rss
youtube
facebook
Հայաստանի կրոնները

Ավետարանական հավատքի «Կյանքի Խոսք» Եկեղեցի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ 

«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ԵԿԵՂԵՑԻ


Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին հիմնադրվել է 1990 թվականին: 1993 թվականին այն գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում` համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 1991 թ. ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի, իսկ 2000 թվականին վերագրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Եկեղեցու ավագ հովիվն է վերապատվելի դոկտոր Արթուր Սիմոնյանը, ով ի սկզբանե ակտիվորեն մասնակցել է Եկեղեցու հաստատման գործին, հիմնել եւ ղեկավարել է տարբեր ծառայություններ (բաժիններ): Հովիվ Արթուր Սիմոնյանը հանդիսանում է նաեւ Հայաստանի Ամբողջաավետարանական Եկեղեցիների Համագործակցության համանախագահը: Նա ամուսնացած է, ունի երկու դուստր: 

 

ԴԱՎԱՆԱՆՔԸ


«Կյանքի Խոսք» եկեղեցին իրեն դիտում է Հիսուս Քրիստոսին Տեր եւ Փրկիչ ընդունած բոլոր հավատացյալներին միավորող Ընդհանրական Եկեղեցու բաղկացուցիչ մաս: Հանդիսանալով քրիստոնեության բողոքական ուղղության ավետարանական շարժին պատկանող եկեղեցի` այն խիստ հարգալից է վերաբերվում ինչպես Հայ Առաքելական եկեղեցուն, այնպես էլ քրիստոնեության երեք ավանդական ուղղությունների` Կաթոլիկ, Ուղղափառ եւ Բողոքական եկեղեցիներին: 

«Կյանքի Խոսք» եկեղեցու հավատքի ուսմունքը հիմնվում է կանոնական Սուրբ Գրքի՝ Աստվածաշունչ մատյանի վրա: Եկեղեցին Աստվածաշունչն ընդունում է որպես ամենաբարձր հեղինակություն, որպես Աստծո ամբողջական ու անփոփոխ հայտնություն եւ չի առաջնորդվում որեւէ մեկնողական գրքով: 

Եկեղեցու դավանաբանության համար հիմնարար նշանակություն ունեն Նիկեական, Առաքելական եւ Աթանեսական հավատո հանգանակները, որոնք հաստատվել են 4-րդ եւ 8-րդ դարերի եկեղեցական տիեզերաժողովների ժամանակ, եւ որոնք իրենց մեջ խտացված բովանդակում են քրիստոնեական հավատի եւ վարդապետության հիմքերը: Եկեղեցու կրոնադավանությունը հաշվի է առնում առաքյալների ավանդությունը եւ նախորդ սերունդների եկեղեցական փորձը:

«Կյանքի Խոսք» եկեղեցին դավանում է Սուրբ Երրորդություն՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի՝ չխառնելով անձերը և չբաժանելով Աստվածային բնությունը: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկ Աստված է՝ հավասարապես փառավորված և հավիտենապես մեծարված: Սուրբ Երրորդության ուսմունքը անվերապահորեն ընդունող, Աստվածաշունչը որպես Աստծո անփոփոխ խոսք հաստատող եւ Քրիստոսի վարդապետության հիմքերը դավանող եկեղեցիներին «Կյանքի Խոսք»-ը համարում է քույր եկեղեցիներ: Եկեղեցու դավանանքի մասին կարող եք առավել մանրամասն ծանոթանալ «Սոցիալական հայեցակարգի հիմքեր»-ում: 


ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

«Կյանքի Խոսք» եկեղեցին չի առարկում ծառայությունը պետության զինված ուժերում, խրախուսում է իր անդամների օրինապահ լինելը: Եկեղեցին չի արգելում հավատացյալ կանանց հոգեւոր ծառայությունը՝ Ավետարանի քարոզումը և ուսուցումը: 

Եկեղեցու ուսմունքը իր հետեւորդների առջեւ որեւէ սահմանափակումներ չի դնում ազգային խորհրդանիշները հարգելու, պետական տոները, ծննդյան օրերը կամ այլ տարեդարձները նշելու առումով: Եկեղեցին ազգային պատկանելությունը չի ստորադասում կրոնական կամ եկեղեցական պատկանելությանը եւ հանդես է գալիս որպես ազգային համերաշխության եւ ազգային ինքնության պահպանման ջատագով: 

Եկեղեցին յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալի համար այսօր էլ հասանելի է համարում գերբնական բժշկման շնորհը հավատի միջոցով, սակայն միաժամանակ բժշկագիտությունը եւս դիտարկում է որպես Աստծո պարգեւ մարդկությանը, ուստի իր հետեւորդներին խրախուսում է անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության: Արյան փոխներարկումը նույնպես համարվում է հավատքին չհակասող բնականոն երեւույթ, իսկ դոնորական արյան հանձնումը` մերձավորի հանդեպ սիրո դրսեւորում եւ Աստվածահաճո գործ:

Եկեղեցին իրեն չի համարում որպես աստվածային ճշմարտության միակ կրող, այլ դիտում է իրեն որպես Քրիստոսի տիեզերական մարմնի բաղկացուցիչ մաս եւ հոգեւոր զինակից մյուս բոլոր քրիստոնեական եկեղեցիներին:

«Կյանքի Խոսք» եկեղեցին կարեւորում է պետություն-եկեղեցի, հասարակություն-եկեղեցի եւ միջհարանվանական հարաբերությունները` այս համատեքստում անհրաժեշտ համարելով ուղիղ եւ անմիջական կապերը պետական լիազոր մարմինների, զանգվածային լրատվամիջոցների ու կրոնական կազմակերպությունների միջեւ: Եկեղեցին իր գործունեության, դավանանքի եւ սոցիալական հայեցակարգի մասին լիարժեք տեղեկատվություն է ներկայացնում իր պաշտոնական ինտերնետային կայք-էջում եւ պարբերականներում: 

Եկեղեցական եւ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցերի վերաբերյալ «Կյանքի Խոսք» եկեղեցու սկզբունքային մոտեցումներին ու դիրքորոշումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Սոցիալական հայեցակարգի հիմքեր»-ում:

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցու գործունեության ավելի քան 15 տարիների ընթացքում շուրջ 40 տեղական եկեղեցիներ են հիմնադրվել Հայաստանում եւ արտերկրում: Յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին անցկացվում են եկեղեցական մեծ ծառայություններ: Եկեղեցին միսիոներական գործունեություն է ծավալում Կովկասում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի մի շարք երկրներում: Սերտ միջեկեղեցական կապեր են գործում ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ-ի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Մերձավոր Արեւելքի երկրների ավետարանական շարժի եկեղեցիների հետ: 

Եկեղեցում գործում են ավելի քան 35 ծառայություններ (բաժիններ): Շեշտադրված աշխատանք է իրականացվում հովվական, սոցիալական, հեռուստատեսային, ավետարանչական, կրթական, հրատարակչական, կալանավայրերի, հաշմանդամների, պատանեկա-երիտասարդական, մշակութային եւ այլ ծառայությունների ոլորտում: 


Սոցիալական ծառայություն

Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցին լայնածավալ գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում։ Եկեղեցու «Գնացեք, տեսեք...» գթության ծառայությունը ստեղծվել է 1992 թվականին՝ հովիվ Արթուր Սիմոնյանի նախաձեռնությամբ։ Ծառայության կազմավորման առաջին օրը հանդես գալով եկեղեցու առջև՝ նա քարոզում է Մարկոս 6.30-44 խոսքերը, որտեղ նկարագրված է այն պատմությունը, թե ինչպես Հիսուսը 5000-ից ավելի մարդ կերակրեց։ Նա հորդորում է մարդկանց հավատալ Աստծուն, գնալ, տեսնել, թե իրենք ինչ ունեն եւ ինչ կարող են զոհաբերել` վստահելով, որ Աստված կպատասխանի իրենց հավատքին, եւ այդ սովի պայմաններում կկերակրվեն ոչ միայն իրենք, այլեւ շատ ուրիշ կարոտյալներ: Հաջորդ օրը մարդիկ այցելում են եկեղեցի՝ յուրաքանչյուրը բերելով այն, ինչ կարող էր՝ 1կգ շաքարավազ, 0,5 կգ բրինձ, հագուստ... Սակայն ամենացնցողը լինում է առաջին զոհը՝ մեկ մատնաքաշ։ Հացը ամենաթանկ բանն էր, քանի որ այդ ժամանակ հացի համար նույնիսկ շուրջօրյա հերթեր էին գոյանում։ Նվիրաբերությունները հատկացվում են պատերազմից և երկրաշարժից տուժածներին։ Հետագա տարիներին Եկեղեցու անդամների նվիրատվությունների շնորհիվ հնարավոր է դառնում իրագործել մի շարք գթասիրական ծրագրեր։

- 1993 - 1996թթ. - «Կերակրիր սովածներին» ծրագրի շրջանակներում սննդով ապահովվել է 10 հազար մարդ:

- 1996 - 1998թթ. - «Շարժական ճաշարան» ծրագիրը շաբաթական 3 անգամ կերակրել է սոցիալապես խիստ անապահով 400 մարդ:

- 1998 - 2001թթ. - «Աստվածային 3-րդ ճանապարհ անտուն-թափառականների համար» ծրագիրը բազմամասնագիտական խմբի (հոգեբան, մանկավարժ, սոցիոլոգ) օգնությամբ աշխատանք է տարել տարբեր պատճառներով փողոցում հայտնված ընտանիքներին սթրեսից դուրս բերելու, իրենց նախկին կյանքին վերադարձնելու ուղղությամբ: Ծրագրում ընդգրկվածներին «Կյանքի Խոսք» եկեղեցու գթության ծառայությունը ապահովել է աշխատանքով, տնտեսական-կենցաղային իրերով, Երեւանում կառուցված բնակարաններով:

- 2001 - 2003թթ. - «Օգնություն սահմանամերձ գյուղերին» ծրագրի շնորհիվ Հայաստանի մի շարք սահմանամերձ գյուղերի բնակիչներ ապահովվել են սննդամթերքով եւ հագուստով: 

- 2001 - 2007թթ. - «Երկնքի արքայությունը մանուկներին» ծրագիրը կազմված է եղել կանխարգելում-կողմնորոշում-խնամատարություն ճյուղերից: Կանխարգելում փուլում բազմամասնագիտական խմբի (հոգեբան, սոցաշխատող, մանկավարժ) աշխատանքների շնորհիվ կանխվել է հիշյալ երեխաների մուտքը մանկատուն։ Կողմնորոշում փուլում հետազոտություններ են կատարվել՝ պարզելու, թե որ երեխաներն են ի վիճակի ապրելու բիոլոգիական ծնողների հետ, և որ երեխաները պետք է պետական կառույցների միջամտությամբ հանձնվեն այլ ընտանիքների խնամակալության։ Ծրագրի երրորդ փուլում ընտրվել են համապատասխան խնամակալ ընտանիքներ՝ ծնողների կողմից բռնության ենթարկված երեխաներին խնամակալության հանձնելու համար:

Արդյունքներն զգալի են. երեխաներին ընձեռվել է ընտանեկան ջերմ եւ հոգատար մթնոլորտում մեծանալու հնարավորություն, ամբողջությամբ վերացվել է բռնությունը նրանց նկատմամբ, բարելավվել են սոցիալական պայմանները, վերականգնվել է ուսումը դպրոցներում։ Հատկանշական է, որ բիոլոգիական ծնողների հետ իրականացվել է համակողմանի անհատական աշխատանք, քանզի հետազոտությունները ցույց էին տվել, որ նրանք ունեն հոգեբանի և մանկավարժի մեծ կարիք։ Ինչ վերաբերում է խնամակալներին, ապա նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է եղել իր խնամքին հանձնված երեխային պատշաճ ժամանակում վերադարձնել բիոլոգիական ընտանիք։ Ժամանակը որոշվել է բազմամասնագիտական խմբի և Գթության ծառայության խորհրդի կողմից։ Երեխաները վերադարձվել են բիոլոգիական ընտանիք, երբ լիովին վերացած է եղել նրանց կյանքի նկատմամբ սպառնալիքը, ծնողների կողմից ապահովված է եղել սոցիալական պայմանները և վտանգի տակ չի եղել կրթության շարունակականությունը։ 2001-2007թթ. եկեղեցու խնամքի տակ է գտնվել նախկինում բռնության ենթարկված շուրջ 500 երեխա:

- Եկեղեցու գթության ծառայությունն իրականացնում է նաև «Օգնություն-վերականգնում-զարգացում» ծրագիրը՝ ֆինանսական և սննդի օգնություն հատկացնելով Եկեղեցու սոցիալապես անապահով ընտանիքներին։ Սակայն ծրագիրը չի սահմանափակվում զուտ օգնության հատկացմամբ. շեշտ է դրվում սեփական ընդունակությունների, ստեղծագործական կարողությունների և աշխատասիրության զարգացման միջոցով ընտանիքի կենսապայմանների ապահովմանը հասնելու վրա: 

- 2008թ. - Օգնություն միայնակ ծերերին և հաշմանդամներին: Ծրագրի ամենօրյա խնամքի տակ են գտնվում սոցիալապես խիստ անապահով 600 միայնակ ծերեր և հաշմանդամներ:


Հատուկ կարիքավոր անձանց ծրագիր

2007 թ.-ին Եկեղեցին նախաձեռնել է Հատուկ կարիքավոր անձանց ծրագիրը, որի շահառուներն են մանկական ուղեղային կաթվածով, ողնաշարային վնասվածքներով, վերջույթների ամպուտացիայով հաշմանդամներ: Հիշյալ ժամանակահատվածում աշխատանք է իրականացվել շուրջ 130 հատուկ կարիքավորների եւ նրանց ընտանիքի անդամների հետ: 2008 թ.-ին ծրագրի մեջ ընդգրկված մասնագետների եւ կամավորականների կողմից իրականացվել է ավելի քան 400 այցելություններ: Ծրագրի նպատակն է ընկերային շփման, մասնագիտական օգնության, այցելությունների, մշակութային ծրագրերի միջոցով նրանց ինտեգրել հասարակությանը:

Ծրագիրը համագործակցում է Հայաստանում նույնատիպ խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ: Այդ կազմակերպությունների հետ համատեղ հատուկ կարիքավոր անձանց համար իրականացվել են մշակութային միջոցառումներ, հյուրասիրություններ, նվիրաբաշխություններ: Համագործակցելով քրիստոնյա բժիշկների □ԱԿՄԱ□ կազմակերպության հետ՝ 155 հաշմանդամների և նրանց ընտանիքի անդամների համար իրականացվել է անվճար բժշկական հետազոտություն 30 բժիշկների մասնակցությամբ:


Կալանավայրերի ծառայություն

2004 թվականից մենք գործունեություն ենք ծավալում կալանավորների եւ նրանց ընտանիքների շրջանում` հիմք ընդունելով Մատթ. 25:35-40 խոսքը: Մարտահրավեր նետելով ընդունված հասարակական կարծիքին, թե հանցագործից միշտ հանցագործ է ծնվում, մենք իրականացնում ենք լայն պրոֆիլակտիկ աշխատանքներ` ուղղված հանցագործությունների կանխարգելմանը: Մեր նպատակն է Ավետարանի խոսքով լուսավորել կալանավորներին, օգնել վերականգնել նրանց ընտանիքները եւ նորովի սկսել կյանքը հասարակության մեջ:

Մենք իրականացնում ենք «Հայրերի սիրտը դեպի որդիքը եւ որդկանց սիրտը դեպի իրենց հայրերը» (Մաղ. 4:6) ծրագիրը, որի շրջանակներում այցելում ենք բանտարկյալների երեխաներին եւ կալանավայրում գտնվող ծնողների անունից հանձնում նվերներ, ինչպես նաեւ ծնողների կողմից գրված նամակներ, որպեսզի էլ ամուր դարձնենք ընտանեկան կապը` տալով հույս դեպի ապագան: Շատ դեպքերում սա պատճառ է դառնում վերականգնելու ծնող-երեխա խաթարված հարաբերությունները:

Յուրաքանչյուր տարի կալանավորների երեխաների համար մենք կազմակերպում ենք ամառային ճամբար, որին մասնակցել է արդեն 100-ից ավելի երեխա: Այս երեխաների համար ճամբարը ակտիվ հանգստի եւ հետաքրքիր ու բովանդակալից ժամանցի եզակի հնարավորություններից է: 

2007 թ.-ին Եկեղեցու ֆինանսա-կազմակերպչական աջակցությամբ եւ սիրիահայ ճանաչված վիրաբույժ Ջանի Հադաթի մարդասիրական մասնակցությամբ ՀՀ «Կենտրոնական հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են բարեգործական վիրահատություններ:


Հեռուստատեսային ծառայություն

2003թ. Հայաստանի ԱՀՔ «Կյանքի Խոսք» եկեղեցին հիմնեց "7x70" հեռուստաստուդիան, եւ նույն տարվա հունիսի 1-ից սկսվեց մեր հաղորդումների ռուսերեն լեզվով հեռարձակումը քրիստոնեական արբանյակային հեռուստաալիքներով: Այժմ մեր հաղորդումները կարելի է դիտել ТБН-Россия արբանյակային ալիքով և ITN կաբելային հեռուստակայանով:

Մեր հիմնական նպատակն է տարածել Հիսուս Քրիստոսի Բարի լուրն ամբողջ աշխարհում (Մարկոս 16.15): 

Մեր հաղորդումներն օգնում են մարդկանց զարգացնել հոգևոր գիտելիքները, ամրացնում են նրանց հավատքը, մանրամասն տեղեկացնում են քրիստոնեական աշխարհի իրադարձությունների մասին, պատասխանում են հրատապ հարցերին: