
Սիրանույշ Պապյան «Ժամանակ»-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը zhamanak.com
- Պարոն Դանիելյան, շատերն այն կարծիքին են, որ խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին հալածվել է պետության կողմից, եւ եկեղեցուն շատ ժամանակ է պետք իր դիրքերը վերականգնելու համար:
- Խորհրդային Միության փլուզումից հետո եկեղեցիների դերը հասարակության եւ պետության կյանքում փոխվեցին: Շատերն այսօր էլ այն կարծիքին են, որ խորհրդային շրջանում եկեղեցիները շատ մեծ հարված են ստացել. հալածվել են հոգեւորականները, եկեղեցու ունեցվածքն ազգայնացվել է կամ այն ժամանակվա տերմինով` ժողովրդականացվել:
Եկեղեցիներին շատ ժամանակ է պետք այդ հարվածներից դուրս գալու համար: Դա, իհարկե, այդպես է, սակայն հասարակական ընկալման մեջ եկեղեցիները նաեւ շահել են:
Խորհրդային ժամանակներում հայկական եկեղեցին ընկալվում էր որպես ազգային կառույց, որը հալածվում էր վերազգային ռեժիմի կողմից, եւ նրա նկատմամբ ստեղծվել էր դրական հասարակական կարծիք, սակայն իրավիճակը այլ էր մինչխորհրդային շրջանում: 19-րդ դարում, 20-րդ դարի սկզբին եկեղեցու նկատմամբ կար բացասական հասարակական կարծիք: Այդ ժամանակաշրջանի ողջ գրականությունը, ըստ էության, հակակղերական էր: Թումանյան, Տերյան, Րաֆֆի, Նալբանդյան, Ստեփանոս Նազարյանց, Պատկանյան, Վարուժան... այս անունները կարելի է երկար թվարկել, նրանք բոլորը հակակղերական գործիչներ էին եւ համարում էին, որ եկեղեցին արգելակում է հասարակության զարգացումը: Հեղափոխական, լուսավորչական շարժումները միաժամանակ հակակղերական շարժումներ էին: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ նույն իրավիճակն էր նաեւ հարեւան երկրներում: Խորհրդային շրջանում եկեղեցին «քարտ բլանշ» ստացավ, եկեղեցին սկսեց ընկալվել որպես հալածյալ ազգային կառույց:
Այստեղ ուզում եմ անդրադառնալ նաեւ Վազգեն Առաջին Կաթողիկոսի կերպարին, որը խորհրդային վերջին տասնամյակներում եկեղեցու խորհրդանիշն էր: Հիմա ում հարցնեք` ինչպես է վերաբերվում Վազգեն Առաջին Կաթողիկոսին, բնականաբար, ասելու է` շատ դրական, որովհետեւ Վազգեն Առաջին Կաթողիկոսը բարի դեմքով ծերունի էր, որին բոլորը սիրում էին: Սական եթե փորձենք հարցնել` ինչո՞ւ է նա համարվում լավ Կաթողիկոս, ոչ ոք չի կարող հստակ բացատրել: Կաթողիկոսի լավ կամ վատ լինելը պետք է պայմանավորված լինի որոշակի չափանիշներով, որը տվյալ ժամանակաշրջանի պահանջներից է բխում: Օրինակ` լավ աշակերտներ է համախմբել իր շուրջը, ստեղծել է հոգեւորականների դպրոց, որի ներկայացուցիչները այժմ կաթողիկոսներ, եպիսկոպոսներ, քահանաներ են, եւ բոլորս նրանցով հիանում ենք...: Հաջորդ չափանիշը աստվածաբանական կամ փիլիսոփայական ժառանգությունը կարող է լինել կամ կաթողիկոսի ունեցած հասարակական կամ քաղաքական դերակատարությունը դրամատիկ ժամանակաշրջաններում: Հիշենք` 88-ից հետո Վազգեն Առաջինը մի կողմ քաշվեց, որովհետեւ հասկացավ` ինքը չի հասկանում ու չի կարողանում ազդել իրավիճակի վրա: Այսինքն` նա չպատճառաբանված կերպով էր համարվում լավ Կաթողիկոս, ոչ մի չափորոշիչներով չհիմնավորված, որովհետեւ խորհրդային շրջանում եկեղեցու դրական կերպարը կոնկրետ գործերով չէր որոշվում: Այն ազգային ինստիտուտ էր, եւ մենք պետք է մեր ազգային զգացմունքները դրսեւորեինք նրա նկատմամբ: Եկեղեցի հաճախելով` մարդիկ մարտահրավեր էին նետում իշխող կարգերին: Փաստորեն, Խորհրդային Միության փլուզումից հետո նոր միայն եկեղեցու առջեւ ծառացավ պետական եւ հասարակական կյանքում դերակատարություն որոնելու խնդիրը: Եկեղեցին խորհրդային շրջանում հասարակության աչքում ռեաբիլիտացված կառույց էր (հիշենք մինչխորհրդային ժամանակներում նրա նկատմամբ եղած բացասական հասարակական կարծիքը):
