Religions in Armenia

............... Երկուշաբաթի, 06 Սեպտեմբեր 2010
> Գլխավոր

Թուրքիայում կրոնական ազատությունների մասին հետազոտություն

Էլ.փոստ Տպել

Օթմար Օհրինգ և Գյուզիդե Ջեյհան «Ֆորում 18» միջազգային կազմակերպության 2009թ. դեկտեմբեր ամսվա լրահոսից  (թարգմանություն անգլերենից)

Նախքան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2010թ. մայիսին հրապարակվելիք «Թուրքիայի պարբերական համապարփակ դիտարկումը»` Ֆորում 18-ն արդեն կարծիք էր հայտնել, որ երկրում շարունակում են տեղ գտնել կրոնի կամ դավանանքի ազատությանն առնչվող` մարդու իրավունքների միջազգային ստանդարտների խախտումները:

Ամենակարևոր և երկարամյա խնդիրն այն է, որ, չնայած 1923թ. Լոզանի պայմանագրով հանձնառած պարտավորությանը, Թուրքիան չի ճանաչել ոչ մահմեդական կրոնական համայնքները և նրանց չի օժտում իրավական կարգավիճակով, ներառյալ` պաշտամունքային արարողությունների համար նախատեսված սեփական վայրեր ունենալն ու իրավական պաշտպանվածությունը, ինչը սովորաբար առկա է օրենքի գերակայություն ունեցող երկրներում: Այս խնդիրը վերաբերում է Թուրքիայի բոլոր կրոնական համայնքներին, ներառյալ` նրանց, ովքեր 1932-ին դեռևս գոյություն չունեին: Ճանաչված չէ նույնիսկ մեծամասնության կրոն համարվող սուննի մահմեդականների համայնքը, որը  վարչապետին ենթակա Դիանեթի (կրոնական գործերով նախագահության) անմիջական վերահսկողության ներքո է: Կրոնի կամ դավանանքի ազատության ամենավտանգավոր սպառնալիքները իրականացված սպանություններն ու հարձակումներն են: Վերջին ժամանակները հիմնականում քրիստոնյաներն են զոհերը:

Թուրքիան ձգվում է Եվրոպայից մինչև Ասիա և ունի 72 մլն  ավելի բնակչություն, որի ¾-ն էթնիկ թուրքեր են: Մյուս  մեծաքանակ   էթնիկ խումբը քրդերն են: Ավելի փոքրաթիվ խմբերն են արաբները, չերքեզները, հայերը, լազերը, վրացիները, հույները, հրեաները և այլն: Ամենամեծ ոչ մահմեդական կրոնական համայնքը քրիստոնեականն է, : Իր հետևորդների քանակով  մեծաթիվը  Հայ Առաքելական եկեղեցին է, նրանց հաջորդում են ուղղափառ սիրիական, ուղղափառ հունական և կաթոլիկ ու բողոքական տարբեր հարանվանությունների պատկանող եկեղեցիները: Բահայիններն ու Եհովայի վկաներն ավելի փոքրաթիվ են:   Բահայինների  համայնքը մոտ 10 հազար հետևորդներից է բաղկացած:

Քաղաքական նախապատմություն

Այսպես կոչված «խորքային պետությունը», որի անդամների թվում են զինվորականության, ազգային անվտանգության մարմինների, բյուրոկրատիայի և  վերնախավի ներկայացուցիչներ, դժգոհ են «Արդարություն և զարգացում» կուսակցության վերելքից: «Խորքային պետությունը» շարունակում է հավատարիմ մնալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի §սեկուլյարիզմի¦ գաղափարախոսության սեփական մեկնաբանությանը: Սա հանգեցնում է իսլամի նկատմամբ պետական բացահայտ վերահսկողության, որն իրականացվում է վարչապետի ուղղակի ենթակայության տակ գտնվող Դիանեթի միջոցով, որը լրջորեն սահմանափակում է  մահմեդականների և ոչ մահմեդականների` պետական վերահսկողությունից դուրս կրոնական ազատության իրականացումը: Դժվար է համատալ սահմանադրության այն դրույթին, որ Թուրքիայի  Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, քանի որ նման «աշխարհիկությունը»  պետության ազդեցության ներքո գտնվող սուննի մահմեդականներին ընձեռում է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք չունի ոչ մի այլ խումբ: Այն նաև ազդեցության այնպիսի լծակներ է սահմանում սուննիների նկատմամբ, ինչպիսիք չեն գործադրվում որևէ այլ խմբի հանդեպ, օրինակ, քարոզների բովանդակության վերահսկողություն: Դիանեթը   ֆինանսավորվում է բոլոր քաղաքացիներից  (անկախ նրանց կրոնական պատկանելությունից) հավաքված հարկերից: Այն բացառություն է անում միայն թույլատրված (Դիանեթի կողմից վերահսկվող) մզկիթների համար և վճարում է նրանց իմամների աշխատավարձերը: Թուրքիայում ոչ մի այլ դավանանք կամ պետության  կողմից չվերահսկվող մահմեդական կրոնական խումբ իրավունք չունի ուսուցանելու  իր հոգևորականներին:

Սեկուլյարիզմի պետական սահմանումից բխող խնդիրների շարքում կարելի է հիշատակել կրոնական համայնքների` սեփականություն ունենալու արգելքը: Այնպիսի բազմազան համայնքներ, ինչպիսիք են   ալևի  մահմեդականները, կաթոլիկները, հույն ուղղափառները, բողոքականները և սիրիական ուղղափառ եկեղեցին ոչ մի նշանակալից առաջընթաց չեն տեսնում սեփականության իրավունքի հարցում: Օրինակ, որևէ առաջընթաց չկա ալևիների «ջեմ էվի»-ները (կրոնական արարողությունների վայրերը) որպես պաշտամունքի անցկացման վայրեր ճանաչելու գործում, ինչպես նաև շարունակվում են հարավարևելյան Թուրքիայում  գտնվող սիրիական ուղղափառ Մոր Գաբրիել վանքի դեմ ուղղված   դատական հայցերը` նրան իր հողերից զրկելու համար:

Քանի որ ոչ մահմեդական համայնքները գտնվում են բռնությունների և հարձակումների վտանգի ներքո, ներքին գործերի նախարարությունը 2007թ. հունիսին հրապարակեց մի շրջաբերական, որով իրավապահ մարմիններին  խնդրում էր պաշտպանել ոչ մահմեդականների պաշտամունքային վայրերը և  կանխել  նրանց վրա հարձակումները:   Հայտնաբերվեցին և կանխվեցին այդպիսի հարձակումների   բազմաթիվ պլաններ, օրինակ` Անթալիայում մի քահանայի նկատմամբ նախապատրաստվող մահափորձը: Այս ողջունելի քայլն  ուղղված է միայն անհանդուրժողականության արտաքին դրսևորումների  և ոչ  խորքային պատճառների դեմ: Կրոնական առաջնորդների (օրինակ` Տիեզերական պատրիարքի) պաշտոնական պահպանությունն այս համայնքների կողմից   ավելի շուտ վերահսկողական, քան թե  պաշտպանական   քայլ  է: Իշխանությունների կողմնակալության մասին կասկածները չեն հերքվում: Ալևի մահմեդականները  դադարեցրին իրենց իրավունքների վերաբերյալ իշխանությունների հետ պաշտոնական բանակցությունները` դժգոհելով, որ չկա  շոշափելի առաջընթաց իրենց կրոնական գործունեությունն ազատորեն իրականացնելու հարցում: Ալևիների և Դիանեթի ոչ պաշտոնական աշխատանքային հանդիպումները շարունակվում են: 2007թ. օգոստոսին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և կրոնական առաջնորդների (ներառյալ` Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի) համատեղ ճաշից հետո կազմակերպվեց այցելություն դեպի հունական ուղղափառ եկեղեցու կրոնական վայրերերը: Սակայն այդ նախաձեռնությունները չնպաստեցին կրոնական գործունեության ազատությանը:

Օրենքի գերակայությունը

Մոր Գաբրիել վանքի դեմ ուղղված դատական հայցերը, որոնք սկսվեցին, երբ իշխանությունները միակողմանիորեն վերագծեցին հողային սահմանները, լույս են սփռում օրենքի գերակայության հետ կապված պրոբլեմների և հասարակության` դրանց ընկալման մակարդակի վրա, որը լուրջ ազդեցություն ունի  հավատքի կամ դավանանքի ազատության վրա: Երկու թուրք բողոքականների` Հաքան Թասթանի և Թուրան Թոփալի նկատմամբ հարուցված դատական հայցը հեռու է դատավճիռ համարվելուց: Նրանք մեղադրվում են «թուրքական ինքնությունը վիրավորելու» և իսլամն անարգելու մեջ, որի համար հիմք է ծառայել 2007թ. հունիսին նրանց մասնակցությունը աստվածաշնչյան դասընթացին: Մալաթիայում անընդհատ ձգձգվում է 2007թ. նոյեմբերից մեկնարկած դատավարությունը հինգ անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են երեք բողոքական քրիստոնյաների սպանության մեջ: 2009թ. ոստիկանությունը տարբեր պատրվակներով խուսափել է ականատեսներին դատարան հրավիրելուց, և մոտալուտ ապագայում դատավճիռ չի նշմարվում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Տիեզերական պատրիարքարանի (2008թ.) և Հունական օրթոդոքսալ հիմնադրամի (2009 թ.)  տարած վերջին հաղթանակները   դեռևս չեն հանգեցրել բռնագրավված սեփականության վերադարձմանը: ՄԻԵԴ-ը շարունակում է մնալ կրոնական ազատության իրավունքի որոշ կարևորագույն ասպեկտների իրականացման միակ իրատեսական հույսը, պայմանով, որ նրա որոշումները կկատարվեն:

Բռնություններ և սպանություններ

Հայ, հույն և ալևի  համայնքներն   անցյալում ենթարկվել են զանգվածային բռնությունների և ջարդերի, որոնց հետևանքով այս համայնքների անդամներն արտագաղթել են Թուրքիայի այլ նահանգներ և  արտասահման: Անցյալում եղել են նաև կրոնական պատճառներով պայմանավորված սպանություններ, ինչպես, օրինակ, նախկին իմամ, այնուհետև աթեիստ դարձած աթեիստ Թուրան Դուրսանի սպանությունը 1990թ.:  Սպանությունների վերջին ալիքն  հանգեցրել  է Թուրքիայի հասարակության որոշ շրջանակների կատաղի անհանդուրժողականությանը հակազդելու խնդրին: Այդ սպանություններից  են կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի սպանությունը 2006թ., թուրք լրագրող (ազգությամբ հայ) Հրանտ Դինքի սպանությունը  2007թ.  և գերմանացի Թիլման Գեսկեի սպանությունը Մալաթիայում 2007թ.: 2009թ. թրքուհու հետ ամուսնացած գերմանացի կաթոլիկ բիզնեսմեն Գրեգոր Քերքելինգը քրիստոնյա լինելու համար սպանվեց մի հոգեկան հիվանդ երիտասարդի կողմից:

2009թ. օգոստոսին թուրք բողոքական Իսմայիլ Այդինը, որ աշխատում է քրիստոնեության մասին գիտելիքներ տարածող կազմակերպությունում, դանակի սպառնալիքի տակ պատանդ վերցվեց: Դրա համար պատասխանատու երիտասարդը հայտարարեց, որ «այդ քարոզիչ շունը փորձում է պառակտել երկիրը» և թուրքական դրոշ փաթաթեց Այդինի գլխին: Նկարահանված հեռուստատեսային ռեպորտաժում նա ասում էր իրեն պատանդ վերցրած երիտասարդին, որ «այս դրոշը նույնքան էլ իմն է: Ես էլ եմ թուրք, բայց ես քրիստոնյա եմ»: Վերջինս պատասխանեց, որ «դու դավաճանել ես թուրքական դրոշին և երկրին»: Ոստիկանությունը փրկեց Այդինին, և հարձակում գործած անձը սպանվեց: Այս դեպքը    մի անգամ ևս    լույս սփռեց այն փաստի վրա, թե Թուրքիայում որքան վտանգավոր չկամությամբ են վերաբերվում այն տեսակետին, որ թուրք լինելը պայմանավորված չէ կրոնով:

Ի՞նչն է սնում բռնությունները և սպանությունները

Բռնությունները խրախուսող գործոններից   են   հանրային գործիչների և ԶԼՄ-ների կողմից տարվող ապատեղեկատվությունը, թուրքական ազգայնականության վերելքը և հասարակության ներսում առավել փոքր խմբերի լուսանցքային  դառնալը:  Ե՛վ իսլամի, և՛ քրիստոնյա բոլոր փոքր կրոնական համայնքները, այդ թվում նաև բահայինները, Եհովայի վկաները, աթեիստները և ագնոստիկները իրենց վրա  զգում են այդ մոտեցման վնասակար ազդեցությունը: Հասարակական դիսկուրսում և ԶԼՄ-ներում տարվում է ապատեղեկատվություն և զրպարտություն պարունակող քարոզչություն այն քրիստոնյաների (հատկապես բողոքականների) նկատմամբ, ովքեր զբաղված են իրենց հավատքը տարածելով:

Մալաթիայի սպանություններից մեկ օր անց արդարադատության նախարարության ավագ պաշտոնյա Նիյազի Գյունեյը հայտնեց թուրք պատգամավորներին, որ «քարոզչական գործունեությունը ահաբեկչությունից ավելի վտանգավոր է, և, դժբախտաբար, այն Թուրքիայում քրեական հանցանք չի համարվում»: Նա այս խոսքերը կրկնեց «Միլիեթ» թերթի էջերում: Այսպիսով, ահաբեկչությունը և քարոզչական գործունեությունը ներկայացվում են որպես փոխկապակցված երևույթներ: Այս տեսակետի կրողները քրիստոնեության  ցանկացած դրսևորում,  ներառյալ` հանդիպումները եկեղեցիներում, դիտարկում են որպես «քարոզչական գործունեություն»:

Քարոզչական գործունեությունը հայտնվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) օրակարգում,  որում  ի պաշտոնե նախագահում է Թուրքիայի նախագահը, անդամներ են  Գլխավոր շտաբի պետը, Թուրքիայի  զինված ուժերի բոլոր զորքերի հրամանատարներ և մի շարք նախարարներ: 2005թ. փետրվարին  գնահատելով թուրքական անվտանգությանը սպառնացող ընթացիկ և ապագա մարտահրավերները`  ԱԱԽ-ն  հայտարարեց, որ «անհրաժեշտ են սոցիալական միջոցառումներ, որոնք կկանխեն Թուրքիայի միասնականությանը սպառնացող կազմակերպությունների և գաղափարախոսությունների տարածումը»,, որ «չպետք է թույլատրվի վիրավորական կերպով տարվող քարոզչությունը»: Թե հատկապես ինչ է նշանակում «վիրավորական կերպով տարվող քարոզչությունը», սահմանված չէր:

Քարոզչական գործունեությունը բնութագրող  թուրքերեն   բառակապակցությունը, որը օգտագործվում է ինչպես պաշտոնական քննարկումներում և զեկույցներում, այնպես էլ հասարակության ազգատյաց և ազգայնական հատվածների կողմից, ունի չափազանց բացասական ենթատեքստեր: «Misyonerlik faaliyetleri»-ն կարող է թարգմանվել որպես քարոզչական գործունեություն, որ  չի պարունակում այդ գործունեության ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական գնահատական: Սակայն «misyonerlik faaliyetleri»-ը թուրքերենում ունի քարոզչական դավադրության, խառնակչության և ինտրիգի ենթաիմաստներ: Երկու բառերն էլ թուրքերենում ունեն բացասական ընկալում, և մեկ բառապակցության մեջ նրանց բացասական իմաստը կրկնապատկվում է:

Թուրքիայի մարզերում և քաղաքային համայնքներում Դիանեթը շարունակում է կազմակերպել նման հայացքներ տարածող «քարոզչական» կոնֆերանսներ` օգտագործելով պետության սեփականություն համարվող տարածքներ: Նման միջոցառումներ են կազմակերպվում նաև զինվորականների և ժանդարմերիայի կողմից «քարոզչական գործունեությունը» իրենց անձնակազմերին ¥ներառյալ` զորակոչիկներին) «լուսաբանելու» նպատակով:

Այս ամենի հետ է կապված է նաև դպրոցների ուսումնական ծրագրերում առկա անհանդուրժողականությունը (տե՛ս ստորև): Ոչ մահմեդականների նկատմամբ հասարակության անհադուրժողականությունը տարածվում է նաև աթեիստների վրա:

Էրգենեկոնը և «խորքային պետությունը»

2007թ.  ծայրահեղ ազգայնական Էրգենեկոն խմբավորման անդամներ համարվող ազդեցիկ անձանց` ոստիկանների, զինվորականների, պետական ծառայողների, գործարարների, քաղաքական գործիչների և լրագրողների դեմ սկսված դատական գործընթացը նրանց շրջանում բացահայտեց հավատքի կամ դավանանքի ազատության դեմ  ուղղված լայնատարած և կարծր  անհանդուրժողականությունը: Ենթադրվում է, որ Էրգենեկոնի անդամներն  ունեցել են մահվան ցուցակներ, որոնք ներառում էին նաև միսիոներական անցյալ ունեցող քրիստոնյաների անունները: Մալաթիայի սպանության դատավարությունը համոզիչ  կապեր է բացահայտում «խորքային պետության» և սպանությունների միջև, իսկ թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ սպանությունների և ժանդարմերիայի միջև կապն ակնհայտ է: Թվում է, թե ժանդարմերիան նախապես տեղեկացված էր սպանությունների մասին և դրանք կանխելու ոչ մի քայլ չձեռնարկեց: Դարձյալ ըստ ԶԼՄ-ների` հայր Անտոնիո Սանտորոն և նրա եկեղեցին հենց սպանության օրը գտնվում էին Ազգային հետախուզության կազմակերպության դիտարկման ներքո:

ԶԼՄ-ները ցուցադրել են Էրգենեկոնի գործով հետաքննության ժամանակ հայտնաբերված փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ ժանդարմերիան Մալաթիայի սպանություններից առաջ և նրանցից հետո ինֆորմատորների միջոցով ակտիվորեն հետևել է Մալաթիայի տարածքում առկա կրոնական միջոցառումներին: Անհրաժեշտ է ընդգծել, որ դիտարկվող միջոցառումները հանդիսանում էին հավատի ուսուցման և քարոզի օրինական դրսևորումներ: Ժանդարմերիան չի հակազդել կամ հետևել անօրինական ապատեղեղեկատվության և մարդու իրավունքների ապօրինի սահմանափակմանը միտված զրպարտիչ գործունեությանը:

Անհանդուրժողականությունը   ԶԼՄ-ներում

2009թ.  բողոքական թուրքերն արձանագրել են իրենց եկեղեցիների և կրոնական առաջնորդների նկատմամբ բռնությունների կտրուկ անկում: Սա, հավանաբար, 2007թ.  ի վեր հիմնական ԶԼՄ-ներում զրպարտչական տեղեկատվության նշանակալի նվազման արդյունք է: Օրինակ, ժողովրդականություն վայելող համապետական ATV հեռուստաալիքը դադարեցրել է ցուցադրել  «ապօրինի» եկեղեցիների կամ քրիստոնեություն ընդունած  թուրքերի վերաբերյալ տեսանյութերը:

Ինչևէ, անհանդուրժողական նյութերն ու մեկնաբանությունները շարունակում են լայն տարածում գտնել տեղական և ծայրահեղ ազգայնական թերթերում, ինչպես նաև ինտերնետային կայքերում և բլոգներում: Տեղական լուրեր հաղորդող «Ilgazetesi» կայքը 2007թ. հունիսի 27-ին հրապարակել է «Տեղական քարոզիչները» վերնագրով հոդված` նշելով, որ «քարոզչական գործունեության հիմնական նպատակը մարդկանց` իմպերիալիզմի և շահագործման դեմ ուղղված դիմադրության կոտրումն է: Նրանց քրիստոնյա կամ հրեա դարձնելը երկրորդական նպատակ է»: Շատերի անհանդուրժողականությունը սնվում է նմանատիպ անպատասխանատու հոդվածներից  և ստիպում է խոցելի խմբերի անդամներին վախենալ, որ իրենց դեմ բռնությունները կարող են նորից թափ  հավաքել:

Կրոնական կազմակերպությունները չունեն իրավական կարգավիճակ

Կրոնական բոլոր համայնքների ամբողջական իրավական կարգավիճակի ճանաչումը կարևոր քայլ կլիներ  հավատքի կամ դավանանքի ազատության` Թուրքիայի  կողմից  վավերացված միջազգային իրավունքի ստանդարտները կյանքի կոչելու առումով,  ինչպես  նաև  հակազդելու   այն մտայնությանը, որ ոչ մահմեդական կրոնական կազմակերպություններն «օտար» են և իրականում թուրքական չեն: Ներկայումս  Օսմանյան կայսրությունում գոյություն ունեցած կրոնական կազմակերպությունները գործում են կայսերական հնացած հրամանագրերի և կանոնների շրջանակում, որոնք մերժում են տրամադրել նրանց ամբողջական իրավական կարգավիճակ և սահմանափակում են նրանց գործունեության ազատությունը: Այն համայնքները, որոնց գոյությունը ճանաչված կամ առկա չի եղել մինչև 1923թ.  Թուրքական   Հանրապետության հռչակումը, օրենքով սահմանված կարգավիճակ ստանալու հույսեր գրեթե չունեն: 1923թ. կնքված Լոզանի համաձայնագրի 37-45-րդ  հոդվածները, որոնք վերաբերում են «Փոքրամասնությունների պաշտպանությանը», պետք է որ հանգեցնեին այն ժամանակ գոյություն ունեցող ոչ մահմեդական կրոնական համայնքների իրավունքների ճանաչմանը` որպես ամբողջական իրավական կարգավիճակով (ինչպես, օրինակ` պաշտամունքի սեփական վայրեր ունենալու իրավունք ունեցող) օժտված անկախ համայնքներ: Սակայն սա տեղի չունեցավ, քանի որ, ի թիվս մյուս պատճառների,  համաձայնագիրն անորոշ ձևակերպում էր տվել ճանաչմանը: Տարօրինակ կերպով մինչև Լոզանի համաձայնագիրը գոյություն ունեցած տեղական ոչ  մահմեդական կրոնական համայնքների հետ հարաբերությունների պահպանումը տրված է արտաքին գործերի նախարարությանը:

Թուրքիայում ոչ  մահմեդական կրոնական կազմակերպությունների վիճակը ներկա օրենսդրական շրջանակներում խիստ բարդ է: Համաձայն պետության պաշտոնական դիրքորոշման` տարբեր ոչ  մահմեդական կրոնական համայնքներ ենթարկվում են տարբեր կանոնների և օրենքների: Ըստ պետական դիրքորոշման` նախ գոյություն ունեն ոչ  մահմեդական փոքրամասնություններ, որոնք դիտարկվում են Լոզանի համաձայնագրի շրջանակներում: Համաձայն պետական տեսակետի` դրանք բացառապես հայերն են, բուլղարները, հույները և հրեաները: Երկրորդ խմբի մեջ մտնում են այն ոչ  մահմեդական փոքրամասնությունները, որոնք գոյություն ունեին 1923թ. Թուրքիայում, սակայն Լոզանի համաձայնագրի շրջանակներում պետության կողմից   չեն ճանաչվել որպես փոքրամասնություններ: Դրանք են, օրինակ, սիրիական ուղղափառ եկեղեցին, խալդեական եկեղեցին, սիրիական կաթոլիկ եկեղեցին և հռոմեական կաթոլիկ եկեղեցին:

Հարկ է ընդգծել, որ թեև այս խմբերում դասակարգված համայնքները փաստացիորեն գոյություն ունեն այսօր և պետության կողմից ճանաչված են որպես գործող համայնքներ, նրանք, սակայն, իրավական տեսակետից ճանաչված չեն և չունեն իրավաբանական անձի կարգավիճակ (Tuzelkisilik):

Բացի ոչ  մահմեդական փոքրամասնություններից, կան նաև մի շարք այսպես կոչված համայնքային հիմնադրամներ, որոնք պետության կողմից վերագրվում են որոշակի ոչ  մահմեդական փոքրամասնություններին (ինչպես, օրինակ` հայերը, հույները, սիրիացի ուղղափառները, հրեաները և այլք), սակայն միշտ չէ, որ վերահսկվում են վերջիններիս կողմից: Կարևոր է նաև նշել, որ օրենսդրական տեսակետից այս համայնքային հիմնադրամները որևէ կապ չունեն այն ոչ մահմեդական փոքրամասնությունների հետ, որոնց  վերագրվում են: Ո՛չ հռոմեական կաթոլիկ եկեղեցին, ո՛չ էլ մինչև 1923թ.   Թուրքիայում գոյություն ունեցած բողոքական եկեղեցիները չունեն իրենց վերագրվող որևէ համայնքային հիմնադրամ:

Նշված ոչ մահմեդական փոքրամասնություններից և ոչ մեկը, անկախ իրենց խմբից, չի վայելում Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի   9-րդ հոդվածով սահմանված կրոնական ազատություններն ու իրավունքները: Գործնականում   բոլոր այս համայնքները շատ մոտ են կանգնած առավել նոր համայնքներին, ինչպիսին են, օրինակ` բահայինները և Եհովայի վկաները, որոնք 1923թ. գոյություն չունեին Թուրքիայում   և   իրավական կարգավիճակ ունեցող համայնքներ չեն: 2004թ.  ընդունված «Ասոցիացիաների մասին» օրենքը ողջունվեց մի շարք նոր համայնքների կողմից, ինչպես, օրինակ` բողոքականների և Եհովայի վկաների, քանզի այն թույլ էր տալիս այդ համայնքների անդամներին (բայց ոչ համայնքներին) ձևավորել իրավաբանական անձեր, որը թույլ կտար նրանց օրինական հիմունքներով զբաղվել որոշակի բնույթի գործունեությամբ:  Ինչևէ, «Ասոցիացիաների բանաձևը» դեռ բավականին նոր է, և որոշ համայնքներ հակված չեն օգտվել նրանից: Հիմնական պատճառն այն է, որ, լինելով փոքր համայնքներ, նրանք չեն կարող բավարարել ասոցիացիա հիմնելու համար` օրենքով նախատեսված բոլոր պահանջներին: Պետական իշխանություններն իրենց հերթին, թվում է, հարկ եղածից առավել հատուկ ուշադրություն են դարձնում կրոնական համայնքների հետ առնչություն ունեցող ասոցիացիաներին:

Կան նաև լուրջ հարցադրումներ` կապված «ասոցիացիաների բանաձևում» հնարավոր անհամապատասխանությունների հետ: Խնդիրներից մեկն այն է, որ եթե հիմնադրամի ղեկավարը և համայնքի առաջնորդը նույն անձը չէ, ապա հավանական է,  որ նրանք կարող են գործել անհամաձայնեցված,  որը դարձյալ կարող է համայնքին   զրկել   գործունեությունը իրավական դաշտում իրականացնելու հնարավորությունից: Կառավարության   առաջարկած «ասոցիացիաների բանաձևը», որը կոչված է «լուծելու» իրավաբանական անձի խնդիրը, չի ապահովում գոհացուցիչ լուծում: Դեռ պարզ չէ` արդյո±ք այն կարող է աշխատել  որպես «սահմանափակ լուծում»: Դա կախված կլինի երկու հանգամանքից.  բանաձևը գործնականում պարզ և ճկուն կերպով կբավարարի± փոքր համայնքների կարիքները, և արդյո±ք պետական պաշտոնյաների   նախաձեռնած որոշումներն ու ստուգումները հաշվի կառնեն այս գործոնը: Այս զարգացումները պետք է  մանրակրկիտ   դիտարկվեն:

Նույնիսկ վաղուց ի վեր կազմավորված և սահմանափակ ճանաչման արժանացած (առանց, օրինակ, սեփական պաշտամունքային վայրեր ունենալու իրավունքի) համայնքները կարող են ենթարկվել   թուրքական պետության թշնամական և նույնիսկ սպառնալից վերաբերմունքին: Սա հստակորեն երևացել է Հայ Առաքելական եկեղեցու պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի պարագայում, որը ղեկավարում է Թուրքիայի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին, և որը 1998թ. պատրիարք է ընտրվել` հակառակ թուրքական իշխանությունների ցանկության: Նրան  ստիպեցին,   առողջական պատճառներով պայմանավորված, մեկուսանալ, որը հանգեցրեց ԶԼՄ-ների կողմից, հասարակության և հայկական սփյուռքի`  նրան դավաճան համարող մասի բազմամյա ճնշումներին: Եթե Մեսրոպ պատրիարքը չապաքինվի, հավանական է` ինչպես նախկինում  Թուրքիայի իշխանությունները պնդեն, որ  նրա հաջորդը, որպես հայկական (ինչպես նաև հունական ուղղափառ) պատրիարքարանի ղեկավար, պետք է լինի Թուրքիայում բնակվող Թուրքիայի քաղաքացի:  Հայկական եկեղեցին կարող է դժվարությունների հանդիպել համապատասխան քաղաքացիություն ունեցող ու լեզուների տիրապետող և դիվանագիտական գործունեության փորձ ունեցող անհատ գտնելու հարցում` նման նուրբ և ճնշումների ենթարկվող պաշտոնն  ստանձնելու   համար: Այս խնդիրն արդիական է  ոչ   միայն   եկեղեցու,  այլև   ամբողջ հայ համայնքի համար:

Ճանաչման մերժումը շատ հավատքների հետևորդների   խոցելի է դարձնում խտրականության համար, քանի որ քաղաքացիներն  իրենց կրոնական պատկանելիությունը գրանցում են պաշտոնական փաստաթղթերում: Այս ճանապարհով պետությունը տարբերակում է, թե որ կրոններն են «օրինական» և որոնք` ոչ  օրինական: Բահայինների համայնքում կա շուրջ 10 հազար անդամ, սակայն այն չի ճանաչվում որպես կրոն: Քանի որ   բահայինների հավատքը պաշտոնական ցուցակում բացակայում է, բահայինները ստիպված են ընտրել իսլամ  կամ դատարկ թողնել իրենց նույնականացման քարտի` կրոնին վերաբերող մասը:

Ո՞վ կարող է ունենալ պաշտամունքի վայր

Նույնիսկ ճանաչված կրոնական համայնքները պաշտամունքի վայրերի սեփականության հետ կապված խնդիրներ ունեն: Չճանաչված համայնքների վիճակը ավելի բարդ է:

«Ասոցիացիաների մասին» օրենքի ամենաթարմ լրացումները համայնքային հիմնադրամների կյանքում հանգեցրել են մի շարք բարեփոխումների: Սակայն նույնիսկ այդ պարագայում այն համայնքները, որոնց  վերագրվում են այդ հիմնադրամները, շարունակում են բողոքել, որ համայնքային հիմնադրամներին վերաբերող մի շարք կարևորագույն խնդիրներ շարունակում են   մնալ   չլուծված: Այն ակնկալիքները, թե  «Ասոցիացիաների մասին»  օրենքի լրացումները կհանգեցնեն նախկինում անլուծելի բոլոր խնդիրների լուծմանը (մասնավորապես  ոչ մահմեդական համայնքների ճանաչման առումով), ևս չարդարացան: Ինչպես կարծում է հայտնի «ԹԵՍԵՎ» հիմնադրամի ներկայացուցիչ Դիլեք Քուրբանը, «Ասոցիացիաների մասին» օրենքը «անհամատեղելի է ասոցիացիաների ազատության սկզբունքի հետ, որը երաշխավորվում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրով, սահմանադրությամբ  և  1923թ. կնքված Լոզանի պայմանագրով»:

Պետք է հստակեցվի, որ «Հիմնադրամների մասին» օրենքը կարող է օգտակար լինել միայն համայնքային սկզբունքների հետ կապված խնդիրների լուծման համար, բայց անօգուտ` Թուրքիայի ոչ մուսուլման փոքրամասնությունների հիմնական խնդիրների լուծման համար: Դա կարելի է սպասել միայն Մարդու   իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա հիմնված նոր սահմանադրությունից և կրոնական ազատությունների մասին օրենքի իրականացումից:

Ալևի մուսուլմանները կազմում են բնակչության 20- 30 տոկոսը, բայց պետությունը չի ճանաչում նրանց աղոթավայրերի` «cemevi»-ների կամ «cem»-երի գերակշռող մեծամասնությունը: Ալևի համայնքը 2009 թ. նոյեմբերի 8-ին կազմակերպեց զանգվածային ցույց, որին մասնակցեց   մոտ 10 հազար ալևի: Նրանք արտահայտեցին իրենց` որպես հավասար իրավունքներով օժտված քաղաքացիներ     չհամարելու դժգոհությունը և   կոչ արեցին   վերացնել Դիանեթն ու պարտադիր կրոնական դասերը հանրային դպրոցներում:

Ալևիների դժգոհության մեկ այլ պատճառ էլ այն էր, որ նրանց առաջնորդները, այսպես կոչված §դեդեները¦ կամ ավագները, իրավունք չունեն կրելու այդ տիտղոսները: Այս խնդիրը արմատներով ձգվում է 1925 թ., երբ նոյեմբերի 30-ին ընդունվեց  «Դերվիշական կուսանոցների և դամբարանների փակման, դամբարանների պահապանների պաշտոնի և որոշակի տիտղոսների արգելման մասին» N 677 ակտը: Արգելված «դեդե» տիտղոսը և Սահմանադրության 174-րդ հոդվածը անհնար  են դարձնում իրավիճակի բարելավումը: Սահմանադրության նշված  հոդվածում ասվում է. «Սահմանադրության ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի կամ թարգմանվի` դարձնելով ստորև բերված բարեփոխման օրենքները հակասահմանադրական, որոնց  նպատակը   թուրք հասարակությունը մինչև արդի քաղաքակրթության մակարդակ   բարձրացնելը  և  հանրապետության աշխարհիկ բնույթը պաշտպանելն   է, և որն ուժի մեջ է Թուրքիայի սահմանադրության հանրաքվեի ընդունման օրից»: Թվարկված օրենքներից է N 677 ակտը:

Կրոնի կամ հավատքի վերաբերյալ կրթությունը

Ի տարբերություն քրիստոնյաների և հրեաների, որոնց երեխաներն ունեն այդ երկու ոչ մուսուլմանական համայնքների կրթական համակարգից օգտվելու հնարավորություն, ալևիները, բահայինները և  այլ  հավատք ունեցող համայնքների երեխաներն  ու աթեիստները ստիպված են հաճախել   դե ֆակտո սուննիական կրոնական կրթությամբ դասընթացներին`  հանրային և մասնավոր դպրոցներում: Դիանեթի պաշտոնյաները հաճախ նշում են, որ նրանք ալևիզմին վերաբերվում են որպես սուննիական իսլամի մասի  և չեն ընդունում իսլամի տարբեր մեկնաբանությունները: Սա նշանակում է, որ Թուրքիան կրոնական կրթական ծրագիրը վերանայելու որևէ անհրաժեշտություն չի տեսնում: Իր որոշման մեջ (Հասան և Էյլեմ Զենգինն ընդդեմ Թուրքիայի, դիմում N 1448/04) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  նշել է, որ դա անընդունելի է: Թուրքիան պարտավորված է, այս դատողությունից ելնելով, ձեռնարկել քայլեր, որ նման խնդիրներ կրկին   չծագեն: Այնուամենայնիվ,  թուրքական լրատվական գործակալությունները 2008 թ. օգոստոսի 25-ին հաղորդեցին, իսկ հետո կրթության նախարար Հուսեյն Չելիկը հաստատեց, որ որոշումը վերաբերում էր հին ծրագրին: Քանի որ ալևի հավատքները ներառված են նոր ծրագրում, նախարարը նշեց, որ ՄԻԵԴ-ի   որոշումն անկիրառելի է: Որոշման իրականացումը դեռ  շարունակում է մնալ ԵԽ նախարարների կոմիտեի օրակարգում:

Այլ առարկաների ուսուցանումը ներառում է հավատքների վերաբերյալ ապատեղեկատվություն: Պարտադիր հանրային դպրոցների   դասագրքերում, որոնցով 8-րդ դասարանում   դասավանդում են Թուրքիայի Հանրապետության բարեփոխման և աթաթուրքիզմի պատմությունը, միսիոներական գործունեությունը նշվում  է որպես  ազգային սպառնալիքներից մեկը:  Դասագիրքը նշում է, որ միսիոներները «փորձում են իրենց նպատակներին հասնել արտաքին ուժերի, որոշ ոչ կառավարական կազմակերպությունների և իրենց   աջակիցների   ֆինանսական օգնությամբ: Միսիոներները շահագործում են մարդկանց ֆինանսական կարիքները: Նրանք թարգմանում են իրենց   հավատքին վերաբերող գրականությունը և դրանք անվճար բաժանում ու  համապատասխանաբար գրավոր և վիզուալ լրատվամիջոցներն օգտագործում իրենց քարոզչական նպատակների համար: Նրանք սպառնալիք են ազգային միասնականության  և պետության ու ազգի ամբողջականության  համար»:

Բռնի հարձակումների  վտանգի   տակ գտնվողները  կարծում են, որ դպրոցական համակարգի և զանգվածային լրատվամիջոցների միջոցով քարոզվող տրամադրությունները անհանդուրժողականության դրդող բռնի հարձակումների և սպանությունների հիմնական գործոններն են: Որպես   ԵԱՀԿ մասնակից պետություն` Թուրքիան համաձայնել է   քայլեր ձեռնարկել «հատկապես կրթության ոլորտում նախապաշարմունքներին և սխալ ներկայացմանը դիմագրավելու նպատակով»: Այս նախաձեռնությունները   ներառում  են  հանրային   դպրոցներում կրոնների և հավատքների  ուսուցանման վերաբերյալ Տոլեդոյի ուղեցուցային սկզբունքները: Այնուամենայնիվ, իշխանությունները չեն ցուցաբերել  որևէ  հետաքրքրություն դպրոցներում կրոնների և հավատքների  մասին ճշմարիտ  գիտելիքներ տրամադրելու հարցում:

Խտրականությունը հանրային ծառայությունների ոլորտում

Գործնականորեն անհնար է գտնել ոչ մուսուլմանական ծագումով մարդկանց բարձրաստիճան քաղծառայողների պաշտոններում և բանակի ավագ սպայակազմում: Քանի դեռ ոչ մուսուլմանները աշխատում են ցածր պաշտոններում, շատ են հնչում պնդումներ, որ նրանք ենթարկվում են խտրականությունների և նրանց թույլ չեն տալիս զբաղեցնել բարձր պաշտոններ: Օրինակ, սիրիալեզու ուղղափառ քրիստոնյաները «Ֆորում 18»-ին դժգոհել են, որ իրենց երիտասարդներին երբեք կարիերայի հնարավորություն չեն տալիս բանակի կամ քաղծառայության ավագ պաշտոններում, անգամ երբ նրանք ունեն   որակավորում  նման կարիերայի համար: «Ֆորում 18»-ին ասվել էր, որ շատերը խորապես հիասթափվել են, երբ  գիտակցել են, որ իրենք չեն դիտարկվում որպես «լիարժեք» թուրքեր և հետևապես նրանց երբեք այնպիսի հնարավորություններ չեն տրվելու, որոնք կարող են ունենալ «լիարժեք» թուրքերը:

Կրոնական հագուստ

1934 թ. ընդունված օրենքը, որը, Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն , չի կարող փոփոխվել կամ արգելվել, արգելում է կրոնական հագուստ կրել փողոցներում, որն առաջին հերթին վերաբերում է մուսուլմաններին: Բացառությամբ Տիեզերական պատրիարքի, Հայ պատրիարքի և Գլխավոր րաբբիի` մնացած կրոնական փոքրամասնությունների  առաջնորդները մինչև 1980-ական թթ. հանդես չէին գալիս այս օրենքի դեմ: Վերջին ժամանակներս իշխանությունները խստորեն չեն հետևում օրենքի կիրառմանը, բայց շատ կրոնական առաջնորդներ այս օրենքի պատճառով նախընտրում են չկրել կրոնական հագուստ իրենց աղոթավայրերից դուրս: Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները վախենում են կրել կրոնական հագուստներ հարձակումների ենթարկվելու սպառնալիքի պատճառով: Արտասահմանյան հունական, ռուսական և վրացական ուղղափառ քահանաները վերջին տարիներին դժգոհել են, որ երկիր մտնելուց նրանց ստիպել են հանել իրենց կրոնական հագուստն ու խաչերը:

Մուսուլման կանանց  գլխաշոր  կրելը  երկար  ժամանակ համարվում էր վիճելի խնդիր: «Արդարություն և զարգացում» կուսակցության քայլը`  համալսարաններում ուսանող աղջիկների գլխաշոր կրելու թույլտվությունը , կասեցվեց Սահմանադրական դատարանի կողմից: Այն   մեծ վեճերի ու թշնամանքի  տեղիք  տվեց   աշխարհիկ   բնակչության շրջանում: Չնայած արգելվում էր գլխաշորով կամ այլ կրոնական տարբերանշանով հաճախել համալսարան, այնուամենայնիվ  այս արգելքը մշտապես չի իրագործվում: Դա դարձել է խորհրդանշական խնդիր, որ բարձրացնում է այն հարցը, թե Թուրքիան շարունակելո՞ւ է մնալ «աշխարհիկ» երկիր, ինչպես պետությունն է դա սահմանում, թե ոչ:

Համոզմունքների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելը   արգելված է: Զինվորական տարիքի այն տղամարդիկ, որոնք հրաժարվում են պարտադիր զինվորական ծառայությունից (այդ թվում` մոտ 3000 Եհովայի վկաները) ենթարկվում են անվերջանալի հետապնդումների և բանտարկությունների: ՄԻԵԴ-ի` Ուլկեն ընդդեմ Թուրքիայի գործում (Գործ N 39437/98) դատարանը որոշեց, որ նմանատիպ պատիժը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի` տանջանքի, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի արգելքի խախտում է: Թուրքիան շարունակում է անտեսել ԵԽ նախարարների կոմիտեի 2007 թ. հոկտեմբերի 17-ի կոչը §արագորեն իրականացնել նման խախտումները կանխարգելող օրենսդրական բարեփոխումներ:

Ինտերնետային գրաքննություն

Ականավոր աթեիստ Ռիչարդ Դոուկինսի ինտերնետ կայքի մուտքը Թուրքիայում արգելված է դատարանի որոշմամբ: Նրա, ինչպես նաև այլ աթեիստների գրքերը, այնուամենայիվ, թույլատրում են տարածել երկրում` չնայած կատարվում են իրավական փորձեր դրանք արգելելու համար: 1990-ական թթ.  իր հավատքի համար սպանված ականավոր թուրք աթեիստ Թուրան Դուրսումին նվիրված կայքը փակված է:

Եզրակացություն

Շատ մարդիկ   և   համայնքներ երկար տարիներ հանդիպել են դժվարությունների իրենց կրոնական գործունեության խաղաղ իրականացման հարցում: Դրանք պաշտպանվում են կրոնի և հավատքի միջազգային ազատության պայմանագրերով, որոնց միացել է Թուրքիան: Կրոնական համայնքներն իրենց իրավունքներով իրավականորեն ճանաչելու կամքի երկարաժամկետ բացակայությունը, պետական պաշտոնյաների  կողմից տարածվող ապատեղեկատվությունը և հանրային կրթության համակարգը, ծայրահեղ ազգայնականությունը և բռնի հարձակումների  ու սպանությունների պատճառ հանդիսացող լրատվամիջոցների անհանդուրժողականությունը և §սեկուլյարիզմի¦ թուրքական սահմանումը  լուրջ կասկածներ  են  առաջացնում, թե արդյո±ք այս երկիրն իրականում հավատարիմ է մարդու իրավունքներին:

Այլ խնդիրներից են նաև օրենքի գերակայության հետ կապված խնդիրները, խտրականությունները ալևի մուսուլմանների նկատմամբ,  հանրային ծառայության ոլորտում, հանրային հիմնարկներում կրոնական հագուստ կրելու ազատության բացակայությունը, զինվորական ծառայության նկատմամբ գիտակցված առարկությունների արգելքը և ինտերնետային գրաքննությունը: Մարդու իրավունքներին հավատարիմ թուրք  քաղաքացիները հաստատում են «Ֆորում 18»-ին, որ մարդու իրավունքների միջազգային չափանիշներով ամրագրված կրոնի և հավատքի ազատության իրավունքների պաշտպանությունը (որոնց մասնակցում է նաև Թուրքիան) իշխանությունների կողմից պետք է կիրառվի բոլոր համապատասխան ոլորտներում: Նրանք նաև պնդում են, որ իշխանությունները պետք է ձեռնարկեն գործուն քայլեր անհանդուրժողականության թիրախ դարձած խմբերի հանդեպ սոցիալական ատելությունը վերացնելու համար:

Add comment


Security code
Refresh