rss
youtube
facebook
Հոդվածներ

Երկյուղ տյառն Աստված սեր է, թե՞ լափող կրակ

16.02.2017
Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյան, Ուրուգվայի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ

 

Սովորաբար ընդունված է ասել, թե Աստված սեր է, և սիրո մեջ երկյուղ չկա, թե մենք ոչ մի բանից չպետք է վախենանք, միշտ ուրախ պետք է լինենք, քանզի Աստված մեզ սիրում է: Այս արտաhայտությունը, որ ընդհանուր ճշմարտության միայն մեկ մասն է, անշուշտ հիմնված է Ս. Գրքի վրա, ուր, հատկապես Նոր Կտակարանում, բազմիցս խոսվում է Աստծո սիրո մասին, ինչպես օրինակ Հովհաննես առաքյալի թղթում կարդում ենք. «Աստված սեր է: Եվ սրանում երևաց Աստծո սերը մեր հանդեպ. այն, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով կենդանի լինենք» (Ա Հովհ. Դ 8–9), «Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ: Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքով է ուղեկցվում, և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ. Դ 16, 18): 


Այսօր, հատկապես քրիստոնյա որոշ աղանդների կողմից, այնքա՜ն է շեշտվում «Աստված սեր է» գաղափարը, որ շատերի մոտ տեղիք է տալիս սխալ ըմբռնումների, որով մոռացության է տրվում կամ երկրորդական է համարվում այն, որ Աստված նաև արդար է: Նրա սերը ակնկալում է մեր փրկությունը, քանզի դրա համար Նա մեզ մոտ ուղարկեց իր միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, սակայն Նրա արդարությունն էլ հարվածում է խստասիրտ մեղավորներին: Այնպես որ «Աստված չի խնայում իր սիրելուն, թե նա եղավ պատվիրազանց» (Ներսես Շնորհալի, Ողբ Եդեսիո, Երևան, 1982, էջ 165), «Բավ չէ միայն վստահություն հանդեպ հավատը ճշմարիտ, պետք է գործերն արդարության միաբանել հավատի հետ» (նույն տեղում, էջ 169):

Սուրբ Գրքում Աստծո ողորմածության և գթասրտության առընթեր, ինչպես տեսնում ենք Նինվեի զղջացող բնակիչների նկատմամբ (Հովնան Գ 10), հաճախ հանդիպում ենք նաև Նրա արդար դատաստանին, Նրա սահմանած պատիժներին, որոնք հետապնդում են գլխավոր երկու նպատակ. 

ա.- Մեզ սրբացնելու, դեպի իր մոտ առաջնորդելու և լցնելու իր անսահման սիրով: Նա մեզ սիրում է և համբերատար է՝ նույնիսկ բազմապատիկ անգամ եթե մեղանչենք, սակայն, զգո՜ւշ, չփորձենք չարաշահել Նրա համբերությունը. 

բ.- Ցույց տալու իր ամենակարողությունն ու արդարությունը: Երբ շարունակում ենք մեր խստասրտությունը՝ հարատևելու մեղքերի մեջ, այն ժամանակ պատուհասվում ենք: Թե երբ է լցվում Աստծո համբերության բաժակը, դա միայն Ինքը գիտե: Հավատացյալը պետք է հսկի, զգաստ լինի և աղոթի, վախենա բորբոքելու Տիրոջ արդար զայրույթը: «Ամուր պահենք շնորհը, և այդ շնորհով ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով և դողով, քանզի մեր Աստվածը լափող կրակ է» (Եբր. ԺԲ 28֊-29):Ուրեմն, չպետք է մոռացության տալ, որ Աստված արդար է և չզղջացող մեղավորին պատուհասող: Եթե այդպես չլիներ, բոլորն էլ, նույնիսկ սատանան, երկինք կը գնային: Եթե այդպես չլիներ՝ կարիք չկար Քրիստոսի չարչարանքներով ձեռք բերված մարդկային մեղքերի քավության և մարդկանց փրկության: Իսկ խստասիրտ մեղավորների համար հենց ինքը՝ Քրիստոս ունի իր դատապարտման խոսքը. «Անիծյալնե՛ր, գնացեք ինձանից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի և իր հրեշտակների համար» (Մատթ. ԻԵ 41):

Հիմնվելով Հովհաննես առաքյալի Հայտնության գրքի Ա գլխի վրա, եվրոպական արվեստի միջնադարյան քանդակներում և սրբապատկերներում շատ անգամ Քրիստոսը ներկայացված է իբրև դատավոր, որի «բերանից ելնում է սրած երկսայրի սուր», Նա մի ձեռքով դատապարտում է, և մյուսով՝ վերականգնում ու ազատագրում: Երբեմն համարյա նույն ձևով պատկերված է նաև Հայր Աստված, որի աջ և ձախ կողմերում հանդես են գալիս Հիսուսն ու Մարիամ Աստվածամայրը իբրև բարեխոսներ: Տիրոջ աջ և ձախ ձեռքերը, մեկը դեպի վեր բարձրացած՝ իբրև փրկության խորհրդանիշ, մյուսը դեպի վար թեքված՝ իբրև դատապարտման վճիռ, ներկայացնում են Նրա ամենազոր էությունը՝ իր զույգ դրսևորումներով:

Նա, ով միայն Աստծու սերն է քարոզում, և իբրև իր փրկության երաշխիք բավարար է համարում Նրա կատարյալ բարությունն ու անչափ ողորմածությունը, սխալվում է: Մենք բոլորս էլ մեղավորներ ենք և, ըստ Հովհաննես առաքյալի, «եթե ասենք՝ «մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ» (Ա Հովհ. Ա 8): Հակառակը պնդել, թե մենք անմեղ ենք կամ Աստծու հանդեպ ունեցած մեր հավատով արդեն իսկ ապահոված ենք մեր փրկությունը, կնշանակե գոռոզամիտ ենք և հավակնոտ, հետևաբար, կրկնակի մեղավոր: Հավակնոտությունը կամ անխոհեմ հույսը դառնում է կործանարար, որովհետև այն շեղվում է աստվածային արդարության և իմաստության կողմից հաստատված կարգից: Ըստ այդ հաստատված կարգի՝ մեղավորը նախ պետք է անկեղծորեն զղջա իր գործած մեղքերի վրա և ապա ակնկալի Աստծո ողորմությունն ու քավությունը: Առանց զղջումի չկա ներում, ինչպես որ առանց արդար վաստակների չկա փառաց պսակ: Չարդարացված վստահությունը Աստծու հանդեպ քաջալերում է մարդկանց հարատևելու իրենց մեղքերի մեջ, հեռացնում է նրանց բարի պայքարից ու առաքինի կյանքից:

Ասողներ էլ կան, թե Հին Կտակարանի Աստվածը վրեժխնդիր է, մարդկանց սպառնացող ու պատժող, մինչդեռ Նոր Կտակարանի Աստվածը, որ հայտնվում է Հիսուս Քրիստոսով, գթասիրտ է, համբերող ու ներող: Այդ ասողները, սակայն, նկատի չեն առնում, որ այդ միևնույն Աստվածը թե՛ Հին Կտակարանում և թե՛ Նորում հենց չզղջացող մեղավորին է դատաստանի ենթարկում, իսկ արդարին էլ՝ փրկում, ինչպես եղավ Ջրհեղեղի ժամանակ կամ մեղքերով ապականված Սոդոմացիների պարագայում: Այս մասին մեր մատենագիրներից Եզնիկ Կողբացին շատ ճիշտ է արտահայտվել. «Ո՛վ անմիտներ ու մոլորվածներ, եթե ահավոր սպառնալիքների պատճառով եք փախչում Օրենքի Աստծուց (այսինքն՝ Հին Կտակարանի Աստծուց), իսկ Հիսուսը տալիս է նրանից ավելի սպառնալիքներ՝ անշեջ հուր, անմահ որդ, հավիտենական տանջանքներ, ո՞ւր պիտի փախչեք: Ակնհայտորեն չի՞ երևում, որ թե՛ Հին Կտակարանը և թե՛ Նորը տվողը մեկն է» (Եզնիկ Կողբացի, Եղծ Աղանդոց, Երևան, 1970, էջ 177):

Երկյուղը իբրև մարդկային զգացում 

Վստահաբար գոյություն չունի մի անձ, որ իր կյանքում երբևէ երկյուղ չի կրել որևէ մեկից, որևէ պատահարից կամ երևույթից: Երկյուղը մարդկային զգացում է, այսինքն՝ մարդկային բնության հատուկ: Երկյուղի տեսակները բազմազան են. երկյուղ հզորից, մահից, խավարից, անորոշ ապագայից, մերժված լինելուց, խոշտանգվելուց, չհասկացվելուց, նախատվելուց, պատժվելուց, առանձնությունից, բնության աղետներից, վայրի գազաններից ու սողուններից և այլն: Արիասիրտ մարդը պայքարում է իրեն սպառնացող երկյուղների դեմ և կարողանում է դրանց շատերի դեմ պաշտպանվել, միջոցներ գտնել դրանք հաղթահարելու: Դրա համար հարկավոր է մարդկային և հոգեկան հասունություն ու փորձառություն, ինչպես նաև առողջ դաստիարակություն՝ ընտանեկան և հասարակական առողջ միջավայրում: 

Այստեղ մենք նկատի չունենք այն եսակենտրոն և հասարակական երկյուղը, որը մղում է մարդուն վախկոտության, նրա նկարագրի խաթարման ու անբարոյական արարքների, երբ ենթական փնտրում է միայն իր անձնական շահն ու ապահովությունը, դիրքն ու պաշտոնը, և դրանք չկորցնելու մտավախությունից ելնելով՝ ոտնակոխ է անում բարոյական բոլոր չափանիշները: Այլ մեր խոսքը վերաբերում է մարդու բնազդային կամ նախնական երկյուղին, որում գոյություն չունի որևէ հաշվենկատություն: 

Երկյուղը կրոնական իմաստով

Կրոնական իմաստով երկյուղը սոսկական վախ չէ, այլ այն իր մեջ պարփակում է Աստծո նկատմամբ խորին պատկառանք, կատարյալ վստահություն և անմնացորդ նվիրում: Մի խոսքով, երկյուղը՝ հաստատված անկեղծ պատկառանքի և արդարացված վստահության զգացումների վրա, վերածվում է հույսի և սիրո: Այն երաշխիքն է հավատացյալի ուղղամտության ու ընդհանրապես բարոյական գոյության, ինչպես կարդում ենք Ժողովողի Գրքի ԺԲ գլխի 13-րդ համարում, ըստ եբրայական բնագրի. «Վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր Նրա պատվիրանները, քանզի այս է մարդն ամբողջովին», այսինքն՝ Աստծուց երկնչելն ու պատվիրանապահությունը բնորոշում են մարդ արարածին, որոնցով նա տարբերվում է մյուս ստեղծվածներից (տես՝ Յակոբ եպս. Գլնճեան, «Կոհելէթ», էջ 202) և ձեռք է բերում հոգեկան խաղաղություն ու երջանկություն: Թեև երկյուղ և երջանկություն իրար հակադիր բաներ են, սակայն կրոնական իմաստով պիտի տեսնենք, որ նրանք ամբողջացնում են միմյանց: 

Նույնօրինակ հակասություն տեսականորեն հանդես է գալիս նաև Հիսուսի խոսքերում, երբ ասում է. «Լսի՛ր, Իսրայել, պատվիրանների մեջ ամենից առաջինն է՝ մեր Տեր Աստվածը միակ Տերն է, և դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ. սա՛ է առաջին պատվիրանը: Եվ երկրորդը նման է սրան. դու պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ. չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրանք» (Մարկ. ԺԲ 29-31), նաև՝ «Ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք. վախեցե՛ք նրանից, ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի: Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից» (Ղուկ. ԺԲ 5):

Աստծուց երկնչել նշանակում է նաև՝ փառաբանել, պաշտել և հնազանդվել Նրան: Դրա լավագույն օրինակները տալիս են Հին Կտակարանում հանդես եկող հավատի նախահայրերը, որոնցից հատկապես Աբրահամը նշանավորվում է Աստուծո հանդեպ իր դրսևորած հնազան­դությամբ՝ իբրև արդյունք աստվածավախության, երբ պատրաստ էր նույնիսկ զոհելու իր սիրելի որդուն, սակայն լսում է Տիրոջ պատգամաբերի ձայնը. «Ձեռք մի.՛ տուր պատանուն, նրան որևէ վնաս մի՛ պատճառիր, որովհետև այժմ համոզվեցի, որ դու երկյուղ ունես Աստծու նկատմամբ և ինձ համար չես խնայի քո որդուն» (Ծննդ. ԻԲ 12): Աբրահամի՝ Աստծու հանդեպ ունեցած երկյուղը արտահայտվում է նաև այն վստահությամբ, որ Աստված կարող էր նույնիսկ մեռելներից հարություն տալ իր որդուն (Տե՛ս Եբր. ԺԱ 19): 

Հին Կտակարանի աստվածավախ մարդկանցից է նաև Հոբը (հմմտ. Հոբ Ա 1: Գրաբար բնագրում աստվածավախ բառի փոխարեն շատ անգամ դրված է՝ աստվածապաշտ): Հոբը բազում փորձություններ ու դժբախտություններ կրելով հանդերձ՝ անսասան հավատով հույսը դնում է իր Փրկչի վրա, և դա արդյունք է իր աստվածավախության, որն իրեն հույս և վստահություն է ներշնչում Ամենակարողի նկատմամբ: «Գիտեմ,— ասում է նա,— որ իմ Փրկիչս կենդանի է, և Նա վերջում պիտի բարձրանա երկրի վրա» (Հոբ ԺԹ 25): 

Նոր Կտակարանում կարելի է նկատի ունենալ Սիմեոն Ծերունուն, որի մասին Ղուկաս աւետարանիչը գրում է. «Այդ մարդը արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը. և Սուրբ Հոգին էր նրա մեջ» (Բ 25): Ուրեմն, միայն նա´ կարող է աստվածավախ լինել, ում հետ է Ս. Հոգին:

Աստծուց երկնչելը իբրև շնորհ Սուրբ Հոգու 

Ճշմարիտ աստվածավախությունը մարդու ունեցած բնածին երկյուղը չէ իրենից հզոր ուժերի նկատմամբ, այլ այն արդյունք է Ս. Հոգու զորությանը, որով մերձենում ենք Աստծուն և լցվում իմաստությամբ, իսկ «իմաստության սկիզբը Աստծո երկյուղն է» (Առակք Ա 7, Սաղմ. ՃԺ 10, Սիրաք Ա 16, 22): Այդ իմաստությունը կայանում է Աստծո խոսքի ճանաչման, գիտության և հասկացողության մեջ, խոսք, որ Ս. Հոգու միջոցով է հայտնվում բոլոր նրանց, ովքեր երկնչում են Աստծուց: Այս առումով Պողոս առաքյալն ասում է. «Արդարև իմաստությունը քարոզում ենք չափահասներին, իմաստություն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանված իշխաններինը, այլ քարոզում ենք Աստծո իմաստությունը, ծածուկ, խորհրդավոր, որն Աստված սահմանել էր մեր փառքի համար նախքան հավիտյանները, որն այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չհասկացավ. որովհետև, եթե հասկացված լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի, այլ, ինչպես գրված էլ է. «Ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար»: 

«Բայց Աստված մեզ հայտնեց իր Հոգով. որովհետև Հոգին քննում է ամէն ինչ, նաև՝ Աստծո խորությունները, քանզի մարդկանցից ո՞վ է, որ բան գիտե մարդու մասին, եթե ոչ՝ մարդու հոգին, որ նրա մեջ է: Նույնպես և ոչ ոք չգիտե Աստծո խորհուրդները, եթե ոչ՝ Աստծո Հոգին: Ուրեմն մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհվեց մեզ: և ինչ որ հայտնում ենք, ոչ թե ճարտար խոսքերի մարդկային ուսուցումով է, այլ Հոգու վարդապետությամբ, հոգևոր բաները հոգևորների հետ ենք համեմատում. քանզի շնչավոր մարդը Աստծո Հոգունը չի ընդունում, որովհետև այդ հիմարություն է նրա համար. և չի կարող հասկանալ, եթե հոգեպես է քննվում: Իսկ հոգևոր մարդը քննում է ամէն ինչ. և ինքը ոչ ոքից չի քննվում: Իսկ արդ՝ո՞վ իմացավ Տիրոջ մտածումը, որ խորհուրդ տա Նրան. բայց մենք ունենք Քրիստոսի մտածումը» (Ա Կորնթ. Բ 6-16):

Նրանք, ովքեր առանց Աստծո երկյուղի, առանց Ս. Հոգու օգնության, այլ պարզապես վստահելով իրենց մտային սեփական կարողությանը՝ փորձում են լոկ ուսումնառության ճանապարհով իմաստության հասնել, ձախողվում են և ընկնում որոգայթի մեջ, քանզի «գիրն սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում» (Բ Կորնթ. Գ 6): Այս խոսքը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր Աստծո սրբազան երկյուղը մի կողմ թողած, զբաղվում են աստվածաբանական դատարկ վեճերով կամ ցանկանում են փառավորվել իբրև աստվածաբան ու եկեղեցու դոկտոր, մինչդեռ չեն հասկանում, որ մեծագույն աստվածաբանը հենց ինքը՝ սատանան է, որ որևէ մեկից ավելի լավ գիտե, թե Ով է Աստված և ի՛նչ է կամենում, թեև սարսում է Նրանից, սակայն այդ երկյուղը ստրկական է, որի մեջ սեր չկա, և դրանից է գալիս նրա կործանարար չարությունը: 

Աստծո հանդեպ երկյուղը նաև մղում է մեզ պատասխանատվություն ստանձնելու միմյանց նկատմամբ և ծառայելու իրար: Այս իմաստով է ասում Պողոս առաքյալը.

«Հնազանդվեցէ՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով» (Եփես. Ե 21), քանզի «ոչ ոք Աստծուն երբեք չի տեսել: Եթե միմյանց սիրենք, Աստված բնակվում է մեր մեջ. և Նրա սերը մեր մեջ կատարյալ է» (Ա Հովհ. Դ 12): Ուրեմն, դրդված Աստծո երկյուղից, պետք է հարգենք ու սիրենք միմյանց, որպեսզի Աստծո սերը բնակուի մեր մեջ: Այդ սերը հետզհետէ կը վանի մեր մեջ գոյություն ունեցող բոլոր տեսակի երկյուղները: 

Աստծո հանդեպ երկյուղը ատելի է դարձնում չարը 

Ըստ Առակաց  գրքի (Ը 13), «Տիրոջ հանդեպ զգացված երկյուղը ատելի
է դարձնում չարը», այսինքն՝ այն մղում է հավատացեալ մարդկանց բարեգործության և ատելու չարությունը, որը Ս. Գրքի միևնույն հատվածում (ըստ. եբր. բնագրի) բնորոշվում է գոռոզամտությամբ ու նենգավոր լեզվով: Հետևաբար, նրանք, ովքեր Աստծուց չեն երկնչում, գոռոզամիտ են: Դրանց թվում պետք է նկատի ունենալ այնպիսիներին, որոնք աստվածացնում են իրենց սեփական մոլությունները՝ դրամի, դիրքի և վաղանցուկ փառքի հանդեպ: Այդպիսիք այս աշխարհում շատ անգամ ապրում են անպատիժ, այսինքն՝ ընթանում են ըստ իրենց մարմնի պահանջների, առանց երկնչելու աստվածային արդարությունից կամ առանց մտահոգվելու ուրիշների մարդկային իրավունքների մասին: Այս առումով Պողոս առաքյալը գրում է. «Չխաբվեք, Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդս սերմանում է, նույնը և կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականություն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղատ. Զ 7֊8): 

Ուրեմն այստեղ հարցը չի վերաբերում այն երկյուղին, որ մեզ ջլատում և յուսահատության է մատնում, այլ այն երկյուղին, որ մեզ մղում է հրաժարվելու մեղքից և դիմելու Աստծու օգնությանը, չառաջնորդվելու մեր սեփական տկարությամբ, որ մեզ կարող է հեշտությամբ տանել դեպի մահացու մեղքերի հրապույրը: 

Աստվածավախ լինելը մեզ առիթ է տալիս մեր սիրտն ուղղելու դեպի լավն ու բարին: Աստծու հանդեպ սերն էլ մեզ մղում է ծառայելու Նրան և մեր նմաններին, սակայն Տիրոջ սրբազան երկյուղն է, որ մեզ հիշեցնում է առկա վտանգների մասին: Նա, ով կարծում է, թե կատարյալ է սիրո մեջ և կարիք չունի Աստծուց երկնչելու, հեշտությամբ ընկնում է ինքնախաբեության և գոռոզամտության որոգայթներում: 

Մի խոսքով, Աստծուց երկնչել նշանակում է հատկապես ատել այն, ինչ որ Աստված ատում է, և սիրել այն, ինչ որ Աստված սիրում է: Այս միտքը հիմնված է Ս. Գրքի հետևյալ համարների վրա. Սաղմ. Ա 1֊3, ԻԵ 5, ԽԴ 8, ՂԷ 10, Առակք Ը 13, Զաք. Ը 17, Հովհ. ԺԳ 34–35, Հռոմ. ԺԲ 9, Հայտն. Բ 6:

Աստծուց երկնչելը նկատի ունի հատկապես որդիական երկյուղը

Շատերը Աստծուց երկնչում են պարզապես այն մտահոգությամբ, թե մի օր ենթակա են լինելու Նրա ահեղ դատաստանին: Ուրեմն այդ դատաստանի վախն է, որ երկյուղ է պարտադրում, սա մի ստրկական հոգեբանությամբ դրսևորվող երկյուղ է, որն ինքնին անկաշկանդ և ինքնաբուխ մի զգացումի արտայայտություն չի կարող լինել: Նման երկյուղով համակված մարդիկ իրենց ողջ կյանքում մնում են երկյուղի գերիներ: Նրանք, սարսափելով Աստծուց և Նրա դատաստանից, պարտավորվում են իրենց սեփական բնությանը դեմ գործել, որպեսզի զերծ մնան պատուհասներից: Այսպիսի մի երկյուղ անեծք է, քանզի մտրակի սպառնալիքի տակ չի կարելի երջանիկ լինել: Մյուս կողմից էլ պարտադրված երկյուղը ինչ որ չափով, թեկուզ ենթագիտակցաբար, ատելություն է առաջացնում պարտադրողի հանդեպ, «քանզի ակամա բռնադատվածը չունի անկեղծ սեր, ուստի չի կարող նաև ստանալ լրիւ փրկություն» (Գրիգոր Նարեկացի, Նարեկ, Բան ԻԷ):

Քրիստոնեաները նման մի երկյուղի հոգի չստացան, այլ նրանց ստացածը սիրո և որդեգրության հոգին է (հմմտ. Բ Տիմ. Ա 7, Հռոմ.Ը 15): Իսկ Աստծուց երկնչելը նախադրում է մի առողջ երկյուղ կամ պատկառանք հենց այնպես, ինչպես որ երեխան տածում է իր հոր նկատմամբ, թեև սկզբում պատիժներից վախենալով, սակայն հետզհետե, երբ խելահաս է դառնում, որպես զգուշություն սխալ գործելուց՝ պարզապես չվշտացնելու համար իր սիրելի հոր սիրտը: Այս մեկը Սուրբ Հոգու շնորհն է, որ հավատացեալին կարողություն է տալիս ճշմարտապես պատվելու Աստծուն իբրև երկնավոր Հայր և խուսափելու այն բոլոր մեղքերից, որ պատճառ են դառնում Նրանից բաժանվելուն: 

Եթե պարտադրված երկյուղն իր մեջ ատելություն է բովանդակում, միւս կողմից էլ որդիական երկյուղը անբաժան է սիրուց: Որդին գիտակցում է, թե պատվիրազանցության պարագայում արժանանալու է իր հոր հանդիմա­նությանը կամ պատժին, սակայն արդար պատիժ կրելու դեպքում էլ չի դադարում հորը սիրելուց, նրան «հայրիկ» անվանելուց, ինչպես նաև փոխադարձաբար հայրը չի դադարում իր որդուն սիրելուց: 

Նույնպես և Աստված շատ անգամ զգացնել է տալիս իր գաւազանի հարվածը նրան, ում սիրում է, որպեսզի զգաստացնի ու փրկի նրան: Իսկ երբ բոլորովին անտեսում է իրեն անտեսողներին, ուրեմն նշանակում է, թե դրանք արդեն իսկ դատապարտված են հավիտենապես հեռու մնալու Աստծուց, այսինքն՝ մնալու խավարում, կամ Ս. Գրքի լեզվով ասած՝ դժոխքում:

Լաւ հայրերը բռնակալ չեն լինի, ինչպես որ մեր Երկնավոր Հայրը բռնակալ չէ, այլ նրանք հենց այդ հայրական սիրուց մղված, զգուշացնում են իրենց զավակներին վտանգներից, և, նկատի ունենալով դեռևս նրանց անչափահաս ու անփորձ լինելը, նրանց մտքերում դրոշմում են սխալվելու դեպքում պատիժ կրելու երկյուղի առողջ զգացումը: Դա այնպիսի մի չափազանցված երկյուղ չէ, որ ջնջի որդիների վստահությունն ու սերը իրենց հայրերի նկատմամբ, այլ դա մի սրբազան երկյուղ է, մի ճշմարիտ դեղամիջոց, որով որդիները ոչ միայն զգուշանում են մեղք գործելուց, այլ ժամանակը գալիս է, երբ ամենից առաջ մտածում են ցավ չպատճառել իրենց հայրերին:

Աստվածավախությունն իր մեջ բովանդակում է արիություն

Երբ Աստված դառնում է զղջացող մեղավորի հույսն ու ապավենը, երկյուղը փոխվում է վստահության, սիրո և արիության: Տերն ասում է՝ մի՛ վախեցիր, և իր այս խոսքը ուղղված է հենց նրան, ով, իբրև նախապայման իր հավատի, երկնչում է Աստծուց: 

Այսպիսով, աստվածավախությունը վերածվում է արիության, քանզի Աստծուց երկնչողը կարիք չունի այլևս ուրիշներից վախենալու, ինչպես ասում է մեր Տերը. «Մի՛ զարհուրեք նրանցից, որ մարմինն են սպանում և դրանից հետո ավելի բան անել չեն կարող, այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք: Վախեցե՛ք Նրանից, Ով սպանելուց հետո գեհեն նետելու իշխանություն ունի» (Ղուկ. ԺԲ 4֊5): Սատանան և մարդիկ կարող են ոչնչացնել մարդու մարմինը, բայց միայն Աստված է, որ իշխանություն ունի ոչ միայն մեր մարմնի և մեր այս անցավոր կյանքի վրա, այլև մեր հոգու և մեր հավիտենական կյանքի վրա: Նա է, որ պիտի դատի մեզ և կարող է մեզ փրկել կամ դատապարտել դժոխքի՝ եթե չզղջանք մեր մեղքերի վրա և չընդունենք Նրա թանկագին արյունը իբրև գին մեր փրկության, քանզի մեղավորների համար Նա «լափող կրակ է» (Եբր. ԺԲ 29): Նա՛ է ամենակարողը, մեր Արարիչն ու Տերը, ուրեմն ումի՞ց պետք է վախենանք, ինչպես սաղմոսերգուն ասում է. «Տէ՛ր, լոյս իմ և կեանք իմ, ես յումմէ՞ երկեայց. Տէր՝ ապաւէն կենաց իմոց, ես յումմէ՞ դողացայց» (Սաղմ. ԻԶ 1): Պետք է վախենանք միայն մեկ բանից. Աստծու հանդեպ անհնազանդ լինելուց և Նրանից հեռանալուց: Մինչ գիտակից ենք Նրա ամենակարողությանը, որդիական սրբազան երկյուղով ենք լցվում Նրա հանդեպ, և Նա էլ մեզ օրհնում է: 

Աշխարհում երևան են գալիս բազմապիսի երկյուղներ հենց այն րոպեից սկսած, երբ մարդ դադարում է երկնչել Աստծուց: 

Աստծո հանդեպ երկյուղածության, իսկ մարդկանց նկատմամբ արիության մի գեղեցիկ դրվագ է ներկայանում մեզ Ս. Գրքում, երբ աստվածավախ երեք երիտասարդներ՝ Սեդրակ, Միսակ և Աբեդնագով, մերժում են կատարել Բաբելոնի հեթանոս թագավորի հրահանգը՝ երկրպագելու ոսկեձույլ այն արձանին, որ ինքը կանգնեցրել էր իբրև պաշտամունքի առարկա: Թագավորը իրեն չանսացող այդ երիտասարդներին որոշում է գցել կրակով լի հնոցի մեջ: Սակայն նրանք անվախորեն պատասխանում են նրան. «Մեր Տեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, երկնքում է, կարող է փրկել մեզ բորբոքված կրակի հնոցից և ազատել մեզ քո ձեռքից: Իսկ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, արքա՜, որ քո աստվածները մենք չենք պաշտի և չենք երկրպագի քո կանգնեցրած այդ ոսկե արձանին» (Դան. Գ 17֊18):

Ինչպես է սերը վանում երկյուղը 

Սա մի խորհուրդ է: Սա այն երկյուղն է, որ գերբնական է և, հետևաբար, աստվածային, որը մարդուն ոչ թե հեռացնում է Աստծուց, այլ դեպի Նրան է ձգում: Նման մի ապրում ունենում է յուրաքանչյուր մեղավոր, որ զղջում է: Այդպիսուն Սուրբ Հոգին նախ գիտակցություն է տալիս անդրադառնալու իր գործած մեղքերի ահավորությանը, ինչպես նաև՝ աչքի առաջ ունենալու Աստծո արդարությունն ու դատաստանը: Ապա մեղավորը սկսում է լցվել Աստծո երկյուղով, արդար դատաստանին ենթարկվելու անդոհանքով: Սակայն հենց այդ պահին կատարվում է անբացատրելին. երկյուղով համակված մարդը փոխանակ փախչելու՝ ավելի է մոտենում Նրան, Ումից երկնչում է, դիմում է իր դատավորի գիրկը: Այսպիսով, զղջացող մեղավորը վերստին որդեգրվում է իր Երկնավոր Հոր կողմից, զգենում իր սկզբնական պատմուճանը, նման Ս. Գրքում հիշված անառակ որդուն, որ վերադառնում է իր հոր մոտ, սակայն ոչ թե սիրուց դրդված, այլ նախևառաջ կարիքից ստիպված և ապա՝ զգալով իր գործած սխալը: Գորովագութ հոր սերն է, որ ներում է իր անառակ որդուն, իսկ այս վեջինս էլ դրանից հետո ավելի սիրով է փարվում հորը: Ստրկական երկյուղը փոխարինվում է որդիական երկյուղով: 

Այս մասին խիստ շահեկան է կարդալ Ս. Օգոստինոսի (354-430) հետևեալ տեսակետը. 

«Կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա Հովհ. Դ 18): Այսպիսով, սկզբում հաստատվում է երկյուղը, քանզի «իմաստության սկիզբը Աստծուց երկնչելն է»: Այնպես է ստացվում, որ երկյուղը տեղ է պատրաստում սիրո: Իսկապես էլ, երբ սերն սկսում է բնակվել քո մեջ, հետզհետե դուրս է մղում երկյուղը, որպեսզի իր համար տեղ բաց անի: Այն չափով, որ առաջինը աճում է, նույն չափով էլ երկրորդը նուազում է: Նմանապես այն չափով, որ սերը լցնում է քո ներաշխարհը, նույն չափով էլ երկյուղը դուրս է մղվում քո միջից: Առավել սեր՝ նվազ երկյուղ, իսկ նվազ սեր՝ առավել երկյուղ: Այնտեղ, ուր գոյություն չունի երկյուղ, այնտեղ սերը զուրկ է համեմատական որևէ հնարավորությունից: Իսկ երբ սերը կարողանում է բոլորովին դուրս վանել երկյուղը, այն ժամանակ կյանքն ինչքա՜ն ուրախություն է պատճառում մեզ, լինի դա այս աշխարհում կամ անդենականում: Հետևաբար, երբ մենք լիությամբ  հագեցած ենք սիրով, ուրեմն ո՞վ կարող է մեզ վնասել թեկուզ այս աշխարհում: Տե՛ս սիրո վերաբերյալ առաքյալի ունեցած ցնծությունը. «Արդ՝ ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. նեղութիւ՞նը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը» (Հռոմ. Ը 35), իսկ Պետրոսն էլ ասում է. «Ո՞վ է, որ կկարողանա չարչարել ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն» (Ա Պետր. Գ 13). «Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքով է ուղեկցվում» (Ա Հովհ. Դ 18): 

Այսպես, ուրեմն, թող որ երկյուղը պատի քո սիրտը, որպեսզի դրանով սերն առաջնորդվի այնտեղ, քանի որ դու, եթե առանց երկյուղի ես, չես կարող արդարանալ: Այս խոսքն առնված է Ս. Գրքից. «Երկյուղ չունեցողը չի կարող արդարանալ» (Սիրաք Ա 27): Հետևաբար, հարկ է, որ նախ երկյուղը լինի, որպեսզի սերը հաջորդի դրան: «Երկյուղը սպեղանի է, իսկ սերը` առողջություն» (Augustinus, Bib. der Kirchenväter, II, էջ 457–458):

Ամուսնության խորհրդում էլ անկեղծ սերը հետզհետե վանում է տղամարդու և կնոջ միջև գոյություն ունեցող սկզբնական կասկածներն ու երկյուղը, այս առթիվ տեղին է հիշել, որ մեր վաղամեռիկ մեծ բանաստեղծներից՝ Միսաք Մեծարենցից հիշատակ մնացած՝ իր մոր ամուսնության մատանու երեսին փորագրված կա հետևյալը. «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ» («Էջմիածին» ամսագիր, 1990, Ը-Թ, էջ 63): 

Աստծո երկյուղը՝ անհրաժեշտ պայման աղոթքի ու պաշտամունքի

Աստծուն նվիրված պաշտամունքը, իր հավաքական կամ անձնական դրսևորումներով, անբաժան մաս է կազմում յուրաքանչյուր հավատացյալի կյանքի: Դրանով նախ փառաբանում ենք մեր Արարչին, և ապա՝ մշտանորոգ կերպով ճոխացնում մեր կյանքը Ս. Հոգու շնորհներով, որի բացակայության դեպքում հեշտությամբ ընկնում ենք չարի անողոք ճիրաններում: Հանապազօրյա հոգևոր սնունդը մարդու համար նույնքան և առավել կարևոր է, ինչքան որ անհրաժեշտ է նյութական սնունդը՝ պահելու նրա նյութեղեն մարմինը: 

Քրիստոնյաների համար պաշտամունքի հիմնական մասը Բանին Կենաց սպասարկությունն է, այսինքն՝ Փրկաբեր Խոսքի հանդիսավոր հռչակումը, փառաբանումն ու տարածումը: Այդ Խոսքը հենց ինքը՝ մարմնացած Քրիստոսն է, որ մեզ ներկայանում է իր հավիտենական արժեք ներկայացնող զոհաբերությամբ, մահով և հրաշափառ հարությամբ: Այդ Խոսքի միջոցով մատուցում ենք մեր գոհությունը, հավատարմությունն ու երախտագիտությունը Հայր Աստծուն, որի անհուն մարդասիրության արգասիքն է Քրիստոսի մարդեղությունն ու զոհագործումը: 

Ինչպես իմաստության սկիզբը Աստծո երկյուղն է, այնպես էլ պաշտամունքի սկիզբը այդ սրբազան երկյուղի գիտակցությունն է, որն հետզհետե փոխակերպվում է վստահության և սիրո: 

Երբ սկսում ենք Աստծուն նվիրված պաշտամունքը, նախ հարկավոր է կարևորությամբ անդրադառնանք, թե ում առաջ ենք կանգնած, և թե ինչպիսի մեղավորներ ենք մենք Նրա վեհության և սրբության դիմաց: Այս համեմատականի ողջ ծավալը մենք տեսնում ենք Ս. Գրիգոր Նարեկացու մոտ, երբ նա դիմում է Աստծուն հետևյալ խոսքերով. «Դու լույս ես և հույս, իսկ ես՝ խավար և հիմար. Դու՝ իսկությամբ բարի գովելի, իսկ ես՝ համայնիվն չար և ապիկար» (Նարեկ, Բան ՁԳ): Այս գիտակցությունը մեզ պարտադրում է բացարձակ պատկառանք և զգաստ վիճակ, այս առումով էլ Ս. Գրքում կարդում ենք. «Թող քո բերանը չփութա, և ոչ էլ քո սիրտն շտապի՝ խոսելու համար Աստծո առաջ, որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա, դրա համար էլ քիչ թող լինեն քո խոսքերը» (Ժող. Ե 1):

Աստծու և մարդու միջև ընկած հեռավորությունը կարելի չէ սահմանել: Մեկը երկնքում է, մյուսը՝ երկրի վրա: Այս պատկերավոր բացատրությունը մատնանիշ է անում Աստծու բացարձակ գերազանցությունն ու վեհությունը, որի դիմաց մարդ առավել ակնածանք պետք է ունենա, քան որևէ երկրավոր իշխանավորի հանդեպ: Արդարև, շատ անգամ աղոթելիս՝ հավատացեալը մոռանում է, որ ինքը երկնավոր և ամենազոր Արքայի առաջ է գտնվում, դրա համար էլ անլուրջ կեցվածքով կամ չմտածված աղոթքներով օրհնաբանելու փոխարեն՝ անարգում է Աստծու սուրբ անունը: Պաղատանքների առատու­թյունը կամ խոսքերի շատությունը չի կարող բռնադատել Աստծուն խնդրարկուների կամակատարը դառնալու: 

Հետաքրքրական է իմանալ, որ եգիպտական անտիկ իմաստությունն էլ թելադրում է զուսպ ու խոհեմ լինել Տիրոջ տաճարում մատուցվող աղոթքների
առթիւ: Այս մասին «Անիի Վարդապետությունը» կոչվող գրությունում (ն. Ք. 900 թ.) կարդում ենք հետևյալը. «Մի՛ գոռա Աստծո տան մեջ, քանզի Նա գարշում է պոռչտուքներից: Երբ անկեղծ սրտով աղոթես՝ Նա գոհացում կտա քո փափաքներին,նույնիսկ այն ժամանակ, երբ քո խոսքերը ծածուկ լինեն, քանզի Նա լսում է քո ասածը և ընդունում քո ընծան» (A. Bonora, Qohélet, Barcelona, 1994, էջ 106): 

Երբ ամենայն երկյուղածությամբ կանգնում ենք Աստծու առաջ՝ անկեղծ ու մաքուր զգացումներով աղոթելու, նախ լցվում ենք Նրա շնորհներով և ապա մեր մեջ կատարվում է այն հրաշալի ու խորհրդավոր հեղաշրջումը, որով երկյուղը վերածվում է որդիական սիրո: 

Նույնպես, երբ պաշտամունքի պաշտոնեան՝ քահանան, բարձրանում է սուրբ Խորան՝ իբրև պատարագիչ ուղղակի շփման մեջ լինելու Աստծո հետ. նախ բացարձակ երկյուղածությամբ ու խոր ջերմեռանդությամբ աղոթում է՝ դիմելով Տիրոջ ամենազոր Սուրբ Հոգուն. «Հանդիման լինելով Քեզ՝ Ահավորիդ, հեծության ձայնով, բազկատարած մաղթանքով հայցում ենք Քեզանից, մոտենում ենք մեծ դողությամբ, սաստիկ երկյուղով նախ մատուցելու այս բանավոր պատարագը» (Նարեկ, Բան ԼԳ): Նոր միայն այս և այսօրինակ աղոթքներից հետո Սուրբ Հոգին անիմանալի զորություն է տալիս քահանային՝ սպասարկելու Տիրոջ զոհագործության խորհրդին: Այնուհետև քարոզվում է Աստծո անսահման ու գթառատ սերը՝ իր բանավոր հոտի հանդեպ և կոչ է արվում. «Ճաշակեցե´ք և տեսե՛ք  զի  քաղցր է Տեր, ալելուիա.»: 

Առանց սկզբնական պատրաստության` զղջումով, աղոթքով և պահեցողությամբ, Ս Պատարագը դառնում է թե´ պատարագիչ քահանայի և թե´ անպատրաստ հաղորդվողի համար դատապարտություն: Տիրոջ հանդեպ սրբազան երկյուղը անհրաժեշտ է, որպեսզի չփորձվենք անլուրջ վերա­բերմունք ունենալ եկեղեցական արարողությունների նկատմամբ, մանավանդ այս օրերին, երբ հաճախ ականատես ենք դառնում, թե ինչպես արժեք են տալիս եկեղեցական պաշտամունքի միայն արտաքին ձևերին և այդ առթիվ օգտագործվող ճոխ հանդերձանքին կամ սպասքին, երբ շատ անգամ լսում ենք իրենց բուն նպատակից շեղված անբովանդակալից քարոզներ, որ միտում են հաճոյանալու դիրքի ու նիւթական հարստության Տեր մարդկանց: Այդպիսիների համար, ամենայն իրավամբ, Աստված կլինի «լափող կրակ»:

Պաշտամունքի սպասարկու քահանաների մասին այսպես են գրում մեր եկեղեցու հայրերը.

«Այն քահանան, որ անարժանաբար հանդգնում է մերձենալ սուրբ Սեղանի սպասավորությանը, ոչ թե զերծ կմնա աստվածային պատժից, այլ ահեղ հրով և աններելի տանջանքներով կդատովի, քանզի չկա ավելի մեծ մեղք, որ կարողանա բորբոքեցնել Աստծո ողջ բարկությունը, քան այն, երբ մարդ անարժանաբար մերձենում է քահանայական կարգին: Արդարև անարատին սպասավորը պարտ է անարատ լինել թե՛ հոգով և թե՛ մարմնով, որովհետև անարատի միջոցով է, որ արատավորներս պիտի փրկվենք» (Յ. Մանդակունի, Ճառեր, Անթիլիաս, 1966, էջ 87):

«Յուրաքանչյուր ժամի համապատասխանող սուրբ Հայրերի աղոթքները անթերի՛ կատարեցէք և մաքուր հոգով, սուրբ սրտով, անարատ հավատքով, մեծ հույսով, պարզ մտքով, կատարյալ սիրով, ահով ու դողով սպասավորեցէք աստվածային խորհրդին. խողովակի հոսող ջրի պես անմտաբար մի՛ անցէք աղոթքի սրբազան խոսքերի միջով, որոնք մատուցում եք՝ սաղմոսերգություն լինի, թե՝ Սուրբ Գրքի ընթերցում կամ ժամերգություն, ինչպես նաև՝ սուրբ Պատարագի և այլ սահմանված կանոնների քահանայական աղոթքներ»: «Ոչ ոք առանց ճշմարիտ խոստովանության, ծածկելով մեղքի գործերն իր հոգում, Տերունական Խորհրդի սպասավորությանը թող չմոտենա, որպեսզի Աստուծո բարկությունը չշարժի իր և իր աշխարհի վրա ու դուրս չգցվի աստվածային հարսանիքից՝ խավարատեսակ մեղքերի պատմուճանով Աստուծո եկեղեցին մտնելու համար, որ երկնային հարսնարանի խորհրդանշանն է»: «Արդ, աղաչում ենք՝ երկնային Խորհրդի կատարումը մարմնական գործ մի՛ համարեք, այլ ահով և դողո՛վ սպասավորեք աստվածային խորհրդին, քանզի, օրինակ, եթե սուրբ սերովբեն ունելիի կարիք ուներ սեղանի վրա կայծերին մոտենալու համար [տե՛ս Ես. Զ 6], ապա որքան ավելի մենք՝ հողեղեններս ու մեղավորներս, պարտավոր ենք մաքուր և զգուշ լինել նմանօրինակ ճշմարտությանը մերձենալիս» (Ն. Շնորհալի, Թուղթ Ընդհանրական, «Գանձասար» հանդես, 1991, էջ 80–81, 84-85):


Եկեղեցու կարևոր դեմքերից վկայություններ Աստծո երկյուղի մասին

Ս. Գրիգոր Լուսավորիչ (257–325)

«Աստծո խոսքի նկատմամբ ուշադիր լինելու համար մարդու միտքը պետք է համակված լինի Նրա երկյուղով, որ դեպի զգաստություն առաջնորդելով՝ արհամարհում է չարը և ընտրում բարին» (Յաճախապատում Ճառք, Վենետիկ, 1954, էջ 127):

«Հարկ է կրթվել Տիրոջ ահով և երկյուղով, մտահան չանել վախճանի օրը, ինչպես նաև մեղավորների կրելիք պատիժները» (նույն տեղում, էջ 201):

Որոգինէս (180–251)

«Արդարև Աբրահամը երկու որդի ուներ. «Մեկը աղախնից ծնված և մյուսը՝ ազատից» (Գաղատ. Դ 22): Երկուսն էլ՝ Աբրահամի զավակ, սակայն միայն մեկը՝ ազատից: Դրա համար էլ նա, ով ծնվել էր աղախնից, ժառանգություն չի ստանում, ինչպես՝ ազատից ծնվածը, այնուամենայնիվ բոլորովին էլ ձեռնունայն ճանապարհ չի դրվում. ստանում է օրհնությունը, բայց ազատից ծնվածը արժանանում է խոստման: 

Առաջինի սերունդը դառնում է մի մեծ ազգ, իսկ երկրորդինը՝ մի ընտրյալ ազգ: 

Այսպես է նաև հոգևոր իմաստով. բոլոր նրանք, ովքեր հավատի միջոցով ձեռք են բերում աստվածճանաչում, կարող են կոչվել Աբրահամի զավակ, բայց դրանցից ոմանք Աստծու հետ են՝ սիրուց դրդված, իսկ ուրիշներ էլ՝ պարզապես գալիք դատաստանի երկյուղից մղված: Այս առումով էլ Հովհաննես առաքյալն ասում է. «Ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ. Դ 18): Հետևաբար, ով կատարյալ է սիրո մեջ՝ Աբրահամի և ազատ կնոջից ծնված զավակ է: Սակայն նա, ով պահում է պատվիրանները ոչ թե հանուն կատարյալ սիրո, այլ հանուն վերահաս պատժի ու չարչարանքների երկյուղի, ճիշտ է, որ Աբրահամի զավակ է և ստանում է իր աշխատանքի վարձը, քանզի ճշմարիտ է այն խոսքը, թե՝ «ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր տա խմելու հանուն աշակերտի, իր վարձը չպիտի կորցնի» (Մատթ. Ժ 42), սակայն այդպիսին ստորադաս է մյուսից, որ կատարյալ է առաքինության մեջ, որը վերաբերում է ոչ թե ստրկական երկյուղին, այլ ազատ սիրուն: Նմանօրինակ ձևով է արտայայտվում նաև առաքյալը, երբ ասում է. «Որքան ժամանակ որ ժառանգը երեխա է, ավելին չէ, քան ծառան, թեպետև ամեն ինչի Տեր է: Բայց նա խնամակալների և վերակացուների ձեռքի տակ է մինչև հոր սահմանած ժամանակը» (Գաղատ. Դ 1–2)»: Երեխա է նա, ով սնվում է կաթով և դեռևս անգիտակ է արդարության խոսքին (Եբր. Ե 13) և չի կարող աստվածային իմաստության ու որենքի գիտակցության պինդ սնունդը ստանալ, ոչ էլ խելամիտ է հոգևոր բաների հոգևոր իմաստը ըմբռնելու: Այդպիսին ոչնչով չի տարբերվում ստրուկից, բայց երբ, հասնելով հասունության, թողնում է «Քրիստոսի մասին ունեցած իր տարրական գիտելիքները» (Եբր. Զ 1)՝ «փնտրում է ոչ թե երկրայինը, այլ վերինը, ուր Քրիստոս նստած է Աստծո աջում» (Կողոս. Գ 1), միաժամանակ նայում է ոչ թե տեսանելի բաներին, այլ անտեսանելիներին» (Բ Կորնթ. Դ 18), իսկ աստվածային գրությունների հարցով՝ հետևում է ոչ թե «տառին, որ սպանում է», այլ «հոգուն, որ կենդանացնում է» (Բ Կորնթ. Գ 6), և այսպիսով դասվում է անկասկած այնպիսիների շարքում, «որ չստացան ծառայության հոգին վերստին երկյուղի մեջ ընկնելու համար, այլ ստացան որդեգրության հոգին, որով աղաղակում են՝ Աբբա Հայր» (Հռոմ. Ը 15): (Los Padres de la Iglesia, “Orígenes”, Barcelona, 1988, էջ 341):

Բարսեղ Կեսարացի (330–379)

«Մարմինն իմ բևեռի՛ր քո երկյուղին, քանզի սաստիկ վախեցա քո դատաստանից» (Սաղմ. ՃԺԸ 120): 

«Երանի այն հոգուն, որ գիշեր ու ցերեկ միտք է անում, թե Դատաստանի օրը ինչպես է ներկայանալու Աստծո առաջ և իր արածների համար ինչ հաշիվ է ներկայացնելու: Նա, ով այդ օրն ու ժամը իր աչքի առաջ ունի և միշտ մտածում է Աստծո անկաշառելի դատաստանից պաշտպանվելու մասին, համարեա երբեք չի մեղանչում, քանզի Աստծո երկյուղի պակասն է պատճառ դառնում մեղանչելուն» (Basil der Große, Brief an eine Witwe, BdK, IV, էջ 559):

Եզնիկ Կողբացի (Ե դար)

«Թո՛ղ փուչ անցնող մտքերն ու խոսքերը, բևեռվի՛ր Աստծու երկյուղին և միտքդ բեր դատաստանի օրը»:

«Մարմինդ կոփի՛ր նեղությամբ, և սիրտդ՝ Աստծու երկյուղով, որ չվախենաս սատանայի մահաբեր նետերից» (Եզնիկ Կողբացի, Եղծ Աղանդոց, Երևան, 1970, էջ 182, 185):

Ներսէս Շնորհալի (1102–1173)

«Ամենախնա՛մ Տեր, դի՛ր քո սուրբ երկյուղը իբրև պահապան իմ աչքերին, որպեսզի այլևս վավաշոտ հայացք չունենամ, և ականջներս չախորժեն լսել խոսքեր չարության, և բերանս չխոսի ստություն, և սիրտս չխորհի չարություն, և ձեռքերս չգործեն անիրաւություն, և ոտքերս չգնան ճանապարհով անօրենության» («Հավատով Խոստովանիմ»):

Հովհաննես Արճիշեցի (ԺԳ դար)

«Սարկավագն ասում է. «Երկյուղածությամբ և հավատով մոտեցեք և սրբությամբ հաղորդվեցեք», որովհետև այս երկուսն են սանձն ու դատողն անձնիշխան կամքի ստահակության, այսինքն՝ երկյուղն ու հավատը: Որովհետև մեկը Աստծու մոտ է համարձակորեն տանում, իսկ մյուսը պահում է Նրա հետ, ինչպես պետք է:

Որովհետև եթե միայն երկյուղը լինի, կօտարանանք Նրանից, իսկ եթե հավատը՝ առանց երկյուղի, կհանդգնենք առավել, քան անհրաժեշտ է: Սրա համար երկյուղը, լծակից դառնալով հավատին, մեծ արագությամբ, թևելով՝ բարձրացնում է միտքը, որպեսզի Քրիստոսին հաղորդակից անի, այն հավատով, թե սա է ձեր համար բաշխված աստվածային մարմինը»: («Մեկնութիւն Պատարագի», էջ 95–96):