rss
youtube
facebook
Հայաստանի կրոնները

Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցի

Վիգեն Խաչատրյան

 

1904 թ. դոկտոր Վահան Փամփայանն իր կնոջ եւ եղբոր հետ Ամերիկայից եկավ Թիֆլիս, եւ նրանք սկսեցին իրենց ավետարանչական աշխատանքը Թիֆլիսի եւ շրջակա հայերի մեջ: Սկզբում ուսումնասիրում էին լեզուն, հետո սկսեցին մեր գրականությունը թարգմանել արեւմտահայերեն: Հետո նրանք եկան Հայաստան եւ սկսեցին գործել Երեւանի արվարձաններում ու Էջմիածնում` Արարատ լեռան մոտակայքում: Այստեղ, չնայած մեծ դժվարություններին եւ հալածանքներին, նրանք ստեղծեցին հայ շաբաթապահների մի փոքրիկ համայնք: Հետո Վ. Փամփայանին տեղափոխեցին Թուրքիա, իսկ աշխատանքը շարունակեց եղբայրը` Գ. Գասպարյանը:

1830 թ. Ռուսաստանի Տամբովի մարզից մի խումբ մոլոկաններ, հետեւելով Զաքարիա մարգարեի խոսքերին, Արարատ լեռան մերձակայք էին եկել` բնակվելու, քանի որ հավատում էին, որ 1833-1836 թթ. այս տարածքում հաստատվելու է Հազարամյա թագավորությունը: Նրանցից հետո եկան նաեւ ուրիշները: 1896 թ. մի քանի եղբայրներ կրոնական համոզմունքների պատճառով Ստավրոպոլից աքսորվեցին այդ տարածքը: Նրանք Համբուրգից ռուսերեն տպագրված գրքույկներ ստացան եւ սկսեցին տարածել մոլոկանների մեջ:

1907 թ. գերմանացի Հենրիխ Լեբսակը, ստանալով այդ մարդկանց հասցեները, այցելում է մոլոկանների համայնքները եւ ստեղծում եկեղեցի, որտեղ գործում էին շաբաթօրյա աստվածաշնչյան դպրոց եւ սերտողության խմբեր:  1908 թ. Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում մոլոկան ադվենտիստների համայնքում կար ավելի քան 100 անդամ: Ադվենտիստական Եկեղեցու առաջին համայնքները Հայաստանում կազմավորվել են Սիսիանի շրջանի Բազարչայ եւ Էջմիածնի շրջանի Խաթունարխ (այժմ` Գայ) գյուղերում, հետո արդեն` Երեւանում, Կրասնոսելսկում, Գավառում եւ այլն: Այսօր Հայաստանում գործում է Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցու 18 համայնք: 
                                
Օրինակ` Երեւանի Նարդոսի Ադվենտիստական Եկեղեցին պատկանում է Հայաստանի եկեղեցիների միությանը, Հայաստանի ադվենտիստական եկեղեցիները մտնում են Կովկասյան միավորման մեջ, իսկ Կովկասյան միավորումը, իր հերթին` Համաշխարհային Վեհաժողովի եւրասիական բաժանմունքի մեջ:                             

Յոթերորդ Օրվա Ադվենտիստների Եկեղեցու Հայաստանի Միության նախագահ`
Վ. Խաչատրյան



ԱՍՏԾՈ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՓՈՓՈԽՈւԹՅՈւՆԸ



Քրիստոնեական ողջ աշխարհը գրեթե միաբերան պնդում է, թե Քրիստոսն Իր խաչելությամբ վերջ է դրել 10 պատվիրաններին, եւ սերը Նրա հանդեպ ազատում է մեզ Աստծո օրենքից: Այդպե՞ս է իրոք, թե՞ ոչ: Փորձենք պարզել դա Սուրբ Գրքի լույսի ներքո:
Անկասկած, Քրիստոսը` աշխարհի մեղքի բեռն Իր ուսերին, գամվել է խաչին հանուն մեզ: Բայց արդյո՞ք Նա պահել է օրենքը, խաչվել օրենքի պատիժը մեր փոխարեն կրելու համար, որպեսզի հետո մեզ ազատություն տա այն խախտելու: Մի՞թե սերը Քրիստոսի հանդեպ ազատել է մեզ Աստծո բարոյական օրենքի պատվիրանները պահելու պարտականությունից: Տարօրինակ է: Ճի՞շտ է արդյոք պնդել, թե մենք սիրում ենք մեր երկիրը, եւ միաժամանակ խախտել երկրի օրենքները: Եթե ասենք, թե սիրում ենք մեր ծնողներին, բայց երբեք չհնազանդվենք նրանց ասածին, որքանո՞վ ուրախ կլինեն մեր ծնողները: Իհարկե` ոչ:
Պողոս առաքյալն ասում է. «Մեղքը չի տիրի ձեզ վրա, որովհետեւ օրենքի տակ չեք, այլ` շնորհի» (1): Հաջորդ տեքստում, սակայն, պարզ երեւում է, որ առաքյալը, իհարկե, նկատի չի ունեցել օրենքի բացասումը որպես արդարության չափանիշի: «Արդ ի՞նչ, մե՞ղք գործենք, որովհետեւ օրենքի տակ չենք, այլ` շնորհի: Քավ լիցի» (2): Մեղք չգործել` նշանակում է ներդաշնակ լինել օրենքին, քանզի մեղքն օրենքի խախտումն է: Բայց շնորհի պարգեւի միջոցով օրենքի պահումը դառնում է կատարյալ: Հավատը, որով Քրիստոսը բնակվում է մեր մեջ (3), մեզ դրդում է հնազանդության Աստծո պատվիրաններին: «Այն, ինչ անկարելի էր օրենքին, որը տկար էր մարմնի պատճառով, Աստված, իր Որդուն ուղարկելով մեղքի մարմնի նմանությամբ եւ մեղքի համար, մեղքը դատապարտեց այն մարմնում, որ օրենքի արդարությունը կատարվի մեզանում, որ մարմնավորապես չենք վարվում, այլ` հոգեւորապես» (4): Այսպիսով` Սուրբ Հոգին մեզ օժտում է նոր, կատարյալ հնազանդությամբ: Այն, ինչ առաջ արվում էր եսասիրությունից եւ հարկադրված, հիմա արվում է Աստծո եւ մարդկանց հանդեպ անկեղծ սիրուց: Բայց հավատի այդ հնազանդությունը ոչ թե մեր արժանիքն է, այլ` Աստծուց մեզ տրված շնորհի պտուղը: Մենք չենք կարող պարծենալ այդ նոր կյանքով, ամբողջ պարծանքը Քրիստոսինն է, «առանց նրան` մենք ոչինչ չենք կարող անել» (5): Դրա համար է Եսայի մարգարեն ասում. «Որովհետեւ մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար» (6): Այստեղից երեւում է, որ ազատությունն օրենքից նշանակում է ոչ թե ազատություն նրան հնազանդվելուց, այլ ազատություն` օրենքի պատժից: Հիսուսի մահվան շնորհիվ մենք այլեւս օրենքի դատապարտության տակ չենք գտնվում, մենք ազատված ենք մեզ դատապարտելու` օրենքի պահանջից, քանի որ Փրկիչը վճարել է մեր հանցանքի համար, եւ Նրան ամեն մի հավատացողի ներվում է իր պարտքը, եւ նա ազատվում է պատժից: Պողոսը կասկած անգամ չի թողնում այն հարցի վերաբերյալ, թե ինչ է նշանակում` չլինել օրենքի տակ կամ մեռնել օրենքի համար: Իր թղթում` ուղղված Գաղատացիներին, նա գրում է. «Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից` մեզ համար անեծք լինելով» (7): Օրենքի անեծքը` օրենքի խախտման դատավճիռը, ինչպես արդեն նշեցինք, մահն է: Ընդ որում, ոչ թե ժամանակավոր մահը, այլ` հավիտենական: Դրանից է մեզ փրկագնել Քրիստոսը: Լյութերը` հավատով արդարացման մեծ քարոզիչը, այդ մասին ասում է. «Օրենքը շնորհով չի բացառվում, եւ սիրո անհրաժեշտության ճշմարտությունը` նույնպես: …Բայց դրա համար մեզ տրվում է Սուրբ Հոգին, ով մեր մեջ վառում է նոր կրակ` սեր եւ բավականություն Աստծո պատվիրանները պահելու մեջ» (8): «Պատվիրանների կատարումն իրականացվում է Աստծո սիրով, որ տրված է մեզ (9), ինչը մենք ինքներս, այսինքն` առանց Քրիստոսի, ի վիճակի չենք անելու» (10):
Պողոս առաքյալը վճռականորեն դեմ է ամեն տեսակ օրինատյացության` ասելով. «Մի՞թե օրենքը խափանում ենք հավատով. քավ լիցի, այլ օրենքը հաստատում ենք» (11): Հավատն իր մեջ ընդգրկում է օրենքը, այլ ոչ թե տանում է օրինազանցության: Որպեսզի թյուրիմացության տեղ չտա, Պողոսը կոչ է անում Կորնթացիներին. «Ոչ թե իբր ես Աստծո առաջին օրենք չունեի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի» (12): Նա այստեղ նկատի ունի բարոյական օրենքը, որը կատարում են հավատով առ Քրիստոս: Եւ այսպես, քրիստոնյան շնորհի տակ է, բայց` օրենքով: Ճիշտ է, որ քրիստոնյայի գործերն իր արժանիքը չեն, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե բարի գործերն այլեւս պետք չեն: Դրանք Աստծուն ուղղված մեր երախտագիտության վկայությունն են, Քրիստոսի հետ մեր հաղորդակցության պտուղը: Ուստի, ճշմարիտ հավատը գործող հավատ է, որը դրսեւորվում է սիրուց դրդված հնազանդության մեջ: «Գործերը հավատի կնիքն ու որակի ցուցանիշն են, քանզի, ինչպես նամակի համար կնիք է անհրաժեշտ, այնպես էլ հավատի համար անհրաժեշտ են գործեր»,- ասել է Լյութերը: Հետո նա մեջբերում է Պողոս առաքյալի հայտնի խոսքը` գրված Գաղատացիների թղթում. «Որովհետեւ Հիսուս Քրիստոսում ոչ թլպատությունն է մի բան, ոչ` անթլպատությունը, այլ` հավատը, որ սիրով գործում է» (13):
Բայց ի՞նչ է սերը: Քրիստոսը սահմանում է այն որպես օրենքի էություն կամ, ինչպես քիչ առաջ նշեցինք, «օրենքի կատարում» (14): Ով որ կարծում է, թե սերը բացառում կամ վերացնում է Աստծո պատվիրանները, նա դեռ չի յուրացրել Ավետարանի այբուբենը: Ականավոր քարոզիչ Սպերջենը հետեւյալ եզրահանգումն է անում սիրո եւ օրենքի փոխհարաբերության վերաբերյալ. «Եթե դու սիրում ես Աստծուն ամբողջ սրտով, ապա դու պետք է պահես օրենքի առաջին տախտակի պատվիրանները, եւ եթե սիրում ես քո մերձավորին` ինչպես ինքդ քեզ, ապա պետք է պահես երկրորդ տախտակի պատվիրանները» (15): Հունարեն հավատ բառը` □պիստիս□, նշանակում է ոչ միայն վստահություն, այլ նաեւ` հավատարմություն եւ նվիրվածություն: Ուրեմն, ով որ հավատում է Աստծուն, նա կապված է Նրա հետ եւ հնազանդ է Նրա կամքին: Իսկ վերացական հավատը ոչինչ չարժե: Այդպիսի հավատ ունեն նաեւ դեւերը (16), ովքեր, սակայն, հակում չունեն անելու Նրա գործերը: Այդպիսի հավատը մեռած է եւ մահացու. «Այդպես էլ հավատը, եթե գործեր չունի, ինքնըստինքյան մեռած է» (17):
Հռոմակաթոլիկ աստվածաբան Ալգերմիսսենն այդ առումով միանգամայն դիպուկ է նկատել. «Անմտություն կլիներ հակադրել օրենքն ու Աստծո սերը եւ պնդել, թե Աստծո սիրով լցված հավատացյալն արդեն օրենքի կարիք չունի: …Արդարի համար օրենքը նրա խղճի մեջ է` որպես աստվածային սիրո երաշխիք: Այդպես օրենքը կորցնում է օրենքին բնորոշ անողոքությունը» (18):
Եւ այսպես` օրենքի եւ ավետարանի միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ կարելի է անել հետեւյալ եզրակացությունը. «Պատվիրանը սուրբ է, բարի եւ արդար» (19), բայց, քանի որ բոլոր մարդիկ օրինազանցներ են (20), նրանք օրենքով դատապարտված են մահվան (21): Հաշվի առնելով, որ օրենքը մեզ տանում է ոչ թե կյանքի, այլ` մահվան, Աստված մեզ համար բացել է շնորհի ուղին Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով, մի ճանապարհ, որը բացառում է մարդկային ամեն մի արժանիք (22): Ընդ որում, օրենքը դաստիարակի, ուղեցույցի եւ Փրկչի մոտ առաջնորդողի դեր է կատարում (23), որովհետեւ, մեղավորին դնելով դատապարտության տակ, այն ուղղում է նրան դեպի Փրկիչը: Նա, ով կհասնի մինչեւ «օրենքի վախճանը»` Հիսուս Քրիստոսը, այլեւս չի ձգտի արդարացնել իրեն սեփական գործերով, քանզի նա հավատով է ապավինում իր փրկությանը: Այդ իմաստով է Հիսուսը հանդիսանում օրենքի վախճանը (24): Այլ խոսքով` օրենքը որպես արդարացման միջոց, ինչպես ներկայացնում էր Պողոս առաքյալի ժամանակվա հրեական կեղծ ուսմունքը (25), ամբողջովին բացառվում է: Բայց, որպես արդարության չափանիշ, այն մնում է: Որովհետեւ հավատալ Քրիստոսին` նշանակում է հնազանդվել Նրան (26): Օրենքը գրվում է մարդու սրտի մեջ (27) եւ Աստծո ողորմության շնորհիվ հասնում կատարելության (28): Այդպիսով, ավետարանը վերականգնում է խախտված օրենքը մարդու մեջ` դարձնելով այն Աստծո կողմից որդեգրման նշան (29): Աստված օրենքում պահանջում է սեր եւ տալիս է այն ավետարանում: Կամ էլ, ինչպես նշել է Օգոստինիոսը, «օրենքը տրվել է, որ փնտրեն շնորհ, իսկ շնորհը տրվել է, որ պահեն օրենքը»:
Կարլ Բարտը` XX դարի մեծագույն աստվածաբաններից մեկը, ասել է. «Այսպիսով, օրենքը դրված է ավետարանի մեջ ճիշտ այնպես, ինչպես Սինայի քարե տախտակները` ուխտի տապանակի մեջ, դրա համար էլ Պողոսը ծայրաստիճան լրջությամբ օրենքը սուրբ է կոչում… Նա, լեռան քարոզի հայտնի խոսքերից ելնելով, պարզաբանում է, որ հավատի քարոզչությունը ոչ թե բացառում է օրենքը, այլ` հաստատում: …Դրա համար էլ նա ասում է, որ միայն օրենքը պահողները կարդարանան: Աստծո օրենքի պատվիրանները, երգված Սաղմոսում, ամբողջ հավերժության ընթացքում չեն հնանա: Ճիշտ է, որ օրենքը ավետարան չէ, բայց առանց օրենքի մենք չէինք ունենա ավետարան» (30):
Հիմա հարց է առաջանում. ո՞ր գործերն ու պատվիրանները նկատի ունի Նոր կտակարանը, երբ խոսում է օրենքը հաստատելու մասին: «Օրենք» բառը Աստվածաշնչում վերաբերում է, նախ, 10 պատվիրաններին, որոնք էլ վկայակոչում է Պողոս առաքյալը Հռոմեացիս 7.7-ում: Այդ բառով հաճախ անվանում են ամբողջ Հին կտակարանը (31), ինչպես նաեւ առանձին Մովսեսի Հնգամատյանը` բաժանելով «Օրենքը» «Մարգարեներից» (32): «Օրենք» բառը կարող է նաեւ վերաբերել ծիսական այնպիսի դրվածքների, ինչպիսիք են, օրինակ, զոհաբերություններն ու թլպատությունը, որոնք տրված են եղել միայն Իսրայելի համար (33):
Ինչ վերաբերում է հավատով արդարացմանը, Նոր կտակարանում տարբերություն չի դրվում բարոյական օրենքի եւ ծիսական օրենքի միջեւ, քանի որ մենք չենք կարող փրկվել` ոչ տասը պատվիրանները պահելով, ոչ էլ ծիսական կանոններին հետեւելով, այսինքն` զոհաբերություններով, թլպատությամբ եւ այլն: Իսկ եթե խոսքը նոր հնազանդության մասին է, որով Սուրբ Հոգին օժտում է հավատացյալներին, ապա Նոր կտակարանը նկատի ունի միայն Աստծո հավերժական ու անփոփոխ բարոյական օրենքի տասը պատվիրանները, այլ ոչ թե` հինկտակարանյան ծիսական կանոնները, որոնք ժամանակավոր բնույթ ունեին, քանզի մատնանշում էին Փրկչի մահը եւ դրա հետ էլ դադարեցվեցին:
Այդպես ասում է Քրիստոսը Մատթեոս 19.17-ում. «Եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները»: Եւ երբ երիտասարդը հարցրեց, թե հատկապես ի՞նչ պետք է ինքն անի, Քրիստոսը նրան ոչինչ չառաջարկեց` բացի 10 պատվիրաններից (34):
Ի տարբերություն ծիսական օրենքների` պատվիրանների օրենքը գրվում է մարդու խղճի մեջ, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Ուրեմն, երբ որ հեթանոսները, որ օրենք չունեն, բնությամբ օրենքի գործերն անեն, թեեւ օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք, ովքեր ցույց են տալիս, որ օրենքի գործը նրանց սրտերում գրված է` նրանց խղճմտանքի վկայությամբ» (35):
Հին կտակարանը տարբերում է Տասնաբանյան` 10 պատվիրանների օրենքը, ծիսական կամ Մովսեսի օրենքից: Տասը պատվիրանները գտնվում էին ուխտի տապանակի մեջ (36), իսկ ծիսական օրենքների գիրքը` ուխտի տապանակի կողքին (37): Բարոյական օրենքը Քրիստոսի մահով չի վերացել, այլ ուժի մեջ է մինչեւ այսօր: Պողոս առաքյալը գրում է Կորնթացիներին. «Դուք հայտնի եք, թե Քրիստոսի թուղթն եք` մեր ծառայությունով եղած եւ գրված ոչ թե թանաքով, այլ` կենդանի Աստծո Հոգով, ոչ թե քարե տախտակների, այլ` սրտի մարմնեղեն տախտակների վրա» (38): Հայտնության գրքում, որը գրվել է առաքելական ժամանակվա վերջում, այսինքն` Նոր կտակարանի ժամանակներում, Հովհաննեսը տեսնում է երկնային սրբարանի ուխտի տապանակը (39): Իսկ տապանակում գտնվում է «վկայությունը» (40), եւ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ` տասը պատվիրանների օրենքը (41): Պողոս առաքյալը հստակորեն տարբերում է երկու օրենքները` ասելով. «Թլպատությունը ոչինչ է, եւ անթլպատությունն էլ` ոչինչ, այլ` Աստծո պատվիրանների պահելը» (42): Դրանով նա ուզում է ասել, որ ծիսական օրենքի դրվածքները, ինչպես, օրինակ, թլպատությունը, Նոր կտակարանում կորցրել են իրենց նշանակությունը: Դրա հետ մեկտեղ, նա հանդիմանում է անօրենությունը` հաստատելով, որ տասը պատվիրանները, առաջվա պես, ուժի մեջ են:
Եւ այսպես, օրենքը, որը պահելու կոչ է անում Պողոս առաքյալը, տասը պատվիրաններն են: Հակոբոս առաքյալի թղթում կարդում ենք հետեւյալ հրաշալի արտահայտությունը. «Եթե թագավորական օրենքը կատարեք գրվածին համեմատ, թե` «Սիրիր ընկերոջդ քո անձի պես», լավ եք անում: Բայց եթե աչառություն եք անում, մեղք եք գործում` հանդիմանված օրենքից` ինչպես օրինազանցներ» (43): Եթե քրիստոնյան կարող է օրինազանց լինել, ուրեմն` պատվիրանները փոխելու մասին խոսք անգամ չի կարող լինել (44): Եթե չլինեին պատվիրանները, ինչպե՞ս կարող էինք իմանալ, թե ինչ է մեղքը:
Ուստի, կարեւոր է պահել այդ սուրբ պատվիրանները, որոնք արտացոլում են Աստծո բնավորությունը ոչ թե մասամբ, այլ` ամբողջությամբ: Քանզի խախտել եւ փոխել մեկը` կնշանակի խախտել բոլորը. «Ով որ բոլոր օրենքը պահի եւ մեկում մեղանչի` ամբողջ օրենքին եղավ պարտական: Որովհետեւ այն «Շնություն մի անիր» ասողը ասեց նաեւ` «Մի սպանիր»: Իսկ եթե շնություն չանես, բայց սպանես` եղար օրինազանց» (45):
Բարոյական եւ ծիսական օրենքների հստակ տարբերությունն ընդունել են բոլոր դարերի հավատացյալները: Ավետարանական քրիստոնյաների կողմից բերում ենք այս մեջբերումը 1566 թ. Հելվեցկի II Խոստովանությունից. «Մենք սովորեցնում ենք, որ Աստծո կամքն արտահայտված է Աստծո օրենքում: Ուստի, ընդունում ենք, որ պատվիրանը սուրբ է, արդար եւ բարի» (46), եւ որ այդ օրենքը` գրված Աստծո մատով, գտնվում է մարդու սրտում (47): Պարզության համար մենք տարբերում ենք.

ԲԱՐՈՅԱԿԱՆ օրենք, որ տասը պատվիրաններն են` գրված երկու քարե տախտակների վրա:
ԾԻՍԱԿԱՆ օրենք, որը կարգավորում է արարողություններն ու երկրպագությունները:
ԴԱՏԱԿԱՆ օրենք, որը մեկնաբանում է քաղաքացիական եւ կենցաղային խնդիրները (49): 
Դրա հետ համաձայն է նաեւ Հռոմի կաթոլիկ եկեղեցին: Աստվածաբան Հերման Շմիդտը գրում է. «Այսպիսով, մենք Մովսեսի Հնգամատյանում զանազանում ենք բարոյական օրենք, որը սահմանված է բոլոր մարդկանց համար եւ ուժի մեջ է այսօր, ծիսական օրենք, որը կարգավորում էր հրեական երկրպագությունը` իր արյունոտ զոհերով, եւ դատական օրենք, որն Ուխտի Աստված տվել էր Իր ընտրյալ ժողովրդին դատավարությունների համար: Այս վերջինը, ծիսական օրենքի հետ միասին, կորցրել է իր ուժը… Նոր Ուխտի ժամանակ» (50): 
Հիմա մեզ մնում է միայն արտահայտել Սաղմոսերգուի ցանկությունը. «Բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ» (Սաղմոս 119.18): 


ՄԱՀ. ՎԵ՞ՐՋ, ԹԵ՞ ՍԿԻԶԲ



«Ես մի բան գիտեմ, որ շուտով պետք է մեռնեմ»,- ասել է ֆրանսիացի հայտնի մտածող Պասկալն իր «Pensees»-ում: Մարդիկ, իհարկե, կարող են իրենց աչքերն արագորեն փակել այդ ճշմարտության առաջ, քանի որ ապրում են այս օրով եւ ծրագրեր են կազմում, կարծես թե այս աշխարհն իրենց հավիտենական տունն է: Նրանք չեն կարողանում հաղթահարել այն բանի գիտակցումը, որ այն ամենը, ինչ մենք ունենք եւ անում ենք, հենց սկզբից իր վրա կրում է ապականության դրոշմը: Ավելի հաստատ ոչինչ չկա, քան այն, որ մենք մի օր պիտի մեռնենք: Մեր փխրուն, վաղանցիկ գոյության անորոշությունը, սոսկալի հարցն այն մասին, թե ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպե՞ս կգա մահը, ամենաանխուսափելին է մեր կյանքում, որքան էլ դա տարօրինակ թվա: Որքան իրավացի է Հոբը, երբ ասում է. 

«Կնոջից ծնված մարդը 
Կարճ կյանք ունի եւ լիքն է ցավով
Ծաղկի պես ծլում եւ թառամում է
Եւ փախչում է ստվերի պես ու չի կանգնում» (1):

Մահը չի հարգում ոչ տարիք, ոչ պաշտոն, ոչ փառք եւ ոչ էլ հարստություն: Այն խոցում է երիտասարդին ուժերի ծաղկման մեջ, հանգցնում է հոգնած ծերուկի կյանքի կայծը, վրա է հասնում հավատացյալին թե անհավատին եւ կանգ չի առնում ոչ գեղջուկի խրճիթի, ոչ էլ արքայի պալատի առջեւ: Այն կա եւ մնում է որպես «զարհուրանքի թագավոր» (2):
Տագնապ է հարուցում ոչ այնքան փաստը, որ մահը միշտ մեր առջեւ է, որքան հանելուկը, որ այն առաջադրում է մեզ: Ի՞նչ է մահը, եւ ի՞նչ է հետեւում դրան: Միլիոնավոր մարդիկ` քաղաքակիրթ թե վայրենի, կրթված թե անկիրթ, զուր են պայքարել այդ հիմնախնդրի դեմ: Բայց իրո՞ք մենք ոչինչ չգիտենք այդ մասին:
Հին Թեսաղոնիկե քաղաքում, ներկայումս` Սալոնիկե, գտնվել են երկու հին դամբարաններ, որոնցից մեկի վրա եղել է այս գրությունը. «Ոչ մի հույս», իսկ մյուսի վրա` «Իմ կյանքը Քրիստոսն է»: Երկու գրություն` երկու աշխարհայացք: Առաջինն արտահայտում է հուսահատություն, իսկ երկրորդը` աստվածային վստահություն: Հանելուկը, որ մահ է կոչվում, լուծում ունի, եթե դրա համար դիմենք կյանքի Ստեղծողին: Միայն Նա, ով դնում է սկիզբն ու վերջը, ով Իր ձեռքում պահում է ճակատագրի թելը, կարող է պատասխանել այս հարցին` «ինչո՞ւ»: Եւ հենց Նա էլ միայն կարող է փոխել մահվան անխուսափելիությունը: Չէ՞ որ միայն մոլորված միտքը կարող է մահվան մեջ տեսնել ազատությունը: Իրականում` մարդն իր գոյության բոլոր հյուսվածքներով դիմակայում է մահվանը: Նա ըմբոստանում է մահվան դեմ, որպեսզի վերջապես ուժասպառ հանձնվի նրան: Մահը մեր կյանքին հարված է հասցնում, որի հետ մենք չենք ուզում հաշտվել, բայց ստիպված ենք: Դրա համար էլ Աստվածաշունչն այն «թշնամի» է անվանում (3): 
Աստծո ծրագրում նախատեսված չի եղել մահը արարչագործության ժամանակ, այն մտել է առաջին մարդու մեղքի հետ (4): Մահն անբնական գործընթացի վերջնական արդյունք է, ոչ թե մարդու վրա կախված քմահաճ եւ անարժան ճակատագիր: Այն արդարացի դատավճիռն է ապստամբ մարդկության, որը գիտակցաբար կտրել է իրեն կյանքի աղբյուրից. «Մեղքի վարձքը մահն է» (5): Այս անփոփոխ օրենքին ենթակա են բոլորը, քանզի բոլոր մարդիկ մեղանչել են. «Սրա համար ինչպես մեկ մարդով մեղքը մտավ աշխարհ եւ այն մեղքով էլ` մահը, այսպես մահն ամեն մարդկանց վրա տարածվեց, քանի որ ամենքը մեղանչեցին» (6):
Այս դատավճիռը հասնում է յուրաքանչյուր մարդու, ոչ ոք չի կարող խուսափել դրանից: Անհեթեթ եւ անքրիստոնեական է այն միտքը, թե մահը խոցում է միայն մարմինը, եւ թե հոգին չի կարող մեռնել, քանի որ այն, իբր թե, անմահ է: Ըստ Սուրբ Գրքի` միայն Աստված է անմահ (7): Հնազանդության միջոցով մարդը կարող էր հաղորդակից լինել աստվածային բնությանը: Բայց անհնազանդության պատճառով նա զրկվեց հավիտենական կյանքի հույսից: Աստծո դատավճիռը` «Գուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառից ուտի եւ հավիտյան ապրի» (8), վերաբերում էր Ադամի ողջ էությանը` մարմնին, հոգուն եւ շնչին: «Հող էիր դու եւ դեպի հողը դառնաս» (9): Աստված այնպես ստեղծեց մարդուն, որ նրա գոյությունը հնարավոր էր միայն իր էության բոլոր երեք ոլորտների միասնության դեպքում (10): Հոգին կամ շունչը չեն կարող մարմնից անկախ գոյատեւել, քանի որ, նախ` մարդու գոյությունը մշտապես կապված է մարմնի գոյության հետ (11), եւ, երկրորդ` հոգին առանձին անմահ եւ հոգեւոր էություն չէ, որը կարող է ինքնուրույն ապրել: Այլ խոսքերով` մահկանացու մարմնի եւ անմահ հոգու հունական դուալիզմը միանգամայն օտար է աստվածաշնչյան հայտնությանը: Դա երեւում է հենց միայն նրանից, որ Սուրբ Գրքում «հոգի» բառը հանդիպում է ավելի քան 800 անգամ, բայց ոչ մի տեղ այն միացված չէ «անմահ» գաղափարի հետ: Ավելին, հստակորեն նշված է, որ հոգին մահկանացու է (12): 
Իսկ ի՞նչ են նշանակում «հոգի» եւ «շունչ» բառերը: Շունչը (եբրայերեն` «ռուախ» եւ հունարեն` «պնեումա») ֆիզիոլոգիապես միաձուլված է մարմնի հետ եւ նրանից դուրս գոյություն ունենալ չի կարող: Այն, որ մարդն ունի նաեւ հոգի, նշանակում է, որ նրա գոյությունը վերաբերում է եւս մեկ հարթության: Հոգին (եբրայերեն` «նեֆեշ» եւ հունարեն` «փսյուխե») մարդու բանականությունը չէ, ոչ էլ միտքը (դրա համար Նոր կտակարանն օգտագործում է «նոուս» բառը): Բանականությունն ու միտքը շնչի ֆունկցիան են: Իսկ հոգին, հակառակը, մարդու անձնավորությունն է` նրա անձնական ներկայությունն Աստծո առջեւ (13):
Դրա համար էլ մահվան ժամանակ մարդու կենսական բոլոր ֆունկցիաները դադարում են: Սկսվում է մարդկային էության քայքայումը: Սաղմոս 146.4-ում կարդում ենք. «Նրա հոգին (բնագրում` «ռուախ» - շունչ) դուրս կգա, նա դեպի իր հողը կդառնա, նույն օրը կկորչեն նրա խորհուրդները» (14): Տեքստի վերջին մասը` «կկորչեն նրա խորհուրդները», ցույց է տալիս, որ, մարմնի քայքայման հետ մեկտեղ, մարում են նաեւ հոգեկան ֆունկցիաները:
Միայն թե շունչը` կենսական ուժը, որ յուրահատուկ է ինչպես մարդկային, այնպես էլ կենդանական աշխարհին, եւ որը պետք է հստակորեն տարբերել հոգուց` կյանքի հոգեւոր օրգանից (15), վերադառնում է Աստծուն: Այդ կենսական ուժը ոչ մի ընդհանուր բան չունի հունական փիլիսոփայության հոգու անմահության հետ: Սուրբ Գիրքն ասում է. «Մարդկանց որդիներին պատահածը եւ անասուններին պատահածը մեկ է. ինչպես սա է մեռնում, այնպես էլ մեռնում է նա, եւ ամենքի շունչը մեկ է, եւ մարդս անասունից առավելություն չունի» (16): Այստեղից երեւում է, որ մահվան պահին Աստված վերցնում է կենդանության շունչը (17), որ մարդուն տրվել էր արարչության ժամանակ, որպեսզի անկենդան մարմինը կենդանանա: Այդպես էլ մարդը հող է դառնում, ինչից էլ վերցված էր: Հենց դրա համար է սաղմոսում ասվում. «Վեր ես առնում նրանց հոգին (կրկին` «ռուախ»-շունչ), մեռնում եւ իրենց հողին են դառնում□ (18): Քանի որ մարդու էության երեք մասերից եւ ոչ մեկը` մարմինը կամ հոգին, կամ շունչը, իրարից անկախ գոյություն ունենալ չեն կարող, ուստի, չի կարող լինել հոգու փրկություն` մարմնից անկախ: Ով որ կենսական ուժը նույնացնում է անմահ հոգու հետ, պետք է հավատա, որ այդ անմահ հոգին, մինչեւ մարմնի մեջ մտնելը, նախապես գոյություն է ունեցել որպես անմարմին գիտակից էակ: Պլատոնի ժամանակներից ի վեր շատ փիլիսոփաներ հենց այդպես էլ հավատացել են: Բայց դա քրիստոնեական ուսմունքին խորթ է: Ըստ այդ ուսմունքի` պետք էր հավատալ, որ թե բարի, թե չար մարդկանց հոգիները երկնքում են, չէ՞ որ գրված է, որ հոգին գնում է Աստծո մոտ, ոչ թե ուրիշ ինչ-որ մեկի (19): Աստվածաշունչը վճռականորեն հերքում է նման հեթանոսական գաղափարները: Ճիշտ է, որ մարդը կենսական էներգիա ունի եւ, որպես անձնավորություն, օժտված է անհատական կյանքով, բայց, որպես մեղավոր` նա ամբողջությամբ ենթակա է մահվան: Եւ այսպես, Աստվածաշունչը հետ է պահում մեզ հեթանոսության վտանգավոր իդեալիզմից` սատանայի հին խաբեությունից, որը մարդուն դարձնում է Աստված. «Բնավ չեք մեռնի, այլ Աստծո պես կլինեք» (20): «Հին եւ Նոր կտակարաններում մարմին, հոգի, շունչ, սիրտ, միտք եւ խիղճ հասկացությունները մշտապես նշանակում են մարդու կենդանությունը` Աստծուց տրված կյանքի պարգեւը» (21):
Եթե մարդը, որպես մեղավոր, ամբողջովին դատապարտված է մահվան, ապա նրա կյանքը չի կարող շարունակվել մահից անմիջապես հետո: Մեռածների վիճակը Սուրբ Գիրքը «քուն» է անվանում (22): Մեռածները դադարում են գոյություն ունենալ, եւ նրանց բնորոշ չեն կենսական տարբեր ֆունկցիաները` մտածողությունը, զգացմունքները, կամքը, ուստի, նրանք չեն կարող որեւէ հարաբերություն ունենալ ապրողների հետ: «Կենդանի մարդիկ գիտեն, որ մեռնելու են, բայց մեռյալները ոչ մի բան չգիտեն եւ վարձք էլ չունեն, որովհետեւ նրանց հիշատակը մոռացվել է: Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ վաղուց փչացել են, եւ նրանց համար այլեւս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ» (23):
Հոգու միջանկյալ գիտակից վիճակը մահվան պահից մինչեւ հարությունը, առավել եւս` երկնային երանության մեջ, միանգամայն հակասում է մարգարեների եւ առաքյալների ուսմունքին: Հավատացյալների հույսը ոչ թե ազատությունն է մարմնից, այլ` մարմնի ազատությունը (24): Պողոսը չի կամենում իր հոգին զրկել մարմնից, այլ ուզում է նոր մարմին ունենալ Քրիստոսի գալստյան ժամանակ (25): Դանիել մարգարեն մխիթարվում է հարության հույսով, որովհետեւ այդ ժամանակ կստանա իր բաժինը (26): Նմանապես էլ առաքյալը մխիթարում է վշտացած թեսաղոնիկեցի հավատացյալներին, ովքեր ողբում էին իրենց մեռած հարազատների մահը (27): Ինչո՞ւ ի պատասխան առաքյալը նրանց ցույց չտվեց համբարձված անմահ հոգիների երանությունը` Քրիստոսի հեռավոր երկրորդ գալստյան եւ դրան հաջորդող հավատացյալների հարության փոխարեն: Պողոսը բառ անգամ չի ասում մարմնից հոգու անջատման մասին: Նա հաստատ հենվում է հինկտակարանյան հայտնության վրա, որի համաձայն, մարմինը` Աստծո այդ հրաշք ստեղծագործությունը, մի օր պետք է նորոգվի, թեեւ հիմա այն վնասված է մեղքից: Պլատոնի փիլիսոփայությունը, որի համաձայն, մարմինը չարիք է` հոգու բանտը, ոչ մի կերպ չի տեղավորվում քրիստոնեական ուսմունքի մեջ: Մարմնի մեռցնումը, կուսության մեծարումը եւ մահվան գովերգումը որպես հոգու ազատարարի. այս ամենը մոլորություն է սկզբից մինչեւ վերջ` որքան գեղեցիկ էլ հնչի: Մարդիկ, թեեւ պատրաստ են ընդունելու մարմնի մահը, չեն ուզում լիովին հանձնվել: Այդ չէ՞ր հենց պատճառը, որ Աթենքի մեծամիտ բնակիչները ծիծաղում էին Պողոսի վրա, երբ նա խոսում էր մարմնի հարության մասին (28): Սոկրատեսի համար մահը հավասարազոր էր կյանքին: Մահվան մեջ նա տեսնում էր շարունակական բժշկության եւ հավերժական ազատության միակ հնարավորությունը: Իսկ Պողոսի եւ մյուս առաքյալների համար մահը թշնամի է` Աստծո արդարացի եւ անխուսափելի դատաստանը: Դրա համար էլ արդարները դեռ չեն հասել կատարելության Աստծո մոտ (29), իսկ ամբարիշտները դեռ չեն ընդունել իրենց պատիժը (30): Նրանք բոլորն էլ` թե բարի, թե չար, սպասում են իրենց գերեզմաններում (31), սպասում են հարության օրվան, որում կընդունեն իրենց հատուցումը` կամ հավիտենական կյանք, կամ էլ հավիտենական կորուստ:
Այդ ուսմունքի հետքերը մենք գտնում ենք եկեղեցու պատմության առաջին դարերի ընթացքում, մինչեւ որ III-IV դարերում չսկսվեց քրիստոնեության միախառնումը հեթանոսության հետ, անմահության մասին հունական փիլիսոփայության միաձուլումը հարության մասին բիբլիական ճշմարտության հետ: Դեռ II դարում եկեղեցու հայր Հուստինոս Նահատակը նախազգուշացրել է. «Եթե հանդիպում եք մարդկանց, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում, բայց հերքում են մեռյալների հարությունը եւ պնդում, որ նրանց հոգիները մահից անմիջապես հետո երկինք են գնում, նրանք քրիստոնյա չեն կարող համարվել» (32):
Սակայն հունական փիլիսոփայության այդ ուսմունքն այնքան գայթակղիչ էր, որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի պատրաստակամորեն ընդունվեց, մինչեւ որ քրիստոնեական վախճանաբանությունը կորցրեց իր բովանդակությունը: Չէ՞ որ եթե մարդը մահից անմիջապես հետո ենթարկվում է անհատական դատաստանի, ապա ի՞նչ իմաստ ունի ապագա դատաստանի օրը: Աստվածաշնչյան բառարաններից մեկում ասված է. «III դարում անմահության վերաբերյալ պլատոնական հավատը ներթափանցեց կաթոլիկ եկեղեցի, միաձուլվեց հարության վերաբերյալ քրիստոնեական հավատի հետ եւ 1513 թ. Լաթերանի V տիեզերաժողովում դարձավ եկեղեցական դոգմա» (33):
Մեզ պետք է հայտնի լինի, որ Աստծո առջեւ մենք կարող ենք գալ միայն ճշմարտությամբ, որ Նա ընդունում է ոչ թե կրոնավոր մարդուն, այլ` միայն աստվածաշնչյան քրիստոնյային: Մենք կարիք ունենք հիմնավորապես մաքրվելու ամեն հեթանոսությունից եւ փիլիսոփայությունից: Կարլ Բարտը կատեգորիկ կերպով նշում է. «Ի՞նչ է նշանակում քրիստոնեական հույսն այս կյանքում: Կյանքը` մահվան մե՞ջ: Մահից այն կողմ եղած իրականությո՞ւն: Հոգի՞ն, որը թեւածում է գերեզմանի վրա, որպեսզի շարունակի անմահ կյանքը: Այդպես հեթանոսներն էին պատկերացնում կյանքը մահից հետո: Բայց դրանում չէ քրիստոնյաների հույսը: Ես հավատում եմ մարմնի հարությանը» (34):
Պետք է պարզորոշ հասկանալ, որ այստեղ որոշվում է ամեն բան. մեր ապագա գոյությունը, կորստաբեր մոլորությունն ու փրկարար ճշմարտությունը: Այդ ժամանակ կգնահատենք Պողոս առաքյալի խոսքերը. «Զգուշացեք, միգուցե մեկը հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ եւ դատարկ խաբեբայությամբ, մարդկանց ավանդության պես եւ աշխարհիս սկզբունքների պես եւ ոչ թե Քրիստոսի» (35): Մարդ ինքնին չի կարող հույս ունենալ հաղթելու մահը, քանի որ զրկված է Աստծո փառքից: Հավիտենական կյանքը տրվում է միայն` Արարչի ներողամտության եւ շնորհի ուղին, մեր արժանիքներից անկախ, մեզ բացահայտելու` Նրա գթասիրտ ցանկության համաձայն: 
Ավետարանի էությունն այն է, որ հավատացյալը Քրիստոսում ստանում է հավիտենական կյանք, որն ամբողջությամբ պարգեւ է, որը երաշխավորել է Աստծո Որդին խաչի վրա, ով «խափանեց մահը եւ լույսի մեջ բերեց կյանքն ու անմահությունը» (36): Անմահություն (հունարեն` «աթանասիա») բառը Նոր կտակարանում հանդիպում է երեք անգամ: Երկու անգամ գրված է Ա Կորնթ. 15. 53, 54-ում, որտեղ Պողոսը գրում է. «Այս մահկանացուն կհագնի անմահությունը»(37): Այստեղ, ինչպես երեւում է համատեքստից, խոսքը վերաբերում է հարությանը Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ: Երրորդ տեղը Ա Տիմ. 6.16 -ն է, որտեղ գրված է. «Միայն նա (Աստված) անմահություն ունի»:
Այդ հանդիսավոր իրադարձության վրա էր հենց սկզբից հիմնված հավատացյալների ամբողջ հույսը: Տառապող Հոբը բացականչում է. «Իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է, եւ նա վերջում պիտի կանգնի հողի վրա: Եւ իմ մորթն այսպես թափվելուց հետո` այն ժամանակ ես իմ մարմնից տեսնելու եմ Աստծուն» (38): Եսային մարգարեանում է. «Քո մեռյալները պիտի կենդանանան, իմ մեռյալների դիակները պիտի կանգնեն: Վեր կացեք եւ ցնծացեք, ով հողի բնակիչներ» (39): Դանիելին տրվում է բարի լուր. «Բայց դու գնա մինչեւ վախճանը եւ հանգստացիր եւ կկանգնես օրերի վերջին քո վիճակում» (40):
Հիսուսի համար հարությունն ինքնին հասկանալի էր (41): Նույնն էլ կարելի է ասել քրիստոնեական առաջին համայնքի մասին (42): Այդ հավատի համար են հենց հազարավոր նահատակներ զոհել իրենց կյանքը: Նրանց ուժ էր տալիս նահատակվելու այն բանի գիտակցումը, որ Աստված հարություն կտա իրենց վերջին օրը: Առանց հարության այդ հրաշքի` հավատը հիմք եւ նպատակ չունի: Քրիստոնեությունն առանց հարության` զուրկ է Քրիստոսից, հետեւաբար` ընդհանրապես քրիստոնեություն չէ: «Եթե մեռյալները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել: Եւ եթե Քրիստոս հարություն չի առել, ունայն է ձեր հավատը, եւ դեռ ձեր մեղքերի մեջ եք: Ուրեմն, նրանք էլ, որ Քրիստոսում ննջեցին, կորան» (43): 
Մեր միտքն անկարող է ներթափանցել Աստծո այդ գաղտնիքի մեջ, բայց որոշակի պատկերացում, այնուամենայնիվ, մենք կարող ենք կազմել համեմատության միջոցով: Պողոս առաքյալը մահն ու հարությունը համեմատում է բնության մեջ ցանքի եւ հունձքի հետ (44): Ինչպես սերմը սկզբում պետք է մեռնի եւ քայքայվի հողում` նախքան կսկսի նոր կյանքը, այդպես էլ մեր մարմինը. նախ, պետք է մեռնի եւ ապականություն տեսնի: Եւ հարության ժամանակ Աստծո խոսքը կկենդանացնի մեռած մարմինը: Իսկ հարություն առած մարմինն այն նույն անկատար ու մահկանացու օրգանիզմը չէ, դա մի նոր, փառավորված, երկրային մարմնից շատ ավելի գերազանց ու հրաշալի մարմին է:
Այստեղ ոչ այնքան կարեւոր է հասկանալ Աստծո գործողության «մեխանիզմը», որքան հավատալը դրան եւ համապատասխան կենսաձեւը: Իսկական քրիստոնյան չի վախենում մահից, գերեզմանը նրա համար հուսահատության տեղ չէ, քանի որ մահը վերջը չէ: Քրիստոսը հաղթել է մահին, եւ մենք կարող ենք մասնակից դառնալ այդ հաղթությանը: Նա ասել է. «Որովհետեւ ես կենդանի եմ, դուք էլ կենդանի կլինեք» (45): Գերեզմանի շեմին միայն մեկ հոգս պետք է լինի. «Հաշտվա՞ծ եմ ես արդյոք Աստծո հետ»: Կամ էլ` ինչպես սաղմոսերգուն է ասում. «Սովորեցրու մեզ այնպես համարել մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (46): Այն ժամանակ մենք չենք կորչի, այս աշխարհի զրկանքները ոչինչ կլինեն` համեմատած ապագա փառքի հետ, եւ ննջածների բազմությունը կդառնա Հարության Օրվա մեծ եկեղեցու ավանգարդը: