության առանցքն է, առանց հասկանալու դրանց բովանդակությունը, անհնար է հասկանալ կրոնական անհանդուրժողականությա դիսկուրսը Հայաստանում: Մենք կփորձենք տալ այդ հասկացությունների սահմանումը ըստ վերը հիշատակված հոդվածների, իսկ հետո կներկայացնենք հատվածներ նման հոդվածներից:
«Հոգեորսությունը» տերմինն օգտագործված է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում եւ իրավական իմաստով մոտ է «ոչ պատշաճ դավանափոխությանը», սակայն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (հետագա տեքստում` ՀԱՍԵ) սպասավորների եւ մամուլի կողմից այն օգտագործվում է այլ երանգով: Այդ տերմինը կարելի է պայմանականորեն սահմանել այսպես· «Յուրաքանչյուր հայ ՀԱՍԵ անդամ է: Իսկ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով պատկանում են այլ կրոնական ուղղության` հոգեորսության արդյունք է: Այսինքն ՀԱՍԵ-ին ի ծնե պատկանող հայի «հոգին» գողացվել է նրանից,քանզի ՀԱՍԵ-ը ազգային եկեղեցի է եւ յուրաքանչյուր հայի «հոգին» նրա սեփականությունն է»:
Այս տերմինին գալիս է լրացնելու «աղանդ» բառը: «Աղանդը» խորը միջնադարում օգտագործվող բառ է, որը սկզբնական շրջանում կիրառվել է ոչ քրիստոնյաների նկատմամբ, սակայն այն հետագայում ձեռք է բերել «սեկտա»-ի իմաստ, սակայն Հայաստանում այն ունի ուրույն երանգավորում: «Աղանդ» բառը հիմնականում օգտագործվում է այն կրոնական ուղղությունների հանդեպ, որոնց անդամները ազգությամբ հայեր են: Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություն հանդիսանող եզդիների կրոնը քրիստոնեության, իսլամի, զրադաշտականության, բուդդիզմի էլեմոնտներ է պարունակում,սակայն հայկական մամուլում որեւէ դեպք չի եղել, որ նրանց նկատմամբ օգտագործվի «աղանդ» եզրը, այնինչ Հայ կաթողիկե եկեղեցու մի ծառայող մեզ բողոքում էր, որ իրենց գրասենյակի շրջակայքի բնակիչները երբեմն իրենց «աղանդավորականների» տեղ են դնում: Նման քարոզչությունն արդեն արմատավորվել է հասարակական գիտակցության մեջ:
«Հոգեորսություն» եւ «աղանդ» բառերի նման տրամաբանությամբ օգտագործման դեպքերը բազմաթիվ են: Ներկայացնում ենք մի քանի տիպական օրինակներ:
Այս տարվա փետրվարին Հայաստանի ԶԼՄ-ները տարածել են ՀԱՍԵ պաշտոնական տեղեկատվությունը, որտեղ նշվում է· «Փետրվարի 16-17-ը Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի ունեցավ քահանաների ավանդական հավաքը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և շուրջ 300 քահանաներ:»: Եկեղեցու մամլո պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է· «Երկօրյա նիստերի արդյունքում քննարկման առարկա դարձան ժամանակակից մարտահրավերները` աշխարհիկացման և անձնապաշտության գործընթացները, արարչաստեղծ աշխարհը խեղող զանազան մեղքերն ու մոլությունները, ազգային և կրոնական ինքնությունների սահմանների վերացման տենդենցները, որոնք վտանգում են դարերով թրծված և քրիստոնեական մեր սուրբ հավատով շաղախված ազգային ինքնության անաղարտ նկարագիրը:[2] »:
Մամլո տեղեկատվության մեջ մերժվում են Հայաստանի սահմանադրական սկզբունքները` երկրի աշխարիկ լնելու դրույթը համարվում է մարտահրավեր, նույնացվում է ազգային եւ կրոնական պատկանելիությունը: «Անձնապաշտության» մեջ պետք է երեւի հասկանալ մարդու իրավունքները սկզբունքները: «Ազգային և կրոնական ինքնությունների սահմանների վերացման տենդենցները» կրոնական ահանդուրժողականություն քարոզող մամուլի բազմաթիվ հոդվածների մեխն է:
Այս համատեքստում նպատակահարմար ենք գտնում հիշատակել վերջին շրջանում հայաստանյան բարձրաստիճան պետական պաշտոնյաների պետության և եկեղեցու փոխհարաբերությունների վերաբերյալ հայտարարությունները: «Ազգ» օրաթերթի հոդվածը անդրադառնում է վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ուշագրավ էր վարչապետի որակումը, թե «եկեղեցին տարանջատված է պետությունից» միտքը հնամաշ է: «Եթե եկեղեցին մենք ենք, ապա ես ինչպե՞ս եւ ո՞ր պահին տարանջատեմ իմ մեջ քրիստոնյա մարդուն»»[3]: Նույն հոդվածում ասվում է. «Այս անգամ վարչապետի եւ երիտասարդների հարցուպատասխանը, բնականաբար վարչապետի լիազորություններով պայմանավորված, առավել ընդգրկուն դաշտ էր ընդգրկում` բարոյական նկարագիր եւ քրիստոնեական արժեհամակարգ ունեցող քաղաքացի, սոցիալական ծառայությունների մտահոգիչ վիճակ, երթուղայինի ծխող վարորդներ, եկեղեցու պատմության ուսուցիչների մասնագիտական մտահոգիչ ունակություններ, աղանդներ, կաշառակերություն, հեռուստատեսություն, մշակութային իրադարձություններին անհաղորդ մարզեր, Վրաստանում հայկական եկեղեցիների ու մշակութային կոթողների անմխիթար վիճակ եւ այլն:»: Ըստ թերթի` վարչապետը կաշառակերության, ծխող վարորդների խնդրի կողքին է դնում «աղանդների» խնդիրը:
Նման տեսակետները պետական բարձր պաշտոնյաների շրթներով հնչեցնելը գործողությունների հրահանգ է դառնում որոշ ԶԼՄ-ների համար խղճի ազատության սկզբունքի դեմ հանդես գալու համար, ինչը հատկապես ցայտուն կերպով է արտահայտվում իշխանությունների ազդեցության տակ գտնվող հեռուստաընկերությունների եւ տպագիր լրատվամիջոցների համար:
«Հոգեորսությունն» այսպես է բնութագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը. ««Առաքելությունն ամեն մեկը պետք է իրականացնի իր հոտի սահմաններում, եւ ոչ թե ուրիշի հոտի սահմաններում, կամ պետք է իրականացնի այնտեղ, որտեղ չկա կրոն, անկրոնության մեջ:…Որեւէ մեկ այլ դավանական հավաքականության մեջ հավատի քարոզչությունը հոգեորսություն է, սա պարզ բան է, որ ցանկացած հոգեւորական, որ եկեղեցուց ուզում է լինի՝ Առաքելական, Կաթոլիկ կամ Ավետարանական, հասկանում է, եւ ուրիշներին շփոթեցնել այս իմաստով՝ պետք չէ»»[4]։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարցազրույցից· «Առաքելական Եկեղեցին՝ որպես կրոնական հաստատություն, ազգային է մեզանում, եւ այս առումով ազգայինն ու հոգեւորը նույնացել են դարերի ընթացքում եւ դարձել հայության արժեհամակարգը: Դրանով հայ ժողովուրդը եւ նախնյաց ժառանգությունն իր մեջ ներառած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ճակատագրերով նույնանում են:»[5]:
«Սահմանափակել աղանդների ազատությունը»[6] հոդվածում ասվում է·«Հոգեբանը կարծում է, որ աղանդները քայքայում են Հայ առաքելական եկեղեցին ու մարդկանց հոգիները եւ զրկում զարգանալու հնարավորությունից···Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Վահան Ազարյանը գտնում է, որ Հայ առաքելական եկեղեցին աղանդների դեմ պայքարում պետք է գլոբալ աշխատանքներ սկսի պետության հետ համատեղ: «Մենք պետք է հիշենք, որ սա շատ մարդկանց համար բիզնես է, պարզապես աշխատանք: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու կրթության, դաստիարակության ոլորտներում: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ եկեղեցին հենց իրենք են եւ առաջին հերթին իրենք պետք է իրենց պաշտպանեն աղանդներից··· Ըստ հոգեբան Վլադիմիր Միքայելյանի, պետք չէ աղանդներին ազատ գործունեության հնարավորություն տալ՝ հիմնվելով մտքի, խղճի, դավանանքի ազատության սկզբունքի վրա. «Ազատությունը այն կատեգորիան է, որը զարգացման է բերում, իսկ աղանդը, զրկելով մարդուն մտածելու կարողությունից, զրկում է նաեւ զարգանալու հնարավորությունից»:
2009-ի հոկտեմբերին «Ազատամտություն» թերթը այսպես է գնահատում Կառավարությանը կից ազգային փոքրամասությունների եւ կրոնական կազմակերպությունների արցերով վարչության նախկին պետի գործունեությունը· «Խառատյանը հասավ նրան, որ եհովականները, հիսունականները, կրիշնայականները և մնացած զիբիլները օրենքով պաշտպանված լինեն, ընդ որում՝ տոտալ աղանդների գործունեության սահմանումը (հիմնական գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները և այլն) այնպես հաստատեց, որ կրոնական կազմակերպությունների կարգավիճակը հավասարվեց Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակին: Կարկառուն ազգագրագետին բնավ չէր հետաքրքրում ու հուզում այն փաստը, որ հոգեորսները ակտիվորեն լծվել էին (այսօր առավել քան եռանդուն) սեփական ազգը հյուծելու, նրան հոգեպես թուլացնելու, մարդկանց գիտակցությունը մթագնելու գործին: Տիկնոջ համար կարևորը կրոնական ազատություններն էին, այլ ոչ թե նորմալ մարդկանց հոգեորսության ճիրաններից փրկելը:»[7]:
2009-ապրիլի 18-ին «Հայոց Աշխարհ» օրաթերթը առաջին էջում տպագրել է Երեւանի սյուներից մեկի վրա փակցված հետեւյալ թռուցիկը`·«Սիրելի հայրենակիցներ, եղեք զգոն եւ խելացի, Մի լրացրեք աղանդավորական անասնագլխաքանակը, Հեռու մնացեք Եհովայի վկաներից, մորմոններից, Կյանքի խոսքից, սատանայապաշտներից, ավետարանչականներից, հիսունականներից եւ մյուս հակահայ քրեածին խմբավորումներից, ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԶՐՈՒՑԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՈԼՈՐՅԱԼ ՀԱՅՈՐԴՈՒ ՀԵՏ,: ԱՊՐԻԼԻ 24-ի խումբ»: Թերթը իր կողմից ավելացրել է «Ասողին` լսող է պետք» մեկնաբանությունը[8]:
«Հայոց Աշխարհ» օրաթերթի հետագա համարում տպագրված հոդվածը այսպես է պարզաբանում այդ թռուցիկը· ««Մի՛ լրացրեք աղանդավորական անասնագլխաքանակը,- գրված է այդ կոչում։ -Հեռո՛ւ մնացեք Եհովայի վկաներից, մորմոններից, Կյանքի խոսքից, սատանայապաշտներից, ավետարանչականներից, հիսունականներից եւ մյուս հակահայ քրեածին խմբավորումներից···։ Խումբը նաեւ իր պատրաստակամությունն է հայտնել՝ զրուցելու յուրաքանչյուր մոլորյալ հայորդու հետ, եւ իր հետ կապվելու համար նշել էլեկտրոնային փոստի հասցեն. Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ։ Բացառությամբ սատանայապաշտների, «աղանդավորական անասնագլխաքանակ» բառակապակցությունը կամ բնորոշումն օգտագործելը, կարծում ենք, կոռեկտ չէ, քանի որ տարաբնույթ աղանդների շարքային անդամներն, իրոք, մոլորյալ հայորդիներ են։ Այնուհանդերձ խմբի անհանգստությունը եւ հանրությանը աղանդավորության վտանգներից զգուշացնելու այս փորձը միանգամայն տեղին է ու միայն դրվատանքի արժանի։»[9]
Կրոնական թշնամանք տարածելու մեկ այլ եղանակն է մամուլում սուտ կամ չճշտված տեղեկությունների տարածումը, որոնք չեն հիմնավորվում, սակայն ձեւավորում են բացասական հասարակական կարծիքի: Նման հոդվածները հաճախ են հանդիպում: Ստորեւ երկայացնում ենք մի քանի օրինակներ: «Առավոտ» օրաթերթը հղում անելով «Ա1+» կայքի վրա տպագրել է « Բարբարոսները ավերել են Որոտնավանքը[10]» լուրը, որտեղ նկարագրվում է, որ անհայտ անձինք սրբապղծել են ՀԱՍԵ վանքը: Պահակը պատմում է ««Նկարները, պատերի կտավները հանել են, այրել: Մի խոսքով, սրբի պատկերներով ինչքան արձանիկներ, խաչեր են եղել, ամբողջը ջարդել են»: Լուրջ վերջանում է հետեւյալ տողերով· «Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովսեփյանը ենթադրում է, որ բարբարոսները եղել են աղանդներից մեկի ներկայացուցիչներ, սակայն առայժմ ստույգ տեղեկություն չի կարող տալ:»: Որեւէ հիմնավորում չունեցող ենթադրության վրա հիմնված տեղեկությունը տարածվում է մամուլում, ձեւավորելով հասարակական կարծիք: Հաճախ են ԶԼՄ-ներով տարածվում տեղեկատվություններ «աղանդավորական» երեխաների կամ երիտասարդների կողմից ինքնասպանության դեպքերի մասին, սակայն նման պատճառով ինքնասպանություների մասին քրեական գործերի մասին տեղեկությունները բացակայում են:
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի կարծիքով, աղանդներից եկող մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է, որ բուհերում, առանց հապաղելու, պատրաստվեն իրավաբան-կրոնագետներ, հոգեբան-կրոնագետներ, որոնք կկարողանան փորձագիտական եզրակացություն տալ, թե աղանդների հետ կապի առումով կասկածելի տվյալ հանցագործությունը կամ ինքնասպանությունը կրոնական շարժառիթներո՞վ է կատարված, թե՞ ոչ։
-Ինքնասպանությունները շատացել են տասնապատիկ, եթե առաջ մենք ցուցակի ամենավերջին շարքերում էինք, հիմա կարծեմ եկել ենք ամենասկիզբ,- ասաց կենտրոնի տնօրենը։ «Մեզ մոտ ինքնասպանությունները տարեկան 50-ից դարձել են 500-ից ավելի։ Ինչո՞ւ մեր երկրում չեն խոսում քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդների գործած չարագործությունների թեկուզ տասը տոկոսի մասին, ինչո՞ւ ոմանք, որ թաքնված են հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների կամ իրավապաշտպանների դիմակի տակ, ամեն ջանք գործադրում են աշխարհով մեկ տարածելու եւ աշխարհին ապացուցելու, թե մեզ մոտ կրոնական ազատություն չկա, որովհետեւ ճնշում են։ Եւ ինչպե՞ս չասել, որ այդպիսիները Հայաստանում հենց հինգերորդ շարասյուն են:»:[11]
«Ազգ» օրաթերթը 2009-ի մարտ ամսին տպագրել է «20-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել կրոնական հողի վրա» վերնագրով հոդվածը: Երիտասարդի հավատացյալ լինելու մասին որեւէ փաստ հոդվածում չկա, հայտնի է, ըստ հոդվածի, որ նրա ծնողներն են հավատացյալ: Ինքնասպանության հետաքննության հետ կապված նույնպես որեւէ տվյալներ հոդվածում չեն բերվում, սակայն հոդվածի վերնագիրը եւ բովանդակությունը այն միտքն է ուզում ներշնչել, որ «աղանդավորները» հակված են ինքնասպանություն գործելու: «Մարտի 18-ին Էրեբունի քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է դատապարտյալ Արմեն Խաչատրյանի դիակը կախված վիճակում: Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում է գտնվել 2007-ի հուլիսի 17-ից, երբ պարտադիր զինծառայությունից հրաժարվելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով դատապարտվեց ազատազրկման 30 ամիս ժամկետով: Խաչատրյանը կալանավայրում է անցկացրել 20 ամիս:
20-ամյա Արմենի ծնողները «Եհովայի վկաներ» աղանդի հետեւորդներ են: «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունից հայտնեցին, որ Արմենը մկրտված Եհովայի վկա չէր, սակայն իր անձնական որոշումն էր կայացրել ու ցանկանում էր հետեւել ծնողների համոզմունքներին:... Թեպետ կազմակերպության անդամներն ամեն ջանք գործադրում են, որ երիտասարդի մահը հրապարակային մեղադրանքների ու շահարկման թիրախ չդառնա եւ չդիտարկվի որպես կրոնական հողի վրա կատարված ինքնասպանություն, այնուամենայնիվ փաստերն այլ երեւույթի մասին են խոսում:»[12]: Հոդվածագիրը այս հարցում դիմում է փորձագետի: «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը նկատում է, որ Հայաստանում վիճակագրական որեւէ հետազոտություն կատարված չէ` պարզելու կրոնական դրդապատճառներով ինքնասպանությունների քանակը: Սակայն Ամարյանը փաստում է, որ վերջին 10 տարվա ընթացքում ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է: «Վերաբերմունքը բնականաբար բացասական է: Սակայն պետք է ճշտել մանրամասները, օրինակՙ ինչպես էին երիտասարդի հետ վարվում կալանավայրում: Սովորաբար աղանդավորների նկատմամբ վերաբերմունքը մեղմ է: Իրավապաշտպանները հատուկ հսկողություն են սահմանում: Միգուցե ինքնասպանության որոշումը կապված է ներքին խնդիրների կամ հոգեկան շեղման հետ: Հաճախ այնպես է պատահում, որ աղանդավորները ինքնասպանություն են գործում, երբ հիասթափվում են իրենց ընդունած հոգեկան հավատքից», ասում է Ամարյանը: Նա նկատում է, որ այսօրինակ դեպքերը բավականին շատ են: «Սա առաջին դեպքը չէ: 2004-ին 12-ամյա աղջնակը ինքնասպանություն գործեց, հետո պարզվեց, որ նա աղանդավոր է: Մի քանի տարի առաջ այդպիսի դեպք պատահեց նաեւ Վանաձորում», ասում է Ամարյանը:»: Հոդվածում շարունակվում են բերվել «փաստեր», որոնց մասին որեւէ պաշտոնական տվյալներ բացակայում են: Թերթի խնդիրը կրոնական կազմակերպությունների մասին բացասական հասարակական հարծիք ձեւավորելն է:
Ըստ «Ազգ» օրաթերթի մեկ այլ հոդվածի «Վերջերս տարբեր թերթերում ցավով կարդացի Մայր աթոռի ներկայացուցչի հաստատումը, որ աղանդավորական քարոզչությունն արդեն իրականացվում է Սուրբ Էջմիածնում եւ եկեղեցիների բակերում: Կարծեմ, խոսքն այս անգամ ավետարանչական ընկերակցության քարոզչության մասին էր:
Սա արդեն անպատկառության գագաթնակետն է: Այդ անօրենները, հերիք չէ դռնեդուռ ընկած մեզ անհանգստացնում եւ իրենց քաղցրախոսությամբ շեղված գրականություն են պարտադրում, հիմա էլ աներեսաբար մեր ժողովրդին եկեղեցու դռան մոտ են ուզում որսալ: Որքան հանդուգն են դարձել այդ աղանդների ժպտերես քարոզիչները, որ չեն խորշում անգամ Սուրբ Էջմիածնի տարածքում իրենց սեւ գործը կատարելուց:»: «Հայ առաքելական եկեղեցու» ղեկավար Ռընե Լեւոնյանը մամուլում հերքել է այդ տեղեկատվությունը: Հոդվածագիրը չի հավատում այդ հերքմանը. «Դժվարանում եմ հավատալ ասվածի անկեղծությանը: Վերապատվելի Լեւոնյան, եթե այդքան «բարի ցանկություններ» ունեք լուծելու հայ ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն խնդիրները եւ դատապարտում եք Մայր եկեղեցու դեմ ուղղված գործողությունները, նախ ինքներդ դադարեցրեք ձեր իսկ դատապարտելի գործունեությունը Հայաստանում` այդպես լուծելով մեր ժողովրդի ոչ պակաս ծանր` հոգեւոր միասնության խնդիրը: Ջուր մի լցրեք աղանդավորների ջրաղացին եւ կեղծ հայտարարություններով մի փորձեք համոզել, թե երբեք այստեղ-այնտեղ թերթիկներ չեք բաժանել մարդկանց` հրավիրելով իրենց հարցերի պատասխանները գտնել ոչ թե Մայր եկեղեցում, այլ ձեզ մոտ` ավետարանականների եկեղեցում: Եվ մի փորձեք նման հայտարարություններով կամ այլ հնարքներով համոզել մարդկանց, թե ամենասերտ հարաբերությունների մեջ եք Հայ եկեղեցու հետ եւ ձեր սիրտը կատարվածի համար իսկապես ցավում է:»[13]:
Չհիմնավորված, առանց անանուն տվյալների վրա է կառուցվում «Գոլոս Արմենիի» թերթում տպագրված հոդվածը: «Այն փաստը, որ տարաբնույթ աղանդների ներկայացուցիչները բավականին հարմարավետ պայմաններում են գտնվում Հայաստանում, մեկնաբանությունների կարիք չունի: Չնայած հայրենական մամուլում եղեծ բազմաթիվ հրապարակումներին, մասնավորապես «Գոլոս Արմենիի»-ի հրապարակումներին, որտեղ իշխանություններին կոչեր են արվում ուշադրություն դարձնել Հայաստանի տարածքում գործեղ աղանդավորականների վրա` «հոդեւոր անվտանգության» առումով մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Ավելին, վերջին ժամանակներում Երեւանում կատարվող մի շարք տարօրինակ իրադարձությունները հակառակի մասին են խոսում: Վերջերս Երեւանի բակերից մեկում կատարվել է մի չափազանց տարօրինակ դեպք. Մի խումբ մարդիկ, որոնք ներկայացել են որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, մեծ շուքով (բարձրախոսներով, ժամանակակից սարքավորումներով եւ այլն) բակում կազմակերպել են անվճար համերգ, իրենց շուրջը հավաքելով մեծ քանակությամբ մարդկանց: Համերգից հետո սկսել են բաժանել հայերեն եւ ռուսերեն լեզուներով կրոնական գրականություն: «Նրանք ասել են, որ ներկայացնում են Հայ առաքելական եկեղեցին, ավելին, դա կրկնել են մի քանի անգամ, որովհետեւ բանակչությունը, կարծելով որ նրանք աղանդավորականներ են, սկզբում մեծ անվստահությամբ էին նրանց վերաբերվում»- պատմում է Ա.Լ.-ն»[14] «Ա.Լ.» -ի խոսքերին վստահությամբ վերաբերվելուց հետո հոդվածագիրը շարունակում է ներկայացնել այլ «փաստեր», որոնց մասին նրան պատմել են հոդվածում անանուն ծանոթները:
Նույն ոգով է գրում «Առավոտ» օրաթերթի հոդվածագիրը. «Հոգեբանը կարծում է, որ աղանդները քայքայում են Հայ առաքելական եկեղեցին ու մարդկանց հոգիները եւ զրկում զարգանալու հնարավորությունից: «Ես դեպրեսիայի մեջ էի, կյանքն անիմաստ էր ինձ համար, շատ հարցեր էին ինձ տանջում. ինչո՞ւ եմ ապրում, ի՞նչ է լինելու մահվանից հետո: Շատ էի ծխում, ալկոհոլ օգտագործում»,- պատմում է վանաձորցի 23-ամյա Արթուրը եւ պնդում, որ այս հարցերի պատասխանը գտնելուն եւ հոգեբանական խնդիրները լուծելուն իրեն օգնել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը:»: Հոգեբանը շարունակում է. «Մարդկանց հակվածությունը եւ անդամակցությունը այս կամ այն կրոնական-աղանդավորական կազմակերպությանը՝ բացատրում է հոգեբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Միքայելյանը. «Յուրաքանչյուր մարդ ունի հասկացված լինելու պահանջ: Քանի որ Հայ առաքելական եկեղեցին այսօր չի կատարում իր պարտականությունները եւ մարդկանց հոգեկան բավարարվածություն չի տալիս, մարդկանց այդ պահանջը օգտագործում են աղանդավորականները եւ միանգամից երկու գործ են կատարում: Նախ՝ քայքայում են Հայ առաքելական եկեղեցին, երկրորդ՝ քայքայում են մարդկանց հոգիները, քանի որ այն, ինչ կախվածություն է առաջացնում, քայքայում է եւ թույլ չի տալիս մարդուն զարգանալ... Ըստ հոգեբան Վլադիմիր Միքայելյանի, պետք չէ աղանդներին ազատ գործունեության հնարավորություն տալ՝ հիմնվելով մտքի, խղճի, դավանանքի ազատության սկզբունքի վրա. «Ազատությունը այն կատեգորիան է, որը զարգացման է բերում, իսկ աղանդը, զրկելով մարդուն մտածելու կարողությունից, զրկում է նաեւ զարգանալու հնարավորությունից»:
Կրոնական կազմակերպություններին քաղաքական պայքարի մեջ ներքաշվելու մեղադրանքներ
Պետք է նշել, որ հատկապես 2008-ից հետո հայկական մամուլում, հատկապես ընդդիմադիր, բազմաթիվ են ՀԱՍԵ-ին ուղղված քննադատական հոդվածները: Դա պայմանավորված է այն բանով, 2008-ից սկսած ՀԱՍԵ-ին ակտիվորեն ներգրավվել է քաղաքականության մեջ, մասնակցել է իշխող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին, որի հետեւանքով ընդդիմադիր մամուլը («Հայկական Ժամանակ», «Չորրորդ Իշխանություն») հաճախ քննադատում է եկեղեցուն: Սակայն երբեմն քննադությունը կրում էր ուղղակի վիրավորական բնույթ, ինչը կարող էր վիրավորել ՀԱՍԵ հետեւորդների կրոնական զգացմունքները: Միաժամանակ պետք է նշել, որ այդ վիրավորանքներն ունեն քաղաքական, այլ ոչ թե կրոնական դրդապատճառներ: Քաղաքական պայքարում կրոնական թեմատիկան 2008-ին ակտիվոր
2008-ին քաղաքական թեմային սկսեց միահյուսվել կրոնական խնդիրների հետ: 2008-ին «Նովոյե Վրեմիա»[15] եւ «Գոլոս Արմենիի»[16] թերթերում տպագրվեցին մի քանի հոդվածներ, որտեղ փորձ էր արվում ընթերցողներին այն միտքը ներշնչել, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները («աղանդավորականները») նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել են ընդդիմության օգտին, սակայն դա ապացուցող որեւէ փաստ չէին ներկայացրել: Ավելին, «Նովոյե Վրեմիա» թերթը հետագայում ստիպված եղավ հրատարակել «7-րդ օրվա ադվենտիստներ» եկեղեցու պաշտոնական գրությունը, որտեղ ասված էր, որ հոդվածի տվյալները իրականությանը չեն համապասխանում: Բնական է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի ընտրությունների ժամանակ իրավունք ունի քվեարկելու իր նախընտրած թեկնածուի օգտին եւ մամուլում դրա մասին «մեղադրող» մեղադրող հոդվածների տպագրումը հակաօրինական է, սակայն այլ խնդիր է, թե որքանով են այդ տվյալները համապատասխանում իրականությանը:
2009-ին նմանատիպ հոդվածները շարունակվել են տպագրվել են հայկական մամուլում: Մասնավորապես «Աղանդները չե՞ն մասնակցում քաղաքական գործընթացներին»[17] հոդվածում բերվում են տվյալներ,որոնց աղբյուրը մասին հոդվածագիրը գաղտնի է պահում. «Մեր ստացած հավաստի տեղեկատվության համաձայն, Հայաստանում գործող «Եհովայի վկաներ» քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդի անդամները, ինչպես նաեւ նշված աղանդին հարողները (պիոներները կամ անդամության թեկնածուները), փոքր բացառությամբ, մասնակցել են 2007թ. Ազգային ժողովի եւ 2008թ. նախագահական ընտրություններին։ Ի դեպ, սա եւ այլ մանրամասներ մեզ հայտնի դարձան շնորհիվ Եհովայի վկաներից ոմանց անզգուշության եւ տեղեկատվության արտահոսքի, ինչպես նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշ անդամների ուշիմության։ Նրանք նկատել էին խմբերով ընտրության եկած անձանց, որոնց ճանաչել են որպես Եհովայի վկաների։
Ինչպես հայտնի է, Եհովայի վկաները, որոշ այլ աղանդների անդամների նման, հրապարակայնորեն եւ մասնավոր զրույցներում հայտարարել ու հայտարարում են քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընտրություններին իրենց չմասնակցելու վերաբերյալ։ Նախկինում թերեւս հենց այդպես էլ կար։ Սակայն ելնելով վերը նշվածից, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում եհովականները, ամենայն հավանականությամբ ենթարկվելով ինչ-որ մի վերին հրամանի կամ հրահանգի, որոշել են հանուն Եհովայի բացառություն կատարել։ Այսինքն՝ համարել են, որ եկել է այդ պահը..
Թերեւս առավել ուշագրավն այն է, որ Եհովայի վկաները, մեր ստացած տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովի ընտրություններին քվեարկել են «Ժառանգություն» կուսակցության եւ հիշյալ կուսակցության առաջադրած թեկնածուների օգտին։ Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ քվեարկել են հօգուտ թիվ 9-ի, այսինքն՝ քվեաթերթիկում 9-րդ համարի դիմաց նշված Լ.Տեր-Պետրոսյանի։»:
Հոդվածում «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամներին մեղադրանք է ներկայացվում մի բանում, ինչը նրանց սահմանադրական իրավունքն է: Մյուս կողմից որպես ինֆորմացիայի աղբյուր է նշվում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները, ինչը «Ընտրական օրենսգրքի» խախտում է, քանզի ընտրությունների մասնակցությունը եւ քվեարկությունը համարվում է գաղտնի: Հոդվածում փորձ է արվում այն միտքը ներշնչել ընթերցողներին, որ Հայաստանի նկատմամբ գորություն ունի դավադրություն արտերկրից, իսկ կրոնական կազմակերպությունները հանդիսանում են օտար ուժերի գործիքը այդ դավադրության մեջ: Միաժամանակ մեղադրանքներ են հնչեցվում «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ, որը նույնպես մասնակցում է այդ «դավադրությանը» եւ այդ պատճառով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների մտցնելու նախագծին դեմ է քվեարկել:
Հոդվածը շարունակում է «բացահայտել» նաեւ «Կյանքի Խոսք» եկեղեցուն եւ նրա ղեկավարին. «Հայաստանում «Կյանքի խոսք» «եկեղեցիների» միության նախագահ, 1995 թվականից երեւանյան եկեղեցու ավագ պաստոր (բողոքականների քահանա) Արթուր Սիմոնյանը, մեզ հասած հավաստի տեղեկատվության համաձայն, 2007թ. դեկտեմբերից մինչեւ 2008թ. հունվարի 15-ը, այսինքն՝ նախագահական ընտրությունների նախօրեին, գտնվել է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում, Սիեթլում, Պորտլենդում, Սակրամենտոյում...»: Հոդվածում շարունակվում են «ապացույցներ» բերվել ընտրությունների ժամանակ կրոնական կազմակերպությունների «դավադրության» մասին: Թերթի հաջորդ համարում հոդվածը շարունակվում է[18]. « Մոտ մեկ տարի առաջ մարտյան հայտնի իրադարձություններից հետո «Կյանքի խոսքի» (աղանդի հայաստանյան կառույցի) կայքում զետեղվեց մի ուշագրավ տեղեկատվություն, որը ներկայացնում ենք թարգմանաբար եւ հատվածաբար, մեր հարցադրումներով ու մեկնաբանություններով հանդերձ.
«Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցից հետո, պաշտոնական տվյալներով, առաջին ընտրական փուլում ձայների մեծամասնությունը տրված է այժմ գործող վարչապետին։ Սակայն մեծամասնությունը համոզված է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են։ Դա ժողովրդի մեջ հուզումների պատճառ է հանդիսացել»։
Հետաքրքիր է՝ քաղաքական գործընթացներից «հեռու» այս աղանդն այդ ինչի՞ հիման վրա որոշեց, թե ընտրությունների արդյունքների կեղծված լինելու համոզմունքը ընտրողների մեծամասնությանն է։ Մի՞թե սրանով չի փաստվում իբրեւ կրոնական կազմակերպություն հանդես եկող կառույցի ե՛ւ կողմնակալ դիրքորոշումը, ե՛ւ ինչ-ինչ առնչությունը քաղաքական գործընթացներին։
Եւս մեկ մեջբերում «Կյանքի խոսքի» կայքի հիշյալ տեղեկատվությունից. «Վարչապետի կողմնակիցները ցանկացած գնով ուզում են պահել իշխանությունը, դրա հետ կապված սկսվել են ընդդիմության գործիչների եւ նրանց կողմնակիցների հետապնդումները»։
Բնավ չենք զարմանա, եթե վերը բերված զրպարտալի տեղեկատվությանը կամ հայտարարությանը հանդիպեինք հհշական մամուլում, լեւոնականների որեւէ կայքում, բայց, ընդգծում ենք, այն «Կյանքի խոսքի» կայքից է։
Վերջինիս նույն տեղեկատվության մեջ նշված է նաեւ. «Միաժամանակ առաջացել է երկրի հավատացյալների կրոնական ազատությունների խախտման սպառնալիք։ Դա պայմանավորված է նրանով, որ գործող վարչապետին նախընտրական ամբողջ արշավի ընթացքում ակնհայտորեն աջակցում էին կաթողիկոսը եւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու քահանաները, որոնք նույնպես անմիջական ներկայություն են ունեցել քաղաքական իրադարձություններում»։
Եթե մի պահ նույնիսկ ընդունենք, թե դա այդպես է եղել, ապա այն ժամանակ վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին կաթողիկոսի եւ այլ հոգեւորականների բարոյական աջակցությունը եւ օրհնությունն ինչպե՞ս կարող էին «երկրի հավատացյալների կրոնական ազատությունների խախտման սպառնալիք» առաջացնել։ Այդպիսի կապի մասին հայտարարելը, կարծում ենք, նույնիսկ անհեթեթ է։
Թերեւս առավել ուշագրավը «Կյանքի խոսքի» հիշյալ տեղեկատվության վերջին նախադասությունն է. «Ներկա վարչապետին աջակցող այդ իսկ ուժերը (նկատի ունի կաթողիկոսին եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու քահանաներին.- Ա.Հ.) Հայաստանում հոգեւոր մենաշնորհի կողմնակիցներ են եւ ավետարանչական եկեղեցիներին համարում են աղանդներ, որոնց մեղադրում են ընդդիմության թեկնածուի քվեարկությանը կազմակերպված մասնակցության մեջ»։
Նման մեղադրանք մեզ հայտնի չէ, բայց, այնուհանդերձ, ինչպե՞ս չհարցնել՝ մի՞թե հիշյալ քվեարկությանը կազմակերպված մասնակցությունը չի համապատասխանում իրականությանը։ Համենայն դեպս, ավետարանական ընտանիքի անդամ եկեղեցի հանդես եկող «Կյանքի խոսքի» աղանդ լինելը, ինչպես նաեւ նրա անդամների կողմից կազմակերպված մասնակցությունը հօգուտ Լ.Տեր-Պետրոսյանի քվեարկության՝ գոնե մեզ կասկածի տեղիք չի տալիս։»:
2009-ի փետրվարին «Հայոց Աշխարհ» օրաթերթի խմբագրի հոդվածում զուգահեռներ են տարվում քաղաքական ընդիմության եւ կրոնական կազմակերպությունների միջեւ, որոնք անվանվում են «աղանդներ». «…Հիշեցնենք, որ օրինագիծը զգալիորեն հեշտացնում է աղանդների գործունեությունը մեր երկրի տարածքում։ Ըստ որում՝ ոչ միայն «Եհովայի վկաների», մորմոնների եւ ամեն տեսակի, ներողություն արտահայտությանս համար, «Պարող եղբայրների» կարգի կրոնական աղանդների, այլեւ քաղաքական աղանդների։ Մասնավորապես՝ «Լեւոնի աղանդի»… Կրկնում ենք, սեփական աղանդ ստեղծելու Տեր-Պետրոսյանի որոշումն ընդհանուր առմամբ բացատրելի է։ Դժվարությամբ է բացատրվում մեկ այլ բան. ինչո՞ւ է կոալիցիան ցանկանում ընդունել աղանդների գործունեությունը հեշտացնող օրենք։
Եւ ինչո՞ւ է, թույլ տվեք հարցնել, օրինագծում բացակայում Նեռի մասին հոդվածը՝ Քրիստոսի եւ Աստծո այդ հակառակորդի, «ծովից ելնող գազանի», որը պիտի հայտնվի աշխարհի վերջից առաջ եւ առաջնորդի խավարի ուժերը։ Կոալիցիան՝ ջայլամի պես, նախընտրում է մտցնել գլուխն ավազի մեջ ու ձեւացնել, թե ոչինչ չի՞ տեսնում։ Նույնիսկ այն, որ կաթողիկոսին մերժած Լեւոն-Նեռը արդեն մեկուկես տարի թափառում է հայոց աշխարհում։
Ի դեպ, ինչպես հայտնի է, Նեռի չարագործությունների ընդհանուր ժամկետը 42 ամիս է, այսինքն՝ երեքուկես տարի, ինչը հայելային արտացոլմամբ համապատասխանում է Քրիստոսի քարոզչության տեւողությանը։
Այնպես որ՝ հույսներս չդնենք խորհրդարանի վրա, այլ զինվենք համբերությամբ, քույրեր եւ եղբայրներ։ Բարոյական չարիքի թագավորությանը, որտեղ «մարդիկ կլինեն եսամոլ, արծաթասեր, մեծամիտ, անբարտավան, զազրախոս, ծնողամերժ, երախտամոռ, սրբապիղծ, անբարյացակամ, անհաշտ, զրպարտիչ, զեխ, դաժան, բարիատյաց, դավաճան, լկտի, գոռոզ, ավելի շատ տարփասեր, քան աստվածասեր», մնացել է ընդամենը երկու տարի»[19]:
Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպություններիմասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հասարակական քննարկումների եւ միջազգային զեկույցների քննլուսաբանումը հայկական մամուլում
2009-ին ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունել է ««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» եւ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ ընդունելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Այդ օրենքների կապակցությամբ կազմակերպվել են հասարակական քնարկումներ: ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են քննարկումները: Այս օրենքի,ինչպես նաեւ ԱՄՆ պետդապարտամենտի Հայաստանում կրոնական ազատություններին նվիրված զեկույցին ե առհասարակ կրոնական քնդիրներին նվիրված հոդվածների միայն վերնագրերն արդեն պարզորոշ ցուցադրում են այդ պարբերականների դիրքորոշումները.
«Հայոց Աշխարհ»`. «Նվեր աղանդավորականներին», «Բաժանիր, որ տիրես, աղանդնե՞րը, թե մենք ենք տերն այս երկրի», «Աղանդները վխտում են», «Հոգեորսությունն էլ ինչպե՞ս է լինում», «Վհուկների որսի մեջ մեղադրանքը անհեթեթություն է», «Ինչու՞ են աղմկում աղանդավորականների պաշտպանները», «Եհովայի վկաները մեծ թափով գործում են», «Խորհեք, թե ու՞ր են տանում նրանց ճանապարհները»:
«Ազգ».`«Հոգին կրկնակի որսալը քրեորեն պատժելի երեւույթ է», «Լուծեք հայ ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն այս խնդիրը», «Լոռու մարզում հայրենասիրական ոգով մատաղ սերնդի դաստիարակությունը հակացուցվա՞ծ է», «20-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել կրոնական հողի վրա»:
«Ազատամտություն».`«Աղանդավորները հզոր պաշտպան ունեն. ԱՄՆ պետական դեպարտեմենտը ամուր կանգնած է նրանց թիկունքին», «Աղանդավորների գաստրոլները», «Դավանափոխը «ազգի մամայի» դերում, ի՞սկ ով պետք է Հրուշին բարոյականության դասեր տա»:
«Իրավունք դե Ֆակտո»`. «Ինչո՞ւ է բարգավաճում աղանդավորությունը»
«Առավոտ»`. «Սահմանափակել աղանդավորների ազատոթյունը», ««Կյանքի Խոսք» «Միաբանության» տեսքով», «Ովքե՞ր են «Քրիստոնյա ուսանողները»»,
«Իրավունք»`. «Պատերազմ ընդդեմ ազգային ինքնության»,
Հոդվածների հիմնական մեխը «հոգեորսություն» եզրն է: Այս հասկացությունը գործող օրենք է ներմուծվել 1991-ին` դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում: «Հոգեորսություն» եզրույթը հաճախ թարգմանում են որպես դավանափոխությոն, սակայն այն ավելի մոտ է «ոչ պատշաճ դավանափոխությանը»: Դավանափոխության իրավունքը խղճի և կրոնի հիմնարար ազատության բաղկացուցիչ մասն է: Այլ խնդիր է «improper proselytism» («ոչ պատշաճ դավանափոխությունը»): Oրենքում արգելվում է «հոգեորսությունը», սակայն այն չի սահմանվում: Մամուլում, հեռուստատեսությամբ հաճախ է օգտագործվում այդ եզրը` որպես մեղադրանք` ուղղված կրոնական կազմակերպություններին Հայաստանում գործունեություն ծավալելու համար:
«Հայոց Աշխարհ» օրաթերթը «Նվեր աղանդավորականներին» հոդվածում լուսաբանում է օրենքի նախագծի քննարկումները. ««Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին- օրինագիծն այս օրերին դարձել է մի յուրօրինակ լակմուսի թուղթ։ Այդ նախագծի քննարկումներին Ազգային ժողովում, տարբեր դահլիճներում թե զանգվածային լրատվամիջոցներով մասնակցող յուրաքանչյուրը, կամա թե ակամա, ուղղակիորեն թե անուղղակիորեն բացահայտում է իր ձգտումները եւ կողմնորոշումը, իր ինքնությունը, իր ով լինելը։ Այն իրողությունը, որ օրենքի նախագծի ամենամոլի քննադատների թվում կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության նախկին պետ Հրանուշ Խառատյանն է, մեզ բնավ չի զարմացնում։ Ժամանակին հենց նրա մեղքով, թողտվությամբ է, որ մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ Հայաստանում գրանցվեց «Եհովայի վկաներ» քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդը։
Ճիշտ է, օրենքի նախագիծն ունի բազմաթիվ եւ շտկման ենթակա թերություններ, բայց հիմնականում ճիշտ հակառակ՝ հոգեորսությանը եւ քայքայիչ աղանդների ազգակործան գործունեությանը թույլ դիմագրավելու առումով։ Մինչդեռ Հ.Խառատյանը, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, հասարակական որոշ կազմակերպությունների ղեկավարներ եւ սուտի իրավապաշտպաններ այս կապակցությամբ չէ, որ իրենց քննադատության թիրախ են դարձրել օրենքի նախագիծը։ Ահա թե ինչեր են մոգոնել նրանք։
Վ.Խաչատրյանը, օրինակ, հայտարարում է, որ օրենքի առաջարկվող փոփոխության դեմ «Ժառանգությունը» պայքարելու է, քանի որ «հասարակական օրգանիզմի աղճատմանն ուղղված որեւէ քայլ այսօր պետք է բացառել հիմնովին»։ Պատգամավորը, որին հհշական թերթերը կրոնագետ, նույնիսկ աստվածաբան են ներկայացրել, հավանաբար «մոռանում է», որ Հայաստանում բուն դրած քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդները հենց իրենք են հետեւողականորեն աղճատում հասարակական օրգանիզմը, պառակտում հասարակությունը, հային հայի դեմ, հային Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հանում։ … Հոգեորսությունը քրեորեն հետապնդելի չդարձնելն ուղղակի նշանակում է կանաչ լույս վառել այն քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդների առջեւ, որոնք հոգեորսությամբ իրենց շարքերը համալրելու նպատակով, քարոզչական ներգործության ընթացքում նույնիսկ: … Օրենքի նախագծում չկա նաեւ հայ ժողովրդի ինքնության թիվ մեկ մեխը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, կրոնական ինքնությունը մեր ինքնության առանցքը դարձնելու որեւէ փորձ (ափսոս, որ չկա, եթե լիներ, նախագծի հեղինակներին պետք է միայն դրվատեինք:»:
Հաճախ կրոնական անհանդուրժողականություն պարունակող հոդվածներ հրատարակող «Ազատամտություն» թերթը նույնպես լուսաբանել է օրենքի նախագծի քննարկումները, սակայն «Հայաստանը կարող է դառնալ կրոնական հակամարտությունների թատերաբեմ» ծավալուն հոդվածը բավականին լուրջ եւ հավասարակշիռ վերլուծության է ենթարկել նախագիծը[20]. «Ահա այդպիսի ինտելեկտուալ մի փորձանքի առաջ է կանգնած հայ հասարակությունը` շնորհիվ ԱԺ պատգամավոր Արմեն Աշտոյանի, որը հերիք չէ պատգամավոր է, վերջերս էլ ընտրվել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Աշոտյանը, երևի շատ լուրջ ընդունելով օրեսդրական գործունեությամբ զբաղվելու իր կարողությունները, ԱԺ է ներկայացրել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին օրինագիծ: Կարծես թե այս ոլորտում այս պահին փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկար. Հայ Առաքելական եկեղեցին բավարար չափով պաշտպանված է թե՜ օրենսդրորեն, թե՜ կազմակերպչական իմաստով: Սակայն Աշոտյանի այս նախաձեռնության շնորհիվ մյուս եկեղեցիները և կրոնական ուղղությունները ակտիվացման նոր խթան են ստանում: Նրանք այսօր միավորվում են` իրենց իրավունքները համատեղ պաշտպանելու Հայաստանի իշխանություններից և Հայ Առաքելական եկեղեցուց: Իսկ Աշոտյանի ներկայացրած փոփոխությունները այդ պայքարի համար լիակատար հիմք են ստեղծում: Եթե դրանք ընդունվեն և կիրառվեն, ապա Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը և դատարանները, իրենց բան ու գործը թողած, պետք է զբաղվեն հավատաքննությամբ, որպեսզի պարզեն, թո ով է զբաղվում հոգեորսությամբ, իսկ ով՝ քարոզչությամբ: Իրական են նաև այն կանխատեսումները, որ այս փոփոխությունների ընդունումը իրական սպառնալիք է Հայաստանի սահմանադրական կարգին, ըստ որի ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, եկեղեցին անջատ է պետությունից, իսկ փոփոխությունների ընդունման դեպքում Հայաստանը կարող է դառնալ կրոնապետություն:... Ամենամեծ խնդիրը, իհարկե, կապված է առաջարկվող փոփոխություններով հոգեորսությունը սահմանելու և դրա համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ: Ըստ առաջարկվող փոփոխության, «Հոգեորսություն է համարվում կրոնական կամ դավանաբանական այլ հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ քարոզչական այն ներգործությունը, որի ընթացքում ա) առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք»: Եկեղեցիներից շատերը զբաղվում են բարեգործությամբ: Մի պահ պատկերացրեք, որ որևէ եկեղեցու քարոզիչ քարոզի ժամանակ ասում է, որ իրենց եկեղեցու անդամները օգնում են իրար, ֆինանսական դժվարություններ ունեցողին տրամադրվում է օժանդակություն: Սա կարող է լինել կատարյալ հոգեորսության օրինակ, իսկ քարոզիչը` դատապարտվել ազատազրկման:»:
Նույն թերթը մեկ այլ հոդվածում[21] մեղադրում է ՀՀ կառավարության կից Ազգային փոքրամասնությունների եւ կրոնական հարցերի վարչության նախկին պետին «աղանդավորականների» դեմ չպայքարելու համար. «Կառավարության աշխատակազմի անդամի չորսամյա գործունեության «թագ ու պսակն» այն եղավ, որ գրչի մի հարվածով արտոնեց տոտալ աղանդների ազատ ու անկաշկանդ գործունեությունն ու տարածումը երկրում: Խառատյանը հասավ նրան, որ եհովականները, հիսունականները, կրիշնայականները և մնացած զիբիլները օրենքով պաշտպանված լինեն, ընդ որում՝ տոտալ աղանդների գործունեության սահմանումը (հիմնական գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները և այլն) այնպես հաստատեց, որ կրոնական կազմակերպությունների կարգավիճակը հավասարվեց Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակին: Կարկառուն ազգագրագետին բնավ չէր հետաքրքրում ու հուզում այն փաստը, որ հոգեորսները ակտիվորեն լծվել էին (այսօր առավել քան եռանդուն) սեփական ազգը հյուծելու, նրան հոգեպես թուլացնելու, մարդկանց գիտակցությունը մթագնելու գործին: Տիկնոջ համար կարևորը կրոնական ազատություններն էին, այլ ոչ թե նորմալ մարդկանց հոգեորսության ճիրաններից փրկելը: Մի խոսքով, դնելով իր ստորագրությունը նման օրենքի նախագծի տակ (որի մշակմանը որպես փորձագետներ հիմնականում մասնակցում էին գրանտակերները)՝ Հրանուշ Խառատյան վարչության պետը այդպիսով դարձավ պաշտելի անձ աղանդավորական կազմակերպությունների համար: Այս առումով ամենևին էլ պատահական չէ, որ հետագայում Խառատյանը անդամագրվեց Լևոնի աղանդին (այս մասին ավելի ուշ):»
«Առավոտ» օրաթերթի հոդվածաում առաջարկվում է ընդհանրապես սահմանափակել կրոնական ազատությունները, որոնք ամրագրված են սահմանադրությամբ եւ միջազգային համաձայնագրերով[22]. «Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա տեր Վահան Ազարյանը գտնում է, որ Հայ առաքելական եկեղեցին աղանդների դեմ պայքարում պետք է գլոբալ աշխատանքներ սկսի պետության հետ համատեղ: «Մենք պետք է հիշենք, որ սա շատ մարդկանց համար բիզնես է, պարզապես աշխատանք: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու կրթության, դաստիարակության ոլորտներում: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ եկեղեցին հենց իրենք են եւ առաջին հերթին իրենք պետք է իրենց պաշտպանեն աղանդներից»:
Շատերը համոզված են, որ աղանդները օգտվում են մարդկանց անտեղյակությունից, եւ ով տեղեկացված չէ, պաշտպանված չէ աղանդների ազդեցությունից: Աղանդավորական տարբեր կազմակերպություններ Աստվածաշունչը մեկնաբանում են տարբեր կերպ: Երեւանի Սբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Հակոբ Խաչատրյանի հետ զրուցեցինք «Կյանքի խոսք» կազմակերպության մասին. «Կյանքի խոսքի» աստվածաբանական գաղափարախոսության հիմքում ընկած է բարգավաճման գաղափարը: Թեեւ նրանք ասում են, որ դավանաբանորեն չեն տարբերվում Հայ առաքելական եկեղեցուց, բայց այդ բարգավաճման գաղափարի մեջ աստվածաշնչյան հիմնական սկզբունքներից շեղումներ կան: Համաձայն այդ գաղափարի՝ մարդու կյանքը անընդհատ բարգավաճում պետք է ունենա, հավատի արտահայտությունը պետք է նյութական լինի կյանքում՝ դրամ, պաշտոնի բարձրացում, առողջության վերականգնում: Այս ամենը Աստվածաշնչի տրամաբանությունից եւ ոգուց չի բխում: Դրանք խայծեր են, որոնց շնորհիվ անձը կարող է անդամագրվել կազմակերպությանը»:
«Կյանքի խոսքի» Վանաձորի ներկայացուցիչները պարբերաբար այցելություններ են կատարում բանտեր, մանկատներ, ծերանոցներ, նվերներ տալիս եւ քարոզում՝ այսպիսով փորձելով իրենց շարքերը ներգրավել հոգեբանական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց: Ըստ հոգեբան Վլադիմիր Միքայելյանի, պետք չէ աղանդներին ազատ գործունեության հնարավորություն տալ՝ հիմնվելով մտքի, խղճի, դավանանքի ազատության սկզբունքի վրա. «Ազատությունը այն կատեգորիան է, որը զարգացման է բերում, իսկ աղանդը, զրկելով մարդուն մտածելու կարողությունից, զրկում է նաեւ զարգանալու հնարավորությունից»:»
«Գոլոս Արմենիի»[23] թերթը մի քանի հոդվածներում ներկայացնում է Ֆրանսիայի եւ Հունաստանի փորձը, սակայն տվյալները մասնակի են ներկայացված: Հոդվածներում ներկայացվում են «Եհովայի Վկաների» դեմ կիրառված օրենսդրական սահմանափակումները, սակայն չեն ներկայացվում Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները այդ երկրներից ներկայացված գործերի կապակցությամբ, կամ օգտագործելով «հոգեորսություն» եզրը, հոդվածներում չի բացատրվում, որ դա եվրոպական իրավունքում «ոչ պատշաճ դավանափոխություն» եզրն է, ինչի համար իրոք քրեական պատիժներ են սահմանաված, այլ ոչ թե «դավանափոխություն» եզրն է, ինչի տակ երբեմն հասկանում են «հոգեվորսություն ասելով եւ ինչը միջազգային իրավունքում եւ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավունք է:
Պետք է նշել,որ ոչ բոլոր թերթերն են միակողմանի ներկայացրել օրենքի նախագծի քննարկումները: www.lragir.am, www.panorama.am, www.tert.am, www.arminfo.am, www.hetq.am, www.armenianow.com, «ժամանակ-Երեւան», «Հրապարակ» թերթերը ակտիվորեն լուսաբանել են նախագծի քննարկումները եւ հոդվածներում ներլայացրել են բոլար տեսակատները, զերծ մնալով որակումներից:
ԱՄՆ պետդապարտամենտի «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց-2008» զեկույզի Հայաստանին վերաբերող հատվածի կապակցությամբ «Ազատամտություն» թերթը տպագրել է քննադատական վերլուծություն[24]: Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ հոդվածից. «ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է «Կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույց-2009»-ը, որում Հայաստանին վերաբերող հատվածը չափազանց ուշագրավ է: Զեկույցին ուշադիր ծանոթանալուց հետո, ինքներդ կարող եք եզրահանգումներ անել` ԱՄՆ պետդեպի համար որն է ավելի կարևոր` նորմալ մարդկանց իրավունքների պաշտպանությու՞նը, թե՞ հոգեորսների գործունեության համար անսահմանափակ հնարավորություններ ու արտոնություններ ապահովելու հարցը: Անշուշտ, զեկույցի հեղինակների համար գլխավորն աղանդավորական կազմակերպություններին և նրանց անդամներին գործելու լիակատար ազատություն տալու խնդիրն է:»: Հոդվածում կրոնական կազմակերպություններին հարող մարդիկ համարվում են ոչ նորմալ: «Ահա այսպես, սույն մոլախոտերն ամեն օր զորամաս աշխատանքի հաճախել նույնպես չեն ցանկանում: Հավանաբար այն պատճառով, որ հայոց բանակում փոքր-ինչ դժվարությամբ է ստացվում հոգեորսությամբ զբաղվելը:... Ահա այսպես աղանդավորների պաշտպան պետդեպը մեկ առ մեկ արձանագրել է տոտալ և ոչ այնքան տոտալ աղանդների նկատմամբ «անհանդուրժողականության», «ագրեսիայի» փաստերը:»:
Պետդեպի զեկույցին հետ համաձայնելը կամ չհամաձայնելը թերթի կամ հոդվածագրի իրավունքն է, սակայն Հայաստանի քաղաքացիներին կրոնական պատկանելության պատճառով հրապարակայնորեն ոչ նորմալ մարդ կամ «մոլախոտ» անվանելը ՀՀ քրեական օրենսդրությամբ պատժելի արարք է:
Մամուլի հաղորդագրությունները կրոնական անհանդուրժողականության եւ խտրականության դեպքերի մասին
Մամուլում գնալով ավելի հաճախակի են հանդիպում հաղորդագրություններ կրոնական անհանդուրժողականության կամ խտրականության դեպքերի մասին: Նման դեպքերի մասին հոդվածներ հիմնականում ներկայացնում են www.lragir.am, www.hetq.am, www.armenianow.com կայքերը եւ «Ժամանակ-Երեւան» թերթը:
2009-ի մայիսի 13-ին «Ժամանակ Երեւան» տպագրել է Մարինե Խառատյանի «Գուգարքի թեմի առաջնորդն ընդդեմ... երեխաների» հոդվածը[25] որտեղ գրված է· «Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը նախօրեին Վանաձորի նորակառույց եկեղեցու դահլիճում հանդիպել է դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը: Տնօրեններին հրահանգվել է ակտիվ աշխատանք տանել «աղանդավորության», ասել է թե` «աղանդավոր» երեխաների դեմ: Ընդ որում` եպիսկոպոսից բացի, ելույթ է ունեցել նաեւ Լոռու մարզպետը` նույն մոտիվներով: Նմանատիպ հանձնարարական տրվել է նաեւ Սպիտակի դպրոցների տնօրեններին:
Երեկ արդեն Վանաձորի թիվ 9 դպրոցում ուսուցիչները սկսել են աշակերտների հարցաքննությունը, թե ով ինչ եկեղեցի է հաճախում, այնտեղ մոմ վառո՞ւմ են, թե՞ ոչ: Ուսուցիչները գրանցել են երեխաների անուն-ազգանունները եւ սպառնացել, որ եթե աշակերտները հաճախեն «աղանդավորականների», այսինքն` Հայ Առաքելական եկեղեցուց բացի այլ եկեղեցիների հավաքներին` խստագույնս կպատժվեն: Բազմաթիվ «բացահայտված» երեխաներ լացելով ու հոգեկան սթրեսի մեջ են դպրոցից գնացել տուն: Մեզ հասած տեղեկություններով` ուսուցիչները հետեւում են հրահանգներին, քանի որ վախենում են կորցնել աշխատանքը: Ի դեպ, ամիսներ առաջ Լոռու Սպիտակ քաղաքին կից Ջրաշեն եւ Չիգդամալ գյուղական դպրոցներում նման գործունեությամբ են զբաղվել արդեն ոստիկանները:
«Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը գերազանցում է իր լիազորությունները եւ միջամտում է պետության գործերին, եւ սա առաջին անգամը չէ», - մեզ հետ զրույցում երեկ գնահատական ներկայացրեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` շարունակելով. «Նա իր գործողություններով հրահրում է կրոնական անհանդուրժողականություն եւ թշնամանք` կրոնական այլ ուղղությունների նկատմամբ, եւ Լոռու մարզում կրոնական պատկանելության հիմքով ոտնձգությունների պատասխանատվությունը ընկնում է անմիջապես Սեպուհ Չուլջյանի վրա: Նաեւ տեղի իշխանությունները` մարզպետի, քաղաքապետի, համայնքների ղեկավարների մակարդակով իրենց նման գործողություններով կրոնական անհանդուրժողականություն են սերմանում եւ պառակտում մտցնում հասարակության մեջ` կրոնական պատկանելության հողի վրա:»:
Հաջորդ օրը նույն թերթը «Եկեղեցին անցել է «աղանդավոր» երեխաների դեմ «պրակտիկ գործունեությա՞ն»: Մարզպետարանը հերքում է, ծնողը` հաստատում»[26] հոդվածում շարունակում է լրագրողական հետաքննությունը· «Երեկ մեզ հաջողվեց զրուցել վանաձորցի ծնողի հետ, որի երեխաների հետ աշխատանք էր տարվել դպրոցում: Ծնողը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ պատմեց հետեւյալը. «Սկզբից` ցածր դասարանցիների անուններն են գրանցել: Երեխան ասաց` ուսուցչուհին երկու-երկու կանչում էր ու հարցեր տալիս իրենց: Հարցրել է` ո՞ր եկեղեցին եք հաճախում, այնտեղ մոմ վառո՞ւմ եք, այնտեղ ձեզ ի՞նչ են տալիս: Ավելի բարձր դասարանցիներին արդեն բացահայտ, ողջ դասարանի մոտ կանգնեցրել` պախարակել են, թե դուք աղանդավոր եք, եթե մոմ չեք վառում, այնտեղ, ուր գնում եք` հոգեորսներ են, էլ չեք գնալու էդտեղ: Փոքր երեխաս հուզված լացելով, վախեցած եկավ տուն, մեծս նույնպես վախեցած է եկել տուն», - ասաց ծնողը` շարունակելով. «Իհարկե` շատ վատ եմ գնահատում, երեխաների վիճակը տեսնելով` ես ինքս էի արդեն վատ վիճակում: Ո՞նց կարելի էր նման կերպ վարվել երեխաների հետ»: Մեզ հետ զրուցած մեկ այլ ծնող զարմացավ, որ մարզպետարանը հերքում է փաստը: «Ինչպե՞ս թե` չի խոսվել: Ամբողջ Վանաձորն է «Լոռի» հեռուստատեսությամբ տեսել: Առաջինը` ասվել է, որ հայ եկեղեցու պատմության դասավանդումները պետք է ուժեղացել, հետո` պայքարել աղանդավորների դեմ: Եպիսկոպոսն իր խոսքում ասաց, որ մանկապարտեզները պետք է կոչվեն սրբերի անուններով, իսկ դպրոցներում պետք է պայքարել աղանդների դեմ: Մարզպետը ինքն էլ կոչ էր անում, որ պետք է պայքարել բոլոր աղանդավորների դեմ, այն դեպքում, երբ «աղանդը» իրավաբանական տերմին չէ եւ կառավարության ներկայացուցիչները, պաշտոնական մարդիկ իրավունք չունեն «աղանդ» բառը գործածել` խոսելով կրոնական կազմակերպության մասին: Մարզպետը բացահայտ կոչ էր անում դպրոցներում պայքարել աղանդավորության դեմ: Ամբողջ հավաքը դրան էր նվիրված, ինչի՞ մասին է խոսքը: Ո՞նց էդպիսի բան չի եղել: Դրանից հետո 9-րդ դպրոցում անցել են պրակտիկ գործունեության:»:
«Ազգ» օրաթերթը «Լոռու մարզում հայրենասիրական ոգով մատաղ սերնդի դաստիարակությունը հակացուցվա՞ծ է» հոդվածում այսպես է մեկնաբանում այդ դեպքերը. «Իրականության խեղաթյուրումը որոշ զանգվածային լրատվական միջոցների կողմից երբեմն անցնում է անգամ երեւակայության սահմանները:
Հապա մի տեսեք, թե ինչ վերնագիր է դրվել հանրապետական թերթերից մեկում տպագրված տեղեկատվությանը. «Զանգվածային կրոնական ահաբեկումներ Լոռու մարզում»: Վերնագիրը հնչեղ է: Հասե՛ք եվրոպացինե՛ր, իրավապաշտպաննե՛ր, «ժողովրդավարնե՛ր», փրկեք կրոնական կազմակերպություններին անհանդուրժող լոռեցիներից:
Երբ վերնագիրն ընթերցելուց հետո խորանում ես բուն տեղեկատվության մեջ, պարզվում է, որ գործ ունենք պարզագույն սադրանքի, ապակողմնորոշիչ տեղեկատվության եւ տարրական իրավական գիտելիքների բացակայության հետ: Եվ ամենակարեւորը. տեղեկատվությունն ավարտվում է ցնցող եզրակացությամբ. «Ենթադրվում է, որ Եկեղեցու թիրախը դպրոցներն են լինելու»: Ո՞ր եկեղեցու մասին է խոսքը: Ինչ ասել է` թիրախ:
Պարզագույն սադրանքի, ապակողմնորոշիչ տեղեկատվության մասին
Ինչն է իրականում հիմք եղել նման ապատեղեկատվության համար: 2009-ի մայիսի 11-ին տեղի է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հանդիպումը Լոռու մարզպետի, Գուգարաց թեմի առաջնորդի, մարզպետարանի կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Քննարկվել են դպրոցներում հայ եկեղեցու պատմություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու եւ հայ գրականություն առարկաների դասավանդման մեթոդիկան եւ մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու խնդիրները: Այս առարկաների ճիշտ մատուցումն է, որ կարող է աշակերտի մեջ արթնացնել ազգային ինքնության գիտակցումը եւ բավարար գիտելիքներով խարսխված ու գիտակցված հայրենասիրության զգացումը: Եվ իսկապես անհանգստանալու հիմքեր կան:…
Ժամանակն է գրող եւ ընթերցող հասարակությանը հիշեցնելու, որ ՀՀ Ազգային ժողովը 2007-ի փետրվարի 22-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որն ուժի մեջ է եւ սկսել է կիրառվել: Այդ օրենքի հոդված 8-ի 1-ին կետի 4-րդ ենթակետն ասում է. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին իրավունք ունի նպաստելու հասարակության հոգեւոր կրթությանը կրթական հաստատություններում` օրենքով սահմանված կարգով»:
Լոռու մարզում թեմի առաջնորդի եւ մարզային իշխանության հետ միասնաբար կազմակերպվող միջոցառումներն առաջինն ու վերջինը չեն, իսկ առաջնորդի ազգասիրության մասին լոռեցիները դրվատանքով են խոսում: Ուստի, երբ Հայ առաքելական եկեղեցին իրեն վերապահված իրավունքների շրջանակներում կրթական հաստատություններում նպաստել է հասարակայնության հոգեւոր կրթությանը, հանկարծ այն որակվում է որպես կրոնական անհանդուրժողականություն:»[27]:
2009-ի հունիսին Ազգային անվտանգության ծառայության Գյումրիի բաժնի աշխատակիցները պարբերաբար անհանգստացրել են «Քրիստոնեական մշակույթի միջազգային ծառայություններ» հասարակական բարեգործական կազմակերպության անդամներին[28]: Կազմակերպությունը տարիներ ի վեր գործում է Հայաստանում եւ զբաղվում է բարեգործությամբ: Կազմակերպության նախագահն է Լեւոն Պարտակչյանը: «Հրավիրյալները» օրենքին համապատասխան կարգով պատշաճորեն չեն ծանուցվել, հարցաքննվողներին չեն բացատրում իրենց կարգավիճակը եւ իրավունքները: 24-ամյա Նուշիկ Գրիգորյանը պատմում է, որ իրեն երեք ժամ ԱԱԾ բաժանմունքում պահելու ժամանակ թույլ չեն տվել օգտվել հեռախոսից, իսկ «պետի տեղակալ» ներկայացած Չախոյան ազգանունով անձը կրոնական զգացմունքները նվաստացնող «զրույցներ» է վարել: Նուշիկ Գրիգորյանին ստիպել են ինչ-որ թղթի վրա «բացատրություններ» գրել: «Հարցաքննության» է հրավիրվել նաեւ կազմակերպության անդամ Արթուր Ավագյանը, որը հեռախոսով իրեն հրավիրած քննիչ Արթուր Հարությունյանից պահանջել է պատշաճ կարգով իրեն հրավեր ուղարկել: Ըստ կազմակերպության ղեկավար Լեւոն Պարտակչյանի Արթուր Ացագյանին ԱԱԾ աշխատակիցները սպառնացել են չներկայանելու դեպքում «հաշվեհարդար տեսնել» նրա հետ: «Հրավիրվածներին» ԱԱԾ ծառայության աշխատակիցներն իրենց գործողությունները բացատրում են այն բանով, որ պայքարում են «հոգեորսության» դեմ:»: Այս տվյալները մեզ հաղորդել են ԱԱԾ «հրավիրված» այդ կազմակերպության անդամները, ինչպես նաեւ այս դեպքը նկարագրված է ԱՄՆ պետդեպի «Կրոնական Ազատությունների Մասին
Միջազգային Զեկույց 2009-Հայաստան» զեկույցում[29]: Կազմակերպության ղեկավար Լեւոն Պարտակչյանի բաց նամակում[30] ասվում է, որ «Նուշիկը, նույն սկզբունքով, ԱԱԾ երեք աշխատակիցների, Արմենի, Արթուրի և Չախոյանի կողմից ենթարկվել է հարցաքննության, հեգնանքի և ծաղրանքի առարկա է դարձել նրանց կողմից, քննադատվել է և անվանարկվել է նրա` կրոնական հայացքների (իր հավատքի ծառայությունը, նվիրվածությունը ու պատկանելիությունը իր` քրիստոնեական, հոգևոր-մշակութայի ծառայություններին), դեմքի գույնի, չամուսնանալու փաստի, անձնական (որբ լինելը), ընտանեկան և սոցիալական վիճակի և ստորացնելու միտումով առաջարկվել է մաքրել քաղաքի հրապարակում գտնվող Եկեղեցու բակը:»: «lragir.am»-ում այս դեպքերի մասին լրատվություն տպագրելուց հետո ԱԱԾ աշխատակիցները նրանց այլեւս չեն անհանգստացրել[31]:
«Ժամանակ Երեւան» օրաթերթը[32] տեղեկացնում է, որ· «Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի դպրոցի ուսուցիչները կրոնական անհանդուրժողականության արշավ են սկսել: Դպրոցի տնօրենը սպառնացել է քրեական պատասխանատվության ենթարկել «Ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցու» անդամներից մեկի երեխաներին` այն բանի համար, որ աղանդավորական են: Ուսուցիչները երեխաների շրջանում հարցումներ են անցկացնում` բացահայտելու համար աղանդավորականներին: «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչը կոչ է արել մյուս երեխաներին չշփվել աղանդավորականների հետ: Այժմ երեխաները մեկուսացված են ընկերներից: Նման դեպքերը բնորոշ են ոչ միայն Լոռու մարզին, այլեւ տարածված են ողջ Հայաստանում:»:
2009-ի գարնանը մեծ աղմուկ էր բարձրացել Ավետարանական եկեղեցու հովվի կողմից հրավիրված «Օկլահոմայի երգող տղամարդիկ» երգչախմբի բարեգործական համարգների շուրջ: Արդյունքում երգչախմբի համերգները դադարեցվել են: Ներկայացնում ենք մամուլի արձագանքները այդ դեպքերի կապակցութկամբ. «Օրեր առաջ պարզվեց, որ Հայ ավետարանական եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աչքի առաջ, մեր անդուռ ու անլուսամոտ պետության տարածք է «ներկրել» «Օկլահոմայի երգող տղամարդիկ» երգչախմբի անվան տակ երգող աղանդավորներ: Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանած երգող հոգևորները իբր եկել են համերգների, սակայն իրականում ամերիկյան աղանդավորական երգչախումբը Հայ ավետարանչական համայնքի հետ ձեռք ձեռքի այստեղ զբաղվելու են քարոզչությամբ: Պատեհ առիթ կա՝ ապրիլի 24-ը: Եվ Հայ ավետարանական եկեղեցին, որը համերգների կազմակերպիչն ու հովանավորն է, որոշել է Օկլահոմայի երգչախմբի ելույթներով «հարգանք մատուցել» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
Սակայն երգչախմբի կայքէջերից Մայր Աթոռի հայտնաբերած մի փաստաթուղթը բացահայտում է Հայ ավետարանական եկեղեցու սույն նախաձեռնության իրական նպատակը: Գլխավորապես այն, որ նախաձեռնության հեղինակն ու գաստրոլյոր բապտիստները, Ցեղասպանության զոհերի հիշատակը շահարկելով, առնվազն 1-2 շաբաթ Հայաստանում զբաղվելու են կոնկրետ միսիոներական գործունեությամբ:
Ապացույցը հիշյալ փաստաթղթի արձանագրություններն են, ըստ որոնց, Հայաստանը որակվում է որպես հակասեմականության տարրեր կրող երկիր, իսկ Հայաստանյայց առաքելական եկեղեցին իր ճնշող ազդեցությամբ «սպառնալիք է նոր Մեծ առաքելության եկեղեցիների աճի համար»...
Այս փաստը վերջապես ստիպել է Մայր Աթոռին ձայն հանել, որն էլ երեկ օրաթերթերից մեկում հրապարակեց իր հայտարարությունը, ուր մասնավորապես նշված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է սույն միջոցառմանը ներգրավված բոլոր կազմակերպիչներին, ի մասնավորի հրավիրող Հայ ավետարանական համայնքին, Ցեղասպանության զոհերի նվիրական հիշատակի շահարկմամբ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին անվանարկելու փորձերը»[33]:» : Հետագա տեքստում ներկայացվում են տեսակատներ Հայ ավետարանական եկեղեցու մասին. «Ի դեպ, անցած տարիներին տարբեր առիթներով, երբ հանդիպել եմ հայ եկեղեցու սպասավորների ու բարձրաստիճան հոգևորականների հետ, նրանցից մշտապես փորձել եմ ճշտել՝ Հայ ավետարանական եկեղեցին աղա՞նդ է, թե՞ ոչ: Եվ իմ բոլոր զրուցակիցները նշել են, որ աղանդ է: Բայց միայն «անկյուններում», իսկ հրապարակավ՝ ո՜չ Մայր Աթոռը և ո՜չ էլ որևէ հոգևորական այդ մասին չեն հայտարարել... Եվ Ռընե Լևոնյանն անվրդով շարունակել է իր աղանդավորական գործունեությունը` ավետարանիչ հոգևորների ակտիվ քարոզչության շնորհիվ ավելացնելով իր հավատացյալների թիվը:… Անցած տարիներին կարևոր ու հիշարժան բոլոր իրադարձությունները նշելիս (տոն, թե տարելից) բոլորս ենք նկատել, որ արարողությունների ժամանակ երկրի ղեկավարների թիկունքում մշտապես ներկա է Ռընե Լևոնյանը: Գուցե այս հագամա՞նքն է հետ պահել Հայ առաքելական եկեղեցուն հրապարակավ զգուշացնելու իր մոլորյալ հոտին, որպեսզի չընկնեն ավետարանականի որոգայթը: Սակայն դա արդարացում լինել չի կարող, քանզի փաստ է, որ (չխորանալով դավանաբանական ակնհայտ տարբերությունների մեջ) ավետարանականը որևէ կերպ չի «ներծծվում» առաքելականի մեջ: Թեկուզ միայն այն պատճառով, որ քրիստոնեությունը, որպես պետական կրոն, հռչակվել է դեռևս 1700 տարի առաջ, իսկ ավետարանականն ունի ընդամենը 160 տարվա պատմություն:» :
«Հայոց Աշխարհ» օրաթերթը այսպես է մեկնաբանում դեպքը. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի դիվանի ապրիլի 18-ին տարածած տեղեկատվության, ԱՄՆ-ի «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվամբ բապտիստական երգչախմբի կայքէջերից մեկում զետեղված տեղեկատվության համաձայն, Հայաստանը բնութագրվում է որպես հակասեմականության տարրեր կրող երկիր։ Կարծում ենք, այս լկտի զրպարտությունն արդեն իսկ բավարար է բոյկոտելու Ամերիկայից արդեն Հայաստան ժամանած «Singing Men of Oklahoma» երգչախմբի այսօրվա ելույթը Դիլիջանում, վաղվա ելույթը՝ Վանաձորում, եւ ապրիլի 24-ի ելույթը Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ ….Իրականում չկա Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ճնշող կամ ինչ-որ հակաօրինական ազդեցություն, ընդհակառակը՝ քայքայիչ աղանդների եւ նրանց գործունեության դեմ պայքարելու առումով կա նրա անհրաժեշտ ազդեցության բացակայություն։ Բոլորովին այլ խնդիր է, որ հավատացյալների մեծ մասը նախապատվությունը տալիս է ոչ թե տարատեսակ աղանդներին եւ իբրեւ եկեղեցի ներկայացողներին, այլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն։»:[34]
Եզրակացություն
Հայկական մամուլում կրոնական թեմաներով հոդվածները` համեմատած նախորդ տարիների հետ, շատացել են: Մյուս առանձնահատկությունը այն է, որ թեման գնալով քաղաքականում է, ինչը կարելի է համամատել ԱՊՀ մյուս երկրներում ընթացող նմանատիպ գործընթացների հետ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներկայացուցիչները գնալով ավելի ակտիվ դերակատարություն են ստանձնում քաղաքական կյանքում, ինչի մասին շվկայում են 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի, այնպես էլ ՀԱՍԵ կաթողիկոսի ուղերձները եւ հոգեւորականների հրապարակային ելույթները: Կրոնական կազմակերպությունների նկատմամբ հնչող մեղանդրանքներիում հաճախ կարելի է հանդիպել քաղաքական բնույթի քննադատություններ, ինչպիսիք են «ազգային միասնության», «հոգեւոր անվտանգության»[35] նկատմամբ եղեծ «սպառնալիքներ»: Հաճախ են նույնացվում ազգային եւ կրոնական պատկանելությունը: Նման տեսակներ կարելի է հանդիպելնաեւ պետական պաշտոնյաների ելույթներում, պետական փաստաթղթերում:
Ի տարբերություն նախորդ տարիներին, որոշ մամուլի միջոցներ ավելի ակտիվ են հանդես գալիս կրոնական հանդուրժողականության դիրքերից: Մամուլի միջոցները նկարագրում են կրոնական անհանդուրժողականության եւ խտրականության դեպքերը, սակայն պատկան մարմինները նման դեպքերին չեն արձագանքում: Ի տարբերություն նախորդ տարիներին, կրոնական խնդիրներ լուսաբանող նյութերում կարելի է հանդիպել տարբեր տեսակատների, ինչը չի կարելի ասել հեռուստատեսության մասին:
[1] «Համագործակցություն հանուն ժողովրդավարույան» կենտրոնի կողմից օրենքի վերլուծությունը կարելի է գտնել www.religions.am կայքում:
[2] lragir.am, 19/02/2009
[3] ««Ազգ» օրաթերթ #167, 13-09-2008 (http://azg.am/AM/2008091316)
[4] «Հայոց Աշխարհե 27/07/2009 շաբաթ 27 Հունիսի 2009 #121/292127
[5] Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքէջ` (http://hhk.am/news/news.php?action=fullnews&id=2757):
[6] «Առավոտ» օրաթերթ, 04/05/2009:
[7] http://www.azatamtutyun.com/arm/shop/UID_13633.html
[8] http://armworld.am/archive.php?day=18&month=4&year=2009〈=_arm
[9] «Հայոց Աշխարհ», 22/04/2009
[10] «Առավոտ» օրաթերթ, 14/11/2009
[11] «Հայոց Աշխարհ», ««ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, Աղանդնե՞րը, թե՞ մենք ենք տերն այս երկրի» հոդված:
[12] «ԱԶԳ» օրաթերթ #58, 02-04-2009
[13] «Լուծեք հայ ժողովրդի առջեւ ծառացած ծանայս խնդիրըզ» «Ազգ» 19-06-2009
[14] “ПРОПОВЕДЬ НА ДОМУ”,Thursday, 11 June 2009, "Голос Армении"
[15] «Նովելո Վրեմիա» 04/03/2009:
[16] «Գոլոս Արմենիի» 01/03/2008, 04/03/2009,
[17] «Հայոց Աշխարհ», 20/03/2009թ, #51 :
[18] «Հայոց Աշխարհ», 21/03/2009թ, #2
[19] «Զինվենք համբերությամբ, քույրեր եւ եղբայրներ», «Հայոց Աշխարհ» 25/02/2009
[20] «Ազատամտություն», 24/02/2009:
[21] «Ազատամտություն», «Դավանափոխը «ազգի մամայի» դերում, ի՞սկ ով պետք է Հրուշին բարոյականության դասեր տա»: 23/10/2009:
[22] «Առավոտ», «Սահմանափակել աղանդների ազատությունը»,14/05/2009
[23] «Голос Армении», «ФРАНЦИЯ НЕ ПОПИРАЕТ», Tuesday, 24 February 2009:
[24] «Ազատամտություն», «Աղանդավորականները հզոր պաշտպան ունեն. ԱՄՆ պետական դեպարտամենտը ամուր կանգնած է նրանց թիկունքում», 30/10/2009
[25] http://religions.am/index.php?option=com_content&view=article&id=523%3A2009-05-14-06-11-17&catid=21%3Azhamanak&directory=19〈=hy//:
[26] «Ժամանակ Երեւան», 15 հոկտեմբեր, 2009
[27] «Ազգ» #87, 14/05/2009
[28] lragir.am, 05/06/2009
[29] Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայք (http://armenia.usembassy.gov/irf2009_arm.html):
[30] lragir.am, 05/06/2009
[31] Ըստ «Քրիստոնեական մշակույթի միջազգային ծառայություններ» հասարակական բարեգործական կազմակերպության ղեկավար Լեւոն Պարտակչյանի մեզ տրամադրած տվյալների:
[32] http://zhamanak.com/news/8698, 18:13 Yerevan | 14:13 GMT | Thursday 15 October, 2009:
[33] www.azatamtutyun.am, «Աղանդավորների գաստրոլները» 22/04/2009
[34] «Հայոց Աշխարհ» , «Ինչ են իրականում ցանկանում երգող տղամարդիկ» 21/04/2009:
[35] «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախաբանում գրված է, որ այդ փոփոխությունների նպատակներից է «հոգեւոր անվտանգության» ապահովումը:
| < Նախորդ | Հաջորդ > |
|---|

