rss
youtube
facebook
Հայաստանի կրոնները

ՀՀ Ավետարանական հավատքի «Ռեմա» Եկեղեցի

 

Կարեն Խաչատրյան
ՀՀ ավետարանական հավատքի «Ռեմա» եկեղեցու ավագ հովիվ

Հայաստանում կոմունիստական կարգերի փլուզումից հետո հոգեգալստական եկեղեցին մյուս եկեղեցիների հետ ձեռք բերեց ազատ գործելու հնարավորություն և 1991-1997 թվականներին արագ աճի և զարգացման պարագայում ուներ բազմաթիվ տեղական համայնքներ հանրապետության տարբեր բնակավայրերում: Սակայն արագ աճը և զարգացումը առաջ բերեցին հետևյալ խնդիրները`
• եկեղեցու կենտրոնացված առաջնորդությունը չէր հասցնում իրականացնել եկեղեցու սպասավորության խնդիրների լուծումը ողջ հանրապետությունում.
• դանդաղում էր ժամանակի աշխարհաձևավորման հետ համահունչ եկեղեցու բարեփոխումների ընթացքը.
• հանրապետության տարբեր շրջանների տեղական եկեղեցիները սկսեցին ձևավորվել` իրենց առանձնահատկություններով տարբերվելով մնացածից:

Սա հանգեցրեց նրան, որ, սկսած 1997 թվականից, հանրապետության տարբեր վայրերում եկեղեցու միավորները սկսեցին առանձնանալ որպես առանձին համայնքներ` ձևավորելով սեփական ինքնավար առաջնորդությունը և եկեղեցական ինքնությունը:
1997 թվականի օգոստոսին նման մի համայնք, առանձնանալով Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Եկեղեցուց, Երևանում, սկսեց գործել «Լոգոս» անվամբ եկեղեցի: Արդեն 2000 թվականին «Լոգոսն» ուներ մոտ 250 անդամներ: Զարգացման և աճի բուռն ընթացքը հանգեցրեց նրան, որ 2000 թ. աշնանը Երևանի կենտրոնում հիմնադրվեց «Ռեմա» եկեղեցին: Իր գործունեությունը օրինականացնելու և լիարժեք հոգևոր ու հասարակական կյանք իրականացելու համար 2006 թվականի դեկտեմբերին եկեղեցին գրանցվեց ՀՀ պետռեգիստրում ՀՀ Ավետարանական Հավատքի «Ռեմա» Եկեղեցի անունով:
Եկեղեցու գործունեությունը
Եկեղեցու գործունեության հիմնական ձևը ժողովների կազմակերպումն է, որտեղ կատարվում են Աստծո խոսքի քարոզչություն, հոգևոր երգեցողություն և աղոթքներ առ Աստված։ Քարոզչությունը կատարվում է միայն Աստվածաշնչի հիման վրա։ Ժողովները հիմնականում երկու ձևի են. կիրակնօրյա ընդհանուր ծառայություն բոլորի համար և խմբակներով, որոնք ամեն շաբաթ հանդիպում են եկեղեցու անդամների տներում:
Եկեղեցին առաջնորդում է երեցների կամ հովիվների խորհուրդը: Բոլոր հիմնական որոշումները կայացնում է այս խորհուրդը: Եկեղեցում գործում են տարբեր ծառայություններ, որոնք ուղղված են եկեղեցու և հասարակության տարբեր կարիքների բավարարմանը: : 

«Ռեմա» եկեղեցու նպատակներն են`
-պահպանել և զարգացնել ազգային և համաշխարհային քրիստոնեական հոգևոր, բարոյական և մշակութային արժեքները,
-նպաստել մարդկանց հոգևոր արթնությանը, բարոյական մաքրությանը, սերմանել քրիստոնեական հավատք, սեր, բարություն, արդարություն, խաղաղություն և գթասրտություն,
-նպաստել Հայաստանում ժողովրդավարական իրավական հասարակության կառուցմանը:

