rss
youtube
facebook
Հայաստանի կրոնները

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

 

Նյութերը վերցված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական կայքէջից
www.etchmiadzin.am
pontifical-residence-2

Հավատ

Նիկիական Հանգանակը մեր քրիստոնեական դավանանքի ամփոփումն է: Ըստ սրբազան ավանդության Նիկիական Հանգանակը կազմվել է Հոգեգալստին՝ 12 առաքյալների կողմից: Հանգանակը ներառում է Հավատո 12 հոդված, որոնցից յուրաքանչյուրը գրվել է մեկ առաքյալի կողմից:
Երբ եկեղեցու անդամներն սկսեցին ուսուցանել սխալ կամ հերետիկոսական ուսմունքներ, անհրաժեշտություն առաջացավ հստակեցնել մեր Տիրոջ վարդապետության վրա հիմնված Հանգանակը, որը կհերքեր սխալ ուսմունքներն ու կպաշտպաներ դրանց ազդեցությունից: 325թ. Նիկիայի Ա Տիեզերական Սուրբ Ժողովն ընդունեց հանգանակը, եւ այն լրացվեց հաջորդ՝ 381թ. Կոստանդնուպոլսի Բ եւ 431թ. Եփեսոսի Գ Տիեզերական Սուրբ Ժողովներում: 
Հանգանակն առաջին անգամ օգտագործվել է Մկրտության խորհրդի ժամանակ: Ընդհանրական Եկեղեցու հայրերից Հիպոլիտոս պատմաբանը 215թ. իր «Առաքելական ավանդությունը» աշխատության մեջ նշում է, որ Հանգանակը ամբողջությամբ ընթերցվել է մկրտության ժամանակ: Ավելի ուշ՝ V դարում, Հանգանակը սկսվեց գործածվել Սուրբ Պատարագի մեջ, որպեսզի հավատացյալները ուղղափառ դավանանքից չշեղվեն:
Հանգանակին հաջորդում է եկեղեցական նզովք, որը դատապարտում է հերետիկոսական ուսմունքները: Նզովքի պատմական արժեքն այն է, որ այն նշում է Եկեղեցու վաղ շրջանում գոյություն ունեցող կեղծ ուսմունքները: Ս. Գրիգոր Լուսավորիչը Հանգանակին ավելացրել է փառաբանություն, որը հաջորդում էր նզովքին: Փառաբանական մասը Աստծու նկատմամբ երախտագիտության կարճ արտահայտությունն է:
Հանգանակի վերջին բառը` «Ամեն»-ը, Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագում ասվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառաբանությունից հետո:

Նիկիական Հանգանակ

Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ աներեւութից: Եւ ի մի Տէր Յիսուս Քրիստոս յՈրդին Աստուծոյ. ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն յէութենէ Հօր: Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ եւ ո՛չ արարած: Նոյն ինքն ի բնութենէ Հօր. որով ամենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիք եւ աներեւոյթք: Որ յաղագս մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իջեալ յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն սրբով. որով էառ զմարմին, զհոգի եւ զմիտ, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՛չ կարծեօք: Չարչարեալ, խաչեալ, թաղեալ յերրորդ աւուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնով՝ նստաւ ընդ աջմէ Հօր: Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս, որոյ թագաւորութեանն ո՛չ գոյ վախճան: 
Հաւատամք եւ ի սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս եւ ի մարգարէս եւ յաւետարանս. որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն, եւ բնակեցաւ ի սուրբսն: 
Հաւատամք եւ ի մի միայն ընդհանրական եւ առաքելական Սուրբ Եկեղեցի. ի մի մկրտութիւն, յապաշխարհութիւն, ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց. ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց՝ յարքայութիւնն երկնից, եւ ի կեանսն յաւիտենականս:

Նզովք

Իսկ որք ասեն՝ էր երբէմն յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն՝ յորժամ ո՛չ էր սուրբ Հոգին. կամ թէ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զսուրբ Հոգին. եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթուղիկէ եւ առաքելական սուրբ Եկեղեցի:


Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառաբանություն

Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիր պագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:


Ընթացիկ կառուցված

Եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոս է: Եկեղեցու գերագույն հոգեւոր եւ վարչական առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ով հանդիսանում է Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր առաջնորդը: Ամենայն Հայոց կաթողիկոսը 9 մլն. հայ հավատացյալների հայրապետն ու գլխավոր հոգեւոր հովիվն է: Հայ եկեղեցու հոգեւոր եւ վարչական կառույցները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որ գտնվում է Վաղարշապատ քաղաքում, հիմնադրվել է 301 թ-ին եւ 17 դար անց եւս շարունակում է առաջնորդել մեր նվիրյալ ազգին եւ մարդկանց լուսաշող արահետներով, որով իրականցվում է մեր Եկեղեցու հիմնական առաքելությունը, որն է` առաջնորդել մարդկանց դեպի Աստված: 
Հայ Առաքելական Եկեղեցին իր հավատացյալների հոգեւոր պահանջները բավարարելու համար ավելի քան 1700 տարվա իր պատմության ընթացքում փոփոխվել եւ զարգացել է: Եկեղեցու վարչական կառուցվածքում այսօր ընդգրկված են ե’ւ եկեղեցականներ, ե’ւ աշխարհականներ: Հայ Եկեղեցու հոգեւոր եւ վարչական աշխատանքները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, իրականցվում են կրոնական, եկեղեցականների պատրաստման, քրիստոնեական դաստիարակության, նոր եկեղեցիների կառուցման, հասարակական ծառայությունների եւ էկումենիկ գործունեությունների բնագավառում:


Այս կառույցի ներքո են Նվիրապետական Աթոռները.

- Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, որի իրավասության ներքո ներկայումս Լիբանանի, Կիպրոսի եւ Սիրիայի թեմերն են, որոնք 1929թ. ժամանակավոր նրան են հանձնվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կողմից: Ն.Ս.Օ. Տ. Տ. Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն է: 
- Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, որի իրավասության ներքո են բոլոր սրբավայրերը եւ Հորդանանի Թեմը. առաջնորդն է Գերաշնորհ Տ. Թորգոմ Մանուկյանը:
- Կոստանդնուպոլսի եւ Թուրքիո Հայոց Պատրիարքություն, որի իրավասության ներքո են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքի բոլոր հայկական եկեղեցիները. առաջնորդն է Գերաշնորհ Տ. Մեսրոպ Մուտաֆյանը: 
Վերոհիշյալ երեք պատմական նվիրապետական Աթոռները ազատ են ղեկավարել իրենց իրավասության ներքո գտնվող թեմերը, այնուամենայնիվ` Ամենայն Հայոց Կաթողիկոսության գերագահությունը բոլոր հոգեւոր հարցերում մնում է առաջնային: 
Իրենց համապատասխան թեմի վերահսկությությունից, յուրաքանչյուր Նվիրապետական Աթոռ, այդ թվում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ունի իր վանական միաբանությունը:
Տարածքային առումով, հայկական եկեղեցի եւ հայ հավատացյալների համայնք ունեցող աշխարհի յուրաքանչյուր վայր ունի նաեւ թեմեր, որոնք ղեկավարվում են առաջնորդի կողմից:Յուրաքանչյուր թեմ բաղկացած է ծուխերից եւ համայնքներից:
Հայ եկեղեցու հոգեւոր եւ վարչական իշխանության մարմիններն են.
Ազգային-եկեղեցական ժողով, որը Գերագույն կանոնադիր մարմինն է` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Նրա անդամներն ընտրվում են թեմական պատգամավորական ժողովի կողմից: Ազգային եկեղեցական ժողովն ընտրում է Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Եպիսկոպոսաց ժողովը վարչախորհրդակցական մարմին է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Այն առաջարկներ է պատրաստում եկեղեցու ներսում դավանական, եկեղեցական, ծիսական եւ կանոնական հարցերի շուրջ` Ազգային-եկեղեցական ժողովում քննարկելու համար:
Գերագույն Հոգեւոր Խորհուրդ, բարձրագույն գործադիր իշխանությունն է` Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ: Անդամները կարող են ընտրվել Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, կամ էլ նշանակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ստեղծել է Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը 1924 թ. հունվարի մեկին, նախկին Սինոդի փեխարեն: 
Թեմական պատգամավորական ժողով, թեմի բարձրագույն կանոնադիր մարմինն է` Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ: Թեմական պատգամավորական ժողովն ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովի պատվիրակներին, որոշ թեմերում` Թեմի Առաջնորդին, ինչպես նաեւ թեմական խորհրդի անդամներին: Բացի այդ, քննարկում եւ որոշումներ են կայացնում Թեմից ներս առկա վարչական հարցերի շուրջ, ինչպիսիք են` համայնքները, բյուջեն, շինությունները եւ այլն:
Թեմական խորհուրդ, թեմի բարձրագույն գործադիր իշխանությունն է` Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ: Առաջնորդի գլխավորությամբ այն կարգավորում է թեմի ներքին վարչական գործունեությունը: Թեմական խորհրդի անդամներն ընտրվում են Թեմական պատգամավորական ժողովի կողմից:
Վանական միաբանությունը կազմում են վանքի կուսակրոն հոգեւորականները` վանահոր գլխավորությամբ: Ներկայումս Հայ Եկեղեցին ունի երեք` Էջմիածնի, Երուսաղեմի Սրբոց Հակովբյանց ու Կոստանդնուպոլսի միաբանությունները: Յուրաքանչյուր հայ կուսակրոն հոգեւորական, անդամագրվում է այն միաբանությանը, որտեղ ուսանել է եւ ձեռնադրվել, կամ որ միաբանության իրավասության ներքո նա բերում է իր ծառայությունը: Միաբանությունը որոշում է վանքի ներքին հարցերը: Յուրաքանչյուր միաբանություն ընտրում է երկու պատգամավոր` մասնակցելու Ազգային-եկեղեցական ժողովին:
Ծխական ժողով, համայնքի ընդհանուր ժողովն է` հոգեւոր հովվի նախագահությամբ: Ծխական ժողովն ընտրում կամ նշանակում է ծխական խորհրդի անդամներին եւ Թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչներին:
Ծխական խորհուրդ, համայնքի գործադիր վարչական մարմինն է` հոգեւոր հովվի նախագահությամբ, որն զբաղվում է ծուխի ներքին գործունեությամբ` իրականացնելու վարչական եւ տնտեսա-ֆինանսական գործունեություն: Ծխական խորհրդի անդամները ընտրվում կամ նշանակվում են Ծխական ժողովի ժամանակ



ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍՆԱՎՈՐ (ՏԵՂԱՅԻՆ-ԻՆՔՆԱՎԱՐ) ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐԸ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ


Արշակունյան դինաստիայի օրերին Հայ Եկեղեցու սահմաները համապատասխանում էին Մեծ Հայքի թագավորության սահմաններին։
Արշակունյաց թագավորության կործանումով (428) փոխվում են Հայաստանի քաղաքական-վարչական սահմանները, դարերի ընթացքում Հայաստանը ենթարկվում է պարսկական (մինչեւ 651 եւ 1605-1828), բյուզանդական (մինչեւ ՑԿԿ դարի վերջերը), արաբական (702-885), սելջուկյան (ԴԿ-ԴԿԿ դարեր), մոնղոլ-թաթարական (ԴԿԿԿ դար), թուրքական (ԴՑ դարից) եւ ռուսական (1828-1918) տիրապետություններին։ Մեծ Հայքի տարածքում կազմավորվում են մեծ ու փոքր հայկական զանազան թագավորություններ եւ իշխանություններ։ ԴԿ դարից սկսվում է մասսայական արտագաղթ դեպի արեւմուտք, հարավ եւ հյուսիս։
451 թ. գումարված Քաղկեդոնի ժողովի պատճառով Քրիստոսի Եկեղեցին բաժանվում է երկու մասի։ Հռոմի եւ Բյուզանդիայի Եկեղեցիները կազմում են քաղկեդոնական բլոկը, արեւելյան ազգային՝ Հայ, Ասորի, Ղպտի, Հնդիկ Մալաբար եւ Եթովպիայի Եկեղեցիները կազմում են հակաքաղկեդոնական բլոկը եւ բաժանվելով Հռոմի ու Բյուզանդական կայսրության Եկեղեցիներից, զարգանում են ինքնուրույն ճանապարհով։ Նման պայմաններում Հայ Եկեղեցին Հայաստանի Եկեղեցուց դառնում է Հայ՝ ազգային Եկեղեցի, որի սահմանները դուրս են գալիս Մեծ Հայքից եւ տարածվում այնտեղ, ուր որ ձեւավորվում են հայկական իշխանություններ եւ գաղութներ։
Պատմական այս պայմանների բերումով էլ Հայ Եկեղեցու ծոցում, Ս. Գրիգոր Լուսավորչի հիմնադրած կաթողիկոսական Աթոռի հովանու ներքո դարերի ընթացքում ձեւավորվում են տեղական ինքնավար կաթողիկոսական եւ պատրիարքական աթոռներ։ Այդ աթոռները իրենց ներքին գործերում ինքնուրույն լինելով հանդերձ, վարչական, դավանաբանական ու ծիսական հարցերում ճանաչում էին Ս. Էջմիածնի կաթողիկոսության գերագահությունը։ Այդ հանգամանքի շնորհիվ էլ վերջինս դառնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսություն։
Ստորեւ ներկայացնում ենք վերոհիշյալ Աթոռներից կարեւորագույնները։


Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսություն


Աղվանք անունը տարբեր ժամանակաշրջաններում տրվել է տարբեր աշխարհագրական եւ էթնիկական շրջանների։ Մինչեւ Ց դարի սկիզբը այսպես է կոչվել Կուր գետից հյուսիս ընկած եւ մինչեւ Դերբենտի դուռը ձգվող տարածությունը, ուր ԿԿԿ-Ց դարերում գոյություն ունեին վարչական երեք մեծ միավորներ՝ Մազքթաց աշխարհը՝ Չող մայրաքաղաքով, Լփինքը՝ Կապաղակ մայրաքաղաքով եւ Բաղասականը։ Ց դարի կեսին, Հայաստանում Արշակունյաց թագավորության կործանումից (428թ.) հետո, Մեծ Հայքի Ուտիք եւ Արցախ նահանգները միացվում են Կուր գետից հյուսիս ընկած Աղվանքի հետ եւ կազմում Աղվանից մարզպանությունը, Պարտավ մայրաքաղաքով։ Ց դարի երկրորդ կեսից Աղվանք ասելով նկատի է առնվել Աղվանից մարզպանությունը՝ նախկին բուն Աղվանքի երկրները եւ Հայոց Արցախ եւ Ուտիք նահանգները միասին վերցված։
Այն ժամանակ որեւէ եկեղեցու սահմանները որոշվում էին տվյալ երկրամասի քաղաքական-վարչական սահմաններով։ Այդ պատճառով էլ երբ կազմվում է Աղվանից մարզպանությունը, Արցախ եւ Ուտիք նահանգներում գտնվող եպիսկոպոսական աթոռները՝ Ամարասը, Մեծկողմանքը, Գարդմանը, Պարտավը եւ այլն, միանում են Կուրի ձախափնյա Աղվանքի եպիսկոպոսական աթոռների՝ Կապաղակի, Բաղասականի, Շաքիի եւ այլն, հետ եւ կազմում այսպես կոչված Աղվանից Եկեղեցին։
Քանի որ Աղվանից մարզպանության վարչական կենտրոնը Պարտավն էր, ապա Պարտավի եպիսկոպոսը առանձնահատուկ դիրք է ստանում եւ դառնում Աղվանից մարզպանության Եկեղեցու գլուխը, նախ իբրեւ արքեպիսկոպոս, իսկ ՑԿԿ դարի սկզբներից արդեն՝ կաթողիկոս կոչումներով։
Այսպիսով Հայ Եկեղեցու ծոցում կազմավորվում է մի ինքնավար եկեղեցի, որի գլուխ կանգնում է մի տեղական կաթողիկոս, որը միշտ ի հոգեւորս ենթակա է եղել Հայոց կաթողիկոսին։
Աղվանից մարզպանության Եկեղեցին եղել է հայալեզու, հայադավան եւ հայածես։ Այդ բացատրվում է նախ նրանով, որ բուն՝ Կուրի ձախափնյա, Աղվանքում քրիստոնեությունը տարածել եւ եկեղեցիներ են հիմնել Հայաստանից ուղարկված քարոզիչները։ Երկրորդ, որ Աղվանից մարզպանության մի հիմնական մասը՝ Արցախը եւ Ուտիքը ուներ բացառապես հայ բնակչություն։ Եվ երրորդ, Եկեղեցու կենտրոնը՝ Պարտավի Աթոռը, գտնվում էր հայկական հողի վրա, հայ մշակույթի ծոցում։
Այս կաթողիկոսության աթոռանիստը մինչեւ ԿԴ դարի սկիզբը մնում է Պարտավում, որից հետո, քաղաքական անբարենպաստ պայմանների հետեւանքով տեղափոխվում է տեղից տեղ (Բերդակ, Չարեք, Խամշի, Քարահերտ, Ճալեթ եւ այլն) եւ ի վերջո ԴՑ դարից հաստատվում Գանձասարի վանքում (1216-1238)։ Այդ օրերից գործածական է դառնում Գանձասարի կաթողիկոսություն անվանումը։
Գանձասարի կաթողիկոսությունը իր գոյությունը շարունակում է մինչեւ 1813/5 թվականը, երբ Ներսես Աշտարակեցու առաջարկով ու ռուսական պետության կարգադրությամբ նախ դառնում է միտրոպոլիտություն, ապա տրոհվելով, կազմում Ամենայն Հայոց կաթողիկոսության երկու՝ Ղարաբաղ-Արցախի, եւ Շամախու թեմերը։


Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն


ԿՑ դարից սկսած բազմաթիվ հայ ուխտավորներ են գնում Երուսաղեմ։ Հայաստանի նախարարական տները եւ եպիսկոպոսական աթոռները իրենց թեմերից գնացած ուխտավորներին օթեւաններով ապահովելու համար Երուսաղեմում կառուցում են վանքեր, որոնց թիվը ՑԿ դարում արդեն հասնում էր յոթանասունի։ Այդ վանքերը հիմնականում կոչվում էին այն նախարարական տների կամ թեմերի անուններով, որոնց կողմից որ կառուցվել եւ պահպանվում էին, ինչպես օր. Մամիկոնեից վանք, Գուգարաց վանք, Սյունյաց վանք, Արցախի վանք, Ամարասի վանք, Ամատունյաց վանք եւ այլն։ Այդ վանքերը իրենց վանահայրերով, վանականներով ու ժողովրդով մինչեւ ՑԿ դարի կեսը գտնվում էին Երուսաղեմի պատրիարքի հոգեւոր իշխանության ներքո, ինչպես որ ընդունված էր այն ժամանակ եկեղեցական կանոններով։
Երբ Երուսաղեմի պատրիարքությունը, Բյուզանդական պետության ճնշման տակ, ՑԿ դարի կեսերին վերջնականապես որդեգրում է քաղկեդոնական դավանանքը, Երուսաղեմի Հայոց վանքերն ու եկեղեցիները բաժանվում եւ կազմում մի առանձին Եկեղեցի՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։
Բյուզանդական տիրապետության շրջանում, մինչեւ արաբների կողմից Երուսաղեմի գրավումը (636թ.) Երուսաղեմի Հայոց Եկեղեցին հալածանքների էր ենթարկվում քաղկեդոնականների կողմից։ Մեկը մյուսի ետեւից դատարկվում էին հայոց վանքերը եւ դառնում բյուզանդացիների սեփականությունը։ Երբ 0մար խալիֆան (634-644) 636 թ. գրավում է Երուսաղեմը, Հայոց Գրիգոր Եդեսացի պատրիարքին տալիս է մի հավատարմագիր, որով հաստատում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունների անձեռնմխելիությունը։ Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանում պահպանվում են նման մի շարք հաստատագեր տրված արաբ խալիֆաների կողմից։
Երուսաղեմի Հայոց պատրիարքի նվիրապետական աստիճանը արքեպիսկոպոս-ն է, պատրիարք կոչումը վարչական անվանում է, որ տրվել է Երուսաղեմի Հայոց արքեպիսկոպոսներին քաղաքական իշխանությունների կողմից, հաստատելու համար նրանց ինքնավարությունը եւ անկախությունը այլ եկեղեցական Աթոռից՝ Երուսաղեմի հայ վանքերի եւ եկեղեցիների գործերը տնօրինելու մեջ։


Աղթամարի կաթողիկոսությունը


Անիի թագավորության անկումից հետո (1045) Ամենայն Հայոց կաթողիկոսության աթոռը Մեծ Հայքից փոխադրվում է Կիլիկիա, ուր եւ մնում է շուրջ 400 տարի։
Երբ 1113 թ. Կիլիկիայում Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվում քսանամյա Գրիգոր Գ Պահլավունին (1113-1166), Աղթամարի Դավիթ արքեպիսկոպոսը, որ իրեն էր համարում արժանավորագույն թեկնածուն կաթողիկոսության, բողոքում է այդ ընտրության դեմ։ Վասպուրականի Ձորավանքում գումարված ժողովը պատճառաբանելով նորընտիր կաթողիկոսի երիտասարդությունը, Աթոռի Հայաստանից դուրս գտնվելը, նախկինում Աղթամարի կաթողիկոսանիստ լինելը եւ այլն, Դավիթին հռչակում են կաթողիկոս Բուն Հայաստանի համար։ 0ծվելով հինգ եպիսկոպոսների ձեռամբ, Դավիթը շրջաբերական նամակներ է ուղարկում Հայաստանի եպիսկոպոսներին, հորդորելով ճանաչել իր կաթողիկոսությունը։ Շատերը մերժում են նրա առաջարկը, սակայն գտնվում են նաեւ այնպիսիները, ինչպես օր. Սյունյաց եւ Մարդպետական հզոր արքեպիսկոպոսները, որոնց գրավում է կաթողիկոսական Աթոռը Մայր Հայրենիքում լինելու գաղափարը եւ հավանություն են տալիս Դավիթի կաթողիկոսությանը։
1114 թ. Կիլիկիայում, Շուղրի Կարմիր վանքում, գումարվում է մի ժողով, 2500 ներկաներով՝ եպիսկոպոսներ, վանականներ, իշխաններ եւ այլն, որոնք քննելով Դավիթ Աղթամարցու ընթացքը՝ դատապարտում են նրան եւ նզովում։ Սյունյաց եւ Մարդպետական արքեպիսկոպոսությունները ետ են կանգնում իրենց ընթացքից։ Հակառակ այս ամենի Աղթամարի կաթողիկոսությունը շարունակում է իր գոյությունը՝ սահմանափակվելով իր նախկին՝ թեմական տարածքում։
1441 թ. Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովում Աղթամարի կաթողիկոսությունը հնազանդության գիր է տալիս Ամենայն Հայոց կաթողիկոսությանը, արձակվում նզովքից ու ընդգրկվում Հայ Եկեղեցու ծոցը, իբրեւ մասնավոր՝ տեղական կաթողիկոսական Աթոռ։
Աղթամարի կաթողիկոսությունը իր գոյությունը շարունակում է մինչեւ Ա համաշխարհային պատերազմը եւ Մեծ Եղեռնը։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

1441 թ. Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայից փոխադրվում է Ս. Էջմիածին, ուր եւ գոյատեւում է մինչեւ այսօր։
Կիլիկիայի մայրաքաղաք Սսում նստող վերջին կաթողիկոսը՝ Գրիգոր Թ Մուսաբեկյանցը (1439-1441) ծերության եւ հիվանդության պատճառով չի կարողանում փոխադրվել Էջմիածին եւ լիազորում է 1441 թ. Ս. Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովին իր փոխարեն նոր կաթողիկոս ընտրելու։ Ընտրվում է Կիրակոս Ա Վիրապեցին (1441-1443)։
Կիլիկեցիների համար դժվար էր մի անգամից զրկվել կաթողիկոսական Աթոռի ներկայությունից, այդ պատճառով էլ, օգտվելով այն հանգամանքից, որ Գրիգոր Թ կաթողիկոսը շարունակում էր ապրել Սսում, նրա մահից հետո հիմք են դնում մի նոր կաթողիկոսության, տեղական իշխանությամբ՝ Կիլիկիայի սահմաններով։ Այն անվանվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։
1920 թ. Կիլիկյան ջարդերի հետեւանքով աթոռը 10 տարի տեղից տեղ է թափառում եւ ի վերջո հանգրվանում Լիբանանի Անթիլիաս գյուղում։ Կիլիկիայի Աթոռը կորցրել էր իր թեմերը եւ կործանման առջեւ էր գտնվում։ Պահպանելու համար Կիլիկյան Աթոռի գոյությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսության միջնորդությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը ժամանակավորապես նրան է զիջում իր թեմերից Սիրիան եւ Լիբանանը։ Կիլիկյան Աթոռը իր գոյությունը շարունակում է մինչեւ այսօր։


Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն


Հիմնադրվել է 1461 թ. սուլթան Մահմեդ Բ Ֆաթիհի հրամանագրով։ Պատրիարքարանի ստեղծումը հետապնդել է երկու հիմնական նպատակ.
ա. Հայ Եկեղեցու կենտրոնը գտնվում էր Ս. Էջմիածնում՝ Պարսկաստանի տիրակալության տակ։ Ստեղծելով Կ.Պոլսի Հայոց Պատրիարքությունը, սուլթանը հետապնդել է այդ միջոցով իր ազդեցության տակ պահել Թուրքիայի տիրակալության տակ գտնվող հայությանը։
բ. Հայոց Պատրիարքարանի հիմնադրմամբ մի հակակշիռ էր ստեղծվում Կ.Պոլսի Հույն Տիեզերական Պատրիարքության նկատմամբ։
Պատրիարքարանի հիմնադրմամբ ըստ էության սուլթանը արեւմտահայության կառավարումը եւ ամեն ինչի պատասխանատվությունը դնում էր այդ համայնքի լեզուն եւ ավանդությունները լավ իմացող, նրա վստահությունը վայելող հոգեւոր մի մարմնի վրա, տալով նրան որոշակի իրավունքներ։ Հայոց պատրիարքը Թուրքական պետության սահմաններում ապրող հայության թե՛ հոգեւոր առաջնորդ էր, թե՛ ազգապետը։ Այդ պատճառով էլ մինչեւ Մեծ Եղեռնը Կ.Պոլսի Հայոց պատրիարքության վարչական իշխանությունը տարածվում էր ինչպես Երուսաղեմի Հայոց Պատրիարքության, այնպես էլ Աղթամարի ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների վրա։
Սկզբնական շրջանում Հայոց պատրիարքի նստավայրը եղել է Սամաթիայի Ս. Գեւորգ եկեղեցին, իսկ 1644 թ.ից՝ Գում Գաբուի Մայր եկեղեցին։
Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը մինչեւ Ա Համաշխարհային պատերազմը ուներ 52 թեմ, այդ թվում Բաղդադի, Կիպրոսի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունաստանի թեմերը։ Այն իր երբեմնի դերը կորցրեց Մեծ Եղեռնից հետո։ Այսօր Կ.Պոլսի Հայոց պատրիարքությանն են ենթարկվում միայն Թուրքիայի հայոց եկեղեցիները։


Միջեկեղեցական հարաբերություններ

XX դարասկզբին ծնված եւ դարակեսին իր զարգացումն ապրած Էկումենիկ շարժման նկատմամբ Հայ Առաքելական Եկեղեցին ի սկզբանե հանդես է բերել հետաքրքրություն՝ դիտորդական կերպով մասնակցելով միջեկեղեցական միջոցառումներին ու իր դիրքորոշումն արտահայտելով Եկեղեցիների միության խնդրին առնչվող հարցերին:
Էկումենիկ շարժման սկզբնավորման նախնական փուլում եւ ապա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ձեւավորումից հետո Հայ Առաքելական Եկեղեցին իր մասնակցությունն է բերել Էկումենիկ շարժմանը՝ նախ դիտորդի հանգամանքով, ապա` որպես լիիրավ գործունյա անդամ:
1962թ. ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավորությամբ դարձավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ), իսկ 1977 թվականից՝ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) պաշտոնական անդամ` հետագայում անդամակցելով ուրիշ տարածաշրջանային, ենթատարածաշրջանային, ազգային, միջեկեղեցական ու Էկումենիկ կազմակերպությունների: 
Միջեկեղեցական հարաբերությունները կանոնավորելու ու ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, 1973թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանատանը կից կազմավորվում է Հայաստանյայց Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը: Երկար տարիներ Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը ղեկավարել են Գերաշնորհ Տ. Արսեն արք. Բերբերյանը, Գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանը, իսկ Ամենայն Հայոց Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության տարիներին՝ Հոգեշնորհ Տ. Միքայել ծ. վրդ.Աջապահյանը: 
1999թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ բաժինը վերակազմավորվեց: Այն այսօր զբաղվում է Քույր Եկեղեցիների եւ օտար կրոնական կազմակերպությունների հետ մեր Եկեղեցու հարաբերությունների ընդարձակման եւ կոորդինացման խնդիրներով, ինչպես նաեւ կազմակերպելով եւ ապահովելով Հայ Եկեղեցու գործուն մասնակցությունը էկումենիկ շարժմանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նպատակն է նաեւ աշխարհին ներկայացնել մեր Եկեղեցին՝ իր քրիստոնեական արժեքներով եւ հոգեւոր ժառանգությամբ:
Միջեկեղեցական հարաբերությունների բաժինն իր գործունեության ընթացքում ԵՀԽ-ի, ԵԵԿ-ի, կրոնական եւ էկումենիկ կազմակերպությունների կողմից հրավիրված գիտաժողովներում ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության շահերն ու արտահայտում մեր տեսակետները այլեւայլ խնդիրների առնչությամբ: Այն իր մշտական ներկայացուցիչներն ունի ԵՀԽ-ում, ԵԵԿ-ում եւ այլն: Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, բացի վերոնշյալ կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցելուց, ինքն է կազմակերպում նմանօրինակ միջոցառումներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եւ օրհնությամբ, Ս. Էջմիածնում եւ թեմերում: Այն քույր եկեղեցիների հետ նաեւ գործուն մասնակցություն է բերում կրթական ծրագրերին:
ԵՀԽ-ի հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին արձանագրել է փոխշահավետ համագործակցության փորձառություն, որը նպաստում է թե Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսությունների հաստատմանը եւ փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ թե բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Հայ Եկեղեցին ակտիվորեն մասնակցում է մի շարք աստվածաբանական երկխոսությունների, որոնց ընթացքում շոշափելի արդյունքներ են արձանագրվել հատկապես Ուղղափառ Եկեղեցիների հետ բանակցությունների արդյունքում:
Այսօր կարելի է արձանագրել, որ մեծ է Միջեկեղեցական հարաբերություների գրասենյակի դերը մեր Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ, Ղպտի, Եթովպիական, Ռումին, Վրաց Ուղղափառ Եկեղեցիների հարաբերություններում հաջողությունների ձեռքբերման գործում: Այս հաջողություններն ամրապնդվում են ոչ միայն մի շարք գիտաժողովներին եւ կոնֆերանսներին համատեղ մասնակցության, այլեւ Եկեղեցիների պետերի փոխադարձ այցելությունների եւ բանակցությունների շնորհիվ: 
Բոլոր հանդիպումների եւ զրույցների ընթացքում Հայ Եկեղեցին շեշտում է Եկեղեցիների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացման կարեւորությունը, որը նպաստում է համաքրիստոնեական շրջանակներում Ուղղափառ Եկեղեցու վկայության ուժեղացմանը եւ էկումենիկ շարժման մեջ Ուղղափառ Եկեղեցիների մշտական մասնակցության գործին:
1999թ. դեկտեմբերի 1-ից առ այսօր Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատուն է Գերաշնորհ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանը:


Պատմություն 

Քրիստոնեությունը պետական կրոն Հայաստանում

Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցի ձեւավորումը


Գ դարի վերջին եւ Դ դարի սկզբին քրիստոնեությունը Հայաստանում դառնում է պետական կրոն։ Այդ՝ Հայ ժողովրդի պատմության ամենանշանակալից դեպքը արդի պատմագիտության կողմից դրվում է 301 թվականին։ Այդ գործում առաջնակարգ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը /287-330/ եւ Հայաստանի առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը /301-325/։

Ե դարի հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ չաստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաեւ, որ նա իր հոր՝ Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է։ Թե մեկ եւ թե մյուս «հանցանքների» համար Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։ Նույն թվականին Տրդատը երկու հրովարտակ է արձակում, առաջինով հրամայելով Հայաստանի մեջ գտնվող քրիստոնյաների ոտքերը, ձեռքերն ու պարանոցը կապած արքունիք բերել եւ նրանց ունեցվածքը բռնագրավել, իսկ երկրորդով մահապատիժ է սահմանում քրիստոնյաներին թաքցնողների համար։ Այս հրովարտակները ցույց են տալիս, թե որքան մեծ վտանգ էր համարվում քրիստոնեությունը պետության եւ հեթանոսության համար։
Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երեւույթը սերտորեն կապում է Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության սրանք հռոմայեցի կույսեր էին, որ փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արեւելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին եւ ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արեւելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն, երկու ընկերուհիներով՝ հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր՝ հնձանում։
Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին։ Կույսերի եւ հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ե դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ եւ Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորապես ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը եւ ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում, քրիստոնեությունն էլ հռչակելով պետական կրոն։
Թե իրապես ինչ դեր է խաղացել Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի եւ արքունիքի քրիստոնյա դառնալու գործում, դժվար է ճշգրտորեն ասել։ Այն հանգամանքը, սակայն, որ նույն Տրդատ թագավորի եւ Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրություններով անմիջապես երեք տաճարներ են կառուցվում կույսերի նահատակությունների վայրերում, վկայում է այն մասին, թե ինչ մեծ նշանակություն են տվել ժամանակակիցները այդ նահատակություններին։
Նորադարձ քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Ս. Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը՝ Կապադովկիայի Կեսարիա, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղեւոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Ս. Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղեւոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Ս. Գրիգոր Լուսավորչին եւ վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ Հատկանշական է, որ գահակալության արարողությունը կատարվում է ոչ թե Հայաստանի մայրաքաղաք եւ Ս. Գրիգոր Լուսավորչի աթոռանիստ Վաղարշապատում, այլ հեռավոր Աշտիշատում, ուր գնալու համար նրանք ստիպված էին մեծ շեղում կատարել ճանապարհից։ Այս երեւույթը բացատրվում է միայն նրանով, որ Աշտիշատում գոյություն ուներ արդեն մի հին եպիսկոպոսական աթոռ։

Վաղարշապատ վերադարձին Ս. Գրիգոր Լուսավորիչը ձեռնարկում է Հայաստանի Մայր Տաճարի՝ Կաթողիկե եկեղեցու կառուցումը, համաձայն մի տեսիլքի, ըստ որի Աստուծո Միածին Որդին իջնում է երկիր եւ հրեղեն մուրճով հարվածելով գետնին ցույց տալիս այն վայրը, ուր պիտի կառուցվեր Իջման Ս. Սեղանը։

Նորադարձ հայ պետությունը շուտով՝ 313 թվականին ստիպված է լինում պաշտպանելու քրիստոնեությունը հռոմեական կայսրության դեմ։ Եվսեբիոս Կեսարացին վկայում է, որ Մաքսիմինոս Դայա կայսրը /305-313/ "պատերազմ հայտարարեց արմեններին, այն մարդկանց, որոնք ի սկզբանե բարեկամ եւ նիզակակից էին հռոմայեցիներին։ Եվ որովհետեւ նրանք քրիստոնյա էին եւ ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել, որ դառնան կուռքերի եւ դեւերի պաշտամունքին։ Դրանով նա բարեկամին ատելի դարձրեց, դաշնակցին՝ թշնամի... Արդ՝ նա հենց ինքն իր բանակի հետ, արմենների դեմ պատերազմելիս, ջախջախվեց" /Թ 8,2/։

Այն ժամանակ Հայաստանը ֆեոդալական մի երկիր էր։ Երկրի ղեկավարը թագավորն էր, որ միեւնույն ժամանակ սեփականատերն էր կենտրոնական Այրարատ նահանգի։ Թագավորի կողքին կային նախարարներ, որոնք իշխում էին իրենց պատկանող նահանգներին, կամ գավառներին, ժառանգական իրավունքով եւ առանձին զորքով, վասալական ենթակայության մեջ լինելով թագավորից եւ իրենց հատուկ գահը ունենալով արքունիքում, համաձայն իրենց հզորության։
Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն։ Նա նախարարությունների համար ձեռնադրում է եպիսկոպոսներ։ Պատմական աղբյուրներում հիշվում են ավելի քան 30 եպիսկոպոսություններ, այդ թվում՝ Հարքի, Սյունյաց, Բասենի, Մամիկոնյանների, Բագրատունյաց տան, Խորխոռունիների տոհմի, Մոմկաց, Արծրունյաց, Ցուրտավի, Կարինի, Դարանաղյաց, Շիրակի, Կորդվաց աշխարհի, Վանանդացիների, Աբեղյան եւ Գաբեղյան տոհմերի եւ այլն։ Այս եպիսկոպոսները, 36, ենթակա էին Հայոց եպիսկոպոսին, որ շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով Հայաստանի Եկեղեցու նվիրապետական կառուցվածքը կազմավորվում է ինքնուրույն ճանապարհով, ելնելով տեղական պայմաններից եւ անկախ այն ընթացքից, որ ունեցավ Եկեղեցին Հռոմեական կայսրության մեջ, ուր 325 թ. Նիկիայի Ա Տիեզերական ժողովում հաստատվեց միտրոպոլիտական սիստեմը, իսկ 381 թ. Կ. Պոլիսի Բ Տիեզերական ժողովում՝ պատրիարքականը։

Ս. Գրիգոր Լուսավորչի հովվապետության ժամանակ Աղվանից Ուռնայր թագավորը քրիստոնյա էր դարձել եւ Լուսավորիչը Աղվանքի համար մի հռոմայեցի եպիսկոպոս էր ձեռնադրել։ Հավանաբար այս եպիսկոպոսի մահից հետո Ս. Վրթանես Հայրապետը Աղվանից եպիսկոպոս է ձեռնադրում իր ավագ որդուն՝ Գրիգորիսին, որը գնալով Աղվանք, Ցրիում նորոգում է եկեղեցիները, քարոզում, ապա գնում քրիստոնեությունը տարածելու Մազքութների մեջ։ Նախնական շրջանում Գրիգորիսը հաջողություն է ունենում Մազքութների Արշակունի Սանեսան թագավորի արքունիքում։ Հետագայում, սակայն, 337 թվականին նահատակվում է նույն թագավորի հրամանով Վատնյան դաշտում, կապում են ձիու պոչից եւ քաշ ալով տանջամահ անում։ Անշուշտ այս նահատակությունը կապված էր Պարսից Շապուհ Բ թագավորի քրիստոնեահալած քաղաքականության հետ։ Ս. Գրիգորիսի աշակերտները նրա աճյունը բերում են Հայաստան եւ ամփոփում Արցախի Ամարասում, որն այնուհետեւ դառնում է մեծ ուխտատեղի եւ եպիսկոպոսական Աթոռ։

353 թ. հայոց մեծամեծերի միանվագ համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռ Ներսես իշխանը։ Մեկ տարի անց Ներսես կաթողիկոսը մի նշանավոր ժողով է գումարում Աշտիշատում, որ համարվում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը զբաղվում է հիմնականում երկու կարեւոր հարցերով։
1. Կազմակերպչական հարցեր։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ եւ այլ բարեգործական հաստատություններ։ Ժողովը արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին եւ այլն։ Ժողովը որոշում է հիմնել նաեւ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։ Ժողովը զբաղվում է նաեւ ծիսական բարեկարգման հարցերով։
2. Դավանաբանական հարցեր։ Ժողովը զբաղվում է նաեւ Հավատո Հանգանակի հետ կապված վիճաբանություններով։ Հայտնի է, որ Նիկիայի Ա Տիեզերական ժողովում բանաձեւվում է Եկեղեցու ուղղափառ դավանությունը Որդի Աստուծո մասին։ Տեսանք արդեն, որ այս հանգանակը Արիստակես Հայրապետը բերել էր Հայաստան եւ այն ընդունելի էր համարվել Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից ու դարձել նաեւ Հայ Եկեղեցու Հավատամքը։ Մի քանի տարի անց, սակայն, այս հանգանակը լուրջ ընդդիմության է հանդիպում Հռոմեական կայսրության մեջ, քաղաքական իշխանության օժանդակությամբ հզորացած արիոսական զանազան հոսանքների կողմից։ Տեսանք նաեւ, որ Հայաստանում նույնպես եղել են արիոսական եպիսկոպոսներ։ Աշտիշատի ժողովը կրկին անգամ մերժել է արիոսականությունը եւ ընդունել Նիկիական Հանգանակը։
Աշտիշատի ժողովի որոշումները ամենայն հաջողությամբ իրականացնում է Ներսես կաթողիկոսը, որի համար էլ արժանանում է Մեծ կոչմանը։ Նրա հայրապետության շնորհիվ հայ ժողովուրդը լիիրավ կերպով հաղորդակից դարձավ քրիստոնեության էությանը։ Եվ կարելի է ասել, որ նրա գործունեության շնորհիվ է, որ հայ ժողովուրդը իսկապես քրիստոնյա դարձավ։



Հայ Եկեղեցու հիմնադրություն


Հայաստանում քրիստոնեության տարածման զուգընթաց հոգեւոր հովիվների ու հովվապետների կարիքն էր զգացվում: Եպիսկոպոսություն ստեղծելու նպատակով Ս. Գրիգոր Լուսավորիչը մեկնեց Կապադովկիայի Կեսարիա քաղաք, ուր օծվեց Կապադովկիայի եպիսկոպոսների կողմից` Ղեւոնդիոս Կեսարացու ձեռամբ: Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսը Հայաստանում նախագահեց Ս. Գրիգոր Լուսավորչի գահակալության արարողությունը: Արարողությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այլ հեռավոր Աշտիշատում, ուր երկար ժամանակ գոյատևել է Եպիսկոպոսական Աթոռը:
Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստան վերադառնալով, իր հետ Կեսարիայից ու Սեբաստիայից շատ քահանաներ բերեց: Թագավորը եկավ Եփրատ գետի ափը` նրան դիմավորելու: Ս. Գրիգորը պահեցողության շրջան հայտարարեց բոլորի համար, իսկ Հայ Եկեղեցին այսօր էլ նշում է այն որպես առաջավորաց պահք:
Ս. Գրիգորը քարոզում էր ու մարդկանց նախապատրաստում մկրտության: Այն հոգեւորականները, որոնց նա իր հետ էր բերել, օգնում էիր իրեն մկրտությունների ժամանակ: Ս. Գրիգորն անձամբ մկրտեց Տրդատ թագավորին, նրա ընտանիքին, ինչպես նաեւ ողջ արքունիքին և երկրի ազնվականներին: 
Տրդատ թագավորն ու Ս. Գրիգոր Լուսավորիչը Հայաստանը հռչակեցին քրիստոնյա պետություն:
Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնեց Հայ Եկեղեցու նվիրապետությունը` հավատարիմ մնալով Հայաստանի պետական վարչական համակարգի սկզբունքներին: Նա յուրաքանչյուր աչքի ընկնող նախարարության համար մեկական եպիսկոպոս ձեռնադրեց:
Այս եպիսկոպոսները ենթարկվում էին Հայաստանի Ծայրագույն եպիսկոպոսին` եպիսկոպոսապետին, որը շուտով կոչվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս: 
Այսպիսով Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմավորվեց տեղի պայմաններին համապատասխան և անկախ այն գործընթացներից, որոնք տեղի էին ունենում Հռոմեական կայսրության եկեղեցիներում, ուր 325 թ-ին Նիկիայի առաջին Էկումենիկ Ժողովով հաստատվեց նվիրապետության մետրոպոլիտական համակարգը, իսկ 381 թ, Կոստանդնուպոլսի Երկրորդ Էկումենիկ Ժողովով` պատրիարքականը: 
Ճիշտ է, Հայաստանում Ս. Գրիգոր Լուսավորչից դեռ շատ առաջ կային այլ եպիսկոպոսներ, սակայն նա դարձավ առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ հայ Եկեղեցին ղեկավարեց շուրջ 25 տարի: Գրիգոր Լուսավորիչն իր մահկանացուն կնքեց Նիկիայում գումարված առաջին Տիեզերական Ժողովից կարճ ժամանակ անց: Նրա որդին` Արիստակեսը, որ եպիսկոպոս էր ձեռնադրվել հոր ձեռամբ, մասնակցեց այդ ժողովին որպես Հայ Եկեղեցու ներկայացուցիչ , քանի որ հայրն արդեն բավական ծեր էր: Հենց այս ժողովում էր, որ ձեւակերպվեց քրիստոնեական եկեղեցու Հավատո Հանգանակը: 
Քրիստոնեացած Հայաստանը պետք է պաշտպաներ իր կրոնը Հռոմեական Կայսրությունից: Եվսեբիոս Կեսարացին վկայում է, որ Մաքիմիոս կայսրը (305-313) «պատերազմ հայտարարեց արմեններին, այն մարդկանց, ովքեր ի սկզբանե բարեկամ եւ նիզակակից էին հռոմեացիներին: Եվ որովհետեւ նրանք քրիստոնյա էին եւ ջերմեռանդ պաշտում էին Աստծուն, ուստի աստվածատյացը ջանաց նրանց բռնությամբ ստիպել վերադառնալու կուռքերի եւ դեւերի պաշտամունքին: Դրանով նա բարեկամին ատելի դարձրեց, դաշնակցին` թշնամի... Արդ` նա հենց ինքն իր բանակի հետ, արմենների դեմ պատերազմելիս, ջախջախվեց»: (Թ 8,2,4) Իր կյանքի վերջին օրերին` 312-313 թթ, Մաքիմիոս կայսրը հարձակվեց հայերի վրա: Քրիստոնեությունը 10 տարվա ընթացքում այնպիսի խոր արմատներ էր գցել Հայաստանում, որ հայերը սկսել էին պայքարել Հռոմեական հզոր կայսրության դեմ իրենց նոր հավատքին հավատարիմ մնալու համար: 
Այդ ժամանակ Հայաստանը ֆեոդալական երկիր էր: Պետության ղեկավարը թագավորն էր, որը միաժամանակ կենտրոնական Այրարատ մարզի մարզպանն էր: Թագավորի վասալները իշխաններն էին, ովքեր ժառանգել էին իրենց մարզերի ու շրջանների իշխանությունը եւ ունեին իրենց սեփական բանակներն ու իրենց գահերը թագավորական պալատում ` համապատասխան իրենց պաշտոնին: 
Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրոք Աղվանքի Ուռնայր թագավորը նույնպես ընդունեց քրիստոնեությունը: Աղվանքի առաջին եպիսկոպոսի մահից հետո, ծնունդով հռոմեացի, Վրթանես կաթողիկոսի որդի Գրիգորիսը, որը ձեռնադրվել էր ձեռամբ Ս. Գրիգոր Լուսավորչի, դարձավ Աղվանքի եպիսկոպոս: Վերականգնելով Ցրիում գտնվող եկեղեցին` Գրիգորիսը մեկնեց մազքութների երկիր` քարոզելու համար Ավետարանը: Այնտեղ նա 337 թ-ին նահատակվեց Արշակունի Սանեսան թագավորի հրամանով: Անկասկած Գրիգորիսի նահատակությունը կապված էր պարսից Շապուհ Բ արքայի կողմից այդ ժամանակ քրիստոնյաների դեմ տարվող հալածանքների հետ: Աշակերտները Ս. Գրիգորիսի աճյունը թաղեցին Արցախում` Ամարասում, որն այնուհետև դարձավ Եպիսկոպոսական Աթոռ: 
353թ-ին հայ ազնվականները միասնաբար կաթողիկոս ընտրեցին Ներսես իշխանին` Հուսիկ Կաթողիկոսի (341-347) թոռանը: 
Մեկ տարի անց Ներսես Կաթողիկոսը Աշտիշատում ժողով հրավիրեց, որը պատմության մեջ հայտնի է որպես առաջին Ազգային Եկեղեցական Ժողով:
Ժողովը որոշում ընդունեց աղքատներին կացարաններ տալ, Հայաստանի տարբեր վայրերում հիմնեց որբանոցներ, հիվանդանոցներ, բորոտանոցներ եւ այլ հաստատություններ: Խորհուրդը նաեւ որոշում ընդունեց հիմնել վանքեր, կուսանոցներ եւ դպրոցներ:
Ժողովն արգելեց մահացած մարդկանց հեթանոսական սովորություններով թաղելը ( հանդերձները պատռելը, բարձրաձայն բղավելը եւ այլն), այդպիսով առավել հավատ ներշնչելով հարության ու հանդերձյալ կյանքի նկատմամբ: Այն նաեւ արգելեց ամուսնությունը հարազատների հետ, կաշառակերությունը, անբարոյականությունը, ինչպես նաև հորդորեց հեռու մնալ հարբեցողությունից, գթասրտություն ցուցաբերել ծառաների հանդեպ, մարդկանց չծանրաբեռնել հարկերով եւ այլն:
Աշտիշատի Ժողովում քննարկվեց նաեւ արիոսականության հարցը: Հայտնի է, որ Նիկիայի առաջին Էկումենիկ Ժողովում բանաձեւվում էր Եկեղեցու Ուղղափառ դավանությունը Որդի Աստծու մասին: Արիստակես Կաթողիկոսը Նիկիական Հանգանակը բերեց Հայաստան, եւ Ս. Գրիգոր Լուսավորիչն ընդունեց այն: Մի քանի տարի անց Հռոմեական Կայսրությունում սկսեցին զարգանալ արիոսականության տարբեր ուղղությունները: Հայ եպիսկոպոսների շարքերում եւս կային Արիոսի վարդապետության հետեւորդներ: Աշտիշատի Ժողովը մեկ անգամ եւս դատապարտեց արիոսականությունը եւ հաստատեց Նիկիական Հանգանակի ընդունումը
Ներսես Կաթողիկոսին հաջողվեց Առաջին Ազգային Եկեղեցական Ժողովի որոշումներն իրագործել, որի համար նրան անվանեցին Ներսես Մեծ:

Հայաստանի Եկեղեցու հայացումը


387 թվականին Հայաստանի թագավորությունը երկփեղկվում է, ենթարկվելով Պարսկաստանին եւ Բյուզանդիային։ Բյուզանդական Հայաստանում, որ ամփոփված էր միայն Բարձր Հայք նահանգի սահմաններում, շուտով վերանում է Հայկական թագավորությունը եւ երկիրը սկսում է կառավարել Բյուզանդիայի կողմից նշանակված կոմսի կողմից։ Արեւելյան Հայաստանում Արշակունիների թագավորությունը, թեպետեւ Պարսկաստանի իշխանության տակ, գոյատեւում է եւս երեք տասնամյակ։
Ճիշտ այդ դժվարին պայմաններում է, որ սկիզբ է առնում հայ մշակույթի ոսկեդարը։

Քրիստոնեական պաշտամունքը Հայաստանում կատարվում էր երկու լեզուներով՝ հունարեն եւ ասորերեն։ Բնական է, որ այն անհաղորդ մնար ժողովրդի լայն զանգվածներին։ Անշուշտ ստեղծվել էր թարգմանիչների դաս, որ եկեղեցական արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր կերպով թարգմանում էր հայերենի, սակայն քրիստոնեությունը հայ ժողովրդի սեփականությունը լինելու համար պետք է որ հայերեն հնչեր։ Այս դժվարությունը, ի թիվս այլոց, զգում է նաեւ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը, երբ Գողթն գավառում մաքառում էր հեթանոսության վերջին մնացորդների դեմ։ Նա երկնում է հայերեն գրեր ստեղծելու գաղափարը, որը մեծ ընդունելություն է գտնում Ս. Սահակ կաթողիկոսի եւ հայոց Վռամշապուհ թագավորի կողմից /389-417/։ Տքնաջան աշխատանքից հետո, աստվածային հայտնությամբ Ս. Մեսրոպ Մաշտոցին ի վերջո հաջողվում է ստեղծել հայերեն այբուբենը, 406 թվականին։ Առաջին նախադասությունը, որը Ս. Մեսրոպը թարգմանում է հայերենի, հետեւյալն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» /Առակաց Ա 1/։ Ճիշտ հասկանալով այս խրատի իմաստը, հայ ժողովուրդը հայոց այբուբենը դարձրեց իր հիմնական զենքը օտար նվաճողների դեմ, իր պատմության ողջ ընթացքում։ Հայերեն այբուբենի տառերը դարձան հայ ժողովրդի գոյատեւման սյուները։
Ս. Մեսրոպ Մաշտոցը թագավորի եւ կաթողիկոսի օժանդակությամբ հայատառ դպրոցներ է բացում Հայաստանի զանազան վայրերում եւ սկսում է հայերենի ուսուցանումը։

Այդ կարեւոր գործունեությանը զուգահեռ Հայաստանում սկսվում է թարգմանական եւ ինքնուրույն գրականության ստեղծումն ու զարգացումը։ Թարգմանական գործունեությունը ղեկավարում է Ս. Սահակ Պարթեւը, նախ եւ առաջ ասորերենից հայերենի թարգմանելով Ս. Գիրքը։ Միաժամանակ նա իր նշանավոր աշակերտներին ուղարկում է ժամանակի մշակույթի նշանավոր կենտրոնները՝ Եդեսիա, Ամիդ, Ալեքսանդրիա, Աթենք, Կ. Պոլիս եւ այլն, հմտանալու ասորերեն եւ հունարեն լեզուների մեջ եւ թարգմանելու եկեղեցական հայրերի գործերը։
Թարգմանական գրականության հետ զուգահեռ ստեղծվում է նաեւ ինքնուրույն գրականություն՝ բազմազան ժանրերով՝ աստվածաբանական, բարոյագիտական, մեկնողական, հակաճառական, ջատագովական, վարքաբանական, պատմողական եւ այլն։
Կարճ ժամանակում հայերենի են թարգմանվում ասորական եւ հունական հայրաբանության կարեւոր բոլոր գործերը։ Թարգմանիչները 431/2 թթ. իրենց հետ՝ Կ. Պոլսից Հայաստան են բերում հունարեն Աստվածաշնչի ընտիր օրինակներ, որոնց հիման վրա սրբագրվում է հայերեն Աստվածաշունչը։ Թարգմանիչների մատուցած ծառայությունները այնքան մեծ են, որ Հայոց Եկեղեցական Ավանդությունը սրբացրել է նրանց եւ ամեն տարի տոնում է նրանց հիշատակը մեծ շուքով։



Ժողովներ

Ընդհանրական Եկեղեցու ձեւավորման առաջին իսկ օրերից Եկեղեցու առջեւ ծառացած վարդապետական հարցերի շուրջ որոշումներ կայացնելու եւ աղանդավորական շարժումների դեմ պայքարելու խնդիր ծագեց: Այն թելադրեց Եկեղեցու նվիրապետությունը պաշտոնապես հիմնադրելու անհրաժեշտությունը : 

Ընդհանրական Եկեղեցու կողմից գումարված առաջին երեք ժողովները կոչվեցին Տիեզերական: Իր պատմության ընթացքում հայ եկեղեցին մասնակցել է այդ Ժողովներից երկուսին, ընդունել նրանց որոշումները: Տիեզերական ժողովներից առաջինը Նիկիական Ժողովն էր, որը գումարվեց մ.թ. 325 թ-ին, երկրորդը Կոստանդնուպոլսինը` մ.թ. 381թ., իսկ երրորդը Եփեսոսինը` (որին հարգելի պատճառներով հայոց կողմը չի մասնակցել) մ.թ. 431 թ.: Բոլոր երեք ժողովներն էլ ընդունվում են մեր եկեղեցու տոնացույցով:

Նիկիայի Ա (325թ.) եւ Կ. Պոլսի Բ (381թ.) Տիեզերական ժողովներում ճշտվում են Քրիստոսի Աստվածության եւ Ս. Երրորդության դոգմաները։ Հաջորդ դավանաբանական խնդիրը, որ լրջորեն եւ երկար տարիներ զբաղեցրել է Քրիստոսի Եկեղեցուն վերաբերվում է Քրիստոսի Աստվածային Լոգոսի եւ մարդկայինի միությանը։

431 թվականին Եփեսոսում գումարված Գ Տիեզերական Ժողովը, Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ( 444) նախագահությամբ, դատապարտում է Նեստորի հերետիկոսությունը Քրիստոսի երկու բնությունների եւ երկու դեմքերի վերաբերյալ։

Բացի երեք Տիեզերական Ժողովներից, մեր եկեղեցին գումարել է նաեւ բազմաթիվ Ազգային-Եկեղեցական Ժողովներ, որոնց մասնակցել են եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականները: Այդ ժողովներով որոշումներ են կայացվել եկեղեցու ներքին կարգի եւ կառուցվածքի, նրա առջեւ ծառացած ներքին խնդիրների շուրջ, ինչպես նաեւ տրվել են զանազան հարցերի պատասխաններ: 

ԱԶԳԱՅԻՆ- ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ազգային-Եկեղեցական ժողովների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար առաջարկվում է գրականության հետեւյալ ցանկը.
Մաղաքիա Արք. Օրմանյան, Ազգապատում, Ս. էջմիածին, հ. Ա-Դ, 2001 թ.։
Մաղաքիա Արք. Օրմանյան, Հայոց եկեղեցի, Երեւան, 1993։
Միքայել Չամչյան, Հայոց պատմություն, հ. 1-3, Երեւան, 1985։
Ն. Մելիք-Թանգյան, Հայոց եկեղեցական իրավունք, Շուշի, 1903։
Եզնիկ վարդապետ Պետրոսյան, Հայ եկեղեցու պատմություն, մասն Ա, Ս. Էջմիածին, 1996։
«Գիրք թղթոց», Թիֆլիս, 1901։
Կանոնագիրք Հայոց, հ. 1-2, Երեւան, 1971։
Քրիստոնյա Հայաստան, Հանրագիտարան, Երեւան, 2002։
Աշտիշատի Ա, Բ, Գ ժողովները (352 թ., 354 թ., 435 թ.) 
Աշտիշատի Ա ժողովը գումարվել է Ներսես Մեծի կողմից, Աշտիշատում` քննարկելու համար եկեղեցու բարեկարգության ու դավանության որոշակի հարցեր։ 354 թ. հրավիրվել է նաեւ Բ ժողովը, նույն հարցերի քննարկումը շարունակելու համար։ Ժողովներն ընդհանուր բարեկարգության համար նախ ընդունել են առաքելական կոչված կանոնները եւ ապա, տեղական առանձնահատկությունները հաշվի առնելով, սահմանել են որոշակի կանոններ։ Ահա դրանցից մի քանիսը.
• Հարմար վայրերում հիմնել աղքատանոցներ ու որբանոցներ: 
• Գյուղերում ու ավաններում հիմնել հյուրանոցներ, որպեսզի հյուրերը եւ օտարները անօթեւան չմնան: 
• Բացել հիվանդանոցներ ու ուրկանոցներ (բորոտանոցներ)։ Այս բարեգործական հաստատությունները պահելու համար ժողովը սահմանեց հարկեր` գյուղացու ստացած բերքից, անասուններից եւ այլն, ու նշանակվեցին տեսուչներ` խնամակալական գործն իրականացնելու համար: 
• Արգելել հեթանոսական սովորություններով մահացածներին թաղելը, հանդերձները պատռելը, բարձրաձայն ողբալը: Սրանք եւ նմանատիպ գործողություններով ժխտվում է հավատը հարության, հանդերձյալ կյանքի հանդեպ: 
• Ամուսնական կյանքում հավատարիմ լինել միմյանց, խուսափել մերձավոր ամուսնություններից: 
• Հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից, սպանություն կատարելուց եւ այլն: 
• Հիմնել վանքեր եւ կուսանոցներ:
Գ ժողովը հրավիրվել է 435 թ. Սահակ Ա Կաթողիկոսի եւ Մեսրոպ Մաշտոցի ջանքերով` քննելու համար Եփեսոսի Գ Տիեզերական ժողովի որոշումները, որոնք ընդունվեցին։ 
Շահապիվանի ժողովր (444թ.) 
Հրավիրել է Հովսեփ կաթողիկոսը, որին ներկա են եղել 20 եպիսկոպոս, երեւելի հոգեւորականներ, ինչպես նաեւ Վասակ մարզպանը, Վահան հազարապետը, Վարդան Մամիկոնյանը եւ բազմաթիվ այլ նախարարներ։
Պատմության մեջ ժողովը հայտնի է իր ընդունած որոշումների խստությամբ, մանավանդ մծղնեական աղանդավորների վերաբերյալ, որոնք Մաշտոցի ու Սահակի մահվանից հետո շատ էին աշխուժացել։ Ժողովն ընդունել է 20 կանոն, որոնց մեծ մասը վերաբերում է եկեղեցականներին` եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին: Դրանք կանոնակարգում են եկեղեցականների ներքին կյանքը եւ սահմանում խիստ պատիժներ` խախտելու դեպքում։ Այդ կանոններով սահմանվում է ամուսնանալու թույլատրելի աստիճանները (մինչ չորս պորտ հեռու լինելը, կանոն 13), աշխարհականներին եւ հոգեւորականներին խստիվ արգելվում է գնալ վհուկների ու կախարդների մոտ։ Խիստ են եղել նաեւ մծղնեականներին վերաբերող կանոնները (19-20)։
Այս ժողովի խստությամբ, հավանաբար, ենթադրվում էր մեկընդմիշտ վերջ տալ նորաստեղծ եկեղեցու համար վտանգ ներկայացնող երեւույթներին։
Շահապիվանի ժողովը սկիզբ դրեց հայ եկեղեցական-քաղաքական իրավունքի ձեւավորմանը եւ, փաստորեն, նրա որոշումները առաջին դատաստանագիրքը կարելի է համարել հայոց մեջ։
Արտաշատի ժողովը (449թ.) 
Այն հայտնի պատասխանը տվեց Հազկերտի նամակին։ Ժողովի որոշմամբ ժողովուրդը եւ Հայ Եկեղեցին պատրաստվեցին Վարդանանց պատերազմին։ Եղիշեի պատմության մեջ մանրամասնորեն ներկայացված է այդ որոշում- նամակի բովանդակությունը։
Դվինի Ա Ժողովը (506թ.) 
Ժողովը հրավիրվեց Բաբգեն Ոթմսեցի Կաթողիկոսի օրոք Վրաց եւ Աղվանից Կաթողիկոսների մասնակցությամբ, որպեսզի ճշտվի Եկեղեցու դիրքորոշումը Քաղկեդոնի ժողովի վերաբերյալ։ «Գիրք Թղթոցը» հիշատակում է ժողովի մասնակից 20 եպիսկոպոսի եւ 14 աշխարհիկ նախարարի: Կարծես հայոց մեջ արդեն կանոն էր եկեղեցական ժողովներին աշխարհիկներին մասնակից դարձնելը։
Դվինի Բ ժողովը (551թ.) 
Այն հրավիրեց Ներսես Բ Բագրեւանդցին, ուր սահմանվեցին բարեկարգման որոշակի կանոններ եւ հաստատվեց հայոց տոմարը։
Ժողովին մասնակցել են 18 եպիսկոպոս, նախարարներ։ Այս ժողովում պաշտոնապես մերժվել է Քաղկեդոնի ժողովի որոշումները, եւ այդպիսով վերջնականապես խզվել է կապը քաղկեդոնական եկեղեցիների հետ։ Վերստին որոշվել է Ս. Ծնունդը նշել հունվարի 6-ին։ Ընդունվել է «Ուխտ միաբանության հայոց աշխարհիս» գրությունը, նզովվել է նեստորականությունը, պավլիկյանների շարժումը, մծղնեականությունը։ Ընդունված 37 կանոնները զետեղված են «Կանոնագիրք Հայոց»-ում` որպես «Կանոններ Ներսես կաթողիկոսի եւ Մամիկոնեից Ներշապուհ եպիսկոպոսի»։ Ահա մի քանիսն այդ կանոններից. ԺԶ կանոնը արգելում է կանանց մկրտության ժամանակ քահանայի կողքին կանգնել եւ սպասավորություն անել, ԺԹ կանոնի համաձայն, եթե քահանան որեւէ մեկի խոստովանությունը ուրիշին հայտնում է, ապա պետք է կարգալույծ արվի, իսկ ԻԹ կանոնը արգելում է աղանդավորներին տուն ընդունելը եւ օթեւան տալը։
Դվինի Գ ժողովը (609-610թթ.) 
Այս ժողովը գումարվել է Աբրահամ Ա Աղբաթանեցու եւ Սմբատ Բագրատունի իշխանի օրոք, հոգեւորականների եւ աշխարհականների մասնակցությամբ։ Վրաց եկեղեցին բաժանվել էր հայ եկեղեցուց, եւ կաթողիկոսը բազում գրություններով դիմել էր վրաց Կյուրիոն կաթողիկոսին։ Այդ հարցի հանդեպ Հայ Եկեղեցու վերաբերմունքը ճշտելու համար հրավիրվեց այս ժողովը։ Աբրահամ կաթողիկոսը ժողովից հետո «Շրջաբերական թուղթ» էր գրել` ուղղված ժողովրդին, նզովել էր Կյուրիոնին, նրա համախոհներին։ Այս ժողովը կանոններ չի սահմանել, միայն զրկել է վրացիներին հայոց հաղորդությունից։ 
Կարնո ժողովը (633 թ.) 
Ժողովին հանդիպել են Հերակլ կայսրը եւ Հայոց Եզր Կաթողիկոսը` քննարկելու հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունները։ Ընդունվել է Միակամության վարդապետությունը, որպես կամուրջ Քաղկեդոնի եւ այն չընդունողների միջեւ։ Սակայն հետագայում այդ վարդապետությունից հրաժարվել են Զ Տիեզերական ժողովում: Այն հայոց մեջ ոչ մի դավանական հիմք չգտավ։ Փաստորեն այդ Խոստովանության գիրը, որի տակ ստորագրել էր Եզր Կաթողիկոսը, ավելի շատ քաղաքական պարտադրանք էր, քան կրոնական համոզմունք։
Դվինի Դ ժողովը (645թ.) 
Այն գումարվել է Ներսես Գ Տայեցու օրոք, մասնակցել է 17 եպիսկոպոս, նախարարներ։ Ընդունվել է 12 կանոն (Կանոնագրքում` «Կանոն Դվինի սուրբ ժողովի» անունով)։ Դրանք եկեղեցու ներքին կյանքը կարգավորող սկզբունքներ են սահմանում, ինչպես նաեւ մատնանշում են Եկեղեցու առաջնորդների իրավունքները։
Դվինի Ե ժողովը (648 թ.) 
Ժողովը, որին մասնակցել են բոլոր եպիսկոպոսներն ու նախարարները հրավիրվել է Ներսես Գ Տայեցու օրոք։ Այդ ժողովը պատասխան էր տալու քաղկեդոնականությունն ընդունելու վերաբերյալ բյուզանդական կայսեր նամակին։ Ժողովը որոշել է նաեւ հավատի ձեռնարկ պատրաստել հայերի համար, որպեսզի նրանք պատրաստ լինեն պատասխանելու քաղկեդոնականներին։ Այդ ամենով հանդերձ Դվինի Ե ժողովը սահմանել է 12 կանոն, որոնք կարգավորում էին եպիսկոպոսների իրավունքներն ու պարտականությունները, քահանաների դրամական ապահովության խնդիրը։ Ամուսնական իրավունքի ոլորտում թույլատրել էր երկրորդ ամուսնությունը միայն այն դեպքում, երբ ամուսիններից մեկն օտարության ու անհայտության մեջ յոթը տարուց ավել է ապրել։
Պարտավի Ա ժողովը (709թ.)
Այն գումարվեց Աղվանից կաթողիկոս Ներսես Բակուրի` քաղկեդոնականությանը հարելու պատճառով։ Եղիա կաթողիկոսի ջանքերով դավանության թուղթ կազմվեց, որով դավանական բոլոր հարցերում հաստատվում է Հայոց եւ Աղվանից եկեղեցիների միությունը :
Դվինի Զ Ժողովը (719-720թթ.)
Այս ժողովը գումարվել է Հովհաննես Գ Օձնեցու օրոք։ Այն կարգի է բերել ցաքուցրիվ կանոնական որոշումները եւ կազմել է «Կանոնագիրքը»։ Սահմանվել է 32 կանոն, որոնցով կարգավորվել են ժամերգությունների կարգը, որոշ ծիսական կանոններ, վերահաստատվել է Ս. Ծնունդն ու Մկրտությունը, ի տարբերություն հույների, միեւնույն օրը` հունվարի 6-ին նշելու կարգը: Ընդդեմ աղանդավորական շարժումների (պավլիկյաններ, երեւութականներ եւ այլն) կանոններ է սահմանվել, պատվիրվել է օծված խաչը եւ Փրկչական պատկերները պատվել, հեռու մնալ աղանդավորներից (29-րդ եւ 32-րդ կանոններ)։
Մանազկերտի ժողովը (719թ.) 
Քննարկել է Հայ եւ Ասորի Եկեղեցիներում ծագած դավանաբանական որոշակի հարցեր, որոնք տանում էին բաժանման։ Այս ժողովին մասնակցել է նշանավոր հայ աստվածաբան Խոսրովիկ թարգմանիչը։ ժողովի նպատակն էր հարթել երկու եկեղեցիների տարաձայնությունները` Փրկչի մարմնի անապականության վարդապետության հարցում։ Ասորիները մեղադրում էին հայերին Հուլիանոս Հալիկառնասցու ուսմունքին հետեւելու մեջ, իսկ հայերն էլ իրենց հերթին մեղադրում էին ասորիներին Սեւերիոս Անտիոքացու ուսմունքին հետեւելու համար։ Ժողովը սահմանել է 10 նզովք, որոնք դատապարտել են Հուլիանոս Հալիկառնասցու եւ Սեւերիոս Անտիոքացու վարդապետությունները եւ նրանց հետեւորդներին ու վերստին հաստատել է Սուրբ Երրորդության ուղղափառ վարդապետությունը։ Արդյունքում Հայ եւ Ասորի Եկեղեցիների միջեւ կնքվել է դավանական միություն։
Պարտավի Բ ժողովը (768թ.) 
Գումարվեց Սիոն Ա Բավոնեցու օրոք, որին մասնակցեցին նաեւ Աղվանից Եկեղեցու ներկայացուցիչները, քանի որ Պարտավն Աղվանից կաթողիկոսության աթոռանիստն էր։ ժողովն ընդունել է 24 կանոն, որոնք վերաբերում են եկեղեցական կարգ ու կանոնին, եկեղեցականների իրավունքներին ու պարտականություններին։ Օրինակ, 11-րդ կանոնն արգելել է հեթանոսների հետ ամուսնությունը, 13-րդը` երրորդ ամուսնությունը, 16-րդը` ազգականների միջեւ ամուսնությունը` մինչեւ 4-րդ սերունդ։ Իսկ 24-րդ կանոնը սահմանել է Հին Կտակարանի կանոնը։
Շիրակավանի ժողովը (862թ.) 
Այս ժողովը գումարելու առիթը Փոտ պատրիարքի հայերին ուղղված նամակն էր` քաղկեդոնականություն ընդունելու մասին։ Կ. Պոլսի Փոտ պատրիարքը բազմիցս փորձել էր իր ենթակայության տարածքում բնակվող հայերին քաղկեդոնական դարձնել եւ հալածանք էր սկսել հայերի դեմ։ Զաքարիա Ա Ձագեցին նամակ գրեց Փոտին` ապացուցելով, որ հայոց դավանանքը համահունչ է Տիեզերական առաջին երեք ժողովների որոշումներին։ Փոտը պատասխան նամակում փորձեց ապացուցել Քաղկեդոնի ուղղափառությունը եւ դարձյալ առաջարկեց հայերին քաղկեդոնականությունն ընդունել։ Շիրակավանի ժողովը մերժեց Փոտի առաջարկը եւ, 15 նզովքներում բովանդակելով Հայ Եկեղեցու դավանանքը, պատասխանն ուղարկեց Փոտին։
Հարքի Ա եւ Բ ժողովները (1002թ., 1051թ.) 
Այս ժողովները նզովեցին թոնդրակյան շարժումը։ Ա ժողովը բանադրեց նաեւ Հարքի Հակոբ եպիսկոպոսին` մեղադրելով նրան թոնդրակյան շարժման համակիր լինելու մեջ։ Այս ժողովները ռազմավարական նշանակություն ունեցան` կասեցնելով աղանդավորական շարժման հետագա տարածումը Հայաստանում։
Սեւ Լեռան ժողովը (1114թ.) 
Այն կոչված էր լուծելու Հայրապետական Աթոռի շուրջ ծավալված վեճը։ Գրիգոր Ա Պահլավունի կաթողիկոսի դեռահաս լինելը պատրվակ դարձնելով, Աղթամարի եպիսկոպոս Դավիթ Արծրունին մի քանի համակիր եպիսկոպոսների ձեռամբ ձեռնադրվել էր հակաթոռ կաթողիկոս։ Ժողովին մասնակցում էին 2500 հոգեւորականներ, իշխաններ, նախարարներ, աշխարհականներ։ Ժողովն օրինական կաթողիկոս է ճանաչել Գրիգոր Ա Պահլավունուն։ Դավիթը, չընդունելով այդ վճիռը, Աղթամարում հիմնադրում է Աղթամարի կաթողիկոսությունը։ Այս ժողովի որոշումով Հայոց կաթողիկոսի ընտրությունը վավերական է համարվել միայն բուն Հայաստանի չորս եպիսկոպոսական աթոռների համաձայնության դեպքում (Բջնի, Հաղպատ, Արտազ, Տաթեւ)։
Հռոմկլայի ժողովը (1179թ.)
Ժողովը գումարվեց Գրիգոր Տղայի օրոք` քննելու համար Հայ եւ Հույն Եկեղեցիների միության խնդիրները։ Մինչ սրվել էր երկու Եկեղեցիների հարաբերությունները, հույները պահանջում էին քաղկեդոնական բանաձեւերի եւ հետագա Տիեզերական ժողովների ընդունումը, իսկ հայերը դեմ էին եւ ապացուցում էին Հայ Եկեղեցու ուղղափառությունը։ Այս ժողովին ներկա էին 33 հոգեւորականներ` Մեծ Հայքից, Կիլիկիայից։ Ներկա էր նաեւ Աղվանից կաթողիկոսը եւ ասորիների պատրիարքի ներկայացուցիչը։ ժողովին ներկա էր երկու Եկեղեցիների հաշտության ու խաղաղության ջերմ պաշտպան Տարսոնի եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին։ Այս ժողովը մի կողմից նզովեց ծայրահեղ միաբնակությունը եւ մյուս կողմից մերժեց նաեւ երկբնակությունը, երկու կամք, երկու ներգործություն քարոզող վարդապետությունը` հավատարիմ մնալով Հայ Եկեղեցու ավանդական դավանանքին։
Տարսոնի ժողովը (1196թ.)
Այն գումարվեց Գրիգոր Զ Ապիրատի օրոք, դարձյալ հայ-հույն եկեղեցական հարաբերությունների խնդրի քննարկման նպատակով։ Հույների առաջարկները ընդունվեցին ժողովականների կողմից։ Այդ քայլի ջատագովն էր Ներսես Լամբրոնացին, որն այդ ժամանակ փրկության միակ ելքը դրանում էր տեսնում։ Բայց հայերի կողմից էլ առաջարկվեցին որոշ կետեր, որոնք չընդունվեցին հույների կողմից։ Այս ժողովին Մեծ Հայքի ոչ մի վարդապետ չէր մասնակցում։
Սսի եկեղեցական ժողովները գումարվել են XIII-XIV դդ., Կիլիկիայի Տայոց թագավորության Սիս մայրաքաղաքում։
Ա ժողով (1204թ.) 
Հրավիրվել էր Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ Քննարկվել են ծիսական հարցեր եւ ընդունվել է ութ կանոն։
Իվանե եւ Զաքարե եղբայր իշխանները ժամանակի ազդեցիկ դեմքերից էին, եւ Իվանեի հունադավանություն ընդունելը լուրջ վտանգ կարող էր հանդիսանալ Հայոց եկեղեցու անկախության համար, թե՛ եկեղեցական, թե՛ քաղաքական ոլորտում։ Ուստի Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսը ընդառաջ գնաց Զաքարեին` քննության դնելով նրա առաջարկները։ Ընդունված ութ կանոնները թույլատրում էին. 
• Ս. Պատարագը մատուցել նաեւ բացօթյա` վրանի տակ` ինչպես վրացիները ։ 
• Ավետումը տոնել ապրիլի 6-ին, Վերափոխումը` օգոստոսի 15-ին, Խաչվերացը` սեպտեմբերի 14-ին` ինչպես վրացիները։ 
• Պատկերներին հարգանք մատուցել: 
• Ս. Պատարագներ մատուցել ոչ միայն ննջեցյալների համար, այլ նաեւ ապրողների համար` ինչպես վրացիները, հույները եւ ասորիները: 
• Արգելել հայ կրոնավորներին միս ուտել` վրացիների մեղադրանքը կարճելու համար։ 
• Պատվիրել հայ կրոնավորներին վանքերում ապրել ու սեփականություն չունենալ։
Ինչպես տեսնում ենք հայոց համար պարտադրված այս կանոններն ընդունվել էին Հայ Եկեղեցու ինքնուրույնությունը ապահովելու ու ավելորդ հակամարտությունից խուսափելու համար։ Բայց արեւելյան վարդապետներից շատերը լսել անգամ չուզեցին այդ ժողովի որոշումների մասին, դժգոհությունն ավելացավ եւ հոգեւորականները երկու բանակի բաժանվեցին (չընդունողներից էր հայտնի Գրիգոր Տուտեորդին)։
Զաքարե ամիրսպասալարն այդ վեճը հարթելու համար Անիում ժողով հրավիրեց` արեւելյան վարդապետների մասնակցությամբ (նրանցից էր Մխիթար Գոշը)։ Ժողովը մերժեց Սսի ընդունած որոշումները` համարելով այն քաղկեդոնականության ընդունում։ Բայց Զաքարեն շարունակեց վրաց բանակում ծառայող հայերի նկատմամբ կիրառել ժողովական կանոնները։
Սսի Բ ժողովը (1243թ.) 
Այն կոչված էր կարգավորելու այդ ժամանակ աշխարհականների ու հոգեւորականների բարքերում տեղ գտած բացասական երեւույթները։ ժողովն ընդունեց 24 կանոն, կասեցնելով այդ չարիքի տարածումը։ Ի մասնավորի որոշվեց մերձամուսնությունների թույլատրելի պորտերի աստիճանը, սահմանելով այն 6 (մինչ այդ թույլատրելի էր 4-ը), փեսան պետք է 14 տարեկանից մեծ լիներ, իսկ հարսը` 12, դատապարտվում էր պոռնկութունը, շնությունը։
Սսի Գ ժողովը (1251թ.) 
Այն նվիրված էր filioque-ի վարդապետության քննությանը` որն ավելի առաջ առաջարկել էր Հռոմի պապը։ ժողովը վերջնական վճիռ չկայացրեց եւ Հռոմի պապի առաջարկը ուղարկվեց արեւելյան վարդապետներին` այն քննելու համար։ Արեւելյան վարդապետները վերջնականորեն մերժեցին եւ չընդունեցին այդ բանաձեւումները։
Սսի Դ ժողովը (1289թ.) 
Այս ժողովն ավելի քաղաքական խնդիր լուծեց, քան եկեղեցական։ Կոստանդին Բ Կատուկեցի Կաթողիկոսը Հռոմի Նիկողայոս Դ պապի` հայերի հռոմեադավանություն ընդունելու առաջարկին ընդդիմացավ, որի համար էլ Հեթում թագավորը եւ Գրիգոր եպս. Անավարզեցին, հրավիրեցին այս ժողովը եւ Կաթողիկոսին գահընկեց հռչակեցին։
Սսի Ե ժողովը (1307թ.)
Այն քննել է Կղեմես IV պապի` հայերին ռազմական օգնություն ցույց տալու դիմաց հռոմեադավանություն ընդունելու մասին առաջարկը։ Լեւոն Դ թագավորի եւ նորընտիր Կոստանդին Գ Կեսարացու ճնշմամբ ժողովն ընդունեց հռոմեադավանությունը, եւ փաստորեն միացավ Հռոմի Եկեղեցուն։ Արեւելյան վարդապետներն ընդդիմացան այդ որոշումներին եւ չենթարկվեցին։ Սկսվեց ըմբոստության մի շրջան, որին հետեւեցին Սսի Զ եւ Ադանայի ժողովները։
Սսի Զ ժողովը (1309թ.) 
Մերժեց Սսի Ե ժողովի (1307թ.) որոշումները, եւ նորընտիր Օշին թագավորը սկսեց հալածել ժողովականներին ու Սսի Ե ժողովի որոշումները չընդունողներին։
Ադանայի ժողովը (1316թ.) 
Այս ժողովը վերահաստատել էր Սսի Ե ժողովի որոշումները` Հայ Եկեղեցին Կաթոլիկ Եկեղեցուն միացնելու համար։ Այս որոշումներն էլ դարձյալ չընդունվեցին արեւելյան վարդապետների կողմից եւ, փաստորեն, մնացին թղթի վրա։
Սսի Է ժողովը (1345թ.) 
Ժողովը հրավիրվել էր Մխիթար Ա Գռներցու կողմից եւ ակնկալելով ռազմական օգնություն արեւմուտքից, ձեւականորեն ընդունել էր Կաթոլիկ Եկեղեցուն միանալու` Հռոմի պապի առաջարկը։ Սակայն օգնությունը չստանալու եւ ընդդիմության սաստկանալու պատճառով այս ժողովի որոշումներն էլ մնացին անկատար։
Սսի Ը ժողովը (1361 թ.)
Այն հրավիրել էին Կոստանդին Դ թագավորը եւ Մեսրոպ Ա Արտազեցի Կաթողիկոսը: Ժողովը չեղյալ հայտարարեց Սսի Ե եւ Ադանայի ժողովի որոշումները, վերացրեց բոլոր նորամուծությունները եւ վերահաստատեց Հայ Եկեղեցու դավանանքին հավատարիմ մնալու պատգամը։
էջմիածնի Ազգային-եկեղեցական ժողովը (1441թ.) 
Այն որոշեց Հայրապետական Աթոռը Սսից տեղափոխել Վաղարշապատ` Ս. էջմիածին։ Դրանով վերջ դրվեց Հայրապետական Աթոռի դեգերումներին եւ ցայսօր այն գտնվում է Ս. էջմիածնում։

:

Հայաստանյայց Եկեղեցու Կաթողիկոսներ
Կաթողիկոս բառը ծագել է հունարեն Katholikos բառից, որը նշանակում է ընդհանրական, համընդհանուր: Հայ Եկեղեցու նվիրապետական կարգի ստեղծումից հետո այսպես էին անվանում եպիսկոպոսապետին:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչը' առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, դեռեւս ենթակա էր Կեսարիայի Աթոռին, որը գտնվում էր Կապադովկիայում: Աղվանքի ու Վրաստանի եպիսկոպոսապետերը նույնպես կրում էին այդ տիտղոսը, չնայած որ կախում ունեին հայոց Կաթողիկոսից: Պապ թագավորի եւ Հուսիկ Ա Կաթողիկոսի օրոք Հայաստանն ի հոգեւորս անկախացավ Կեսարիայից: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Կաթողիկոսական պաշտոնական տիտղոսն է Ծայրագույն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց: 
Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը խորհրդանշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը: Այն միշտ պահվել է կաթողիկոսական նստավայրում եւ ամեն անգամ, երբ Հայրապետական Աթոռը տեղափոխվել է, նույն վայրն է բերվել նաեւ Ս. Լուսավորչի Աջը: Այն անբաժան է Մայր Աթոռից: