rss
youtube
facebook
Անդրադարձ

Ռումինիայի հայ համայնքի գերեզմանաքարերի և մահարձանների արձանագրությունները

 

Ախթալայի Ս․Աստվածածին Վանքի Վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը մինչ Հայաստանում նշանակում ստանալը ծառայել է  Ռումինիայի Հայոց թեմում, որտեղ մի շարք ուսումնասիրություններ է պատրաստել այդ տարածաշրջանի հայկական ժառանգության մասին: 



Տեր Հեթումը խմբագրությանն է տրամադրել Մոլդավիայի հայ համայնքներից երեքի՝ Սուչավայի Ս. Խաչ եկեղեցու , Ս. Սիմեոն եկեղեցու , Զամկա վանքի  և Հաճկատար վանքի  գերեզմանաքարերի կուսանկարները: Այս վանքերի, ինչպես նաև  Բոտոշանի  Ս. Աստվածածին եկեղեցու և Ս. Երրորդություն եկեղեցու, Ֆոկշանի Ս. Աստվծածին եկեղեցու գերեզմանաքարերն ու մահարձանները առանձին մի հիմնավոր ուսումնասիրության կարիքն ունեն, որոնց նվիրված ամբողջական ուսումնաիրությունը Տեր Հեթումի մեկ այլ  աշխատության նյութ է հանդիսանում: 
Ներկայացնում ենք գերեզմանաքարերի լուսանկարները  Տեր Հեթում քահանա Թարվերդյանի հակիրճ մեկնաբանություններով:


Կարևոր են Յաշի Ս. Աստվածածին եկեղեցու բակում գտնվող գերեզմանաքարերն ու մահարձանները, որոնք ամբողջությամբ արտագրել ենք և վերծանել։ Մյուս համայնքների գերեզմանաքարերը հնությամբ և իրենց հիշատակություններով մեծ արժեք չեն ներկայացնում, բայց ամեն դեպքում նույնպես ներառել ենք աշխատության մեջ: Հավելենք, որ նույն աշխատանքը կատարել ենք նաև Բուխարեստի գերեզմանատան մեջ, որտեղ մինչ օրս պահվում են տասնյակ հին շիրիմներ։

Ընդհանրապես Ռումինիայում պահպանված գերեզմանաքարերը ծավալով տարբեր են. Ոմանք կարճ հիշատակություններով, հանգուցյալի անունն ու մահվան թվականը ցույց տվող, ուրիշներ՝ չափածո գովասանական արձանագրություններով: Գերեզմանաքարերի մի քանի հատը զարդարված են Կենաց ծառով, կամ մեխակներով, որթատունկերով և խաղողով, գլուխը ունենալով միշտ խաչ: Կան շիրիմներ, որոնք զարդարված են երկգլխանի արծիվով: Բավական շատ են այն տապանաքարերը, որոնք կրում են հրեական Էմմանուել բառին սկզբնատառը, այսինքն «Է», գրեթե բոլորն էլ թռչնագիր, որը նշանակում է ընդ մեզ Աստուած (Աստված մեզ հետ):


Բոտոշանի Ս. Երրորդություն եկեղեցու զանգակատան աջ կողմը գտնվում է «Տր Յսի պաշտօնեայ լեալ, տր Աւետիս վերակոչեալ Պարխուտարեան մականուանեալ», թվական՝ 1814 փետրվար 19, տապանաքարի վերևը և ճիշտ մեջտեղը քանդակված է քահանայական գդակ, երկու կողմերը բուրվառներ, մի քիչ ներքև, մեկ սկիհ և խաչ, իսկ այս երկուսի մեջտեղում Ավետարան՝ «Ելի ի Հռրէ եկի յս. դրձլ թղմ եւ երթամ առ Հայր»: Ֆոկշանի Ս. Աստվածածին եկեղեցու գերեզմանատան մեջ պահպանված է մի քահանայի դամբարանը, որի ճակատը՝ ծաղկյա շրջանակի մեջ քանդակված են սաղավարտ, վակաս և փորուրարի մասեր. թվականը անընթեռնելի է, շիրիմը՝ «Ադրեանոպօլսեցի Տ. Ստեփանին»ն է: 

Նախքան 17-րդ դար, մի շարք գերեզմանաքարերի հիշատակությունները եղել են չորս եզրերում, մեջտեղը ունենալով զանազան զարդարանքներ՝ սովորաբար բուսային: 17-րդ դարից հետո արձանագրությունները եղել են քարի մեջտեղը, իսկ զարդարանքները՝ եզերքները: Տապանաքարերը ընդհանրապես շատ լավ որակի են եղել, մարմարից, իսկ աշխատությունը՝ արվեստի գործ: Մարմարյա այս քարերը բերվել Պոլիսից առանց, որևէ գրության:

Տապանաքարերի արձանագրությունները, բացառությամբ մի քանիսի, գրաբար են, իսկ թվականները փորագրված են հայկական և արաբական թվանշաններով:
Մի շարք գերեզմանաքարեր գործածված են եկեղեցիների և վանքերի նորոգության առիթներով: Այսպես, Սուչավայի Ս. Խաչ եկեղեցու զանգակատան դռան վրա դրված են 4 հին գերեզմանաքարեր, ուրիշ 4 հատ նույն եկեղեցու հյուսիսային և հարավային պատերի վրա, 2 հատ Ս. Սիմեոն եկեղեցու մկրտության ավազանի առջև: Բոտոշանի Ս. Աստվածածին եկեղեցու Ավագ Խորանի մոտ պահպանվել են երկու հին տապանաքարեր, իսկ Ս. Երրորդություն եկեղեցու աջակողմյան պահարանի սեղանի առջև և ձախակողմյան դռան վրա՝ 4 գերեզմանաքարեր:

Անկասկած եղել են ավելի հին ու շատ տապանաքարեր, որոնք ունեցել են իրենց առանձնահատուկ հիշատակությունները, սակայն ժամանակի հոլովումով անհետացել են և կամ էլ զարդարվել են մամուռի կանանչ թավիշով։