- Եվ ըստ Ձեզ, դրանից հետո ո՞րը դարձավ եկեղեցու դերը հասարակական կյանքում, եւ ինչո՞ւ Վազգեն Առաջինից հետո հասարակությունը նման վերաբերմունքի որեւէ կաթողիկոսի չի արժանացնում: - Վազգեն Առաջինից հետո եկեղեցին ստացավ ազատություն, եւ արդեն պետք է հիմնավորեր իր գոյությունը, իր դերը հասարակական կյանքում: Ո՞րն է եկեղեցու դերը: Եթե մենք հետեւենք մամուլին, հոգեւորականների ուղերձներին, ապա կտեսնենք, որ Էջմիածնի միաբաններն ունեն հստակ շահեր, սակայն չեն ցանկանում հաշվետու լինել հասարակության առջեւ: Նրանք ձգտում են ունենալ քաղաքական լծակներ, դերակատարություն ստանձնել կրթական համակարգում, հողատարածքներ են ձեռք բերում: Այսինքն` եկեղեցին ուզում է պետական դերակատարություն ունենալ: Եվ պետական դերակատարություն ստանալով` նա նպատակ ունի պայքարել մնացած բոլոր կրոնական ուղղությունների դեմ իր մոնոպոլիան հաստատելու համար, որը հակասահմանադրական գործունեություն է, քանի որ Սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը միմյանցից պետք է տարանջատված լինեն: Եկեղեցականները ցանկանում են իշխող խավի մասը դառնալ: 2008-ին մենք տեսանք, որ եկեղեցին արդեն մուտք է գործում քաղաքականություն: 2008-ի վերջին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու փորձը վերը նշված զարգացումների համատեքստում է պետք դիտարկել: Եկեղեցին պետական լծակներից է օգտվում, սակայն չի փորձում կամ չի կարողանում համահունչ լինել հասարակական զարգացումներին: - Երբ նշեցիք 2008 թվականը, նկատի ունեի՞ք Կաթողիկոսի աջակցությունը Սերժ Սարգսյանին, այնուհետեւ մարտի 1-ի դեպքերի նկատմամբ եկեղեցու անտարբերությունը: - Ես նկատի ունեմ նախագահական ընտրությունները, երբ եկեղեցին քարոզարշավի մեջ ներքաշվեց: Այսինքն` քաղաքական պայքարում եկեղեցին դարձավ կողմ: Եվ դա բնական էր: Ունենալով շահեր, ձգտելով իշխանական որոշակի լծակների` եկեղեցին պետք էր որոշում կայացներ, եւ այդ որոշումը կայացվեց: Եթե նայենք աշխարհի քարտեզին, մենք կտեսնենք` որքան երկիրը հետամնաց է, որքան պետական եւ քաղաքական կառույցները թերզարգացած են, այնքան այդ հասարակությունները անհանդուրժողական են: Դա կարող է հիմնված լինել կրոնական, ազգային, էթնիկական, ռասայական կամ ունեցվածքի ցենզի վրա. աղքատները ատում են հարուստներին, հարուստները արհամարհում են աղքատներին: Որքան հասարակությունը կայացած է, այնքան մարդիկ իրար նկատմամբ հանդուրժող են: Հնարավոր չէ, որ մի ոլորտում տիրի անհանդուրժողականության մթնոլորտ, իսկ մյուս ոլորտներում լինի հակառակը: Եթե կա անհանդուրժողականություն եւ ատելություն, այն բոլոր ոլորտներում էլ արտահայտվում է: Այսօր եկեղեցին անհանդուրժողականություն քարոզող եւ պետական, քաղաքական ինստիտուտների դեգրադացիային նպաստող կառույց է: Առհասարակ մեր պատմությունը լի է կրոնական ատելությամբ, եւ եթե այսօր Հայաստանի բնակչությունը 3 միլիոն է, այլ ոչ թե 50, գուցե դրա համար մենք պարտական ենք նման մտածողությանը: Ժամանակները փոխվում են, պետք է փոխվի նաեւ մտածողությունը: - Խոսեցինք 2008 թվականի մասին: Եվ քանի որ 2008-ին տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, հասարակական ընդվզում, մարտի 1, ինչպե՞ս պետք է դրսեւորեր իրեն եկեղեցին, եկեղեցականը: Հարեւան Վրաստանում Իլյա Երկրորդը միշտ հասարակության հետ էր: Ինչո՞ւ մեզանում այդպես չստացվեց: - Վրացական եւ հայկական եկեղեցիները իրենց ժողովուրդների կյանքում տարբեր դերակատարություն են ունեցել: Վրացական պետությունը կարողացավ կայանալ վրացական եկեղեցու շնորհիվ: Լինելով բյուզանդական եկեղեցու ժառանգորդներից` այն պետականաստեղծ եկեղեցի է: Վրաստանը կարողացավ վերածվել հզոր պետության, եւ պատահական չէ, որ շատ քաղկեդոնական հայեր դարձան վրացիներ կամ մահմեդականներ: Դրա պատճառը փոխադարձ կրոնական ատելությունն էր: Վրացական եկեղեցին նպաստեց վրացական պետության բարգավաճմանը: Հայ եկեղեցին հակառակ դերակատարություն է ունեցել: Հայաստանում աշխարհիկ իշխանությունը վերացավ գուցե հենց եկեղեցու շնորհիվ, եւ մենք պետական ազգից վերածվեցինք կրոնական համայնքի: Դրա պատճառները պետք է լուրջ ուսումնասիրվեն, ինչը, սակայն, չի արվում: Այդ առումով վրացական եկեղեցին միշտ պետության կողքին է եղել, եւ պատահական չէ, որ կարեւոր իրադարձությունների ժամանակ եկեղեցին` ի դեմս Իլյա 2-ի, ընկալվում էր որպես հաշտեցնող ազգային կառույց: Սակայն Վրաստանում իրավիճակը փոխվել է, որովհետեւ իշխանությունը վերցրել է կուրս դեպի Արեւմուտք, արեւմտյան արժեքներ, իսկ վրացական ուղղափառ եկեղեցին ձգտում է դեպի ուղղափառ աշխարհ: Այսօր ռուսական եւ վրացական ուղղափառ եկեղեցիները փորձում են Ռուսաստանի եւ Վրաստանի մերձեցման կամուրջ հանդիսանալ: Վրաստանի գործող իշխանությունը հասկանում է, որ հիմնական հարվածը ստանալու է մեջքից` եկեղեցուց, սակայն դա այլ թեմա է: Այսօր շատ են քննադատում Կաթողիկոսին, բայց մենք պետք է փորձենք հասկանալ, որ խնդիրը անձերի մեջ չէ: Պարզապես այն պահերին, երբ կարող էր արյուն թափվել, Կաթողիկոսը կարող էր շատ ավելի ակտիվ դերակատարություն ունենալ, որովհետեւ երբ անզեն մարդիկ զինված մարդկանց առջեւ են կանգնում, նրանց վերջին հույսը Աստվածն է մնում կամ նրա ներկայացուցիչները: Սակայն Աստծո ներկայացուցիչները չկատարեցին այդ դերը: Եվ քանի որ մեր եկեղեցին չունի իր սոցիալական հայեցակարգը, նա միշտ զինված մարդկանց կողքին է լինելու: Դա կոնցեպտուալ խնդիր է: Եկեղեցին միշտ հովանավորներ է ունեցել` պարսիկներ, արաբներ, մոնղոլներ, թուրքեր... հիմա նույն հովանավորությունը փորձում է արդեն Հայաստանի իշխող խմբավորումից ստանալ` համայնքին իշխելու համար: Սակայն հոգեւորականները չեն կարողանում հասկանալ, որ ժամանակները փոխվել են. ոչ ոք թույլ չի տա քաղաքացիներին կրոնական համայնքի վերածել: Եկեղեցին հասարակության հետ միաժամանակ պետք է փոխի իր աշխարհայացքը: - Արդյո՞ք կա հասարակություն եւ եկեղեցի կապը, քանի որ Ձեր խոսքերից հասկանում ենք, որ ավելի շատ իշխանություն եւ եկեղեցի կապն է ամուր: - Հասարակություն եւ եկեղեցի կապը առաջին հերթին հիմնված է ոչ թե հավատքի վրա, այլ հիմնված է «ազգ» բառի վրա: Եթե դուք փորձեք որեւէ հոգեւորական քարոզից հանել այդ բառը, ապա կտեսնեք, որ այլ ասելիք տակը չի մնա: «Ազգ» բառի իռացիոնալ ընկալումների վրա է հիմնված եկեղեցու ողջ քարոզչությունը, իսկ իրական կյանքում` իշխող վերնախավի հետ դաշինքը: Դա միայն մեր եկեղեցուն չի բնորոշ: Այդ ճանապարհով են անցել նաեւ մյուս քրիստոնեական եկեղեցիները: 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբում կաթոլիկ եկեղեցին նույնպես նմանատիպ իրավիճակում էր հայտնվել: Կաթոլիկ եկեղեցուն մեղադրում էին իշխող վերնախավերի հետ դաշինք կազմելու ու ժողովրդի դեմ դավադրության մեջ: Սակայն ժամանակը պարտադրեց հասկանալ, որ զարգացումների դեմ չի կարելի գնալ եւ կաթոլիկ եկեղեցին առաջ քաշեց նոր գաղափարախոսություն` հասարակության հետ ուղղակի շփվելու համար: Ստեղծվում էին քրիստոնյա-դեմոկրատական, քրիստոնյա-սոցիալիստական կուսակցություններ, որոնք քրիստոնեական արժեհամակարգի վրա էին հիմնված, բայց անկախ կառույցներ էին, ստեղծվում էին քրիստոնեական արհմիություններ, որոնք եւս անկախ կառույցներ էին, բայց նույնպես քրիստոնեական արժեհամակարգի վրա էին հիմնվում. իրենք կարողացան ստեղծել այն մոդելները, որոնց միջոցով ազդում էին զարգացումների վրա: Այսինքն` Եվրոպայում գտան այն համակարգը, որով եկեղեցին իր քրիստոնեական արժեքները կարողացավ քաղաքական եւ հասարակական կառույցների միջոցով ազդել զարգացումների վրա: Եվ այդ քաղաքական ու հասարակական կառույցները քրիստոնեական արժեհամակարգի վրա էին հիմնված, եւ այդ արժեհամակարգը զարգանում էր ու համապատասխանեցվում ժամանակակից կյանքին: Կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիների սոցիալական հայեցակարգերը մեծ ազդեցություն ունեցան ժամանակակից արեւմուտքի վրա: - Մենք չհասանք այդ գիտակցության, որովհետեւ... - Պատճառները չափազանց խորն են: Հայ եկեղեցին չունի իր սոցիալական հայեցակարգը: Կաթոլիկ, բողոքական եկեղեցիները ստեղծել են իրենց սոցիալական հայեցակարգերը. ինչպիսին պետք է լինի քրիստոնյա մարդը, ինչպիսին պետք է լինի վերաբերմունքը հարստության, աղքատության, աշխատանքի հանդեպ, որն է կնոջ, ընտանիքի դերը, վերաբերմունքը պետության, օրենքների հանդեպ եւ այլն: Հայ եկեղեցին շատ յուրահատուկ կառույց է: Լինելով 1700 տարվա քրիստոնեական եկեղեցի եւ աշխարհագրական առումով մոտ լինելով քրիստոնեական պատմական կենտրոններին` Կեսարիա, Եդեսիա, Կոստանդնուպոլիս, որտեղ աստվածաբանական, փիլիսոփայական միտքն էր եռում, ոչ մի միտք մենք քրիստոնեական աշխարհին չենք տվել: Գտեք որեւէ հաստափոր աստվածաբանական եւ փիլիսոփայական բառարան, որտեղ գոնե մեկ հայ եկեղեցու ներկայացուցչի անուն լինի, որը մի միտք է ավելացրել քրիստոնեական գանձարանում: - Արդյոք որեւէ ելք կա՞, երբ 1700 տարվա ընթացքում որեւէ միտք անգամ չենք կարողացել տալ: - Շատերն այն կարծիքին են, որ եկեղեցին պետք է ռեֆորմացվի: Սակայն դա չափազանց բարդ գործընթաց է: Հայաստանում հիմա ընթանում են այնպիսի գործընթացներ, որոնք եղել են 19-րդ, 20-րդ դարի Եվրոպայում: Եթե եկեղեցին իր մեջ ուժ չգտնի ռեֆորմների համար, դա կլինի ոչ թե հասարակության, այլ Էջմիածնի միաբանների պրոբլեմը: Իրենք կարող են մնալ անցյալում, իսկ հասարակությունը պետք է շարժվի առաջ: Ինձ համար առաջնային արժեքը պետությունն է եւ պետության կայացումը: Ցանկացած կառույց պետք է դիտարկվի այդ տեսանկյունից: Ցանկացած կառույց, որն այդ խնդրին խանգարում է, պետք է առանց ափսոսանքի անցյալում թողնվի, իսկ եթե նպաստում է, շանս ունի գոյատեւելու համար: Այս առումով ես ազգայնական եմ, բայց իմ ազգայնականությունը կղերական չի, այլ պետական է:
| < Նախորդ | Հաջորդ > |
|---|


Comments
Իրոք կարճատես մոտեցում ու մտածելակերպ
RSS feed for comments to this post.