rss
youtube
facebook
Միջազգային փաստաթղթեր

Կրոնական Ազատությունների Մասին Միջազգային Զեկույց 2010

 

Դեսպանատան Նորություններ

 

 

Հայաստան | 17 նոյեմբերի, 2010թ.

 

 

 

Կրոնի ազատությունն ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն օրենսդրությամբ կան որոշ սահմանափակումներ փոքրամասնական կրոնական խմբերին հարողների կրոնական ազատության նկատմամբ:

 

 

Ընդհանուր առմամբ, կառավարությունը կրոնական ազատության նկատմամբ գոյություն ունեցող իրավական սահմանափակումները չի կիրառել: Այս զեկույցում արտացոլված ժամանակահատվածում կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել:

 

Եղել են հաղորդումներ հասարակական չարաշահումների և խտրականության վերաբերյալ կրոնական պատկանելության, հավատքի և գործունեության հիման վրա:

 

 

 

Կրոնական ազատության հարցն ԱՄՆ կառավարությունը քննարկում է կառավարության հետ` մարդու իրավունքների խթանման ընդհանուր քաղաքականության համատեքստում:

 

 

 

Մաս I. Կրոնական ժողովրդագրությունը

 

 

 

Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 11.500 քառակուսի մղոն, իսկ բնակչությունը` 3 միլիոն: Բնակչության շուրջ 98 տոկոսը կազմում են էթնիկ հայերը: Երկրի բնակչության մոտ 90 տոկոսն անվանականորեն հարում են Հայաստանյայց Եկեղեցուն, որն արևելյան վեց հնագույն ավտոկեֆալ եկեղեցիներից մեկն է, որի հոգևոր կենտրոնը (Մայր Աթոռ) տեղակայված է Էջմիածնի Մայր տաճարում ու վանքում` մայրաքաղաք Երևանից ոչ հեռու:

 

 

 

Կան այլ կրոնական խմբերին հարող փոքր համայնքներ: Կրոնական փոքրամասնությունների քանակային կազմի ճշգրիտ հաշվառման տվյալներ չկան, իսկ ծխական համայնքների ներկայացուցիչների կողմից ներկայացվող տվյալներն էլ նշանակալիորեն տարբերվում են միմյանցից: Խմբերը, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, ներառում են կաթոլիկներ` Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Հայկական Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, հայ ավետարանչական եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ, մոլոկաններ, հիսունականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, բապտիստներ, խարիզմատիկ քրիստոնյաների տարբեր խմբեր, Եհովայի վկաներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդներ (մորմոններ), եզդիներ (եզիդիզմին հարող ոչ մահմեդական քրդեր), հրեաներ, սունի մահմեդական քրդեր, շիա մահմեդականներ, բահայականներ և այլն:

 

 

 

Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռանը հարող գյուղական բնակավայրերում` մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս-արևմուտք: Հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են հյուսիսում, մինչդեռ հրեաները, մորմոնները, բահայականներն ու ուղղափառ քրիստոնյաները, ինչպես նաև հիմնականում շիա մահմեդականների փոքրիկ համայնքը` կազմված իրանցիներից ու Միջին Արևելքի երկրներից եկած ժամանակավոր բնակիչներից, բնակվում են Երևանում:

 

 

 

Մաս II. Կրոնական ազատության հանդեպ հարգանք կառավարության կողմից

 

Իրավա-օրենսդրական դաշտ

 

Սահմանադրությամբ ամրագրվում է կրոնական ազատությունը և կրոնական հավատքի դավանելու, այն ընտրելու կամ փոխելու իրավունքը, սակայն օրենսդրությամբ կան որոշ սահմանափակումներ փոքրամասնական կրոնական խմբերին հարողների կրոնական ազատության նկատմամբ:

 

Սահմանադրությունը ճանաչում է «Հայաստանյայց Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: Սահմանադրությամբ ու Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքով սահմանվում է եկեղեցու և պետության տարանջատումը, բայց Հայաստանյայց Եկեղեցուն շնորհվում է ազգային եկեղեցու պաշտոնական կարգավիճակ:

 

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Եկեղեցու հարաբերությունների մասին 2007թ. օրենքը կարգավորում է պետության և Հայաստանյայց Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները և որոշակի արտոնություններ է շնորհում Հայաստանյայց Եկեղեցուն, որոնք չեն գործում մյուս կրոնական խմբերի համար: Այս օրենքի համաձայն պետությունը ճանաչում է եկեղեցու կանոնական ծեսով իրագործած ամուսնությունների իրավական ուժը, սակայն դեռևս չկային այդ դրույթի կենսագործումն ապահովելու համար անհրաժեշտ իրավական ակտերը: Օրենքը նաև իրավունք է վերապահում Հայաստանյայց Եկեղեցուն ունենալու մշտական ներկայացուցիչներ հիվանդանոցներում, մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, զորամասերում, և ազատազրկման բոլոր վայրերում, մինչդեռ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն մյուս կրոնական կազմակերպություններին իրավունք է վերապահվում ներկայացուցիչ ապահովել հիշյալ կառույցներում միայն այդպիսի խնդրանք լինելու դեպքում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով պաշտոնապես ճանաչվում է այն բարոյական ու էթնիկ/ազգային դերը, որ Հայաստանյայց Եկեղեցին փաստացի ունի հասարակության համար, քանզի քաղաքացիների մեծ մասը եկեղեցին համարում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության անբաժանելի մաս:

 

Կառավարության կողմից որպես ազգային տոն նշվում է հունվարի 6-ը, այն օրը, երբ Հայաստանյայց Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը: Տարվա ընթացքում կառավարության որոշմամբ հինգ եկեղեցական տոների հետ կապված երկուշաբթի օրերը պաշտոնապես հայտարարվում են ոչ աշխատանքային, քանի որ այդ օրերին ընդունված է այցելել հարազատների գերեզմանները: Դրա փոխարեն նախորդ կամ հաջորդ շաբաթ օրը հայտարարվում է աշխատանքային օր:

 

Այլընտրանքային ծառայության մասին օրենքը թույլ է տալիս դավանական նկատառումներով զինվորական ծառայությունից խուսափող անձանց, պետական հանձնաժողովի թույլտվությամբ, մարտական զինվորական ծառայության փոխարեն անցնել ոչ-մարտական զինվորական կամ աշխատանքային ծառայություն: Օրենքը գործողության մեջ մտավ 2004թ. և տարածվում էր հետագա զորակոչիկների ու զորակոչից խուսափելու համար բանտում հայտնված անձանց վրա: 2006թ. հունվարին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը որակվեց որպես քրեորեն պատժելի արարք: Այնուհանդերձ, դավանական նկատառումներով զինվորական ծառայությանը դեմ անձինք շարունակում են դիտարկել զինվորական հսկողության ներքո ընթացող այլընտրանքային աշխատանքային ծառայությունը որպես անընդունելի է:

 

Oրենսդրությամբ հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների), այդ թվում և կրոնական խմբերի գրանցումը պարտադիր չէ, սակայն միայն գրանցված կազմակերպություններն են, որ ստանում են իրավաբանական անձի կարգավիճակ: Միայն գրանցված խմբերը կարող են հրատարակել 1000-ից ավել տպաքանակով թերթեր ու ամսագրեր, վարձակալել տարածք ժողովների համար, հեռարձակել հաղորդումներ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, կամ պաշտոնապես հովանավորել իրենց այցելուների համար վիզաների ստացումը, մինչդեռ անդամները դա կարող են անել որպես անհատ: Գրանցման պայմաններին բավարարելու համար կրոնական կազմակերպությունները պետք է «զերծ լինեն նյութապաշտությունից և ուղղված լինեն դեպի զուտ հոգևոր ոլորտներն», ունենան առնվազն 200 հոգի չափահաս հետևորդներ և առաջնորդվեն «պատմականորեն կանոնացված որևէ սուրբ գրքի» սկզբունքներով: Գրանցման պահանջները չեն վերաբերում ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններին: Կրոնական կազմակերպությունների գրանցումն իրականացվում է Պետական ռեգիստրում: Ազգային փոքրամասնությունների ու կրոնի հարցերի վարչությունը հետևում է կրոնական հարցերին և կատարում է փորձագիտական դեր գրանցման գործընթացում: Չեն եղել հաղորդումներ այն մասին, որ կառավարությունը մերժի գրանցվելու դիմում ներկայացրած որևէ կրոնական խմբի գրանցումը:

 

Կրթության մասին օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է: Հանրակրթական դպրոցներում կարող են դասավանդել միայն կառավարության կողմից արտոնված և վերապատրաստում անցած մասնագետները: Հայ Եկեղեցու պատմությունը ներառված է հանրակրթական առարկայացանկում և դասավանդվում է հանրակրթական դպրոցի մանկավարժ-ուսուցիչների կողմից: Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի համաձայն Հայաստանյայց եկեղեցին իրավունք ունի մասնակցել այդ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը, ինչպես նաև այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը: Հայաստանյայց եկեղեցին կարող է նաև առարկան դասավանդող ուսուցիչների թեկնածություններ առաջադրել: Բոլոր կրոնական խմբերն իրենց հետևորդների ուսուցման համար կարող են կրոնի դասավանդման խմբեր ստեղծել` այդ նպատակի համար օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները: Օրենքը Հայաստանյայց Եկեղեցուն իրավունք է վերապահում կամավոր հիմունքներով կրոն դասավանդել պետական կրթական հաստատություններում` այդ նպատակի համար օգտագործելով այդ հաստատությունների շինություններն ու ռեսուրսները:

 

Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում փոքրամասնական կրոնական խմբերն ու մարդու իրավունքների կազմակերպությունները մտահոգություններ են հայտնել կապված 2009թ, մարտին առաջարկված օրենսդրական փոփոխությունների հետ` Խղճի ազատության և կրոնական ազատությունների մասին ՀՀ օրենքում և ՀՀ Քրեական օրենսգրքում: Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողովը) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով խորհրդատվական խորհուրդը նույնպես քննադատել էին առաջարկվող փոփոխությունները: 2010թ. փետրվարին Ազգային ժողովն այս նախագծերի հետագա քննարկումն հետաձգեց մինչև Ազգային ժողովի 2010թ. աշնանային նստաշրջանը:

 

Կրոնական ազատության սահմանափակումներ

 

Ընդհանուր առմամբ, կառավարությունը կրոնական ազատության նկատմամբ գործող իրավական սահմանափակումները չի կիրառել: Հաշվետու ժամանակահատվածում կառավարության կողմից կրոնական ազատության նկատմամբ հարգանքի մասով փոփոխություն չի եղել:

 

Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքով արգելվում, բայց չի սահմանվում «հոգեորսությունը», որը ոչ իրավական տերմին է, որն ընկալվում է բնութագրելու թե դավանափոխությունը, և թե հարկադիր կրոնափոխությունը: Արգելքը վերաբերում է բոլոր խմբերին, այդ թվում և Հայաստանյայց Եկեղեցուն: Գրանցված կրոնական կազմակերպությունների մեծ մասը հաշվետու ժամանակաշրջանում չի հայտնել իրենց գործունեության ճանապարհին ի հայտ եկած զգալի իրավական խոչընդոտների մասին:

 

Չնայած օրենսդրությամբ արգելում է արտերկրում հոգևոր կենտրոններ ունեցող եկեղեցիների ֆինանսավորումը արտերկրից` կառավարությունը չի կիրառել այս արգելքը:

 

Հաշվետու ժամանակահատվածի ողջ ընթացքում որոշ կրոնական խմբերի կողմից հաղորդումներ են եղել այն մասին, որ դպրոցներում շարունակվել է բացասական վերաբերմունքի դրսևորումը Հայաստանյայց Եկեղեցուց զատ որևէ այլ կրոնական խմբի պատկանող աշակերտների ու ուսուցիչների հանդեպ: Խմբերն ու տեղական դիտորդները նկատում են, որ այս կարգի վերաբերմունքն առավել ակնհայտ է դառնում Հայ Եկեղեցու պատմության դասերին, որոնք ըստ իրենց պարունակում են կրոնական քարոզչության տարրեր: Այնուամենայնիվ, կրոնական խմբերի մեծամասնության կարծիքով իրավիճակն հաշվետու ժամանակահատվածում բարելավվել է: Կառավարության պաշտոնյաները հերքում են դպրոցներում փոքրամասնական կրոնական խմբերի պատկանող աշակերտների հանդեպ անհանդուրժողականության ու խտրականության դրսևորումների մասին հաղորդումները և պնդում են, որ նման բողոքներ Կրթության նախարարությունում չեն ստացվել:

 

«Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» ՀԿ-ն, որը կապ ունի «Երևանի Ավետարանական Եկեղեցու» հետ, պնդում էր, որ կառավարությունը խոչընդոտներ է ստեղծում իր բարեգործական ծրագրերի համար` կրոնական խտրականության պատճառով: «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» կազմակերպությունը պնդում էր, որ մոտ 15 տարի, իրականացրել է նույն բարեգործական ծրագիրը` նվիրաբերված ապրանքների փոքրիկ տուփերի բաշխումը երեխաներին: 2009թ. նոյեմբերին Բարեգործական ծրագրերի համակարգման կառավարական հանձնաժողովը մերժեց ՀԿ-ի հայտը` բարեգործական կարգավիճակի վերաբերյալ, որը որոշ հարկային արտոնություններ էր ապահովում: Մերժումը հաջորդեց այն բանին, երբ Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչը գրություն ուղարկեց հանձնաժողովին` նշելով որ «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» ՀԿ-ն նվերները բաշխելու ընթացքում զբաղվում է քարոզով և «հոգեորսությամբ»: Կազմակերպությունը, ժխտելով այս պնդումները, վերստին հայտ ներկայացրեց` առաջարկելով ծրագիրն իրականացնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի հետ միասին, որը դավանանքի վրա հիմնված էկումենիկ խումբ է: Սակայն 2009թ. դեկտեմբերի 11-ին հանձնաժողովը որոշեց, որ ծրագիրն ամբողջությամբ պետք է իրականացվի Կլոր սեղան հիմնադրամի կողմից: 2010թ. մայիսի 14-ին հանձնաժողովն ամբողջությամբ չեղյալ ճանաչեց ծրագրի բարեգործական որակումը: Հանձնաժողովը հերքում էր «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» ՀԿ-ի պնդումները, որ իրենք կրոնական խտրականության թիրախ են դարձել` նշելով, որ կազմակերպությունը խախտել է Բարեգործության մասին ՀՀ օրենքը` նվերների դիմաց գումար գանձելով: Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» ՀԿ-ն այս մեղադրանքները ժխտում էր:

 

Եհովայի վկաների միաբանությունը հաղորդում էր, որ չի կարողացել տարեկան հավաքների համար մեծ տարածքներ վարձակալել: Ըստ խմբի հաղորդման իրենք առանց հաջողության այդպիսի խնդրանքներով դիմել են մասնավոր կամ պետական/տեղական ինքնակառավարման մարմինների սեփականություն հանդիսացող կամ վերջիններիս կողմից տնօրինվող տասնյակից ավելի տեղեր Երևանում և մարզերում (հիմնականում` մարզադաշտեր): Որոշ դեպքերում խումբը ստորագրել է պայմանագրեր, սակայն դրանք կասեցվել են: Խումբը պնդում էր, որ սեփականատերերի ու տնօրինողների նկատմամբ ճնշում է եղել Հայաստանյայց Եկեղեցու և իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, որպեսզի մերժեն Եհովայի վկաներին:

 

Կրոնական ազատության չարաշահումներ

 

2009թ. հուլիսի 1-ից մինչև 2010թ. հունիսի 1-ը զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար ազատազրկման են դատապարտվել Եհովայի 35 վկաներ, որոնցից 20-ին նշանակվել է ազատազրկման 24-ամսյա ժամկետ, իսկ մնացած 15-ին` 30-ամսյա ժամկետ:

 

Եհովայի վկաների երևանյան առաջնորդների հաղորդմամբ 2010թ. հունիսի 1-ի դրությամբ դավանական կամ կրոնական նկատառումներով զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայությունից հրաժարված Եհովայի վկաների 76 հետևորդներ գտնվում էին բանտում, իսկ 1 հոգի գտնվում էր նախնական կալանքի տակ: Եհովայի վկաների ներկայացուցիչները փաստում էին, որ ազատազրկված բոլոր անձինք հնարավորություն են ունեցել բանտի փոխարեն ընտրել այլընտրանքային աշխատանքային ծառայությունը, սակայն նրանք հրաժարվել են, քանի որ դեմ են այն հանգամանքին, որ այլընտրանքային ծառայության նկատմամբ վարչական հսկողությունն իրականացվում է զինվորականների կողմից:

 

Գլխավոր դատախազի տեղակալի հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո, ինչպես և նախորդ հաշվետու ժամանակահատվածում, կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվել զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափող Եհովայի վկաների ներկայացուցիչների նկատմամբ, բացառությամբ Արմավիրի մարզում գրանցված մեկ դեպքի:

 

Հարկադիր կրոնափոխություն

 

Հարկադիր կրոնափոխության դեպքեր չեն գրանցվել:

 

Կրոնական ազատության հանդեպ հարգանքի մասով դրական տեղաշարժեր ու զարգացումներ

 

2010թ. հունիսի 14-ին Հ1 հանրային հեռուստատեսությունը, որի հաղորդումները սփռվում են ամբողջ երկրում, ցուցադրեց այլընտրանքային ծառայության վերաբերյալ վավերագրական մի ֆիլմ, որը պատրաստվել էր Ինտերնյուս ՀԿ-ի կողմից «Զուգահեռներ. Հայաստան և Եվրոպա» վերնագրով վավերագրական ֆիլմաշարի շրջանակներում: Ֆիլմը օբյեկտիվ ու տարբեր տեսանկյուններից լուսաբանում էր թեման, այդ թվում ներկայացնելով, թե պատմականորեն ինչպես է Եվրոպայում սկիզբ առել այլընտրանքային ծառայությունը, բերելով այդպիսի ծառայության օրինակներ Եվրոպայից, ինրպես նաև ներկայացնելով հարցազրույցներ մի շարք պետական պաշտոնյաների, օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցչի, և այլ փորձագետների հետ, ովքեր անդրադարձ էին կատարում այլընտրանքային ծառայության մասին երկրի օրենքին, առկա բացերին ու բարելավման հնարավոր ուղիներին: Ֆիլմում նաև ներկայացված էին հարցազրույցներ զորակոչից խուսափելու համար բանտում հայտնված Եհովայի վկաների հետ:

 

Եհովայի վկաների դիմումներին ընդառաջելով 2010թ. մարտի 23-ին Արդարադատության նախարարությունը տեղեկացրեց նրանց, որ Եհովայի վկաները կարող էին բանտում գտնվող իրենց հետևորդներին այցելել ամիսը մեկ անգամ, թույլատրված երկու ամիսը մեկի փոխարեն:

 

Մաս III. Կրոնական ազատության հանդեպ հարգանքը հասարակությունում

 

Եղել են հաղորդումներ հասարակական չարաշահումների վերաբերյալ կրոնական պատկանելության, հավատքի և դավանանքի հիման վրա: Հասարակության վերաբերմունքը փոքրամասնական կրոնների մեծ մասի նկատմամբ հակասական է: Թեպետ շատերը հավատացյալներ չեն, սակայն ազգային ինքնության և Հայաստանյայց Եկեղեցու միջև կապն ամուր է:

 

Որոշ դիտորդներ հայտնում են, որ հասարակությունը բացասական է տրամադրված բոլոր փոքրամասնական կրոնական խմբերի նկատմամբ: Սակայն համաձայն տեղական փորձագետների այս վերաբերմունքը չի անդրադառնում անձնական կամ հարևանական հարաբերությունների վրա, և ավելի շատ արտահայտվում էր ընդհանուր ընկալմամբ, որ փոքրամասնական կրոնական խմբերը վտանգ են հանդիսանում պետականության համար: Ժամանակ առ ժամանակ փոքրամասնական կրոնական խմբերը շարունակել են մնալ որպես Հայաստանյայց Եկեղեցու սպասավորների թշնամական քարոզչության թիրախ, իսկ փոքրամասնական կրոնական խմբերի հետևորդները հասարակության կողմից խտրական վերաբերմունք և անհանդուրժողականություն են զգացել, այդ թվում նաև աշխատավայրերում:

 

ԶԼՄ-ներից շատերը շարունակել են Հայաստանյայց Եկեղեցուց զատ բոլոր այլ կրոնական խմբերին իրենց հրապարակումներում և հեռարձակումներում պիտակել որպես «աղանդներ»: Քաղաքական ընդդիմությանը հարող ԶԼՄ-ներում եղել են նաև հաղորդումներ, որոնք քննադատել են Հայաստանյայց եկեղեցու քաղաքական դիրքորոշումն ու քաղաքական դերը: Տարբեր հեռուստաընկերությունների եթերով շարունակվել են ներկայացվել քննարկումներ, որոնց ժամանակ Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչների և/կամ այլ մասնակիցների կողմից փոքրամասնական կրոնական խմբերը որակվել են որպես պետության և ազգի միասնականության թշնամիներ:

 

2009թ. նոյեմբերին Հ2 հեռուստաընկերությունն իր «Հրատապ ռեպորտաժ» հաղորդաշարով անդրադարձ կատարեց «աղանդներին»: Հաղորդման մեծ մաս էին կազմում Հայաստանյայց եկեղեցու ներկայացուցչի մեկնաբանությունները, որտեղ նա համեմատում էր բոլոր «աղանդներին» (այսինքն Հայաստանյայց Եկեղեցուց զատ մնացած բոլոր կրոնական կազմակերպություններին) «ամերիկյան կամ եվրոպական հասարակաց տներից եկած անբարոյական կանանց հետ, … ովքեր չեն կարող քարոզել Քրիստոնեություն»: Այդ կազմակերպությունների ղեկավարներին նա որակեց որպես «վարձու հովիվներ» և «խաբեբաներ» և նշեց, որ այդ «աղանդները» վտանգ են Հայաստանի պետականության և անվտանգության համար: Ծրագրի հաղորդավարը եզրափակելով ասաց, որ «հոգեորսության» դեմ պետք է պայքարել օրենքների ու որոշումների միջոցով:

 

Անհայտ անձնավորություն 2009թ. դեկտեմբերի 29-ին կոտրել էր Եհովայի վկաների թագավորական սրահի պատուհանը Չարենցավանում և ապա հրդեհել այն` ներս նետելով դյուրավառ հեղուկով շիշ: Շուրջ մեկ ամիս անց և խմբի կողմից գրություն ուղարկելուց հետո 2010թ. հունվարի 27-ին Չարենցավանի ոստիկանությունը փաստի առիթով քրեական գործ հարուցեց, որը սակայն 2010թ. մարտի 27-ին կարճվեց` մեղավորին չհայտնաբերելու հիմքով: Կրոնական խմբի հաղորդման համաձայն 2010թ. մայիսի 1-ին, ուշ գիշերը, նույն սրահի պատերին ներկով Եհովայի վկաներին ուղղված վիրավորական խոսքեր էին գրվել:

 

Հաշվետու ժամանակահատվածի ողջ ընթացքում իրեն «Մեկ ազգ կուսակցություն» կամ «Մեկ ազգ կազմակերպությունների դաշինք» անվանող խումբը շարունակել է Եհովայի վկաներին դատապարտող թռուցիկներ փակցնել Երևանով մեկ: Թռուցիկների մեծ մասը «աղանդներից » զգուշանալու կոչեր էին պարունակում, բայց կային և այնպիսիք, որ հայ ժողովրդին կոչ էին անում «ծավալել համաժողովրդական պայքար դրանց դեմ»: Կրոնական կազմակերպությունների բողոքներից ու կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության նախազգուշացումից հետո խումբը դադարեցրեց քաղաքացիներին պայքարի կոչող թռուցիկները փակցնելը: Այնուամենայնիվ, ըստ տեղական դիտորդների այդ թռուցիկները շարունակվում էին բաժանվել մետրոյում և դռնեդուռ:

 

Նմանատիպ բացասական թռուցիկներ փակցնում էր նաև մեկ այլ խումբ, որն իրեն անվանում էր «Միացյալ Հայք ազգայնական կազմակերպություն»:

 

Մաս IV. ԱՄՆ կառավարության քաղաքականությունը

 

Կրոնական ազատության հարցն ԱՄՆ կառավարությունը քննարկում է Կառավարության հետ` մարդու իրավունքների խթանման ընդհանուր քաղաքականության համատեքստում:

 

ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները մշտապես կապ են պահպանել Հայաստանյայց Եկեղեցու առաջնորդի (Կաթողիկոսի) հետ Էջմիածնում և երկրի այլ կրոնական և էկումենիկ խմբերի առաջնորդների հետ: Դեսպանությունը կանոնավոր կապ է պահպանել այլ երկրներում կենտրոններ ունեցող կրոնական խմբերի տեղի ու կարճաժամկետ այցեր կատարող ներկայացուցիչների հետ և, անհրաժեշտության դեպքում, նրանց հուզող հարցերը բարձրացրել կառավարության առջև:

 

Դեսպանության պաշտոնյաները մասնակցել են տարբեր կրոնական համայնքների կազմակերպած և այլ միջոցառումների`ուղղված կրոնական ազատության խթանմանը: