rss
youtube
facebook
Միջազգային փաստաթղթեր

Կոնվենցիա քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին

 

Միացյալ Ազգերի Կազմակերպություն
(Մտքի, խղճի, համոզմունքի և կրոնի ազատությունն ապահովող հիմնական դրույթները հատվածաբար)

16-ը դեկտեմբերի 1966թ.

Հոդված 2.

1. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է հարգել իր տարածքի սահմաններում և իրավազորության տակ գտնվող բոլոր անձանց այն իրավունքները, որոնք ճանաչվել են սույն դաշնագրում, և ապահովել դրանք առանց որևիցե տարբերության, այն է` ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի կապակցությամբ:
2. Եթե դա արդեն չի նախատեսված գոյություն ունեցող օրենսդրական կամ այլ միջոցներով, սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր սահմանադրական ընթացակարգերին և սույն դաշնագրի դրույթներին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ ձեռնարկելու համար, որոնք անհրաժեշտ կլինեն սույն դաշնագրում ճանաչվող իրավունքների իրականացման համար:
3. Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.
ա/ ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.
բ/ ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.
գ/ ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը, դրանքտրամադրելու դեպքում:

Հոդված 3.

Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել տղամարդկանց ու կանանց հավասար իրավունք` օգտվելու սույն դաշնագրով նախատեսված քաղաքացիական ու քաղաքական բոլոր իրավունքներից:

Հոդված 4.

1. Պետության մեջ արտակարգ դրության ժամանակ, որի դեպքում ազգի կյանքը վտանգի տակ է գտնվում և որի առկայության մասին հայտարարվում է պաշտոնապես, սույն դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն սույն դաշնագրով ստանձնած իրենց պարտավորություններից միայն այնքանով, որքան դա պահանջում է դրության սրությունը, պայմանով, որ այդպիսի միջոցները անհամատեղելի չեն միջազգային իրավունքի գծով իրենց մյուս պարտավորությունների հետ և առաջ չեն բերում խտրականություն բացառապես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ սոցիալական ծագման հիման վրա:
2. Այդ դրույթը չի կարող հիմք ծառայել 6, 7, 8 (1-ին և 2-րդ կետեր), 11, 15, 16 և 18 հոդվածներից որևիցե շեղում կատարելու համար:
3. Սույն դաշնագրի մասնակից ցանկացած պետություն, որն օգտվում է շեղվելու իրավունքից, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարության միջնորդությամբ պետք է անհապաղ տեղեկացնի սույն դաշնագրի մասնակից մյուս պետություններին այն դրույթների մասին, որոնցից ինքը շեղվել է, և այդպիսի որոշում կայացնելու դրդապատճառների մասին: Այդ սույն միջնորդի միջոցով պետք է նաև հաղորդվի այն ամսաթվի մասին, երբ նա դադարեցնում է այդ շեղումը:

Հոդված 18

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքն ընդգրկում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և միանձնյա կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ, կամ մասնավոր կարգով, իր կրոնը կամ համոզմունքը պաշտամունքի, արարողությունների, ծեսերի և քարոզչության միջոցով արտահայտելու ազատությունը:
2. Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը:
3. Կրոնի կամ համոզմունքի արտահայտման ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգի, առողջության ու բարոյականության, ինչպես նաև այլ անձանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների:
4. Սույն Դանշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքում օրինական խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյականդաստիարակությունը սեփական համոզմունքների համապատասխան:

Հոդված 19.

1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին:
2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է անկախ պետական սահմաններից բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքներից օգտվելը դնում է հատուկ պարտականություններ և հատուկ պատասխանատվություն: Հետևաբար, այն կապված է որոշ սահմանափակումների հետ, որոնք, սակայն, պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.
ա/ այլ անձանց իրավունքներն ու հեղինակությունը հարգելու համար.
բ/ պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության

պահպանության համար:
Հոդված 20

1. Պատերազմի ցանկացած քարոզչություն արգելվում է օրենքով:
2. Ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզչություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, արգելվում է օրենքով:

Հոդված 26

Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվածության իրավունք: Այդ կապակցությամբ օրենքով պետք է արգելվի ցանկացած խտրականություն և բոլորի համար երաշխավորվի հավասար ու արդյունավետ պաշտպանություն խտրականությունից այնպիսի հիմքերով, ինչպիսին են ռասսան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը:

Հոդված 27

Այն պետություններում, որտեղ գոյություն ունեն ազգային, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններ, դրանց պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզուն օգտագործելու իրավունքը: