Religions in Armenia

............... Երկուշաբաթի, 06 Սեպտեմբեր 2010
> Գլխավոր

Կրոնի դերը հասարակության կյանքում

Էլ.փոստ Տպել

0792Վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյան Աստվածաբանության դոկտոր, ավարտել է չորս համալսարան, այդ թվում` Փարիզի Սորբոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի և Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանյայց ավետարանական եկեղեցու առաջնորդ:

Արդի աշխարհում կան շատ կրոններ, ըստ որոնց ներկայացուցիչներըի` միակ ճշմարիտ կրոնը իրենց կրոնն է, որ ճանապարհ է հարթում դեպի Աստված: Մեր ժամանակներին բնորոշ են նաև համբերատարությունն ու հանդուրժողականությունն այս ամենի հանդեպ:

Սակայն, այս ամենով հանդերձ, մեզ հարկավոր են ճիշտ պատասխաններ Աստծու վերաբերյալ, որպեսզի չտատանվենք գոյություն ունեցող բազում կրոնների մեջ: Նախ ուզում եմ նշել, որ կրոնը հասարակական գիտակցության մի ձև է: Այն ձևավորվել է շատ ավելի վաղ` Աստծու կողմից մարդու ստեղծման հետ միաժամանակ: Սակայն, որպես հասարակական գիտակցության ձև, կրոնը ցայտուն դրսևորվեց Եդեմի պարտեզում մարդու անկումից հետո, երբ մարդ-Աստված ուղղակի հարաբերությունը դադարեց գոյություն ունենալ:

Մարդը, որպես Աստծու պատկերը կրող, չէր կարող առանց Նրա հետ հարաբերության գոյություն ունենալ: Այդ պատճառով ապավինելով իր մտքի կարողությանն ու զորությանը` սկսեց Աստծու փնտրտուքները և այդ ճանապարհին տարբեր կերպեր ու միջոցներ օգտագործելով` փորձեց բավարարել անձնական կրոնական զգացմունքները: Հարկ է շեշտել, որ մարդու կրոնական պատկերացումները, անհասցե հավատքը չէին կարող բավարարել օր օրի աճող և զարգացող նրա կրոնական պահանջները: Այս պատճառով էլ առաջացան տարբեր գաղափարներ Աստծու, Նրա գոյության, կամքի, ինչպես նաև պարտականությունների մասին:

Կրոնական տարբեր ծիսակատարությունները, զոհաբերությունները ծառայում էին և ծառայում են մեկ նպատակի` ներգործելով մարդկանց զգացմունքների և գիտակցության վրա, նրանց ենթարկել կրոնական տվյալ խմբի կամ նրանց առաջնորդների կրոնական պատկերացումներին: Նման կրոններն օգտագործվել են մարդկանց և, ինչո՞ւ չէ, նաև գիտնականների վրա` որպես ճնշման գործիք` փորձելով խաթարել նրանց գիտակցությունն ու խոչընդոտել գիտության առաջընթացին:

Սակայն, ի տարբերություն բազմաթիվ կրոնների, քրիստոնեությունը` ի դեմս Հիսուս Քրիստոսի, եկավ, որ ճանաչելի դարձնի մեր հավետ կենդանի Աստծուն և հռչակի, որ Աստված սեր է, և Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով մարդու կրոնական ձգտումները կարող են լիարժեք բավարարվել, քանի որ Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք Հոր (Աստծու) մոտ չի գալիս, եթե ոչ ինձնով» (Հովհ. 14,6):

Մեր անձնական, գիտակցված, կենդանի և ամենակարևորը` գործնական հավատքը առ Հիսուս Քրիստոս, որը մեր մեջ ստեղծվում է Աստծու խոսքը լսելուց («Հավատքը լսելուց է, իսկ լսելը` Աստծու խոսքից»` Հռոմ. 10,17), Հիսուսի միջոցով ճանապարհ է հարթում առ Աստված ուղղակի հարաբերության, որը հիմնականում արտահայտվում է երեք կերպ.

- երբ կարդում ենք Աստվածաշունչը, Աստված խոսում է մեզ հետ,

- երբ աղոթում ենք առ Աստված,մենք խոսում ենք Աստծու հետ, իսկ Աստված լսում է,

- երբ լսում ենք քարոզներ` Աստված մեզ հետ խոսում է քարոզների միջոցով:

Աստվածաշնչի միջոցով, որտեղ պարփակված է Աստծու կենդանի խոսքը, Աստված տալիս է իմաստություն` հասկանալու մեր անորոշ դիրքն Իր հանդեպ և ասում. «Բոլորը մեղանչեցին և զրկված են Աստծու փառքից» (Հռոմ. 3,23): Աստծու հանդեպ մարդու մեղավորության գիտակցմանը հետևում է ապաշխարությունը, վերստին ծնում փրկություն և հավիտենական կյանքի ժառանգում: Այս ամենը, որպես պարգև, ստանում ենք մեր փոխարեն Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության և հարության շնորհիվ. «Որովհետև Աստված այնպես սիրեց Աշխարհը (այսինքն` մարդկանց, մեզ` գիտակից արարածներիս), որ Իր Միածին Որդուն (Հիսուս Քրիստոսին) տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք կունենա» (Հովհ. 3,16):

Հիսուսն իր խաչով դարձավ յուրօրինակ կամուրջ մեղքի անդունդի վրա, մարդու և Աստծու միջև և պարգևեց մեզ փրկություն: Ով ընդունում է Նրան, կարող է վկայել. «Որովհետև ես հաստատ գիտեմ` ո'չ մահը, ո'չ կյանքը չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմ. 8,38-39):

Ահա սա է կրոնների և քրիստոնեության հիմնական տարբերությունը: Մեր փնտրտուքները Աստծուն անօգուտ են: Աստված իր որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով եկավ աշխարհ և բոլորիս մեղքի պատիժը` մահը, Հիսուսի վրա դնելով` կոչ արեց հավատքով առ Հիսուս Քրիստոս վերականգնել հարաբերությունները Հայր Աստծու հետ:

Հայ ավետարանական եկեղեցու դերը հասարակության կյանքում

Հիսուս Քրիստոսի Ընդհանրական եկեղեցին ծառայել և շարունակում է ծառայել մարդկությանը երկրի վրա հանուն երկնային արքայության հաստատման, Աստծու կամքի ճանաչման, քրիստոնյաների հոգևոր աճի և դրա շնորհիվ նորոգված կյանքով Աստծու անունը երկրի վրա սուրբ պահելու համար. «Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո արքայությունը գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում է...» (Մատթ. 6,10):

Այսպիսի նպատակից բխող խնդիրները ենթադրում են նաև եկեղեցու «ներգրավվածությունը հանրային գործերում, պատասխանատվություն դրանց համար և որոշակի դիրքորոշման ընդունում. Աղքատության, ընկերային անարդարության, խտրականության, փողապաշտության հիմնախնդիրների, ինչպես նաև էկոլոգիայի, տեխնիկական առաջընթացի և այլ հարցերի նպատակով» (Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ, Գարեգին Ա կաթողիկոս, Սուրբ Էջմիածին, 1999թ., էջ 212): Այս բոլորը ընդունելի և կիրառելի են Հայ ավետարանական եկեղեցու կողմից, մանավանդ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը:

Հայ ավետարանական եկեղեցու կոչումը` Կենաց Բանի` Աստծու խոսքի քարոզությունը, որի պատվերը ստացել ենք Հիսուս Քրիստոսից. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք… Նրանց սովորեցրեք, որ այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, պահեն: Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը: Ամեն» (Մատթ. 28,19-20):

Աստծու խոսքի քարոզությունը սերտորեն առնչվում է քրիստոնեական դաստիարակության հետ: Սա մեծ առաքելություն է, որի նպատակն է Աստծու խոսքով սնուցել և կրթել բոլորին` փոքրին և մեծին:

Հայ ավետարանական եկեղեցին երբեք չի մոռանում, որ ինքը կոչված է լինել դաստիարակչական եկեղեցի ` եկեղեցական արարողություններով, քարոզչությամբ, կենցաղավարությամբ և ծառայությամբ: Այս ամենից ելնելով` Հայ ավետարանականները ձգտում են բոլոր միջոցներով իրագործել եկեղեցու դաստիարակչական առաքելությանը` բարձր պահելով Հիսուս Քրիստոսի անունը:

Տեղին է հիշատակել Հայ ավետարանական եկեղեցու կրթական, գրական-մշակութային, ընկերային ծառայությունների, միջեկեղեցական հարաբերությունների մասին, որոնք նույնպես առաջնային են մեզ համար: Այս ասպարեզում ձեռքբերումները շատ են, և անելիքներն էլ անպակաս: Այնպես որ, եկեղեցու ներգրավվածությունն այս ոլորտներում նպաստում է մեր հայրենակիցներին հոգևոր վերականգնման, աճի և կյանքի առաջընթացին:

Իր գոյությունն արդարացնելու համար Հայ ավետարանական եկեղեցին մշտապես վերանորոգվում է հոգևոր առումով` հավատարիմ մնալով իր տիրոջը` Հիսուս Քրիստոսին, որից ստանում է զորություն և առաջնորդություն: Հայ ավետարանական եկեղեցին իր անվանը վայել կյանքով և կենցաղով ձգտում է մնալ օրհնության մշտական աղբյուր` ի փառս Աստծու թագավորության, ի պայծառություն Քրիստոսի Ընդհանրական եկեղեցու և հօգուտ մեր ազգի և մարդկության:

Հայ ավետարանական եկեղեցին

Հայ ավետարանական եկեղեցին կազմավորվել է 1846թ. հուլիսի մեկին Կ.Պոլսում և կոչվել Հայաստանյայց ավետարանական եկեղեցի:

Հայ ավետարանական եկեղեցու 161 տարվա պատմությունը հաստատում է, որ այն քրիստոնեական հավատքի, աստվածային սիրո և աստվածապաշտության հավաքականություն է, որի առաքելությունը նվիրվածությունն է Աստծուն, քրիստոնեությանը, հայ ժողովրդին և հայրենիքին: Նրա առաջնորդներն են Հիսուս Քրիստոսը, Աստվածաշունչ մատյանը և հայ հոգևոր անսպառ ժառանգությունը: Մեզ մոտ հայ ավետարանական առաջին շարժումն սկսվեց Շուշիում 1823թ., որի շնորհիվ ավետարանականների անմիջական նախաձեռնությամբ բացվեց ուսումնարան, հիմնվեց տպարան և աշխարհաբար արևելահայերենով հրատարակվեցին հանրամատչելի կրոնական գրքեր: Այնուհետև դպրոցներ բացվեցին Ղարաբաղի մի շարք գյուղերում: 19-րդ դարի կեսին հայ ավետարանական համայնքներ կային Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում: Երևանում առաջին ավետարանականները հիշատակվում են 1867թ., իսկ 19-րդ դարի վերջից Երևանի Հայ ավետարանական եկեղեցին դարձավ ամենազորեղը Կովկասի Հայ ավետարանական եկեղեցիների մեջ: 1918-30թթ. Հայաստանում և Անդրկովկասւոմ կային հազարավոր հայ ավետարանական քրիստոնյաներ: Գրեթե բոլոր համայնքներն ունեին եկեղեցիներ կամ աղոթատներ, կիրակնօրյա դպրոցներ, ձեռնադրված հովիվներ:

1920-ական թվականների վերջին Խորհրդային Միությունում ուժեղացան հալածանքները կրոնական համայնքների նկատմամբ. 1930-ից Խորհրդային Միության տարածքում, ի թիվս այլ կրոնական կազմակերպությունների, արգելվեց նաև հայ ավետարանականների մոտ 35 համայնքների և նրանց եկեղեցիների գործունեությունը:

1944թ. հոկտեմբերին Խորհրդային Միությունում թույլատրվեց ավետարանականների և մկրտական քրիստոնյաների պաշտոնական գործունեությունը մեկ ընդհանուր միության մեջ:

Մինչև 1991թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը պաշտոնապես գրանցել էր Երևանի և Գյումրիի եկեղեցիները:

1994թ. հուլիսի 1-ից Հայ ավետարանական եկեղեցին ՀՀ-ում պաշտոնապես վերագրանցվեց Հայաստանյայց ավետարանական եկեղեցի անունով և ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ:

Այսօր Հայաստանյայց ավետարանական եկեղեցին ունի 11 հոգուց բաղկացած հոգևոր խորհուրդ, որը ղեկավարում է Հայաստանի Հայ ավետարանական եկեղեցիների ընդհանուր ծառայությունները: Կան մոտ 40 եկեղեցիներ և աղոթատեղիներ, 25 հոգևոր առաջնորդներ, որոնց մի մասը ձեռնադրյալ հովիվներ են:

1997թ. Հայ ավետարանական եկեղեցում հոգևոր առաջնորդներ և քրիստոնեական դաստիարակության մասնագետներ պատրաստելու համար Հայաստանում բացվեց Ավետարանական աստվածաբանական բարձրագույն ուսումնական հաստատություն, որը մինչև այսօր տվել է մասնագիտական կրթություն ունեցող բազմաթիվ եկեղեցական ծառայողներ, կրթական, մշակութային և սոցիալական ոլորտի գործիչներ:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցին, բարձր գնահատելով քրիստոնեական դաստիարակության դերը նոր սերնդի ընդհանուր դաստիարակության գործում, օգնում է, որ հայ երեխաներն ու պատանիներն ընդգրկվեն քրիստոնեական դաստիարակության տարբեր խմբերում, աճեն կյանքի բոլոր ոլորտներում` մտավոր, ընկերային, հոգևոր, և դառնան մեր ազգի արժանավոր զավակներ:

Եկեղեցին անում է ամեն բան, որ երեխաները, ընդգրկվելով քրիստոնեական դաստիարակության և գեղարվեստական խմբակներում, կարողանան բացահայտել և զարգացնել իրենց ընդունակությունները, Աստվածաշնչի ուսուցմամբ ստանան քրիստոնեական ճշմարիտ գիտելիքներ, վերափոխեն կյանքի նկատմամբ իրենց հայացքները, քրիստոնեական արժեքների նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցին կարեւորում է Հայաստանի և Արցախի ժողովրդի հոգևոր և նյութական ներդրումը եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերում, որոնք գործում են նաև Վրաստանում ու Ռուսաստանում:

Հայաստանյայց ավետարանական եկեղեցին իր երախտագիտությունն է հայտնում Սփյուռքի համայնքներին իրենց մշտական աղոթքների, բարերարությունների, Հայաստանում իրագործվող բազմապիսի բարեգործական ծրագրերին մշտապես սատարելու համար:

Հայ ավետարանական եկեղեցու անելիքները

Եկեղեցին այսօր շատ ավելի արթուն է գիտակից աշխարհում իր ունեցած դիրքի հանդեպ: Հայ ավետարանական եկեղեցին այսօր հետաքրքրված է մեր հայրենակիցների վիճակով, ընկերային արդարությունով, կյանքի և ապրուստի ապահովությունով, անհատի արժանապատվությամբ և բնապահպանական խնդիրներով, միջեկեղեցական հարաբերություններով և այլն: Կարելի է ասել, որ եկեղեցին դադարել է «գերերկրային» լինելուց, և իր ուշադրությունը կենտրոնացրել է նաև առօրյա խնդիրների շուրջ` ձգտելով գտնել դրանց աստվածաշնչյան պատասխանները:

Մեզ առաջին հերթին հետաքրքրում է հայ ընտանիքի արժևորման հարցը` «որպես արարչագործության անբաժանելի մասի», որպես նոր սերնդի բարոյական դաստիարակության, կրթության, միմյանց պատվելու, օգնելու, սիրելու առաջին աստիճանի: Մեր եկեղեցին իր մասնաբաժինն ունի այս գործում և իր քարոզներով ու այլ ծառայություններով կարողանում է կաղմնորոշել ընտանիքների կյանքը:

Ամենուրեք մեծ թափ ստացող համաշխարհայնացման գործընթացը մեզ պարտադրում է ամուսինների ազատության անկախության գաղափարը: Մի՞թե սա չի քանդում ընտանիքի հիմքը` ամուսնու և կնոջ միասնությունը. նրանք դժվարությամբ են վստահում իրար... Այսօր բախումները նկատելի են շատ ընտանիքներում: Երկու տարբեր անձնավորություն ամուսնանալով` կյանքի, ամուսնության, երեխաների դաստիարակության վերաբերյալ ունեն իրենց հայացքները, որոնք էլ հաճախ դառնում են միմյանց չհասկանալու, ընտանեկան բախումների պատճառ: Չնայած նոր տեխնոլոգիաները բավական բարելավել են մարդու կյանքը բազմաթիվ ոլորտներում, սակայն հենց դրանց պատճառով մարդիկ երբեմն ընկնում են այնպիսի սթրեսների մեջ, որոնց մի քանի սերունդ առաջ անտեղյակ էին, և որոնք չեն կարող չանդրադառնալ ընտանեկան հարաբերությունների վրա:

Հայ ավետարանական եկեղեցին իր հատուկ ծառայություններով աստվածաշնչյան պահանջներից բխող քրիստոնեական արժեքների հիման վրա անցկացնում է նման հարցերի քննարկումներ, բանավեճեր և դասընթացներ:

Դասընթացների ժամանակ ներկայացվում են Աստծու տեսակետները ամուսնական միասնության, միմյանց հասկանալու և գնահատելու վերաբերյալ, ինչպես նաև աստվածաշնչյան սկզբունքները ամուր ընտանիք ստեղծելու և պահպանելու, բախումներից խուսափելու, սերը և փոխըմբռնումն ամուսինների միջև պահպանելու վերաբերյալ և այլ հարցեր:

Մենք գիտակցում ենք,որ չկա ընտանիք առանց գերխնդիրների: Սակայն կան ամուսնական զույգեր, որոնք հարթում և լուծում են դրանք Աստծու խոսքի օգնությամբ: Եվ այդպիսի ամուսինները նրանք են, ովքեր ընդգրկված են եկեղոցու կողմից հատուկ նրանց համար առաջարկվող ծառայություններում:

Մենք գիտակցում ենք, որ լավագույն օրինակը չենք մեր կողմից առաջարկվող ծառայություններում, սակայն գիտենք, թե ինչ ենք առաջարկում և ինչպիսին ենք ուզում դառնալ Աստծու շնորհիվ:

Պատվարժան ընթերցողներ, քրիստոնեությունը, իր շուրջը համախմբելով տարբեր հայացքների և մտքերի տեր անձանց, կարողանում է ուղղորդել նրանց կարողությունները բարի նպատակների համար: Քրիստոնեական արժեքներն ու գաղափարները հասկանալի և ընդունելի են հասարակության բոլոր խավերի համար, կոչ` իրականացնելու իրենց բարի մտադրությունները` պահպանելով արդարությունը, պատասխանատվության զգացումը, հասարակական կյանքում արմատավորելով փոխօգնության և հոգատարության սկզբունքները:

Քրիստոնեությունը մեր հասարակությանն առաջարկում է համերաշխության նոր ըմբռնում` կառուցված այն արժեքների վրա, որոնց ընդունումն ու կիրառումը կօգնեն դիմակայել տարբեր խմբավորումների կողմից հասարակության պառակտմանը:

Add comment


Security code
Refresh