Եկեղեցու սոցիալական հայեցակարգը
Ընտանիք և ամուսնություն. Եկեղեցին ընդունում է ՀՀ օրենքը ընտանիքի և ամուսնության մասին և իր անդամներին սովորեցնում ու հորդորում է հաստատել և պահպանել առողջ ընտանեկան հարաբերություններ: Եկեղեցին դեմ է ամուսնական դավաճանությանը, բազմակնությանը և միասեռությանը:
Կրթություն և գիտություն. մեր ազգի բնորոշ հատկություններից մեկը դպրության, գրի և գրականության հանդեպ ունեցած բարձր գնահատականն է: Եկեղեցին իր անդամներին քաջալերում է իրենց ընդունակություններին և նախասիրություններին համապատասխան ձեռք բերել միջնակարգ և բարձրագույն կրթություն, ինչպես նաև շարունակաբար զարգացնել հմտությունները և գիտելիքները` արհեստավարժ և հմուտ դառնալու ընտրած մասնագիտության մեջ:
Մենք հավատում ենք, որ ճշգրիտ գիտությունը անհրաժեշտ է և օգտակար հասարակության զարգացման համար: Խնդիրն այն է, որ գիտությունը և կրոնը, ճիշտ է, գործում են տարբեր հարթություններում, բայց իրարամերժ չեն, այլ իրականում լրացնում են իրար. կրոնն առանց գիտության կույր է, գիտությունն առանց կրոնի մեռած է: Գիտությունը նույնիսկ իր ամբողջ լիարժեքությամբ սահմանափակ է էթիկական (լավ-վատ, չար-բարի, արդար-անարդար և այլն), էսթետիկական (գեղեցիկ-տգեղ, համաչափ-անհամաչափ և այլն), իմաստային (ո՞րն է գոյություն ունեցող իրականության իմաստը կամ նպատակը), մետաֆիզիկական (ո՞րն է գոյություն ունեցող մետաֆիզիկական երևույթների բնությունը) խնդիրներում:
Ճշմարտությունն ավելին է, քան զուտ գիտական կամ փիլիսոփայական կամ կրոնական չափանիշները: Այն ունիվերսալ է, բացարձակ է, ճանաչելի է, խոսքով փոխանցելի է:

Տեղեկատվություն. մենք սովորեցնում ենք օգտվել տեղեկատվության բոլոր հնարավոր միջոցներից, ձևավորել լայն աշխարհայացք և վերլուծողական մտածելակերպ: Սակայն խորհուրդ ենք տալիս նաև տեղեկատվության աղբյուրների ընտրության հարցում լինել ընտրողական և խելացի:
Առողջություն. հավատում ենք, որ յուրաքանչյուր անհատ պետք է լավագույնս հոգ տանի իր առողջական վիճակի համար՝ օգտվելով պետական առողջապահական համակարգից, ժողովրդական և Աստվածային բժշկության միջոցներից: Խորհուրդ ենք տալիս զբաղվել սպորտով, ապրել լիարժեք կյանքով և հանգստով, ունենալ նախասիրություններ և զվարճանքներ:
Եկեղեցին դեմ է ինքնասպանությանը, թմրամոլությանը, ալկոհոլիզմին, թունամոլությանը, ծխախոտի օգտագործմանը, ինչպես նաև գուշակություններին, էքստրասենսուրային, կախարդություններին և այն ամենին, ինչն սպառնում է մարդու ֆիզիկական և հոգեկան ամբողջականությանը:
Քաղաքացիական պարտականություններ և իրավունքներ. Եկեղեցին իր անդամներին սովորեցնում է կատարել իրենց քաղաքացիական, բարոյական, հասարակական և զինվորական պարտականությունները, լինել ՀՀ ակտիվ քաղաքացի և բարձր պահել մեր ազգի պատիվը այլոց առջև:
Մարդու իրավունքները. Եկեղեցին հարգում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված մարդու իրավունքները և իր գործունեության մեջ առաջնորդվում է վերջինիս համաձայն։
Վերաբերմունքը այլ կրոնական ուղղությունների և համայնքների հանդեպ
Ըստ մեզ, գոյություն ունեն ուղղադավան քրիստոնեություն և ոչ ուղղադավան կրոններ կամ կրոնական ուղղություններ:
Ուղղադավան քրիստոնեության ներսում մենք տարակարծիք ենք պաշտամունքի ձևերի, ծիսակարգերի, առաջնորդության կանոնակարգի և մեկնաբանված ճշմարտությունների հարցերում, սակայն միասնական ենք դոկտրինալ կամ հիմնական վարդապետական հավատամքներում:
Ինչ վերաբերում է այլ կրոններին, նույնիսկ եթե մենք արտաքինից նմանություն ունենանք այն հարցերում, որոնցում տարակարծիք ենք անգամ ուղղադավան այլ համայնքների հետ, սակայն տարբեր ենք հիմնական ճշմարտությունների հավատամքում:
Յուրաքանչյուր կրոն կամ հավատամք արգասիք է պատմական հասարակական յուրահատուկ ժամանակաշրջանի, կրում և ձևավորում է որոշակի աշխարհայացք, հավատամք, արժեքների համակարգ և մշակույթ: Ուստի անհրաժեշտ է հարգել յուրաքանչյուր սուբյեկտի աշխարհընկալումը և մշակույթը, անկախ նրանից, թե որքան տարբեր է այն սեփականից, այսինքն` լինել զգայուն և հանդուրժող ուրիշների համոզմունքների հանդեպ:
Իրավական հանդուրժողականություն. սա նշանակում է, որ բոլորի կրոնական իրավունքները պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքով: Կարծում եմ` մանավանդ քրիստոնեական անցյալով երկրներին սա բնորոշ է: Քրիստոնյաները պիտի պահանջեն սա, Սահմանադրությունը պիտի պաշտպանի սա:
Հասարակական հանդուրժողականություն. սա նշանակում է իրապես հարգել յուրաքանչյուր մարդու, անկախ նրա հայացքներից, գնահատել նրա դիրքը և դերը հասարակության համար, կանխել խաղաղ համագոյակցության խաթարման որևէ դրսևորում:
Ինտելեկտուալ հանդուրժողականություն. սա հարգանք է մարդու կարծիքի հանդեպ, սակայն չի պարտավորեցնում դրա ընդունումը: Մենք չենք պնդում, թե ողջ ճշմարտությունը քրիստոնեության մեջ է, և ոչ մի ճշմարտություն չկա այլ կրոնական ուղղություններում: Ընդհանուր հայտնության շնորհիվ, արարչագործության և մարդկային խղճի միջոցով մարդկային էակները ունակ են ընկալելու աստվածային ճշմարտության տարբեր չափեր, և դրանք պարունակում են այլ կրոնները ևս: 
Կրոնական այլ ուղղությունների հետ մենք կարող ենք համագործակցել բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են մարդեղությանը, արդարադատության, միջավայրի պաշտպանության, մարդկային կարիքների ապահովման խնդիրներին: 

Եկեղեցու դավանանքը

Եկեղեցին ընդունում է`
Աստվածաշունչը որպես Աստծո միակ և անփոփոխ հայտնություն, Սուրբ Երրորդությունը ( Հայր, Որդի և Սուրբ Հոգի) որպես մեկ Աստվածություն,
Հիսուս Քրիստոսին որպես մարդկության փրկության միակ ճանապարհի, հավատացյալների համատեղ հավաքները և հաղորդակցությունը որպես Քրիստոսի մարմնի կենսագործունեության դրսևորում, կենդանի աստվածապաշտությունը որպես մարդու կյանքի բոլոր ոլորտների համար բնորոշ իրականություն` շեշտադրելով ներքին խոր և հոգևոր արժեքները, հոգևոր ծառայությունը որպես նպատակամետ կյանքի կենսական անհրաժեշտություն, որում ներգրավված են աստվածապաշտ տղամարդիկ և կանայք՝ ըստ իրենց կոչման և ընդունակությունների, ծառայությունների ժամանակ Աստծո գերբնական դրսևորումների և Սուրբ Հոգու բոլոր պարգևների առկայությունը որպես հոգևոր բնականոն ընթացք՝ ի փառս Աստծո և ի շինություն մարդկանց, ավանդական սովորույթները որպես տվյալ ժամանակի և անհրաժեշտության խելամիտ թելադրանք, որոնք հիմնական վարդապետության արժեքավորում չունեն և ենթակա են ընթացիկ փոփոխությունների, բոլոր ուղղադավան քրիստոնեական եկեղեցիներին (որոնք ընդունում են քրիստոնեական առաջին երեք Տիեզերական վեհաժողովները) որպես Քրիստոսի Տիեզերական մարմնի մեկ անդամի՝ հարգելով նրանց հետ առողջ փոխհարաբերությունների հաստատումը,
ձևավորված ազգային, հասարակական և մշակույթային արժեքները, որոնք չեն հակասում Աստվածաշնչյան բարոյականության չափանիշներին։

Եկեղեցին հավատում է`
Աստվածաշունչը Աստծո հավիտենական և ճշմարիտ Խոսքն է մարդկանց համար, որով Աստված հայտնել է Իրեն և իր նպատակները մարդկության համար: Աստվածաշնչի կանոնական վաթսունվեց գրքերը սկզբնապես ներշնչվել են Աստծո կողմից և անսխալ են: Աստվածաշունչը Աստծո ճանաչողության, հավատքի, հայտնությունների, փորձառությունների, բարոյականության չափանիշների և ապրելակերպի միակ և ճշմարիտ ուղեցույցն է, կա մեկ Աստված՝ Արարիչը և Պահպանողը ամեն ինչի, անսահման իր բնության, էության և կատարելության մեջ: Նա հավիտենապես գոյություն ունի երեք Անձերով. Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, որոնք մեկ էություն են և հավասարազոր են կատարելությամբ, զորությամբ, իմացությամբ, դիրքով և փառքով, Աստված մարդուն արարեց Իր նմանությամբ և պատկերով: Մարդը ազատ էր իր ընտրության մեջ. հավիտենապես ապրել Աստծո հետ կամ մերժել Նրան: Սատանայի կողմից փորձվելու միջոցով անհնազանդությամբ նրանք զրկվեցին իրենց անմեղ վիճակից: Այս անկումը մարդկությանը գցեց մեղքի և հոգևոր մահվան վիճակի մեջ և ամբողջ մարդկային ցեղը մատնեց հավիտենական դատապարտության: Ոչ բարի գործերը, ոչ ազգային պատկանելիությունը կամ կրոնական դավանանքը չեն կարող ապահովել մարդու վերականգնումը նախկին դիրքի և հաղորդակցության մեջ, այսինքն` տալ փրկություն, հավիտենապես նախագոյ Աստծո Որդին մարդացավ, ծնվելով կույս Մարիամից` առանց մարդկային հոր մասնակցության: Ուստի Տեր Հիսուս Քրիստոսի անձի մեջ աստվածային և մարդկային բնությունները մեկ դարձան՝ միևնույն ժամանակ պահպանելով երկու բնությունների ամբողջականությունները, կատարելությունները և տարբերությունները: Մարդկության փրկությունն ապահովելու նպատակով Նա ապրեց անմեղ կյանքով և խաչի վրա մահացավ մեղավորների համար` թափելով Իր արյունը մարդկանց մեղքերի թողության համար: Երրորդ օրը Նա հարություն առավ այն նույն մարմնով, որով դրվել էր գերեզման, համբարձվեց և հայտնվեց Հոր աջ կողմում, որտեղից բարեխոսում է մեզ համար: Նա կրկին անձամբ և տեսանելի վերադառնալու է Իր փրկչական գործը և Աստծո հավիտենական ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով: Նա հանդիսանում է Նոր, Կատարյալ և Հավիտենական ՈՒխտի միջնորդը և կատարողը: Միայն Հիսուսի անվանը և կատարած գործին հավատալով և Նրան Տեր դավանելով` մարդը կարող է փրկվել և վերականգնվել արդարության և Աստծո հետ հաղորդակցության մեջ: Նա կլինի բոլորի Դատավորը Վերջին օրը:
Սուրբ Հոգին Աստծո Երրորդության, այսինքն` Եռամիակ Աստծո երրորդ անձն է: Նա գործել է արարչագործության ժամանակ, խոսել է մարգարեների միջոցով և հիմա մարդու համար կիրառելի է դարձնում Քրիստոսի փրկչագործությունը: Սուրբ Հոգին լեցնում է Քրիստոսի մարմինը՝ Եկեղեցին, վերստին ծնելով, սրբացնելով, որդեգրելով հավատացյալներին: Նա շնորհում է Եկեղեցուն հոգևոր պարգևներով, պտուղներով և զորությամբ, Եկեղեցին Աստծո ժառանգությունը և գործակիցն է երկրի վրա: Քրիստոսի Եկեղեցու բոլոր անդամները պարտավոր են իրենց սուրբ և արդար կյանքով հռչակել Հիսուսի տիրապետությունը և Աստծո թագավորության իրականությունը, վերջում մեռելները հարություն կառնեն մարմնավորապես և կդատվեն ըստ իրենց գործերի: Արդարները կժառանգեն Աստծո ներկայության մեջ հավիտենական երանության ամբողջական լեցունությունը, իսկ մեղավորները կդատապարտվեն հավիտենական կորստի և տանջանքի հավիտենական կրակի մեջ, մկրտությունների վարդապետությունը Նոր Կտակարանի Եկեղեցու հավատամքի և գործառության կարևոր մասն է: Մկրտությունների մասին վկայել է Հովհաննես Մկրտիչը, և հետագայում պատվիրել է անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը: Նոր Կտակարանը խոսում է երեք մկրտությունների մասին` 1) Մկրտություն Քրիստոսի մարմնի մեջ, 2) Ջրի մկրտություն, 3) Սուրբ Հոգու մկրտություն:

Մկրտությունը Քրիստոսի մարմնում կատարվում է մարդու ապաշխարությամբ և վերստին ծննդով: Այն տեղի է ունենում Աստծո Խոսքին հավատալով և Սուրբ Հոգու գործակցությամբ,որի ժամանակ մարդը դառնում է Աստծո ընտանիքի և Տիեզերական Եկեղեցու անդամ:
Ջրի մկրտությունը հանդիսանում է վերստին ծնված և փրկված անձնավորության անձնական հավատքի վկայությունը Հիսուս Քրիստոսի` խաչի վրա կատարած փրկչագործության հանդեպ: Մկրտությունը կատարվում է Տեր Հիսուս Քրիստոսի անունով ջրի մեջ լրիվ ընկղմումով: Մկրտվել կարող են չափահաս անձնավորությունները կամ հավատացյալ ծնողների հավատացյալ, տասներեք տարեկանից բարձր պատանիները` իրենց ցանկությամբ և ծնողների համաձայնությամբ: Ջրի մկրտությունը կատարվում է եկեղեցու սպասավորների կողմից եկեղեցու անդամների և այլոց ներկայությամբ:
Սուրբ Հոգու մկրտությունը Հայր Աստծո Խոստումն է Հիսուսին հավատացողների համար: Այն առանձին փորձառություն է վերստին ծննդից և ուղեկցվում է օտար և անհասկանալի լեզուների դրսևորման նշանով: Սուրբ Հոգու մկրտությունը հնարավոր է դարձնում հավատացյալների համար հոգևոր կյանքի ավելի կատարյալ լեցունությունը, հոգևոր պարգևների գործառությունները և աշխարհի ավետարանման Տեր Հիսուսի պատվերի իրականացումը:
Տերունական ընթրիքը (հաղորդությունը) Տեր Հիսուսի պատվերն է և նորկտակարանային եկեղեցու կյանքի անբաժանելի մասը: Այն կատարվում է փրկված մարդկանց կողմից ի հիշատակ Տեր Հիսուսի մահվան, հարության և երկրորդ գալստյան: Հաղորդությունը վկայում է Եկեղեցու մեկությունը Քրիստոսի և իրար հետ: Այն Հիսուսի զոհաբերությամբ շնորհված նոր և հաղթական կյանքի հռչակումն է և տոնակատարությունը: Հաղորդությունը կարող է կատարվել ցանկացած ժամանակ՝ եկեղեցու հայեցողությամբ:

Եկեղեցու Խորհուրդները. Եկեղեցին ունի երկու խորհուրդներ`

Հաղորդությունը իրականացնում են հովիվները։ Հաղորդության ժամանակ օգտագործվում է սովորական հաց և գինի։ Ծառայությունը կատարվում է քարոզի, աղոթքների և հոգևոր երգերի ուղեկցությամբ։ Հաղորդությանը կարող են մասնակցել եկեղեցու և այլ եկեղեցիներից հյուր եկած անդամները՝ ըստ իրենց ցանկության։ Հաղորդությունը կարող է կատարվել ցանկացած ժամանակ՝ եկեղեցու հայեցողությամբ:

Մկրտությունը կատարվում է Տեր Հիսուս Քրիստոսի անունով ջրի մեջ լրիվ ընկղմումով: Մկրտվել կարող են չափահաս անձնավորությունները՝ իրենց ցանկությամբ: Ջրի մկրտությունը կատարում են Եկեղեցու սպասավորները եկեղեցու անդամների ներկայությամբ: Մկրտության համար կարող են օգտագործվել բնական և արհեստական ջրային միջոցները`պահպանելով հասարակական կարգուկանոնը։ Մկրտության ժամանակ մասնակիցները կարող են կրել հատուկ հագուստներ կամ լինել տնային հագուստներով՝ պահպանելով պատշաճ արտաքինը։