Տիգրան Մաթոսյան Աշխատում է Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում որպես ավագ գիտաշխատող: Ավարտել ԵՊՀ Պատմության բաժինը: 2004-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում պաշտպանել է Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի համեմատության վերաբերյալ թեկնածուական ատենախոսությունը: Ներկայիս հետազոտական հետաքրքրությունները վերաբերում են Հայաստանում Եվրոպա հասկացությանն առնչվող դիսկուրսին, ինչպես նաև ժամանակակից հայկական ինքնության և հանրային քաղաքականության փոխառնչման հարցերին:
2000-ից ի վեր եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության մերձեցման գործընթացը երկրում ուղեկցվում էր խնդրին առնչվող հանրային ակտիվ քննարկումներով:
Պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները, լրագրողները, հրապարակախոսները և հանրային դիսկուրսը ձևավորող այլ անձինք իրենց բանավոր, գրավոր, ինչպես նաև պատկերի միջոցով արտահայտած խոսքում փորձում էին հիմնավորել եվրոպական արժեքների և չափանիշների որդեգրման ինչպես անհրաժեշտությունը, այնպես էլ դրանց հետ կապված խոչընդոտները և սպառնալիքները:
Այնունամենայնիվ, ինչպես եվրակենտրոն, այնպես էլ եվրախույս տրամադրություններ ունեցող հայ «դիսկուրս-մեյքերներին» (այս եզրի հետ մեկտեղ կօգտագործվի նաև «հրապարակախոս» տարբերակը) իրարից բաժանող սահմանագիծը հաճախ աղոտանում է երկու կողմերին էլ բնորոշ մի հատկանիշի` էսենցիալիզմի կամ էութականության շնորհիվ: Ավելի որոշակի, Եվրոպա հասկացության և վերջինիս տարբեր ենթահամակարգերի մասին խոսելիս հայ դիսկուրս-մեյքերները հաճախ դրանց վերագրում էին/են միակերպության, անփոփոխության և կայուն շարունակականության իմաստ` հակառակ մերօրյա եվրոպական (հատկապես պաշտոնական) ինքնընկալումների, որոնք շեշտադրում են եվրոպական իրականության փոփոխականությունը և բազմազանությունը (պլյուրալիզմը):
Հայաստանում եվրոպական իրականության էսենցիալիստական միակերպ ընկալումների առատությունը երկու բնական հարց է առաջացնում: Նախ` ո՞րն է դրա պատճառը և երկրորդ` նման ընկալումների առատությունը նպաստու՞մ, թե՞ խոչընդոտում է Հայաստանին` արտաքին աշխարհի և մասնավորապես Արևմուտքի հետ արդյունավետ հաղորդակցվելու գործում:
Հոդվածում ես կփորձեմ ցույց տալ, որ Եվրոպայի վերաբերյալ հայ հանրային դիսկուրսի էսենցիալիստական ընկալումները պայմանավորված են երկու հիմնարար գործոններով, որոնք են` ա) Եվրոպայի վերաբերյալ Հայաստանում շրջանառության մեջ դրվող օբյեկտիվ ինֆորմացիայի պակասը և բ) հայ դիսկուրս-մեյքերների սեփական էսենցիալիստական ինքնապատկերացումները:
Հաջորդիվ կփորձեմ փաստարկել, որ հանրային դիսկուրսի մակարդակում Եվրոպայի միակերպ ընկալումները կարող են նախ հասարակական դիմադրություն առաջացնել Հայաստանի որդեգրած եվրաինտեգրման քաղաքականության հանդեպ և նույնիսկ ներթափանցել պետական քաղաքականության ոլորտ` վտանգելով Եվրոպային առնչվող պետական քաղաքականության արդյունավետությունը:
Սույն հոդվածի եզրակացությունների համար հիմնականում օգտվել եմ 2000-2008 թթ. ընթացքում հայաստանյան մամուլում («Ազգ», «Գրական թերթ» և այլն) և հանդեսներում տպագրված հոդվածներից, ինչպես նաև եթեր հեռարձակված հեռուստահաղորդումներից («Հ1», «Հ2», «Արմենիա»):
Նախքան Եվրոպան էութականացնելու պատճառների նկարագրությանն անցնելը ճիշտ կլիներ խոսել այն բուն մեխանիզմի մասին, որի միջոցով տեղի է ունենում էսենցիալիզացիա կոչվող գործընթացը: Այդ մեխանիզմը մասնավորապես հայ հանրային դիսկուրսն ընդհանուր առմամբ բնութագրող այնպիսի մի երևույթ է, որը հայտնի է ռեդուկցիոնիզմ (reductionism` «նվազեցում») անունով:
Եվրոպայի վերաբերյալ էսենցիալիստական գնահատականների հիմքում ընկած է հենց ռեդուկցիոնիզմի երևույթը: Խնդրի վերաբերյալ դատողություններ անող հայ դիսկուրս-մեյքերներից շատերը, դիմելով այս մեթոդին, բարդ կազմություն ունեցող ամբողջին (հասկացություն, համակարգ) վերագրում են վերջինիս բաղադրիչներից միայն մեկի հատկանիշները: Այս մեթոդի կիրառումը հայաստանյան հանրային դիսկուրսում հատկապես ակնհայտ է Եվրոպայի կրոնի, եվրոպական մշակույթի, աշխարհագրության և մի շարք այլ երևույթների միակերպության մասին դատողություններում: Ընդ որում, Եվրոպայի նվազեցումը իր հատկանիշներից մեկին հիմնականում տեղի է ունենում երկու չափումներում` ինստիտուցիոնալ և պատմական: Որպես օրինակ կարող է ծառայել Հայաստանում լայն տարածում ունեցող կարծիքներից մեկը, որի համաձայն` Եվրոպան անփոփոխ քրիստոնեական էություն ունեցող ամբողջ է: Այս կարծիքի ձևավորմանը նախ նպաստում է այն իրողությունը, որ ներկայիս որոշ եվրոպական երկրներում բնակչության որոշակի հատվածների քրիստոնեական բարձր ինքնագիտակցության և եկեղեցիների բարձր կարգավիճակի փաստը հայ հրապարակախոսների կողմից մեխանիկորեն տարածվում է այդ երկրների հասարակական այլ, օրինակ` քաղաքական ինստիտուտների վրա, որի արդյունքում ստեղծվում է Եվրոպայի` որպես քրիստոնյա մոնոլիտ հանրության կերպարը: Ինստիտուցիոնալ ռեդուկցիոնիզմի հետևանքով է, օրինակ, որ քրիստոնեական դավանանք է վերագրվում այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են Եվրախորհուրդը և Եվրամիությունը:
Երկրորդ դեպքում Եվրոպայի պատմության ժամանակահատվածներից մեկին բնորոշ մի հատկանիշ, այն է` եկեղեցու բարձր կարգավիճակը և մեծ ազդեցությունը պետության մեջ, պրոյեկտվում է արդի ժամանակներին, ինչի արդյունքում Եվրոպան իր պատմության չափումով կրկին ընկալվում է որպես քրիստոնեական անընդհատությամբ օժտված մի ամբողջություն: Պատմական ռեդուկցիոնիզմի երևույթը հատկապես ակնբախ է մշակույթի վերաբերյալ դատողություններում, երբ ժամանակակից եվրոպական մշակույթը հանգեցվում է Եվրոպայի «դասական» ժամանակաշրջանի մշակույթին, իսկ ժամանակակից եվրոպական մշակույթի բազմազանության դրսևորումները գնահատվում են որպես շեղում «իսկական», այն է` դասական մշակույթից:
Իսկ ի՞նչն է մղում հայ հրապարակախոսներին դիմել ռեդուկցիոնիզմի, հետևաբար Եվրոպայի էութականացմանը: Պատճառներից առաջինը, ինչպես նշվեց վերևը, Եվրոպայի վերաբերյալ օբյեկտիվ ինֆորմացիայի պակասն է:
Այդ պակասը նախ կարող է հանգեցնել մի այնպիսի վիճակի, երբ դիսկուրս-մեյքերները Եվրոպայի մասին իրենց դատողություններում առաջնորդվեն այսպես կոչված «հարմարավետության» սկզբունքով: Բանն այն է, որ տարբեր հասկացություններ կամ համակարգեր նկարագրելիս վերջիններիս բարդ և խայտաբղետ կազմության խորքը ներթափանցելու փոխարեն ավելի դյուրին է դրանք հանգեցնել ավելի պարզ գաղափարների, առավել ևս եթե այդ հասկացությունների կամ համակարգերի վերաբերյալ ստացվող ինֆորմացիան ուղղակի չէ` պայմանավորված ժամանակային կամ տարածական խոչընդոտներով: Օրինակ` էսենցիալիստական բնութագրումների վտանգը մեծ է վաղ անցյալին վերաբերող երևույթների մասին խոսելիս, որը պայմանավորված է բազմակողմանի նյութի բացակայությամբ: Նույնը վերաբերում է աշխարհագրության պատճառով դժվար մատչելի իրականությունները բնութագրելիս: Հայաստանյան հանրային դիսկուրսում հաճախ կարելի է լսել Եվրոպային վերաբերող այնպիսի ընդհանրացված բնութագրումներ (օրինակ` «միասեռական ամուսնությունների Եվրոպա»,[2] «եվրոպական պոռնոմոդա»,[3] «ինքնություն չունեցող Եվրոպա»…), որոնք միջնորդավորված ընկալման արդյունք են և կարող են ճշմարիտ լինել եվրոպական իրականության առանձին վերցրած մասերի համար միայն:
Հարմարավետության գործոնի հետ սերտորեն փոխկապակցված է Եվրոպայի վերաբերյալ պահպանված գիտելիքների և ընկալումների իներցիան: Զրկված լինելով եվրոպական իրականության հետ ուղղակի շփումներից, այդ իրականության վերաբերյալ թողարկվող դիսկուրսի մասնակիցները հաճախ ստիպված են լինում պարզապես վերարտադրել հնուց եկած պատկերացումները: Օրինակ` հայ հանրային դիսկուրսում Եվրոպայի` բնույթով քրիստոնյա լինելու ընկալումները, որոնք դարերի պատմություն ունեն, մեծ հաջողությամբ իրենց ուղին են հարթել ընդհուպ մեր օրերը: Մեկ այլ խոսուն օրինակ է Հայաստանում Եվրոպայի աշխարհագրական էութականացումը, որի հիմքում ընկած է Եվրոպա մայրցամաքը որպես ֆիքսված և անփոփոխ աշխարհագրական սահմաններ ունեցող տարածք պատկերացնելու միտումը: Այս դեպքում հին գիտելիքների վերարտադրումը տեղի է ունենում կրթական համակարգի մակարդակով. օրինակ` ՀՀ դպրոցներում օգտագործվող աշխարհագրության դասագիրքը ներկայացնում է խորհրդային ժամանակներից պահպանվող մայրցամաքների պայմանական սահմանազատումը.
Եվրասիա մայրցամաքը պայմանականորեն բաժանվում է երկու աշխարհամասի, որոնց միջև սահմանն ընդունված է անցկացնել Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիսային մասով, ապա Կումա-Մանիչի իջվածքով, հետո սահմանն անցնում է Ազովի, Սև, Էգեյան, Միջերկրական ծովերով և այդ ծովերն իրար միացնող նեղուցներով[4]:
Եվրոպան էսենցիալիստական գույներով պատկերելու վերոհիշյալ երկու գործոնների (հարմարավետություն և իներցիա) հիմքում ընկած է Եվրոպայի վերաբերյալ օբյեկտիվ, այն է` ուղղակի և բազմակողմանի ինֆորմացիայի պակասը: Սակայն Հայաստանում Եվրոպայի էութականացման պատճառներից երկրորդը ¥գուցեև ամենակարևորը և ոչ այդքան տեսանելին) պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրոպան էութականացնելու միտում ցուցաբերող հայ հանրային դիսկուրսն ինքն է զգալիորեն խարսխված էսենցիալիստական ինքնապատկերացումների վրա: Ուստի էութականացնելով Եվրոպան` հայաստանյան հանրային դիսկուրսը ապահովում է կարծրատիպային ինքնընկալումների շարունակականությունը, քանի որ այդ ինքնընկալումները մեծապես կախված են Եվրոպայի վերաբերյալ Հայաստանում առկա հանրային պատկերացումներից:
Հասկանալու համար, թե ինչ աստիճանով է էութականացված սեփական ինքնությանը նվիրված հայաստանյան դիսկուրսը, օգտակար կլիներ դիմել հետևյալ «թարմ» օրինակներին: Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Իրազեկում» հաղորդաշարի 2008 թ. հունվարյան թողարկումներից մեկի ժամանակ, որը նվիրված էր հայ ազգային գաղափարախոսության հարցերին, հաղորդաշարի հեղինակ Բ. Վարդանյանը հայ հասարակությունը «քրիստոնեացնելու» նպատակով դիմեց վերը նկարագրված պատմական և ինստիտուցիոնալ ռեդուկցիոնիզմի մեխանիզմներին: Մասնավորապես հայ իրականության մեջ քրիստոնեության պատմական անընդհատության գաղափարը պաշտպանելու նպատակով հեղինակը կարծիք արտահայտեց, թե հայերը 301 թ. քրիստոնեությունն ընդունեցին միգուցե նաև այն պատճառով, որ Հայկ նահապետը հայ ազգի մեջ սերմանեց Քրիստոսի հիմնարար գաղափարը` ազատությունը: Զրույցի ժամանակ Բ. Վարդանյանը նաև ցանկություն հայտնեց, որ հայ հասարակության ներքին և արտաքին քաղաքականությունը հիմնված լինի քրիստոնեական ուսմունքի սկզբունքների վրա[5]: Մշակութային էսենցիալիզմի շարքին կարելի է դասել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի խոսքերը հեռուստաելույթներից մեկի ժամանակ. «Մշակույթի նախարարությունը միշտ չէ, որ զբաղվում է իսկական մշակույթով, այն ավելի շատ զբաղվում է մասսայական կուլտուրայով, ինչն անհանգստացուցիչ է»:[6] 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածու Արամ Հարությունյանի նախընտրական կարգախոսներից մեկն ուներ հետևյալ բովանդակությունը. «Հանուն հավերժական Հայաստանի»:[7] «Մեկ ազգ, մեկ մշակույթ» վերտառությունն ունեն Հայաստանում ստեղծված մշակութային հիմնադրամը, ինչպես նաև 2006 և 2008 թթ. անցկացված համահայկական մշակութային փառատոները:[8]
Օրինակների այս շարքը կարելի է երկար շարունակել, սակայն ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու պետք է սեփական իրականության և ինքնության միակերպ ընկալումը անհրաժեշտաբար հանգեցնի եվրոպական իրականության էութականացմանը: Նախ` հարկավոր է մտապահել այն իրողությունը, որ Եվրոպային առնչվող հայ հանրային դիսկուրսը նման է երկկողմանի փողոցի (որի հոծ գիծը երբեմն անտեսանելի է դառնում). մի կողմից` հայ հրապարակախոսները Եվրոպան սահմանում են սեփական էութականացված ինքնության հետ համադրման/հակադրման համատեքստում (օրինակ` «եվրոպական ժուժկալությունը» շեշտադրվում է «հայկական առատաձեռնության» ֆոնի վրա), մյուս կողմից` սեփական ինքնությունը սահմանելիս նրանք զգալի կախում ունեն Եվրոպայից` վերջինս օգտագործելով որպես նույնացման հիմք (օրինակ` կրոնի, լեզվի, մշակույթի հարցերում): Համադրման երկրորդ եղանակը հատկապես մեծ նշանակություն է ձեռք բերում այն ժամանակ, երբ Եվրոպայի հետ նույնացումն օգտագործվում է, օրինակ, շրջապատող ժողովուրդներին հակադրվելու համար:
Փաստորեն, հայ հրապարակախոսները Եվրոպայի մասին խոսելիս էսենցիալիստական բնութագրումներ են օգտագործում նախևառաջ հենց այդպիսի պատկերացումների վրա հիմնված աշխարհընկալում ունենալու պատճառով: Որպես օրինակ կարող է ծառայել հետևյալ քննադատական բնութագրումը հայաստանյան էլէկտրոնային մամուլի հրապարակումներից մեկում. «Չեմ ուզենա, որ իմ երեխաները մեծանան եվրոպացի, իսկ եվրոպացու համար ազգություն, երկիր, հայրենիք չկա»:[9] Այս դատողությունը պարունակում է սեփական հայրենիքի և ազգի անընդհատության գաղափարը. բացի այդ, դատողության հեղինակը, սեփական ինքնընկալումը պրոյեկտելով Եվրոպայի վրա և հանդիպելով անհամապատասխանության, ստեղծում է ինքնություն չունեցող եվրոպացու նվազեցված կամ էութականացված հավաքական կերպարը:
Եվրոպայի էութականացման հետևանքներից (գիտակցված կամ ոչ) մեկն էլ, փաստորեն, սեփական միակերպության «լեգիտիմության» ամրապնդումն է: Պատճառը, ինչպես արդեն նշվեց վերը, այն մեծ դերակատարությունն է, որ ունի Եվրոպա հասկացությունը հայ հրապարակախոսների համար սեփական ինքնությունը հաստատելու և վերահաստատելու գործում: Ստորև ներկայացվող դատողությունների հեղինակները նախ սեփական պատկերի նմանությամբ էութականացնում են Եվրոպան, ապա փորձում փաստարկել որոշ եվրոպական արժեքների նկատմամբ Հայաստանի հասարակության ընկալունակության օգտին, այլ կերպ ասած` նպաստում հայկական նոր եվրակենտրոն էութականացված ինքնության ստեղծմանը:
Առաջին օրինակը վերաբերում է Եվրախորհրդարանի կողմից 2001-2002 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության առջև դրված պահանջին երկրում մահապատիժը վերացնելու վերաբերյալ: Քանի որ այս պահանջադրության հետ կապված որոշումն անմիջականորեն ազդելու էր 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասնակիցների ճակատագրի վրա, Հայաստանում մահապատժի վերացման հարցը լայն քննարկումների առարկա դարձավ: Այստեղ էր, որ մահապատժի վերացման կողմնակիցներից ոմանք կիրառեցին Եվրոպան էութականացնելու և իրենց փաստարկը հիմնավորելու հետաքրքիր մի մեխանիզմ: Եվրոպայում մահապատժի բացակայության փաստը նախ վերագրվեց քրիստոնեական արժեքներին (ինստիտուցիոնալ ռեդուկցիոնիզմ), ապա առաջ քաշվեց այն դրույթը, թե մահապատժի վերացումը պետք է բնական և ինքնաբուխ ձգտում լինի նաև Հայաստանի համար` հաշվի առնելով վերջինիս քրիստոնեական արմատները: Նման փաստարկման օրինակ է գրող Ռուբեն Հովսեփյանի հոդվածը §Գրական թերթի¦ 2002 թ. մարտի համարներից մեկում, ուր նա, ներքուստ կողմ լինելով մահապատժի վերացմանը, ընդդիմանում է այս հարցում Եվրախորհրդի պարտադրանքին:
«Փառք ու պատիվ Եվրոպային իր առաջընթացի համար, բայց չէ՞ որ մենք շատ վաղուց ենք որդեգրել քրիստոնեական բարոյականությունը, մարդասիրությունը, ներողամտությունը, հանդուրժողականությունը, և արժեքների այս համակարգի առումով, մեզ համար նա Ամերիկա չի հայտնագործում: Մենք էլ գիտենք, և վաղուց, որ որևէ անհատ կամ որևէ պետություն Աստված չեն, կյանք չեն արարել, որ կյանքը ետ վերցնելու իրավունքը ունենան… Եվ մենք Եվրոպայից ոչ պակաս չափով ենք ցանկանում ապրել Աստծո օրենքներով»:[10]
Փաստարկման համանման մեխանիզմի է դիմում գլոբալ աշխարհում «հայկական քաղաքակրթության» դերին նվիրված իր հոդվածում տնտեսագետ, այն ժամանակ դեռ ՀՀ Կենտրոնական բանկի տնօրեն Տիգրան Սարգսյանը: Վերջինիս կարծիքով, Արևմուտքը բնութագրող մի շարք հիմնարար արժեքներ քրիստոնեկան ծագում ունեն, ուստի և` ընդունելի են նաև Հայաստանի համար.
«Միանշանակ է, որ արևմտյան արժեքները, որոնք բխում են քրիստոնեական աշխարհընկալումից, որպիսիք են պատիվը, ազատությունը, արդարությունը և բարոյականությունը, ընդունելի են մեր հասարակության համար: Եկեղեցու շնորհիվ էր, որ իրականում հատկապես հայերին հաջողվեց պահպանել և հազարամյակների բովով անցկացնել ու հասցնել քրիստոնեական խոսքը»:[11]
Դատողության այս երկու օրինակները, որոնք, ի դեպ, պետք է դիտարկել Հայաստանի եվրակենտրոն քաղաքական ձգտումների անմիջական համատեքստում, գալիս են հաստատելու այն փոխադարձ կախվածության հարաբերությունները, որոնք առկա են հրապարակախոսների սեփական ինքնության և իրենց իսկ ստեղծած Եվրոպայի հանրային ընկալման միջև:
Ինչպես նշվեց հոդվածի սկզբում, հայաստանյան հանրային դիսկուրսում Եվրոպային վերաբերող էսենցիալիստական ընկալումները կարող են բերել եվրաինտեգրմանն ուղղված հայաստանյան պետական քաղաքականության անարդյունավետությանը: Ձեռքի տակ եղած նյութերի վրա հիմնվելով` կարելի է ասել, որ նման ընկալումներն արդեն հակասություններ են առաջացրել եվրոպական կառույցների կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության և Եվրոպայի նկատմամբ հանրության ունեցած ընկալումների միջև: Մյուս կողմից` հանրային դիսկուրսի էսենցիալիստական պատկերացումները սկսել են ներթափանցել պետական քաղաքականության ոլորտ` որոշ դեպքերում նույնիսկ կանխորոշելով այդ ոլորտի պատասխանատու մարմինների քայլերը Եվրոպային առնչվող հարաբերությունների համատեքստում:
Բանն այն է, որ սեփական ինքնության, ինչպես նաև դիմացինի վերաբերյալ ընկալումներն այն հիմքն են, որի վրա ընդհանրապես կառուցվում են միջանձնային, միջխմբային և միջինստիտուցիոնալ հարաբերությունները: Սակայն այդ հարաբերությունները կարող են հակասական և անկանխատեսելի արդյունքներ ունենալ, եթե դիմացինի վերաբերյալ նախնական ընկալումները, որոնց վրա կառուցվել էին սեփական գործողությունները և սպասելիքները դիմացինի նկատմամբ, չեն համապատասխանում իրականությանը:
Հայաստանում Եվրոպայի վերաբերյալ էութականացված պատկերացումները զգալի շփոթմունք և դիմադրություն առաջացրին այն պահանջների կապակցությամբ, որոնց կատարումը Եվրախորհուրդը անդամակցության համար որպես պայման ներկայացրեց Հայաստանին: Հետևյալ օրինակում, Ազգ թերթի թղթակցի պատկերացումները Եվրոպայի կրոնական միակերպության վերաբերյալ բացահայտ կոնֆլիկտի մեջ են Եվրախորհրդի կողմից Հայաստանին ներկայացվող «սոդոմական» պարտադրանքների միջև (հեղինակը մասնավորապես խոսում է միասեռականների խնդրի մասին).
«Զարմանալի կացություն է ստեղծվում: Եվրախորհրդի բոլոր պատգամավորները վստահաբար նվիրյալ քրիստոնյաներ են, երդվում և մշտապես պատրաստ են երդվել` իրենց անմեղսունակ աջը դնելով «Աստվածաշունչ» մատյանի վրա: Զարմանալին էլ հենց այն է, որ բուն այդ մատյանն ահավոր ետ է մնացել Եվրախորհրդի քաղաքակրթական մակարդակից և չի կարող քննություն բռնել հարգարժան մարմնի առաջադրած ցանկի եթե ոչ բոլոր, գեթ շատ կետերով»:[12]
Հայաստանի նկատմամբ եվրոպական քաղաքականության իրականացման տեսանկյունից խնդրահարույց կարելի է համարել նաև Հայաստանում առկա ընկալումները Եվրոպայի աշխարհագրական էսենցիալիզմի վերաբերյալ: Եվրոպական կառույցների պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի մասին խոսելիս սովորաբար «կոնստրուկտիվիստական» մոտեցում են ցուցաբերում, որը, էսենցիալիստական պատկերացումներին հակառակ, Եվրոպայի աշխարհագրական սահմանները դիտում է ոչ թե որպես մեկընդմիշտ ֆիքսված, այլ որպես պայմանական և քաղաքական նպատակահարմարությամբ փոփոխման ենթակա բաժանարար գիծ: Որպես օրինակ կարող են ծառայել Եվրախորհրդարանի նախագահ Ն. Ֆոնտենի խոսքերը 2001 թ. Բրյուսելում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ըստ պաշտոնյայի` Հայաստանը միանշանակորեն մաս է կազմում Եվրոպայի` «աշխարհագրական, մշակութային, տնտեսական, պատմական առումներով»: [13]
Եվրոպական կառույցների ներկայացուցիչների այս մոտեցումը, սակայն, չի համընկնում Եվրոպայի, հետևաբար և սեփական աշխարհագրական դիրքի վերաբերյալ հայաստանյան հանրային ընկալումների հետ: Մինչդեռ Հայաստանի հանրային դիսկուրսի մասնակիցները որպես կանոն Եվրոպային վերագրում են ֆիքսված աշխարհագրական սահմաններ, հետևաբար Հայաստանը տեղադրում Եվրոպայից դուրս` կա՛մ Ասիայում, կա՛մ առավելագույնը Ասիայի և Եվրոպայի խաչմերուկին[14]: Օրինակ` այն հարցին` Հայաստանը Եվրոպայո՞ւմ է, թե± Ասիայում, 2007 թ. ընթացքում սույն հետազոտության շրջանակներում Երևանում անցկացված 20 հարցազրույցների բոլոր մասնակիցները (տարբեր տարիքի և կրթության) պատասխանեցին, որ Հայաստանը, ըստ աշխարհագրության մեջ ընդունված բաժանման, գտնվում է Ասիայում:
Սակայն ոչ միայն Եվրոպայից եկող նախաձեռնություններն են, որ կարող են հակասությունների հանդիպել Հայաստանի հանրային դիսկուրսի և վերջինիս ազդեցությամբ ձևավորված հասարակական կարծիքի միակերպ մոտեցումների պատճառով: Հայաստանի Հանրապետությունից իրականացվող և Եվրոպային առնչվող միջոցառումները ևս կարող են չարդարացնել հեղինակների սպասելիքները, եթե հանրային դիսկուրսում ձևավորված կարծրատիպերն սկսեն կանխորոշել այդ միջոցառումների բովանդակությունը: Ստորև ներկայացվող երկու օրինակներում ես փորձում եմ ցույց տալ, որ Եվրոպայի կրոնական միակերպության վերաբերյալ հանրային պատկերացումները կարողացել են ազդեցություն գործել մի դեպքում պետական որոշում կայացնող հաստատության, մյուս դեպքում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյայի` Հայաստանի արտաքին հարաբերություններին աղերսվող խոսքի վրա:
2007 թ. ընթացքում ՀՀ կառավարության նախաձեռնությամբ «CNN» և «Еuronews» հեռուստաալիքներով հեռարձակվում էին Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակներ, որոնց նպատակն էր խրախուսել զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան: Գովազդներից մեկի ընթացքում գերակշռող շեշտադրումը հայերի քրիստոնյա ժողովուրդ լինելու կերպարի վրա էր դրված (եկեղեցիների և խաչքարերի միջոցով). բացի այդ, տեսահոլովակն ավարտվում էր հետևյալ եզրափակիչ խոսքերով, որոնք սովորաբար նաև ամփոփում են գովազդի գլխավոր միտքը. «Նոյի ճանապարհը քո ճանապարհն է»: 2007 թ. հոկտեմբերին Միացյալ Նահանգներ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց ամերիկյան §Լոս Անջելես Թայմզ¦ օրաթերթին: Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս Ս. Սարգսյանը մեծ կարևորություն տվեց այդ հարաբերություններում կրոնական տարբերությունների գործոնին, ապա ավելացրեց.
«Մեզանից արևելք քրիստոնյաներ չկան: Եվ եթե կարող եմ օգտագործել այդ բառը, մենք քրիստոնեության եզրին ենք: Բայց այդ եզրը ամորտիզացիայի խնդիրներ ունի: Հազարամյակների ընթացքում մենք մաշվել ենք[15]»:
Հիմնվելով առաջին օրինակի ամփոփիչ տողերի վրա` պետք է կարծել, որ գովազդի հեղինակների մտապատկերում գովազդի գլխավոր «թիրախ» լսարան հանդիսացող Եվրոպայի և Միացյալ Նահանգների հեռուստադիտողները կրոնական ավանդույթներին հետևող քրիստոնյաներ են (հնարավոր է, որ եզրափակիչ միտքն ուղղված լիներ նաև այս հեռուստաալիքները դիտող մուսուլմաններին, քանի որ Իսլամում Նոյը համարվում է Աստծո առաքյալներից մեկը):
ՀՀ վարչապետի հարցազրույցի պարագայում կարելի է ենթադրել, թե վարչապետը, ի դեմս §Լոս Անջելես Թայմզի¦ թղթակիցների, զրուցում է «քրիստոնեական աշխարհի» ներկայացուցիչների հետ և խոսքն ուղղում «քրիստոնեական աշխարհին»: Իսկ նրա խոսքերը, ընդհանուր առմամբ, կարելի է տեղադրել մուսուլման հարևանների հետ հարաբերություններում «քրիստոնյա Արևմուտքի» համակրանքը շահելու և աջակցություն ակնկալելու դիսկուրսի մեջ, որի արմատները, թերևս, պետք է փնտրել Օսմանյան կայսրության դեմ հայ ազատագրական շարժման ակունքներում:
Թեև առանց խնամքով մշակված էմպիրիկ հետազոտության դժվար է չափել մի դեպքում գովազդային քաղաքականության, մյուս դեպքում պետության առաջին դեմքերից մեկի խոսքի ազդեցությունը «թիրախ» լսարանի վրա, այնուամենայնիվ, Արևմուտքի կրոնական ավանդույթների վերաբերյալ գոյություն ունեցող ոչ միանշանակ գնահատականները մի կարևոր հարց են առաջադրում . որքանո՞վ է արդյունավետ (պրակտիկ քաղաքականության տեսանկյունից) մասնավորապես Եվրոպայի առջև սեփական քրիստոնեական ինքնության գերշեշտադրումը, եթե Եվրոպան, ըստ ժամանակակից հետազոտությունների, արդեն զգալիորեն հեռացել է իր քրիստոնեական արժեքներից: Օրինակ` Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Բեռնարդ Վասերսթայնը Եվրոպայի ժամանակակից պատմությանը նվիրված իր վերլուծական աշխատանքում, հիմնվելով սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքների վրա, եզրակացնում է, որ «Նոր հազարամյակի եվրոպացիները պատմության մեջ առաջին հետ-քրիստոնեական սերունդը դարձան: Կրոնական համոզմունքները և կրոնական վարքագիծը բնութագրվեցին շարունակական, թեև ոչ համաչափ, աշխարհիկացմամբ»:[16]
Այսպիսով, Հայաստանում Եվրոպայի էսենցիալիստական պատկերացումները պայմանավորված են երկու հիմնական գործոններով: Դրանցից առաջինը վերաբերում է Եվրոպայի վերաբերյալ օբյեկտիվ, այն է` անմիջական չմիջնորդավորված ինֆորմացիայի սակավությամբ, որի պայմաններում հայաստանյան դիսկուրս-մեյքերները, դիմելով ռեդուկցիոնիզմի «հարմարավետ» մտածելաոճին և հին գիտելիքների իներցիային, Եվրոպան նվազեցնում են իր բաղադրիչների աստիճանին: Այդ նվազեցումը, ինչպես տեսանք, նաև ինստրումենտալ բնույթ ունի, քանի որ էութականացնելով Եվրոպան, որոշ հայ դիսկուրս-մեյքերներ ապահովում են սեփական էութականացված ինքնության շարունակականությունը սեփական ինքնապատկերացումների և Եվրոպայի վերաբերյալ գոյություն ունեցող ընկալումների փոխադարձ կախվածության պատճառով:
Հայաստանի հանրային դիսկուրսը ոչ միայն հասարակական տրամադրություններն արտահայտող հայելի է, այլև հասարակական կարծիք ձևավորող հզոր մեխանիզմ, որն ունակ է ինչպես նպաստել, այնպես էլ խոչընդոտել երկրի նախաձեռնած արտաքին քաղաքականությանը: Հայաստանյան հանրային դիսկուրսի` Եվրոպայի վերաբերյալ էսենցիալիստական պատկերացումները թեև կարող են ինչ-որ իմաստով նպաստել արևմտյան արժեքների տեղայնացմանը (օրինակ` ժողովրդավարությունը վերագրելով քրիստոնեական արժեքներին), դրանք կարող են նաև խոչընդոտներ հարուցել Հայաստանի Հանրապետության որդեգրած եվրաինտեգրման քաղաքականության համար: Մասնավորապես, նմանաբնույթ ընկալումները կարող են ոչ լիարժեք հասարակական կարծիք ձևավորել այն հասկացության շուրջ, որի մարմնացումը համարվող քաղաքական հաստատությունների հանդեպ Հայաստան պետությունը պարտավորություններ է ստանձնում: Մյուս կողմից` էսենցիալիստական պատկերացումների առատությունը և այլընտրանքային ինֆորմացիայի պակասը կարող են հանգեցնել մի իրավիճակի, երբ Եվրոպայի հանդեպ Հայաստանից իրականացվող կոնկրետ նախաձեռնությունները մշակված կլինեն ոչ թե Եվրոպայի վերաբերյալ օբյեկտիվ ինֆորմացիայի, այլ սեփական պատկերի նմանությամբ վերարտադրված եվրոպական իրականության ընկալումների վրա, այլ կերպ ասած` մի իրավիճակի, երբ Հայաստանը «կօտարի» Եվրոպան և ինքն իրեն:
[1] «Օտարում» եզրը հոդվածում օգտագործվում է այն իմաստով, որը սահմանել են Մարքսը և Էնգելսը : Ըստ վերջինների` օտարումը մի գործընթաց է, որի դեպքում սուբյեկտը կախման մեջ է ընկնում այն միջոցից, որը սկզբնապես նրա սեփական ստեղծագործության արգասիքն է եղել: Օրինակ` մարդը ստեղծում է Աստծուն սեփական պատկերով, իսկ այնուհետև ինքն իրեն վերաբերվում որպես սեփական ստեղծագործությունից կախման մեջ գտնվող սուբյեկտի: Նույն հարաբերություններն են գործում նաև աշխատուժի և վերջինիս ստեղծած աշխատանքի արդյունքի միջև: Մանրամասն տե՛ս Karl Marx, Frederick Engels, The German Ideology. Edited by and with an introduction of C.J. Arthur. London: Lawrence and Wishart, 1970, p. 15:
[2] Արմենիա հեռուստաընկերության դեկտեմբերի 25-ի հեռուստաբանավեճի ժամանակ մարտավկաներից մեկն այսպես բնութագրեց եվրոպական արժեքային համակարգը («Հեռուստադուել», Արմենիա հեռուստաընկերություն, 25-ը դեկտեմբերի 2007 թ.):
[3] Այս ձևակերպումը հայաստանյան հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ տվեց Ա. Մազմանյանը ` եվրոպացի կանանց հագնվելու ոճը բնութագրելու համար («Հեռուստադուել», Արմենիա հեռուստաընկերություն, 13-ը նոյեմբերի 2007 թ.):
[4] Աշխարհագրություն, 6-րդ դասարան: Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն. Երևան, «Լույս» հրատ., 2000 թ., էջ 135:
[5] Հ1, «Իրազեկում», 16-ը հունվարի 2008 թ.:
Նույն հաղորդման մասնակիցներից մեկ ուրիշը` բանասեր Սերժ Սրապիոնյանը, կարծիք հայտնեց, որ հայերի ինքնատիպ հավատքը Քրիստոսի նկատմամբ գենետիկ հիմքեր ունի:
[6] «Եվրապոլիս», Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 18-ը մարտի 2008 թ.:
[7] «Լրաբեր», Հ 2 Հեռուստաընկերություն, 11-ը հունվարի 2008 թ.:
[8] Տե՛ս «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի պաշտոնական կայքէջը http://www.mekazg.am/index.php?lang=am (մուտք գործելու ժամանակը` 24-ը մարտի 2008 թ.):
[9] «Իսոն միլիոն է գտել, իսկ մնացած միլիոնների համար մեդալները պատրաստ է վաճառել Պուտինին», զրուցեց Հասմիկ Համբարձումյանը, Panorama.am, 26-ը նոյեմբերի 2007 թ. http://www.panorama.am/am/politics/2007/11/26/hakobkoxyan/ (մուտք գործելու ժամանակը` 28-ը նոյեմբերի 2007 թ.):
[10] Ռուբեն Հովսեփյան, «Որտե՞ղ դնել ստորակետը», §Գրական թերթ¦, թիվ 7, 2002 թ.:
[11] Տիգրան Սարգսյան, «Հայկական քաղաքակրթությունը որպես հավակնոտ նախագիծ», 21-րդ դար, թիվ 2, 2006 թ., էջ 24:
[12] Կ. Լևոնյան, «Եվրախորհուրդը և «Աստվածաշունչ» մատյանը»,§ Ազգ¦, 23-ը օգոստոսի 2000 թ., թիվ 146 (2114), էջ 4:
[13] Գայանե Մուքոյան, «Եվրամիության դռները բաց են Հայաստանի առջև: Բայց ներս մտնելու համար ժամանակ ու ջանքեր են պետք», §Ազգ¦, 8-ը հունիսի 2001 թ., թիվ 105 (2309), էջ 1:
[14] Տե՛ս, օրինակ, Արման Կիրակոսյանի ճառը Կոննեկտիկուտի համալսարանում. Arman J. Kirakossian, Armenia-USA. Current Realities and Vision for Future. Yerevan: Yerevan State University Press, 2007, p. 255:
[15] “There are no Christians to the east of us. Armenian Prime Minister Serzh Sargsyan talks geopolitics.” Los Angeles Times. October 19, 2007 http://www.latimes.com/news/opinion/commentary/la-oew-sargsyan19oct19,0,1220280.story?coll=la-home-commentary (accessed on January 27, 2008).
[16] Տե՛ս Bernard Wasserstein, Barbarism and Civilization. A History of Europe in Our Time. Oxford: Oxford University Press, 2007, pp. 786-787:
| < Նախորդ | Հաջորդ > |
|---|

