rss
youtube
facebook
Հոդվածներ

Իմ քաղաքական զարթոնքը

13.08.2012
Շանթ Հարությունյան, ներկայացվող հոդվածաշարը գրվել է 2001-2004թթ, սակայն մենք կարծում ենք, որ այն արդիական է և ընթերցողների համար մտորումների պատճառ կհադիսանա

 

ԻՆՉՈՒ ԳՐԵՑԻ ԱՅՍ ՀՈԴՎԱԾԱՇԱՐԸ


Երրորդ հազարամյակում տեղի ունեցող համաշխարհային գործընթացներն Արեւմուտքում լուրջ քննարկումներ են առաջացրել մարդկության ապագայի շուրջ, որոնց օր օրի միանում են մեծաթիվ երկրների ու ժողովուրդների մտավորականեր: Ընթանում է արժեքների վերագնահատում. բոլոր ժողովուրդները ձգտում են իրենց կյանքը վերակառուցել նոր պահանջներին համապատասխան: Ահա այս քննարկումներին ու բանավեճերին, կարծես, անհաղորդ են Հայաստանն ու հայ ժողովուրդը: Թվում է, թե հայ ժողովրդի համար աշխարհում ոչինչ չի փոխվել՝ ո՛չ Սառը պատերազմն է ավարտվել, ո՛չ Հայաստանն է անկախություն ձեռք բերել:

 

Վերլուծելով հայ ժողովրդի վերջին երկհազարամյա պատմությունը` նկատում ենք, որ հելլենական քաղաքակրթության վախճանն ու քրիստոնեկան քաղաքակրթության ծնունդը թյուր ըմբռնած հայությունը Մերձավորարեւելյան տարածաշրջանում կորցրեց իր էթնիկական եւ պետական առաջատար դերը: Ապա` քրիստոնեկան քաղաքակրթության վախճանի եւ եվրոպական քաղաքակրթության ծննդի փուլում կորցրեց նաեւ սեփական պետությունն ու այդ ամբողջ ժամանակաշրջանում էթնիկորեն դատապարտվեց մահվան՝ նվազելով կրիտիկական սահմանի:

Այսօր երբ տեղի է ունենում հերթական քաղաքակրթական փոփոխությունը, եւ եվրոպական քաղաքակրթությունը, վերջնականապես մեռնելով, իր տեղը զիջում է արեւմտյան քաղաքակրթությանը, հայ ժողովուրդը դարձյալ կանգնած է ընտրության շեմին: Եվ եթե նախորդ քաղաքակրթական փոփոխությունների ժամանակ հայ ժողովուրդն իր ներքին ռեսուրսների հաշվին, լավ կամ վատ, կարողացավ հաղթահարել սեփական ընտրական սխալները, ապա այսօր քաղաքակրթական սխալ ընտրությունը ճակատագրական կլինի նախկին ռեսուրսները մսխած ժողովրդի գոյության համար:

Հայ ժողովուրդը քաղաքակրթական խնդիրը միշտ ընկալեց եւ այսօր էլ ընկալում է որպես երկու մրցակցող հզոր պետությունների միջեւ մշակույթի ընտրության խնդիր, լավագույն դեպքում՝ Արեւմուտքի եւ Արեւելքի մշակույթների: Այսպիսի ըմբռնումը միշտ հղի է սխալվելու վտանգներով: Չսխալվելու համար նա պետք է ընտրության չափանիշ համարի ոչ թե Արեւելքն ու Արեւմուտքը, այլ քաղաքակրթության հետադիմական կամ առաջադիմական լինելը:

Հայ ժողովրդի պատմությանը վերաբերող ոչ մի ձեռնարկ չտվեց ինձ հուզող հարցերի պատասխանները: Հետեւաբար, այսօր տեղի ունեցող քաղաքակրթական փոփոխությունները մղեցին ինձ անդրադառնալ այս հարցերին եւ փորձել ինքնուրույն գտնել դրանց պատասխանները: Ես չեմ ակնկալում, որ իմ կողմից արծարծված հարցերն ու պատասխանները միանշանակորեն կընդունվեն ընթերցողի կողմից, սակայն ակնկալում եմ, որ այս ժողովածուով կկարողանամ ընթերցողների եւ մասնագետների ուշադրությունը հրավիրել` գտնելու այն ուղիները, որոնք կապահովեն հայ ժողովրդի քաղաքակրթական ճիշտ ընտրությունը:


Հեղինակ


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԵԶՐԱԳԾԻՆ


Բոլոր ժամանակներում քաղաքակրթական մեծ փոփոխությունները հսկայական ցնցումներ են առաջացնում մեռնող եւ կենսունակ քաղաքակրթությունների բախման կիզակետում, որն աղետալի փորձությունների է ենթարկում բախման գոտում գտնվող ժողովուրդներին եւ պետություններին: Այն ժողովուրդները, որոնք կարողանում են ուժ գտնել իրենց մեջ եւ կողմնորոշվել դեպի երիտասարդ, հաղթող քաղաքակրթությունը, ապահովում են իրենց գոյությունը եւ ոտք դնում նոր քաղաքակրթական դարաշրջան: Ավանդույթի ուժով` մեռնող քաղաքակրթությանը կառչած ժողովուրդները հեռանում են պատմության ասպարեզից դանդաղ եւ աննկատ: Այսօր երբ համաշխարհային քաղաքական թատերաբեմում արեւմտյան քաղաքակրթությունը հուժկու հարվածներ է հասցնում մեռնող եվրոպական քաղաքակրթության վերջին Բաստիոնին՝ Ռուսաստանին, Հայաստանն ու հայ ժողովուրդը կրկին հայտնվել են քաղաքակրթությունների բախման եզրագծին: Որպեսզի հայ ժողովուրդը հերթական անգամ պարտված դուրս չգա քաղաքակրթությունների այս պայքարում, անհրաժեշտ է վերլուծել դրանց պայքարի պատմությունը` սկսած հելլենիզմի ժամանակաշրջանից: 

Հելլենական քաղաքակրթությունը մ.թ.ա. 3-րդ դարում բաժանվեց իրարից անկախ եւ զուգահեռ զարգացող երկու մշակույթների՝ հունահռոմեական (որը հիմքը դրեց Հռոմեական կայսրության) եւ հունաարեւելյան (որի ժառանգորդները Սելեւկյան պետության անկումից հետո դարձան Պարթեւական, Հայկական եւ Մերձավոր արեւելքի այլ երկրներ ու ժողովուրդներ): Հունաարեւելյան մշակութային տարածքում գերիշխանություն հաստատելու համար հիմնական պայքարը ծավալվեց Պարթեւական եւ Հայկական պետությունների միջեւ: Պայքարի սկզբնական փուլում Պարթեւստանը կարողացավ իր վերահսկողությունը հաստատել տարածաշրջանում, որի արդյունքում պարթեւ արքաները հռչակվեցին նաեւ արքայից արքա տիտղոսով: Սակայն Հայաստանն ու հայ ժողովորդը, կարողանալով լիարժեք յուրացնել եւ ստեղծագործաբար զարգացնել հունաարեւելյան մշակույթը, ձեռնոց նետեցին Պարթեւական պետությանը` խլելով նրանից մշակութային առաջնորդությունը եւ արքայից արքայի տիտղոսը՝ արդյունքում դառնալով Արեւելքի հզոր երկրներից մեկը, հպատակեցնելով հարեւան ժողովուրդներին եւ երկրներին:

Արեւելքում տեղի ունեցող այս պայքարին զուգահեռ՝ արեւմուտքում բազմաթիվ ցեղերի նկատմամբ լիարժեք ռազմաքաղաքական վերահսկողություն հաստատած հունահռոմեական մշակույթի սկզբնավորող Հին Հռոմը արշավանք սկսեց դեպի արեւելք: Ըստ էության, ոչ թե Հռոմն էր պատերազմ հայտարարել Արեւելքին, այլ նրա միջոցով հունահռոմեական մշակույթն էր կենաց ու մահու պայքար սկսել հունաարեւելյան մշակույթի դեմ: Եվ քանի որ այդ փուլում հունաարեւելյան մշակույթի դրոշակակիրը տարածաշրջանում Հայաստանն էր, բնականաբար հիմնական հարվածն ուղղված էր Հայկական պետությանը: Հայկական պետության պարտությունից հետո տարածաշրջանի մշակութային դրոշակակիր հանդես եկավ եւ պայքարը Հռոմի դեմ շարունակեց Պարթեւական պետությունը: Երկու մշակույթների միջեւ մոտ 250 տարի տեւած դաժան եւ արյունահեղ պայքարն ավարտվեց հունահռոմեական մշակույթի հաղթանակով, որը վավերացվեց Հռոմի եւ պարթեւների միջեւ մ.թ. 64 թվականին կնքված Հռանդեայի պայմանագրով: Փաստորեն, հելլենական քաղաքակրթությունն իր գոյության վերջին փուլում հանդես եկավ միայն մի՝ հունահռոմեական մշակույթի տեսքով: 

Ընդհանրապես, ցանկացած քաղաքակրթություն իր գոյության ողջ ընթացքում` ծագումից մինչեւ մահ, շատ ժողովուրդների դարձնում է հզորագույն եւ հեգեմոն, իսկ ոմանց էլ` հեռացնում պատմության ասպարեզից: Վերլուծելով հելլենիզմի դարաշրջանը` տեսնում ենք, որ այն եղել է հայ ժողովրդի համար ոսկե դարաշրջան: Հայ ժողովուրդն ունեցել է եւ՛ մեծագույն հաղթանակներ, եւ՛ դառը պարտություններ, որը հատուկ է բոլոր հզոր ժողովուրդներին: Հելլենիզմի տարածման արդյունքում, ի տարբերություն վերացած շատ ժողովուրդների, հայը չի ունեցել գոյությունը պահպանելու, մաքառելու խնդիր: Կարծում եմ, սա արդյունք էր նոր քաղաքակրթական փոփոխությունները ճիշտ ընկալելու, յուրացնելու եւ ինքնատիպ ու ստեղծագործաբար զարգացնելու հայ ժողովրդի ունակության:

Մի խոսքով, ժամանակի շունչը զգալու եւ ժամանակին համահունչ քայլելու ընդունակությունը` հելլենիզմի դարաշրջանում ապահովեց հայ ժողովրդի տեղն առաջատար ժողովուրդների շարքում: Հելլենիստական քաղաքակրթության վախճանն իր հետ բերում է հին արժեքների արժեզրկում, պետական, հասարակական, քաղաքական ինստիտուտների կազմալուծում, մի խոսքով` հին աստվածների ու գաղափարների կործանում: Առաջացած համընդհանուր քաոսն իր խորքում սկսեց ձեւավորել նոր՝ քրիստոնեական քաղաքակրթության սաղմերը: Քանի որ ստրուկների, ընչազուրկների հոծ զանգվածները բազմաթիվ ապստամբություններում ջախջախվել էին, բայց չէին կորցրել իրենց հույսը վաղվա օրվա, լուսավոր ապագայի նկատմամբ, ուստի անհրաժեշտ էր նոր գաղափար, որը նրանց նոր հույս կտար, նոր ոգի ու ամենակարեւորը` ամուր հավատ գալիք օրվա նկատմամբ: Փաստորեն, նոր գաղափարը՝ քրիստոնեությունը, ծնվում էր ստրուկների, ընչազուրկների, խեղճերի ու թույլերի միջավայրում եւ նրանց համար, սնվում` բարոյական արժեքների նրանց ընկալմամբ: Նոր գաղափարը կոչված էր կազմակերպելու բոլոր դժգոհների պայքարն ընդդեմ Հռոմի, եւ քանի որ Հռոմում վերացած էին հանրապետական կարգերը, եւ գործում էր կայսրի` միապետի ինստիտուտը` հին աստվածներին ներկայացնելով երկրի վրա, բնականաբար Հռոմի եւ նրա աստվածայինի՝ միակ կայսեր դեմ պայքարում հոծ զանգվածները պետք է նոր գաղափարի հետ նաեւ որպես առաջնորդ հակադրեին իրե՛նց միակին, աստվածային արքային, աստծո որդուն: Այսպես էր ծնվում քրիստոնեական միաստվածությունը Հռոմի արեւելյան պրովինցիաներում: Հելլենական Հռոմին զուգահեռ` հոգեւարք էր ապրում եւ հելլենական Պարթեւստանը, որտեղ մ.թ. 226թ. տեղի ունեցավ դինաստիական իշխանափոխություն: Սասանյան արքաները պարթեւ Արշակունիներին գահից հեռացնելուց հետո սկսեցին իշխանության կենտրոնացումն իրենց տիրապետությանը ենթակա ողջ տարածքում: Ցանկացած նոր իշխանություն, իր դիրքերն ամրապնդելու համար, կարիք ունի նոր գաղափարների, որոնք կօգնեն ոչ միայն վերահսկել իշխանության տակ գտնվող մարդկանց ու ժողովուրդների, այլեւ նրանց կմղեն քաղաքակրթական նոր նվաճումների: Այս խնդիրները լուծելու համար Սասանյանները Պարսկաստանի պետական կրոն հռչակեցին զրադաշտականությունը, որը լինելով միաստվածություն` հնարավորություն էր տալիս իրականացնել առավելագույն կենտրոնացված կառավարում, եւ հնարավորինս կոնսոլիդացիայի էր ենթարկում երկրի ներքին ուժերը` ընդդեմ պաշտոնապես դեռեւս բազմաստվածություն դավանող Հռոմի տիրապետության: Ընդհանրապես, ենթակա ժողովուրդներին եւ երկրներին գերտերությունների կողմից կառավարելու համակարգերը, հին աշխարհից մինչեւ մեր օրերը, երկուսն են` կենտրոնացված եւ ապակենտրոն: Կառավարման այս երկու մոդելներից որեւէ մեկի ընտրությունը պայմանավորված է այն գործադրող գերտերության կրոնական, քաղաքական, գաղափարական իդեալներով եւ իշխող երկրի էթնիկական, տարածքային՝ մի խոսքով քաղաքակրթական ռեսուրսներով: Գերտերություններն իրենց ծաղկման փուլում, որպես կանոն, ընտրում են կենտրոնացված կառավարման համակարգը, իսկ սկզբնական՝ գերտերության ձեւավորման եւ վերջնական՝ գերտերության թուլացման փուլում` ապակենտրոն համակարգը: Սա պայմանավորված է գերտերության ներքին ռեսուրսների ընձեռած հնարավորություններով: Քանի դեռ Հռոմը եւ Պարսկաստանը հելլենական քաղաքակրթության կրողներն էին, երկու տերություններին ենթակա տարածքներում էլ ընդունելի էր եւ՛ կենտրոնացված, եւ՛ ապակենտրոն կառավարումը, որի արդյունք էր նաեւ Հայաստանի Արշակունիների թագավորությունը: Սասանյանների իշխանության գալուց եւ միաստվածությունը պետական կրոն հռչակելուց հետո Պարսկաստանը դուրս եկավ հելլենական քաղաքակրթության ազդեցությունից, հզոր մշակութային վերելք ապրեց՝ ձեռնոց նետելով մեռնող հելլենիստական Հռոմին: Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ նորովի սկիզբ առած հակամարտությունը հայկական պետությանը կանգնեցրեց ընտրության առաջ: Հայաստանի Արշակունիներն իրենց ընտրությունը կատարեցին եւ կողմնորոշվեցին դեպի մեռնող Հռոմ` ելնելով բնականաբար լոկ իրենց դինաստիայի շահերից: Սասանյանները Պարսկաստանում գահից հեռացնելով պարթեւ Արշակունիներին` խնդիր էին դրել վերացնել նաեւ պարսկական ազդեցության տակ գտնվող երկրների բոլոր Արշակունի թագավորներին: 284թ. Հռոմի կայսր դառած Դիոկղետիանոսը, կարողանալով ժամանակավորապես միավորել մի քանի ինքնակոչ կայսրերի կողմից բաժան-բաժան արված կայսրությունը, այն ճգնաժամից դուրս բերելու նպատակով իրականացնում է մի շարք վարչական, ռազմական եւ քաղաքական ռեֆորմներ: Կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին` նրանց Հռոմից հեռացնելով ծայրագավառներ: Այնուհետեւ Դիոկղետիանոս կայսրը հաջող պատերազմներ վարելով Սասանյանների դեմ` կարողանում է Հայաստանի գահին նստեցնել Տրդատ Գ Արշակունուն: Պարսկա-հռոմեական սահմանում կայսրը տեղակայում է հռոմեական այն լեգեոններին, որոնց մեջ առավել շատ էին տարածված քրիստոնեական գաղափարները: Ընդհանրապես, աղանդների դեմ պայքարելու նման միջոցը շատ տարածված էր, եւ կարելի է հիշել, թե ինչպես 19-րդ դարում Ռուսաստանը Կովկաս էր աքսորում մոլոկանների եւ դուխոբորների կրոնական համայնքները` նրանց տեղակայելով ռուս-թուրքական սահմանում: Հենց այդ քրիստոնեացած լեգեոնների օգնությամբ Տրդատ Գ-ն 301 (իսկ գուցե 313թ. - ?) Հայաստանի պետական կրոն է հռչակում քրիստոնեությունը` այն հակադրելով պարսկական զրադաշտականությանը: Դիոկղետիանոսից հետո կայսր դառած Կոստանդին Մեծը կարողանում է նախ հաշտություն, ապա դաշինք կնքել քրիստոնեական եկեղեցու հետ` փորձելով այն ծառայեցնել կայսրության շահերին: 313թ. Միլանի Էդիկտով Կոստանդին Մեծը դադարեցնում է հալածանքները քրիստոնյաների նկատմամբ, բանտերից եւ աքսորներից ազատում նրանց` քրիստոնեությունը հռչակելով հեթանոսության հետ հավասար կրոն: Փաստորեն, ի տարբերություն Հայաստանում հրով եւ սրով կատարված կրոնական հեղափոխության եւ ավերածությունների` Կոստանդին կայսրը քրիստոնեությունը պետական կրոն դարձրեց բարեփոխումների միջոցով: Ձեռնարկված բարեփոխումները չփրկեցին Հռոմեական կայսրությանը վերջնական կործանումից: Քանի որ քրիստոնեությունը առավելապես տարածված էր Հռոմի արեւելյան պրովինցիաներում, ապա այն դարձավ Արեւելահռոմեական՝ Բյուզանդական կայսրության քաղաքակրթական հիմքը` սկզբնավորելով պատմությանը հայտնի քրիստոնեական քաղաքակրթությունը: Պարսկա-բյուզանդական դարավոր հակամարտության պայմաններում քրիստոնյա Հայաստանը կողմնորոշվեց դեպի հավատակից Բյուզանդիան` շատ հաճախ կայսրության շահը վեր դասելով ազգային շահերից: 301թ. քրիստոնեության ընդունումից հետո էլ, որոշ ժամանակ Հայաստանն իր ազդեցության տակ էր պահում դեռ հելլենիզմի ժամանակներից իր ենթաարեալում գտնվող հարեւան Աղվանքին եւ Վրաստանին: Քրիստոնեական շարժումը սկզբնապես լինելով հեղափոխական, կրելով իր ներսում կործանիչ մեծ ուժ` սպառել էր իրեն` լուծելով իր առջեւ դրված գլխավոր խնդիրը, ինչի համար որ ստեղծվել էր, այն է՝ կործանել Հռոմեական կայսրությունը: 451թ. բյուզանդական կայսր Մարկիանոսի նախաձեռնությամբ Քաղկեդոնում հրավիրվեց քրիստոնեական եկեղեցիների 4-րդ տիեզերաժողովը, որն ըստ էության ռեֆորմացիայի ենթարկեց արմատական, կարծր հեղափոխական դոգմաներով ապրող ավանդական քրիստոնեությանը` դրանով, փաստորեն, հիմքը դնելով Բյուզանդական եւ քրիստոնեական հազարամյա քաղաքակրթության: Քրիստոնեությունը բաժանվեց երկու հիմնական ուղղության՝ արեւմտյան՝ քաղկեդոնական եւ արեւելյան: Արեւելյան ուղղությունը, որի մեջ էր եւ հայկական եկեղեցին, ի տարբերություն քաղկեդոնականի, հավատարիմ մնաց ավանդական, հնացած դոգմաներին եւ, պարփակվելով ինքն իր մեջ, մեկուսացավ, քարացավ` իր ժողովուրդներին դատապարտելով մահվան: Այս պայմաններում Վրաց եկեղեցին դուրս գալով Հայ եկեղեցու գերիշխանությունից` միացավ Բյուզանդական եկեղեցուն, որը պաշտոնապես վավերացվեց 607 թվին: Այդ ժամանակվանից Բյուզանդիան տարածաշրջանում իր քաղաքականության մեջ սկսում է նախապատվություն տալ թվաքանակով, ռազմական ուժով եւ մշակույթով հայերին զիջող, բայց իր հավատակից Վրաստանին: Բյուզանդիան շարունակում է հայերի ձուլման քաղաքականությունը, ստիպում է Հայ եկեղեցուն դավանափոխ լինել: Բյուզանդիայի ազդեցությունը տարածաշրջանում սահմանփակելու համար դեռ 502թ. Պարսկաստանը ճանաչում է Հայ եկեղեցու ինքնուրույնությունը: 6-8-րդ դարերում մեռնում է հայ մշակույթը: Հայաստանն ու հայ ժողովուրդը ընկղմվում են դանդաղ մահվան ճահիճը: 640թ. Արաբական խալիֆայությունը, գրավելով թուլացած Պարսկաստանը, արշավում է դեպի Բյուզանդական կայսրության սահմանները: Բարեբախտաբար, Հայաստանը վերածվում է քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունների բախման թատերաբեմի: Հայաստանի տարածքում երկու քաղաքակրթությունների բախումը խորը ցնցումներ առաջացրեց մեռնող հայ ժողովրդի հոգում` ստիպելով իրատեսորեն վերաբերվել իր շրջապատում տեղի ունեցող գործընթացներին: Նախ Թեոդորոս Ռշտունին կարողանալով դեմ գնալ քրիստոնեական քարացած աշխարհընկալմանը` 652թ. կարողանում է փոխշահավետ պայմանագիր կնքել արաբների խալիֆա Մոավիայի հետ: Հետագայում էլ քաղաքական նույն գիծը շարունակում են Արծրունիները, Սյունիները եւ Բագրատունիները: Արաբները տարածաշրջանում Բյուզանդիայի ազդեցությունը թուլացնելու եւ իրենց վերահսկողությունը հաստատելու համար շարունակում են պարսկական քաղաքականությունը` հենվելով հայ ժողովրդի վրա: Գրավելով Կովկասյան տարածաշրջանը` արաբները ստեղծում են Արմինիա կուսակալությունը, որի մեջ ընդգրկում են Հայաստանը, Վրաստանը եւ Աղվանքը: Հայոց Բագրատունի իշխաններին նրանք հռչակում են իշխանաց իշխաններ, որոնց պետք է ենթարկվեին նաեւ Վրաց եւ Աղվանից իշխանները: Հայ Բագրատունիները կարողանում էին Արմինիա կուսակալության մաս կազմող վրացական եւ այլ տարածքներում ղեկավարներ նշանակել իրենց տոհմի ներկայացուցիչներին: Հետագայում արաբական խալիֆայության թուլացմանը զուգահեռ, երբ վերականգնվեցին Հայոց, Վրաց եւ Աղվանից թագավորությունները, Հայոց Բագրատունի թագավորները ավագություն ունեին Վրաց եւ Աղվանից թագավորների նկատմամբ եւ կրում էին «շահնշահ» տիտղոսը: Արաբական խալիֆայության օգնությամբ հայոց կաթողիկոսները արգելեցին քաղկեդոնական եկեղեցու գործունեությունն Աղվանքում, եւ աղվանների զգալի մասին հայադավան դարձնելով` ձուլեցին: Քաղկեդոնական քրիստոնեությունը փոքր ռեֆորմացիայի ենթարկվեց պատկերամարտների եւ պավլիկյան շարժման հետեւանքով, որը նոր շնչառություն հաղորդեց մեռնող Բյուզանդական կայսրությանն ու քաղաքակրթությանը: Բյուզանդիայի ժամանակավոր հզորացումն օգնեց, որպեսզի Հայաստանում նորից գլուխ բարձրացնի հայ կղերականությունը: Ցավոք, Հայ եկեղեցին այդպես էլ երբեք ռեֆորմացիայի չենթարկվեց` իր ներսում մնալով նույն քարացած, կաղապարված, երրորդ դարի դոգմաներով առաջնորդվող կառույց: Մինչպետական քրիստոնեությունն իրենից ներկայացնում էր հակապետական, հեղափոխական, անարխիստական վարդապետություն, որը միջին դարերում բացարձակորեն իշխում էր ամբողջական ժողովուրդների մտքերին, սրտերին եւ հոգիներին` ձեւավորելով համապատասխան իդեալ:

Բյուզանդիայի եւ Հայ եկեղեցու ջանքերով նորից սկսեց թուլանալ եւ ի վերջո վերացավ Հայոց թագավորությունը: Սրա փոխարեն քաղկեդոնական Վրաց պետությունը կարողացավ խելամտորեն օգտագործել հավատակից Բյուզանդիայի աջակցությունը եւ ոչ միայն չվերացավ, այլեւ ընդհակառակը` աճեց եւ հզորացավ` դառնալով իր ժամանակի տարածաշրջանային հզոր երկրներից մեկը: Քաղկեդոնական եկեղեցին, ի վիճակի չլինելով այլեւս ռեֆորմացիայի ենթարկվել, 1054թ. պառակտվեց երկու ուղղության՝ կաթոլիկ եւ ուղղափառ: Փաստորեն, քաղկեդոնական եկեղեցու պառակտումը վախճանն էր քրիստոնեական հազարամյա քաղաքակրթության, որն իր ետեւից անխուսափելիորեն բերելու էր քրիստոնյա Բյուզանդիայի վախճանը: Քաղկեդոնական եկեղեցու պառակտումը հնարավորություն տվեց վրաց ժողովրդին` վերանայել կրոնական դոգմատիզմը եւ առավել ճկուն քաղաքականություն հանդես բերել տարածաշրջանում ձեւավորված մուսուլմանական միջավայրի նկատմամբ: Վրացիները` տեսնելով, որ իրենց կրոնական իդեալները մնայուն եւ հավերժ չեն, միակ մնայուն իդեալ ընդունեցին սեփական պետության գոյությունը: Այս խնդիրը լուծելու համար նրանց մի զգալի հատվածը նույնիսկ հավատափոխ եղավ` ընդունելով մահմեդականություն: Նրանք այս քայլերով, փաստորեն, ապահովեցին իրենց մի քանի, թեկուզեւ փոքր ու կիսանկախ, բայց ինքնուրույն պետությունների գոյությունը: Վրաց եկեղեցին մինչեւ 1801թ. ձեւականորեն ենթակա մնաց Հույն եկեղեցուն: Երբ Ցարական Ռուսաստանը նվաճեց Վրաստանը, Վրաց եկեղեցին անմիջապես դուրս եկավ Հունաց եկեղեցու ենթակայությունից` հպատակվելով Ռուսաց եկեղեցուն: 1801թ. մինչեւ 1952թ. Վրաց եկեղեցին ենթակա մնաց Մոսկվայի մետրոպոլիտին, բայց Ստալինի մահից քիչ առաջ, դուրս գալով Ռուս եկեղեցու վերահսկողությունից` հռչակեց իր ինքնուրույնությունը:

Ամփոփելով Վրաց եկեղեցու պատմությունը` կարելի է տեսնել, որ Հայաստանի թուլացումից հետո` 607թ. վրացիները դուրս եկան Հայ եկեղեցու ենթակայությունից` միանալով հզոր Քաղկեդոնական եկեղեցուն, իսկ Քաղկեդոնական եկեղեցու թուլացումից հետո որոշ մասը մուսուլման դառնալով հանդերձ` հիմնականում ընդունեց Ռուսական եկեղեցու ավագությունը: Ահա այս առաջադիմական քայլերի շնորհիվ է, որ էթնիկ տարածքով եւ թվաքանակով հայերին զիջող վրաց ժողովուրդը միշտ նախընտրելի եղավ տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող գերտերությունների համար: Եթե մինչեւ 451թ. հայ ժողովուրդն իր եկեղեցու միջոցով գործուն մասնակից էր դառնում քրիստոնեական աշխարհում իշխող արժեքային համակարգի եւ իդեալների ձեւավորմանն ու հաստատմանը, ապա Քաղկեդոնի տիեզերաժողովից հետո ոչ միայն դադարեց մասնակիցը լինել նոր արժեքների ձեւավորմանը, այլեւ տիեզերական եկեղեցու համար դադարեց գոյություն ունենալ: Ըստ էության, Հայ եկեղեցին դադարեց զարգանալ` վերածվելով պատմության:

Որ Հայ եկեղեցին պատմություն էր դարձել` մնալով անցյալում, վկայում է նաեւ մինչ այսօր ձգվող նրա դրիքորոշումը տիեզերաժողովների նկատմամբ: Հայ եկեղեցին ընդունում է մինչեւ 431թ. տեղի ունեցած առաջին 3 տիեզերաժողովների կանոնները: Քաղկեդոնական կամ ուղղափառ եկեղեցին ընդունում է մինչեւ 787թ. տեղի ունեցած 7 տիեզերաժողովները: Եվ միայն կաթոլիկ եկեղեցին է, որ 1054թ. բաժանվելով քաղկեդոնականությունից` ընդունում է մինչեւ այսօր տեղի ունեցած բոլոր տիեզերաժողովների որոշումներն ու կանոնները:

Կաթոլիկությունը, բաժանվելով ուղղափառ եկեղեցուց, հիմքը դրեց եվրոպական քաղաքակրթության: Եվրոպական քաղաքակրթությունն իր առաջընթացը պահպանեց մինչեւ 20-րդ դարի սկզբները: Այս ամբողջ դարերի ընթացքում Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկուսացած ու անհաղորդ մնացին աշխարհում տեղի ունեցող քաղաքակրթական փոփոխություններին: 16-17-րդ դարերում ճգնաժամ ապրող կաթոլիկությունը ռեֆորմացիայի տարիներին առաջացրեց հզոր բողոքական շարժում: Բողոքական շարժումը սկիզբ առավ եւ ծավալվեց հիմնականում գերմանական ու անգլիական ժողովուրդների մոտ` պուրիտանության տեսքով հասնելով մինչեւ Հյուսիսային Ամերիկա: Բողոքականության արժեքային հիմքի վրա ծնվեց այսօրվա աշխարհում տիրապետող արեւմտյան քաղաքակրթությունը: Հավանաբար այս քաղաքակրթությունը անգլո-գերմանական ժողովուրդների գլխավորությամբ կգոյատեւի եւս 100-200 տարի: Այսօր արեւմտյան, իսլամական եւ եվրոպական քաղաքակրթությունների բախման կիզակետում են հայտնվել Հարավային Կովկասն ու Հայաստանը: Հայ ժողովուրդն արդեն վաղուց` մոտ հազար տարի իր հայրենիքում հնարավորություն չէր ունեցել ընտրություն կատարել երկու քրիստոնեական քաղաքակրթությունների միջեւ: Եթե նախորդ քաղաքակրթական սխալ ընտրությունները հանգեցրին տարածաշրջանում հայ ժողովրդի առաջատար դերի վերացմանը, ապա այսօրվա սխալ ընտրությունը հայ ժողովրդին կդատապարտի հավատակից ասորիների ու ղպտիների կարգավիճակին:

Կուզեի նաեւ նշել, որ բոլոր ժամանակներում քաղաքակրթությունների էությունը՝ ծառայել մարդկության առաջընթացին, մնում է նույնը, ինչպես նաեւ նույնն է մնում նրանց ծավալման տրամաբանությունը: Ժամանակին հելլենական Հռոմն իր քաղաքակրթական ազդեցության տակ գտնվող երկրներում ստեղծում էր ռազմական բազաներ եւ տեղակայում կայազորներ, նույնն է արվում եւ հիմա: Ժամանակին, երբ երկրների կառավարումը պատկանում էր թագավորական ընտանիքին, Հռոմը գահաժառանգին իր արքունիքում պատանդ պահելով` հայրական գահին նշանակելուց առաջ դաստիարակում էր իր շահերին համապատասխան արժեքներով: Այսօր երբ իշխանությունը ձեւավորվում է ընտրություններով, եւ նախապես հայտնի չէ երկրի ապագա ղեկավարը, իշխող գերտերություններն իրենց մոտ ուսանելու են տանում հազարավոր ընդունակ երիտասարդների, այն հաշվով, որ նրանցից մեկը հավանաբար ապագայում կընտրվի տվյալ երկրի ղեկավար: Կարելի էր բազմաթիվ նման օրինակներ բերել, բայց կարծում եմ երկուսն էլ բավական է քաղաքակրթությունների էությունն ու տրամաբանությունն ըմբռնելու համար: Եվ վերջապես` այսօր շրջանառվող գլոբալիզացիա տերմինը, որ հայերեն նշանակում է համապարփակություն, իմաստային առումով կրկնությունն է կաթոլիկության, որը բառացի թարգմանվում է համընդհանրություն: Սա ըմբռնող որեւէ ժողովուրդ, չեմ կարծում, որ ցանկանա իր հայրենիքում կերակրել պարտված բանակի զինվորներին եւ իր զավակներին ուսման ուղարկել պարտված` անհեռանկար «քաղաքակրթական» դպրոցներում: Մինչեւ հաղթող քաղաքակրթության պարտադրանքը` ընտրությունը հայ ժողովրդինն է:


ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ


Ծանոթանալով հեղափոխությունների պատմությանը՝ համոզվում ենք, որ գոյություն չունեն ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական հեղափոխություններ, այլ կա միայն աշխարհայացքի եւ աշխարհընկալման հեղափոխություն: Նույնիսկ մարդկային քաղաքակրթություններն արդյունք են գաղափարի եւ իդեալի փոփոխության, որն էլ իր հերթին հետեւանք է աշխարհայացքի եւ աշխարհընկալման հեղափոխության: Քանի որ քաղաքակրթությունները կոչված են ծառայելու մարդկության զարգացմանն ու բարօրությանը, ուստի նրա ներսում առաջադիմական կարող է լինել միայն ոչ հեղափոխական, էվոլյուցիոն աշխարհայացքի ու իդեալի զարգացումը, որը մեծ հաշվով չի հանգեցնում աշխարհայացքի ու իդեալի լուրջ փոփոխության, այլ նրանց հավելում է ժամանակին համահունչ նոր որակներ: Իսկ այն քաղաքակրթությունները, որոնք ծառայելով մարդկության առաջընթացին` սպառել են իրենց, պատմության ասպարեզից հեռանում են միայն աշխարհայացքի ու աշխարհընկալման հեղափոխության միջոցով: Այս դեպքում նման հեղափոխությունը դառնում է ոչ միայն օգտակար, այլեւ անհրաժեշտ, որովհետեւ մեռնող քաղաքակրթությունը կրող վերջին սերունդը ավանդույթի ուժով համառորեն դիմադրում է՝ չգիտակցելով բնական փոփոխությունների օրինաչափությունը: Հայ ժողովուրդը, ինչպես շատ այլ ժողովուրդներ, ապրել է տարբեր քաղաքակրթական դարաշրջաններ եւ իր աշխարհայացքին ու իդեալին համապատասխան` կերտել սեփական պատմությունը: Քանի որ հայ ժողովրդի մինչքրիստոնեական քաղաքակրթությունների պատմությունն ընդհանուր առմամբ եղել է առաջադիմական, ուստի անհրաժեշտություն չկա քննարկել այն: Ցավոք, քրիստոնեական շրջանում սկսվեց հայ ժողովրդի պատմության հազարամյա տեղապտույտը: Եվ եթե շարադրելու լինենք հայ ժողվրդի քրիստոնեական պատմությունը, այն կունենա հետեւյալ տեսքը.

«Հայերը փոքր ժողովուրդ են: Նրանք 301թ. աշխարհում առաջինն են քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Թշնամիները հաճախ փորձել են հայերին հավատափոխ անել, սակայն հայերը չեն հնազանդվել, երբեմն ապստամբել են, ինչպես Ավարայրում, հավատը պահելու համար հաճախ գաղթել են իրենց հայրենիքից: 20-րդ դարում հայերը առաջինն են ենթարկվել ցեղասպանության: Եվ վերջապես` աշխարհի բոլոր գերտերությունները, մասնավորապես քրիստոնյա, հայերին խաբել են»:

Փաստորեն, հայ ժողովրդի քրիստոնեական ժամանակաշրջանի պատմությունը կերտվել է ընդամենը 150 տարի` 301թ. մինչեւ 451թ.: Մնացած 1500 տարիներին հայ ժողովուրդը մեծ հաշվով ուղղակի վերապրել է այդ 150 տարվա պատմությունը: Հասկանալու համար հայ ժողովրդի պատմության 1500-ամյա տեղապտույտը` պետք է վերլուծել քրիստոնեական աշխարհայացքի, աշխարհընկալման ու իդեալի ձեւավորումը հայ իրականության մեջ: Ինչպես գիտենք, քրիստոնեությունը սկզբնական փուլում դավանում էր հակապետական, անիշխանական, հեղափոխական վարդապետություն, պետական կառույցները կազմալուծող, սաբոտաժի ենթարկող քարոզչություն էր տանում, հասարակական գիտակցության մեջ ձեւավորում էր երկրային կյանքն ու պայքարը ժխտող, հանուն երկնային կյանքի տոտալ զոհաբերության եւ նահատակության իդեալը: Ահա այս նախնական տեսքի քրիստոնեությունը հրով ու սրով պարտադրվեց հայ ժողովրդին ու պետությանը: Քրիստոնեության արժեքային համակարգի այդ հեղափոխական փուլն ավարտվեց 451թ. Քաղկեդոնի տիեզերաժողովի որոշումներով, իհարկե մինչեւ այդ` 428թ. կործանելով նաեւ հայկական պետությունը: Փրկելու համար արեւելահռոմեական՝ Բյուզանդական կայսրությանը կործանումից, կայսրերը կարողացան իրենց վերահսկողությունը հաստատել համաշխարհային եկեղեցու առաջնորդների վրա. Քաղկեդոնի ժողովում ռեֆորմացիայի ենթարկելով քրիստոնեությունը` հասարակության համար ձեւավորեցին նոր, առաջադիմական ու կենսունակ իդեալ՝ հիմք դնելով հազարամյա քրիստոնեական քաղաքակրթությանը: Հայ եկեղեցին չըմբռնելով կամ չկամենալով ըմբռնել Քաղկեդոնի որոշումների առաջադիմական բնույթը՝ կառչած մնաց հին, անիշխանական, նահատակության իդեալներին:

Ընդհանրապես, յուրաքանչյուր ժողովուրդ բաղկացած է մարդկանց երկու տեսակ խմբերից, մեկը նյութապաշտ՝ վառ երեւակայությունից զուրկ, բարձր իդեալներին անհաղորդ, բայց դրա փոխարեն օժտված գործարար հատկանիշներով, տնտեսական ու նյութական ռեսուրս ստեղծող, բացարձակ ռեալիստ, օգտապաշտ, իսկ մյուսը՝ վառ երեւակայությամբ օժտված, գաղափարական եւ իդեալիստ` ամեն պահի հերոսության եւ զոհաբերության պատրաստ, բարձր որակներ կրող: Որքան էլ գործարար հատկանիշներով օժտված նյութապաշտ զանգվածի դերը կարեւոր է, որքան էլ որ նա, որպես կանոն, կազմում է մեծամասնություն, միեւնույն է` ժողովուրդների, պետությունների քաղաքակրթական առաջադիմությունն ապահովում են գաղափարական եւ իդեալիստ փոքրամասնությունները: Եթե նյութապաշտ մեծամասնության համար ոսկու փայլն իսկ բավարար է բացահայտելու իր գործարար հատկանիշները, ապա գաղափարական եւ իդեալիստ փոքրամասնությանն անհրաժեշտ են բարոյական բարձր իդեալներ` զոհողությունների, խիզախումների, հերոսացումների եւ այլ առաքինությունների դրսեւորման համար:

Հայ եկեղեցին մերժելով քաղկեդոնական ռեֆորմը` Հայաստանի գաղափարապաշտ փոքրամասնությանը պարտադրեց ժամանակավրեպ, համաշխարհային եկեղեցու կողմից մերժված, ըստ էության մեռած իդեալ: Ընդհանրապես այն ժողովուրդներն են առաջադիմում, որոնց հայացքն ուղղված է ապագային, այսինքն՝ ապագան մարմնավորող իդեալին: Իսկ այն ժողովուրդները, որոնց առաջնորդում են մեռած, այսինքն՝ անցյալում մնացած իդեալները, դատապարտված են կործանման: Եկեղեցին հայ ժողովրդին տվեց ոչ թե կյանքի փորձով ձեւավորված, այլ քրիստոնեական ավանդույթի ուժով պարտադրված իդեալ: Իսկ դա նշանակում էր, որ եթե Վասակ Սյունին դավաճան է, ուրեմն՝ նման գործիչներ չպետք է ծնվեն, իսկ եթե Վարդան Մամիկոնյանը հերոս է եւ սուրբ, ապա բոլորի եւ բոլոր ժամանակների հայության իդեալը պետք է լինեն Մամիկոնյանները: Ցավոք, այս եկեղեցական դոգմատիզմը պահպանվեց մինչեւ մեր օրերը, եւ մերօրյա պատմաբաններն ակամա շարունակում են այս սխալը: Ոչ մի մերօրյա պատմաբան փորձ չարեց հայ ժողովրդի պատմությունը վերլուծել տրամաբանության տարրական օրենքներով, այլ պարզամտորեն կրկնեց ավանդույթի պարտադրած, ոչ մի տրամաբանության չենթարկվող կղերական կեղծիքները: Խորենացին գրեց, թե հայերս «փոքր ածու» ենք, եւ մինչ օրս պատմաբանները կրկնում են` դա հայ ժողովրդի պարտությունների պատճառներից մեկը համարելով: Ոչ մի պատմաբան չի վիճարկում, որ հայ ժողովուրդը 2000 տարի առաջ թվաքանակով եղել է առնվազն 3-6 միլիոնի սահմաններում: Այդ ժամանակի 3 միլիոնը ո՞վ կարող է համարել փոքրաքանակ, երբ նույն ժամանակ հռոմեական հսկայածավալ կայսրությունում Հռոմի լիիրավ քաղաքացիները եղել են ընդամենը մոտ 6 միլիոն: Տասնյակ միլիոնավոր հպատակների մասին չէ խոսքը, այլ Հռոմի կայսրությունը ստեղծած, ղեկավարած Հռոմի քաղաքացիների: Հայ ժողովրդի թվաքանակն այդ ժամանակ այնքան մեծ էր, որ հնարավորություն էր տվել հսկայական տարածքի վրա ստեղծել միաժամանակ հինգ պետություն՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե եւ հայ-ասորական Օսրոենե:

301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն հայերը ոչ թե կամավոր են ընդունել, այլ այն Հայաստանին պարտադրվել է Դիոկղետիանոս եւ Կոստանդին կայսրերի կողմից, զուտ քաղաքական նկատառումներով: Այնպես որ, հայերին քաղաքական նկատառումներով պարտադրված կրոնի համար հետին թվով հպարտանալու փոխարեն պետք է փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչ հետեւանքներ է ունեցել մեր պատմության մեջ: Հունասեր հայ եկեղեցին հերոսացրեց հունասեր Մամիկոնյաններին, եւ մերօրյա պատմաբանները շարունակեցին դա: Եթե Մամիկոնյանների գործունեությունը վերլուծենք փաստերի սառը տրամաբանությամբ եւ ոչ կրոնական ավանդույթի ուժով, կտեսնենք, որ նրանք երբեք չեն պայքարել հայ թագավորների, հայ պետականության համար, եթե դա չի համապատասխանել Բյուզանդիայի շահերին: Երբ Հայաստանի թագավորները Բյուզանդիայի հետ միասին պայքարում էին Պարսկաստանի դեմ, Մամիկոնյանները քաջաբար կռվում էին նրանց կողքին, իսկ երբ հայոց արքաները փորձում էին Բյուզանդիայից անկախ քաղաքականություն վարել, նրանք առանց վարանելու կայսրության շահերի համար թագավորներ էին սպանել տալիս կամ գահից զրկում: Ըստ էության 387թ. Հայաստանի առաջին բաժանումը սպարապետ Մանվել Մամիկոնյանի կտակի հիման վրա տեղի ունեցավ, երբ վերջինս մեռնելուց առաջ Արշակ Երրորդ թագավորին եւ հայոց պետությունը կտակեց քրիստոնյա Բյուզանդիային: Այս դավաճանական քայլը ոչ միայն չդատապարտվեց Հայ եկեղեցու եւ պատմության կողմից, այլեւ Մանվել Մամիկոնյանը համարվեց բացառիկ հայրենասեր գործիչ: Սա նախադեպ ստեղծեց հետագայում նմանատիպ կտակների համար: Երբ վերլուծում ես Մամիկոնյաննների կողմից կազմակերպված ապստամբությունները` տեսնում ես, որ դրանք հրահրված են եղել կա՛մ քրիստոնյա Բյուզանդիայի, կա՛մ Հայ եկեղեցու կողմից եւ երբեք հայկական պետությունը վերականգնելու նպատակ չեն հետապնդել: Բյուզանդիայի օգնությամբ Մամիկոնյանները լինելով Հայաստանի չորս ամենահզոր նախարարական տներից մեկը եւ իրենց ձեռքում պահելով հայոց սպարապետի պաշտոնը՝ երբեք չօգնեցին Բագրատունի, Արծրունի եւ Սյունի նախարարներին` հայոց թագավորությունը վերականգնելու գործում, ընդհակառակը` նրանց կողմից պարբերաբար կազմակերպված ապստամբությունները մսխում էին հայ ժողովրդի պետականաշինության ներուժը հանուն Բյուզանդիայի շահերի: Փաստորեն, արաբների կողմից Մամիկոնյաններին եւ մյուս հունասեր նախարարներին ջախջախելուց եւ Բյուզանդիայի ազդեցությունը Հայաստանում թուլացնելուց հետո միայն Բագրատունի, Արծրունի եւ Սյունի նախարարները հնարավորություն ունեցան տասնամյակների խելամիտ եւ հետեւողական քայլերի շնորհիվ վերականգնել հայոց պետականությունը:

Հայաստանի վերջին 1700-ամյա պատմության մեջ միայն երկու դար կարելի է համարել ձեւավորված ավանդական արժեքների եւ իդեալների վերագնահատման ժամանակաշրջան, որը տեղի ունեցավ հայկական տարածքում իսլամական եւ քրիստոնեական քաղաքակրթություների բախման արդյունքում եւ ծնեց Թեոդորոս Ռշտունու նման գործիչների: Ռշտունու քաղաքական գծի հետեւորդները վերականգնեցին հայոց թագավորությունը, իսկ հունասեր Մամիկոնյանների ժառանգները, դավանափոխ լինելով եւ ընդունելով քաղկեդոնականություն, ծառայության անցան բյուզանդական եւ վրացական արքունիքներում:

Հայ պատմաբանները նշում են նաեւ, որ Հայաստանն իր անբարենպաստ աշխարհագրական դիրքով կռվախնձոր դարձավ իր հարեւանների միջեւ: Հերթական ավանդական սխալ տրամաբանության դրսեւորում: Աշխարհում չկա մի տարածք ցամաքում թե ծովում, որ կռվախնձոր չլինի հարեւանների միջեւ: Այդ տրամաբանությամբ կարելի է ասել, որ հազարամյա Բյուզանդական կայսրությունն իր աշխարհագրական աննպաստ դիրքով կռվախնձոր էր մուսուլմանների եւ կաթոլիկների միջեւ: Մերօրյա պատմաբանները ստիպված կլինեն ընդունել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյության համար պարտական են նախեւառաջ հենց աշխարհագրական դիրքին, որը քաղաքակրթությունների խաչմերուկ է եւ կենսունակության աղբյուր: Հայ ժողովրդի կենսագրությամբ ժողովուրդը, եթե գտնվեր Հռոմեական եւ Բյուզանդական կայսրությունների խորքում եւ չենթարկվեր քաղաքակրթական պարբերական ցնցումների, կարելի է պնդել, որ վաղուց ձուլված կլիներ եւ հեռացած պատմության ասպարեզից:

Ինչպես նշեցի, յուրաքանչյուր ժողովուրդ իր անկախությունը ձեռք է բերում եւ իր պետականությունը կառուցում է բացառապես իր գաղափարական եւ իդեալիստ փոքրամասնության շնորհիվ, եթե իհարկե, վերջինիս իդեալն անկախությունն է: Ցավոք, հայ ժողովրդի իդեալիստ փոքրամասնության համար քրիստոնեությունն ու քրիստոնեական կողմնորոշումը միշտ ավելի բարձր արժեք եղան, քան ազգային անկախությունն ու պետականությունը: Յուրաքանչյուր մարդ պատրաստ է զոհել ամեն ինչ` հանուն իր իդեալի. թագավորը` ժողովուրդ, ընտանիք, կրոն` հանուն իր թագավորության, զորավարն ու ռազմիկը` կյանքն ու ամեն ինչ` հանուն ռազմական հաջողության, հավատացյալ քրիստոնյան` ամեն ինչ` հանուն քրիստոնեական իդեալների: Իսկ 11-րդ դարի հայոց արքաներն իրենց իդեալներով ավելի շատ նվիրյալ քրիստոնյաներ էին, քան տիրակալներ: Փաստորեն, կտակելով կամ վաճառելով իրենց թագավորությունը քրիստոնյա Բյուզանդիային եւ լքելով հայրենիքը` այս գաղափարապաշտ քրիստոնյա փոքրամասնությունը ոչնչացնում, ամլացնում էր ստեղծագործական, առաջադիմական ոգին երկրում, որտեղ ապրելու եւ բազմանալու էր նյութապաշտ, զոհողությունների, խիզախումների անընդունակ գործարար մեծամասնությունը:

Երբ հայ պատմաբանները գրում են, թե ավելի ցածր մշակութային մակարդակում գտնվող խաշնարած ժողովուրդները ոչնչացրին հայ մշակույթը` մի քանի դար խավարի մատնելով Հայաստանը` դա թարս մտածողության հերթական արգասիքն է: Հայկական մշակույթը մեռավ այն ժամանակ, երբ մեռնում էր քրիստոնեական հազարամյա քաղաքակրթությունը: Ծիծաղելի է կարծել, թե մի քանի հազար մարդուց կազմված քոչվոր ցեղերը կարող էին նվաճել եւ ոչնչացնել որեւէ բարձր մշակույթ: Բարձր բարեկեցություն ունենալը դեռ չի նշանակում ունենալ բարձր մշակույթ: Շատ հաճախ լինում է ճիշտ հակառակը. բարեկեցության բարձրակետը համընկնում է քաղաքակրթության վախճանին: Ուղղակի արտաքին ազդակներ են պետք` դա պատմության մեջ արձանագրելու համար: Իմիջիայլոց, այդ դարերում տեղի ունեցավ ողջ ուղղափառ քրիստոնեական աշխարհի նվաճումը արեւելքի քոչվոր ժողովուրդների կողմից: Եթե որեւէ իսկապես բարձր մշակույթ ունեցող ժողովուրդ նվաճվում է իրենից մշակույթով ցածր քոչվոր ժողովրդի կողմից, միեւնույն է` դարերի ընթացքում տվյալ ժողովուրդն իրեն է ձուլում իր նվաճողներին` բարձր մշակույթի շնորհիվ: Այդպես տեղի ունեցավ մոնղոլների հետ, երբ նրանք նվաճեցին Չինաստանն ու Ռուսաստանը: Նույնը տեղի ունեցավ թուրքերի հետ, երբ նրանք նվաճեցին Պարսկաստանը: Նշված երկրները ոչ միայն նախկինում էին ունեցել բարձր մշակույթ, այլեւ տվյալ պահին ունեին մշակութաստեղծ, կենսունակ ոգի ունեցող տարր: Նույնիսկ հունադավան վրացի փոքրաքանակ ժողովուրդը կարողացավ մինչեւ 1801թ. պահպանել իր անկախությունը` մի քանի մանր թագավորությունների տեսքով: Հայաստանում իսլամական քաղաքակրթության ազդեցության թուլացմանը զուգընթաց` կրկին սկսում է ուժեղանալ Հայ եկեղեցին` մեկ անգամ եւս ժողովրդի եւ ազնվականության մեջ վերահաստատելով վաղ-քրիստոնեական, քարացած, դոգմատիկ իդեալները, որոնք փոխարինելու էին գալիս վերջին դարերում իշխած անկախության, պետականության իդեալներին:

Հայկական քրիստոնեության պատմությունը շատ նման է սովետական սոցիալիզմի պատմությանը: Սոցիալիստական գաղափարախոսությունը, ծնվելով Արեւմտյան Եվրոպայում, իր նախնական` մարքսիստական տեսքով, հեղաշրջման միջոցով իշխանության եկավ Ցարական Ռուսաստանում: Սոցիալիզմի գաղափարները պարբերաբար էվոլյուցիայի ենթարկվելով` զարգացան եւ մեծ նվաճումներ արձանագրեցին եվրոպական ժողովուրդների կյանքում: Սովետական սոցիալիզմը, հավատարիմ մնալով մարքսիստական սկզբնական դոգմաներին, մերժեց բարեփոխումների տարբերակը, վերածվեց հետադիմության եւ, որպեսզի եվրոպական սոցիալիզմի դեմ պայքարում կարողանա խուսափել պարտությունից, «երկաթե վարագույրի» ռեպրեսիվ ռեժիմի միջոցով ընտրեց ինքնամեկուսացման ճանապարհը: Այս ճանապարհը, կասեցնելով ցանկացած առաջադիմություն, ի վերջո հանգեցրեց սովետական սոցիալիզմի քայքայմանը` մեծ դժբախտություններ բերելով սովետական ժողովուրդներին: Մոտավորապես ահա այսպիսի՛ դեր ունեցավ Հայ եկեղեցին հայ ժողովրդի կյանքում` մերժելով համաշխարհային քրիստոնեության՝ նախ քաղկեդոնական, ապա եւ կաթոլիկական ռեֆորմները: Երբ 1045թ. Բագրատունիների թագավորությունը եկեղեցու օգնությամբ կազմված կտակով հանձնվեց Բյուզանդիային, դա ընդամենը արձանագրումն էր հայ ժողովրդի ու ազնվականության մեջ ավելի վաղ տեղի ունեցած իդեալների փոփոխության: Ազգային անկախության, պետականության իդեալները կրկին ստորադասվել էին քրիստոնեական իդեալներին: Սա էր պատճառը, որ հետագա 650 տարիների ընթացքում, երբ ցանկացած հետամնաց, փոքրաքանակ ու խաշնարած ժողովուրդ, որպես արոտավայր նվաճում ու ասպատակում էր Հայաստանը, ոչ մի լուրջ դիմադրության չէր հանդիպում հայ ժողովրդի կողմից: Նույնիսկ հայկական մարտունակ ռազմական ուժերը Զաքարյանների գլխավորությամբ ծառայության անցնելով վրացական արքունիքում եւ ազատագրելով հայկական հողերի զգալի մասը` փորձ չարեցին այդ տարածքներում անկախություն հռչակել: Հայ ժողովրդի իդեալիստ փոքրամասնության համար կրոնի կամ, այսօրվա խոսքով ասած, խղճի ազատությունն ավելի կարեւոր էր, քան հայրենիքի ազատությունը եւ անկախությունը:

Երբ 1677թ. Էջմիածնի գաղտնի ժողովը 650 տարվա ընդմիջումից հետո նոր սկիզբը դրեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի, ըստ էության դա պայքար էր ոչ թե հանուն ազգային ազատագրության եւ անկախության, այլ հանուն կրոնական ազատությունների: Դրա պատճառով էր, որ ժողովի մասնակիցները, այսպես ասած` ազատագրական պայքարի կազմակերպիչները չփորձեցին օգտվել երկու անմիջական հարեւանների` Թուրքիայի եւ Պարսկաստանի խորը հակասություններից, այլ դիմեցին հեռուներում գտնվող քրիստոնյա երկրներին: Նրանք իրենց դիմումներով քրիստոնյա երկրներին առաջարկում էին գալ նվաճել Հայաստանը՝ ազատագրելով հայ ժողովրդին մուսուլման երկրների գերությունից: Փորձելով հասկանալ, թե ինչպես «կարելի է նվաճելով մի երկիր` ազատագրել նրա ժողովրդին» անտրամաբանական միտքը` տեսնում ենք, որ «ազատագրական պայքարի» կազմակերպիչները նկատի ունեին հավատացյալ քրիստոնյաների ազատագրումը իսլամ ժողովուրդների կրոնական ճնշումներից: Կրոնական ազատության տեսակետից նման գործունեությունը տրամաբանական էր եւ իմաստալից, սակայն ազգային-պետական չափանիշերով բացարձակապես միեւնույնն էր, թե Հայաստանը նվաճած երկրները ինչ հավատի էին՝ քրիստոնյա՞, թե՞ իսլամ: Այդ տարիների միակ իսկապես ազգային ազատագրական պայքարի գործիչն ու հիմնադիրը դարձավ Իսրայել Օրին, որի հայացքները ձեւավորվել էին ոչ թե Էջմիածնի գաղտնի ժողովի արդյունքում, այլ երկար տարիներ Եվրոպայում ապրելով եւ եվրոպական լուսավորության գաղափարներին մոտիկից ծանոթանալով: Իսրայել Օրին մոտ 700 տարվա ընդմիջումից հետո առաջ քաշեց Հայաստանի անկախության, պետականության գաղափարը: Օրու առեղծվածային մահից հետո նրա քաղաքական գիծը շարունակեց Դավիթ-Բեկը` իր զինակիցների հետ Սյունիքում եւ Արցախում ստեղծելով անկախ իշխանություն: Ինչպես Օրու, այնպես էլ Դավիթ-Բեկի ազատագրական, ազգային անկախության գաղափարները ձեւավորվել էին Հայաստանից ու հայ իրականությունից դուրս. առաջինը հեռավոր Եվրոպայի երկրներում, երկրորդը` վրացական թագավորության արքունիքում:

Քանի որ իմ խնդիրն է ոչ թե վերլուծել հայ ժողովրդի վերջին 1700-ամյա պատմությունը, այլ այդ պատմության զարգացման տրամաբանությունը, կարծում եմ` այսքանը բավարար է իմ ասելիքը հիմնավորելու համար: Ճիշտ է, Դավիթ-Բեկի մահից հետո` 250 տարվա ընթացքում հայ ժողովուրդը շարունակեց իր ազատագրական պայքարը` երբեմն ծնելով եվրոպական լուսավորության գաղափարներով ձեւավորված Հովսեփ Էմինի, Գարեգին Նժդեհի նման գործիչներ, սակայն նրանց դավանած անկախության, պետականության իդեալներին, որպես կանոն, օտար ու խորթ մնացին միլիոնավոր հայ զանգվածները: Հայ ժողովուրդը նույնիսկ այսօր` 21-րդ դարում ձեռք բերելով սեփական անկախությունը, համառորեն փայփայում է որեւէ քրիստոնյա (փրկիչ¤ պետության միանալու դարավոր իդեալը. մի իդեալ, որը ձեւավորվել է հեռավոր 5-րդ դարում` վերագրվելով Ներսես Մեծ կաթողիկոսին: Սրա ապացույցն է նաեւ մեր օրերում տեղի ունեցած ստորագրահավաքը, երբ անկախ Հայաստանի 1 միլիոնից ավելի քաղաքացիներ ցանկություն էին հայտնում միանալ Ռուսաստանին: Իմ նպատակը չէ քննարկել կամ քննադատել Հայ եկեղեցու պատմությունը, կրոնական արժեքային համակարգը եւ այլն, ուղղակի կան ժամանակներ, երբ ճշմարտությունն ասելու համար ստիպված ես մեղանչել նաեւ Եկեղեցու դեմ: Եթե Հայաստանի իդեալիստ փոքրամասնության համար իսկապես թանկ է անկախության գաղափարը, ապա պետք է պայքարեն հայ ժողովրդի ազատագրական իդեալը անկախության իդեալով վերափոխելու համար: Իսկ սրա համար նախեւառաջ պետք է խաչակրաց արշավանք հայտարարել հայ ժղովրդի պատմության տրամաբանության դեմ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԼԵՀՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Յուրաքանչյուր ժողովուրդ, իր էությունից բխող եւ գիտակցությամբ ձեւավորված իդեալների շնորհիվ, կերտում է սեփական պատմությունն իր կարողություններին համապատասխան՝ արձանագրելով եւ՛ ձեռքբերումներ. եւ՛ կորուստներ: Ձեռքբերումները եւ կորուստները կազմում են ոչ միայն տվյալ ժողովրդի պատմությունը, այլեւ մեծապես ազդում ապագայի նկատմամբ նրա աշխարհայացքի ձեւավորման վրա, գոյություն ունեցող իդեալները փոփոխում` ժամանակին ու իրականությանը համապատասխան: Կախված այդ ձեռքբերումների ու կորուստների գաղափարական մեկնաբանությունից առաջացած ուժգին տպավորությունից՝ ժողովուրդն իր ճակատագրական պահերին, երբ ժամանակն ու թշնամին սպառնում են, ենթագիտակցաբար կատարում է քայլեր, որոնք թելադրվում են սեփական պատմության փորձից: Եվ որքան ուժգին են ժողովրդի հոգում տպավորված անցյալի դրական կամ բացասական օրինակները, նույնքան եւ արդյունավետ կամ անարդյունավետ են ճգնաժամային իրավիճակներում լուծումներ գտնելու տվյալ սերնդի ընդունակությունները: Այն ժողովուրդները, որոնք գիտակցում են սա, ձգտում են իրենց պատմության փառավոր էջերը վեր հանելով` դաստիարակել երիտասարդ սերունդներին, իսկ ավելի երիտասարդ ժողովուրդները, որոնք չունեն պատմական անցյալ, այդ բացը լրացնում են նորօրյա լեգենդներով ու առասպելներով: Ոչ միայն հին աշխարհի ժողովուրդների պատմության արշալույսն է լցված լեգենդներով ու առասպելներով, այլեւ նոր աշխարհի՝ ամերիկյան ժողովրդի: Այսօր ողջ աշխարհի ժողովուրդներին հրապուրող եւ դեպի իրեն ձգող Ամերիկյան հրաշքը նույնպես արդյունք է ձեւավորված առասպելի, այլ կերպ ասած` սրբազան կեղծիքի: 21-րդ դարում, երբ աշխարհում տեղի են ունենում քաղաքակրթական հսկայական փոփոխություններ, եւ ժողովուրդների տեղն ու դերը նոր աշխարհակարգում կախված է լինելու նրանց առաջադիմական կամ հետադիմական աշխարհայացքից, յուրաքանչյուր ժողովուրդ իր ենթագիտակցական ընտրությունը կատարում է` ելնելով իր պատմական փորձից:

Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետությունը, նույնպես կանգնած լինելով ընտրության առաջ, ստիպված է կա՛մ կառչած մնալ ամեն առաջադիմություն մերժող, մեկուսացած ու քարացած 1500-ամյա արժեքներին, կա՛մ իր մեջ ուժ գտնելով` խիզախել ոտք դնելու նորօրյա թեկուզեւ անհայտ, բայց հաղթարշավող քաղաքակրթական ուղու վրա: Քաղաքակրթական ճիշտ ընտրություն կատարելու համար, ինչպես նշեցի, ժողովուրդները ելնում են իրենց պատմական փորձից, եւ այս առումով հայ ժողովուրդը, կարծում եմ, իր հայացքը պետք է ուղղի ոչ թե բուն Հայաստանի պատմությանը, որտեղ գրեթե ոչինչ չկա առաջադիմական, այլ 11-րդ դարում ստեղծված Կիլիկյան Հայաստանի պատմությանը: Քանի որ քրիստոնեությունն ուներ ինտերնացիոնալ բնույթ, վաղ միջնադարից սկսած` հայ ժողովրդի համար ազգ եւ հայրենիք հասկացությունները ստորադասված էին քրիստոնյա եւ քրիստոնեահպատակ հասկացություններին: Այս պատճառով 11-րդ դարում հանուն քրիստոնեական արժեքների պահպանման` տասնյակ հազարավոր հայեր իրենց թագավորների հետ լքում էին Հայաստանը` բնակություն հաստատելով Բյուզանդիայի ներքին տարածքներում: Բնակության նոր վայրերում, բազմաթիվ ազգերի հետ գոյության դաժան պայքարի պայմաններում հայ ժողովրդի մեջ ձեւավորվում էր նախկինից տարբերվող` նոր աշխարհայացք եւ աշխարհընկալում: Նոր արժեքային համակարգով եւ նոր իդեալներով կիլիկյան հայերը փաստորեն ձեւավորում էին բոլորովին նոր ազգային ինքնագիտակցություն: Կիլիկիան, լինելով տարբեր ազգերի ու կրոնների խառնարան, երկար դարեր վերածվել էր պատերազմների թատերաբեմի: Հայերը տեսնում էին, թե ինչպես են կաթոլիկները հանուն իրենց իշխանության դաշնակցում մուսուլմանների հետ՝ ընդդեմ ուղղափառների, կամ մուսուլմանները` քրիստոնյաների օգնությամբ` նվաճում իրենց հավատակիցներին: Այս պայմաններում կիլիկյան հայերը ստիպված էին վերանայել նախկինում արմատացած, դոգմատիկ ըմբռնումները ժողովուրդների կյանքում կրոնի ունեցած դերի ու նշանակության մասին: Աշխարհայացքի այսպիսի փոփոխությունը կիլիկյան հայերի մեջ պետք է առաջացներ ամեն գնով պետություն ունենալու եւ անկախ ապրելու ցանկություն: Նրանք սկսեցին նպատակասլաց եւ հետեւողականորեն իրականացնել իրենց ազգային իդեալը՝ այդ ճանապարհին խտրություն չդնելով միջոցների մեջ: Նոր աշխարհայացքի ձեւավորումը լավագույնս դրսեւորվեց Կիլիկյան Հայաստանի թագավորության, ըստ էության, հիմնադիր Մլեհ իշխանի գործողություններում, որը կարող է ուսանելի օրինակ ծառայել այսօրվա Հայաստանի պետական գործիչների համար:

Իշխան Մլեհն իր խնդիրների լուծման ճանապարհին նախ դաշնակցեց կաթոլիկների հետ՝ ընդդեմ մուսուլմանների եւ ուղղափառ քրիստոնյաների, այնուհետեւ մուսուլման Նուր ադ Դինի օգնությամբ հայերի դեմ կռվելով` նվաճեց եղբոր մահից հետո լատինասերների ձեռքն անցած հայրական իշխանությունը: Կիլիկիայում իշխանությունը նվաճելուց հետո Մլեհը շարունակեց պահպանել մուսուլմանների հետ ստեղծված դաշինքը` նրանց հետ գրավելով եւ միմյանց միջեւ բաժանելով շրջակա քրիստոնյա իշխանությունների տարածքները: Մլեհին բացարձակապես չէր հետաքրքրում, թե ում օգնությամբ եւ ում հաշվին կհզորանա ու կծավալվի իր իշխանությունը. նա մի գերխնդիր ուներ միայն՝ վերականգնել հայոց պետականությունը, եւ այդ իրականացնում էր առանց ձեւականությունների եւ հետեւողականորեն: Հայ ժողովրդի վերջին 1700-ամյա պատմության մեջ մեզ հայտնի ընդամենը հինգ երեւելի գործիչ կա, ովքեր անտեսել են կրոնական նախապաշարումները` հանուն պետության շահերի, եւ հինգն էլ հասել են զգալի հաջողությունների` ապահովելով հայ ժողովրդի այսօրվա գոյությունը: Առաջինը Պապ թագավորն է, որն անկախացրեց Հայոց եկեղեցին Հռոմի ենթակայությունից, եւ մինչեւ այսօր այն ինքնուրույն է, բարելավեց հարաբերությունները զրադաշտական Պարսկաստանի հետ, որի պատճառով սպանվեց՝ իշխելով ընդամենը 5-6 տարի: Հաջորդը Թեոդորոս Ռշտունին է, որը պայմանագիր կնքելով արաբների Խալիֆ Մոավիայի հետ` հիմք դրեց քաղաքական այն գծին, որը շարունակելով` Բագրատունիները կարողացան վերականգնել հայոց թագավորությունը: Ե՛վ Պապ թագավորը, եւ՛ Թեոդորոս Ռշտունին անիծվեցին քրիստոնյա հայ պատմիչների կողմից` անհավատների հետ համագործակցելու պատճառով: 1722թ. Դավիթ-Բեկը, ստեղծելով Սյունիքի իշխանապետությունը, երբեմն համագործակցում էր պարսիկների հետ` ընդդեմ Օսմանյան Թուրքիայի: Եվ վերջապես, նույն Սյունիքում 1919-21թ.թ. Գարեգին Նժդեհը սկզբում կռվելով թուրքերի ու ադրբեջանցիների դեմ եւ ազատագրելով Զանգեզուրը` ընդամենը մեկ տարի անց այն Հայաստանին միացնելու համար պայքարում համագործակցում էր երեկվա թշնամիների՝ եւ՛ ադրբեջանցիների ու քրդերի, եւ՛ պարսիկ խաների հետ` ընդդեմ հայ եւ ռուս բոլշեւիկների: Արդյունքն այսօր ակնհայտ է: Այս հինգ գործիչների մեջ Մլեհը միակն էր, որ հայրենիքից հեռու, օտար հողում կարողացավ ստեղծել մի պետություն, որն իրենից հետո պետք է գոյատեւեր ամբողջ 200 տարի: Ցավոք, Մլեհը նույնպես իր վարած քաղաքականության պատճառով, ինչպես եւ Պապ թագավորը, սպանվեց հայ կրոնամոլների կողմից` իշխելով դարձյալ 5-6 տարի: Եվ եթե չեմ սխալվում, հայ մեծագույն գործիչներից Մլեհը միակն է, որ իր այս գործունեության համար պաշտոնապես բանադրվեց Հայ եկեղեցու կողմից` որակվելով որպես «դեւ» եւ «սատանայի գործակից»: Սա կարելի է ճշտել եկեղեցու արխիվներից, համենայն դեպս` նրա մահից հետո հայ ժողովուրդը դարերի ընթացքում երբեք իր զավակներին չկոչեց Մլեհ անունով:

Մլեհը շատ լավ էր հասկացել, որ պետության համար դաշնակիցները գործիքներ են, որոնք մաշվելիս պետք է փոխել: Իսկ գործիքները լինում են արդյունավետ կամ անարդյունավետ եւ չեն ունենում կրոնական պատկանելություն: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, եթե ուզում է իր արժանապատիվ գոյությունը ապահովել նոր ձեւավորվող համաշխարհային քաղաքակրթական համակարգում, ուրեմն պետք է ձեւավորի իր քաղաքական իդեալը, իր քաղաքական լեգենդը, այլ կերպ ասած՝ ի՛ր սրբազան կեղծիքը: Եվ այդ լեգենդի պատմական հիմքը Մլեհի կերպարն է: Վերլուծելով մեր տարածաշրջանի պատմությունը` տեսնում ենք, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելու համար Բյուզանդական կայսրությունը, անտեսելով հզորագույն հայկական տարրը, դաշնակից ընտրեց վրաց ժողովրդին: Փորձելով տարածաշրջանում ապահովել վրացական գերիշխանությունը` նա տեղահանեց տասնյակ հազարավոր հայերի` վերաբնակեցնելով նրանց կայսրության ներքին տարածքներում: Այս քաղաքականության արդյունքում, 1071թ. Մանազկերտի ճակատամարտից հետո Բյուզանդիան դուրս մղվեց տարածաշրջանից: Ժամանակին բոլշեւիկյան Ռուսաստանը, մասնատելով հայկական տարածքները, դարձյալ նախապատվությունը տարածաշրջանում տվեց Վրաստանին եւ Ադրբեջանին: Այսօր էլ Ռուսաստանն է անխուսափելիորեն պարտվում Կովկասի համար պայքարում:

Նորագույն քաղաքականության ճարտարապետները, որպեսզի ապագայում չարժանանան Բյուզանդիայի եւ Ռուսաստանի ճակատագրին, անշուշտ կկարողանան ճիշտ գնահատել հայ ժողովրդի դերն ու նշանակությունը տարածաշրջանային գործընթացներում եւ կվերանայեն իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Բայց դրա համար նախեւառաջ Հայաստանը պետք է որդեգրի Մլեհյան քաղաքականություն:


ՈՒԺԻ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇԵՐ ԿԱՆ

Սրանց գիտակցումը անհրաժեշտություն է ցանկացած ժողովրդի համար


Հայտնի ճշմարտություն է, որ պատմական հիշողությունը կորցրած ժողովուրդը դատապարտված է այն վերապրելու: Եվ եթե շատ ժողովուրդներ հիշում են իրենց պատմությունը՝ ապագայում դաս քաղելու, սխալներ թույլ չտալու համար, ապա, ցավոք, հայ ժողովուրդն իր պատմությունը հիշում է աննպատակ կամ ինքնանպատակ, ինչպես իր ջահելությունը կհիշի կյանքի մայրամուտն ապրող զառամյալ ծերունին՝ մեռնող կարոտով:


Հիշողության կարոտը մեր սերունդներին մղում է ոչ թե անկախ պետություն ստեղծելուն, այլ Տալվորիկի սառնորակ ջուրը երազելուն, ոչ թե սեփական ազգային բանակ ունենալուն, այլ հատուկենտ հայ ֆիդայիներին նվիրված կիսալեգալ երգերը երգելուն եւ այսպես շարունակ: Հազարամյակների պատմությունն իր ուսերին կրելուց կարծես թե հոգնած հայը չի ցանկանում այլեւս պայքարել այն արժեքների համար, որոնք հատուկ են բոլոր նորմալ, առողջ ազգերին, արժեքներ` որոնք յուրաքանչյուր ժողովրդի համար ապահովում են անկախ, բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք սեփական հայրենիքում: Սրա փոխարեն հայը շարունակում է կույր հավատացյալի խավարամտությամբ կառչած մնալ իր ռոմանտիկ երազներին եւ. սա դեռ քիչ է` այդ ռոմանտիզմը դարձնում է քաղաքականության անկյունաքար պետություն ունենալու այն բացառիկ պահերին, որը ճակատագիրը բարեհաճորեն պարգեւել է մեզ: Քանի որ քաղաքականությունը հնարավորի իրացման արվեստն է, այսինքն պրագմատիզմը, ապա զբաղվել քաղաքական ռոմանտիզմով` նույնն է, թե զբաղվել քաղաքական բախտագուշակությամբ: Նա, ով քաղաքականության մեջ ռոմանտիկ է, նույնքան հեռու է քաղաքական հաջողությունից, որքան քաղաքականությամբ զբաղվող հացթուխը: Արդեն հազար տարի է` պատմական ռոմանտիզմը հայ ժողովրդին մղել է չարդարացված կորուստների եւ պարտության, բայց հայ քաղաքական վերնախավը համառորեն կառչած է մնում դրանից: Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչի հանգեցրեց պատմական ռոմանտիզմը հայ ժողովրդին իր պատմության տարբեր փուլերում, մասնավորապես 1918-20թթ.: 

Կարծում եմ, դա պատմաբանների ուսումնասիրելու գործն է: Բայց մի իրադարձության մասին, այնուամենայնիվ, չեմ կարող չնշել, որի կրկնությունը, իմ կարծիքով, շատ հավանական է ներկա փուլում: Խոսքը 1921թ. փետրվարյան ապստամբության եւ դրա դրդապատճառների մասին է: Կարծում եմ, ապստամբությունը ծնող դրդապատճառները բավարար ուսումնասիրված չեն: Այս նյութում խնդիր չունեմ վերլուծել այդ պատճառները, ուղղակի ուզում եմ ուշադրություն հրավիրել այն տեսակետի վրա, որ ռուս-թուրքական բանակցությունների նախօրյակին ապստամբությունը հրահրվեց ոչ այնքան ներքին ճնշումների ու բռնությունների հետեւանքով, որքան արտաքին որոշ ուժերի կողմից, որի պատճառով հայերը կորցրեցին ոչ միայն Կարսը, Սարիղամիշը եւ այլն, այլեւ Նախիջեւանն ու Ղարաբաղը: Այս փաստին հայ պատմաբանները կարծես թե ուշադրություն չեն դարձնում: Ինձ թվում է` 1921 թ. փետրվարյան ապստամբության եւ 1998թ. փետրվարյան իշխանափոխության միջեւ շատ նմանություններ կան: 

Այդ նմանությունների մասին է ստիպում մտածել այսօրվա իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը կամ ավելի ճիշտ՝ այդ քաղաքականության բացակայությունը: Պարզաբանեմ միտքս: Գոնե ինձ համար վաղուց գաղտնիք չէր, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ղարաբաղի հարցի լուծումը ձգձգելու տակտիկան: Ճիշտ է` սա հասկանալի է, բայց ոչ մի կերպ չարդարացված: Ճիշտ է նաեւ, որ Վազգեն Սարգսյանը մահապարտի գիտակցությամբ իր կյանքը զոհեց Ղարաբաղի հաղթանակի համար, եւ նրա զոհվելուց հետո առավել եւս դժվար է եւ անբարոյական (զգացմունքային հարթությունում) խոսել փոխզիջումների մասին: Բայց, եթե մինչեւ 2000թ. Ռուսաստանի նախագահական ընտրությունները կարելի էր կիսատ-պռատ հույս կապել աշխարհի հակամարտ բեւեռների գոյության, աշխարհաքաղաքական վերաձեւումների հետ, ապա այլեւս մի որոշակի ժամանակ անիմաստ է: Ղարաբաղի խնդրի կարգավորման ձգձգման ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի:

Երբեք ոչ մի ժողովուրդ, առավել եւս՝ փոքր ազգերը, չեն հասել հաջողության, եթե չեն ըմբռնել միջազգային քաղաքականության խաղի կանոնները եւ տեղի ունեցող համաշխարհային գործընթացների զարգացման էությունը: Այսօրվա իշխանությունների կողմից տարվող «կոմպլեմենտար» եւ նմանատիպ քաղաքական գործունեությունն իր խորքում հանգեցնում է միջազգային արենայում թշնամու եւ բարեկամի պարզունակ փնտրտուքին, որն ի վերջո ապացուցելու է տարվող քաղաքականության սնանկությունը: Չէ՞ որ դեռ գեներալ Դը Գոլն է ասել. «Պետությունը, որն իրապես արժանի է այդ անվանը, բարեկամներ չունի՛»: Թող իշխանություններին չթվա, թե «կոմպլեմենտար» քաղաքականությունը իրենց «գյուտն» է: Չէ՞ որ 1918-20թթ. Դաշնակցությունը նույնպես «կոմպլեմենտար» քաղաքականություն էր վարում ե՛ւ Բոլշեւիկյան ու Դենիկինյան Ռուսաստանների հետ, ե՛ւ արեւմտյան՝ Անտանտի պետությունների հետ, որի հետեւանքները մենք վաղուց արդեն գիտենք: 

Այսօրվա իշխանությունները թող հույս չունենան, թե պատմության մեջ շահեկանորեն տարբերվելու են Դաշնակցությունից, որի ճշմարիտ գնահատականը անպայման տրվելու է եւ` շատ խիստ: 21-րդ դարում, առնվազն 120 տարվա վաղեմության քաղաքական կարգախոսներով եւ թղթե շերեփը փոխարինած ընդամենը երկաթե շերեփով` աշխարհի քաղաքական թատերաբեմ դուրս գալ եւ ակնկալել հաջողություններ` ուղղակի խայտառակություն է ոչ այնքան տվյալ գործիչների, որքան նրանց ծնած ժողովրդի համար: Այո՛, ոչ ոք չի կարող ժխտել պատմական ճշմարտությունը, որ ուժն է ծնում իրավունք: Ուղղակի այս կարգախոսը ոչ միայն արդիական է իր նախնական իմաստով, այլեւ ուժը բնութագրող շատ ավելի չափանիշեր են ձեւավորվել մերօրյա աշխարհում: Անտեսել այս իրողությունը՝ նշանակում է վավերացնել սեփական պարտությունը:

Ինչպես նշվեց, ժողովուրդների միջեւ մղվող գոյության պայքարում առավել կենսունակ են եւ հաղթում են այն ազգերը, որոնք ճիշտ են հասկացել համաշխարհային գործընթացների զարգացման օբյեկտիվ էությունը եւ դարձել են եթե ոչ դրոշակակիրը, ապա գոնե դրոշակակրի ուղեկիցներն այդ գործընթացներում: Այն ժողովուրդները, որոնք պարտադրված են հետեւում այդ գործընթացներին, ոչ միայն հաղթող չեն լինում, այլեւ պարտվելով՝ աննկատ հեռանում են պատմական ասպարեզից: Այսօր, ինչպես եւ 20-րդ դարասկզբին, այս տարածաշրջանում ե՛ւ հայերին, վրացիներին, ադրբեջանցիներին, ե՛ւ թուրքերին տրված են հավասար պայմաններ հաղթանակի համար: 1920թ.-ին ադրբեջանցիները տիրեցին Ղարաբաղին եւ Նախիջեւանին ոչ թե զենքի ու զորքի ուժով (բոլորս էլ գիտենք, որ 1920թ. հայկական զորքը գոնե նրանցից ուժեղ էր), այլ, որ կարողացան ճիշտ հասկանալ ու գնահատել համաշխարհային բոլշեւիկյան նոր բեւեռի ձգտումներն ու ցանկությունները: Նույնը կարելի է ասել բոլշեւիկացած քեմալական Թուրքիայի մասին, որը կարողացավ միջազգային քաղաքական պատմության մեջ եզակի, բացառիկ հաղթանակ արձանագրել: Պարտության մատնված երկիրը կարողացավ տարածքներ նվաճել իրեն հաղթող երկրների դաշնակցից: Եվ սա մարդկային պատմության առեղծվածներից մեկն է, որը խոսում է ոչ այնքան Թուրքիայի օգտին, որքան ի վնաս Հայաստանի: Բոլշեւիկների դաշնակից լինելը Քեմալին չխանգարեց ընդամենը 3-4 տարի հետո դառնալ թշնամի Արեւմուտքի ֆորպոստը նույն դաշնակից բոլշեւիկների դեմ: 1-ին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի ղեկավարը, վերլուծելով պարտության պատճառները, դրանց մեջ գլխավորը համարեց առանց գաղափարախոսության, սոսկ գաղութատիրական պատերազմ մղելը, երբ նույն ժամանակ Անգլիան, կռվելով նույնպես գաղութատիրության համար, հաղթեց պատերազմում, որովհետեւ բոլորին, նախեւառաջ անգլիական զինվորին, համոզել էր, որ կռվում է ճնշված ազգերի ազատության եւ ինքնորոշման համար: Պարզունակ ուղեղներին կթվա, թե ես գրում եմ քաղաքական ընդունված խորամանկությունների եւ խաբեբայությունների մասին, բայց դա այդպես չէ: Կովկասը բոլոր ժամանակներում եղել է նույն աշխարհագրական դիրքում եւ պահպանել է նույն կարեւորությունը: Համաշխարհային տիրապետող ուժերը միշտ ցանկացել են Կովկասը տեսնել եւ ունենալ միասնական, երբ դա հաջողվել է: Վկա՝ ե՛ւ Արեւմուտքի կողմից ստեղծված Անդրկովկասյան սեյմը, ե՛ւ բոլշեւիկների կողմից ստեղծված Անդրֆեդերացիան: Վերլուծելով պատմությունը եւ նայելով այսօրվա համաշխարհային քաղաքական գործընթացներին՝ պետք է մտածել՝ չարժե՞ արդյոք Կովկասի միասնական տուն կառուցելու համար այստեղ եկողներին գոնե մի անգամ մե՛նք առաջնորդենք` նրանց դրոշը բարձր պահած, իհարկե, նրանց հեռանալու ժամանակ նաեւ առաջինը ճանապարհելու պայմանով, քան թե առաջնությունը հերթական անգամ զիջելով մեր հարեւաններին` պարտադրված քայլենք վերջից՝ մեր սեւ բախտը անիծելով:



ՄՍԽՎՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԻ ԳԻՆԸ


Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ հզոր պետությունները բոլոր ժամանակներում ձգտել են յուրաքանչյուրն իր պատկերացումների համաձայն (բայցեւ՝ միայն իր իշխանության ներքո) աշխարհի ժողովուրդների համար ձեւավորել անվտանգության համակարգեր՝ դրանով ապահովելով մարդկության խաղաղությունն ու առաջընթացը: Այս խնդիրը լուծելու համար նրանցից յուրաքանչյուրն իր շուրջն է համախմբել բավարար թվով դաշնակիցների, որպեսզի հարկ եղած դեպքում զենքի ուժով հնազանդեցնի իր կողմից առաջարկվող աշխարհակարգը չընդունող երկրներին:

Չարժե անդրադառնալ Հին աշխարհից հայտնի Ասորեստանի, Պարսկաստանի եւ Հռոմի հակամարտությունների պատմությանը: Նշենք միայն, որ մարդկության տարեգրությունը լցված է գաղափարախոսությունների եւ քաղաքակրթությունների միջեւ մղված արյունահեղ պայքարով: Բոլոր ժամանակներում հակամարտող երկու եւ ավելի անվտանգության համակարգերի բախումը ծանր աղետների է հասցրել աշխարհի ժողովուրդներին: Անհրաժեշտ է անդրադառնալ Երկրորդ համաշխարհայինից հետո աշխարհում տեղի ունեցած այն դեպքերին, որոնց հետեւանքները գիտակցել-չգիտակցելը ճակատագրական նշանակություն ունի հայ ժողովրդի ու պետության ներկայի եւ վաղվա օրվա համար:

1945թ.-ից աշխարհում ստեղծվեց հակամարտող երկու անվտանգության համակարգ: Գիտակցելով, որ ռազմական բախումը կոչնչացնի մարդկային կյանքն ամբողջ մոլորակում, ընտրվեցին հոգեբանական, գաղափարախոսական, տեղեկատվական եւ այլ տիպի պատերազմները, որոնց առաջացրած լարվածությունը երբեմն պարպվում էր ռազմական լոկալ կոնֆլիկտներով (Վիետնամ, Աֆղանստան եւ այլն): Համակարգերի այսպիսի հակամարտությունը ստացավ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ անունը: Սակայն ցանկացած պատերազմ ունենում է ավարտ՝ իր հաղթող եւ պարտվող կողմերով: 

Անվտանգության ռուսական համակարգը 1990-91թթ. պարտություն կրեց Սառը պատերազմում, եւ, բնականաբար, հաղթող կողմը պատերազմի օրենքով պետք է ոչ միայն ռազմատուգանք (կոնտրիբուցիա) վերցներ պայքարում վատնած ռեսուրսների դիմաց, այլեւ տարածքային սահմանափակումների միջոցով կանխեր ապագայում ծավալապաշտական քաղաքականության դրսեւորման ցանկացած հնարավորություն: Երկրորդ աշխարհամարտից հետո այդպես վարվեցին Գերմանիայի հետ՝ կիսելուց բացի, նրանից անջատելով Դանցիգը, ռազմատենչ Քյոնիգսբերգը եւ այլն: Ահա այս պայմաններում, երբ ԱՄՆ-ն աշխարհի բոլոր տարածաշրջաններում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում, անխուսափելիորեն առաջադրում է իր կողմից նախանշած անվտանգության համակարգը, տարօրինակորեն զարմանալի է Հայաստանի քաղաքական էլիտայի վարանոտ պահվածքը՝ ընդգրկվե՞լ հաղթանակած համակարգի մեջ, թե՞ լինել Ռուսաստանի հետ: Ռուսամետ հայ քաղաքական գործիչները ԱՄՆ-ի գլխավորած անվտանգության համակարգին հակադրում են ոչ թե «Ռուսական անվտանգության համակարգ», թեկուզեւ պարտված, այլ ընդամենը Ռուսաստան պետություն՝ վկայակոչելով Ռուսաստանի տարածքային մեծությունը, բնական պաշարները եւ այլն: 

Երբ Ռուսաստանը խոսում է Հայաստանի եւ Իրանի հետ առանցք կազմելու մասին, հասկանալի է. երբեմնի հզոր համակարգի պարտված լիդերը փորձում է փրկել իր նախկին վեհությունը, որպեսզի հաղթանակած համակարգի մեջ հնարավորինս բարձր կարգավիճակով ներկայանա: Իսկ թե ինչի են ձգտում Հայաստանի ղեկավարները, պարզ չէ: 

Անվտանգության համաշխարհային համակարգ ձեւավորելու համար անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ մարդկային, տարածքային, ռազմական եւ այլ տիպի հզոր ներուժ ունենալը. դրանից ավելի կա մի բան, որը 1990-ականների սկզբից ի վեր Ռուսաստանը չունի. դա հզոր գաղափարախոսությամբ կենսունակ մշակույթն է, այլ խոսքով՝ քաղաքակրթությունը: Ունենալ բարձր քաղաքակրթություն, նշանակում է ունենալ առաքելություն Երկրագնդի ու մարդկության ճակատագրի համար, ինչպես նշում են ամերիկյան նշանավոր գործիչները. «...Ամերիկյան օրենքը, ամերիկյան կարգն ու կանոնը, ամերիկյան քաղաքակրթությունը եւ ամերիկյան դրոշն ամուր կհաստատվեն այն ափերում, որոնք դեռեւս խորասուզված են պատերազմների եւ տգիտության խավարի մեջ, սակայն աստվածային նախախնամության ձեռքով կդառնան գեղեցիկ եւ լուսավոր»: «Մեր ազդեցության ամբողջ ուժով ներգործել աշխարհի վրա՝ հանուն այն նպատակներին հասնելու, որոնք մենք գտնում ենք արժանավոր, եւ այնպիսի մեթոդներով, որոնք մեզ հարմար կթվան»: «Ցանկանում ենք դա թե ոչ, մենք պարտավոր ենք խոստովանել, որ մեր տարած հաղթանակն ամերիկյան ժողովրդի վրա դրել է աշխարհի հետագա ղեկավարման պատասխանատվության բեռը»: Սրանք նախագահ Տրումենի եւ ամերիկյան այլ գործիչների՝ տարբեր ժամանակներում ասած խոսքերն են՝ ամերիկյան դերի մասին: Այսպես է խոսում Ամերիկան աշխարհի հետ՝ ձեռքին ունենալով թեկուզեւ սպառողական, բայց բարձր եւ հզոր քաղաքակրթության դրոշը: Ի՞նչ այլընտրանք են առաջարկում ռուսամետ հայ ղեկավարները. Ռուսաստա՞ն, դա համարժեք չէ նույնիսկ քննարկելու համար: Որտեղի՞ց է, ուրեմն, ճակատագրական սխալը: 

Նորից վերլուծենք 1918-20թթ. դեպքերը: Հայ ժողովուրդն Առաջին համաշխարհայինում լինելով Ռուսաստանի դաշնակիցը՝ հայտնվեց ապագա հաղթողների բլոկում: Նույնիսկ Անտանտից Ռուսաստանի դուրս գալուց հետո Հայաստանը մնաց հաղթողների բլոկում: Բայց դարձյալ պարտված ու կորցրած դուրս եկավ: Ի՞նչն էր սրա պատճառը՝ հայի բա՞խտը, աշխարհագրական դի՞րքը, խորամանկ Եվրոպա՞ն: Ո՛չ: Պատճառը նորից նույնն էր. հայերը նախընտրում էին փորձված թանը: Եվրոպա՞ն. դա հայերին հայտնի էր վաղուց՝ «հզոր մարդկային եւ նյութական ներուժ ունի», իսկ բոլշեւիկյան Ռուսաստա՞նը՝ «անցողիկ երեւույթ»: Ամեն ինչ նյութի քանակով չափող ժողովուրդը չկարողացավ ըմբռնել, որ նոր Ռուսաստանը հանդես էր գալիս խորքում թեկուզ կեղծ, բայց առերեւույթ հզոր հումանիստական գաղափարախոսությամբ՝ մարդկությանը բերելով, այսպես կոչված, սոցիալիստական քաղաքակրթության դրոշը: 

Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ ժամանակ Եվրոպան: «...Հին Եվրոպան, որ սովոր էր իրեն համարել աշխարհի կենտրոնը, նեխեց եւ պայթեց Առաջին իմպերիալիստական սպանդում, որպես մի գարշահոտ պալար»,- այսպես էր գրում Եվրոպայի մասին Օսվալդ Շպենգլերն իր «Եվրոպայի մայրամուտը» գրքում: Եվրոպական ֆաշիզմի ծնունդը մեկ անգամ եւս ապացուցեց Շպենգլերի գնահատականը՝ տրված հին Եվրոպային: Ցավոք, մեր ծեր ժողովուրդն ի վիճակի չեղավ հասկանալու դա: Երբ այսօր լսում եմ, թե ինչ եռանդով են հայ քաղաքական գործիչները, թեկուզ եւ մեծ, բայց ընդամենը մեկ պետություն հակադրում մի ողջ քաղաքակրթությանը, հասկանում եմ, թե ինչու էր արաբական արշավանքների ժամանակ հայ ժողովուրդը համառորեն կառչած Բյուզանդիայից՝ արաբներին համարելով քոչվոր եւ անցողիկ: Այստեղ քրիստոնեությունն ու իսլամը քիչ դեր ունեն: Ուղղակի այն ժամանակվա հայկական էլիտան նույնպես չէր գիտակցում, որ պատմությունից հեռանում է մի մեծ, բայց մեռած մշակույթ, եւ պատմություն է ներխուժում երիտասարդը: Երբ վերլուծում ենք հայ ժողովրդի պատմությունը, տեսնում ենք հավերժական պայքար ոչ թե հանուն իր կենսական շահերի, այլ պայքար այս կամ այն ժողովրդի կողմից ստեղծված մշակույթի, քաղաքակրթության դեմ: Իսկ նման դեպքերում պարտությունը միշտ անխուսափելի է: Այն ժողովուրդները, որոնք չհաշտվելով այս կամ այն քաղաքակրթության հետ` փորձում են իրենց դուրս դնել դրանցից, իրենք իրենց դատապարտում են չգոյության, եթե նույնիսկ չեն հեռանում պատմության ասպարեզից: Այս մտայնությունն է նաեւ, որ այսօր Հայաստանի իշխանություններին թույլ չի տալիս ճիշտ կողմնորոշվել: 

1988թ. հայ ժողովուրդը կամա թե ակամա դարձավ Արեւմուտքի զինակիցը` ընդդեմ Ռուսական կայսրության: Եվ երբ այդ պայքարը ավարտվեց Արեւմուտքի, այդ թվում եւ՝ հայ ժողովրդի հաղթանակով, տեղի ունեցավ այն, ինչ մեզ հայտնի է պատմությունից: Հայաստանը, որպես հաղթողների կրտսեր դաշնակից, իր ռազմավարին տեր կանգնելու փոխարեն կանգնում է նաեւ ի՛ր մասնակցությամբ պարտված Ռուսաստանի կողքին՝ մի անգամ եւս ակամա դավաճանելով իր հաղթանակած դաշնակիցներին, դրանով իսկ արժեզրկելով իր կրած զոհերն ու զրկանքներն այդ մեծ պայքարում: «Ճակատագիրը հերթական անգամ բարեհաճ գտնվեց հայ ժողովրդի նկատմամբ, բայց հայ ժողովուրդը արժանի չեղավ իր ճակատագրին»,- այսպես կարձանագրի պատմությունը: 

Ոչ ոք չփորձեց հասկանալ, թե ինչպես եղավ, որ Հայաստանը հզորության բոլոր չափանիշերով զիջելով իր հարեւաններին՝ ոչ միայն իր տարածքային ամբողջականությունն ու երկրի կայունությունը պահպանեց, այլեւ կարողացավ ազդեցություն ձեռք բերել Վրաստանի վրա եւ 20% ռազմակալել Ադրբեջանի տարածքներից: Սա 1988 թվականից Արեւմուտքի դաշնակիցը լինելու գինն էր: Բայց սա ոչ միայն անցյալ պայքարի գինն էր, այլեւ կանխավճարն էր ապագա գործընթացների, որ տեղի էին ունենալու Հարավային Կովկասում: Եթե մենք չձգտենք ակտիվ լինել Արեւմուտքի կողմից ձեւավորվելիք Հարավային Կովկասի անվտանգության համակարգում, ապա այդ համակարգի ձեւավորումից հետո արդյունքների վերաբաշխում տեղի կունենա՝ հօգուտ ակտիվ նախաձեռնություն հանդես բերած հանրապետության: Եթե որեւէ մեկը փորձի ապացուցել, թե մեր հաղթանակներն ապահովել է այդ պարտված Ռուսաստանը, ապա նրան պետք է կրկին հիշեցնել պատմությունը: 1920 թվին, երբ Խորհրդային Ռուսաստանը փորձում էր ընդդիմացող Հայաստանն ընդգրկել իր կողմից ձեւավորվող Կովկասյան համակարգում, Նախիջեւանն ինքը չգրավեց Ադրբեջանի համար, այլ հանձնարարեց պարտված Թուրքիային: Քաղաքականության մեջ դա եւս ընդունված է. կրակից շագանակներ հանել ուրիշի ձեռքերով: Եվ վերջապես. եթե Արեւմուտքը չցանկանար իր դաշնակցի հաղթանակը, ֆինանսական օգնություններով չէր ապահովի պատերազմող ու շրջափակված Հայաստանին, չէ՞ որ Սերբիայի հետ այլ կերպ վարվեց: Եթե Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հազարավոր զինվորների արյան ու քաղաքացիների զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակները կորցնել եւ պատմության առաջ ձեռնունայն կանգնել` որպես հերթական ապաշնորհներ, ապա քանի դեռ ուշ չէ, պետք է Հարավային Կովկասի անվտանգության համակարգը ձեւավորելիս լինեն մեր արեւմտյան դաշնակիցների կողքին: Եթե մեր այսօրվա սխալների համար նույնիսկ Վազգեն Սարգսյանի եւ մյուսների մայրերն ու քույրերը ներեն, ապա սերունդներն ու պատմությունը հաստատ չեն ներելու:


ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ


Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայաստանը, գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, իր գոյության ողջ ընթացքում պարբերաբար, սկսած հին Հռոմից եւ Պարսկաստանից, ստիպված է ընտրություն կատարել երկու հակամարտող քաղաքակրթությունների, անվտանգության համակարգերի միջեւ: 

Պատմությունն ապացուցել է, որ այս երկընտրանքի միջեւ Հայաստանի սխալ ընտրությունը բացառապես մի վերջաբան ունի՝ հայկական պետականության կործանում: Այսօր, երբ աշխարհում տեղի են ունենում մեծ վերափոխումներ, քանդվում են հին համակարգերը եւ ժողովուրդներին առաջադրվում է նոր աշխարհակարգ, Հայաստանը նորից կանգնած է ընտրության առաջ: Մարդկային պատմությունը ցույց է տալիս, որ երբեք որեւէ համակարգ չի ստեղծվում հանուն ժողովուրդների փրկության, այլ՝ հանուն պետությունների օրվա շահերի: Իսկ այն ժողովուրդը, որն այս կամ այն համակարգն ընտրում է ոչ թե իր օրվա շահերի, այլ հանուն իր փրկության՝ չարաչար սխալվում է եւ պատժվում պետականության կորստով: Հերթական սխալը չկրկնելու համար նորից վերլուծենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մինչեւ Սառը պատերազմի ավարտն ընկած ժամանակահատվածը, եւ փորձենք հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է աշխարհը զարգանում: 

1946 թ. Ֆուլտոնում Չերչիլի արտասանած ճառը Սառը պատերազմի սկիզբը հանդիսացավ: 1949 թվին ԱՄՆ-ի գլխավորությամբ եւ արեւմտաեվրոպական երկրների մասնակցությամբ Վաշինգտոնում ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ): 1955-ին Վարշավայում ԽՍՀՄ-ի եւ մյուս սոցիալիստական երկրների միջեւ կնքվեց ռազմական փոխօգնության պայմանագիր, որը կոչվեց Վարշավայի պայմանագրի կազմակերպություն: 1982 թ. ԳԴՀ-ում եւ Չեխոսլովակիայում ԽՍՀՄ-ը սկսեց մեծ հեռահարության հրթիռների տեղաբաշխումը, միաժամանակ նաեւ մեծացրեց ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող միջուկային հրթիռներ կրող իր սուզանավերի քանակը: 1983-ի սկզբին Ռեյգանի վարչակարգը հռչակեց «Ստրատեգիական պաշտպանական նախաձեռնություն» դոկտրինան եւ Իտալիայում, ԳՖՀ-ում ու Մեծ Բրիտանիայում տեղակայեց միջին հեռահարության հրթիռներ: Փաստորեն, 80-ականների սկզբներին ստեղծվել էր մոտավոր հավասարակշռություն երկու հակամարտ ռազմաքաղաքական բլոկների՝ ՆԱՏՕ-ի եւ Վարշավյան ուխտի միջեւ:

1985-ին ԽՍՀՄ-ում, Գորբաչովի իշխանության գալուց հետո, ՍՄԿԿ 27-րդ համագումարում առաջ քաշվեց մի նոր նախաձեռնություն, որը հանգում էր «Միջազգային անվտանգության համապարփակ սիստեմի» ստեղծման գաղափարին: Այս գաղափարի ռազմական, քաղաքական եւ տնտեսական հիմնադրույթների իրականացումը ոչ միայն քայքայեց Սոցիալիստական ճամբարը, այլեւ կազմալուծելով Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը՝ վճռեց Սառը պատերազմի ելքը՝ հօգուտ ՆԱՏՕ-ի երկրների: Կազմալուծված դաշինքի նախկին լիդեր Ռուսաստանը, պարտության հետեւանքով, հանձին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ին զիջեց ոչ միայն Տիեզերքը վերահսկելու մենաշնորհը, այլեւ պարտավորվեց սեփական զորքերի դուրսբերումն իր ազդեցության տարածքներից եւ դրանց վերահսկողության հանձնումը ՆԱՏՕ-ական զինվորական ղեկավարությանը:

Ինչպես գիտեք, Եվրոպայի միացյալ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին ենթակա են եվրոպական ռազմական գործողությունների կենտրոնական, հյուսիսային եւ հարավային թատերաբեմերի հրամանատարությունները: Հարավեվրոպական ռազմական գործողությունների թատերաբեմում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի պատասխանատվության գոտին ընդգրկում է Միջերկրածովյան եւ Սեւ ծովի հարավային մասի ջրատարածությունները, Հունաստանի, Իտալիայի եւ Թուրքիայի տարածքները: Նրանք ներառում են Թուրքիայի ցամաքային զորքերի 22 դիվիզիա, Հունաստանի՝ 13, Իտալիայի՝ 8, նշված երկրների տակտիկական ռազմաօդային, Իտալիայի ռազմածովային ուժերը եւ ԱՄՆ-ի 6-րդ ռազմածովային նավատորմը: Թուրքիայի եւ Հունաստանի ռազմածովային ուժերն այդ տարածաշրջանում պետք է աջակցեն ՆԱՏՕ-ի ծրագրերի իրականացմանը: 1952 թ. փետրվարին, երբ Թուրքիան անդամագրվեց ՆԱՏՕ-ին, նրա հետ միաժամանակ անդամագրվեց նաեւ Հունաստանը՝ իր հակառակորդ երկրի հետ ռազմական հավասարակշռություն ապահովելու այլ միջոց չգտնելով, քան միեւնույն ռազմական դաշինքում լինելը: Մինչեւ Սառը պատերազմի ավարտը` ամերիկյան զորքերի թիվը Թուրքիայում կազմում էր 5 հազար 400, իսկ Հունաստանում՝ 3 հազար 700 մարդ: Այսօր, երբ Ռուսաստանի հարավային զորախմբի ռազմակայանը Թբիլիսիից տեղափոխվել է Ռոստով, իսկ պաշտպանական գիծը Արաքս գետի փոխարեն անցնում է Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերով, Հարավային Կովկասում մնացած նրա զորքերի չնչին մասը հիշեցնում է 1918 թ. Բրեստ-Լիտովսկի հաշտությունից հետո Կովկասում ոչ մի առաքելություն չունեցող եւ այնտեղից հեռացող ռուսական զինվորներին: Փաստորեն, ռուսական զորքերի հեռացումը Հարավային Կովկասից նշանակում է այս տարածաշրջանի միացումը ՆԱՏՕ-ի հարավ-եվրոպական միացյալ զինված ուժերի պատասխանատվության գոտուն:

Ստեղծված պայմաններում Հայաստանի ռազմական դաշինքը Կովկասից հեռացող Ռուսաստանի հետ՝ լուրջ երաշխիքներ չի ապահովում երկրի անվտանգության համար, ուստի ցանկալի է, որ Հայաստանի իշխանությունները, տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահելու համար, ձգտեն ինտեգրվել հենց ՆԱՏՕ-ի կառույցներին եւ ռուսական բազաներին զուգահեռ՝ ՆԱՏՕ-ական մի փոքր գումարտակ հրավիրեն Հայաստանի` Թուրքիային սահմանամերձ տարածք: Վերլուծելով ՆԱՏՕ-ի զարգացման ու ծավալման հեռանկարները, կարելի է կանխատեսել, որ հարավեվրոպական միացյալ զինված ուժերի պատասխանատվության գոտուն կմիանան նաեւ Բալկանյան հանրապետությունների տարածքները: Կարծում եմ, ակտիվ ինտեգրացիոն աշխատանքներ տանելով ՆԱՏՕ-ի կառույցներում՝ հնարավոր է նշված հանրապետությունների եւ Հունաստանի հետ համատեղ լուրջ հակակշիռ ստեղծել հենց ՆԱՏՕ-ի ներսում՝ ընդդեմ Թուրքիայի ռազմական հզորության, դրանով իսկ հասնելով երաշխավորված խաղաղության` մեր բոլոր հարեւանների հետ:


ԻՐԱՆ. ԿՐԿԻ՞Ն «ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ»


ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված նոր աշխարհակարգի ստեղծումը հսկայական վերաձեւումների է ենթարկում երկրագնդի քաղաքական քարտեզը, որի մեջ իր տեղն ունի Մեծ-մերձավորարեւելյան տարածաշրջանը: Այսօր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգում է Միջին Արեւելքի առանցքային երկրներից մեկի` Իրանի Իսլամական Հանրապետության հասարակարգի փոփոխությունը: Եվ քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար ոչ միայն տարածաշրջանային հարեւան է, այլեւ համարվում է բնական դաշնակից, ուստի կարեւոր է դառնում վերլուծել Իրանի շուրջ ընթացող միջազգային զարգացումները եւ փորձել այդ գործընթացներում Հայաստանի համար ձեւավորել շահեկան դիրքորոշում:

Որպեսզի պատկերացում կազմենք իրանական պետությանը սպասվող հեռանկարների մասին, նախ պետք է վերլուծել այդ պետության վերջին` 100-ամյա քաղաքական պատմությունը: Ցավոք, Հայաստանի մամուլում Իրանին վերաբերող ոչ մի լուրջ վերլուծություն չի արվում: Լավագույնը, ինչ գրվում է այդ երկրի մասին, ՍՍՀՄ դպրոցներում դասավանդված պատմական աշխարհագրությունն է: Իսկ, այսպես կոչված, իրանագետների հոդվածները վերաբերում են հիմնականում Ատրպատական երկրամասի անվան ու ծագման, այդ երկրամասում ապրող թուրք-իրանական ժողովրդի եւ հայ-իրանական հարաբերությունների պարզաբանմանը, որն ընդհանուր ոչինչ չունի քաղաքական պատմություն կոչվածի հետ: 

Վերլուծելով Իրանի քաղաքական պատմությունը` տեսնում ենք, որ 1907թ. Ռուսաստանը եւ Անգլիան պայմանագիր են կնքում` միմյանց միջեւ բաժանելով այդ երկրի նկատմամբ ունեցած քաղաքական ազդեցությունը: Ռուսաստանի քաղաքական ազդեցության տակ է ընկնում եւ շահերի ոլորտ համարվում 110 հազար քառ. կմ տարածք ունեցող Ատրպատական նահանգը, իսկ Անգլիայի շահերի ոլորտ է համարվում իրանական պետության հարավային ողջ տարածքը: 1930-ական թթ. վերջին Իրանի Ռեզա Փեհլեւի շահը, Գերմանիայի հետ մերձենալով, փորձում է դուրս բերել երկիրը ռուս-անգլիական ազդեցության գոտուց, որի արդյունքում սովետական զորքերը 1941թ. օկուպացնում են հյուսիսային Իրանը` Ատրպատականը, իսկ անգլիական զորքերը` Իրանի հարավային տարածքները: Իրանի շահը ստիպված է լինում հրաժարվել գահից` հօգուտ իր որդու: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո սովետա-անգլիական օկուպացիոն զորքերը դուրս են բերվում Իրանից` այդ երկրի ազդեցության համար պայքարը շարունակելով միջազգային ընդունված նոր խաղի կանոններով:

Փաստորեն, Իրանի նկատմամբ ազդեցության համար սովետա-անգլիական առերեւույթ հակամարտությունն իր խորքում ստանում է բազմաշերտ եւ բազմաբեւեռ բնույթ: Անգլիան այդ պայքարում հերթական անգամ միայնակ է թողնվում իր դաշնակցի` ԱՄՆ-ի կողմից: ԱՄՆ-ը շարունակում է դեռ պատերազմի սկզբին պրեզիդենտ Ռուզվելտի կողմից առաջ քաշված դոկտրինը իրականացնել, որն ասում էր, թե ամերիկյան զինվորը չպետք է կռվի ՍՍՀՄ-ի դեմ Բալկաններում եւ այլուր` Բրիտանական կայսրության ազդեցությունը վերականգնելու համար: Ավելի լավ է ՍՍՀՄ-ը դուրս մղի Անգլիային նախկինում ունեցած իր ազդեցության բոլոր գոտիներից: Ենթադրվում էր, որ ՍՍՀՄ-ի միջոցով Անգլիային բոլոր տարածքներից դուրս մղելուց հետո Միացյալ Նահանգներն ինքը կներգրավվի ՍՍՀՄ-ի դեմ պայքարում` հաստատելով իր ազդեցությունը այդ նույն տարածքներում, բայց արդեն առանց Անգլիայի մասնակցության: Ահա այս պայմաններում Իրանում իշխանության է գալիս ազգային հայացքներ ունեցող Մոսադիկի կառավարությունը: Վարչապետ Մոսադիկը սկսում է ազգայնացնել անգլո-իրանական նավթային ընկերությունները: Ըստ էության, Անգլիան 1951 թվից դուրս է մղվում Իրանից: Անգլիայի պարտությունից հետո ԱՄՆ-ը կարողանում է տապալել Մոսադիկի կառավարությունը եւ իր քաղաքական ազդեցությունը հաստատել այդ երկրում:

1953թ. սկսած` Իրանը դառնում է Միջին եւ Մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենակայուն եւ վերահսկելի դաշնակիցներից մեկը: Իրանի Մուհամեդ Ռեզա Փեհլեւի շահը կարողանում է ԱՄՆ-ի օգնությամբ զարգացնել երկիրը, բանակը հանդերձավորել նորագույն տեխնիկայով, եվրոպական արժեքներ ներդնել հասարակության մեջ: Իրանը թռիչքաձեւ զարգացում է ապրում: Այդ տարիները կոչվում են սպիտակ հեղափոխության տարիներ: Այդ ձեռքբերումներից ոգեւորված Իրանի Մուհամեդ Ռեզա շահը հռչակում է նոր նպատակը` դառնալ աշխարհի 5-րդ տերությունը: Գրում է իր հերթական գիրքը` անվանելով այն «Դեպի մեծ քաղաքակրթություն»:

1970-ականներին, ոգեւորված երկրի ձեռքբերումներից, Իրանի Ռեզա շահը փորձում է արտաքին քաղաքականության մեջ ավելի անկախ հանդես գալ եւ զարգացնել Ատրպատական նահանգը, որը հետամնաց էր եւ ավանդաբար համարվում էր ռուսական ազդեցության գոտի: Այդ խնդիրը լուծելու համար շահը սկսում է մերձեցման քաղաքականություն վարել ՍՍՀՄ-ի հետ: Կնքվում են երկկողմանի պայմանագրեր, որոնք նախատեսում են Ատրպատականի տնտեսական զարգացումը: ՍՍՀՄ-ի օգնությամբ նահանգում կառուցվում է առաջին մետալուրգիական գործարանը: ՍՍՀՄ-ի դիրքերի որոշակի ամրապնդումը Իրանում նախադրյալներ է ստեղծում սկսել պրոսովետական իշխանության ձեւավորման գործընթացն այդ երկրում: Շահի կողմից վարվող նման արտաքին քաղաքականությունն ավելի է սրում սովետա-ամերիկյան հակամարտությունը` Իրանում նոր իշխանություն ձեւավորելու շուրջ: Անսպասելիորեն ԱՄՆ-ը միջոցներ է ձեռք առնում ոչ թե իր վաղեմի դաշնակից շահի վարչակարգը պաշտպանելու, ինչպես ենթադրվում էր, այլ ընդհակառակը, շահին տապալելով` իշխանության բերելու արեւմտամետ լիբերալ գործիչների: Փաստորեն, իշխանության համար պայքարի առաջին փուլում շահին իշխանությունից հեռացնելու հարցում երկու հակամարտ կողմերը` ՍՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը, գործում են նույն ուղղությամբ: Այդ ժամանակ է Իրանի շահը ԱՄՆ դեսպան Սալիվենին հարցնում, թե արդյո՞ք ԱՄՆ-ը ՍՍՀՄ-ի հետ արդեն համաձայնեցրել է Իրանի նկատմամբ ազդեցության վերաբաժանման հարցը, այսինքն` իրեն իշխանությունից հեռացնելը:

Շահի` Իրանից փախչելուց եւ շահական վարչակարգը տապալվելուց առաջ ԱՄՆ-ին հաջողվում է երկրի վարչապետ նշանակել տալ աջ լիբերալ գործիչ Բախտիյարին:

Բախտիյարը, լինելով ընդդիմությունից իշխանության եկած վարչապետ, փորձում է ընդդիմության հեղափոխական շարժումը մարել, բայց դա նրան չի հաջողվում, քանի որ ժողովրդական դժգոհությունների հարվածային ուժը Իրանում կազմում էին ոչ թե լիբերալները, այլ հակաամերիկյան, ազգայնական «Մոջահեդին խալղ» կազմակերպության եւ պրոսովետական «Թուդե» ժողովրդական կուսակցության հարվածային կառույցները: Դա նշանակում էր, որ ԿԳԲ-ն շարունակում է հեղափոխությունն Իրանում:

Ստեղծված անկառավարելի իրավիճակում երկու գերտերությունները, մտահոգված Իրանի ներքին կայունությամբ եւ տարածքային ամբողջականության պահպանմամբ, հանգում են մի միջանկյալ լուծման: Երկրի իշխանության ձեւավորումը թողնվում է Ֆրանսիայի տնօրինմանը:

Ընդհանրապես Սառը պատերազմի տարիներին աշխարհի շատ տարածքներում, երբ վերահսկողություն սահմանելու սովետա-ամերիկյան հակամարտությունը լուծում չէր գտնում, Ֆրանսիային վերապահվում էր մի դեր, որ վիճարկելի տարածքներում կատարում էր արբիտրի ֆունկցիա` ժամանակավոր իշխանություն ձեւավորելով իրեն ժամանակավորապես հանձնված տարածքներում: Այս ավանդույթը դեռ որոշ չափով պահպանվում է, բայց գնալով Ֆրանսիայի դերը նվազում է: Ինչեւէ: Իրանում իշխանության ձեւավորումը թողնելով ֆրանսիական կողմին` երկու հակամարտ ուժերը ձգտում էին ժամանակ շահել, որպեսզի ավելի բարենպաստ պայմաններում կազմակերպեն վերջնական գրոհը իշխանության լիարժեք տիրապետման համար: Այստեղից էլ առաջացել էր Իմամ Խոմեյնիի կարգախոսը` «Ո՛չ Արեւելք, ո՛չ Արեւմուտք, այլ Իսլամ»: Սառը պատերազմի ավարտից հետո, երբ ՍՍՀՄ-ը պարտվելով քայքայվեց, այլեւս եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը Ֆրանսիայից ետ վերցնի Իրանում իշխանության ձեւավորման ֆունկցիան` այդ երկրում հաստատելով լիբերալ-դեմոկրատական հասարակարգ: Դժբախտաբար թե բարեբախտաբար, այդ գործընթացն անխուսափելի է:


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄԵԾ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻ ԱՌԱՋ

կամ Հարավային Կովկասի Դաշնության ճանապարհին


ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացվող «Միջազգային անվտանգության համապարփակ համակարգի» ստեղծմանն ուղղված քաղաքականությունը համառորեն իր ազդեցության տակ է առնում աշխարհի շատ տարածաշրջաններ, որոնց թվում եւ Հարավային Կովկասը:

Ստեղծված նոր իրողությունները ստիպում են պետություններին վերանայել իրենց ավանդական քաղաքական ուղեգծերը եւ գտնել այնպիսի լուծումներ, որոնք առավելագույնս պաշտպանելով սեփական ազգային շահերը՝ հակասության մեջ չեն հայտնվի ժողովուրդների համակեցության միջազգային նոր կանոնների հետ: Պատմությունը վկայում է, որ պարբերաբար, տարբեր դարաշրջաններում հաղթող որեւէ տերության կողմից առաջ քաշված նոր քաղաքակրթական փոփոխությունները միշտ բարդ խնդիրների առաջ են կանգնեցրել մնացած պետություններին եւ ժողովուրդներին, որոնցից յուրաքանչյուրը փորձել է այդ խնդիրները լուծել ըստ իր ընդունակությունների եւ կարողությունների: Այն ժողովուրդներն ու պետությունները, որ չեն ըմբռնել փոփոխությունների էությունն ու ճակատագրական անխուսափելիությունը, դանդաղորեն դուրս են մղվել ասպարեզից եւ զրկվել կազմակերպված ազգ կամ պետություն լինելու իրավունքից: Այդպիսի քաղաքակրթական փոփոխություններից կարելի էր համարել հելլենիզմի տարածումը, որի հետեւանքով շատ ժողովուրդներ եւ պետություններ հեռացան պատմության ասպարեզից: Այդպիսին էր նաեւ քրիստոնեության եւ իսլամի տարածումը: Քաղաքակրթական փոփոխությունների շրջան էին եւ 11-12-րդ դարերը, երբ մի կողմից՝ Վերածննդի, եվրոպական քաղաքակրթության հիմքն էր դրվում, մյուս կողմից՝ քրիստոնեական քաղաքակրթության վախճանի: Սա շատ բարդ, արտաքուստ անհասկանալի եւ խորքում հակասական ժամանակաշրջան էր, քանզի քրիստոնեական քաղաքակրթությունը մեռնում էր ոչ թե ինքն իր մեջ, իր զբաղեցրած տարածքներում, խաղաղ եւ աննկատ, այլ՝ պատերազմի դաշտում՝ սուրը ձեռքին՝ հզոր պայքարում, եւ «Աստված հաճախ իր դեմքը փոխում էր»: Շատ ժողովուրդներ, չըմբռնելով, որ «Աստված հաճախ իր դեմքը փոխում է», մահվան ցավից գալարվելով, անհետացան պատմությունից: Ըստ էության, «Աստված մեռնում էր»՝ իր հետ տանելով իրեն հավատարիմ շատ ժողովուրդների եւ պետությունների: Այդ հետո՛ գիտակցվեց, երբ դարեր անց Եվրոպան Նիցշեի բերանով հայտարարեց՝ «Աստված մեռավ»: Վերլուծելով պատմությունը՝ տեսնում ենք, որ ասպարեզից հեռացած ժողովուրդների եւ պետությունների համար ավելի դժվար էր ոչ թե այս կամ այն քաղաքակրթությանը հարմարվելը, այլ քաղաքակրթական կեղծ ցնցումները իրական քաղաքակրթական հերթափոխումից տարբերելը: Ուրեմն, իմաստավորելով քաղաքակրթական փոփոխությունների նշանակությունը ժողովուրդների կյանքում, հայ ժողովուրդը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել՝ ներկա աշխարհում տեղի ունեցող գործընթացներին իր մասնակցության ձեւը, չափը, տեղը որոշելիս: Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ տեղի է ունեցել ոչ թե մի պետության՝ ԱՄՆ-ի հաղթանակ մեկ այլ պետության՝ ԽՍՀՄ-ի նկատմամբ, այլ արեւմտյան քաղաքակրթությունն է հաղթել եվրոպական քաղաքակրթության սոցիալիստական ենթաճյուղին: Այս հաղթանակից հետո արեւմտյան քաղաքակրթությունն աշխարհին առաջադրում է ժողովուրդների համակեցության իր պայմանները: Ի տարբերություն պարտված պետությունների (որոնք կարող են շտկել իրենց մեջքը, նաեւ՝ հաղթել), պարտված քաղաքակրթությունները հեռանում են անդարձ: Իմիջիայլոց, քանի դեռ արեւմտյան քաղաքակրթությունը չի քայքայվել, եւ չի ստեղծվել բոլորովին նոր քաղաքակրթություն, այս իշխող համակարգի ներսում հնարավոր է առաջնորդի՝ դրոշակակրի փոփոխություն մեկ այլ պետության (Ռուսաստան, Միացյալ Եվրոպա եւ այլն) կողմից, որը, սակայն, չի փոխի այն պահանջներն ու պայմանները, որ այսօր ԱՄՆ-ն առաջադրում է աշխարհին:

Հասկանալով այս իրողությունը եւ դարձյալ վերլուծելով հարավկովկասյան տարածաշրջանի պատմությունը՝ տեսնում ենք, որ ցանկացած քաղաքակրթական համակարգ, ցանկացած իշխող տերություն իր վերահսկողության տակ է առել Հարավային Կովկասի ժողովուրդներին եւ համախմբել մեկ պետական, վարչական, մշակութային կամ որեւէ պայմանական միավորի մեջ: Ժամանակին այդպիսի համախմբում էր Արմինիա կուսակալությունը, որը ստեղծեց Արաբական խալիֆայությունը: Դառնալով գերտերություն եւ ծավալվելով մինչեւ Սեւ եւ Կասպից ծովեր՝ Ռուսաստանը նախ Շահական Պարսկաստանից նվաճեց Հարավային Կովկասի զգալի մասը, ապա պատերազմեց Օսմանյան Թուրքիայի դեմ՝ ձգտելով իր վերահսկողությունը հաստատել ողջ տարածաշրջանում: Նվաճած տարածքներում Ռուսաստանը ստեղծեց մեկ վարչական միավոր՝ Կովկասի փոխարքայություն: 1918-ին ստեղծված Անդրկովկասյան Սեյմը, նաեւ՝ 1922-36 թթ. գոյատեւած խորհրդային Անդրֆեդերացիան գալիս են մեկ անգամ եւս ապացուցելու, որ հաղթող պետությունները Հարավային Կովկասը մշտապես դիտել եւ դիտելու են իբրեւ մեկ միասնական տարածք: Գերտերությունների կողմից մեր տարածաշրջանի նկատմամբ վարվող միասնականացման քաղաքականությունը անխուսափելի գործընթաց է, ուստի Հայաստանը պետք է փորձի ոչ թե դեմ կանգնել այդ օբյեկտիվ ընթացքին՝ ապարդյուն վատնելով իր ուժերը, այլ պետք է հանդես գա Հարավային Կովկասի Դաշնության ստեղծման նախաձեռնությամբ` բնականաբար ձգտելով այդ կառույցը ծառայեցնել հայության հզորացմանը, բարգավաճմանը եւ տարածաշրջանում հայ ժողովրդի երբեմնի առաջատար դերի վերականգնմանը:


«Հայկական ժամանակ», «Արմատ» միջուկ, 17.04.2004թ., # 69 (1091)



ՍԽԱԼ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐՈՒԹՅՈՒՆ

կվերականգնվի՞ արդյոք «Բաղդադի պակտը»


Ետսառըպատերազմյան աշխարհում տեղի ունեցող գործընթացները ստիպում են պետություններին հետեւել եւ, անհրաժեշտության դեպքում, արագ արձագանքել կատարվող փոփոխություններին:

Յուրաքանչյուր ազգի համար պետություն ունենալը նշանակում է միջազգային հարաբերություններում նախաձեռնություն հանդես բերելու ռիսկ եւ պարտավորություն ունենալ: Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ քաղաքական վերնախավը, ցավոք, չի պատկերացնում, թե ինչ են նշանակում պետություն եւ պետական քաղաքականություն: 2003թ. նախագահական ընտրությունների շրջանում Քոչարյանը հայտարարեց, որ Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի ձեռնարկած գործողությունները Հայաստանի համար խնդիրներ չեն ստեղծում. խնդիրներ կստեղծվեն, երբ Միացյալ Նահանգները գործողություններ ձեռնարկի Իրանի նկատմամբ: Նկատենք, որ պետության ղեկավարը ոչ միայն իրավունք ունի դիտորդի դերում հետեւելու միջազգային անցուդարձերին, այլեւ պարտավոր է հանդես գալ սեփական ժողովրդի շահերին ծառայող նախաձեռնություններով:

Վերլուծելով ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականությունը՝ կարելի է վստահ պնդել, որ մոտ ապագայում այս տարածաշրջանում ձեւավորվելու է բացահայտորեն նոր ռազմաքաղաքական իրադրություն, որը մեծապես ազդելու է նաեւ Հայաստանի ճակատագրի վրա: Որպեսզի նոր ձեւավորվող ռազմաքաղաքական իրադրության մեջ Հայաստանն անպատրաստ չհայտնվի, անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները իրականացնեն տարածաշրջանային բազմաբեւեռ եւ բազմաշերտ քաղաքականություն: Փաստորեն, Հայաստանն այսօր երկընտրանքի առջեւ է՝ մնա՞լ ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, թե՞ մղվել դեպի ՆԱՏՕ: Մերձավոր ու Միջին Արեւելքի ոչ հեռավոր պատմությունը եւ այս տարածաշրջանում այսօր տեղի ունեցող զարգացումները հիմք են տալիս կանխատեսելու, որ այստեղ ձեւավորվելու է նոր ռազմաքաղաքական դաշինք կամ, ավելի ճիշտ, վերստեղծվելու է ՍԵՆՏՕ-ն: Հիշեցնենք՝ ՍԵՆՏՕ-ի կազմավորումը սկսվել է 1955թ. Բաղդադում՝ Իրաքի եւ Թուրքիայի միջեւ ռազմական պայմանագրի ստորագրումից («Բաղդադի պակտ»): Նույն տարում դրան միացան Մեծ Բրիտանիան, Պակիստանը եւ Իրանը: Դաշինքը վերջնականորեն կազմավորվեց 1955թ. նոյեմբերի 21-22-ին Բաղդադում՝ հինգ մասնակիցների սահմանադիր նստաշրջանում: 1959թ. հուլիսին Բաղդադի պակտից Իրաքի դուրս գալու կապակցությամբ բլոկը վերանվանվեց Կենտրոնական պայմանագրի կազմակերպություն. կենտրոնակայանը՝ Անկարա: ԱՄՆ-ն, չլինելով ՍԵՆՏՕ-ի անդամ, ակտիվորեն մասնակցում էր նրա գործունեությանը եւ ներկայացված էր բոլոր հիմնական ղեկավար մարմիններում: 1959թ. մարտին Թուրքիայի, Պակիստանի եւ Իրանի հետ ԱՄՆ-ն կնքեց երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում էր ԱՄՆ-ի ԶՈւ-ի օգտագործում դաշինքի անդամ երկրների տարածքում` ուղղակի կամ անուղղակի ագրեսիան կանխելու եւ համատեղ պաշտպանական միջոցառումներ անցկացնելու համար:

Շահական վարչակարգի տապալումից հետո Իրանի նոր կառավարությունը 1979թ. մարտին հայտարարեց բոլոր միջազգային պայմանագրերի լուծարքի եւ ՍԵՆՏՕ-ի կազմից դուրս գալու մասին: Նույնը հայտարարեց նաեւ Պակիստանը: Այդ որոշումները հասցրին ՍԵՆՏՕ-ի փաստական ինքնալուծարմանը: Այսօր, երբ ԱՄՆ-ն ռազմակալել է Իրաքը, վերականգնել այդ երկրում իր բացառիկ ռազմաքաղաքական ազդեցությունը, շարունակում է Իրանի նկատմանբ ճնշումները՝ երկրի վարչակարգը փոխելու անթաքույց ցանկությամբ, նկատելի են ՍԵՆՏՕ-ի վերակենդանացման ուրվագծերը: Մեր համոզմամբ, այս պայմաններում ՀՀ իշխանությունները պետք է երբեմն-երբեմն հանդես գան ՍԵՆՏՕ-ն վերստեղծելու նախաձեռնությամբ՝ դրանով լուծելով ե՛ւ ռազմավարական, ե՛ւ մարտավարական խնդիրներ, քանի որ մի կողմից՝ կարելի է հանդես գալ որպես այդ դաշինքի ճարտարապետներից եւ հիմնադիր անդամներից մեկը, մյուս կողմից՝ մանեւրել ՆԱՏՕ-ի եւ ԿԱՊԿ-ի միջեւ: Այս առումով է Հայաստանի որդեգրած կոմպլեմենտարիզմը ոչ միայն սխալ, այլեւ՝ ծիծաղելի: 

Առհասարակ պետություններն արտաքին հարաբերություններում վարում են ոչ թե կոմպլեմենտար, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն: Կոմպլեմենտար քաղաքականությունն իրականացվում է միայն երկրի ներսում՝ քաղաքական տարբեր ուժերի, իշխանության տարբեր թեւերի նկատմամբ՝ հաճախ նրանց միջեւ ստեղծելով կայունացնող կամ հավասարակշռող կոնֆլիկտներ: Ներպետական կոմպլեմենտարիզմն ավելի ճկուն եւ արդյունավետ է դարձնում պետության արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ պետությանը հնարավորություն է տալիս վարելու երկակի ստանդարտների քաղաքականություն: Ներպետական կոմպլեմենտարիզմն առավել ցայտուն դրսեւորվում է հատկապես ռազմական եւ արտաքին գերատեսչություններում, որտեղ մշակվում են ազգային անվտանգությունից բխող հայեցակարգեր: Այդպիսի հայեցակարգերը լինում են մեկից ավելի, ունենում են իրենց ե՛ւ մշակողները, ե՛ւ ներկայացնողները, ե՛ւ պաշտպանները: 

Փաստորեն, երբ այսօր Հայաստանին անհրաժեշտ են հայեցակարգային մոտեցումներ, տարածաշրջանի ու հատկապես Իրանի նկատմամբ վերջին 12 տարիներին տարվող քաղաքականությունը ցույց տվեց, որ Հայաստանում նման մոտեցումներ չկան: Ասվածի ապացույցը կարող է լինել 1998թ. ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի ելույթը, որում նա նշեց, որ իր հրաժարականը կապված է պետության անվտանգության, պետության զարգացման հիմնադրույթների հետ: Նախագահի հրաժարականին չհետեւեց եւ ոչ մի գեներալի հրաժարական: Հրաժարականներ չեղան նաեւ ԱԳ նախարարությունում, բացառությամբ նախարարի, որը Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմից էր: Արդյո՞ք հրաժարականների բացակայության պատճառն այն ծիծաղելի ենթադրությունն է, որ բարձրաստիճան բոլոր զինվորականներն ու դիվանագետները 7 տարի իրականացնում էին Նախագահի քաղաքական ուղեգիծը, իսկ ներքուստ համաձայն չէին դրան...

Մեր համոզմամբ, ներպետական կոմպլեմենտարիզմից բխում է այս կամ այն հայեցակարգը ներկայացնող քաղաքական կամ իշխանական ուժերի կողմից պարբերական հրաժարականների անհրաժեշտությունը: Դա է ցույց տալիս պետությունների պատմությունը՝ սկսած ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ընդհուպ մինչեւ մեր անմիջական հարեւան Իրանը: