rss
youtube
facebook
Օրակարգ

Լևոն Բարդակջյանն ընդդեմ «Իրավունք»-ի. Հայաստանում կրոնական համայնքների նկատմամբ ոտնձգությունները շարունակվում են

 

 

     Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են կրոնական համայնքների նկատմամբ պարբերաբար իրականացվող ոտնձգությունները և տեսնելով դրանց զարգացման օրինաչափությունները մնում է միայն ենթադրելու, որ դրանք իրականացվում են պատկան մարմինների թողտվության կամ հովանավորչության արդյունքում:

     Նման ոտնձգության վառ դրսևորում է հանդիսանում 28.05.2014թ. §Իրավունք մեդիա¦ ՍՊ ընկերության «iravunk.com» կայք էջում «Ավետարանական եկեղեցին` որպես հասարակական անվտանգության սպառնալիք, փակել և լուծարել» վերնագրով հրապարակված հոդվածը, որով այս անգամ ոտնահարվել է Հայաստանի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպություններից մեկի՝ Երևանի ավետարանական եկեղեցու ավագ հովիվ Լևոն Բարդակջյանի պատիվն ու արժանապատվությունը: 

     Այսպես, 28.05.2014թ. §Իրավունք մեդիա¦ ՍՊ ընկերության «iravunk.com» կայք էջում «Ավետարանական եկեղեցին` որպես հասարակական անվտանգության ապառնալիք, փակել և լուծարել» վերնագրով հրապարակվել է հետևյալ հոդվածը, «որտեղ քոնը կասես, էնդեղ էլ Բարդակչյանինը», - ահա այսպիսի գրություն թողնելով` մայիսի 23-ին ամբողջությամբ ջարդուփշուր են արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մեքենայի ապակիները, վնասել են որոշ աքսեսուարներ, գողացել նվագարկիչը: Այո, պարզվում է, Երևանի Ավետարանական եկեղեցու հովիվ` վերապատվելի Լեւոն Բարդակչյանի ընդդեմ Կոմիտաս վարդապետի արված նողկալի հայտարարությունից որոշ ժամանակ անց, նման հարձակում է կատարվել մեքենայի վրա»:

     Երևանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լևոն Բարդակջյանի կողմից հայցադիմում է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակման մեջ տեղ գտած կեղծ տեղեկատվությունը հերքելու, Լևոն Բարդակջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով:

     Պարզվում է, որ հոդվածագիրը նողկալի է համարել Երևանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լևոն Բարդակջյանի կողմից դեռևս 15.03.2014թ. հեռարձակված հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ արված այն հայտարարությունը, որով վերջինս հայտնել է, որ իր և իր աշխատակիցների նկատմամբ իրականացվել են ոտնձգություններ: Հատկանշական է, որ Լևոն Բարդակջյանի կողմից կատարված հայտարարություններում տեղ գտած փաստերի մասով նախապատրաստվել են նյութեր և իրականացվում է հետաքննություն:

     Մնում է միայն ենթադրելու, թե ինչու է §Իրավունք մեդիա¦ ՍՊ ընկերության «iravunk.com» կայք էջում 28.05.2014թ. հրապարակվում մի նյութ, որով հոդվածագիրը ոչ միայն անդրադառնում է ավելի քան երկու ամիս առաջ իրականացված փաստերի մասին Բարդակջյանի հրապարակման, այլև դրանք ներկայացնում կրոնական կազմակերպության ղեկավարին նսեմացնող, վերջինիս պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող լույսի ներքո:

     Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 04.12.2014թ. ժամը՝ 14:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: