rss
youtube
facebook
Հայաստանի կրոնները

Շիրակի մարզի Հայ Ավետարանական մկրտական Եկեղեցի

 

Վերապատվելի Ռուբիկ Փահլևանյան

Շիրակի մարզի Հայ ավետարանական մկրտական եկեղեցու հովիվ

 

Հայ ավետարանական եկեղեցու հավատո հանգանակը

 

Հավատում ենք երկնքի և երկրի Արարչին , ամենակարող մեկ Աստծուն՝ Հորը , Որդուն և Սուրբ Հոգուն :

 

Հավատում ենք , որ մարդն ստեղծված է Աստծու պատկերով , բայց մեղքի մեջ է և միայն Աստծու շնորհիվ կարող է ազատվել մեղքի իշխանությունից և արժանանալ Աստծու հաճությանը :

 

Հավատում ենք , որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարմնացավ և իր կյանքով , վարդապետությամբ , չարչարանքով ու մահով մարդկային ցեղի համար կատարյալ փրկություն պատրաստեց :

 

Հավատում ենք , որ մեռելներից հարություն առնելով ` Հոր աջ կողմը մեզ համար բարեխոսում է և նրա անվանը հավատացողը կստանա մեղքերի թողություն և հավիտենական կյանք :

 

Հավատում ենք , որ Սուրբ Հոգին , գործելով մարդկանց սրտերում , նրանց համոզում է մեղքի , արդարության ու դատաստանի մասին , որ Նրա միջոցով տիրանում ենք նուրբ և սուրբ բնավորության :

 

Հավատում ենք , որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա ունի տեսանելի եկեղեցի , որի խորհուրդներն են Մկրտությունը և Հաղորդությունը :

 

Հավատում ենք , որ Սուրբ Գիրքը գրված է Աստծու ներշնչումով և բաղկացած է Հին և Նոր Կտակարաններից , և սա է եկեղեցու գործերի և հավատքի կանոնը :

 

Հավատում ենք մեր Տիրոջ փառքով գալստյանը , մեռելների հարությանը , մեղավորների հավիտենական դատապարտությանն ու արդարների հավիտենական կյանքին :

 

 

 

Եկեղեցու պատմությունը

 

Ավետարանական եկեղեցին քրիստոնեական ընտանիքի մեծ եկեղեցի է , որ իր պատմական արմատներով հասնում է մինչև միջնադար , երբ ձևավորվում էին կրոնական մտքի և աստվածաճանաչության նոր մոտեցումներ։ Ի հակադրություն միջնադարի խավարի ճնշման ` ծնվում է նոր մտածողություն ։ Գիտության , մշակույթի , քաղաքական և հասարակական նոր հարաբերությունների կողքին ձևավորվում է նաև Աստծուն ճանաչելու , Նրա հետ մարդու հարաբերության ու Նրա կամքը հասկանալու նոր պահանջ։ Աստված անփոփոխ է , փոխվում է միայն մարդը թե՛ իր գիտակցությամբ և թե՛ հոգևոր պահանջներով։ XVII-XIX դարերում Եվրոպայում կազմավորվում են եկեղեցիներ , որոնք նորովի են մեկնաբանում աստվածաշնչյան ճշմարտությունները և նորովի են կազմակերպում պաշտամունքները։ Այստեղ հիմնական շեշտը դրվում է Աստծու խոսքը սերտելու , այն կյանքի և հարաբերությունների սկզբունք դարձնելու վրա։ Եկեղեցու ` Աստծու և մարդկանց միջև միջնորդի դերը փոխվում է իբրև հավատացյալների աստվածապաշտության , Աստվածաշնչի ուսումնասիրման և քարոզության կազմակերպչի։ Թարգմանվում է Աստվածաշունչ մատյանը , ու այն դառնում է մատչելի բոլորի համար։

 

Անխուսափելիորեն հոգևոր արթնության այս հովերը հասնում են նաև Հայաստան։ Հայ մտավորական առաջադեմ միտքը նույնպես ձեռնամուխ է լինում Աստվածաշունչ մատյանի աշխարհաբար թարգմանությանը Մ . Նալբանդյանի , Խ . Աբովյանի և առաջադեմ ու լուսավորյալ հոգևորականների ջանքերով։

 

Սկզբնական շրջանում ավետարանականությունն ընդունվեց նույնիսկ որպես պավլիկյան շարժման վերածնունդ : Բայց իրականում այն ընդհանուր ոչինչ չուներ 5- րդ դարում ձևավորված աղանդավորական շարժման հետ : Այս սխալ ըմբռնման պատճառով ավետարանական համայնքի հանդեպ դրսևորվեցին կասկածամիտ վերաբերմունք և անվստահություն : Այս կարծիքի ձևավորմանը նպաստեցին ժամանակի խավարամիտ կղերականությունն ու ցարական հատուկ ծառայությունները ` ավետարանական շարժումը համարելով առաջադեմ ու ամեն ստություն ու սնոտի բաները մերկացնող :

 

XIX դարի սկզբներին շվեյցարացի մի քանի քարոզիչներ , գալով Շուշի , հիմնում են որբանոց , դպրոց , տպարան , որը դառնում է աշխարհաբար հոգևոր գրականության տարածման աղբյուր։ Այս քարոզիչները , շրջելով տարածաշրջանի կենտրոնական քաղաքներով , այցելում են նաև Ալեքսանդրապոլ , որտեղ հանդիպում են Ավետարանի սերտողության համար համախմբված մի քանի բարեպաշտ հավատավորների։ Եվ այս խմբակն էլ դառնում է ավետարանական առաջին խումբը :

 

1850- ականներին Էջմիածնում մի քանի առաջադեմ վարդապետներ ու հավատացյալներ , խմբեր կազմելով , սկսում են Ավետարանի սերտողություն և քարոզում հավատքով փրկություն : Այս խմբին է միանում շիրակցի աշուղ Շիրինը :

 

Ավետարանական շարժումը բուռն զարգացում ունեցավ Արևմտյան Հայաստանում։ Սակայն մերժվելով Հայ Առաքելական եկեղեցու կողմից , պատմական իրադարձությունների բերումով ստիպված եղավ կազմավորվել իբրև ինքնուրույն եկեղեցի։ Եվ 1846 թ . հուլիսի 1- ին պաշտոնապես ճանաչվեց Թուրքիայի պետական մարմինների կողմից որպես հայ ավետարանական համայնք։ Եվ Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում կազմավորվեցին ավետարանական եկեղեցիներ իրենց ուրույն կառույցներով , բազմաթիվ դպրոցներով , աստվածաբանական ճեմարաններով , բարեգործական ու հրատարակչական բուռն գործունեությամբ։

 

Ձևավորվող ավետարանական շարժումը Կարին ¥ Էրզրում )- Ալեքսանդրապոլ շղթայով կապվում է Շիրակի ավետարանական խմբերին : Շիրակ աշխարհում ավետարանական արթնության տարածման նշանավոր մշակներ դարձան աշուղներ Շիրինն ու Մալիլը : Կարինից ¥ Էրզրումից ) աստվածաշնչյան մեկնություններ ու ավետարանական քարոզներ բերելով ` նրանք պարզ ժողովրդական ձևերով , երգ ու երաժշտության միջոցով տարածում են Ավետարանի լուրը :

 

XX դարի սկզբին արդեն կազմավորված ավետարանական եկեղեցիներ են գործում Ալեքսանդրապոլում , Ղանլըջա ( Մարմաշեն ), Գուլիջան ( Սպանդարյան ), Մեծ Արախվալի ( Մեծ Մանթաշ ) և այլ գյուղերում : Արարատյան շրջանի և Ալեքսանդրապոլի ավետարանական համայնքը 1914 թ . դիմում է ուղարկում Թիֆլիս՝ գեներալ - նահանգապետին , որպես առանձին համայնք պաշտոնական ճանաչում ստանալու խնդրանքով։ Սակայն զարգացող հեղափոխական իրադարձությունների համապատկերում այս դիմումը մնում է անպատասխան ։

 

20- ականների սկզբին Թիֆլիսից Ալեքսանդրապոլ են գալիս ավետարանականներ , որոնք հատուկ մոտեցում ունեին մկրտության խնդրին և կարևորում էին հասուն , գիտակցված տարիքում անձնական որոշումով մկրտվելը ` որպես քրիստոնյա լինելու նշան և եկեղեցուն անդամակցելու պայման : Այս մոտեցումը սկզբունքորեն ընդունելի եղավ ավետարանականների կողմից , և երկու խմբերը միանալով կազմեցին մեկ՝ ավետարանական - մկրտական համայնք :

 

Եվ այսպես կեսգաղտնի - կեսարտոնված այս եկեղեցին անթեղված պահեց Ավետարանի ճրագը , ու հավատարիմ Տերը պլպլացող պատրույգը չհանգցրեց :

 

Դարասկզբի ողբերգական իրադարձությունները հսկայական ազդեցություն թողեցին նորակազմ եկեղեցու վրա։ Արևմտյան Հայաստանում թուրքական յաթաղանը , Արևելյանում Հայաստանում սովետական մուրճ ու մանգաղով մարտնչող աթեիզմը սրով ու աքսորով փորձեցին կասեցնել Ավետարանի լույսի տարածումը։

 

1923-45 թթ . մեծ հալածանքների՝ աքսորի ու կալանքի սպառնալիքի տակ թուլանում , սակայն գաղտնի պայմաններում շարունակում է գործել Լենինականի ավետարանական - մկրտական համայնքը։

 

Այստեղ ծառայել են վերապատվելիներ Բզնունին , Լևոնյանը , Ենոսյանը , Մելիք - Ադամյանը և այլ նվիրյալներ :

 

1947 թ . մի քանի հայրենադարձ ավետարանականներ , միանալով գործող փոքր խմբին , աշխուժացնում են գործը : Նրանց բերած մի քանի Աստվածաշունչ մատյաններն ու երգարանները դառնում են համայնքի ամենամեծ հարստությունը , ու ակնածանքով լցված վախվորած հավատացյալները , դրանք ձեռքից ձեռք փոխանցելով , արտագրում են միջնադարյան ձեռագրերի պես և թաքցնում ՊԱԿ - ի ու միլիցիայի աչքից ։

 

1965 թ . ՍՍՀՄ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվում է Լենինականի Հայ ավետարանական - մկրտական եկեղեցին և համայնքի անդամների նվիրատվություններով գնվում է ժողովարան և հովիվ է ձեռնադրվում Վեր . Գրիգոր Մալաքյանը :

 

1988 թ . երկրաշարժից քանդվում է եկեղեցաշենքը : Ամերիկայի և Ֆրանսիայի ավետարանական եկեղեցիների օգնությամբ 1989 թ . գնվում է նոր եկեղեցաշենք։

 

Հայաստանի անկախության հռչակումը , դեմոկրատակական զարգացման որդեգրված քաղաքականությունը , խղճի ու խոսքի ազատությունը նոր պայմաններ են ստեղծում եկեղեցու զարգացման համար։

 

 

 

Այսօր Շիրակի մարզի Հայ ավետարանական - մկրտական եկեղեցին ունի 400- ից ավելի անդամներ։ Մարզի տարբեր քաղաքներում և գյուղերում ունենք մեր ժողովարանները։ Մեր ըմբռնմամբ եկեղեցին շենքը չէ և որևէ շինության ճակատին խաչ դնելով այն եկեղեցի չի դառնում։ Եկեղեցին հավատավոր ժողովրդի հավաքականությունն է աղոթքի , Աստվածաշնչի սերտողության և պաշտամունքների համար։ Եվ շատ տեղերում մեր հավաքները անցկացվում են համայնքի անդամների տներում։ Հատուկ պաշտամունքային կառուցներ ունենալու համար անհրաժեշտ են նյութական միջոցներ։ Այսօր մեր ժողովրդի կենսամակարդակը և նյութական նվիրատվություններ կատարելու հնարավորությունները սահմանափակ են։ Սակայն մենք աղոթում ենք , որ հնարավորությունները մեծանան , և մեր ժողովուրդը կարողանա իր միջոցներով ժողովարաններ կառուցել պաշտամունքների կազմակերպման համար։ Մեր պաշտամունքային և սերտողության հավաքույթներին , անդամներից բացի , մասնակցում են նաև բազմաթիվ համակիրներ և հետաքրքրվողներ։ Պաշտամունքային հավաքույթները բաց են բոլորի համար։

 

Ունենք կիրակնօրյա դպրոցներ , ուր հաճախում են 800- ից ավելի երեխաներ ու պատանիներ։ Անցկացվում են Սուրբ Գրքի սերտողության , երիտասարդների , կանանց , նորակազմ ընտանեկան զույգերի , ծառայությունների պատրաստության և այլ նպատակային հավաքույթներ։ Եկեղեցում գործում է Աստվածաշնչյան կրթական ծրագիր , որով պատրաստություն են անցնում տարբեր ծառայությունների նվիրված անձինք ։ Ավետարանական եկեղեցին կարևորում է նվիրումը և քաջալերում պատրաստակամությունը որևէ ծառայության համար։

 

Այսօր եկեղեցում 47 հոգի տարբեր աստիճանի կրթություն է ստացել տարբեր հոգևոր կրթական հաստատություններում և շարունակում է արդյունավետ ծառայությունները ։

 

Մեր պաշտամունքների առանցքը Աստծու Խոսքի քարոզությունն է։ Փառաբանության երգեցողություն , Սուրբ Գրքի ընթերցում , քարոզ , աղոթքներ . սրանք են բնորոշ մեր պաշտամունքներին ։ Նպատակը ` Աստծու անխառն ու անբաժան Երրորդության երկրպագություն , աստվածաշնչյան պատգամների փոխանցում համայնքի անդամներին հոգևոր աճման համար , Տեր Հիսուս Քրիստոսով Աստծու և մարդկանց միջև հաշտության և հավիտենական կյանքի ավետում անհավատների համար , մեր խնդիրներն ու հոգսերը աղոթքներով ներկայացնել Աստծուն , քրիստոնյաների միասնական հաղորդակցություն Սուրբ Հոգու առաջնորդությամբ ։

 

ՀԱՄ եկեղեցին ընդունում և կատարում է ՀՀ Սահմանադրությունն ու պետական օրենքները։ Օրինապահ և ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող ավետարանականը նպաստում է երկրի բարգավաճմանն ու հասարակության զարգացմանը։ Մենք պատրաստ ենք հնարավորության և անհրաժեշտության դեպքում սերտորեն համագործակցել պետական և հասարակական տարբեր հաստատությունների հետ ի բարօրություն այն հասարակության , որի մասնիկն ենք և որին կոչված ենք ծառայելու։ Սրանք պարզ խոսքեր չեն , այլ տարիների համագործակցությամբ հաստատված սկզբունք։ Այսօր կրթական , սոցիալական , մշակութային և բազմաթիվ այլ ծրագրեր են իրականացվում պետական և հասարակական տարբեր կազմակերպությունների հետ։

 

ՀԱՄ եկեղեցին միջեկեղեցական հարաբերությունների համար բաց է նաև բոլոր այն եկեղեցական և հոգևոր կառույցների համար , որոնք մեր դավանած ճշմարտություններին չեն հակասում և չեն փորձում ազդել մեր ուսմունքի , սկզբունքների և առնչությունների վրա։ Սրանք կարծրացած չափանիշներ չեն , սական ամուր են , և մենք դրանք ավելի ենք ամրացնելու ` գիտակցելով և գնահատելով մեր առանձնահատուկ առաքելությունը։ Պատրաստ ենք ընդունել որևէ խորհուրդ և օգնություն և հակազդել ցանկացած պարտադրանքի և ճնշման։ Չենք հավակնում ճշմարտության միակ կրողը լինելու կոչմանը , սակայն մեր դավանանքն ընդունում ենք որպես բացարձակ ճշմարտություն։

 

 

 

ՀԱՄ եկեղեցին իր կառուցվածքով ժողովական է , այսինքն ` հիմնական և կարևոր հարցերը քննարկվում և որոշումներ են կայացվում ընդհանուր ժողովների ժամանակ հնարավորինս անդամների մեծամասնության մասնակցությամբ։ Եկեղեցական կառույցում առաջնորդը հոգևոր հովիվն է։ Ավետարանի հանձնարարականով բարի ծառայություն կատարող առաջնորդն արժանի է կրկնակի պատվի և մեր եկեղեցում առաջնորդին դիմում են Վերապատվելի տիտղոսով։ Գործում են հոգաբարձական խորհուրդներ , որոնք և ընդունում են հիմնական որոշումներն ու բաշխում պարտականությունները , հետևում դրանց կատարմանը , ընդունում հաշվետվություններ։ Պարբերաբար անցկացվում են ընդհանուր ժողովներ։ Շիրակի մարզի ՀԱՄ եկեղեցին այսօր մարզի տարածքում գործող մի քանի եկեղեցիների համագործակցություն է , որի շրջանակներում յուրաքանչյուր խումբ պահպանում է իր ինքնուրույնությունն ու անկախությունը։ Սակայն քրիստոնեական միաբանության հոգով սերտ համագործակցություն կա նույնադավան եկեղեցիների միջև ։

 

 

 

Եկեղեցին իրագործում է մերձավորին և կարիքավորին սիրելու և գործնական օգնություն ցույց տալու իր առաքելությունը։ Սկսած 1988 թ . ահավոր երկրաշարժին հաջորդած օրերից ` Հայ ավետարանական եկեղեցին իր բարեսիրական ծրագրերն է իրականացնում ոչ միայն Շիրակի մարզում։ Այսօր Եկեղեցին ունի 2 բարեգործական ճաշարաններ տարեցների և երեխաների համար։ 100- ից ավելի ընտանիքներ ընդգրկված են մշտական խնամակալության ծրագրում և ստանում են դրամական օգնություն։ Ձմռան նախաշեմին հարյուրավոր ընտանիքներ ստացան վառելիք , 400 ընտանիքներ՝ սննդամթերքի մեծ փաթեթներ ամանորյա սեղանների համար։ Եվ սա բոլորը չէ։ Մեր երկրում ստեղծված սոցիալական ծանր վիճակը շատերին է դարձրել կարիքավոր , նամանավանդ խոցելի են տարեցներն ու մանուկները , որոնց էլ դարձրել ենք մեր առավել ուշադրությունը։ Մեզ համար էական չէ կարիքավորի համայնքային պատկանելությունը։ Ոմանք փորձում են զրպարտությունով մրոտել մեր բարեսիրական առաքելությունը , մեղադրելով մեզ այն բանում , որ սովածին հաց տալով ` նրան « դավանափոխ » ենք անում։ Մեր ճաշարաններում սնվողների միայն 38%- ը և խնամակալության վերցված և օգնություններ ստացած ընտանիքների 40%- ն է մեր համայնքի անդամ։

 

Հացը՝ սովածին , դեղը՝ հիվանդին , Ավետարանը՝ բոլորին։ Սա սկզբունք է , որին հետևում ենք հոգևոր և բարեսիրական աշխատանքում ։

 

Մենք անում ենք այն , ինչ պարտավոր ենք անելու , ուստի չենք ուզում շատ թմբկահարել նման ծրագրերի մասին։ Մեզ համար կարևորն այն է , որ շատերը դադարեցին քջջել աղբամանները , շատերն էլ կտրվեցին մուրացիկի առօրյայից , մեկի հիվանդությունը կանխվեց , մյուսը կարողացավ իր երեխային դպրոց ուղարկել , և այս սրտերը փառք տվեցին Աստծուն ։ Այսօր մեր խնամակալության տակ եղած մանուկներից շատերն իրենց ընտանիքներն ու երեխաներն ունեն , շատերն էլ աշխատանքային ու ինտելեկտուալ ներդրում ունեն իրենց հայրենիքի զարգացման գործում ։ Սա մեր ուրախությունն է և մեր վարձքը Աստծու առաջ ։

 

Դժբախտաբար կարիքն ավելի մեծ է , քան մեր հնարավորությունները , և , ցավոք , չենք կարող օգնել բոլորին։ Փառք ենք տալիս Աստծուն , որ շատ կազմակերպություններ ևս նման բարեսիրական ծրագրեր են իրականացնում մեր մարզում , որոնց թվում ` արտասահմանյան հայ կամ այլազգի ավետարանական եկեղեցիները ։

 

Հաճախ մեզ են դիմում նման կազմակերպությունների առնչությամբ։ Նրանք գործում են ինքնուրույն , և ՀԱՄ եկեղեցին չի կոորդինացնում և չի միջամտում այս կազմակերպությունների աշխատանքներին ։