rss
youtube
facebook
Օրակարգ

Հայ կաթողիկե հաղորդակցության միջոցներիր Բ համագումար. Կայքը «կարգալույծ» լինելու առաջ

 

photo/news.am



Ս/Թ. Հուլիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարի բացումը: Համագումարը նախաձեռնել է Հայ Կաթողիկե հաղորդամիջոցների հանձնախումբը` ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Համագումարի նպատակն է` հզորացնել համագործակցությունը հայ համայնքներում գործող եկեղեցական հաղորդակցության միջոցների (ԶԼՄ-ների) միջև և մշակել մեխանիզմներ` նրանց աշխատանքը քրիստոնեական և ազգային արժեքների տարածմանն ու պահպանմանը լավագույնս ծառայեցնելու համար: 

Համագումարում քննարկվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական և կրոնական կառույցների կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

Համագումարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան` Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը (Հայ Կաթողիկե հաղորդամիջոցների հանձնախմբի նախագահ), ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հատաքրքրական է, որ ի թիվս այլ բանախոսների Հայոց ցեղասպանության և ազգային հոգևոր արժեքների գործում ԶԼՄ-ների դերի և գործունեության հիմնախնդիրների քննարկման ու վերլուծության, Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը առաջնային համարեց առաջիկայում զբաղվել հատկապես  religions.am կայքի փակման հարցերով, որն ըստ նրա, զբաղված է բացառապես Հայ առաքելական եկեղեցուն քննադատելով և բացասական կողմերով ներկայացնելով: Նա մասնավորապես նշեց, որ հնարավոր է առաջիկայում, օգտագործելով որոշակի լծակներ, կզբաղվեն այդ հարցով, եթե կայքի ադմինիստացիան չվերանայի իրենց մոտեցումները: Այնուամենայնիվ, համաժողովը շարունակվեց կառուցողական քննարկման մթնոլորտում:

Հետաքրքիր զեկույցներով հանդես եկան նաև «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ղեկավար, թրքագետ` Արիստակես Սիմավորեանը, ազատ լրագրող, պատմաբան` Գէորգ Եազըճեանը, Լիբանանի Պատրիարքական թեմական գործունեության քարտուղար` Յակոբ Թերճանեանը: 

Համագումարը կշարունակվի նաև վաղը` հուլիսի 16-ին: Հուլիսի 17-ին համագումարի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հոգեհանգստի արարողություն մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախատեսվում է նաև այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ՀՀ Սփյուռքի նախարարություն: