Religions in Armenia

............... Հինգշաբթի, 09 Սեպտեմբեր 2010
> Գլխավոր

Հայ ավետարանական-մկրտական եկեղեցի

Էլ.փոստ Տպել

0794Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան, Շիրակի մարզի Հայ ավետարանական մկրտական եկեղեցու հովիվ

Հայ ավետարանական եկեղեցու հավատո հանգանակը

Հավատում ենք երկնքի և երկրի Արարչին, ամենակարող մեկ Աստծուն՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Հավատում ենք, որ մարդն ստեղծված է Աստծու պատկերով, բայց մեղքի մեջ է և միայն Աստծու շնորհիվ կարող է ազատվել մեղքի իշխանությունից և արժանանալ Աստծու հաճությանը:

Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնացավ և իր կյանքով, վարդապետությամբ, չարչարանքով ու մահով մարդկային ցեղի համար կատարյալ փրկություն պատրաստեց:

Հավատում ենք, որ մեռելներից հարություն առնելով` Հոր աջ կողմը մեզ համար բարեխոսում է և նրա անվանը հավատացողը կստանա մեղքերի թողություն և հավիտենական կյանք:

Հավատում ենք, որ Սուրբ Հոգին, գործելով մարդկանց սրտերում, նրանց համոզում է մեղքի, արդարության ու դատաստանի մասին, որ Նրա միջոցով տիրանում ենք նուրբ և սուրբ բնավորության:

Հավատում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա ունի տեսանելի եկեղեցի, որի խորհուրդներն են Մկրտությունը և Հաղորդությունը:

Հավատում ենք, որ Սուրբ Գիրքը գրված է Աստծու ներշնչումով և բաղկացած է Հին և Նոր Կտակարաններից, և սա է եկեղեցու գործերի և հավատքի կանոնը:

Հավատում ենք մեր Տիրոջ փառքով գալստյանը, մեռելների հարությանը, մեղավորների հավիտենական դատապարտությանն ու արդարների հավիտենական կյանքին:

Եկեղեցու պատմությունը

Ավետարանական եկեղեցին քրիստոնեական ընտանիքի մեծ եկեղեցի է, որ իր պատմական արմատներով հասնում է մինչև միջնադար, երբ ձևավորվում էին կրոնական մտքի և աստվածաճանաչության նոր մոտեցումներ։ Ի հակադրություն միջնադարի խավարի ճնշման ` ծնվում է նոր մտածողություն։ Գիտության, մշակույթի, քաղաքական և հասարակական նոր հարաբերությունների կողքին ձևավորվում է նաև Աստծուն ճանաչելու, Նրա հետ մարդու հարաբերության ու Նրա կամքը հասկանալու նոր պահանջ։ Աստված անփոփոխ է, փոխվում է միայն մարդը թե՛ իր գիտակցությամբ և թե՛ հոգևոր պահանջներով։ XVII-XIX դարերում Եվրոպայում կազմավորվում են եկեղեցիներ, որոնք նորովի են մեկնաբանում աստվածաշնչյան ճշմարտությունները և նորովի են կազմակերպում պաշտամունքները։ Այստեղ հիմնական շեշտը դրվում է Աստծու խոսքը սերտելու, այն կյանքի և հարաբերությունների սկզբունք դարձնելու վրա։ Եկեղեցու` Աստծու և մարդկանց միջև միջնորդի դերը փոխվում է իբրև հավատացյալների աստվածապաշտության, Աստվածաշնչի ուսումնասիրման և քարոզության կազմակերպչի։ Թարգմանվում է Աստվածաշունչ մատյանը, ու այն դառնում է մատչելի բոլորի համար։

Անխուսափելիորեն հոգևոր արթնության այս հովերը հասնում են նաև Հայաստան։ Հայ մտավորական առաջադեմ միտքը նույնպես ձեռնամուխ է լինում Աստվածաշունչ մատյանի աշխարհաբար թարգմանությանը Մ. Նալբանդյանի, Խ. Աբովյանի և առաջադեմ ու լուսավորյալ հոգևորականների ջանքերով։

Սկզբնական շրջանում ավետարանականությունն ընդունվեց նույնիսկ որպես պավլիկյան շարժման վերածնունդ: Բայց իրականում այն ընդհանուր ոչինչ չուներ 5-րդ դարում ձևավորված աղանդավորական շարժման հետ: Այս սխալ ըմբռնման պատճառով ավետարանական համայնքի հանդեպ դրսևորվեցին կասկածամիտ վերաբերմունք և անվստահություն: Այս կարծիքի ձևավորմանը նպաստեցին ժամանակի խավարամիտ կղերականությունն ու ցարական հատուկ ծառայությունները` ավետարանական շարժումը համարելով առաջադեմ ու ամեն ստություն ու սնոտի բաները մերկացնող:

XIX դարի սկզբներին շվեյցարացի մի քանի քարոզիչներ, գալով Շուշի, հիմնում են որբանոց, դպրոց, տպարան, որը դառնում է աշխարհաբար հոգևոր գրականության տարածման աղբյուր։ Այս քարոզիչները, շրջելով տարածաշրջանի կենտրոնական քաղաքներով, այցելում են նաև Ալեքսանդրապոլ, որտեղ հանդիպում են Ավետարանի սերտողության համար համախմբված մի քանի բարեպաշտ հավատավորների։ Եվ այս խմբակն էլ դառնում է ավետարանական առաջին խումբը:

1850-ականներին Էջմիածնում մի քանի առաջադեմ վարդապետներ ու հավատացյալներ, խմբեր կազմելով, սկսում են Ավետարանի սերտողություն և քարոզում հավատքով փրկություն: Այս խմբին է միանում շիրակցի աշուղ Շիրինը:

Ավետարանական շարժումը բուռն զարգացում ունեցավ Արևմտյան Հայաստանում։ Սակայն մերժվելով Հայ Առաքելական եկեղեցու կողմից, պատմական իրադարձությունների բերումով ստիպված եղավ կազմավորվել իբրև ինքնուրույն եկեղեցի։ Եվ 1846թ. հուլիսի 1-ին պաշտոնապես ճանաչվեց Թուրքիայի պետական մարմինների կողմից որպես հայ ավետարանական համայնք։ Եվ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում կազմավորվեցին ավետարանական եկեղեցիներ իրենց ուրույն կառույցներով, բազմաթիվ դպրոցներով, աստվածաբանական ճեմարաններով, բարեգործական ու հրատարակչական բուռն գործունեությամբ։

Ձևավորվող ավետարանական շարժումը Կարին¥Էրզրում)-Ալեքսանդրապոլ շղթայով կապվում է Շիրակի ավետարանական խմբերին: Շիրակ աշխարհում ավետարանական արթնության տարածման նշանավոր մշակներ դարձան աշուղներ Շիրինն ու Մալիլը: Կարինից¥Էրզրումից) աստվածաշնչյան մեկնություններ ու ավետարանական քարոզներ բերելով` նրանք պարզ ժողովրդական ձևերով, երգ ու երաժշտության միջոցով տարածում են Ավետարանի լուրը:

XX դարի սկզբին արդեն կազմավորված ավետարանական եկեղեցիներ են գործում Ալեքսանդրապոլում, Ղանլըջա (Մարմաշեն), Գուլիջան (Սպանդարյան), Մեծ Արախվալի (Մեծ Մանթաշ) և այլ գյուղերում: Արարատյան շրջանի և Ալեքսանդրապոլի ավետարանական համայնքը 1914թ. դիմում է ուղարկում Թիֆլիս՝ գեներալ-նահանգապետին, որպես առանձին համայնք պաշտոնական ճանաչում ստանալու խնդրանքով։ Սակայն զարգացող հեղափոխական իրադարձությունների համապատկերում այս դիմումը մնում է անպատասխան։

20-ականների սկզբին Թիֆլիսից Ալեքսանդրապոլ են գալիս ավետարանականներ, որոնք հատուկ մոտեցում ունեին մկրտության խնդրին և կարևորում էին հասուն, գիտակցված տարիքում անձնական որոշումով մկրտվելը` որպես քրիստոնյա լինելու նշան և եկեղեցուն անդամակցելու պայման: Այս մոտեցումը սկզբունքորեն ընդունելի եղավ ավետարանականների կողմից, և երկու խմբերը միանալով կազմեցին մեկ՝ ավետարանական-մկրտական համայնք:

Եվ այսպես կեսգաղտնի-կեսարտոնված այս եկեղեցին անթեղված պահեց Ավետարանի ճրագը, ու հավատարիմ Տերը պլպլացող պատրույգը չհանգցրեց:

Դարասկզբի ողբերգական իրադարձությունները հսկայական ազդեցություն թողեցին նորակազմ եկեղեցու վրա։ Արևմտյան Հայաստանում թուրքական յաթաղանը, Արևելյանում Հայաստանում սովետական մուրճ ու մանգաղով մարտնչող աթեիզմը սրով ու աքսորով փորձեցին կասեցնել Ավետարանի լույսի տարածումը։

1923-45թթ. մեծ հալածանքների՝ աքսորի ու կալանքի սպառնալիքի տակ թուլանում, սակայն գաղտնի պայմաններում շարունակում է գործել Լենինականի ավետարանական-մկրտական համայնքը։

Այստեղ ծառայել են վերապատվելիներ Բզնունին, Լևոնյանը, Ենոսյանը, Մելիք-Ադամյանը և այլ նվիրյալներ:

1947թ. մի քանի հայրենադարձ ավետարանականներ, միանալով գործող փոքր խմբին, աշխուժացնում են գործը: Նրանց բերած մի քանի Աստվածաշունչ մատյաններն ու երգարանները դառնում են համայնքի ամենամեծ հարստությունը, ու ակնածանքով լցված վախվորած հավատացյալները, դրանք ձեռքից ձեռք փոխանցելով, արտագրում են միջնադարյան ձեռագրերի պես և թաքցնում ՊԱԿ-ի ու միլիցիայի աչքից։

1965թ. ՍՍՀՄ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվում է Լենինականի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցին և համայնքի անդամների նվիրատվություններով գնվում է ժողովարան և հովիվ է ձեռնադրվում Վեր. Գրիգոր Մալաքյանը:

1988թ. երկրաշարժից քանդվում է եկեղեցաշենքը: Ամերիկայի և Ֆրանսիայի ավետարանական եկեղեցիների օգնությամբ 1989թ. գնվում է նոր եկեղեցաշենք։

Հայաստանի անկախության հռչակումը, դեմոկրատակական զարգացման որդեգրված քաղաքականությունը, խղճի ու խոսքի ազատությունը նոր պայմաններ են ստեղծում եկեղեցու զարգացման համար։

Այսօր Շիրակի մարզի Հայ ավետարանական-մկրտական եկեղեցին ունի 400-ից ավելի անդամներ։ Մարզի տարբեր քաղաքներում և գյուղերում ունենք մեր ժողովարանները։ Մեր ըմբռնմամբ եկեղեցին շենքը չէ և որևէ շինության ճակատին խաչ դնելով այն եկեղեցի չի դառնում։ Եկեղեցին հավատավոր ժողովրդի հավաքականությունն է աղոթքի, Աստվածաշնչի սերտողության և պաշտամունքների համար։ Եվ շատ տեղերում մեր հավաքները անցկացվում են համայնքի անդամների տներում։ Հատուկ պաշտամունքային կառուցներ ունենալու համար անհրաժեշտ են նյութական միջոցներ։ Այսօր մեր ժողովրդի կենսամակարդակը և նյութական նվիրատվություններ կատարելու հնարավորությունները սահմանափակ են։ Սակայն մենք աղոթում ենք, որ հնարավորությունները մեծանան, և մեր ժողովուրդը կարողանա իր միջոցներով ժողովարաններ կառուցել պաշտամունքների կազմակերպման համար։ Մեր պաշտամունքային և սերտողության հավաքույթներին, անդամներից բացի, մասնակցում են նաև բազմաթիվ համակիրներ և հետաքրքրվողներ։ Պաշտամունքային հավաքույթները բաց են բոլորի համար։

Ունենք կիրակնօրյա դպրոցներ, ուր հաճախում են 800-ից ավելի երեխաներ ու պատանիներ։ Անցկացվում են Սուրբ Գրքի սերտողության, երիտասարդների, կանանց, նորակազմ ընտանեկան զույգերի, ծառայությունների պատրաստության և այլ նպատակային հավաքույթներ։ Եկեղեցում գործում է Աստվածաշնչյան կրթական ծրագիր, որով պատրաստություն են անցնում տարբեր ծառայությունների նվիրված անձինք։ Ավետարանական եկեղեցին կարևորում է նվիրումը և քաջալերում պատրաստակամությունը որևէ ծառայության համար։

Այսօր եկեղեցում 47 հոգի տարբեր աստիճանի կրթություն է ստացել տարբեր հոգևոր կրթական հաստատություններում և շարունակում է արդյունավետ ծառայությունները։

Մեր պաշտամունքների առանցքը Աստծու Խոսքի քարոզությունն է։ Փառաբանության երգեցողություն, Սուրբ Գրքի ընթերցում, քարոզ, աղոթքներ. սրանք են բնորոշ մեր պաշտամունքներին։ Նպատակը` Աստծու անխառն ու անբաժան Երրորդության երկրպագություն, աստվածաշնչյան պատգամների փոխանցում համայնքի անդամներին հոգևոր աճման համար, Տեր Հիսուս Քրիստոսով Աստծու և մարդկանց միջև հաշտության և հավիտենական կյանքի ավետում անհավատների համար, մեր խնդիրներն ու հոգսերը աղոթքներով ներկայացնել Աստծուն, քրիստոնյաների միասնական հաղորդակցություն Սուրբ Հոգու առաջնորդությամբ։

ՀԱՄ եկեղեցին ընդունում և կատարում է ՀՀ Սահմանադրությունն ու պետական օրենքները։ Օրինապահ և ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող ավետարանականը նպաստում է երկրի բարգավաճմանն ու հասարակության զարգացմանը։ Մենք պատրաստ ենք հնարավորության և անհրաժեշտության դեպքում սերտորեն համագործակցել պետական և հասարակական տարբեր հաստատությունների հետ ի բարօրություն այն հասարակության, որի մասնիկն ենք և որին կոչված ենք ծառայելու։ Սրանք պարզ խոսքեր չեն, այլ տարիների համագործակցությամբ հաստատված սկզբունք։ Այսօր կրթական, սոցիալական, մշակութային և բազմաթիվ այլ ծրագրեր են իրականացվում պետական և հասարակական տարբեր կազմակերպությունների հետ։

ՀԱՄ եկեղեցին միջեկեղեցական հարաբերությունների համար բաց է նաև բոլոր այն եկեղեցական և հոգևոր կառույցների համար, որոնք մեր դավանած ճշմարտություններին չեն հակասում և չեն փորձում ազդել մեր ուսմունքի, սկզբունքների և առնչությունների վրա։ Սրանք կարծրացած չափանիշներ չեն, սական ամուր են, և մենք դրանք ավելի ենք ամրացնելու` գիտակցելով և գնահատելով մեր առանձնահատուկ առաքելությունը։ Պատրաստ ենք ընդունել որևէ խորհուրդ և օգնություն և հակազդել ցանկացած պարտադրանքի և ճնշման։ Չենք հավակնում ճշմարտության միակ կրողը լինելու կոչմանը, սակայն մեր դավանանքն ընդունում ենք որպես բացարձակ ճշմարտություն։

ՀԱՄ եկեղեցին իր կառուցվածքով ժողովական է, այսինքն` հիմնական և կարևոր հարցերը քննարկվում և որոշումներ են կայացվում ընդհանուր ժողովների ժամանակ հնարավորինս անդամների մեծամասնության մասնակցությամբ։ Եկեղեցական կառույցում առաջնորդը հոգևոր հովիվն է։ Ավետարանի հանձնարարականով բարի ծառայություն կատարող առաջնորդն արժանի է կրկնակի պատվի և մեր եկեղեցում առաջնորդին դիմում են Վերապատվելի տիտղոսով։ Գործում են հոգաբարձական խորհուրդներ, որոնք և ընդունում են հիմնական որոշումներն ու բաշխում պարտականությունները, հետևում դրանց կատարմանը, ընդունում հաշվետվություններ։ Պարբերաբար անցկացվում են ընդհանուր ժողովներ։ Շիրակի մարզի ՀԱՄ եկեղեցին այսօր մարզի տարածքում գործող մի քանի եկեղեցիների համագործակցություն է, որի շրջանակներում յուրաքանչյուր խումբ պահպանում է իր ինքնուրույնությունն ու անկախությունը։ Սակայն քրիստոնեական միաբանության հոգով սերտ համագործակցություն կա նույնադավան եկեղեցիների միջև։

Եկեղեցին իրագործում է մերձավորին և կարիքավորին սիրելու և գործնական օգնություն ցույց տալու իր առաքելությունը։ Սկսած 1988թ. ահավոր երկրաշարժին հաջորդած օրերից` Հայ ավետարանական եկեղեցին իր բարեսիրական ծրագրերն է իրականացնում ոչ միայն Շիրակի մարզում։ Այսօր Եկեղեցին ունի 2 բարեգործական ճաշարաններ տարեցների և երեխաների համար։ 100-ից ավելի ընտանիքներ ընդգրկված են մշտական խնամակալության ծրագրում և ստանում են դրամական օգնություն։ Ձմռան նախաշեմին հարյուրավոր ընտանիքներ ստացան վառելիք, 400 ընտանիքներ՝ սննդամթերքի մեծ փաթեթներ ամանորյա սեղանների համար։ Եվ սա բոլորը չէ։ Մեր երկրում ստեղծված սոցիալական ծանր վիճակը շատերին է դարձրել կարիքավոր, նամանավանդ խոցելի են տարեցներն ու մանուկները, որոնց էլ դարձրել ենք մեր առավել ուշադրությունը։ Մեզ համար էական չէ կարիքավորի համայնքային պատկանելությունը։ Ոմանք փորձում են զրպարտությունով մրոտել մեր բարեսիրական առաքելությունը, մեղադրելով մեզ այն բանում, որ սովածին հաց տալով` նրան «դավանափոխ» ենք անում։ Մեր ճաշարաններում սնվողների միայն 38%-ը և խնամակալության վերցված և օգնություններ ստացած ընտանիքների 40%-ն է մեր համայնքի անդամ։

Հացը՝ սովածին, դեղը՝ հիվանդին, Ավետարանը՝ բոլորին։ Սա սկզբունք է, որին հետևում ենք հոգևոր և բարեսիրական աշխատանքում։

Մենք անում ենք այն, ինչ պարտավոր ենք անելու, ուստի չենք ուզում շատ թմբկահարել նման ծրագրերի մասին։ Մեզ համար կարևորն այն է, որ շատերը դադարեցին քջջել աղբամանները, շատերն էլ կտրվեցին մուրացիկի առօրյայից, մեկի հիվանդությունը կանխվեց, մյուսը կարողացավ իր երեխային դպրոց ուղարկել, և այս սրտերը փառք տվեցին Աստծուն։ Այսօր մեր խնամակալության տակ եղած մանուկներից շատերն իրենց ընտանիքներն ու երեխաներն ունեն, շատերն էլ աշխատանքային ու ինտելեկտուալ ներդրում ունեն իրենց հայրենիքի զարգացման գործում։ Սա մեր ուրախությունն է և մեր վարձքը Աստծու առաջ։

Դժբախտաբար կարիքն ավելի մեծ է, քան մեր հնարավորությունները, և,ցավոք, չենք կարող օգնել բոլորին։ Փառք ենք տալիս Աստծուն, որ շատ կազմակերպություններ ևս նման բարեսիրական ծրագրեր են իրականացնում մեր մարզում, որոնց թվում` արտասահմանյան հայ կամ այլազգի ավետարանական եկեղեցիները։

Հաճախ մեզ են դիմում նման կազմակերպությունների առնչությամբ։ Նրանք գործում են ինքնուրույն, և ՀԱՄ եկեղեցին չի կոորդինացնում և չի միջամտում այս կազմակերպությունների աշխատանքներին։

Add comment


Security code
Refresh